Ընդօրինակիր մարգարեներին. Հովել
1. Ծառայության ժամանակ ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հովելի խոնարհությունը։
1 Ո՞վ էր Հովել մարգարեն։ Նա միայն ասում է, որ ինքը «Փաթուելի որդին» է (Հովել 1։1)։ Այս խոնարհ մարգարեն շեշտում է ոչ թե իր մարգարե լինելը, այլ այն, թե ինչ է ասում Եհովան։ Նմանապես մենք ծառայության ժամանակ մարդկանց ուշադրությունը ուղղում ենք դեպի Եհովան ու Աստվածաշունչը և ոչ թե դեպի մեր անձը (1 Կորնթ. 9։16; 2 Կորնթ. 3։5)։ Այն, ինչ քարոզում ենք, զորացնում է մեզ։ Հովելի մարգարեությունն ինչպե՞ս կարող է ավելացնել մեր եռանդը ու լցնել մեզ հույսով։
2. Ի՞նչ անելու մեզ պետք է մղի այն բանի գիտակցումը, որ Եհովայի օրը մոտ է։
2 «Եհովայի օրը մոտ է» (Հովել 1։15)։ Ճիշտ է, այս խոսքերը գրվել են հազարամյակներ առաջ, բայց դրանք այժմեական են, որովհետև մենք ապրում ենք այս խոսքերի վերջնական կատարման ժամանակներում։ Աշխարհի վատթարացող իրավիճակները և այն անտարբերությունն ու ծաղրանքը, որոնց բախվում ենք քարոզչական տարածքում, հստակ ապացույց են այն բանի, որ այս չար աշխարհի վախճանը մոտ է (2 Տիմոթ. 3։1–5; 2 Պետ. 3։3, 4)։ Երբ մտածում ենք, որ վերջը մոտ է, ավելի մեծ վճռականությամբ ենք լցվում ծառայությունը կյանքում առաջին տեղում դնելու (2 Պետ. 3։11, 12)։
3. Ինչո՞ւ է քարոզչական ծառայությունը հատկապես կարևոր մեր ժամանակներում։
3 «Եհովան ապաստան կլինի իր ժողովրդի համար» (Հովել 3։16)։ Ցնցումը, որի մասին խոսվում է այս համարում, կարող է վերաբերել միայն Եհովայի դատավճռի կատարմանը մեծ նեղության ընթացքում։ Մխիթարական է իմանալ, որ այդ ժամանակ Եհովան փրկելու է իր հավատարիմ ծառաներին (Հայտն. 7։9, 14)։ Երբ մասնակցում ենք քարոզչական գործին և տեսնում, թե ինչպես է Եհովան նեցուկ կանգնում ու ամրացնում մեզ, մեր հավատը զորանում է, մենք ավելի տոկուն ենք դառնում։ Այսպիսով պատրաստ ենք լինում վերահաս մեծ նեղությանը։
4. Ինչո՞ւ կարող ենք ուրախ լինել և վստահությամբ նայել ապագային։
4 Թեև որոշ մարդիկ Հովելի մարգարեությունը համարում են չարագույժ, այն մեզ փրկության չքնաղ հույս է տալիս (Հովել 2։32)։ Հովել 2։23-ում ասվում է. «Ցնծացե՛ք և ուրախացե՛ք ձեր Աստված Եհովայով»։ Ուրեմն եկեք ապագային նայենք վստահությամբ և եռանդորեն հռչակենք Աստծու Թագավորության մասին բարի լուրը։