Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w25 մարտ էջ 2–7
  • Մի՛ հետաձգիր մկրտվելը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մի՛ հետաձգիր մկրտվելը
  • 2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՍԱՄԱՐԱՑԻՆԵՐԸ ՄԿՐՏՎՈՒՄ ԵՆ
  • ՏԱՐՍՈՆԱՑԻ ՍՈՂՈՍԸ ՄԿՐՏՎՈՒՄ Է
  • ԿՈՌՆԵԼԻՈՍԸ ՄԿՐՏՎՈՒՄ Է
  • ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԸ ՄԿՐՏՎՈՒՄ ԵՆ
  • ՔՈ ՀԱՎԱՏԸ ԿԱՐՈՂ Է «ՍԱՐԵՐ ՏԵՂԱՓՈԽԵԼ»
  • Մկրտությունից հետո շարունակիր հետևել Քրիստոսին
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Պատրա՞ստ ես նվիրվելու Եհովային
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Պատրա՞ստ ես մկրտության
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Համաժողովին կհնչեն հետևյալ հարցերի պատասխանները
    Շրջանային համաժողով շրջանային վերակացուի մասնակցությամբ. ծրագիր 2025–2026
Ավելին
2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w25 մարտ էջ 2–7

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 9

ԵՐԳ 51 Մենք Աստծուն ենք նվիրվել

Մի՛ հետաձգիր մկրտվելը

«Հիմա ինչո՞ւ ես հապաղում։ Վեր կաց, մկրտվիր» (ԳՈՐԾ. 22։16)։

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ

Սամարացիների, տարսոնացի Սողոսի, Կոռնելիոսի և կորնթացիների օրինակները քննելը քեզ վճռականությամբ կլցնի, որ մկրտվես։

1. Մկրտվելու ի՞նչ պատճառներ ունենք։

ՍԻՐՈ՞ՒՄ ԵՍ Եհովա Աստծուն, ով քեզ տվել է բոլոր լավ բաները, այդ թվում՝ կյանքը։ Իսկ ուզո՞ւմ ես արտահայտել այդ սերը։ Դա անելու լավագույն կերպը կյանքդ նրան նվիրելն ու մկրտվելն է։ Այդ քայլերն անելով՝ դու նրա ընտանիքի անդամը կդառնաս։ Արդյունքում Եհովան՝ քո Հայրն ու Ընկերը, կառաջնորդի քեզ ու հոգ կտանի քեզ համար, քանի որ դու արդեն նրան կպատկանես (Սաղ. 73։24; Ես. 43։1, 2)։ Նվիրման ու մկրտության շնորհիվ դու նաև հավիտյան ապրելու հեռանկար ձեռք կբերես (1 Պետ. 3։21)։

2. Ի՞նչ ենք ուսումնասիրելու այս հոդվածում։

2 Կա՞ ինչ-որ բան, որ քեզ հետ է պահում մկրտվելուց։ Միլիոնավոր մարդիկ փոխել են իրենց վարքը և մտածելակերպը, որպեսզի համապատասխանեն մկրտության համար սահմանված պահանջներին։ Այժմ նրանք ուրախությամբ ու եռանդով ծառայում են Եհովային։ Ի՞նչ կարող ես սովորել առաջին դարում մկրտված որոշ մարդկանց օրինակից։ Տեսնենք, թե ինչ խոչընդոտների են նրանք բախվել, և թե ինչով է նրանց օրինակը ուսանելի։

ՍԱՄԱՐԱՑԻՆԵՐԸ ՄԿՐՏՎՈՒՄ ԵՆ

3. Որոշ սամարացիների ի՞նչն էր թերևս խանգարում մկրտվել։

3 Հիսուսի օրերում սամարացիները պատկանում էին աղանդավորական խմբի, և նրանց մեծ մասն ապրում էր Հրեաստանի հյուսիսում՝ հին Սյուքեմի և Սամարիայի մերձակայքում։ Նախքան մկրտվելը նրանք պետք է Աստծու Խոսքի վերաբերյալ լիարժեք գիտելիքներ ձեռք բերեին։ Սամարացիները Աստվածաշնչի միայն առաջին հինգ գրքերն էին համարում ներշնչմամբ գրված՝ «Ծննդոցից» մինչև «2 Օրենք» գրքերը, և հավանաբար «Հեսու» գիրքը։ Այնուամենայնիվ, հիմնվելով 2 Օրենք 18։18, 19 համարների վրա՝ նրանք սպասում էին Մեսիայի գալուն (Հովհ. 4։25)։ Մկրտվելու համար նրանք պետք է ընդունեին Հիսուսին որպես խոստացված Մեսիայի։ Եվ «շատ սամարացիներ» հենց այդպես վարվեցին (Հովհ. 4։39)։ Ոմանք էլ թերևս պետք է ձերբազատվեին արմատացած նախապաշարմունքից, որ կար սամարացիների ու հրեաների միջև (Ղուկ. 9։52-54)։

4. Գործեր 8։5, 6, 14 համարների համաձայն՝ ինչպե՞ս որոշ սամարացիներ արձագանքեցին Փիլիպոսի քարոզչությանը։

4 Սամարացիներին ի՞նչը մղեց, որ մկրտվեն։ Երբ Փիլիպոս ավետարանիչը քարոզեց «Քրիստոսի մասին», որոշ սամարացիներ «ընդունեցին Աստծու խոսքը» (կարդա Գործեր 8։5, 6, 14)։ Թեև Փիլիպոսը հրեա էր, բայց նրանք լսեցին նրան։ Հնարավոր է՝ նրանք Հնգամատյանից հիշեցին որոշ համարներ, որտեղ ասվում է, որ Աստված կողմնապահ չէ (2 Օրենք 10։17-19)։ Ինչն էլ լիներ պատճառը, նրանք «ուշադրություն դարձրին [Քրիստոսի մասին] նրա ասածներին» և ընդունեցին այն բանի ապացույցը, որ Աստված էր ուղարկել Փիլիպոսին, քանի որ վերջինս նաև շատ հրաշքներ էր անում, այդ թվում՝ բուժում էր հիվանդներին և դևեր հանում (Գործ. 8։7)։

5. Ի՞նչ կարող ես սովորել սամարացիներից։

5 Սամարացիները կարող էին թույլ տալ, որ նախապաշարմունքը կամ գիտելիքների պակասը խանգարեն իրենց հոգևորապես առաջադիմել։ Բայց նրանք այդպես չարեցին։ Երբ նրանք համոզվեցին, որ Փիլիպոսը ճշմարտությունն է սովորեցնում, չհետաձգեցին մկրտվելը։ Աստվածաշնչում կարդում ենք. «Երբ հավատացին Փիլիպոսին, որը Աստծու թագավորության և Հիսուս Քրիստոսի անվան մասին բարի լուրն էր քարոզում, մկրտվեցին՝ թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք» (Գործ. 8։12)։ Իսկ դու համոզվա՞ծ ես, որ Աստծու Խոսքը ճշմարտությունն է, և որ Եհովայի վկաները ձերբազատվում են նախապաշարմունքից ու ձգտում են անկեղծ սեր դրսևորել միմյանց հանդեպ, սեր, որը ճշմարիտ քրիստոնյաների տարբերակիչ նշանն է (Հովհ. 13։35)։ Եթե համոզված ես, ապա վճռականորեն գործի անցիր՝ վստահ լինելով, որ Եհովան կօրհնի քեզ։

6. Ռուբենի օրինակը ինչո՞վ է օգտակար քեզ համար։

6 Գերմանիայում ապրող Ռուբեն անունով մի եղբայր մեծացել է Վկաների ընտանիքում։ Պատանեկան տարիքում նա սկսեց կասկածել, որ Եհովան գոյություն ունի։ Ինչպե՞ս նա փարատեց այդ կասկածը։ Հասկանալով, որ այդ հարցի մասին քիչ տեղեկություն ունի՝ Ռուբենը որոշեց քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ Եղբայրն ասում է. «Անձնական ուսումնասիրությանս ժամանակ ես պետք է փաստեր գտնեի։ Ուստի էվոլյուցիայի վերաբերյալ նյութեր ուսումնասիրեցի»։ Նա կարդաց «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գիրքը։ Այն ընթերցելը շրջադարձային եղավ Ռուբենի համար։ Նա մտածեց. «Օհո, փաստորեն Եհովան գոյություն ունի»։ Իսկ երբ նա այցելեց գլխավոր վարչություն, ավելի մեծ գնահատանքով ու սիրով լցվեց մեր միասնական համաշխարհային եղբայրության հանդեպ, որը մերօրյա հրաշք է։ Վերադառնալով Գերմանիա՝ նա 17 տարեկանում մկրտվեց։ Եթե դու էլ կասկածներ ունես, փնտրտուքներ արա մեր հրատարակություններում, որպեսզի փաստեր գտնես դրանք փարատելու համար։ Հիշիր, կասկածները հնարավոր է արմատախիլ անել «ճշգրիտ գիտելիքների» միջոցով (Եփես. 4։13, 14)։ Երբ աշխարհի տարբեր մասերում ապրող հավատակիցներիդ սիրո և միասնության մասին պատմություններ լսես և քո իսկ ժողովում տեսնես դրա վառ ապացույցը, մեր համաշխարհային եղբայրության հանդեպ գնահատանքդ ավելի կխորանա։

ՏԱՐՍՈՆԱՑԻ ՍՈՂՈՍԸ ՄԿՐՏՎՈՒՄ Է

7. Սողոսն ի՞նչ մտածելակերպ ուներ, որը պիտի փոխեր։

7 Ուշադրություն դարձնենք տարսոնացի Սողոսի օրինակին։ Նա լավ գիտեր հրեական օրենքը և ազդեցիկ դիրք ուներ (Գաղ. 1։13, 14; Փիլիպ. 3։5)։ Այն ժամանակ, երբ շատ հրեաներ քրիստոնյաներին համարում էին հավատուրացներ, Սողոսը դաժանաբար հալածում էր նրանց։ Նա թյուրիմացաբար մտածում էր, թե Աստծու կամքն է կատարում (Գործ. 8։3; 9։1, 2; 26։9-11)։ Որպեսզի ընդուներ Հիսուսին, մկրտվեր ու դառնար քրիստոնյա, Սողոսը պետք է պատրաստ լիներ հալածանքներ կրելու։

8. ա) Սողոսին ի՞նչը մղեց մկրտվելու։ բ) Գործեր 22։12-16-ի համաձայն՝ Անանիան ինչպե՞ս օգնեց Սողոսին (տես նաև նկարը)։

8 Սողոսին ի՞նչը մղեց մկրտվելու։ Երբ փառավորված Տեր Հիսուսը երևաց Սողոսին, վերջինս կուրացավ (Գործ. 9։3-9)։ Երեք օր նա ծոմ պահեց և անկասկած խորհեց իր հետ պատահածի շուրջ։ Սողոսը համոզվեց, որ Հիսուսը Մեսիան է, և որ նրա հետևորդները ճիշտ կրոնն են դավանում։ Նրա խիղճը թերևս տանջում էր Ստեփանոսի սպանությանը մասնակից լինելու պատճառով (Գործ. 22։20)։ Երրորդ օրը Հիսուսի աշակերտներից մեկը, ում անունը Անանիա էր, եկավ նրա մոտ, վերականգնեց նրա տեսողությունը և հորդորեց առանց հապաղելու մկրտվել (կարդա Գործեր 22։12-16)։ Սողոսը խոնարհաբար ընդունեց նրա օգնությունը և նոր կյանքի ուղի բռնեց (Գործ. 9։17, 18)։

Սողոսը մտնում է ջուրը, որ մկրտվի։ Մի քանի հոգի ուրախ նայում են։

Սողոսի պես կհետևե՞ս մկրտվելու հորդորին (տես պարբերություն 8)


9. Ի՞նչ կարող ես սովորել Սողոսից։

9 Սողոսից շատ բան ունենք սովորելու։ Նա կարող էր թույլ տալ, որ հպարտությունն ու մարդավախությունը խանգարեն իրեն մկրտվել, բայց թույլ չտվեց։ Երբ Սողոսն ընդունեց Քրիստոսի մասին ճշմարտությունը, խոնարհաբար փոխեց իր ապրելակերպը (Գործ. 26։14, 19)։ Նա պատրաստ էր քրիստոնյա դառնալ, թեպետ գիտեր, որ հալածվելու է (Գործ. 9։15, 16; 20։22, 23)։ Իր մկրտությունից հետո Սողոսը շարունակեց ապավինել Եհովային՝ համոզված լինելով, որ նա կօգնի իրեն դիմանալ տարատեսակ փորձությունների (2 Կորնթ. 4։7-10)։ Դու էլ, մկրտվելով և դառնալով Եհովայի վկա, հնարավոր է՝ բախվես հակառակության, կամ գուցե հավատդ փորձվի։ Բայց համոզված եղիր, որ երբեք անօգնական չես լինի. Եհովան ու Հիսուսը միշտ կզորացնեն քեզ (Փիլիպ. 4։13)։

10. Ի՞նչ ես սովորում Աննայի օրինակից։

10 Աննան մեծացել է Արևելյան Եվրոպայում՝ քրդերի ընտանիքում։ Իր մոր մկրտությունից հետո, երբ նա ինը տարեկան էր, հոր թույլտվությամբ սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Սակայն նրա բարեկամները, ովքեր իրենց հետ էին բնակվում, սկսեցին ճնշել նրան։ Նրանք անպատիվ արարք էին համարում նախնիների կրոնից հրաժարվելը։ Երբ Աննան 12 տարեկան դարձավ, իր հորից մկրտվելու թույլտվություն խնդրեց։ Հայրը հարցրեց աղջկան՝ արդյոք դա նրա՞ որոշումն է, թե՞ ինչ-որ մեկը ճնշում է գործադրել նրա վրա։ Աննան պատասխանեց. «Ես սիրում եմ Եհովային»։ Ուստի հայրը թույլ տվեց, որ նա մկրտվի։ Դրանից հետո Աննային սկսեցին ծաղրել և վատ վերաբերվել։ Նրա բարեկամներից մեկն ասաց նրան. «Ավելի լավ է՝ անբարոյական լինեիր ու ծխեիր, քան Եհովայի վկա դառնայիր»։ Մեր քույրն ինչպե՞ս դիմացավ։ Նա ասում է. «Եհովան օգնում էր ինձ ուժեղ լինել, հայրս ու մայրս էլ ամեն կերպ աջակցում էին»։ Աննան գրի է առնում այն դեպքերը, երբ իր կյանքում առանձնահատուկ ձևով զգում է Եհովայի ձեռքը, և ժամանակ առ ժամանակ աչքի է անցկացնում իր գրառումները, որպեսզի երբեք չմոռանա, թե ինչպես է Եհովան օգնել իրեն։ Եթե վախենում ես հակառակությունից, հիշիր, որ Եհովան քեզ էլ կօգնի (Եբր. 13։6)։

ԿՈՌՆԵԼԻՈՍԸ ՄԿՐՏՎՈՒՄ Է

11. Կոռնելիոսին ի՞նչը գուցե խանգարեր մկրտվել։

11 Աստվածաշնչում կարդում ենք նաև Կոռնելիոսի մասին։ Նա հռոմեական բանակի «հարյուրապետ էր»՝ մոտ 100 զինվորի հրամանատար (Գործ. 10։1)։ Ուստի տրամաբանական է եզրակացնել, որ հասարակության և զինվորականների շրջանում նա մեծ հեղինակություն ուներ։ Կոռնելիոսը «բարի գործեր էր անում աղքատների համար» (Գործ. 10։2)։ Եհովան Պետրոս առաքյալին ուղարկեց, որ նրան հայտնի բարի լուրը։ Արդյոք Կոռնելիոսը իր դիրքի պատճառով հետաձգե՞ց մկրտվելը։

12. Կոռնելիոսին ի՞նչն օգնեց մկրտվել։

12 Ի՞նչն օգնեց Կոռնելիոսին մկրտվել։ Աստվածաշնչում կարդում ենք, որ «[Կոռնելիոսը] և իր տան բոլոր անդամները.... աստվածավախ մարդիկ էին», և որ նա միշտ աղոթում էր Աստծուն (Գործ. 10։2)։ Երբ Պետրոսը Կոռնելիոսին հայտնեց բարի լուրը, նա և իր ընտանիքը հավատացին Քրիստոսին ու անմիջապես մկրտվեցին (Գործ. 10։47, 48)։ Կոռնելիոսն անկասկած պատրաստ էր անելու ցանկացած անհրաժեշտ փոփոխություն, որ իր ընտանիքի հետ պաշտեր Եհովային (Հեսու 24։15; Գործ. 10։24, 33)։

13. Ի՞նչ ես սովորում Կոռնելիոսից։

13 Սողոսի նման Կոռնելիոսը նույնպես թույլ չտվեց, որ իր դիրքը հետ պահի իրեն քրիստոնյա դառնալուց։ Եթե Եհովային նվիրվելու համար դու էլ պետք է լուրջ փոփոխություններ անես կյանքում, վստահ եղիր, որ նա կօգնի քեզ։ Վճռիր Աստծու ծառան դառնալու համար քո կյանքում կիրառել աստվածաշնչյան սկզբունքները և կտեսնես, թե նա ինչպես է օրհնում քեզ։

14. Ի՞նչ ես սովորում Սույոշիից։

14 Սույոշին, ով ապրում է Ճապոնիայում, կարծում էր, որ պետք է փոխի աշխատանքը, որպեսզի համապատասխանի մկրտության համար սահմանված պահանջներին։ Նա Իկենոբո ծաղկարվեստի դպրոցի տնօրենի օգնականն էր։ Երբ տնօրենը չէր կարողանում ներկա լինել հուղարկավորության, Սույոշին հաճախ նրա փոխարեն էր գնում և բուդդայական ծես էր կատարում։ Բայց երբ նա իմացավ մահվան մասին ճշմարտությունը, հասկացավ, որ չի կարող մկրտվել, եթե շարունակի նման արարողություններ անցկացնել։ Սույոշին որոշեց այլևս չմասնակցել բուդդայական ծեսերին (2 Կորնթ. 6։15, 16)։ Ուստի այդ մասին խոսեց տնօրենի հետ։ Ի՞նչ եղավ արդյունքում։ Նա չկորցրեց աշխատանքը, բայց միևնույն ժամանակ դադարեց մասնակցել այդ ծեսերին։ Աստվածաշունչ ուսումնասիրելուց մոտ մեկ տարի անց Սույոշին մկրտվեց։a Եթե տեսնում ես, որ Եհովային հաճելի լինելու համար աշխատանքիդ հարցում փոփոխություններ անելու կարիք կա, համոզված եղիր, որ նա կտա այն ամենը, ինչ անհրաժեշտ է քեզ ու ընտանիքիդ (Սաղ. 127։2; Մատթ. 6։33)։

ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԸ ՄԿՐՏՎՈՒՄ ԵՆ

15. Կորնթացիներին ի՞նչը կարող էր խանգարել մկրտվել։

15 Հին Կորնթոսում մարդիկ նյութապաշտ ու բարոյազուրկ էին։ Շատերը Աստծուն տհաճ կյանքով էին ապրում։ Հստակ է, որ այդպիսի մթնոլորտը իսկական փորձություն էր լինելու նրանց համար, ովքեր ընդունելու էին ճշմարտությունը։ Այնուամենայնիվ, երբ Պողոսը եկավ այդ քաղաք և քարոզեց Քրիստոսի մասին, «կորնթացիներից շատերը, լսելով բարի լուրը, հավատացին ու մկրտվեցին» (Գործ. 18։7-11)։ Հետո Տեր Հիսուս Քրիստոսը տեսիլքում երևաց Պողոսին և ասաց. «Այս քաղաքում շատ մարդիկ հավատալու են ինձ»։ Ուստի Պողոսը մնաց այնտեղ և մեկ ու կես տարի էլ քարոզեց։

16. Որոշ կորնթացիների ի՞նչն օգնեց հաղթահարել խոչընդոտները (2 Կորնթացիներ 10։4, 5)։

16 Կորնթացիներին ի՞նչն օգնեց, որ մկրտվեն (կարդա 2 Կորնթացիներ 10։4, 5)։ Աստծու Խոսքն ու նրա հզոր ոգին օգնեցին նրանց էական փոփոխություններ անել կյանքում (Եբր. 4։12)։ Այն կորնթացիները, ովքեր ընդունեցին Քրիստոսի մասին բարի լուրը, կարողացան հրաժարվել այնպիսի սովորություններից ու գործերից, ինչպիսիք էին հարբեցողությունը, գողությունը և համասեռամոլությունը (1 Կորնթ. 6։9-11)։b

17. Ի՞նչ ես սովորում կորնթացիներից։

17 Նկատի առ, որ թեև որոշ կորնթացիներ խորը արմատացած սովորություններ պետք է հաղթահարեին, սակայն նրանք չէին կարծում, որ քրիստոնյա դառնալը չափազանց դժվար է։ Այդ մարդիկ մեծ ջանքեր գործադրեցին, որպեսզի կանգնեն դժվարանցանելի ուղու վրա, որը դեպի հավիտենական կյանք է տանում (Մատթ. 7։13, 14)։ Դու է՞լ ես պայքարում վատ սովորության դեմ, որպեսզի կարողանաս մկրտվել։ Երբեք չհանձնվես։ Աղաչիր Եհովային, որ իր սուրբ ոգու միջոցով օգնի քեզ հաղթահարել սխալ բան անելու ցանկությունը։

18. Մոնիկայի օրինակն ինչո՞վ է օգտակար քեզ համար։

18 Մոնիկան, որն ապրում է Վրաստանում, ուզում էր մկրտվել, ուստի պայքարում էր, որպեսզի անվայել խոսքեր չասեր և անպատշաճ զվարճությունների չմասնակցեր։ Նա ասում է. «Երբ պատանի էի, զորանում էի աղոթքի միջոցով։ Եհովան գիտեր, որ ուզում եմ ճիշտն անել, և միշտ օգնում և առաջնորդում էր ինձ»։ 16 տարեկանում Մոնիկան մկրտվեց։ Կա՞ն բաներ, որոնցից պետք է հրաժարվես Եհովային ընդունելի կերպով ծառայելու համար։ Ուրեմն շարունակիր խնդրել նրան, որ քեզ ուժ տա փոփոխություններ անելու։ Եհովան առատաձեռնորեն կտա քեզ իր սուրբ ոգին (Հովհ. 3։34)։

ՔՈ ՀԱՎԱՏԸ ԿԱՐՈՂ Է «ՍԱՐԵՐ ՏԵՂԱՓՈԽԵԼ»

19. Ի՞նչը կօգնի քեզ հաղթահարել սարանման խոչընդոտները (տես նաև նկարը)։

19 Վստահ եղիր, որ Եհովան սիրում է քեզ և ուզում է, որ լինես նրա ընտանիքի անդամը՝ անկախ նրանից, թե մկրտության ճանապարհին ինչ խոչընդոտների ես բախվում։ Հիսուսն իր աշակերտներից ոմանց ասաց. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս սարին կասեք՝ «Այստեղից այնտեղ տեղափոխվիր», ու կտեղափոխվի, և ոչինչ անկարելի չի լինի ձեզ համար» (Մատթ. 17։20)։ Այս խոսքերը լսողները ընդամենը մի քանի տարի էր, ինչ Հիսուսի հետ էին, ուստի նրանց հավատը դեռ պետք է ամրանար։ Բայց Հիսուսը նրանց հավաստիացրեց, որ եթե բավականաչափ հավատ զարգացնեն, Եհովան կօգնի նրանց վերացնել իրենց ճանապարհին հանդիպած սարանման խոչընդոտները։ Եհովան քեզ էլ կօգնի նույնն անել։

Համաժողովին մի խումբ եղբայրներ ու քույրեր ծափերով ողջունում են նոր մկրտվածներին։

Համոզված եղիր, որ Եհովան սիրում է քեզ և ցանկանում է, որ իր ընտանիքի մի մասը լինես (տես պարբերություն 19)c


20. Այս հոդվածում նշված առաջին դարի և մերօրյա քրիստոնյաների օրինակն ի՞նչ անելու է մղում քեզ։

20 Եթե տեսնում ես, որ ինչ-որ բան քեզ խանգարում է մկրտվել, անհապաղ քայլեր ձեռնարկիր, որ վերացնես այն։ Առաջին դարի և մերօրյա քրիստոնյաների մասին պատմությունները կքաջալերեն և ուժ կտան քեզ։ Թող որ նրանց օրինակը զորացնի քեզ և մղի նվիրվել Եհովային ու մկրտվել։ Դա լավագույն որոշումն է, որ երբևէ կարող ես կայացնել։

ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԻԴ ՀԱՍՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Ի՞ՆՉ ԵՍ ՍՈՎՈՐՈՒՄ՝

  • սամարացիներից,

  • տարսոնացի Սողոսից և Կոռնելիոսից,

  • կորնթացիներից։

ԵՐԳ 38 Նա կզորացնի քեզ

a Եղբայր Սույոշի Ֆուջիի կենսագրությունը տպագրվել է «Արթնացե՛ք»-ի 2005թ. օգոստոսի 8-ի համարում, էջ 20-23 (անգլ., ռուս.)։

b jw.org կայքում տես «Ինչո՞ւ ես հետաձգում մկրտությունդ» տեսանյութը։

c ՆԿԱՐ։ Մի խումբ եղբայրներ ու քույրեր ջերմորեն ողջունում են նրանց, ովքեր հենց նոր են մկրտվել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը