ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 37
ԵՐԳ 118 «Ավելացրու մեր հավատը»
Նամակ, որը կօգնի հավատարմորեն դիմանալ մինչև վերջ
«Սկզբում ունեցած մեր վստահությունը ամուր պահենք մինչև վերջ» (ԵԲՐ. 3։14)։
ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ
Եբրայեցիներին ուղղված նամակում ի՞նչ գործնական խորհուրդներ կան, որոնք կօգնեն մեզ հավատարմորեն դիմանալ մինչև այս համակարգի վերջը։
1-2. ա) Ի՞նչ իրավիճակ էր Հրեաստանում, երբ Պողոսը գրեց եբրայեցիներին ուղղված նամակը։ բ) Ինչո՞ւ էր այդ նամակը ժամանակահարմար։
ՀԻՍՈՒՍԻ մահից հետո Երուսաղեմում և Հրեաստանում ապրող քրիստոնյաների համար ծանր ժամանակներ սկսվեցին։ Քրիստոնեական ժողովի կազմավորումից շատ չանցած՝ հակառակության մեծ ալիք բարձրացավ (Գործ. 8։1)։ Իսկ դրանից մոտ 20 տարի հետո Քրիստոսի հետևորդները երկրում եղած մեծ սովի հետևանքով տնտեսական լուրջ դժվարությունների բախվեցին (Գործ. 11։27-30)։ Այնուամենայնիվ, 61 թ.-ին քրիստոնյաների համար հարաբերական խաղաղ ժամանակներ սկսվեցին։ Բայց հետագայում նրանց կրկին մեծ դժվարություններ էին սպասում։ Հենց այդ խաղաղ ժամանակաշրջանում էր, որ Պողոս առաքյալը Աստծու ներշնչմամբ մի նամակ գրեց եբրայեցի քրիստոնյաներին։ Այդ նամակը հենց այն էր, ինչ նրանց պետք էր ապագա իրադարձություններին պատրաստվելու համար։
2 Եբրայեցիներին ուղղված նամակը շատ ժամանակահարմար էր, քանի որ խաղաղ ժամանակները երկար չէին տևելու։ Պողոսը դրա միջոցով գործնական խորհուրդներ տվեց, որոնք օգնելու էին նրանց դիմանալու այն նեղությանը, որին շուտով բախվելու էին։ Հրեական համակարգի վախճանը, որը կանխագուշակել էր Հիսուսը, դռան շեմին էր (Ղուկ. 21։20)։ Իհարկե, ո՛չ Պողոսը, ո՛չ էլ Հրեաստանում ապրող քրիստոնյաները չգիտեին, թե կոնկրետ երբ էր այդ կործանումը լինելու։ Այդուհանդերձ, նրանք կարող էին մնացած ժամանակը օգտագործել գալիք իրադարձություններին պատրաստվելու համար՝ զարգացնելով հավատ և դիմացկունություն (Եբր. 10։25; 12։1, 2)։
3. Ինչո՞ւ մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք եբրայեցիներին ուղղված նամակին։
3 Այսօր մենք կանգնած ենք մեծ նեղության շեմին։ Դա շատ ավելի ծանր ժամանակաշրջան է լինելու, քան այն, որին բախվեցին եբրայեցիները (Մատթ. 24։21; Հայտն. 16։14, 16)։ Ուստի այն խորհուրդները, որ Եհովան տվել էր այդ քրիստոնյաներին, մեզ համար նույնպես կարող են օգտակար լինել։
«ՋԱՆԱԴՐԱԲԱՐ ՀԱՍՈՒՆՈՒԹՅԱՆ ՁԳՏԵՆՔ»
4. Ի՞նչ դժվարությունների էին բախվում հրեա քրիստոնյաները (տես նաև նկարը)։
4 Հրեական ծագում ունեցող քրիստոնյաների համար հեշտ չէր. նրանք պետք է մեծ փոփոխություններ անեին։ Ժամանակին հրեաները Եհովայի ընտրյալ ազգն էին, Երուսաղեմը Աստծու Թագավորության երկրային նստավայրն էր, իսկ տաճարը՝ մաքուր երկրպագության կենտրոնը։ Բացի այդ՝ բոլոր հավատարիմ հրեաները պահում էին Մովսիսական օրենքը և հետևում կրոնական առաջնորդների սահմանած կանոններին։ Կոնկրետ օրենքներ կային սննդակարգի, թլփատության և այն մասին, թե ինչ հարաբերությունների մեջ է հարկավոր լինել այլազգի մարդկանց հետ։ Սակայն Հիսուսի մահից հետո Մովսիսական օրենքը չեղարկվեց, և Եհովան այլևս չէր ընդունում հրեաների մատուցած զոհերը։ Պաշտամունքի ձևի այդ փոփոխությանը հարմարվելը հեշտ չէր հրեա քրիստոնյաների համար (Եբր. 10։1, 4, 10)։ Անգամ հասուն քրիստոնյաները, ինչպես, օրինակ, Պետրոս առաքյալը, դժվարանում էին հարմարվել որոշ փոփոխությունների (Գործ. 10։9-14; Գաղ. 2։11-14)։ Բացի այդ՝ իրենց նոր հավատալիքների պատճառով քրիստոնյաները հայտնվել էին հրեա կրոնական առաջնորդների թիրախում։
Քրիստոնյաները պետք է ամուր կառչած լինեին ճշմարտությանը և մերժեին այն կեղծ գաղափարները, որ տարածում էին իրենց հակառակվող հրեա կրոնականները (տես պարբերություն 4-5)
5. Ո՞ր երկու կողմից էին հակառակության բախվում քրիստոնյաները։
5 Եբրայեցի քրիստոնյաները հակառակության էին բախվում երկու կողմից։ Հրեա կրոնական առաջնորդները նրանց հավատուրաց էին համարում, իսկ քրիստոնյաներից ոմանք պնդում էին, թե Քրիստոսի հետևորդները պետք է շարունակեն պահել Մովսիսական օրենքը։ Նրանք թերևս այդպես էին վարվում հալածանքից խուսափելու համար (Գաղ. 6։12)։ Ի՞նչը կարող էր օգնել հավատարիմ քրիստոնյաներին կառչած մնալ ճշմարտությանը։
6. Ի՞նչ հորդորեց Պողոսը իր հավատակիցներին (Եբրայեցիներ 5։14-6։1)։
6 Եբրայեցիներին գրած նամակում Պողոսը հորդորեց իր հավատակիցներին ավելի խորությամբ ուսումնասիրել Աստծու Խոսքը (կարդա Եբրայեցիներ 5։14-6։1)։ Նա մեջբերումներ արեց Եբրայերեն Գրվածքներից և բացատրեց, թե ինչու է քրիստոնեությունը հուդայականությունից գերադաս։a Պողոսը գիտեր, որ խոր գիտելիքները և ճշմարտությունը ավելի լավ իմանալը կօգներ այդ քրիստոնյաներին բնորոշել կեղծ ուսմունքները և մերժել դրանք։
7. Ի՞նչ դժվարությունների ենք մենք բախվում։
7 Եբրայեցի քրիստոնյաների նման մենք նույնպես առնչվում ենք այնպիսի մարդկանց հետ, որոնք Եհովայի արդար չափանիշներին հակասող տեղեկություններ և գաղափարներ են տարածում։ Մեր հակառակորդները հաճախ քննադատում են մեզ՝ ասելով, որ անհանդուրժող ենք և դաժան, քանի որ պահում ենք բարոյականության վերաբերյալ աստվածաշնչյան չափանիշները։ Աշխարհում մարդիկ իրենց տեսակետներով ու վարվելակերպով ավելի ու ավելի են հեռանում Եհովայի կատարյալ չափանիշներից (Առակ. 17։15)։ Ուստի մենք պետք է կարողանանք զանազանել ճիշտը սխալից և մերժենք հակառակորդների տարածած սխալ գաղափարները, որոնց միջոցով նրանք փորձում են վհատեցնել մեզ կամ շեղել ճիշտ ճանապարհից (Եբր. 13։9)։
8. Ի՞նչ կարող ենք անել, որ շարունակենք հոգևորապես հասունանալ։
8 Լավ կլինի, որ մենք էլ հետևենք հոգևոր հասունության ձգտելու վերաբերյալ Պողոսի տված խորհրդին։ Այսինքն՝ պետք է ճշմարտության մասին խոր գիտելիքներ ձեռք բերենք և ընդօրինակենք Եհովայի մտածելակերպը։ Նույնիսկ նվիրումից ու մկրտությունից հետո է կարևոր, որ շարունակենք բարելավվել այս հարցում։ Անկախ նրանից, թե որքան երկար ենք ճշմարտության մեջ, բոլորս պետք է կանոնավորաբար կարդանք և ուսումնասիրենք Աստծու Խոսքը (Սաղ. 1։2)։ Աստվածաշնչի անձնական ուսումնասիրության լավ սովորություն ունենալը կօգնի մեզ ամրացնել մեր հավատը՝ մի բան, ինչը Պողոսը իր նամակում հորդորեց անել եբրայեցի քրիստոնյաներին (Եբր. 11։1, 6)։
ՀԱՎԱՏԻ ՇՆՈՐՀԻՎ ԿՊԱՀՊԱՆԵՆՔ ՄԵՐ ԿՅԱՆՔԸ
9. Ամուր հավատ ունենալը ինչո՞ւ էր կենսական եբրայեցի քրիստոնյաների համար։
9 Եբրայեցի քրիստոնյաները պետք է ամուր հավատ ունենային, որպեսզի փրկվեին մոտալուտ նեղությունից, որ գալու էր Հրեաստանի վրա (Եբր. 10։37-39)։ Հիսուսը իր հետևորդներին նախազգուշացրել էր, որ երբ տեսնեն Երուսաղեմը զորքերով շրջապատված, սարերը փախչեն։ Նրա այս նախազգուշացումը վերաբերում էր բոլոր քրիստոնյաներին՝ թե՛ քաղաքում ապրողներին, թե՛ դրա շրջակայքում բնակվողներին (Ղուկ. 21։20-24)։ Անցյալում թշնամու կողմից հարձակման ենթարկվելիս ժողովուրդը սովորաբար պաշտպանություն էր գտնում պարսպապատ քաղաքներում, իսկ Երուսաղեմը հենց այդպիսի քաղաք էր։ Ուստի սարերը փախչելու հրահանգը գուցե անտրամաբանական թվար։ Մեծ հավատ էր պետք դրան հետևելու համար։
10. Ամուր հավատը ի՞նչ անելու կմղեր քրիստոնյաներին (Եբրայեցիներ 13։17)։
10 Եբրայեցի քրիստոնյաները պետք է նաև վստահեին նրանց, ում միջոցով Հիսուսը առաջնորդում էր ժողովը։ Առաջնորդող եղբայրները թերևս կոնկրետ հրահանգներ էին տալիս, որպեսզի ժողովում բոլորին օգնեին ճիշտ ժամանակին և կազմակերպված ձևով հետևել Հիսուսի առաջնորդությանը (կարդա Եբրայեցիներ 13։17)։ Եբրայեցիներ 13։17-ում «հնազանդվել» թարգմանված հունարեն բառը ենթադրում է, որ անհատը հնազանդվում է, քանի որ եկել է այն համոզման, որ առաջնորդություն տվողը արժանի է վստահության։ Այսինքն՝ նա հնազանդվում է ոչ թե զուտ այն պատճառով, որ տվյալ անձնավորությունը լիազորված է առաջնորդելու, այլ քանի որ վստահում է նրան։ Ուստի անհրաժեշտ էր, որ եբրայեցի քրիստոնյաները նախքան նեղության վրա հասնելը վստահություն զարգացնեին առաջնորդող եղբայրների հանդեպ։ Եթե նրանք խաղաղ ժամանակներում պատրաստակամորեն հնազանդվեին երեցների տված հրահանգներին, նրանց համար ավելի հեշտ կլիներ նույնն անել նաև դժվար ժամանակներում։
11. Ինչո՞ւ է շատ կարևոր, որ քրիստոնյաները ամուր հավատ ունենան։
11 Մենք էլ եբրայեցի քրիստոնյաների նման՝ ամուր հավատի կարիք ունենք։ Մեր օրերում մարդկանց մեծամասնությունը չի հավատում աշխարհի վերջի վերաբերյալ Աստվածաշնչի նախազգուշացմանը և անգամ ծաղրանքով է վերաբերվում դրան (2 Պետ. 3։3, 4)։ Բացի այդ, թեև Աստվածաշունչը մի շարք մանրամասներ է մեզ հայտնում մեծ նեղության մասին, շատ բաներ կան, որ մենք չգիտենք։ Մեզ ամուր հավատ է պետք համոզված լինելու համար, որ այս համակարգի վերջը կգա ճիշտ ժամանակին, և որ Եհովան հոգ կտանի մեր մասին (Ամբ. 2։3)։
12. Ի՞նչը կօգնի մեզ փրկվել մեծ նեղությունից։
12 Մենք պետք է ամրացնենք մեր հավատը այն բանում, որ Եհովան այսօր «հավատարիմ և իմաստուն ծառայի» միջոցով է առաջնորդում մեզ (Մատթ. 24։45)։ Երբ մեծ նեղությունը սկսվի, փրկվելու համար մենք գուցե կոնկրետ հրահանգներ ստանանք, ճիշտ ինչպես եբրայեցի քրիստոնյաները թերևս ստացան, երբ հռոմեացիները շրջապատել էին Երուսաղեմը։ Հիմա է ժամանակը, որ ամրացնենք մեր վստահությունը այն առաջնորդության հանդեպ, որ ստանում ենք Եհովայի կազմակերպությունից առաջնորդող եղբայրների միջոցով։ Եթե այսօր դժվարանում ենք հետևել նրանց տված հրահանգներին, ապա մեծ նեղության ընթացքում հազիվ թե կարողանանք այդպես վարվել։
13. Ինչո՞ւ էր Եբրայեցիներ 13։5-ում արձանագրված խորհուրդը տեղին։
13 Մինչ հրեա քրիստոնյաները սպասում էին սարերը փախչելու հրահանգին, պետք է պարզ կյանք վարեին՝ հեռու մնալով «փողասիրությունից» (կարդա Եբրայեցիներ 13։5)։ Նրանցից ոմանք տեսել էին սով և աղքատություն (Եբր. 10։32-34)։ Ու թեև այդ քրիստոնյաները հանուն բարի լուրի դժվարությունների միջով էին անցել, նրանցից ոմանք թերևս սկսել էին իրենց հույսը դնել հարստության վրա։ Սակայն փողը չէր կարող նրանց փրկել մոտալուտ կործանումից (Հակ. 5։3)։ Իրականում նյութական բաների հանդեպ կապվածություն ունեցողների համար գուցե ավելի դժվար լիներ փախչել սարերը՝ հետևում թողնելով իրենց տներն ու ունեցվածքը։
14. Ամուր հավատը ինչպե՞ս կարող է ազդել նյութականի հետ կապված մեր որոշումների վրա։
14 Եթե ամուր հավատ ունենանք, որ այս չար համակարգի վախճանը շատ մոտ է, նյութապաշտության ծուղակը չենք ընկնի։ Մեծ նեղության ընթացքում փողը ոչ մի արժեք չի ունենա։ Աստվածաշնչում ասվում է, որ մարդիկ «իրենց արծաթը փողոց կշպրտեն», քանի որ կհասկանան, որ «ո՛չ արծաթը, ո՛չ էլ ոսկին չեն կարողանա նրանց փրկել Եհովայի ցասման օրը» (Եզեկ. 7։19)։ Ուստի փոխանակ կենտրոնանալու հնարավորինս շատ գումար վաստակելու վրա՝ ճիշտ կլինի՝ այնպիսի որոշումներ կայացնենք, որոնք կօգնեն մեզ ապրել պարզ, բայց հավասարակշռված կյանքով։ Սա նշանակում է, որ անտեղի պարտքեր չենք վերցնի և նյութական իրեր չենք կուտակի, որոնց մասին հոգ տանելը շատ ժամանակ կպահանջի։ Բացի այդ՝ մենք չափից շատ չենք կապվի այն ունեցվածքի հետ, որ արդեն ունենք (Մատթ. 6։19, 24)։ Որքան այս համակարգի վերջը մոտենա, այնքան ավելի շատ առիթներ կստեղծվեն ցույց տալու՝ վստահում ենք Եհովայի՞ն, թե՞ մեր ունեցվածքին։
«ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ԴԻՄԱՆԱՔ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
15. Եբրայեցի քրիստոնյաները ինչո՞ւ դիմացկունության կարիք ունեին։
15 Հրեաստանում իրավիճակը վատթարանում էր, ուստի եբրայեցի քրիստոնյաները պետք է դիմանային հավատի տարբեր փորձությունների (Եբր. 10։36)։ Ճիշտ է, նրանցից ոմանք անցել էին կատաղի հալածանքների միջով, բայց շատերը քրիստոնեությունը ընդունել էին համեմատաբար խաղաղ ժամանակներում։ Պողոսը նշեց, որ թեև նրանք դիմացել են հավատի ծանր փորձությունների, բայց Հիսուսի պես կյանքի գնով չեն արել դա (Եբր. 12։4)։ Սակայն քրիստոնեության տարածումը զայրացնում էր հրեա հակառակորդներին, ու նրանք գնալով ավելի մեծ ատելությամբ ու դաժանությամբ էին լցվում։ Եբրայեցիներին ուղղված նամակը գրելուց մի քանի տարի առաջ, երբ Պողոսը քարոզում էր Երուսաղեմում, կատաղի ամբոխը հարձակվել էր նրա վրա։ Ավելի քան 40 հրեա «երդվել էին, որ չեն ուտի ու չեն խմի, մինչև Պողոսին չսպանեն» (Գործ. 22։22; 23։12-14)։ Կրոնական ֆանատիզմի և ատելության այդպիսի մթնոլորտում քրիստոնյաները պետք է շարունակեին միասին հավաքվել, քարոզել բարի լուրը և իրենց հավատը ամուր պահել։
16. «Եբրայեցիներ» գիրքը ինչպե՞ս կարող է օգնել մեզ ճիշտ վերաբերմունք ունենալ հալածանքի հանդեպ (Եբրայեցիներ 12։7)։
16 Ինչպե՞ս կարող էին եբրայեցի քրիստոնյաները դիմանալ հակառակությանը։ Պողոսը ուզում էր օգնել նրանց, որ ճիշտ վերաբերմունք ունենային իրենց փորձությունների հանդեպ։ Ուստի բացատրեց, որ Աստված գուցե թույլ տա՝ քրիստոնյան հավատի փորձություններ ունենա, որպեսզի ինչ-որ բան սովորեցնի նրան (կարդա Եբրայեցիներ 12։7)։ Նման ուսուցման շնորհիվ անհատը կարող է քրիստոնեական հատկություններ զարգացնել կամ բարելավել դրանք։ Եթե եբրայեցի քրիստոնյաները կենտրոնանային իրենց փորձությունների բերած լավ արդյունքների վրա, նրանց համար ավելի հեշտ կլիներ դիմանալ դրանց (Եբր. 12։11)։
17. Ի՞նչ էր սովորել Պողոսը փորձություններին դիմանալու հետ կապված։
17 Պողոսը հորդորեց եբրայեցի քրիստոնյաներին փորձությունների բախվելիս քաջ լինել և չհանձնվել։ Ինչ խոսք, նա կարող էր այդ հարցում լավ խորհուրդ տալ։ Նախկինում հենց ինքն էր հալածել քրիստոնյաներին, ուստի լավ գիտեր, թե որքան դաժան են նրանց հակառակորդները։ Իսկ քրիստոնյա դառնալուց հետո նա հակառակության տարբեր ձևերի էր բախվել (2 Կորնթ. 11։23-25)։ Հետևաբար հասկանում էր, թե ինչ է պետք փորձություններին դիմանալու համար։ Առաքյալը քրիստոնյաներին հիշեցրեց, որ փորձությունների բախվելիս պետք է Եհովային ապավինեն, ոչ թե իրենք իրենց։ Դա էր պատճառը, որ նա քաջությամբ կարող էր ասել. «Եհովան է ինձ օգնողը, ես չեմ վախենա» (Եբր. 13։6)։
18. Ի՞նչ է սպասում մեզ բոլորիս ապագայում, և մենք ի՞նչ պետք է անենք հիմա։
18 Մեր հավատակիցներից ոմանք հենց այս պահին հալածանքների միջով են անցնում։ Մենք կարող ենք հավատարմորեն աջակցել նրանց՝ աղոթելով նրանց համար և որոշ դեպքերում գործնական օգնություն ցուցաբերելով (Եբր. 10։33)։ Բայց Աստվածաշնչում հստակ ասվում է, որ «բոլոր նրանք, ովքեր, լինելով Քրիստոս Հիսուսի հետևորդներ, ցանկանում են ապրել աստվածանվեր կյանքով, նույնպես հալածանքներ կկրեն» (2 Տիմոթ. 3։12)։ Ուստի բոլորս պետք է պատրաստվենք ապագայում սպասվող դժվար ժամանակներին։ Եկեք շարունակենք լիովին վստահել Եհովային՝ համոզված լինելով, որ նա կօգնի մեզ դիմանալ ապագայում սպասվող ցանկացած փորձության և նշանակված ժամանակին թեթևացում կբերի իր բոլոր հավատարիմ ծառաներին (2 Թեսաղ. 1։7, 8)։
19. Ո՞ր գործնական քայլերը կօգնեն մեզ պատրաստվել մեծ նեղությանը (տես նաև նկարը)։
19 Անկասկած, Պողոսի գրած նամակը օգնեց առաջին դարի քրիստոնյաներին պատրաստվել գալիք դժվարություններին։ Առաքյալը հորդորեց իր հավատակիցներին խորությամբ ուսումնասիրել Աստծու Խոսքը և ավելի լավ հասկանալ այն։ Այդպես վարվելը կօգներ նրանց տարբերել ճիշտը սխալից և մերժել այն ուսմունքները, որոնք կարող էին քայքայել իրենց հավատը։ Պողոսը նաև օգնեց նրանց ամրացնել իրենց հավատը, որպեսզի կարողանային առանց հապաղելու հետևել այն հրահանգներին, որ տալիս էին Հիսուսը և ժողովին առաջնորդող եղբայրները։ Բացի այդ՝ նա օգնեց նրանց դիմացկունություն զարգացնել՝ հորդորելով ճիշտ վերաբերմունք ունենալ փորձությունների հանդեպ և դրանք համարել մեր երկնային Հոր կողմից ուսուցանվելու լավ առիթ։ Եկեք մենք էլ կիրառենք այս սուրբգրային խորհուրդները։ Այդ դեպքում կկարողանանք հավատարմորեն դիմանալ մինչև վերջ (Եբր. 3։14)։
Հավատարիմ քրիստոնյաների դիմացկունությունը վարձատրվել է։ Հրեաստանից փախչելուց հետո էլ նրանք շարունակում են միասին հավաքվել։ Ի՞նչ կարող ենք սովորել (տես պարբերություն 19)
ԵՐԳ 126 Արթուն մնացեք, հաստատ կանգնեք, զորացեք
a «Եբրայեցիներ» գրքի միայն առաջին գլխում Պողոսը առնվազն յոթ մեջբերում է անում Եբրայերեն Գրվածքներից՝ փաստելու համար, որ քրիստոնեությունը գերադաս է հուդայականությունից (Եբր. 1։5-13)։