«Հիմնովին վկայություն տուր»
1. Ինչո՞ւ է Պողոսի ծառայությունը հիանալի օրինակ մեզ համար։
1 «Ամբողջովին կատարիր քո ծառայությունը» (2 Տիմոթ. 4։5)։ Պողոս առաքյալը, անշուշտ, կարող էր այսպիսի հորդոր տալ Տիմոթեոսին։ Իրողությունն այն է, որ 47–56թթ.-ին նա կատարել էր երեք միսիոներական ճանապարհորդություն։ «Գործեր» գրքում մի քանի անգամ նշվում է, որ Պողոսը «հիմնովին վկայություն» է տվել (Գործ. 23։11; 28։23)։ Իսկ մենք ինչպե՞ս կարող ենք հիմնովին վկայություն տալ։
2. Ինչպե՞ս կարող ես հիմնովին վկայություն տալ տնետուն քարոզելիս։
2 Տնետուն։ Որպեսզի տնետան ժամանակ հանդիպենք այն մարդկանց, ովքեր չեն լսել բարի լուրը, կարող ենք ծառայել տարբեր ժամերի։ Տղամարդիկ սովորաբար տանն են լինում երեկոյան ժամերին կամ ոչ աշխատանքային օրերին։ Մենք ձգտում ենք խոսել յուրաքանչյուր բնակարանի գոնե մեկ բնակչի հետ, այդ պատճառով շարունակում ենք գնալ «տանը մարդ չկա» հասցեներով։ Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե, այնուամենայնիվ, ինչ-որ դուռ չի բացվում։ Փորձիր նամակ գրել կամ զանգահարել։
3. Ի՞նչ հնարավորություններ ունես հրապարակավ և ոչ պաշտոնական վկայություն տալու։
3 Հրապարակավ և ոչ պաշտոնական։ Այսօր Եհովայի ծառաները «ճշմարիտ իմաստությունը» հայտնում են բոլոր նրանց, ովքեր ցանկանում են լսել։ Նրանք քարոզում են նաև «փողոցներում և հրապարակներում» (Առակ. 1։20, 21)։ Արդյոք հիշո՞ւմ ենք վկայություն տալու մասին, երբ զբաղված ենք լինում մեր գործերով։ Կարո՞ղ ես քո մասին ասել, որ «անձդ ամբողջությամբ տրամադրել ես խոսքին» (Գործ. 18։5)։ Եթե այո, ուրեմն լիարժեքորեն ես կատարում ծառայությունդ և «հիմնովին վկայություն ես տալիս» (Գործ. 10։42; 17։17; 20։20, 21, 24)։
4. Ինչպե՞ս են աղոթքն ու խորհրդածությունը նպաստում այն բանին, որ հիմնովին վկայություն տանք։
4 Երբեմն հնարավոր է, որ անվստահության զգացումը կամ ամաչկոտությունը հետ պահեն մեզ վկայություն տալուց։ Ինչ խոսք, Եհովան հասկանում է մեզ (Սաղ. 103։14)։ Այդուհանդերձ, երբ վկայություն տալու առիթ է լինում, աղոթիր նրան, որ խոսելու համարձակություն տա (Գործ. 4։29, 31)։ Նաև երբ անձնական ուսումնասիրություն ենք անում և խորհրդածում ենք Աստծու Խոսքի շուրջ, կարող ենք մտածել այն մասին, թե ինչպես ավելացնենք մեր գնահատանքը բարի լուրի «գերազանց արժեքի» հանդեպ (Փիլիպ. 3։8)։ Այս ամենը կմղի մեզ ավելի մեծ եռանդով վկայություն տալու։
5. Ինչպե՞ս կարող ենք բաժին ունենալ Հովելի մարգարեության կատարման մեջ։
5 Ըստ Հովելի մարգարեության՝ Եհովայի մեծ ու ահարկու օրը գալուց առաջ Աստծու ծառաները «չեն դադարեցնի իրենց ընթացքը» և թույլ չեն տա, որ որևէ բան հետ պահի իրենց քարոզելուց (Հովել 2։2, 7–9)։ Եկեք ամբողջությամբ լծվենք վկայության գործին, մի գործ, որն այլևս չի կրկնվելու։