Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w23 փետրվար էջ 2–7
  • Ի՞նչ է բացահայտում Աստվածաշունչը իր Հեղինակի մասին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ է բացահայտում Աստվածաշունչը իր Հեղինակի մասին
  • 2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ԱՍՏԾՈՒ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ
  • ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ԱՍՏԾՈՒ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
  • ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ԱՍՏԾՈՒ ՍԵՐԸ
  • ԹԱՆԿ ՀԱՄԱՐԻՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻ «ԲԱՐԻ ՊԱՐԳԵՎԸ»
  • Աստվածաշունչը Աստծու ուղերձն է մեզ
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Բարի լուրը իսկապե՞ս Աստծուց է
    Բարի լուր Աստծուց
  • «Աստծու Խոսքի» իմաստությունը
    Մոտեցիր Եհովային
  • Ինչո՞ւ է անհրաժեշտ լսել Աստծուն
    2011 Դիտարան
Ավելին
2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w23 փետրվար էջ 2–7

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 6

Ի՞նչ է բացահայտում Աստվածաշունչը իր Հեղինակի մասին

«Մի գրքի մեջ քեզ համար գրիր այն բոլոր խոսքերը, որ կասեմ քեզ» (ԵՐԵՄ. 30։2)։

ԵՐԳ 96 Աստվածաշունչը գանձ է

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa

1. Ինչո՞ւ ես շնորհակալ Աստծու Խոսքի համար։

ՄԵՆՔ շատ շնորհակալ ենք Եհովային, որ ունենք Աստվածաշունչը։ Իր Խոսքի միջոցով նա մեզ իմաստուն խորհուրդներ է տալիս, որոնք օգնում են հաղթահարել մեր խնդիրները։ Այդ գիրքը նաև հրաշալի ապագայի հույս է տալիս։ Իսկ որ ավելի կարևոր է, Աստվածաշնչի միջոցով Եհովան բացահայտում է իր էության տարբեր կողմերը։ Երբ խորհրդածում ենք նրա հրաշալի հատկությունների մասին, ջերմ զգացմունքներով ենք լցվում և ցանկանում ենք նրա մտերիմ ընկերը դառնալ (Սաղ. 25։14)։

2. Ի՞նչ տարբեր կերպերով է Եհովան իր մասին հայտնել մարդկանց։

2 Եհովան ուզում է, որ մարդիկ ճանաչեն իրեն։ Անցյալում նա իր մասին հայտնել է երազների, տեսիլքների և նույնիսկ հրեշտակների միջոցով (Թվեր 12։6; Գործ. 10։3, 4)։ Իսկ ինչպե՞ս հնարավոր կլիներ ուսումնասիրել այդ երազները, տեսիլքները և հրեշտակների հայտնած տեղեկությունները, եթե դրանք գրի չառնվեին։ Ահա թե ինչու է Եհովան հոգ տարել, որ մարդիկ «մի գրքի մեջ» գրեն այն ամենը, ինչ ուզում է, որ իմանանք (Երեմ. 30։2)։ Քանի որ «ճշմարիտ Աստծու ճանապարհը կատարյալ է», կարող ենք համոզված լինել, որ մեզ հետ հաղորդակցվելու այս միջոցը լավագույնն է և մեր օգտին է ծառայում (Սաղ. 18։30)։

3. Ինչպե՞ս է Եհովան հոգ տարել, որ Աստվածաշունչը պահպանվի և հասնի մեզ (Եսայիա 40։8)։

3 Կարդա Եսայիա 40։8։ Հազարավոր տարիներ հավատարիմ տղամարդիկ ու կանայք իմաստուն առաջնորդություն են ստացել Աստծու Խոսքից։ Բայց ինչպե՞ս. չէ՞ որ այն գրվել է շատ վաղուց և քայքայման ենթակա նյութերի վրա։ Տրամաբանական է, որ բնագիր ձեռագրերից և ոչ մեկը մեզ չի հասել։ Այդ պատճառով Եհովան հոգ է տարել, որ մարդիկ կրկնօրինակեն Սուրբ Գիրքը։ Ու թեև նրանք անկատար են եղել, բայց իրենց գործն ամենայն ուշադրությամբ են արել։ Մի աստվածաշնչագետ Եբրայերեն Գրությունների վերաբերյալ հետևյալն է գրել. «Վստահությամբ կարող ենք ասել, որ ուրիշ ոչ մի հին աշխատություն այդքան ճշգրտությամբ չի պահպանվել մինչև մեր օրերը»։ Այսպիսով, թեև Աստվածաշունչը գրվել է շատ վաղուց, քայքայման ենթակա նյութերի վրա և կրկնօրինակվել է անկատար մարդկանց կողմից, կարող ենք համոզված լինել, որ այն, ինչ կարդում ենք այնտեղ, փոխանցում է դրա Հեղինակի՝ Եհովա Աստծու մտքերը։

4. Ի՞նչ կիմանանք այս հոդվածից։

4 Եհովան է տալիս «ամեն բարի պարգև և ամեն կատարյալ նվեր» (Հակ. 1։17)։ Նրա տված լավագույն նվերներից մեկը Աստվածաշունչն է։ Սովորաբար նվերը շատ բան է ասում այն մասին, թե նվիրողը որքան լավ է ճանաչում մեզ և որքանով է տեղյակ մեր կարիքներին։ Նույնը կարելի է ասել Աստվածաշնչի պարագայում։ Երբ ուսումնասիրում ենք այս նվերը, շատ բան ենք իմանում այն Տվողի՝ Եհովայի մասին։ Օրինակ՝ որքան լավ է նա ճանաչում մեզ և որքան լավ գիտի՝ ինչի կարիք ունենք։ Հոդվածից կիմանանք, թե ինչպես է Աստվածաշունչը արտացոլում Եհովայի իմաստությունը, արդարությունը և սերը։ Նախ տեսնենք, թե ինչպես է այն փաստում, որ Եհովան իմաստուն է։

ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ԱՍՏԾՈՒ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

5. Ինչպե՞ս է Աստվածաշունչը արտացոլում Աստծու իմաստությունը։

5 Եհովան գիտի, որ մենք իր իմաստուն խորհուրդների կարիքն ունենք։ Դրա համար էլ նրա տված նվերը՝ Սուրբ Գիրքը, լի է իմաստությամբ։ Աստվածաշնչյան խորհուրդները դրականորեն են ազդում մարդկանց վրա։ Աստծու Խոսքը փոխում է մարդկանց կյանքերը։ Աստվածաշնչի առաջին գրքերը գրելիս Մովսեսը Աստծու ժողովրդին՝ իսրայելացիներին, ասաց. «Սրանք փուչ խոսքեր չեն ձեզ համար, այլ կյանք են տալիս ձեզ» (2 Օրենք 32։47)։ Նրանք, ովքեր հնազանդվել են Աստծու Խոսքի խորհուրդներին, երջանիկ կյանքով են ապրել (Սաղ. 1։2, 3)։ Ժամանակի ընթացքում Աստծու Խոսքը չի կորցրել մարդկանց կյանքերը փոխելու զորությունը։ Օրինակ՝ jw.org կայքի՝ «Աստվածաշունչը փոխում է կյանքերը» հոդվածաշարում իրական կյանքի ավելի քան 50 պատմություններ կան, որոնք փաստում են, որ Աստվածաշունչը այսօր էլ մեծ ազդեցություն ունի նրանց վրա, ովքեր հետևում են այնտեղ գրված խորհուրդներին (1 Թեսաղ. 2։13)։

6. Ինչո՞ւ ենք ասում, որ Աստվածաշունչը տարբերվում է մյուս բոլոր գրքերից։

6 Աստվածաշունչը տարբերվում է մյուս բոլոր գրքերից։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Քանի որ դրա Հեղինակը՝ Եհովա Աստված, ամենակարող է, նա հավիտյան գոյություն ունի և անսահման իմաստության տեր է։ Շատ գրքեր կան, որոնք մարդիկ շարունակում են ընթերցել անգամ հեղինակների մահից հետո, բայց հաճախ դրանցում գրված խորհուրդները արդեն հնացած են լինում։ Սակայն աստվածաշնչյան իմաստուն խորհուրդները հավիտենական են, դրանք օգտակար են բոլոր ժամանակների համար։ Երբ կարդում ենք Սուրբ Գիրքը և խորհրդածում մեր սովորածի շուրջ, դրա Հեղինակը իր սուրբ ոգով օգնում է տեսնենք, թե ինչպես կարելի է այնտեղ գրված խորհուրդները կիրառել կյանքում (Սաղ. 119։27; Մաղ. 3։16; Եբր. 4։12)։ Այո՛, Աստվածաշնչի Հեղինակը միշտ գոյություն ունի, և նա շատ է ցանկանում օգնել քեզ։ Մի՞թե այս բանի գիտակցումը չի մղում, որ կանոնավորաբար կարդաս նրա Խոսքը։

Տարբեր դրվագներից բաղկացած նկար։ 1. Աստվածաշունչը՝ փաթույթների, գլանաձև մատյանների և գրքերի տեսքով, ինչպես նաև թվային ֆորմատով։ 2. Տարբեր ռասաների ու մշակույթի մարդիկ կարդում են Աստվածաշնչի տպագիր և էլեկտրոնային տարբերակները տանը, աշխատավայրում և հասարակական տրանսպորտում։

Ինչպե՞ս է Աստվածաշունչը միավորել Եհովայի ժողովրդին անցյալում և մեր օրերում (տես պարբերություն 7-8)

7. Ինչպե՞ս է Աստվածաշունչը անցյալում միավորել Աստծու ժողովրդին։

7 Աստվածաշունչը մեկ այլ առումով էլ է արտացոլում Աստծու իմաստությունը։ Այն միավորում է Աստծու ժողովրդին։ Երբ իսրայելացիները մտան Ավետյաց երկիր, սփռվեցին այդ ողջ տարածքով մեկ։ Ոմանք դարձան ձկնորսներ, մյուսները՝ անասնապահներ, ոմանք էլ սկսեցին հողագործությամբ զբաղվել։ Իսրայելացիները հեշտությամբ կարող էին մոռանալ երկրի մեկ այլ մասում ապրող իրենց ազգակիցների մասին և այլևս չհետաքրքրվել նրանցով։ Ուստի Եհովան քայլեր ձեռնարկեց, որ իր ժողովուրդը տարբեր առիթներով հավաքվի և լսի իր գրավոր Խոսքի ընթերցանությունն ու բացատրությունը (2 Օրենք 31։10-13; Նեեմ. 8։2, 8, 18)։ Պատկերացրու, թե ինչ էր զգում իսրայելացին, երբ գալով Երուսաղեմ՝ տեսնում էր երկրի բոլոր մասերից եկած միլիոնավոր այլ իսրայելացիների, որոնք նույնպես եկել էին պաշտելու Աստծուն։ Այդպես Եհովան օգնում էր իր ժողովրդին միավորված լինել։ Իսկ հետագայում, երբ կազմավորվեց քրիստոնեական ժողովը, այն բաղկացած էր տարբեր լեզվի ու մշակույթի պատկանող տղամարդկանցից ու կանանցից, որոնք ապրում էին տարբեր տնտեսական պայմաններում։ Բայց քանի որ նրանք բոլորն էլ սիրում էին Սուրբ Գրքերը, միավորված էին Աստծուն ճշմարիտ երկրպագություն մատուցելու հարցում։ Իսկ նրանք, ովքեր նոր էին հավատացյալ դառնում, Աստծու Խոսքը կարողանում էին հասկանալ միայն իրենց հավատակիցների օգնության և միասին հավաքվելու շնորհիվ (Գործ. 2։42; 8։30, 31)։

8. Ինչպե՞ս է Աստվածաշունչը միավորում Եհովայի ժողովրդին այսօր։

8 Մեր իմաստուն Աստված շարունակում է իր Խոսքի միջոցով կրթել ու միավորել իր ժողովրդին։ Այդ գրքում են գրված Եհովայի մասին այն բոլոր ճշմարտությունները, որոնք պետք է իմանանք։ Մենք կանոնավորաբար հավաքվում ենք մեր ժողովի հանդիպումների և համաժողովների ժամանակ, որպեսզի կարդանք, քննարկենք ու հասկանանք Աստվածաշունչը։ Տեսնում ենք, որ այն հզոր գործիք է Եհովայի ձեռքում, որով նա օգնում է իր ժողովրդին «ուս ուսի ծառայել» իրեն (Սոփ. 3։9)։

9. Ո՞ր հատկությունն է կարևոր Աստվածաշունչը հասկանալու համար (Ղուկաս 10։21)։

9 Քննենք Եհովայի իմաստությունը փաստող ևս մեկ ապացույց։ Նա հոգ է տարել, որ Աստվածաշնչի որոշ հատվածներ գրվեն այնպես, որ դրանք հասկանան միայն խոնարհները (կարդա Ղուկաս 10։21)։ Աշխարհի բոլոր մասերում մարդիկ կարդում են Աստծու Խոսքը։ Ըստ մի աստվածաշնչագետի՝ «Աստվածաշունչը ոչ միայն ամենաշատ ընթերցված գիրքն է, այլև ամենից շատ ուսումնասիրվածը»։ Սակայն միայն խոնարհներն են հասկանում այն և առաջնորդվում դրանով (2 Կորնթ. 3։15, 16)։

10. Ուրիշ ի՞նչ կերպով է Աստվածաշունչը արտացոլում Եհովայի իմաստությունը։

10 Ուրիշ ի՞նչ կերպով է Աստվածաշունչը արտացոլում Եհովայի իմաստությունը։ Իր Խոսքի միջոցով Եհովան մեզ կրթում է ոչ միայն որպես խումբ, այլև ուսուցանում և մխիթարում է անհատապես։ Աստվածաշունչը կարդալիս մենք զգում ենք, որ Եհովան հետաքրքրված է մեզանից յուրաքանչյուրով (Ես. 30։21)։ Քանի՞ անգամ է եղել, որ ինչ-որ խնդրի բախվելիս բացես Աստվածաշունչը և ընթերցես մի համար, որը կարծես հենց քեզ համար գրված լինի։ Բայց չէ՞ որ Աստվածաշունչը միլիոնավոր մարդկանց համար է գրվել։ Այն ինչպե՞ս կարող է պարունակել այնպիսի ժամանակահարմար տեղեկություն, որն ասես հենց քեզ համար լինի։ Պատճառն այն է, որ դրա Հեղինակը տիեզերքի ամենաիմաստուն Անձնավորությունն է (2 Տիմոթ. 3։16, 17)։

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ԱՍՏԾՈՒ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ

11. Ինչպե՞ս է Աստված անկողմնակալություն դրսևորել։

11 Արդարությունը Եհովային բնորոշ մյուս հատկությունն է (2 Օրենք 32։4)։ Այն ուղղակիորեն կապված է անկողմնակալության հետ, իսկ Եհովան անկողմնակալ է (Գործ. 10։34, 35; Հռոմ. 2։11)։ Օրինակ՝ Եհովայի անկողմնակալությունը երևում է այն բանից, թե ինչ լեզուներով է գրվել Աստվածաշունչը։ Առաջին 39 գրքերի մեծ մասը գրվել է եբրայերենով։ Այդ ժամանակ Աստծու ժողովուրդը հենց այդ լեզվով էր խոսում։ Իսկ առաջին դարում, երբ լայնորեն տարածված էր հունարենը, Աստվածաշնչի վերջին 27 գրքերը հիմնականում գրվեցին հունարենով։ Եհովան այնպես չի արել, որ իր Խոսքը միայն մեկ լեզվով գրվի։ Ինչպես գիտենք, այսօր աշխարհի մոտ ութ միլիարդ բնակչությունը բազմաթիվ լեզուներով է խոսում։ Այդ դեպքում նրանք ինչպե՞ս կարող են սովորել Եհովայի մասին։

12. Ինչպե՞ս է Դանիել 12։4-ը կատարվում այս վերջին օրերում։

12 Դանիել մարգարեի միջոցով Եհովան խոստացել էր, որ «վերջի ժամանակում» աստվածաշնչյան «ճշմարիտ գիտելիքները շատանալու» էին, այսինքն՝ շատերը հասկանալու էին Աստծու Խոսքը (կարդա Դանիել 12։4)։ Կերպերից մեկը, որով այդ գիտելիքները շատացել են, այն է, որ Աստվածաշունչը և դրա վրա հիմնված հրատարակությունները թարգմանվել են, հրատարակվել և տարածվել։ Աստվածաշունչն այսօր ամենից շատ թարգմանված և տարածված գիրքն է աշխարհում։ Ինչ խոսք, առևտրային ընկերությունների կողմից թողարկված Աստվածաշնչի թարգմանությունները հաճախ շատ թանկ արժեն։ Բայց այսօր մարդիկ կարող են անվճար ստանալ Աստվածաշունչը Եհովայի վկաներից, ովքեր ամբողջությամբ կամ մասամբ այն թարգմանել են ավելի քան 240 լեզուներով։ Արդյունքում բոլոր ազգերի մարդիկ լսում են «Թագավորության.... բարի լուրը», նախքան կգա վերջը (Մատթ. 24։14)։ Մեր արդար Աստված ուզում է, որ հնարավորինս շատ մարդիկ կարդան իր Խոսքը և ճանաչեն իրեն, քանի որ նա մեզ բոլորիս շատ է սիրում։

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ԱՍՏԾՈՒ ՍԵՐԸ

13. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Աստվածաշունչը բացահայտում է Եհովայի սերը (Հովհաննես 21։25)։

13 Աստվածաշունչը օգնում է նաև հասկանալ, որ դրա Հեղինակին բնորոշ մեծագույն հատկությունը սերն է (1 Հովհ. 4։8)։ Նկատի առնենք, թե ինչպիսի տեղեկություններ է Եհովան ներառել Աստվածաշնչում։ Նա գրել է տվել միայն այն, ինչ անհրաժեշտ է իր հետ մտերմանալու, այժմ երջանիկ կյանքով ապրելու և ապագայում հավիտենական կյանք ունենալու համար։ Սիրուց մղված՝ Եհովան մեզ չի ծանրաբեռնել ավելորդ մանրամասներով (կարդա Հովհաննես 21։25)։

14. Ինչպե՞ս է Աստվածաշնչի բովանդակությունը փաստում, որ Աստված սիրում է մեզ։

14 Եհովայի սերը երևում է նաև այն բանից, որ նա Աստվածաշունչը այնպիսի ոճով է գրել տվել, որը չի նսեմացնում մեր արժանապատվությունը, այլ հակառակը՝ բարձրացնում է։ Աստվածաշնչում նա չի տվել կանոնների անվերջ ցուցակ՝ փորձելով վերահսկել մեր կյանքի ամեն մի ոլորտը։ Փոխարենը՝ նա հնարավորություն է տվել, որ մարզենք մեր մտածելու կարողությունը Աստվածաշնչում գրված իրական կյանքի պատմությունների, տպավորիչ մարգարեությունների և գործնական խորհուրդների միջոցով։ Աստծու Խոսքը մղում է մեզ, որ սիրենք ու հնազանդվենք Եհովային մեր ամբողջ սրտով։

Տարբեր դրվագներից բաղկացած նկար։ 1. Աղջիկը կարդում է «Սովորում եմ Աստվածաշնչից» գիրքը և խորհրդածում այն դրվագի շուրջ, երբ իսրայելացի աղջիկը խոսում է իր տիրուհու հետ։ 2. Երիտասարդ եղբայրը կարդում է Աստվածաշունչը և խորհրդածում այն դրվագի շուրջ, երբ Հովսեփը փախչում է Պետափրեսի կնոջից։ 3. Տարեց քույրը կարդում է Աստվածաշունչը և խորհրդածում այն դրվագի շուրջ, երբ Աննա մարգարեուհին տեսնում է մանուկ Հիսուսին։

Ինչո՞ւ պետք է խորհրդածենք այն մասին, թե ինչպես է անցյալում Եհովան վարվել իր ծառաների հետ (տես պարբերություն 15)

15. ա) Ինչպե՞ս է Աստվածաշունչը ցույց տալիս, որ Եհովան հետաքրքրված է մեզանով։ բ) Աստվածաշնչյան ո՞ր կերպարների մասին են խորհրդածում նկարում պատկերված աղջիկը, երիտասարդ եղբայրը և տարեց քույրը (Ծննդ. 39։1, 10-12; 2 Թագ. 5։1-3; Ղուկ. 2։25-38)։

15 Աստվածաշնչից իմանում ենք նաև, որ Եհովան մեծապես հետաքրքրված է մեզանով։ Այնտեղ կան շատ պատմություններ, որոնցում արտահայտված են մարդկային տարբեր զգացմունքներ։ Աստվածաշնչյան կերպարների մասին կարդալով՝ մենք հասկանում ենք, թե ինչ են այդ մարդիկ զգացել, քանի որ նրանք «այնպիսի զգացմունքներ ունեին, ինչպիսին որ մենք ունենք» (Հակ. 5։17)։ Ավելին՝ տեսնելով, թե ինչպես է Եհովան նախկինում վերաբերվել մարդկանց, ավելի լավ ենք հասկանում, որ նա «անչափ գորովալից է ու ողորմած» (Հակ. 5։11)։

16. Ի՞նչ ենք սովորում՝ կարդալով սխալներ գործած մարդկանց հանդեպ Եհովայի վերաբերմունքի մասին (Եսայիա 55։7)։

16 Աստվածաշնչում Եհովայի սերը արտահայտված է մեկ այլ կերպով ևս։ Այն հավաստիացնում է, որ Եհովան չի լքում մեզ, երբ սխալներ ենք անում։ Իսրայելացիները շատ անգամներ են մեղք գործել Եհովայի դեմ, բայց երբ անկեղծորեն զղջացել են, նա ներել է նրանց (կարդա Եսայիա 55։7)։ Առաջին դարի քրիստոնյաները նույնպես զգացել են Աստծու սերը։ Եհովայի ներշնչմամբ Պողոս առաքյալը հորդորեց իր հավատակիցներին, որ «ներեն ու մխիթարեն» մի մարդու, ով շարունակ լուրջ մեղք էր գործել, բայց հետո զղջացել էր (2 Կորնթ. 2։6, 7; 1 Կորնթ. 5։1-5)։ Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ Եհովան չի մերժել իր ծառաներին զուտ այն պատճառով, որ նրանք սխալներ են գործել։ Փոխարենը՝ նա սեր է դրսևորել նրանց հանդեպ, ուղղել է նրանց և նորից իր գիրկն առել։ Նա խոստանում է այսօր էլ նման կերպ վարվել մեղք գործած այն բոլոր անհատների հետ, ովքեր զղջում են (Հակ. 4։8-10)։

ԹԱՆԿ ՀԱՄԱՐԻՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻ «ԲԱՐԻ ՊԱՐԳԵՎԸ»

17. Աստվածաշունչը ինչո՞ւ է առանձնահատուկ նվեր։

17 Եհովայի տված նվերը՝ Աստվածաշունչը, առանձնահատուկ է։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Քանի որ այն բացահայտում է Աստծու իմաստությունը, արդարությունը և սերը։ Այդ գիրքը ցույց է տալիս, որ Եհովան ուզում է՝ ճանաչենք իրեն և իր ընկերները դառնանք։

18. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ գնահատում ենք Եհովայի տված «բարի պարգևը»՝ Աստվածաշունչը։

18 Եկեք երբեք չմոռանանք, որ Աստվածաշունչը «բարի պարգև» է, և միշտ գնահատանքով վերաբերվենք Սուրբ Գրքին՝ կարդալով այն ու խորհրդածելով դրա շուրջ (Հակ. 1։17)։ Եթե այդպես վարվենք, կարող ենք համոզված լինել, որ Աստվածաշնչի Մեծ Հեղինակը կօրհնի մեր ջանքերը, և մենք նրա մասին «գիտելիքներ կգտնենք» (Առակ. 2։5)։

ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ

  • իմաստությունը

  • արդարությունը

  • սերը

ԵՐԳ 98 Ամբողջ գիրքը Աստծու ներշնչմամբ է գրված

a Աստվածաշունչը օգնում է մեզ մտերմանալ Եհովայի հետ։ Այն շատ բան է հայտնում Աստծու իմաստության, արդարության և սիրո մասին։ Աստծու այս հատկությունների վերաբերյալ ավելին իմանալը կօգնի, որ խորացնենք մեր գնահատանքը նրա Խոսքի հանդեպ և հասկանանք, որ այն թանկ նվեր է մեր երկնային Հորից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը