Ընդօրինակիր մարգարեներին. Ամոս
1. Ամոս մարգարեի օրինակը ինչո՞ւ կարող է քաջալերական լինել մեզ համար։
1 Երբևէ մտածե՞լ ես, թե չես կարող քարոզել, որովհետև հասարակ մարդ ես։ Եթե այո, ապա քեզ համար քաջալերական կլինի Ամոս մարգարեի օրինակը։ Նա հովիվ էր և սեզոնային աշխատանք էր անում, սակայն Եհովան հանձնարարեց նրան մի կարևոր լուր հայտնել (Ամոս 1։1; 7։14, 15)։ Այսօր նույնպես Եհովան օգտագործում է խոնարհ և հասարակ մարդկանց (1 Կորնթ. 1։27–29)։ Մեր ծառայության հետ կապված ի՞նչ կարող ենք սովորել Ամոս մարգարեից։
2. Ծառայության ժամանակ հակառակության հանդիպելիս ինչո՞ւ կարող ենք ամուր մնալ։
2 Ամուր մնա՝ չնայած հակառակությանը։ Երբ Ամասիան, որը Իսրայելի հյուսիսային տասցեղ թագավորությունում հորթի պաշտամունքի քահանա էր, լսեց Ամոս մարգարեին, կարծես ասաց. «Գնա՛ քո երկիրը։ Մենք մեր կրոնն ունենք» (Ամոս 7։12, 13)։ Ամասիան, մարգարեի խոսքերը սխալ ներկայացնելով Հերոբովամ թագավորին, փորձեց այնպես անել, որ վերջինս արգելի Ամոսի գործունեությունը (Ամոս 7։7–11)։ Բայց Ամոսը չվախեցավ։ Այսօր որոշ հոգևորականներ փորձում են քաղաքական գործիչների միջոցով հալածել Եհովայի ժողովրդին։ Սակայն Եհովան հավաստիացնում է, որ մեր դեմ շինած ոչ մի զենք տևական հաջողություն չի ունենա (Ես. 54։17)։
3. Ի՞նչ երկու բան է պարունակում մեր քարոզած լուրը։
3 Հռչակիր Աստծու դատավճիռներն ու ապագա օրհնությունները։ Թեև Ամոսը մարգարեացավ, որ դատաստան է իրագործվելու Իսրայելի տասցեղ թագավորության դեմ, բայց իր անունը կրող աստվածաշնչյան գիրքը նա եզրափակեց քաղաքները վերակառուցելու և առատ օրհնությունների մասին Եհովայի խոստումով (Ամոս 9։13–15)։ Մենք նույնպես խոսում ենք Աստծու գալիք «դատաստանի օրվա մասին», բայց դա մեր հռչակած «թագավորության բարի լուրի» միայն մի մասն է (2 Պետ. 3։7; Մատթ. 24։14)։ Արմագեդոն պատերազմում չարերին կործանելով՝ Եհովան ճանապարհ է բացելու երկրային դրախտի առջև (Սաղ. 37։34)։
4. Մինչ կատարում ենք Եհովայի կամքը, ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել։
4 Հակառակորդներով լի այս աշխարհում Թագավորության լուրը քարոզելը, ինչ խոսք, փորձում է մեր վճռականությունը՝ ապրելու մեր նվիրման համաձայն և կատարելու Եհովայի կամքը (Հովհ. 15։19)։ Բայց մենք վստահ ենք, որ Եհովան, ինչպես Ամոսի դեպքում, մեզ էլ կշարունակի տալ այն ամենը, ինչ անհրաժեշտ է իր կամքը կատարելու համար (2 Կորնթ. 3։5)։