Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w23 նոյեմբեր էջ 26–30
  • Եհովային վստահելով՝ ինձ իսկապես ապահով եմ զգացել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովային վստահելով՝ ինձ իսկապես ապահով եմ զգացել
  • 2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՃԱՆԱՉՈՒՄ ԵՄ ԵՀՈՎԱՅԻՆ ԵՎ ՍԿՍՈՒՄ ՎՍՏԱՀԵԼ ՆՐԱՆ
  • ՎՍՏԱՀՈՒՄ ԵՄ ԵՀՈՎԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ
  • ԲԱԽՎՈՒՄ ԵՆՔ ՀԱԼԱԾԱՆՔԻ ՆԻԳԵՐՈՒՄ
  • «ՇԱՏ ԲԱՆ ՉԳԻՏԵՆՔ ԳՎԻՆԵԱՅՈՒՄ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ»
  • ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՄ ՎՍՏԱՀԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ ԿՆՈՋՍ ՀԵՏ
  • ԻՍԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
  • Աշակերտներ պատրաստելու գործը ձևավորել է իմ կյանքը
    2007 Դիտարան
  • Ծառայությունն ընդլայնելու կերպեր
    Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը
  • Ծաղկում եմ հարուստ հոգևոր ժառանգության շնորհիվ
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • «Ես սիրահարվել եմ Սիեռա Լեոնեին»
    2014 Եհովայի վկաների տարեգիրք
Ավելին
2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w23 նոյեմբեր էջ 26–30
Իսրայել Իտաջոբի

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եհովային վստահելով՝ ինձ իսկապես ապահով եմ զգացել

ՊԱՏՄՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼ ԻՏԱՋՈԲԻՆ

ԵՐԲ մարդիկ հարցնում են, թե ինչպիսին է եղել իմ կյանքը, ես հաճախ նրանց ասում եմ. «Ես մի ճամպրուկ եմ Եհովայի ձեռքին»։ Իմ ցանկությունն է, որ Եհովան և նրա կազմակերպությունը որոշեն, թե ես երբ և որտեղ ծառայեմ, ճիշտ ինչպես ես եմ որոշում, թե իմ ճամպրուկը երբ և ուր տանեմ։ Եհովայի կազմակերպության կողմից տարբեր հանձնարարություններ եմ ստացել, որոնք կատարելը դժվար է եղել, երբեմն նույնիսկ վտանգավոր։ Բայց սովորել եմ, որ իսկապես ապահով զգալու գաղտնիքը Եհովային վստահելն է։

ՃԱՆԱՉՈՒՄ ԵՄ ԵՀՈՎԱՅԻՆ ԵՎ ՍԿՍՈՒՄ ՎՍՏԱՀԵԼ ՆՐԱՆ

Ծնվել եմ 1948 թ.-ին Նիգերիայի հարավ-արևմուտքում գտնվող մի փոքր գյուղում։ Ժամանակի ընթացքում հորս փոքր եղբայրը՝ Մուստաֆան, մկրտվեց և դարձավ Եհովայի վկա։ Հետո մկրտվեց նաև մեծ եղբայրս՝ Ուահաբին։ Երբ ինը տարեկան էի, հայրս մահացավ։ Դա մեծ ցավ պատճառեց ինձ։ Ուահաբին ասաց, որ մեր հայրը հարություն է առնելու, և մենք նորից կարող ենք տեսնել նրան։ Այդ մխիթարական միտքը մղեց ինձ, որ ուսումնասիրեմ Աստվածաշունչը։ Ես մկրտվեցի 1963 թ.-ին։ Մյուս երեք եղբայրներս նույնպես մկրտվեցին։

1965 թ.-ին տեղափոխվեցի Լագոս՝ ավագ եղբայրներիցս մեկի՝ Ուիլսոնի մոտ։ Այնտեղ մտերմացա Իգբոբի ժողովի ռահվիրաների հետ։ Նրանց ուրախությունն ու եռանդը մղեցին ինձ, որ 1968 թ. հունվարից համալրեմ ռահվիրաների շարքերը։

Բեթելից մի եղբայր՝ Ալբերտ Օլուգբեբին, երիտասարդների հետ մի հանդիպում կազմակերպեց, որի ժամանակ նշեց, որ Նիգերիայի հյուսիսում հատուկ ռահվիրաների կարիք կա։ Մինչև հիմա հիշում եմ եղբայր Օլուգբեբիի ոգևորիչ խոսքերը. «Դուք երիտասարդ եք և կարող եք ձեր ժամանակն ու ուժերը օգտագործել Եհովայի համար։ Ծառայության լայն դուռ է բացված ձեր առջև»։ Ցանկանալով ընդօրինակել Եսայիա մարգարեի պատրաստակամ ոգին՝ ես դիմում լրացրի (Ես. 6։8)։

1968թ. մայիսին հատուկ ռահվիրա նշանակվեցի Նիգերիայի հյուսիսում գտնվող Կանո քաղաք։ Այդ ժամանակ ընթանում էր Բիաֆրայի պատերազմը (1967-1970 թթ.)։ Սկզբում արյունալի մարտեր էին մղվում Նիգերիայի հյուսիսում, այնուհետև դրանք տեղափոխվեցին երկրի արևելք։ Եղբայրներից մեկը, լավ մղումներից ելնելով, փորձում էր ինձ համոզել, որ չգնամ այդ տարածք։ Բայց ես ասացի նրան. «Շնորհակալ եմ, որ անհանգստանում ես, բայց եթե Եհովան ուզում է, որ գնամ, համոզված եմ, որ նա ինձ հետ կլինի»։

Արևմտյան Աֆրիկայի քարտեզը, որում պատկերված են այն մի քանի վայրերը, որտեղ Իսրայել Իտաջոբին ապրել և ծառայել է։ Կոնակրի, Գվինեա, Սիեռա Լեոնե, Նիամեյ, Նիգեր, Կանո, Օրիսունբարի և Լագոս (Նիգերիա)

ՎՍՏԱՀՈՒՄ ԵՄ ԵՀՈՎԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ

Պատերազմը աղետալի հետևանքներ էր թողել Կանո քաղաքի վրա։ Ծանր էր տեսնել, թե ինչպես էր այդ մեծ քաղաքը ավերակների վերածվել։ Ծառայության ժամանակ երբեմն տեսնում էինք հակամարտության ընթացքում զոհված մարդկանց դիակներ։ Նախկինում մի քանի ժողով կար Կանոյում, սակայն եղբայրների ու քույրերի մեծ մասը լքել էր այդ տարածքը, և այնտեղ 15-ից էլ քիչ քարոզիչ էր մնացել։ Վերջիններս վախեցած ու վհատված էին, բայց անչափ ուրախացան, երբ մենք՝ վեց հատուկ ռահվիրաներս, նշանակվեցինք իրենց տարածք։ Մենք ոգևորեցինք ու թև տվեցինք այդ եղբայրներին ու քույրերին։ Մեր օգնությամբ նրանք սկսեցին նորից ժողովներ հաճախել, քարոզչական գործին մասնակցել, ինչպես նաև քարոզչական ծառայության հաշվետվություն հանձնել ու գրականության պատվերներ ուղարկել մասնաճյուղ։

Մենք՝ հատուկ ռահվիրաներս, սկսեցինք սովորել հաուսա լեզուն։ Տեղացիներից շատերը, տեսնելով, որ խոսում ենք իրենց լեզվով, լսում էին մեզ։ Սակայն մեր քարոզչական գործը դուր չէր գալիս Կանո քաղաքի հիմնական կրոնի ներկայացուցիչներին, ուստի մենք պետք է շատ զգույշ լինեինք։ Մի անգամ մի մարդ դանակով ընկել էր իմ ու ծառայակցիս հետևից։ Լավ է, որ մենք նրանից արագ էինք վազում և կարողացանք խույս տալ։ Չնայած վտանգներին՝ Եհովան մեզ «ապահովությամբ [էր] բնակեցնում», և քարոզիչների թիվը այդ տարածքում աճում էր (Սաղ. 4։8)։ Այսօր Կանոյում 11 ժողով կա, որոնցում ծառայում է ավելի քան 500 քարոզիչ։

ԲԱԽՎՈՒՄ ԵՆՔ ՀԱԼԱԾԱՆՔԻ ՆԻԳԵՐՈՒՄ

Հատուկ ռահվիրա եմ ծառայում Նիամեյում (Նիգեր)

Կանոյում ընդամենը մի քանի ամիս ծառայելուց հետո՝ 1968 թ. օգոստոսին, ինձ ու երկու այլ հատուկ ռահվիրաների ուղարկեցին Նիամեյ, որը Նիգերի Հանրապետության մայրաքաղաքն է։ Շուտով մենք հասկացանք, որ Նիգերը (Արևմտյան Աֆրիկա) աշխարհի ամենաշոգ վայրերից է։ Մենք պետք է հարմարվեինք կլիմային, բացի այդ՝ սովորեինք տեղի պետական լեզուն՝ ֆրանսերենը։ Չնայած դժվար էր, բայց, Եհովային վստահելով, սկսեցինք քարոզել այդ քաղաքում՝ համագործակցելով տեղի քարոզիչների հետ, որոնք թվով շատ քիչ էին։ Կարճ ժամանակ անց մենք Նիամեյում ապրող բոլոր գրաճանաչ մարդկանց բաժանեցինք «Ճշմարտություն, որ հավիտենական կյանքի է առաջնորդում» գիրքը։ Ոմանք նույնիսկ փնտրում էին մեզ, որ վերցնեին իրենց օրինակը։

Շուտով պարզ դարձավ, որ տեղի իշխանությունները լավ չեն տրամադրված Եհովայի վկաների հանդեպ։ 1969 թ. հուլիսին Նիգերում առաջին շրջանային համաժողովն էինք անցկացնում։ Ներկաների թիվը մոտ 20 էր, և երկու մկրտության թեկնածու ունեինք։ Բայց հենց առաջին օրը ոստիկանությունը ընդհատեց ծրագիրը։ Նրանք հատուկ ռահվիրա եղբայրներիս և շրջանային վերակացուին տարան ոստիկանական բաժանմունք։ Մեզ հարցաքննելուց հետո ասացին, որ հաջորդ օրն էլ ներկայանանք։ Զգալով վերահաս վտանգը՝ մենք հոգ տարանք, որ մկրտության ելույթը ներկայացվի քարոզիչներից մեկի տանը և մկրտությունը արվի գետի մեջ՝ առանց ավելորդ ուշադրություն գրավելու։

Ցավոք, մի քանի շաբաթ անց ներքին գործերի նախարարությունը ինձ և մյուս հինգ հատուկ ռահվիրաներին երկրից արտաքսելու որոշում կայացրեց։ Նրանք մեզ 48 ժամ տվեցին և ասացին, որ մեր միջոցներով պետք է հեռանանք։ Այդպես էլ վարվեցինք։ Ուղևորվեցինք Նիգերիայի մասնաճյուղ, որտեղ մեզ նոր հանձնարարություններ տվեցին։

Ինձ նշանակեցին Նիգերիայի գյուղերից մեկը՝ Օրիսունբարի։ Այդ գյուղում քարոզիչների մի փոքր խումբ կար, և ծառայությունը շատ արդյունավետ էր։ Բայց վեց ամիս անց մասնաճյուղից խնդրեցին, որ վերադառնամ Նիգեր։ Ես մենակ պետք է գնայի։ Սկզբում անակնկալի եկա և մի փոքր լարվեցի։ Բայց լարվածությունս շուտով անցավ, և ես անհամբերությամբ սպասում էի, որ նորից հանդիպեմ Նիգերում ապրող հավատակիցներիս։

Ես վերադարձա Նիամեյ։ Ժամանելուս հաջորդ օրը նիգերիացի մի գործարար, իմանալով, որ Եհովայի վկա եմ, Աստվածաշնչի վերաբերյալ բազմաթիվ հարցեր տվեց ինձ։ Նա իմ օգնությամբ սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել, ժամանակի ընթացքում ձերբազատվեց վատ սովորություններից՝ ծխելուց և ալկոհոլի չարաշահումից, ու մկրտվեց։ Պատիվ եմ ունեցել տեսնելու, թե Նիգերի տարբեր մասերում ինչպես է քարոզչական գործը դանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ ընթանում։ Երբ նոր էի ժամանել, երկրում ընդամենը 31 Վկա կար, իսկ հեռանալուս պահին նրանց թիվը հասել էր 69-ի։

«ՇԱՏ ԲԱՆ ՉԳԻՏԵՆՔ ԳՎԻՆԵԱՅՈՒՄ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ»

1977 թ. վերջերին վերադարձա Նիգերիա, որպեսզի երեք շաբաթ տևողությամբ աստվածապետական դասընթաց անցնեմ։ Երբ դասերն ավարտվեցին մասնաճյուղի կոմիտեի կոորդինատորը՝ եղբայր Մալկոմ Վիգոն, ինձ մի նամակ ցույց տվեց, որ ստացել էին Սիեռա Լեոնեի մասնաճյուղից։ Այնտեղի եղբայրները փնտրում էին մի առողջ ամուրի ռահվիրա եղբոր, ով անգլերեն և ֆրանսերեն կիմանար և կկարողանար շրջանային վերակացու ծառայել Գվինեայում։ Եղբայր Վիգոն ասաց, որ ինձ հենց այդ նպատակով էին կրթում։ Նա նշեց, որ հեշտ չի լինելու կատարել այդ հանձնարարությունը և խորհուրդ տվեց նշանակումն ընդունելուց առաջ մի լավ մտածել։ Ես անմիջապես պատասխանեցի. «Քանի որ Եհովան է ինձ ուղարկում, ես կգնամ»։

Մեկնեցի Սիեռա Լեոնեի մասնաճյուղ և հանդիպեցի եղբայրներին։ Մասնաճյուղի կոմիտեի եղբայրներից մեկն ասաց. «Շատ բան չգիտենք Գվինեայում Թագավորության գործի մասին»։ Թեև Գվինեան և դրա հարակից տարածքները Սիեռա Լեոնեի մասնաճյուղի հոգածության տակ էին, բայց քարոզիչների հետ կապ հաստատել հնարավոր չէր, քանի որ քաղաքական իրավիճակը Գվինեայում լարված էր։ Մասնաճյուղը մի քանի անգամ փորձել էր ներկայացուցիչ ուղարկել այնտեղ, բայց ապարդյուն։ Ինձ խնդրեցին, որ մեկնեմ Գվինեայի մայրաքաղաք Կոնակրի և փորձեմ կացության թույլտվություն ստանալ։

«Քանի որ Եհովան է ինձ ուղարկում, ես կգնամ»

Կոնակրի ժամանելուն պես գնացի Նիգերիայի դեսպանատուն, խոսեցի դեսպանի հետ և հայտնեցի Գվինեայում քարոզելու իմ ցանկության մասին։ Նա ինձ հորդորեց հեռանալ այդ երկրից, քանի որ վտանգ կար, որ ինձ կձերբակալեին կամ վնաս կպատճառեին։ Դեսպանն ասաց. «Վերադարձիր Նիգերիա և այնտեղ քարոզիր»։ Բայց ես ասացի, որ որոշել եմ մնալ։ Ուստի նա ինձ օգնելու խնդրանքով նամակ գրեց Գվինեայի ներքին գործերի նախարարին և վերջինս սիրով ընդունեց ինձ։

Կարճ ժամանակ անց ես վերադարձա Սիեռա Լեոնեի մասնաճյուղ և եղբայրներին տեղեկացրի նախարարի որոշման մասին։ Եղբայրներն անչափ ուրախացան՝ իմանալով, որ Եհովան օրհնել է իմ ճամփորդությունը։ Ես Գվինեայում բնակվելու թույլտվություն էի ստացել։

Իսրայելը ուրախ-ուրախ տանում է իր իրերը

Շրջանային ծառայության մեջ Սիեռա Լեոնեում

1978-1989 թթ.-ին շրջանային վերակացու եմ ծառայել Գվինեայում և Սիեռա Լեոնեում։ Ծառայել եմ նաև Լիբերիայում որպես շրջանային վերակացուի փոխարինող։ Սկզբում հաճախակի հիվանդանում էի, և դա երբեմն մեկուսի տարածքներում ծառայելիս էր լինում։ Բայց եղբայրներն իրենց հնարավորության սահմաններում ամեն բան անում էին, որ ինձ հիվանդանոց տանեին։

Մի անգամ ծանր հիվանդացել էի մալարիայով։ Դա հերիք չէր, ինձ մոտ նաև աղիքային ճիճուներ էին հայտնաբերվել։ Ապաքինվելուց հետո միայն իմացա, որ եղբայրներն արդեն քննարկում էին, թե որտեղ են ինձ թաղելու։ Անգամ կյանքին սպառնացող այդ իրավիճակներում երբեք չեմ մտածել ծառայությունս թողնելու մասին։ Միշտ համոզված եմ եղել, որ իսկական և մնայուն ապահովություն միայն Աստծու մոտ կարող եմ գտնել, քանի որ եթե մահանամ էլ, նա կարող է կյանքի վերադարձնել ինձ։

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՄ ՎՍՏԱՀԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ ԿՆՈՋՍ ՀԵՏ

Իսրայելն ու Դորկասը իրենց հարսանիքի օրը

Մեր հարսանիքի օրը, 1988թ.

1988 թ.-ին հանդիպեցի Դորկաս անունով մի ռահվիրա քրոջ։ Նա շատ խոնարհ էր ու հոգևոր մտածելակերպ ուներ։ Մենք ամուսնացանք, և նա միացավ ինձ շրջանային ծառայության մեջ։ Դորկասը շատ հոգատար և անձնազոհ կին է։ Ժողովներին այցելելու համար մենք ոտքով մինչև 25 կիլոմետր (15 մղոն) ճանապարհ էինք անցնում՝ մեզ հետ տանելով մեր ճամպրուկները։ Երբ կարիք էր առաջանում ավելի հեռու տարածքներ գնալ, մենք օգտվում էինք ցանկացած տրանսպորտից, որը կարող էր անցնել այդ ցեխոտ ու մեծ փոսերով լի ճանապարհներով։

Դորկասը շատ քաջ է։ Երբեմն մենք ստիպված էինք անցնել կոկորդիլոսներով լի գետերի ու լճերի միջով։ Մի անգամ տեղ հասնելու համար պետք է հինգ օր ճամփորդեինք և գետի վրայով անցնեինք։ Ստիպված էինք նավակով անցնել գետը, քանի որ դրա վրայի փայտե կամուրջը վնասված էր։ Նավակից դուրս գալու պահին Դորկասը հանկարծակի ընկավ գետը, որը բավականին խորն էր։ Ո՛չ ես, ո՛չ էլ Դորկասը լողալ չգիտեինք, իսկ գետում կոկորդիլոսներ կային։ Լավ էր, որ գետի մոտ մի քանի երիտասարդներ կային, որոնք նետվեցին ջուրը և փրկեցին Դորկասին։ Թեև այդ դեպքից հետո որոշ ժամանակ երկուսս էլ մղձավանջներ էինք ունենում, բայց մենք չթողեցինք շրջանային ծառայությունը։

Փոքրիկ Ջահգիֆտն ու Էրիկը՝ կանգնած իրենց Թագավորության սրահի առաջ

Մեր երեխաները՝ Ջահգիֆտն ու Էրիկը, թանկագին պարգևներ են Եհովայից

1992 թ. սկզբներին անակնկալի եկանք, երբ իմացանք, որ Դորկասը հղի է։ Մի՞թե դրանով կավարտվեր մեր հատուկ լիաժամ ծառայությունը։ Մենք մտածեցինք, որ Եհովան մեզ նվեր է տվել, ուստի մեր աղջկան անվանեցինք Ջահգիֆտ (անգլերեն նշանակում է «նվեր Եհովայից»)։ Նրա լույս աշխարհ գալուց չորս տարի հետո ծնվեց Էրիկը։ Նրանք երկուսն էլ թանկ նվերներ են Եհովայից։ Մեր աղջիկը որոշ ժամանակ ծառայել է Կոնակրիի թարգմանչական գրասենյակում, իսկ Էրիկը ծառայող օգնական է։

Իսրայելն ու Դորկասը իրենց որդու՝ Էրիկի և դստեր՝ Ջահգիֆտի հետ Թագավորության սրահի մոտ։

Թեև Դորկասը ի վերջո ստիպված էր թողնել հատուկ ռահվիրայությունը, բայց երեխաներին մեծացնելու ընթացքում նա շարունակեց ռահվիրայություն անել։ Եհովայի օգնությամբ ես մնացի հատուկ լիաժամ ծառայության մեջ։ Իսկ երբ երեխաները մեծացան, Դորկասը կրկին հատուկ ռահվիրա դարձավ։ Այժմ երկուսս էլ միսիոներ ենք ծառայում Կոնակրիում։

ԻՍԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

Ես միշտ գնացել եմ այնտեղ, ուր Եհովան տարել է ինձ։ Ես ու կինս հաճախ ենք տեսել, թե ինչպես է նա պաշտպանում և օրհնում մեզ։ Եհովային վստահելու շնորհիվ մենք խուսափել ենք բազմաթիվ մտահոգություններից, որ ունենում են այն մարդիկ, որոնք իրենց հույսը նյութական բաների վրա են դնում։ Ես ու Դորկասը մեր անձնական փորձով ենք համոզվել, որ իսկական ապահովության Աղբյուրը «մեր փրկության Աստված» Եհովան է (1 Տար. 16։35)։ Համոզված եմ, որ Եհովա Աստծուն ապավինող բոլոր մարդկանց կյանքը «[Նրա] մոտ կյանքի ծրարի մեջ ծրարված պիտի լինի» (1 Սամ. 25։29)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը