«Թագավորության այս բարի լուրը կքարոզվի»
1. Որտեղի՞ց գիտենք, որ ոչինչ չի կարող կանգնեցնել քարոզչական գործը։
1 Բացարձակապես ոչինչ չի կարող Եհովային հետ պահել իր կամքը կատարելուց (Ես. 14։24)։ Թեև առաջին հայացքից թվում էր, թե դատավոր Գեդեոնը և նրա 300 մարդիկ ոչինչ չեն կարող անել մադիանացիների 135000–անոց բանակի դեմ, այնուամենայնիվ Եհովան նրան ասաց. «Ազատիր Իսրայելին Մադիանացիների ձեռքիցը. ահա ես եմ քեզ ուղարկում» (Դատ. 6։14)։ Իսկ այսօր ո՞ր գործին է Եհովան թիկունք կանգնում։ Հիսուսն ասաց. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ բնակեցված երկրով մեկ» (Մատթ. 24։14)։ Ոչ ոք չի կարող կանգնեցնել քարոզչական գործը. այն անպայման ամբողջությամբ կկատարվի։
2. Ինչո՞ւ կարող ենք ակնկալել, որ Եհովան օգնի մեզանից յուրաքանչյուրին ծառայության մեջ։
2 Եհովան օգնում է յուրաքանչյուրիս։ Մենք վստահ ենք, որ Եհովան թիկունք է կանգնում մեզ՝ իր Վկաներին՝ որպես մեկ ամբողջության։ Իսկ կարո՞ղ ենք ակնկալել, որ նա օգնի մեզանից յուրաքանչյուրին։ Պողոս առաքյալը, երբ դժվար իրավիճակում էր, զգաց Եհովայի աջակցությունը իր Որդու՝ Հիսուսի միջոցով (2 Տիմոթ. 4։17)։ Նմանապես, կարող ենք վստահ լինել, որ Եհովան կօրհնի յուրաքանչյուրիս ջանքերը, որ գործադրում ենք նրա կամքը կատարելու համար (1 Հովհ. 5։14)։
3. Ի՞նչ իրավիճակներում է Եհովան օգնում մեզ։
3 Այնքան շատ ես ծանրաբեռնված օրվա հոգսերով, որ ուժ չի՞ մնում ծառայության համար։ «Նա է յոգնածին ոյժ տուողը» (Ես. 40։29–31)։ Հալածանքնե՞ր ես կրում, հակառակությունների՞ ես բախվել։ «Քո հոգսն Աստուծոյ վերայ գցիր, եւ նա խնամք կ’անէ քեզ» (Սաղ. 55։22)։ Երբեմն քեզ վստա՞հ չես զգում։ «Գնա, եւ ես քո բերանի հետ կ’լինիմ» (Ելից 4։11, 12)։ Առողջական խնդիրնե՞ր ունես, որոնց պատճառով ստիպված ես ավելի քիչ մասնակցել ծառայությանը։ Եհովան գնահատում է քո անմնացորդ ջանքերը և ընդունում է քո ծառայությունը, որքան էլ այն քիչ լինի (1 Կորնթ. 3։6, 9)։
4. Ինչո՞ւ պետք է վստահենք Եհովային։
4 Եհովայի «ձեռքը մեկնուած է. եւ ո՞վ կարող է նորան ետ դարձնել» (Ես. 14։27)։ Մենք վստահ ենք, որ Աստված կօրհնի մեր ծառայությունը։ Ուստի եկեք շարունակենք անդադար քարոզել՝ «համարձակորեն խոսելով Եհովայի իշխանությամբ» (Գործ. 14։3)։