Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w23 փետրվար էջ 8–13
  • Օգուտներ քաղիր Աստվածաշնչի ընթերցանությունից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Օգուտներ քաղիր Աստվածաշնչի ընթերցանությունից
  • 2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՀԱՍԿԱՑԻՐ ԸՆԹԵՐՑԱԾԴ
  • ՀՈԳԵՎՈՐ ԳԱՆՁԵՐ ԳՏԻՐ
  • ԹՈՒՅԼ ՏՈՒՐ՝ ԸՆԹԵՐՑԱԾԴ ՁԵՎԱՎՈՐԻ ՔԵԶ
  • ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔՆ ԸՆԹԵՐՑԵԼԸ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է ԲԵՐՈՒՄ
  • «Միտք դիր կարդալուն»
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • Յոթ միջոց Աստվածաշնչի ընթերցանությունը արդյունավետ դարձնելու համար
    2010 Դիտարան
  • «Խոսքը կատարողներ եղեք»
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Հաճույքով ընթերցիր Աստծո Խոսքը
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
Ավելին
2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w23 փետրվար էջ 8–13

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 7

Օգուտներ քաղիր Աստվածաշնչի ընթերցանությունից

«Օրենքում ի՞նչ է գրված։ Ինչպե՞ս ես հասկանում» (ՂՈՒԿ. 10։26)։

ԵՐԳ 97 Մարդ կապրի Աստծու Խոսքով

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa

1. Ի՞նչն է ցույց տալիս, որ Սուրբ Գրքերը կարևոր էին Հիսուսի համար։

ՄԻԱՅՆ պատկերացրու, թե ինչ տպավորիչ կերպով էր ուսուցանում Հիսուսը։ Նա հաճախ անգիր մեջբերումներ էր անում Սուրբ Գրքերից։ Իրականում մկրտությունից հետո ասած նրա առաջին խոսքերը, որ գրվել են Աստվածաշնչում, ինչպես նաև մահից առաջ ասած նրա վերջին խոսքերը աստվածաշնչյան մեջբերումներ են (2 Օրենք 8։3; Սաղ. 31։5; Ղուկ. 4։4; 23։46)։b Ինչ խոսք, այս երկու իրադարձությունների միջև ընկած երեքուկես տարիների ընթացքում նույնպես Հիսուսը հաճախ հանրորեն ընթերցել է Սուրբ Գրքերից, մեջբերումներ արել և բացատրել դրանք (Մատթ. 5։17, 18, 21, 22, 27, 28; Ղուկ. 4։16-20)։

Տարբեր դրվագներից բաղկացած նկար։ 1. Երեխա ժամանակ Հիսուսը լսում է, թե ինչ են իրեն ասում ծնողները։ 2. Պատանի Հիսուսը իր ընտանիքի հետ ժողովարանում ուշադրությամբ լսում է Սուրբ Գրքերի ընթերցանությունը։ 3. Չափահաս Հիսուսը փաթույթից մի հատված է կարդում։

Իր ողջ կյանքի ընթացքում Հիսուսը փաստեց, որ սիրում է Սուրբ Գրքերը և թույլ տվեց, որ դրանք ազդեն իր գործերի վրա (տես պարբերություն 2)

2. Ի՞նչն էր օգնել Հիսուսին լավ իմանալ Սուրբ Գրքերը (տես ամսագրի շապիկի նկարը)։

2 Իր ծառայությունը սկսելուց տարիներ առաջ էլ Հիսուսը կանոնավորաբար ընթերցում էր Աստծու Խոսքը և լսում այն։ Անկասկած, տանը Մարիամն ու Հովսեփը հաճախ էին իրենց առօրյա զրույցներում Սուրբ Գրքերից մեջբերումներ անում (2 Օրենք 6։6, 7)։c Բացի այդ՝ Հիսուսը իր ընտանիքի հետ ամեն շաբաթ գնում էր ժողովարան (Ղուկ. 4։16)։ Ակներևաբար, նա ամենայն ուշադրությամբ լսում էր, երբ այնտեղ ընթերցվում էին Սուրբ Գրքերը։ Ժամանակի ընթացքում Հիսուսը սովորեց ինքնուրույն ընթերցել դրանք։ Արդյունքում նա ոչ միայն լավ տիրապետեց Աստծու Խոսքին, այլև սիրեց այն և թույլ տվեց, որ այն ազդի իր գործելակերպի վրա։ Երբ Հիսուսը 12 տարեկան էր, տաճարում Օրենքի ուսուցիչները «հիանում էին նրա հասկացողությամբ և պատասխաններով» (Ղուկ. 2։46, 47, 52)։

3. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

3 Մենք նույնպես կարող ենք լավ իմանալ և սիրել Աստծու Խոսքը, եթե կանոնավորաբար կարդանք այն։ Իսկ ինչպե՞ս կարող ենք առավելագույնս օգուտներ քաղել մեր ընթերցանությունից։ Այդ հարցում մեզ կօգնեն Հիսուսի խոսքերը, որ նա ասաց Օրենքից լավատեղյակ մարդկանց, այդ թվում՝ դպիրներին, փարիսեցիներին և սադուկեցիներին։ Այդ կրոնական առաջնորդները հաճախ էին ընթերցում Աստծու Խոսքը, բայց ոչ մի օգուտ չէին քաղում։ Հիսուսն ընդգծեց երեք բան, որոնք անելով՝ նրանք կարող էին մեծ օգուտներ քաղել իրենց ընթերցածից։ Հոդվածից կիմանանք, թե Հիսուսի խոսքերն ուսումնասիրելը ինչպես կօգնի մեզ, որ 1) հասկանանք մեր ընթերցածը, 2) հոգևոր գանձեր գտնենք, և 3) թույլ տանք, որ Աստծու Խոսքը ձևավորի մեզ։

ՀԱՍԿԱՑԻՐ ԸՆԹԵՐՑԱԾԴ

4. Աստծու Խոսքն ընթերցելու վերաբերյալ ի՞նչ ենք սովորում Ղուկաս 10։25-29 համարներից։

4 Մենք ուզում ենք հասկանալ մեր կարդացածը։ Հակառակ դեպքում՝ լիարժեք օգուտներ չենք ստանա Աստվածաշնչի ընթերցանությունից։ Ուշադրություն դարձնենք այն խոսքերին, որ Հիսուսն ասաց «Օրենքից լավատեղյակ մի մարդու» (կարդա Ղուկաս 10։25-29)։ Երբ վերջինս հարցրեց, թե ինչ պետք է անի, որ հավիտենական կյանք ստանա, Հիսուսը նրա ուշադրությունը հրավիրեց Աստծու Խոսքի վրա՝ ասելով. «Օրենքում ի՞նչ է գրված։ Ինչպե՞ս ես հասկանում»։ Այդ մարդը, Սուրբ Գրքերից մեջբերումներ անելով, ճիշտ պատասխանեց հարցին՝ ասելով, որ պետք է սիրի Աստծուն և մերձավորին (Ղևտ. 19։18; 2 Օրենք 6։5)։ Բայց հետաքրքիր է, որ դրանից հետո նա հարցրեց. «Ո՞վ է իմ մերձավորը»։ Այդ հարցից երևաց, որ նա իրականում չէր հասկացել իր կարդացածը, ուստի չգիտեր, թե ինչպես պետք է կիրառեր այն։

Ընթերցածը հասկանալը հմտություն է, որը հարկավոր է զարգացնել

5. Աղոթքն ու առանց շտապելու ընթերցելը ինչպե՞ս կարող են օգնել, որ ավելի լավ հասկանաս Աստվածաշունչը։

5 Աստծու Խոսքը ավելի լավ հասկանալու համար հարկավոր է ընթերցանության հետ կապված լավ սովորություններ զարգացնել։ Ահա մի քանի առաջարկ։ Կարդալուց առաջ աղոթիր։ Աստծու Խոսքը հասկանալու համար մենք Եհովայի աջակցության կարիքն ունենք, ուստի կարող ենք խնդրել նրան, որ իր սուրբ ոգով օգնի՝ կենտրոնանանք։ Բացի այդ՝ ընթերցելիս մի՛ շտապիր։ Դա կօգնի, որ ընկալես նյութը։ Գուցե օգտակար լինի նաև այն, որ բարձրաձայն ընթերցես կամ Աստվածաշնչի ձայնագրությունները լսես՝ հետևելով տեքստին։ Ընթերցվող նյութը լսելն ու տեսնելը կօգնեն, որ Աստծու Խոսքը ավելի մեծ ազդեցություն ունենա քո սրտի ու մտքի վրա (Հեսու 1։8)։ Ընթերցանությունն ավարտելուց հետո կրկին աղոթիր Եհովային՝ շնորհակալություն հայտնելով իր տված պարգևի՝ Աստվածաշնչի համար, և խնդրիր, որ օգնի քեզ կիրառել սովորածդ։

Տարբեր դրվագներից բաղկացած նկար։ 1. Քույրը թղթի վրա նշում է անում և դնում իր Աստվածաշնչի մեջ։ 2. Եղբայրը իր պլանշետով մի հոդված է ուսումնասիրում, ընդգծում որոշ հատվածներ և նշումներ անում։ 3. Քույրը JW Library հավելվածի միջոցով Աստվածաշունչ է կարդում, ընդգծում է մի հատված և նշումներ անում։

Կարճ նշումներ անելը կօգնի, որ հասկանաս ու հիշես ընթերցածդ (տես պարբերություն 6)

6. Ընթերցելիս ինքդ քեզ հարցեր տալը և գրառումներ անելը ինչո՞վ են օգտակար (տես նաև նկարը)։

6 Ուրիշ ի՞նչ կարող ես անել, որ ավելի լավ հասկանաս Աստվածաշունչը։ Քննենք ևս երկու առաջարկ։ Ինքդ քեզ հարցեր տուր կարդացածիդ մասին։ Որևէ հատված ընթերցելուց հետո փորձիր գտնել հետևյալ հարցերի պատասխանները. «Ովքե՞ր են գլխավոր կերպարները։ Ո՞վ է խոսում։ Ո՞ւմ հետ է խոսում և ինչո՞ւ։ Որտե՞ղ և ե՞րբ են տեղի ունենում իրադարձությունները»։ Այս հարցերը կօգնեն, որ կենտրոնանաս տվյալ հատվածի գլխավոր մտքերի վրա և խորհես դրանց շուրջ։ Ընթերցելիս նաև կարճ նշումներ արա։ Գրառումներ անելով՝ ստիպում ես քեզ մտքերդ բառերի վերածել։ Արդյունքում ավելի շատ ես մտածում կարդացածիդ մասին և ավելի լավ հասկանում այն։ Գրելը նաև նպաստում է, որ մտապահես այն, ինչ կարդում ես։ Գուցե հարմար գտնես գրի առնել որոշ հարցեր, քո փնտրտուքների արդյունքները և ընթերցածդ հատվածի հիմնական մտքերը։ Թերևս նաև նշես, թե ինչպես կարող ես կիրառել սովորածդ, և թե կարդացածդ ինչ զգացմունքներ է արթնացնում քո մեջ։ Նման գրառումներ անելը կօգնի, որ Աստծու Խոսքն ընդունես որպես անձամբ քեզ ուղղված նամակ։

7. Աստվածաշունչը հասկանալու համար ո՞ր հատկության կարիքն ունենք և ինչո՞ւ (Մատթեոս 24։15)։

7 Հիսուսը նշեց, որ Աստծու Խոսքը հասկանալու համար կարևոր է խորաթափանց լինել (կարդա Մատթեոս 24։15)։ Իսկ ի՞նչ է խորաթափանցությունը։ Այն մտքերի միջև եղած կապերն ու տարբերությունները հասկանալու ունակությունն է։ Խորաթափանցությունը օգնում է նաև տեսնել այն, ինչն առաջին հայացքից չի երևում։ Բացի այդ՝ Հիսուսն ասաց, որ խորաթափանցություն է անհրաժեշտ աստվածաշնչյան մարգարեությունների կատարումը տեսնելու համար։ Այս հատկությունը նաև կօգնի, որ լիարժեքորեն օգուտ քաղենք այն ամենից, ինչ կարդում ենք Աստվածաշնչում։

8. Ի՞նչը կօգնի ընթերցելիս խորաթափանցություն դրսևորել։

8 Եհովան իր ծառաներին խորաթափանցություն է տալիս։ Ուստի աղոթիր նրան և խնդրիր, որ օգնի քեզ զարգացնել այդ հատկությունը (Առակ. 2։6)։ Այնուհետև վարվիր աղոթքներիդ համաձայն։ Ինչպե՞ս։ Ուշադրությամբ վերլուծիր ընթերցածդ և փորձիր տեսնել, թե այն ինչպես է կապված քո իմացած տեղեկությունների հետ։ Դա անելու համար օգտվիր Աստվածաշունչն ուսումնասիրելու գործիքներից, ինչպես, օրինակ, «Փնտրտուքների ուղեցույց Եհովայի վկաների համար» ձեռնարկից։ Ուսումնասիրության այս միջոցները կօգնեն քեզ հասկանալ աստվածաշնչյան տվյալ հատվածը և տեսնել, թե ինչպես կարող ես կիրառել սովորածդ (Եբր. 5։14)։ Եթե կարդալիս խորաթափանցություն դրսևորես, ավելի լավ կհասկանաս Աստվածաշունչը։

ՀՈԳԵՎՈՐ ԳԱՆՁԵՐ ԳՏԻՐ

9. Սուրբգրային ո՞ր կարևոր ուսմունքն էին անտեսում սադուկեցիները։

9 Սադուկեցիները քաջածանոթ էին Եբրայերեն Գրությունների առաջին հինգ գրքերին։ Բայց նրանք անտեսում էին այդ ներշնչյալ գրքերում գրված կարևոր ճշմարտությունները։ Տեսնենք, թե ինչպես արձագանքեց Հիսուսը, երբ սադուկեցիները հարցականի տակ դրեցին հարության գաղափարը։ Նա նրանց հարցրեց. «Մովսեսի գրքում չե՞ք կարդացել այրվող թփի պատմությունը, թե Աստված ինչ ասաց նրան. «Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»» (Մարկ. 12։18, 26)։ Ճիշտ է, սադուկեցիները բազմիցս կարդացել էին այս խոսքերը, բայց Հիսուսի հարցից երևում է, որ նրանք անտեսել էին սուրբգրային մի կարևոր ճշմարտություն՝ հարության ուսմունքը (Մարկ. 12։27; Ղուկ. 20։38)։d

10. Ընթերցելիս ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնենք։

10 Ի՞նչ ենք սովորում։ Մենք պետք է ուշադիր լինենք, որ ընթերցելիս նկատենք այն ամենը, ինչ սովորեցնում է աստվածաշնչյան տվյալ համարը կամ հատվածը։ Մենք ուզում ենք ըմբռնել ոչ միայն հիմնական ուսմունքները, այլև այն խոր ճշմարտություններն ու սկզբունքները, որոնք ասես թաքնված լինեն։

11. 2 Տիմոթեոս 3։16, 17 համարների համաձայն՝ ինչպե՞ս կարող ես հոգևոր գանձեր գտնել։

11 Աստվածաշունչն ընթերցելիս ինչպե՞ս կարող ես հոգևոր գանձեր գտնել։ Ուշադրություն դարձրու, թե ինչ է գրված 2 Տիմոթեոս 3։16, 17 համարներում (կարդա)։ Այնտեղ ասվում է, որ «ամբողջ գիրքը.... օգտակար է» 1) սովորեցնելու, 2) հանդիմանելու, 3) ուղղելու և 4) խրատելու համար։ Այս օգուտները կարող ենք քաղել նույնիսկ Աստվածաշնչի այն գրքերից, որոնք այդքան էլ հաճախ չենք օգտագործում։ Ընթերցածդ հատվածը վերլուծիր, որպեսզի հասկանաս, թե ինչ է այն սովորեցնում Եհովայի, նրա նպատակի և սկզբունքների մասին։ Փորձիր տեսնել, թե ինչպես է այն հանդիմանում քեզ։ Դա կարող ես անել, եթե մտածես, թե տվյալ աստվածաշնչյան համարները ինչպես են օգնում, որ բացահայտես սխալ հակումներդ ու մտածելակերպդ և ձերբազատվես դրանցից, ինչպես նաև Եհովային հավատարիմ մնաս։ Ուշադրություն դարձրու, թե տվյալ հատվածը ինչպես կարող է ուղղել այն սխալ գաղափարները, որոնք թերևս լսել ես ծառայության ժամանակ։ Բացի այդ՝ խորհիր այն մասին, թե աստվածաշնչյան տվյալ համարները ինչպես են խրատում քեզ, որ կարողանաս արտացոլել Եհովայի մտածելակերպը։ Այս չորս բաներն ի մտի ունենալով՝ այնպիսի հոգևոր գանձեր կգտնես, որոնք կհարստացնեն Աստվածաշնչի քո ընթերցանությունը։

ԹՈՒՅԼ ՏՈՒՐ՝ ԸՆԹԵՐՑԱԾԴ ՁԵՎԱՎՈՐԻ ՔԵԶ

12. Հիսուսն ինչո՞ւ փարիսեցիներին հարցրեց՝ «Չե՞ք կարդացել արդյոք»։

12 «Չե՞ք կարդացել արդյոք» հարցը Հիսուսը տվեց նաև փարիսեցիներին, որպեսզի բացահայտի Սուրբ Գրքերի հանդեպ ունեցած նրանց վերաբերմունքը (Մատթ. 12։1-7)։e Փարիսեցիները պնդում էին, թե աշակերտները ոտնահարում են Շաբաթը պահելու մասին օրենքը։ Ի պատասխան՝ Հիսուսը մեջբերեց երկու սուրբգրային օրինակ և «Օսեե» գրքից մի համար, որպեսզի ցույց տա, որ փարիսեցիները չեն հասկանում Շաբաթը պահելու մասին օրենքի նպատակը և թերանում են ողորմածություն դրսևորել։ Աստծու Խոսքի ընթերցանությունը ինչո՞ւ որևէ ազդեցություն չէր ունեցել նրանց վրա։ Պատճառն այն է, որ նրանք հպարտ էին և քննադատական ոգով էին կարդում։ Նման մոտեցումը թույլ չէր տալիս, որ փարիսեցիները հասկանային իրենց ընթերցածը (Մատթ. 23։23; Հովհ. 5։39, 40)։

13. Ի՞նչ տրամադրվածությամբ պետք է կարդանք Աստվածաշունչը և ինչո՞ւ։

13 Հիսուսի խոսքերից իմանում ենք, որ Աստվածաշունչը պետք է ընթերցենք ճիշտ տրամադրվածությամբ։ Ի տարբերություն փարիսեցիների՝ մենք պետք է լինենք անկեղծ և սովորելու պատրաստ։ Մենք պետք է «հեզությամբ ընդունենք սերմանվող խոսքը» (Հակ. 1։21)։ Եթե հեզ ենք, թույլ կտանք, որ Աստծու Խոսքը արմատներ գցի մեր սրտում։ Ողորմածություն, կարեկցանք և սեր դրսևորելու վերաբերյալ աստվածաշնչյան դասերը կձևավորեն մեզ միայն այն դեպքում, եթե խոնարհ լինենք և խուսափենք քննադատական ոգուց։

Ինչպե՞ս կարող ենք պարզել, թե արդյոք թույլ ենք տալիս, որ Աստծու Խոսքը ձևավորի մեզ (տես պարբերություն 14)f

14. Ինչի՞ց է երևում, թե արդյոք թույլ տալիս ենք, որ Աստվածաշունչը ձևավորի մեզ (տես նաև նկարները)։

14 Ուրիշների հանդեպ մեր վերաբերմունքից նույնպես երևում է, թե արդյոք թույլ տալիս ենք, որ Աստծու Խոսքը ձևավորի մեզ։ Փարիսեցիները թույլ չէին տալիս, որ Աստծու Խոսքը հասնի իրենց սրտին, և դրա պատճառով «դատապարտում էին անմեղներին» (Մատթ. 12։7)։ Նմանապես այն, թե ինչ տեսակետ ունենք ուրիշների մասին և ինչպես ենք վերաբերվում նրանց, ցույց է տալիս, թե արդյոք թույլ տալիս ենք, որ Աստծու Խոսքը ձևավորի մեզ։ Օրինակ՝ հակվա՞ծ ենք ուրիշների մեջ լավը տեսնելու, թե՞ հիմնականում կենտրոնանում ենք նրանց թերությունների վրա։ Ողորմած ու ներողամի՞տ ենք, թե՞ քննադատող ու ոխակալ։ Ինքնաքննություն անելը կարող է բացահայտել, թե արդյոք թույլ տալիս ենք, որ մեր ընթերցածը ազդի մեր մտքերի, զգացմունքների և գործերի վրա (1 Տիմոթ. 4։12, 15; Եբր. 4։12)։

ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔՆ ԸՆԹԵՐՑԵԼԸ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է ԲԵՐՈՒՄ

15. Ի՞նչ վերաբերմունք ուներ Հիսուսը Սուրբ Գրքերի հանդեպ։

15 Հիսուսը սիրում էր Սուրբ Գրքերը։ Դա հստակ երևում է Սաղմոս 40։8-ում գրված մարգարեական հետևյալ խոսքերից. «Քո կամքը կատարելու մեջ ես ուրախություն գտա, ո՛վ իմ Աստված, և քո օրենքը իմ սրտում է»։ Նման վերաբերմունքն օգնում էր նրան լինել երջանիկ և կատարել Եհովայի կամքը։ Եթե թույլ տանք, որ Աստծու Խոսքը արմատներ գցի մեր սրտում, մենք էլ երջանիկ կլինենք և լիարժեքորեն կկատարենք մեր ծառայությունը (Սաղ. 1։1-3)։

16. Ի՞նչ ես վճռել անել, որ ավելի շատ օգուտներ քաղես Աստծու Խոսքի ընթերցանությունից (տես «Հիսուսի խոսքերը կարող են օգնել քեզ հասկանալ ընթերցածդ» շրջանակը)։

16 Հետևելով Հիսուսի խոսքերին և օրինակին՝ եկեք բարելավենք Աստվածաշնչի մեր ընթերցանությունը։ Մենք կարող ենք ավելի լավ հասկանալ Աստվածաշունչը, եթե աղոթենք, կարդանք առանց շտապելու, հարցեր տանք և կարճ նշումներ անենք։ Մենք պետք է նաև խորաթափանցություն դրսևորենք և աստվածաշնչյան հրատարակությունների միջոցով վերլուծենք մեր ընթերցածը։ Բացի այդ, եթե ձգտենք գտնել Աստծու Խոսքում թաքնված հոգևոր գանձերը, կսովորենք ավելի լավ օգտագործել Աստվածաշունչը, նույնիսկ այն հատվածները, որոնց այդքան էլ ծանոթ չենք։ Եվ եթե ընթերցելիս ճիշտ տրամադրվածություն ունենանք, թույլ կտանք, որ Աստծու Խոսքը ձևավորի մեզ։ Այս ամենն անելով՝ ավելի շատ օգուտներ կքաղենք Աստվածաշնչի ընթերցանությունից և ավելի կմտերմանանք Եհովայի հետ (Սաղ. 119։17, 18; Հակ. 4։8)։

Հիսուսի խոսքերը կարող են օգնել քեզ հասկանալ ընթերցածդ

  • Ձգտիր հասկանալ ընթերցածդ հատվածը և խորաթափանցություն զարգացրու, որպեսզի իմանաս, թե ինչպես կարելի է կիրառել այն, ինչ սովորել ես (Մատթ. 24։15; Ղուկ. 10։25-37)։

  • Խորությամբ ուսումնասիրիր աստվածաշնչյան արձանագրությունները, որ հոգևոր գանձեր գտնես (Մարկ. 12։18-27)։

  • Թույլ տուր, որ Աստծու Խոսքը ձևավորի քեզ և ազդի ուրիշների հանդեպ քո վերաբերմունքի վրա (Մատթ. 12։1-8)։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԸՆԹԵՐՑԵԼԻՍ Ի՞ՆՉԸ ԿՕԳՆԻ, ՈՐ

  • հասկանաս ընթերցածդ

  • հոգևոր գանձեր գտնես

  • թույլ տաս, որ Աստծու Խոսքը ձևավորի քեզ

ԵՐԳ 95 Լույսն ավելի է պայծառանում

a Մենք՝ Եհովայի ծառաներս, ձգտում ենք ամեն օր կարդալ նրա Խոսքը։ Իրականում շատերն են կարդում այն, բայց չեն հասկանում իրենց ընթերցածը։ Հիսուսի օրերում էլ էր այդպես։ Հոդվածից կիմանանք, թե նա ինչ ասաց Աստծու Խոսքն ընթերցողներին, և օգտակար մտքեր կգտնենք, թե ինչպես ավելի շատ օգուտներ քաղենք Աստվածաշնչի ընթերցանությունից։

b Ակներևաբար, մկրտվելիս, երբ Հիսուսն օծվեց սուրբ ոգով, հիշեց այն ամենը, ինչ տեղի էր ունեցել իր հետ նախքան երկիր գալը (Մատթ. 3։16)։

c Մարիամը լավատեղյակ էր Սուրբ Գրքերին և հաճախ էր դրանցից մեջբերումներ անում (Ղուկ. 1։46-55)։ Հավանաբար Հովսեփն ու Մարիամը չէին կարող Սուրբ Գրքերի իրենց անձնական օրինակներն ունենալ։ Ուստի, ամենայն հավանականությամբ, երբ դրանք ընթերցվում էին ժողովարանում, նրանք ուշադիր լսում էին և մտապահում։

d Տես «Մոտեցեք Աստծուն. «Նա ոչ թե մահացածների Աստվածն է, այլ ողջերի»» հոդվածը «Դիտարանի» 2013 թ. փետրվարի 1-ի համարում։

e Տես նաև Մատթեոս 19։4-6-ը, որտեղ Հիսուսը փարիսեցիներին նույն հարցը տվեց՝ «Չե՞ք կարդացել արդյոք»։ Թեև նրանք կարդացել էին արարչագործության մասին, բայց ուշադրություն չէին դարձրել, թե որն է Աստծու տեսակետը ամուսնության վերաբերյալ։

f ՆԿԱՐ։ Թագավորության սրահում ժողովի հանդիպման ժամանակ աուդիո-վիդեո համակարգը սպասարկող եղբայրը մի քանի սխալ է թույլ տալիս, սակայն ժողովից հետո մյուս եղբայրները չեն կենտրոնանում դրա վրա, այլ գովում են նրան իր ջանքերի համար։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը