Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w21 փետրվար էջ 14–19
  • Գլխավորությունը ժողովում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գլխավորությունը ժողովում
  • 2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞ՆՉ ՏԵՍԱԿԵՏ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆՔ ՔՈՒՅՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
  • ԱՐԴՅՈ՞Ք ՑԱՆԿԱՑԱԾ ԵՂԲԱՅՐ ՑԱՆԿԱՑԱԾ ՔՐՈՋ ԳԼՈՒԽՆ Է
  • ՆՄԱՆ, ԲԱՅՑ ՏԱՐԲԵՐ ԴԵՐԵՐ
  • ԺՈՂՈՎԻ ԳԼՈՒԽԸ ՔՐԻՍՏՈՍՆ Է
  • «Ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է»
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Աջակցենք քրիստոնյա կանանց
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Եհովայի պե՞ս ես վերաբերվում կանանց
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ընթերցողների հարցերը
    2002 Դիտարան
Ավելին
2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w21 փետրվար էջ 14–19

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 7

Գլխավորությունը ժողովում

«Քրիստոսն էլ ժողովի գլուխն է, և նա է փրկիչը այդ մարմնի» (ԵՓԵՍ. 5։23)։

ԵՐԳ 137 Հավատարիմ կանայք, քրիստոնյա քույրեր

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa

1. Ինչո՞ւ է Եհովայի ընտանիքը միասնական։

ՄԵՆՔ շատ ուրախ ենք, որ Եհովայի ընտանիքի մի մասն ենք։ Մեր ընտանիքը խաղաղ է ու միասնական։ Իսկ ինչո՞ւ։ Պատճառներից մեկն այն է, որ յուրաքանչյուրս ձգտում է հարգանք դրսևորել Եհովայի սահմանած գլխավորության սկզբունքի հանդեպ։ Իրականում որքան լավ հասկանանք այդ սկզբունքը, այնքան ավելի միասնական կլինենք։

2. Ո՞ր հարցերի պատասխանները կիմանանք այս հոդվածից։

2 Այս հոդվածից կիմանանք, թե ինչպես է գլխավորության սկզբունքը գործում ժողովում։ Նաև կիմանանք հետևյալ հարցերի պատասխանները։ Ո՞րն է քույրերի դերը ժողովում։ Ճի՞շտ է արդյոք այն տեսակետը, որ ցանկացած եղբայր ցանկացած քրոջ գլուխն է։ Արդյո՞ք երեցները ժողովի եղբայրների ու քույրերի վրա նույն իշխանությունն ունեն, ինչ ընտանիքի գլուխը իր կնոջ ու երեխաների։ Բայց մինչ այդ եկեք տեսնենք, թե ինչ տեսակետ պետք է ունենանք քույրերի վերաբերյալ։

Ի՞ՆՉ ՏԵՍԱԿԵՏ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆՔ ՔՈՒՅՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

3. Ինչպե՞ս կարող ենք խորացնել մեր գնահատանքը քույրերի կատարած աշխատանքի հանդեպ։

3 Մենք շատ թանկ ենք գնահատում մեր քույրերին, ովքեր տքնաջան աշխատում են, որ հոգ տանեն իրենց ընտանիքի մասին, քարոզեն բարի լուրը և աջակցեն ժողովին։ Մենք կխորացնենք մեր գնահատանքը կանանց հանդեպ, եթե ավելի լավ հասկանանք նրանց վերաբերյալ ունեցած Եհովայի և Հիսուսի տեսակետը։ Մեզ համար շատ օգտակար կլինի նաև քննել, թե ինչպես էր կանանց վերաբերվում Պողոս առաքյալը։

4. Աստվածաշունչն ինչպե՞ս է ցույց տալիս, որ Եհովան թանկ է գնահատում թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց։

4 Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Եհովան թանկ է գնահատում թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց։ Այնտեղ կարդում ենք, որ առաջին դարում Եհովան իր սուրբ ոգին տվեց ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց, և նրանց բոլորին օժտեց հրաշքներ գործելու կարողությամբ, օրինակ՝ տարբեր լեզուներով խոսելու ունակությամբ (Գործ. 2։1–4, 15–18)։ Տղամարդկանց պես կանայք էլ են օծվում սուրբ ոգով, որպեսզի թագավորեն Քրիստոսի հետ (Գաղ. 3։26–29)։ Երկրի վրա հավիտյան ապրելու հնարավորություն ունեն և՛ տղամարդիկ, և՛ կանայք (Հայտն. 7։9, 10, 13–15)։ Քարոզելու և ուսուցանելու գործը հանձնարարված է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց (Մատթ. 28։19, 20)։ «Գործեր» գրքում նշվում է Պրիսկիղա անունով մի կնոջ մասին, ով իր ամուսնու՝ Ակյուղասի հետ օգնում էր Ապողոսին՝ մի կրթված մարդու, որ վերջինս ավելի լավ հասկանա ճշմարտությունը (Գործ. 18։24–26)։

5. Կանանց հանդեպ Հիսուսի վերաբերմունքի մասին ի՞նչ ենք իմանում Ղուկաս 10։38, 39 և 42 համարներից։

5 Հիսուսը հարգում և պատվի էր արժանացնում կանանց։ Նա չէր ընդօրինակում փարիսեցիներին, ովքեր վերևից էին նայում կանանց։ Հանրության մեջ փարիսեցիները չէին խոսում նրանց հետ, ուր մնաց, որ սովորեցնեին Սուրբ Գրքերը։ Ի տարբերություն նրանց՝ Հիսուսը հոգևոր խոր զրույցներ էր ունենում ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց հետ (կարդա Ղուկաս 10։38, 39, 42)։b Բացի այդ՝ նա թույլ էր տալիս կանանց միանալ իրեն, երբ քարոզում էր քաղաքից քաղաք և գյուղից գյուղ (Ղուկ. 8։1–3)։ Հիսուսը նաև պատվի արժանացրեց նրանց, երբ հանձնարարեց, որ առաքյալներին հայտնեն իր հարության մասին լուրը (Հովհ. 20։16–18)։

6. Ինչպե՞ս էր Պողոս առաքյալը ցույց տալիս, որ հարգում է կանանց։

6 Պողոս առաքյալը ցույց էր տալիս, որ հարգում է կանանց։ Նա հիշեցրեց Տիմոթեոսին պատվել կանանց՝ հորդորելով նրան «մեծահասակ կանանց» վերաբերվել «ինչպես մայրերի», իսկ «երիտասարդ կանանց՝ ինչպես քույրերի» (1 Տիմոթ. 5։1, 2)։ Ճիշտ է, առաքյալը մեծապես նպաստել էր Տիմոթեոսի հոգևոր աճին, բայց ընդունում էր, որ վերջինիս մայրն ու տատն էին սովորեցրել նրան «սուրբ գրքերը» (2 Տիմոթ. 1։5; 3։14, 15)։ Իսկ հռոմեացիներին ուղղած իր նամակում Պողոսը ողջույններ հղեց կոնկրետ քույրերի՝ նշելով նրանց անունները։ Նա ոչ միայն նկատում էր քույրերի կատարած աշխատանքը, այլև արտահայտում էր իր գնահատանքը նրանց արածների համար (Հռոմ. 16։1–4, 6, 12; Փիլիպ. 4։3)։

7. Ի՞նչ հարցեր ենք քննելու։

7 Ինչպես տեսանք, սուրբգրային որևէ հիմք չկա մտածելու, որ քույրերը եղբայրներից ստորադաս են։ Մեր հոգատար ու առատաձեռն քույրերը մեծ օգնություն են ժողովի համար։ Նրանք նպաստում են ժողովի խաղաղությանն ու միասնությանը, և երեցները շատ թանկ են գնահատում այդ հարցում նրանց աջակցությունը։ Բայց գուցե նման հարցեր առաջանան. «Ինչո՞ւ է Եհովան պահանջում, որ որոշ դեպքերում քույրերը ծածկեն իրենց գլուխը։ Արդյո՞ք այն փաստը, որ միայն եղբայրներն են նշանակվում ծառայող օգնական ու երեց, ցույց է տալիս, որ ցանկացած եղբայր ցանկացած քրոջ գլուխն է»։

ԱՐԴՅՈ՞Ք ՑԱՆԿԱՑԱԾ ԵՂԲԱՅՐ ՑԱՆԿԱՑԱԾ ՔՐՈՋ ԳԼՈՒԽՆ Է

Հիսուսը՝ նստած երկնային գահին։ Եհովայի փառքի լույսը շողում է նրա վրա։ Նկարի ներքևում անցկացվում է ժողովի հանդիպում, ընտանեկան երկրպագություն, և մի քույր անձնական ուսումնասիրություն է անում։ Այս տեսարանների մասին խոսվում է 8-րդ և 11–14-րդ պարբերություններում։

8. Ըստ Եփեսացիներ 5։23-ի՝ արդյո՞ք ցանկացած եղբայր ցանկացած քրոջ գլուխն է։ Բացատրիր։

8 Արդյո՞ք ժողովում ցանկացած եղբայր ցանկացած քրոջ գլուխն է։ Կարճ ասած՝ ո՛չ։ Եղբայրը չի կարող լինել ժողովի բոլոր քույրերի գլուխը։ Նրանց գլուխը Քրիստոսն է (կարդա Եփեսացիներ 5։23)։ Ընտանիքում կնոջ գլուխը ամուսինն է։ Մկրտված որդին չի կարող լինել իր մոր գլուխը (Եփես. 6։1, 2)։ Իսկ ժողովում երեցները սահմանափակ իշխանություն ունեն թե՛ եղբայրների, թե՛ քույրերի վրա (1 Թեսաղ. 5։12; Եբր. 13։17)։ Ամուրի քույրերը, ովքեր այլևս չեն ապրում իրենց ծնողների հետ, շարունակում են հարգել նրանց և երեցներին։ Բայց ինչպես ժողովի եղբայրների, այնպես էլ այս քույրերի գլուխը Հիսուս Քրիստոսն է։

Քույրը անձնական ուսումնասիրություն է անում։

Ամուրիները, ովքեր այլևս չեն ապրում իրենց ծնողների հետ, ենթարկվում են Հիսուսի գլխավորությանը (տես պարբերություն 8)

9. Որոշ դեպքերում քույրերն ինչո՞ւ պետք է ծածկեն իրենց գլուխը։

9 Եհովան ցանկանում է, որ ժողովը կազմակերպված լինի, ուստի Հիսուսին նշանակել է որպես տղամարդու գլուխ։ Իսկ տղամարդկանց նշանակել է, որպեսզի ժողովում սովորեցնեն և առաջնորդություն վերցնեն երկրպագությանն առնչվող հարցերում։ Նա նույն իշխանությունը չի տվել կանանց (1 Տիմոթ. 2։12)։ Ուստի եթե քույրը, հանգամանքներից ելնելով, անում է մի բան, ինչը սովորաբար եղբոր պարտականությունն է, Եհովան պատվիրում է նրան ծածկել գլուխը (1 Կորնթ. 11։4–7)։c Նման պատվեր տալով՝ Եհովան կանանց չի նսեմացնում, այլ հնարավորություն է տալիս, որ նրանք հարգանք դրսևորեն իր սահմանած կարգի հանդեպ։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ իշխանություն ունեն ընտանիքի գլուխները և երեցները։

Ե՞րբ պետք է քույրը ծածկի գլուխը

Քույրը քարոզչական ծառայության հանդիպում է անցկացնում։ Նա նստած է և ծածկել է իր գլուխը։

Կողմնորոշվելու համար, թե որ իրավիճակներում է հարկավոր ծածկել գլուխը, քույրը պետք է պատասխանի հետևյալ հարցերին։

  1. 1. Արդյո՞ք պետք է հանրության առաջ աղոթեմ կամ մկրտված եղբոր ներկայությամբ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնեմ (1 Կորնթ. 11։4, 5)։

  2. 2. Արդյո՞ք պետք է այնպիսի հանձնարարություն կատարեմ, որը, որպես կանոն, մկրտված եղբայրների պատասխանատվությունն է (ընդ որում՝ էական չէ, դա արվելու է մկրտված եղբոր ներկայությամբ, թե ոչ) (1 Տիմոթ. 2։11, 12; Եբր. 13։17)։

  3. 3. Եթե ամուսնացած եմ, արդյո՞ք ամուսինս ներկա է, երբ բարձրաձայն աղոթում եմ կամ սովորեցնում Աստվածաշնչից (1 Կորնթ. 11։3)։

Եթե այս հարցերից որևէ մեկին քույրը դրական է պատասխանում, ապա պետք է ծածկի գլուխը։ Իսկ եթե բոլոր հարցերին բացասական պատասխան է տալիս, ուրեմն գլուխը ծածկելու կարիք չկա։e

ՆՄԱՆ, ԲԱՅՑ ՏԱՐԲԵՐ ԴԵՐԵՐ

10. Ի՞նչը գուցե պատճառ լինի, որ երեցը սկսի օրենքներ սահմանել ժողովում։

10 Երեցները սիրում են Քրիստոսին։ Նրանք նաև սիրում են այն «գառներին», ում Եհովան ու Հիսուսը հանձնել են իրենց հոգածությանը (Հովհ. 21։15–17)։ Լավ մղումներից ելնելով՝ երեցը գուցե սկսի ընտանիքի հոր պես գլխավորություն գործադրել ժողովում։ Թերևս նա մտածի, որ եթե հայրը իրավունք ունի օրենքներ սահմանելու իր ընտանիքի անդամներին պաշտպանելու համար, ապա երեցը նույնպես կարող է օրենքներ սահմանել, որոնք, իր կարծիքով, կպաշտպանեն Աստծու գառներին։ Որոշ դեպքերում էլ եղբայրներն ու քույրերը գուցե մղեն երեցին այդպես վարվել, եթե խնդրեն նրան, որ իրենց փոխարեն որոշումներ կայացնի։ Բայց արդյո՞ք ժողովում երեցները նույն իշխանությունն ունեն, ինչ հայրը՝ ընտանիքում։

Երեցը ժողովում ելույթ է ներկայացնում։

Երեցները հոգ են տանում ժողովի հոգևոր և էմոցիոնալ կարիքների մասին։ Եհովան նրանց հանձնարարել է բարոյապես մաքուր պահել ժողովը (տես պարբերություն 11–12)

11. Ի՞նչ նմանություններ կան ընտանիքի գլուխների և երեցների ունեցած դերի միջև։

11 Պողոս առաքյալը նշեց, որ որոշակի նմանություններ կան ընտանիքի գլուխների և երեցների ունեցած դերի միջև (1 Տիմոթ. 3։4, 5)։ Եհովան ցանկանում է, որ ընտանիքի անդամները հնազանդվեն իրենց գլխին (Կող. 3։20)։ Նա նաև ցանկանում է, որ ժողովը հնազանդվի երեցներին։ Իսկ ընտանիքի գլուխներից և երեցներից Եհովան ակնկալում է, որ նրանք հոգ տանեն իրենց հոգածության տակ եղողների հոգևոր առողջության, ինչպես նաև էմոցիոնալ կարիքների մասին։ Ինչպես ընտանիքի լավ հայրը, այնպես էլ երեցը նեղության պահին օգնության է հասնում իր հոգածության տակ եղողներին (Հակ. 2։15–17)։ Եհովան նաև ուզում է, որ երեցներն ու ընտանիքի գլուխները օգնեն մյուսներին պահել իր չափանիշները, բայցև նախազգուշացնում է նրանց, որ «գրվածից այն կողմ չանցնեն» (1 Կորնթ. 4։6)։

Եղբայրը ընտանեկան երկրպագություն է անցկացնում։

Ընտանիքի գլուխներին Եհովան իշխանություն է տվել որոշումներ կայացնելու ընտանիքի համար։ Որոշումներ կայացնելուց առաջ հոգատար ամուսինը խորհրդակցում է իր կնոջ հետ (տես պարբերություն 13)

12–13. Հաշվի առնելով Հռոմեացիներ 7։2-ը՝ ընտանիքի գլխի դերը ինչո՞վ է տարբերվում երեցների ունեցած դերից։

12 Այդուհանդերձ, երեցների դերի և ընտանիքի գլուխների ունեցած դերի միջև ակնհայտ տարբերություններ կան։ Եհովան երեցներին նշանակել է որպես դատավորներ և նրանց իշխանություն է տվել ժողովից հեռացնել չզղջացող մեղավորներին (1 Կորնթ. 5։11–13)։

13 Մյուս կողմից՝ ընտանիքի գլուխները ունեն որոշակի իշխանություն, որը չունեն երեցները։ Նրանք իրավունք ունեն օրենքներ սահմանելու և պահանջելու, որ ընտանիքի անդամները հետևեն դրանց (կարդա Հռոմեացիներ 7։2)։ Օրինակ՝ հայրը կարող է որոշել, թե երեկոյան որ ժամին իր երեխաները պետք է տանը լինեն։ Նա նաև իրավունք ունի պատժելու երեխաներին, եթե նրանք չենթարկվեն այդ օրենքին (Եփես. 6։1)։ Ինչ խոսք, սիրառատ ամուսինը նախքան ընտանիքում օրենքներ սահմանելը կխորհրդակցի իր կնոջ հետ. չէ՞ որ նրանք «մեկ մարմին են» (Մատթ. 19։6)։d

ԺՈՂՈՎԻ ԳԼՈՒԽԸ ՔՐԻՍՏՈՍՆ Է

Հիսուսը՝ նստած երկնային գահին։ Եհովայի փառքի լույսը շողում է նրա վրա։

Հիսուսը, Եհովայի գլխավորության ներքո, առաջնորդություն է տալիս քրիստոնեական ժողովին (տես պարբերություն 14)

14. ա) Հաշվի առնելով Մարկոս 10։45-ը՝ ինչո՞ւ է միանգամայն տեղին, որ Եհովան Հիսուսին է նշանակել որպես ժողովի գլուխ։ բ) Ո՞րն է Կառավարիչ մարմնի դերը (տես «Կառավարիչ մարմնի դերը» շրջանակը)։

14 Եհովան փրկության հնարավորություն է տվել բոլոր մարդկանց։ Նա քավիչ զոհի միջոցով փրկագնել է ժողովում յուրաքանչյուր անհատի (կարդա Մարկոս 10։45; Գործ. 20։28; 1 Կորնթ. 15։21, 22)։ Ուստի միանգամայն տեղին է, որ Եհովան Հիսուսին է նշանակել որպես ժողովի գլուխ, նրան, ով իր կյանքը զոհել է մեզ համար։ Լինելով մեր գլուխը՝ Հիսուսն իշխանություն ունի օրենքներ սահմանելու առանձին անհատների, ընտանիքների և ողջ ժողովի համար, ինչպես նաև պահանջելու, որ բոլորը հնազանդվեն դրանց (Գաղ. 6։2)։ Բայց Հիսուսը միայն օրենքներ չի սահմանում, նա նաև «կերակրում ու քնքշորեն խնամում է» յուրաքանչյուրիս (Եփես. 5։29)։

Կառավարիչ մարմնի դերը

Կառավարիչ մարմնի անդամները հանդիպում են անցկացնում։

Կառավարիչ մարմնի անդամները չեն տիրապետում իրենց քույրերի ու եղբայրների հավատի վրա (2 Կորնթ. 1։24)։ Նրանք ընդունում են, որ Հիսուս Քրիստոսն է ժողովի գլուխը, և լիովին համաձայն են նրա հետևյալ խոսքերի հետ. «Դուք բոլորդ եղբայրներ եք» (Մատթ. 23։8)։ Նրանք շատ են սիրում իրենց քույրերին ու եղբայրներին և ամեն ջանք թափում են, որպեսզի հոգ տանեն նրանց մասին։ Քրիստոս Հիսուսի գլխավորությամբ Կառավարիչ մարմինը օգտակար առաջնորդություն է տալիս, որպեսզի ողջ աշխարհում Եհովայի ժողովուրդը կազմակերպված գործի։ Այն նշանակում է մասնաճյուղի կոմիտեի անդամներին և շրջանային վերակացուներին (Եփես. 4։7–13)։ Շրջանային վերակացուներն էլ երեցներ են նշանակում (Գործ. 14։23; Տիտոս 1։5)։ Բացի այդ՝ Կառավարիչ մարմինը շատ լուրջ է վերաբերվում հոգևոր սնունդ մատակարարելու և Աստծու Խոսքից առաջնորդություն տրամադրելու գործին։ Դա անում է նամակների, տպագիր ուղեցույցների և հրատարակությունների, JW Broadcasting® հեռուստաալիքի, աստվածապետական դպրոցների, ինչպես նաև ժողովի հանդիպումների և համաժողովների միջոցով (Գործ. 15։22–35)։ Իսկ երբ տարերային կամ այլ աղետներ են լինում, Կառավարիչ մարմնի անդամները, սիրուց մղված, անմիջապես քայլեր են ձեռնարկում, որպեսզի գործնական օգնություն տրամադրեն իրենց հավատակիցներին։f

15–16. Ի՞նչ ես սովորում Մարլիի և Բենջամինի խոսքերից։

15 Քույրերը հարգանք են դրսևորում Քրիստոսի հանդեպ, երբ հետևում են այն տղամարդկանց առաջնորդությանը, ում նա նշանակել է իրենց հոգ տանելու համար։ Տեսնենք, թե ինչ է ասում Մարլի անունով մի քույր, ով ապրում է Միացյալ Նահանգներում։ Նրա խոսքերը արտահայտում են շատ քույրերի կարծիքը։ Մարլին ասում է. «Ես շատ թանկ եմ գնահատում իմ դերը ընտանիքում և ժողովում։ Շարունակ ջանք եմ թափում, որ ճիշտ տեսակետ ունենամ Եհովայի սահմանած գլխավորության սկզբունքի հանդեպ։ Ամուսինս և ժողովի եղբայրները հեշտացնում են իմ գործը, քանի որ հարգում են ինձ և արտահայտում իրենց գնահատանքը այն ամենի համար, ինչ անում եմ»։

16 Եղբայրները ցույց են տալիս, որ հասկանում են գլխավորության սկզբունքը, երբ հարգում ու պատվի են արժանացնում քույրերին։ Բենջամին անունով մի եղբայր, ով ապրում է Անգլիայում, ասում է. «Ժողովում այնքա՜ն բան եմ սովորում քույրերի մեկնաբանություններից։ Նրանք լավ առաջարկներ են անում, թե ինչպես կարելի է անձնական ուսումնասիրություն անել և բարելավել քարոզչական հմտությունները։ Քույրերը շատ մեծ գործ են անում»։

17. Ինչո՞ւ պետք է հարգենք գլխավորության սկզբունքը։

17 Եթե բոլորս՝ լինենք տղամարդ, թե կին, ընտանիքի գլուխ, թե երեց, հասկանանք ու հարգենք գլխավորության սկզբունքը, ժողովում խաղաղություն կտիրի։ Եվ որ ամենակարևորն է՝ այդպիսով փառք կբերենք մեր սիրառատ երկնային Հորը՝ Եհովային (Սաղ. 150։6)։

Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ

  • Ի՞նչ տեսակետ պետք է ունենանք քույրերի վերաբերյալ։

  • Արդյո՞ք ցանկացած եղբայր ցանկացած քրոջ գլուխն է։ Բացատրիր։

  • Ընտանիքի գլխի դերը ինչո՞վ է տարբերվում երեցների ունեցած դերից։

ԵՐԳ 123 Հավատարմորեն հնազանդվենք աստվածապետությանը

a Ո՞րն է քույրերի դերը ժողովում։ Արդյո՞ք ցանկացած եղբայր ցանկացած քրոջ գլուխն է։ Արդյո՞ք երեցները նույն իշխանությունն ունեն, ինչ ընտանիքի գլուխները։ Հոդվածից կիմանանք Աստվածաշնչի տեսակետը այս հարցերի վերաբերյալ։

b Տես «Աջակցենք քրիստոնյա կանանց» հոդվածը «Դիտարանի» 2020 թվականի սեպտեմբերի համարում (պրբ. 6)։

c Տես «Ե՞րբ պետք է քույրը ծածկի գլուխը» շրջանակը։

d Ո՞վ պետք է որոշի, թե ընտանիքը որ ժողովում ծառայի։ Այս հարցի պատասխանը գտնելու համար տես «Հարգիր մյուսների տեղը ժողովում» հոդվածը «Դիտարանի» 2020 թվականի օգոստոսի համարում (պրբ. 17–19)։

e Այս թեմայի վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ կարող ես գտնել «Մնա Աստծու սիրո մեջ» գրքում (էջ 209–212)։

f Կառավարիչ մարմնի դերի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարող ես գտնել «Դիտարանի» 2013 թ. հուլիսի 15-ի համարում (էջ 20–25)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը