ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 18
ԵՐԳ 1 Եհովայի հատկությունները
«Ողջ երկրի Դատավորը» գթասիրտ է. վստահիր նրան
«Մի՞թե ողջ երկրի Դատավորը անարդար կվարվի» (ԾՆՆԴ. 18։25)։
ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ
Ինչպե՞ս կարող ենք ավելի խորությամբ հասկանալ Եհովայի գթասրտությունն ու արդարությունը անարդար մարդկանց հարություն տալու առնչությամբ։
1. Ի՞նչ մխիթարական ճշմարտություն սովորեցրեց Եհովան Աբրահամին։
ԱՅԴ զրույցը Աբրահամը երբեք չմոռացավ։ Հրեշտակի միջոցով Աստված նրան ասաց, որ պատրաստվում է ոչնչացնել Սոդոմ և Գոմոր քաղաքները։ Դա լսելով՝ Աստծու այդ հավատարիմ ծառան մտահոգված ասաց. «Մի՞թե դու արդարին ամբարշտի հետ կկործանես.... Մի՞թե ողջ երկրի Դատավորը անարդար կվարվի»։ Եհովան համբերությամբ իր սիրելի ընկերոջը մի կարևոր ճշմարտություն սովորեցրեց. Աստված երբեք արդար մարդկանց չի կործանի։ Այս միտքը շատ մխիթարական և օգտակար է բոլորիս համար (Ծննդ. 18։23-33)։
2. Ինչո՞ւ ենք համոզված, որ դատավճիռներ կայացնելիս Եհովան միշտ արդարությամբ և գթասրտությամբ է վարվում։
2 Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ դատավճիռներ կայացնելիս Աստված միշտ արդարությամբ և գթասրտությամբ է վարվում։ Քանի որ գիտենք՝ «Եհովան սիրտն է տեսնում» (1 Սամ. 16։7)։ Իրականում նա գիտի, թե ինչ կա «բոլոր մարդկանց.... սրտերում» (1 Թագ. 8։39; 1 Տար. 28։9)։ Այս միտքը անչափ տպավորիչ է։ Եհովայի դատավճիռները վեր են մեր հասկացողությունից։ Ուստի շատ տեղին են Եհովա Աստծու մասին Պողոս առաքյալի հետևյալ խոսքերը. «Որքա՜ն անըմբռնելի են նրա դատաստանները» (Հռոմ. 11։33)։
3-4. Երբեմն ի՞նչ հարցեր գուցե ունենանք և ինչի՞ մասին ենք խոսելու այս հոդվածում (Հովհաննես 5։28, 29)։
3 Այդուհանդերձ, մենք էլ Աբրահամի պես գուցե հարցեր ունենանք։ Հնարավոր է՝ նույնիսկ մտածենք. «Հարություն կառնե՞ն այն մարդիկ, որոնց Եհովան է կործանել, ինչպես, օրինակ, Սոդոմի և Գոմորի բնակիչները։ Նրանցից ոմանք կլինե՞ն հարություն առած «անարդարների» թվում» (Գործ. 24։15)։
4 Տեսնենք, թե ինչ է մեզ հայտնի հարության մասին։ Ինչպես գիտենք, «կյանքի հարության» և «դատաստանի հարության» մասին բացատրությունը վերջերս փոխվել է (կարդա Հովհաննես 5։28, 29)։a Այս փոփոխության արդյունքում որոշ հստակեցումներ են արվել, որոնց մասին կխոսենք այս և հաջորդ հոդվածներում։ Նախ՝ կքննենք, թե ինչ չգիտենք Եհովայի արդար դատավճիռների մասին, ապա՝ թե ինչ գիտենք։
Ի՞ՆՉ ՉԳԻՏԵՆՔ
5. Նախկինում ի՞նչ էին մեր հրատարակությունները ասում Սոդոմում և Գոմորում կործանված մարդկանց մասին։
5 Նախկինում մեր հրատարակություններում բացատրվում էր, որ այն մարդիկ, ովքեր, ըստ Եհովայի դատավճիռների, անարդար են համարվում, ինչպես, օրինակ, Սոդոմի և Գոմորի բնակիչները, հարության հույս չունեն։ Բայց մանրամասն ուսումնասիրությունների և բազմաթիվ աղոթքների արդյունքում հետևյալ հարցն առաջացավ. «Արդյո՞ք այս պնդումը հիմնավոր է»։
6. ա) Նշիր դեպքեր, երբ Եհովան կործանել է անարդար մարդկանց։ բ) Մենք ի՞նչ չգիտենք այդ դեպքերի հետ կապված։
6 Աստվածաշնչյան շատ արձանագրություններ կան, որոնք մեզ հայտնում են, թե ինչ դատավճիռներ է Եհովան կայացրել անարդար մարդկանց վերաբերյալ։ Օրինակ՝ Ջրհեղեղի ժամանակ Եհովան կործանեց բոլորին՝ բացի Նոյից և նրա ընտանիքից։ Իսրայելացիների միջոցով նա ոչնչացրեց այն յոթ ազգերին, որոնք ապրում էին Ավետյաց երկրի տարածքում։ Իսկ մեկ հրեշտակի ձեռքով նա մի գիշերում 185 000 ասորեստանցի զինվոր սպանեց (Ծննդ. 7։23; 2 Օրենք 7։1-3; Ես. 37։36, 37)։ Արդյո՞ք բավարար սուրբգրային հիմքեր ունենք եզրակացնելու, որ այս բոլոր մարդկանց Եհովան մեկընդմիշտ կործանել է, և նրանք հարության հույս չունեն։ Ո՛չ։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։
7. Ի՞նչ չգիտենք Ջրհեղեղի և Քանանի գրավման ժամանակ կործանված մարդկանց մասին (տես նկարը)։
7 Մենք չգիտենք, թե Եհովան ինչպես է դատել այդ մարդկանցից յուրաքանչյուրին։ Չգիտենք նաև, թե արդյոք նրանք հնարավորություն ունեցել են սովորելու Եհովայի մասին և զղջալու։ Իսկ ինչ վերաբերում է նախաջրհեղեղյան ժամանակներին, Աստվածաշնչում ասվում է, որ Նոյը «արդարության քարոզիչ» էր (2 Պետ. 2։5)։ Բայց այնտեղ չի ասվում, որ վիթխարի տապանը կառուցելուն զուգահեռ Նոյը նաև փորձել է երկրի վրա ապրող յուրաքանչյուր մարդու նախազգուշացնել մոտալուտ կործանման մասին։ Նմանապես մենք չենք կարող ասել, թե արդյոք Քանանի տարածքում ապրող յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունեցել է ճանաչելու Եհովային և փոխելու իր ապրելակերպը։
Նոյն ու նրա ընտանիքը հսկայական տապան են կառուցում։ Մենք չունենք այնպիսի տեղեկություն, որ Նոյը տապանի շինարարության ընթացքում կազմակերպել է քարոզարշավներ, որպեսզի նախքան Ջրհեղեղը հասցնի քարոզել երկրի վրա ապրող յուրաքանչյուր մարդու (տես պարբերություն 7)
8. Ի՞նչ չգիտենք Սոդոմի և Գոմորի բնակիչների մասին։
8 Իսկ ի՞նչ կարող ենք ասել Սոդոմի և Գոմորի բնակիչների մասին։ Սոդոմում ապրում էր Ղովտ անունով մի արդար մարդ։ Բայց արդյո՞ք նա քարոզել է այնտեղ ապրող բոլոր մարդկանց։ Մենք չունենք նման տեղեկություն։ Անկասկած, նրանք չար էին, բայց արդյո՞ք կարողանում էին տարբերել ճիշտը սխալից։ Աստվածաշնչում ասվում է, որ Սոդոմի տղամարդիկ՝ «տղայից մինչև ծեր», ամբոխ կազմած, շրջապատել էին Ղովտի տունը և ուզում էին բռնաբարել նրա հյուրերին (Ծննդ. 19։4; 2 Պետ. 2։7)։ Բայց մի՞թե համոզվածությամբ կարող ենք ասել, որ գթառատ Աստված Եհովան նրանց բոլորին մահվան է դատապարտել՝ առանց հարության հույսի։ Մենք գիտենք, որ Եհովան Աբրահամին հավաստիացրել էր, որ Սոդոմում անգամ տասը արդար մարդ չկար (Ծննդ. 18։32)։ Ուստի այդ քաղաքների բնակիչները իրոք անարդար էին, և նրանց ոչնչացնելու Եհովայի որոշումը արդարացի էր։ Այդ դեպքում կարո՞ղ ենք վստահաբար ասել, որ «անարդարների հարության» ժամանակ նրանցից ոչ ոք հարություն չի առնելու։ Ո՛չ, չենք կարող։
9. Ի՞նչ չգիտենք Սողոմոնի վերաբերյալ։
9 Աստվածաշնչում խոսվում է նաև այնպիսի մարդկանց մասին, ովքեր արդար են եղել, բայց դարձել են անարդար։ Հիշենք Սողոմոն թագավորին։ Նա գիտեր Եհովային ու շատ լավ ծանոթ էր նրա չափանիշներին, և Եհովան առատապես օրհնում էր նրան։ Սակայն հետագայում Սողոմոնը սկսեց կեղծ աստվածների պաշտել։ Նրա գործած մեղքերի պատճառով Եհովան շատ բարկացավ, և Իսրայել ազգը ստիպված եղավ դարեր շարունակ կրել այդ մեղքերի հետևանքները։ Սողոմոնի մասին Աստվածաշնչում ասվում է, որ նա «ննջեց իր նախահայրերի հետ», որոնց թվում էին այնպիսի հավատարիմ տղամարդիկ, ինչպիսին Դավիթ թագավորն էր (1 Թագ. 11։5-9, 43; 2 Թագ. 23։13)։ Բայց արդյո՞ք այս խոսքերը երաշխիք են, որ Սողոմոնը հարություն կառնի։ Աստվածաշունչը ոչինչ չի ասում այդ մասին։ Այդուհանդերձ, ոմանք գուցե այսպես տրամաբանեն. «Նա, ով մահանում է, ազատվում է մեղքից» (Հռոմ. 6։7)։ Ինչ խոսք, դա այդպես է, բայց այս խոսքերը չեն նշանակում, որ բոլոր նրանք, ովքեր մահացել են, հարություն կառնեն, քանի որ մահանալով՝ կրկին ապրելու իրավունք են ձեռք բերել։ Իրականում հարությունը պարգև է մեր սիրառատ Աստծուց։ Նա այդ պարգևը տալիս է նրանց, ում ցանկանում է հնարավորություն տալ հավիտյան ծառայելու իրեն (Հոբ 14։13, 14; Հովհ. 6։44)։ Արդյո՞ք Սողոմոնը կստանա այդ պարգևը։ Մենք չգիտենք. դա միայն Եհովան գիտի։ Բայց մենք գիտենք, որ Եհովան կանի այն, ինչը ճիշտ է։
Ի՞ՆՉ ԳԻՏԵՆՔ
10. Եհովան ի՞նչ տեսակետ ունի մարդկանց կործանելու առնչությամբ (Եզեկիել 33։11; տես նաև նկարը)։
10 Կարդա Եզեկիել 33։11։ Եհովան հայտնում է մեզ, թե ինչ է զգում մարդկանց դատելու առնչությամբ։ Պետրոս առաքյալը, Աստծուց ներշնչված, կրկնեց Եզեկիել մարգարեի նշած միտքը՝ գրելով. «Եհովան.... չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի» (2 Պետ. 3։9)։ Այս հավաստիացումը անչափ մխիթարական է։ Մենք գիտենք, որ առանց հիմնավոր պատճառի՝ Եհովան մեկընդմիշտ չի կործանի որևէ մեկին։ Նա անչափ գթասիրտ է և, երբ հնարավոր է, ողորմածաբար է վարվում։
Անարդարների հարության ժամանակ բազմապիսի մարդիկ հնարավորություն կունենան սովորելու Եհովայի մասին (տես պարբերություն 10)
11. Ովքե՞ր հարություն չեն առնի, և որտեղի՞ց գիտենք այդ մասին։
11 Ի՞նչ գիտենք այն մասին, թե ովքեր հարություն չեն առնելու։ Աստվածաշնչում ընդամենը մի քանի հոգու մասին է հիշատակվում։b Օրինակ՝ Հիսուսի խոսքերից պարզ է դառնում, որ Հուդա Իսկարիովտացին հարություն չի առնելու (Մարկ. 14։21; տես նաև Հովհաննես 17։12)։c Նա գիտակցաբար և ինքնակամ Եհովա Աստծու և Նրա Որդու դեմ գործեց (տես Մարկոս 3։29)։d Հիսուսի խոսքերից նաև հասկանում ենք, որ հարություն չեն առնելու նաև իր դեմ դուրս եկած կրոնական առաջնորդները (Մատթ. 23։33; տես Հովհաննես 19։11)։e Իսկ Պողոս առաքյալը նախազգուշացրեց, որ չզղջացող հավատուրացները նույնպես հարություն չեն առնելու (Եբր. 6։4-8; 10։29)։
12. Ի՞նչ գիտենք Եհովայի գթասրտության մասին։ Բեր օրինակներ։
12 Այդուհանդերձ, ինչպես արդեն նշեցինք, Եհովան գթառատ է և չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի։ Տեսնենք, թե ինչպես է նա գթառատություն ցուցաբերել լուրջ մեղքեր գործած որոշ անհատների հանդեպ։ Դավիթ թագավորը շատ ծանր մեղքեր գործեց, այդ թվում՝ անբարոյականություն և սպանություն։ Բայց քանի որ Դավիթը զղջաց, Եհովան, գթասրտություն դրսևորելով, ներեց նրան (2 Սամ. 12։1-13)։ Իսկ Մանասե թագավորը իր կյանքի մեծ մասի ընթացքում սարսափելի չար գործեր արեց։ Սակայն նույնիսկ այս դեպքում Եհովան, տեսնելով նրա զղջումը, ողորմածաբար ներեց նրան (2 Տար. 33։9-16)։ Այս օրինակները փաստում են, որ Եհովան ողորմածություն է դրսևորում, երբ այդպես վարվելու համար հիմք ունի։ Նա հարություն կտա նման մարդկանց, որովհետև վերջիններս հասկացել են, որ լուրջ մեղքեր են գործել և զղջացել են։
13. ա) Ինչո՞ւ Եհովան նինվեցիների հանդեպ ողորմածություն դրսևորեց։ բ) Հետագայում ի՞նչ ասաց Հիսուսը նինվեցիների մասին։
13 Մենք նաև գիտենք, որ Եհովան ողորմածաբար է վարվել նինվեցիների հանդեպ։ Հիշենք, որ նա Նինվեի հետ կապված Հովնանին ասել էր. «Նրա չար գործերն ինձ են հասել»։ Բայց երբ նինվեցիները զղջացին, Եհովան մեծահոգաբար ներեց նրանց։ Նա Հովնանից անհամեմատ ավելի ողորմած էր։ Տեսնելով, որ Հովնանը բարկացած է՝ Եհովան նրան հիշեցրեց, որ նինվեցիները «իրենց աջ ու ձախ ձեռքը չեն տարբերում իրարից», այսինքն՝ չգիտեն, թե ինչն է ճիշտ, և ինչը՝ սխալ (Հովն. 1։1, 2; 3։10; 4։9-11)։ Հետագայում Հիսուսն այս օրինակը օգտագործեց, որպեսզի սովորեցնի մարդկանց Եհովայի արդարության և ողորմածության մասին։ Նա ասաց, որ նինվեցիները «դատաստանի ժամանակ հարություն կառնեն», քանի որ զղջացին (Մատթ. 12։41)։
14. «Դատաստանի հարությունը» ի՞նչ է նշանակելու նինվեցիների համար։
14 Ի՞նչ են նշանակում Հիսուսի խոսքերը։ Հիսուսը խոսում էր «դատաստանի հարության» մասին (Հովհ. 5։29)։ Դա լինելու է ապագայում՝ Հիսուսի Հազարամյա Իշխանության ընթացքում, երբ «թե՛ արդարների և թե՛ անարդարների» հարություն լինի (Գործ. 24։15)։ Անարդարները «դատաստանի հարություն» կստանան։ Այսինքն՝ Եհովան և Հիսուսը ուշադրություն կդարձնեն նրանց վարքին և կտեսնեն, թե նրանք ինչպես են կիրառում այն ամենը, ինչ սովորում են հարություն առնելուց հետո։ Եթե հարություն առած որևէ նինվեցի չցանկանա միանալ մաքուր երկրպագությանը, մահվան կդատապարտվի (Ես. 65։20)։ Բայց նրանք, ովքեր կորոշեն հավատարմորեն ծառայել Եհովային, հավիտյան ապրելու հնարավորություն կստանան (Դան. 12։2)։
15. ա) Ինչո՞ւ չենք կարող պնդել, որ Սոդոմ և Գոմոր քաղաքների կործանման ժամանակ մահացածներից ոչ ոք հարություն չի առնելու։ բ) Ինչպե՞ս կարող ենք հասկանալ Հուդա 7-րդ համարը (տես «Հուդան ի՞նչ նկատի ուներ» շրջանակը)։
15 Սոդոմի և Գոմորի բնակիչների մասին խոսելիս Հիսուսն ասաց, որ նրանց համար «Դատաստանի օրը» ավելի լավ կլինի, քան այն մարդկանց համար, ովքեր մերժեցին իրեն և իր սովորեցրածները (Մատթ. 10։14, 15; 11։23, 24; Ղուկ. 10։12)։ Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը։ Մի՞թե նա պարզապես հիպերբոլա էր օգտագործում։ Դժվար թե։ Հիշենք, որ նա ուղիղ իմաստով էր ասում, որ նինվեցիները «դատաստանի հարություն» կստանան։f Նմանապես Սոդոմի և Գոմորի բնակիչների մասին հիշատակելիս, ամենայն հավանականությամբ, Հիսուսը բառացի հարության մասին էր խոսում։ Կարող ենք համոզված լինել, որ Հիսուսը երկու դեպքում էլ նույն «Դատաստանի օրն» էր մատնանշում։ Նինվեցիների պես՝ Սոդոմի և Գոմորի բնակիչները չար գործեր էին արել։ Բայց ի տարբերություն նինվեցիների՝ նրանք զղջալու հնարավորություն չեն ունեցել։ Բացի այդ՝ հիշենք, թե ինչ ասաց Հիսուսը «դատաստանի հարության» մասին։ «Դատաստանի հարություն» ստացած մարդկանց թվում լինելու են նրանք, «ովքեր չար գործեր են արել» (Հովհ. 5։29)։ Ինչպես երևում է, Սոդոմի և Գոմորի բնակիչների համար ամեն բան կորած չէ։ Հնարավոր է՝ նրանցից ոմանք հարություն առնեն, և մենք առիթ ունենանք սովորեցնելու նրանց Եհովայի և Հիսուսի մասին։
16. Ի՞նչ գիտենք այն մասին, թե ինչպես է Եհովան որոշելու՝ ում հարություն տա (Երեմիա 17։10)։
16 Կարդա Երեմիա 17։10։ Այս համարում ամփոփվում է այն ամենը, ինչ մենք գիտենք այն մասին, թե ինչպես է Եհովան դատում։ Նա «քննում է սիրտը և զննում է երիկամները»։ Ուստի ապագայում՝ մարդկանց հարություն տալիս, Եհովան յուրաքանչյուրին «իր ճանապարհի համեմատ կհատուցի»։ Նա հաստատակամ կլինի, երբ անհրաժեշտ է, և գթասրտություն կդրսևորի, երբ հնարավոր է։ Ուստի մենք չպետք է պնդենք, թե որևէ մեկի համար հարության հույս չկա, եթե հաստատ չգիտենք, որ դա այդպես է, այսինքն՝ եթե Աստվածաշնչում կոնկրետ չի ասվում այդ մասին։
«ՈՂՋ ԵՐԿՐԻ ԴԱՏԱՎՈՐԸ» ԱՐԴԱՐՈՒԹՅԱՄԲ ԿՎԱՐՎԻ
17. Ի՞նչ է լինելու մահացած մարդկանց։
17 Սկսած այն պահից, երբ Ադամն ու Եվան միացան Աստծու դեմ Սատանայի ըմբոստությանը՝ միլիարդավոր մարդիկ են մահացել։ Մեր «թշնամին՝ մահը», ահռելի քանակությամբ կյանքեր է խլել (1 Կորնթ. 15։26)։ Ի՞նչ է լինելու այդ բոլոր մահացած մարդկանց։ Եհովան Քրիստոսի հավատարիմ հետևորդներից ոմանց, ընդհանուր հաշվով՝ 144 000 հոգու, հարություն է տալու երկնքում և անմահություն է շնորհելու (Հայտն. 14։1)։ Իսկ հսկայական թվով տղամարդիկ ու կանայք, ովքեր մինչև մահանալը հավատարիմ են եղել Եհովային, «արդարների.... հարություն» կստանան։ Եվ եթե Քրիստոսի Հազարամյա Իշխանության և վերջնական փորձության ընթացքում նրանք պահեն իրենց անարատությունը, ապա հավիտյան կապրեն երկրի վրա (Դան. 12։13; Եբր. 12։1)։ Հազարամյակի ընթացքում հարություն կառնեն նաև անարդարները, այդ թվում՝ նրանք, ովքեր երբեք Եհովային չեն ծառայել և նույնիսկ չար «գործեր են արել»։ Նրանց հնարավորություն կտրվի փոխվելու և դառնալու Եհովայի հավատարիմ ծառաները (Ղուկ. 23։42, 43)։ Այնուամենայնիվ, որոշ մարդկանց Եհովան հարություն չի տալու, քանի որ նրանք շատ չար են եղել և միտումնավոր ըմբոստացել են նրա և նրա նպատակների դեմ (Ղուկ. 12։4, 5)։
18-19. ա) Ինչո՞ւ կարող ենք վստահել մահացածների վերաբերյալ Եհովայի դատավճիռներին (Եսայիա 55։8, 9)։ բ) Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։
18 Այսպիսով՝ կարո՞ղ ենք համոզված լինել, որ Եհովայի բոլոր դատավճիռները արդար են։ Այո՛։ Ինչպես Աբրահամը համոզվեց, Եհովան՝ «ողջ երկրի Դատավորը», կատարյալ է, իմաստուն և գթառատ։ Նա կրթել է իր Որդուն և բոլորին դատելու պատասխանատվությունը նրան է հանձնել (Հովհ. 5։22)։ Թե՛ Հայրը, թե՛ Որդին կարող են կարդալ յուրաքանչյուր մարդու սիրտը (Մատթ. 9։4)։ Ուստի ամեն մեկին դատելիս նրանք արդարությամբ կվարվեն։
19 Եկեք վճռենք միշտ վստահել Եհովային։ Հիշենք, որ Դատավորը նա է, ոչ թե մենք (կարդա Եսայիա 55։8, 9)։ Ուստի եկեք վստահությամբ բոլորի դատը հանձնենք նրան և նրա Որդուն՝ մեր Թագավորին, ով կատարելապես արտացոլում է իր Հոր արդարությունն ու գթասրտությունը (Ես. 11։3, 4)։ Իսկ ի՞նչ կարող ենք ասել մեծ նեղության հետ կապված Աստծու դատավճիռների մասին։ Ի՞նչ չգիտենք և ի՞նչ գիտենք։ Հաջորդ հոդվածում կխոսենք այս մասին։
ԵՐԳ 57 Քարոզում ենք ամեն տեսակ մարդկանց
b Ադամի, Եվայի և Կայենի մասին տես «Դիտարանի» 2013 թ. հունվարի 1-ի համարը (12-րդ էջի վրա նշված ծանոթագրությունը)։
c Հովհաննես 17։12-ում նշված «կործանման որդի» արտահայտությունը նշանակում է, որ երբ Հուդան մահացավ, մեկընդմիշտ կործանվեց, և նրա համար հարության հույս չկա։
d Տես նաև «Ի՞նչ է աններելի մեղքը» հոդվածը jw.org կայքում։
f Հիպերբոլան կանխամտածված և ակնհայտ չափազանցությունն է, որն արվում է ինչ-որ բան ընդգծելու նպատակով։ Բայց Սոդոմի և Գոմորի բնակիչների վերաբերյալ Հիսուսի ասած խոսքերը ամենայն հավանականությամբ բառացի պետք է հասկանանք. նա հիպերբոլա չի օգտագործել։