Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w20 հոկտեմբեր էջ 13–19
  • Օգնենք Աստվածաշունչ ուսումնասիրողին հասնել մկրտության (մաս 2)

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Օգնենք Աստվածաշունչ ուսումնասիրողին հասնել մկրտության (մաս 2)
  • 2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԹՈՒՅԼ ՏԱՆՔ՝ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՍՈՎՈՐԵՑՆԻ
  • ՈՒՍՈՒՑԱՆԵՆՔ ՈԳԵՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՀԱՄՈԶՎԱԾՈՒԹՅԱՄԲ
  • ՀՈՐԴՈՐԵՆՔ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂԻՆ ԸՆԿԵՐՆԵՐ ԳՏՆԵԼ ԺՈՂՈՎՈՒՄ
  • ԽՈՍԵՆՔ ԵՀՈՎԱՅԻՆ ՆՎԻՐՎԵԼՈՒ ԵՎ ՄԿՐՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  • ԺԱՄԱՆԱԿ ԱՌ ԺԱՄԱՆԱԿ ԳՆԱՀԱՏԵՆՔ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂԻ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ
  • Օգնենք Աստվածաշունչ ուսումնասիրողին հասնել մկրտության (մաս 1)
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Օգնենք ուսումնասիրողին դառնալ Քրիստոսի աշակերտ
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Միասին օգնենք ուսումնասիրողին հասնել մկրտության
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ուշադրություն դարձրու քո «սովորեցնելու արվեստին»
    2008 Դիտարան
Ավելին
2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w20 հոկտեմբեր էջ 13–19

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 42

Օգնենք Աստվածաշունչ ուսումնասիրողին հասնել մկրտության (մաս 2)

«Շարունակ ուշադրություն դարձրու քո անձին և քո ուսուցանելուն» (1 ՏԻՄՈԹ. 4։16)։

ԵՐԳ 77 Լույս՝ խավար աշխարհում

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa

1. Ինչո՞ւ ենք ասում, որ աշակերտներ պատրաստելը կյանքեր փրկող գործ է։

ԱՇԱԿԵՐՏՆԵՐ պատրաստելը կյանքեր փրկող գործ է։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Երբ Հիսուսը պատվիրեց անել այդ գործը, հետևյալն ասաց. «Գնացեք.... աշակերտներ պատրաստեք՝ նրանց մկրտելով» (Մատթ. 28։19, 20)։ Իսկ որքանո՞վ է կարևոր մկրտությունը։ Փրկություն ստանալու համար դա պարտադիր պայման է։ Մկրտության թեկնածուն պետք է հավատա, որ փրկությունը հնարավոր է դարձել միայն այն բանի շնորհիվ, որ Հիսուսը զոհել է իր կյանքը մեզ համար և հարություն է առել։ Այդ պատճառով Պետրոս առաքյալը քրիստոնյաներին գրեց. «Մկրտությունը.... հիմա էլ ձեզ է փրկում Հիսուս Քրիստոսի հարության միջոցով» (1 Պետ. 3։21)։ Ուստի մկրտվելով՝ անհատը կանգնում է փրկության տանող ճանապարհի վրա։

2. 2 Տիմոթեոս 4։1, 2 համարների համաձայն՝ ինչպիսի՞ ուսուցիչ պետք է լինենք։

2 Աշակերտ պատրաստելու համար մենք պետք է տիրապետենք «սովորեցնելու արվեստին» (կարդա 2 Տիմոթեոս 4։1, 2)։ Դա անհրաժեշտ է, քանի որ Հիսուսը պատվիրել է. «Գնացեք.... աշակերտներ պատրաստեք՝ նրանց.... սովորեցնելով»։ Իսկ Պողոս առաքյալը հորդորեց «հարատևել» սովորեցնելու գործում, քանի որ դա անելով՝ կփրկենք և՛ մեզ, և՛ մեզ լսողներին։ Ուստի պատահական չէ, որ նա նաև ասաց. «Շարունակ ուշադրություն դարձրու.... քո ուսուցանելուն» (1 Տիմոթ. 4։16)։ Քանի որ աշակերտներ պատրաստելու գործը ուղղակիորեն կապված է ուսուցանելու հետ, մենք պետք է հմուտ ուսուցիչներ լինենք։

3. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

3 Ողջ աշխարհում մենք Աստվածաշնչի միլիոնավոր ուսումնասիրություններ ենք անցկացնում՝ օգնելով մարդկանց իմանալ սուրբգրային ճշմարտությունները։ Նախորդ հոդվածից տեսանք, թե ինչ կարող ենք անել, որ ավելի շատ ուսումնասիրողների օգնենք հասնելու մկրտության և դառնալու Հիսուս Քրիստոսի աշակերտ։ Այս հոդվածում կքննենք ևս հինգ քայլ, որոնց միջոցով կօգնենք ուսումնասիրողին հոգևորապես առաջադիմել և մկրտվել։

ԹՈՒՅԼ ՏԱՆՔ՝ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՍՈՎՈՐԵՑՆԻ

1. Նախորդ հոդվածում պատկերված քույրը Աստվածաշնչի ուսումնասիրություն է անցկացնում։ Նա խոսելիս ակտիվ ժեստեր է անում, իսկ նրա Աստվածաշունչը շրջված վիճակում դրված է սեղանի վրա։ Տարիքով քույրը և Աստվածաշունչ ուսումնասիրողը շփոթված նայում են նրան։ 2. Ավելի ուշ սրճարանում տարիքով քույրը, ով փորձառու քարոզիչ է, որոշ խորհուրդներ է տալիս քրոջը, թե ինչպես բարելավի ուսուցանելու իր հմտությունները, իսկ քույրը ուշադրությամբ լսում է

Փորձառու քարոզիչներին հարցրու, թե ինչ կարող ես անել, որ թույլ տաս՝ Աստվածաշունչը ուսուցանի (տես պարբերություն 4–6)f

4. Ինչո՞ւ պետք է ինքնատիրապետում դրսևորենք Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելիս (տես նաև ծանոթագրությունը)։

4 Մենք սիրում ենք այն, ինչ սովորեցնում ենք Աստծու Խոսքից։ Ուստի գուցե դրա շուրջ երկար խոսելու գայթակղություն առաջանա։ Սակայն անկախ նրանից՝ անցկացնում ենք Աստվածաշնչի ուսումնասիրություն, թե «Դիտարանի» կամ Ժողովի Աստվածաշնչի ուսումնասիրություն, չպետք է տրվենք շատ խոսելու գայթակղությանը։ Մեզ ինքնատիրապետում է անհրաժեշտ, որպեսզի թույլ տանք՝ Աստվածաշունչը ուսուցանի մեր փոխարեն, և չսկսենք պատմել այն ամենը, ինչ գիտենք տվյալ թեմայի կամ սուրբգրային համարի մասին (Հովհ. 16։12)։b Մի պահ մտածիր, թե աստվածաշնչյան ինչ գիտելիքներ ունեիր, երբ նոր էիր մկրտվել, և ինչ գիտելիքներ ունես հիմա։ Թերևս այն ժամանակ հասկանում էիր միայն հիմնական ուսմունքները (Եբր. 6։1)։ Իսկ այն գիտելիքները, որ այժմ ունես, տարիների ընթացքում ես ձեռք բերել։ Ուստի մի՛ փորձիր ուսումնասիրողին ամեն ինչ միանգամից սովորեցնել։

5. ա) Ըստ 1 Թեսաղոնիկեցիներ 2։13-ի՝ ի՞նչ պետք է օգնենք ուսումնասիրողին հասկանալ։ բ) Ի՞նչ կարող ենք անել, որ ուսումնասիրողը արտահայտվի։

5 Մենք պետք է օգնենք ուսումնասիրողին հասկանալ, որ այն, ինչ սովորեցնում ենք, Աստծու ներշնչյալ Խոսքից է, ոչ թե մեզանից (կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 2։13)։ Ուստի հորդորիր նրան, որ ուսումնասիրության ժամանակ արտահայտվի։ Աստվածաշնչի համարները բացատրելու փոխարեն՝ երբեմն խնդրիր, որ նա բացատրի։ Օգնիր ուսումնասիրողին տեսնել, թե Աստվածաշնչից սովորածը ինչպես կարող է կիրառել կյանքում։ Տեսակետ բացահայտող և հուշող հարցեր տուր, որպեսզի տեսնես, թե նա ինչ է մտածում ու զգում կարդացած սուրբգրային համարի վերաբերյալ (Ղուկ. 10։25–28)։ Օրինակ՝ կարող ես հարցնել. «Այս համարը Եհովայի ո՞ր հատկությունն է բացահայտում։ Աստվածաշնչյան այս ճշմարտությունը ինչո՞վ է օգտակար քեզ համար։ Համաձա՞յն ես քննարկված մտքի հետ» (Առակ. 20։5)։ Կարևոր է, որ ուսումնասիրողը գիտելիքներ ունենա, բայց շատ ավելի կարևոր է, որ նա սիրի իր սովորածը և կիրառի կյանքում։

6. Ինչո՞ւ լավ կլինի, որ ուսումնասիրություն անցկացնելիս համագործակցենք փորձառու քարոզիչների հետ։

6 Ուսումնասիրություն անցկացնելիս համագործակցո՞ւմ ես փորձառու քարոզիչների հետ։ Եթե այո, ապա հարցրու նրանց, թե ինչպես ես անցկացնում ուսումնասիրությունը և արդյոք թույլ տալիս ես, որ Աստվածաշունչը ուսուցանի քո փոխարեն։ Եթե ուզում ես բարելավել ուսուցանելու հմտություններդ, պետք է խոնարհ լինես (համեմատիր Գործեր 18։24–26)։ Քեզ հետ համագործակցող փորձառու քարոզչին նաև հարցրու, թե իր կարծիքով՝ ուսումնասիրողը ըմբռնում է այն, ինչ սովորում է։ Իսկ եթե այնպես ստացվի, որ մեկ շաբաթ կամ ավելի երկար ժամանակ չկարողանաս անցկացնել ուսումնասիրությունը, խնդրիր որևէ փորձառու քարոզչի, որ փոխարինի քեզ։ Այդպես Աստվածաշնչի դասընթացները կանոնավոր կերպով կանցկացվեն, և ուսումնասիրողը կհասկանա դրանց կարևորությունը։ Երբեք մի՛ մտածիր, որ ուսումնասիրողը քո սեփականությունն է, և ուրիշ ոչ ոք չի կարող փոխարինել քեզ։ Չէ՞ որ դու մտածում ես նրա բարօրության մասին, և քո նպատակն է՝ օգնել նրան, որ հաստատուն քայլերով շարունակի հոգևորապես առաջադիմել։

ՈՒՍՈՒՑԱՆԵՆՔ ՈԳԵՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՀԱՄՈԶՎԱԾՈՒԹՅԱՄԲ

1. Քույրը Աստվածաշունչ ուսումնասիրողին իրական պատմության վրա հիմնված մի տեսանյութ է ցույց տալիս։ 2. Աստվածաշունչ ուսումնասիրողը իր նոր հավատալիքների մասին պատմում է ամուսնուն

Ուսումնասիրողին պատմիր հավատակիցների կյանքից դեպքեր, որոնք կօգնեն նրան կիրառել աստվածաշնչյան սկզբունքները (տես պարբերություն 7–9)g

7. Ի՞նչը կօգնի ուսումնասիրողին սիրել այն, ինչ սովորում է։

7 Ուսումնասիրողը պետք է տեսնի, որ դու սիրում ես Աստծու Խոսքը, և համոզված ես, որ այն ճշմարտությունն է սովորեցնում (1 Թեսաղ. 1։5)։ Այդ դեպքում շատ հավանական է, որ նա էլ սկսի սիրել այն, ինչ սովորում է։ Հարմար առիթի դեպքում ոգևորությամբ պատմիր նրան, թե աստվածաշնչյան սկզբունքները կիրառելը ինչպես է օգնել քեզ։ Այդ ժամանակ նա կտեսնի, որ սուրբգրային խորհուրդները գործնական են և կարող են օգտակար լինել նաև իր համար։

8. Նյութը ուսումնասիրելուց բացի՝ ուրիշ ի՞նչ կարող ես անել, և ինչո՞ւ։

8 Ուսումնասիրության ընթացքում պատմիր իրական դեպքեր այն հավատակիցների կյանքից, ովքեր հաղթահարել են այնպիսի դժվարություններ, որոնց բախվում է ուսումնասիրողը։ Ուսումնասիրությանը հրավիրիր նաև այն քարոզիչներին, ում օրինակը օգտակար կլինի նրա համար։ Քաջալերական դեպքեր կարող ես գտնել նաև jw.org կայքում՝ «Աստվածաշունչը փոխում է կյանքերը» բաժնում։c Նման հոդվածներն ու տեսանյութերը կօգնեն ուսումնասիրողին տեսնել, թե որքան իմաստուն է կիրառել աստվածաշնչյան սկզբունքները։

9. Ինչպե՞ս կարող ես հորդորել ուսումնասիրողին, որ իր սովորածի մասին պատմի հարազատներին ու ընկերներին։

9 Եթե ուսումնասիրողը ամուսնացած է, նրա կողակցին էլ հրավիրիր մասնակցելու ձեր քննարկումներին, եթե իհարկե նա արդեն չի ուսումնասիրում։ Ուսումնասիրողին հորդորիր, որ իր սովորածի մասին պատմի ընտանիքի անդամներին ու ընկերներին (Հովհ. 1։40–45)։ Ինչպե՞ս կարող ես դա անել։ Պարզապես հարցրու նրան. «Ինչպե՞ս կբացատրեիր այս սուրբգրային ուսմունքը հարազատիդ կամ ընկերոջդ։ Աստվածաշնչյան ո՞ր համարը կկարդայիր»։ Այդպես ուսումնասիրողին կսովորեցնես, որ նա էլ ուրիշներին ուսուցանի։ Եվ հետագայում, երբ նա համապատասխանի չմկրտված քարոզիչ դառնալու պահանջներին, պատրաստ կլինի ժողովի հետ մասնակցելու ծառայությանը։ Կարող ես հարցնել նրան, թե արդյոք ճանաչում է ինչ-որ մեկի, ով կցանկանար ուսումնասիրել։ Եթե այո, ապա նրա միջոցով կարող ես կապ հաստատել այդ անհատի հետ և նրան ցույց տալ «Ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը» տեսանյութը։d

ՀՈՐԴՈՐԵՆՔ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂԻՆ ԸՆԿԵՐՆԵՐ ԳՏՆԵԼ ԺՈՂՈՎՈՒՄ

1. Քույրը Թագավորության սրահում Աստվածաշունչ ուսումնասիրողին ծանոթացնում է մեկ այլ քրոջ հետ։ 2. Քույրը, Աստվածաշունչ ուսումնասիրողը և նրա ամուսինը հաճելի ժամանակ են անցկացնում այն քրոջ տանը, ում հանդիպել էին Թագավորության սրահում

Հորդորիր ուսումնասիրողին ընկերներ գտնել ժողովում (տես պարբերություն 10–11)h

10. Ինչպե՞ս կարող ենք հետևել Պողոսի օրինակին՝ նկարագրված 1 Թեսաղոնիկեցիներ 2։7, 8 համարներում։

10 Մենք պետք է անկեղծ հետաքրքրություն ցույց տանք ուսումնասիրողի հանդեպ և նրան վերաբերվենք որպես մեր ապագա հոգևոր քրոջ կամ եղբոր (կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 2։7, 8)։ Ուսումնասիրողի համար հեշտ չէ հրաժարվել իր ընկերներից և Եհովային ծառայելու համար անհրաժեշտ փոփոխություններ անել։ Ուստի օգնիր նրան իսկական ընկերներ գտնել ժողովում։ Ընկեր եղիր նրա համար։ Ժամանակ անցկացրու նրա հետ ոչ միայն ուսումնասիրության ընթացքում, այլ նաև ուրիշ առիթներով։ Հեռախոսազանգը, տեքստային հաղորդագրությունը կամ կարճ այցելությունը ցույց կտա, որ իսկապես հետաքրքրված ես իրենով։

11. Ի՞նչ են անում հմուտ քարոզիչները, և ինչո՞ւ։

11 Մի աֆրիկյան ասացվածք կա. «Գյուղ կանգնի, երեխա կմեծացնի»։ Մենք էլ կարող ենք ասել. «Ժողով կանգնի, աշակերտ կպատրաստի»։ Դա է պատճառը, որ հմուտ քարոզիչները ուսումնասիրողներին ծանոթացնում են ժողովի քույրերի ու եղբայրների հետ, որոնց ընկերակցությունը կարող է լավ ազդեցություն թողնել նրանց վրա։ Աստծու ժողովրդի հետ շփվելով՝ ուսումնասիրողը հոգևոր ու էմոցիոնալ աջակցություն կստանա։ Մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր ուսումնասիրող իրեն ժողովի և մեր հոգևոր ընտանիքի մի մասը զգա ու վայելի սիրառատ եղբայրների և քույրերի ջերմ շփումը։ Այդ ժամանակ նրա համար ավելի հեշտ կլինի դադարեցնել մտերմությունը այն մարդկանց հետ, ովքեր չեն մղում իրեն սիրելու Եհովային (Առակ. 13։20)։ Իսկ եթե նրա ընկերները հրաժարվեն իրենից, նա վստահ կլինի, որ Եհովայի կազմակերպության մեջ իսկական ընկերներ կգտնի (Մարկ. 10։29, 30; 1 Պետ. 4։4)։

ԽՈՍԵՆՔ ԵՀՈՎԱՅԻՆ ՆՎԻՐՎԵԼՈՒ ԵՎ ՄԿՐՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Աստվածաշունչ ուսումնասիրողը դուրս է գալիս մկրտության լողավազանից։ Նրա ամուսինը, այն քույրը, ով օգնել է նրան ուսումնասիրել Աստվածաշունչը և ժողովից այլ քույրեր ու եղբայրներ ժպտում են և ծափահարում

Աստվածաշունչ ուսումնասիրողը, ով ցանկանում է մկրտվել, քայլ առ քայլ կարող է հասնել իր նպատակին (տես պարբերություն 12–13)

12. Ինչո՞ւ պետք է ուսումնասիրողի հետ խոսենք նվիրման ու մկրտության մասին։

12 Չպետք է վարանենք ուսումնասիրողի հետ խոսել Եհովային նվիրվելու և մկրտվելու մասին։ Չէ՞ որ մենք Աստվածաշնչի դասընթացներ ենք անցկացնում, որպեսզի օգնենք մարդկանց մկրտվել ու դառնալ Քրիստոսի աշակերտ։ Եթե անհատը մի քանի ամիս է, ինչ կանոնավոր ուսումնասիրում է և նույնիսկ արդեն սկսել է հաճախել ժողովի հանդիպումներին, պետք է օգնենք նրան հասկանալ, որ Աստվածաշունչ ուսումնասիրելու նպատակը Եհովային ծառայելն է՝ որպես նրա Վկա։

13. Ի՞նչ քայլեր պետք է անի ուսումնասիրողը մկրտության հասնելու համար։

13 Աստվածաշունչ ուսումնասիրողը, ով ցանկանում է մկրտվել, քայլ առ քայլ կարող է հասնել իր նպատակին։ Նախ՝ անհրաժեշտ է, որ նա ճանաչի ու սիրի Աստծուն և հավատ զարգացնի նրա հանդեպ (Հովհ. 3։16; 17։3)։ Այնուհետև պետք է մտերմանա Եհովայի ու ժողովի հետ (Եբր. 10։24, 25; Հակ. 4։8)։ Կարևոր է նաև, որ ազատվի վատ սովորություններից ու զղջա իր մեղքերի համար (Գործ. 3։19)։ Նրա հավատը պետք է մղի նրան, որ ճշմարտության մասին պատմի ուրիշներին (2 Կորնթ. 4։13)։ Ի վերջո նա պետք է աղոթքով իր անձը նվիրի Եհովային ու մկրտվի, ինչն ուրախալի իրադարձություն է բոլորիս համար (1 Պետ. 3։21; 4։2)։ Անկեղծորեն և հաճախակի գովիր ուսումնասիրողին նրա առաջադիմության համար և քաջալերիր, որ շարունակի ջանքեր թափել։

ԺԱՄԱՆԱԿ ԱՌ ԺԱՄԱՆԱԿ ԳՆԱՀԱՏԵՆՔ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂԻ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ

14. Ինչպե՞ս կարող ենք գնահատել ուսումնասիրողի առաջադիմությունը։

14 Մենք պետք է համբերատար լինենք, մինչ օգնում ենք ուսումնասիրողին հասնել նվիրման ու մկրտության։ Բայց միևնույն ժամանակ պետք է ուշադիր լինենք, որ տեսնենք, թե արդյոք նա ցանկություն ունի ծառայելու Աստծուն։ Արդյո՞ք ձգտում է հնազանդվել Հիսուսի պատվերներին, թե՞ պարզապես ուզում է հետաքրքիր տեղեկություններ իմանալ Աստվածաշնչից։

15. Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնենք ուսումնասիրողի հոգևոր առաջադիմությունը գնահատելիս։

15 Ժամանակ առ ժամանակ գնահատիր ուսումնասիրողի հոգևոր առաջադիմությունը։ Օրինակ՝ կարող ես ուշադրություն դարձնել, թե արդյոք նա խոսում է Եհովայի հանդեպ ունեցած իր սիրո մասին։ Աղոթո՞ւմ է (Սաղ. 116։1, 2)։ Հաճույքո՞վ է ընթերցում Աստվածաշունչը (Սաղ. 119։97)։ Կանոնավորաբար հաճախո՞ւմ է ժողովի հանդիպումներին (Սաղ. 22։22)։ Իր ապրելակերպի մեջ փոփոխություններ արե՞լ է (Սաղ. 119։112)։ Իր սովորածի մասին պատմո՞ւմ է հարազատներին ու ընկերներին (Սաղ. 9։1)։ Եվ որ ամենակարևորն է՝ ցանկանո՞ւմ է դառնալ Եհովայի վկա (Սաղ. 40։8)։ Եթե տեսնես, որ ուսումնասիրողը նշված քայլերից ոչ մեկը չի անում, նրբանկատորեն փորձիր պարզել, թե որն է պատճառը, և մեղմությամբ, բայց անկեղծորեն խոսիր նրա հետ այդ մասին։e

16. Ե՞րբ է տեղին դադարեցնել Աստվածաշնչի ուսումնասիրությունը։

16 Որպեսզի հասկանաս արժե շարունակել ուսումնասիրությունը, թե ոչ, ինքդ քեզ հարցրու. «Ուսումնասիրողը նախապատրաստվո՞ւմ է նյութին։ Ցանկություն ունի՞ հաճախելու ժողովի հանդիպումներին։ Ազատվե՞լ է վատ սովորություններից։ Դուրս եկե՞լ է կեղծ կրոնից»։ Եթե ոչ, ապա նրան Աստվածաշունչ ուսուցանելը նման է այն բանին, որ փորձում ես լողալ սովորեցնել մեկին, ով չի ուզում անգամ թրջվել։ Եթե ուսումնասիրողը չի գնահատում իր սովորածը և չի ցանկանում փոփոխություններ անել, մի՞թե արժե շարունակել ուսումնասիրությունը։

17. Ըստ 1 Տիմոթեոս 4։16-ի՝ ի՞նչ պետք է անեն Աստվածաշունչ ուսուցանողները։

17 Մենք լուրջ ենք վերաբերվում աշակերտներ պատրաստելու գործին և ուզում ենք օգնել Աստվածաշունչ ուսումնասիրողներին հասնել մկրտության։ Ուստի թույլ ենք տալիս, որ մեր փոխարեն Աստվածաշունչը ուսուցանի, սովորեցնում ենք ոգևորությամբ և համոզվածությամբ, հորդորում ենք ուսումնասիրողին ընկերներ գտնել ժողովում, ընդգծում ենք Եհովային նվիրվելու և մկրտվելու կարևորությունը և ժամանակ առ ժամանակ գնահատում ենք ուսումնասիրողի հոգևոր առաջադիմությունը (տես «Ի՞նչ պետք է անես, որ օգնես ուսումնասիրողին հասնել մկրտության» շրջանակը, էջ 13)։ Մենք շատ ուրախ ենք, որ պատիվ ունենք մասնակցելու կյանքեր փրկող այս գործին։ Եկեք ամեն ջանք թափենք, որ օգնենք Աստվածաշունչ ուսումնասիրողներին հասնել մկրտության։

Քույրը ուրախությամբ Աստվածաշնչի ուսումնասիրություն է անցկացնում

Ի՞նչ պետք է անես, որ օգնես ուսումնասիրողին հասնել մկրտության

  1. 1. Թույլ տուր՝ Աստվածաշունչը սովորեցնի

    • Ինքնատիրապետում դրսևորիր և շատ մի՛ խոսիր

    • Խնդրիր փորձառու քարոզիչներին, որ օգնեն քեզ բարելավել ուսուցանելու հմտություններդ

  2. 2. Ուսուցանիր ոգևորությամբ և համոզվածությամբ

    • Ուսումնասիրողը պետք է տեսնի, որ սիրում ես աստվածաշնչյան ճշմարտությունները

    • Պատմիր դեպքեր, երբ մարդիկ կիրառել են այն, ինչ սովորել են Աստվածաշնչից

    • Հորդորիր ուսումնասիրողին, որ իր սովորածի մասին պատմի ուրիշներին

  3. 3. Հորդորիր ուսումնասիրողին ընկերներ գտնել ժողովում

    • Անկեղծ հետաքրքրություն ցույց տուր ուսումնասիրողի հանդեպ

    • Նրան ծանոթացրու այն քույրերի ու եղբայրների հետ, ովքեր կարող են լավ ազդեցություն թողնել նրա վրա

    • Օգնիր նրան, որ իրեն ժողովի մի մասը զգա

  4. 4. Խոսիր նվիրման ու մկրտության մասին

    • Օգնիր ուսումնասիրողին քայլ առ քայլ հասնել մկրտության

    • Քաջալերիր նրան և հաճախակի գովիր

  5. 5. Ժամանակ առ ժամանակ գնահատիր ուսումնասիրողի առաջադիմությունը

    • Փորձիր տեսնել, թե արդյոք նա Եհովային ծառայելու ցանկություն ունի

    • Եթե նա հոգևորապես չի առաջադիմում, մեղմությամբ, բայց անկեղծորեն խոսիր նրա հետ այդ մասին

Ի՞ՆՉ ՍՈՎՈՐԵՑԻՐ

  • Ինչո՞ւ է անհրաժեշտ ինքնատիրապետում դրսևորել Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելիս։

  • Ինչպե՞ս կարող ենք օգնել ուսումնասիրողին մտերմանալ ժողովի հետ։

  • Ինչո՞ւ չպետք է վարանենք խոսել նվիրման ու մկրտության մասին։

ԵՐԳ 79 Սովորեցրու նրանց հաստատ կանգնել

a Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելը մեծ առանձնաշնորհում է։ Այդպես մենք օգնում ենք մարդկանց մտածել, զգալ և վարվել այնպես, ինչպես Եհովան է ուզում։ Այս հոդվածից կիմանանք, թե ինչպես կարող ենք բարելավել ուսուցանելու մեր հմտությունները։

b Տես «Խուսափիր այս ծուղակներից Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելիս» հոդվածը «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի 2016 թ. սեպտեմբերի համարում։

c Տես ՄԵՐ ՄԱՍԻՆ > ԴԵՊՔԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ։

d Տես JW Library® (ՄԵԴԻԱ > ՄԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ > ՏԵՍՆՅՈՒԹԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ)։

e Տես «Եհովայի հանդեպ սերն ու երախտագիտությունը կմղեն քեզ մկրտվելու» և «Պատրա՞ստ ես մկրտվելու» հոդվածները «Դիտարանի» 2020 թ. մարտի համարում։

f ՆԿԱՐ։ Աստվածաշնչի դասընթացից հետո փորձառու քույրը խորհուրդ է տալիս ուսումնասիրությունն անցկացնող քրոջը, որ ուսուցանելիս շատ չխոսի։

g ՆԿԱՐ։ Ուսումնասիրողը սովորում է լավ կին լինել։ Հետո նա իր սովորածի մասին պատմում է ամուսնուն։

h ՆԿԱՐ։ Ուսումնասիրողն ու նրա ամուսինը ջերմ ընկերակցություն են վայելում Վկաներից մեկի տանը, ում հանդիպել էին Թագավորության սրահում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը