Ծառայության մեջ համբերատար եղիր
1. Ինչպե՞ս է Եհովան համբերատարություն դրսևորում մարդկանց հանդեպ։
1 Համբերատարությունը այն ակնառու հատկություններից է, որ Աստված դրսևորում է մարդկանց հանդեպ (Ելք 34։6; Սաղ. 106։41–45; 2 Պետ. 3։9)։ Նրա՝ սիրով դրսևորած համբերատարության վառ օրինակ է Թագավորության բարի լուրի համաշխարհային քարոզչության գործը։ Եհովան գրեթե 2000 տարի է, ինչ համագործակցում է մարդկանց հետ և դեռ շարունակում է դեպի իրեն ձգել անկեղծ սիրտ ունեցողներին (Հովհ. 6։44)։ Ինչպե՞ս կարող ենք ծառայության մեջ արտացոլել Եհովայի համբերատարությունը։
2. Ինչպե՞ս կարող ենք համբերատարություն դրսևորել, երբ մշակում ենք մեր տարածքը։
2 Տնետուն ծառայություն։ Մենք ընդօրինակում ենք Եհովայի համբերատարությունը՝ քարոզելով «առանց դադարի» այն տարածքներում, որտեղ մարդիկ դեռ հետաքրքրություն ցույց չեն տվել (Գործ. 5։42)։ Համբերատարությունը օգնում է մեզ դիմանալու անտարբերությանը, ծաղրանքին ու հակառակությանը (Մարկ. 13։12, 13)։ Համբերատարություն ենք դրսևորում նաև այն ժամանակ, երբ ջանադրաբար ջրում ենք ճշմարտության սերմերը, նույնիսկ երբ դժվար է լինում հետաքրքրվող անձանց տանը գտնել։
3. Ինչո՞ւ է համբերատարություն անհրաժեշտ վերայցելություններ կատարելու և Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնելու համար։
3 Աստվածաշնչի ուսումնասիրություններ։ Բույս աճեցնելու համար համբերություն է պահանջվում։ Մենք կարող ենք «սնել» այն, բայց չենք կարող արագացնել նրա աճը (Հակ. 5։7)։ Նմանապես, հոգևոր աճը տեղի է ունենում աստիճանաբար՝ փուլ առ փուլ (Մարկ. 4։28)։ Նրանք, ում հետ Աստվածաշունչ ենք ուսումնասիրում, գուցե դժվարանան ձերբազատվել կեղծ կրոնի հավատալիքներից կամ աստվածաշնչային հիմք չունեցող սովորույթներից։ Այդ իսկ պատճառով չպետք է փորձենք արագացնել նրանց աճը՝ ստիպելով փոփոխություններ կատարել։ Փոխարենը՝ պետք է համբերենք՝ սպասելով, որ որոշակի ժամանակ անցնի, մինչև Աստծու սուրբ ոգին ազդի ուսումնասիրողի սրտի վրա (1 Կորնթ. 3։6, 7)։
4. Ինչպե՞ս կարող է համբերատարությունը օգնել, որ արդյունավետորեն վկայություն տանք մեր ոչ Վկա հարազատներին։
4 Ոչ Վկա հարազատներ։ Թեպետ շատ ենք ցանկանում, որ մեր հարազատները լսեն ճշմարտությունը, սակայն պետք է համբերատար լինենք և հարմար ժամանակ ընտրենք մեր հավատի մասին պատմելու համար։ Նաև հարկավոր է զգույշ լինել, որ չծանրաբեռնենք նրանց չափից շատ ինֆորմացիայով (Ժող. 3։1, 7)։ Թող որ մեր գործերը խոսեն մեր փոխարեն, և թող որ պատրաստ լինենք արտահայտելու մեր հավատը մեղմությամբ ու խոր հարգանքով (1 Պետ. 3։1, 15)։ Այո՛, եթե ծառայության մեջ համբերատար լինենք, այն ավելի արդյունավետ կլինի և կհաճեցնի մեր երկնային Հորը։