ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 23
ԵՐԳ 2 Քո անունը Եհովա է
Եհովայի անունը ի՞նչ նշանակություն պետք է ունենա մեզ համար
«Դուք իմ վկաներն եք,– ասում է Եհովան» (ԵՍ. 43։10)։
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ
Մեր դերը Եհովայի անվան սրբացման և արդարացման հարցում։
1-2. Որտեղի՞ց գիտենք, որ Եհովայի անունը կարևոր է Հիսուսի համար։
ՀԻՍՈՒՍԻ համար Եհովայի անունը ամենակարևոր բանն է։ Նա իր Հոր անունը պաշտպանելու հարցում առանցքային դեր ունի։ Նախորդ հոդվածից իմացանք, որ Հիսուսը պատրաստ էր մահանալ նրա անունը սրբացնելու համար (Մարկ. 14։36; Եբր. 10։7-9)։ Հազար տարի կառավարելուց հետո նա պատրաստակամորեն իշխանությունը կհանձնի Եհովային հանուն նրա անվան սրբացման (1 Կորնթ. 15։26-28)։ Աստծու անվան հանդեպ Հիսուսի սերը շատ բան է բացահայտում իր Հոր հետ ունեցած նրա հարաբերությունների մասին։ Անկասկած, դրանք հստակ ցույց են տալիս, որ Հիսուսը սիրում է այդ անունը Կրողին։
2 Հիսուսը երկիր եկավ իր Հոր անունից (Հովհ. 5։43; 12։13)։ Նա իր հետևորդներին ճանաչեցրեց այդ անունը (Հովհ. 17։6, 26)։ Հիսուսը Եհովայի անունով սովորեցրեց և հրաշքներ արեց (Հովհ. 10։25)։ Նա խնդրեց Եհովային, որ իր հետևորդներին պահպանի «հանուն [Նրա] անվան» (Հովհ. 17։11)։ Հետևաբար եթե Հիսուսի համար այդքան կարևոր էր Եհովայի անունը, մարդ ինչպե՞ս կարող է իրեն Քրիստոսի իսկական հետևորդ համարել և չիմանալ կամ չգործածել Աստծու անունը։
3. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
3 Լինելով քրիստոնյաներ, ովքեր ձգտում են հետևել Հիսուսի հետքերին՝ մենք թանկ ենք համարում Հոր անունը (1 Պետ. 2։21)։ Այս հոդվածից կիմանանք, թե ինչու է Եհովան իր անունը տվել նրանց, ովքեր քարոզում են «Թագավորության մասին.... բարի լուրը» (Մատթ. 24։14)։ Նաև կտեսնենք, թե Եհովայի անունը ինչ նշանակություն պետք է ունենա յուրաքանչյուրիս համար։
«ԺՈՂՈՎՈՒՐԴ.... ՈՐԸ ԿՐԵԼՈՒ Է ԻՐ ԱՆՈՒՆԸ»
4. ա) Ի՞նչ հանձնարարեց Հիսուսն իր աշակերտներին նախքան երկինք վերադառնալը։ բ) Ի՞նչ հարցեր են առաջանում այդ հանձնարարության հետ կապված։
4 Երկինք վերադառնալուց անմիջապես առաջ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Երբ սուրբ ոգին իջնի ձեզ վրա, դուք զորություն կստանաք և իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում և ողջ աշխարհում» (Գործ. 1։8)։ Հետևաբար բարի լուրը քարոզվելու էր նաև Իսրայելի սահմաններից դուրս։ Ի վերջո բոլոր ազգերի մարդիկ հնարավորություն էին ունենալու դառնալ Հիսուսի հետևորդները (Մատթ. 28։19, 20)։ Բայց Հիսուսն ասաց. «Իմ վկաները կլինեք»։ Արդյո՞ք այս նոր աշակերտները պետք է միայն Հիսուսի վկաները լինեին՝ նրա մասին քարոզեին, թե՞ պետք է ճանաչեին Աստծուն և իմանային նրա անունը։ Գործեր 15-րդ գլխում նկարագրված դեպքը օգնում է մեզ գտնել այս հարցի պատասխանը։
5. Երուսաղեմում գտնվող առաքյալներն ու երեցները ինչպե՞ս ցույց տվեցին, որ բոլորը պետք է իմանան Եհովայի անունը (տես նաև նկարը)։
5 49 թվականին Երուսաղեմում գտնվող առաքյալներն ու երեցները հավաքվեցին, որպեսզի քննարկեն, թե անթլփատ այլազգիները ինչ պետք է անեն քրիստոնյա դառնալու համար։ Քննարկման վերջում Հիսուսի եղբայր Հակոբոսը հետևյալն ասաց. «[Պետրոսը] մանրամասն պատմեց, թե ինչպես Աստված առաջին անգամ ուշադրություն դարձրեց այլազգի մարդկանց, որպեսզի նրանց միջից մի ժողովուրդ հավաքի, որը կրելու է իր անունը»։ Ո՞ւմ անվան մասին էր խոսում Հակոբոսը։ Ամոս մարգարեի խոսքերը մեջբերելով՝ նա ավելացրեց. «Որպեսզի նրանք, ովքեր մնացել են, ջանադրաբար ծառայեն Եհովային բոլոր ազգերից հավաքված ժողովրդի հետ, ժողովուրդ, որն իմ անունով է կոչվում,– ասում է Եհովան» (Գործ. 15։14-18)։ Այս նոր աշակերտները ոչ միայն սովորելու էին Եհովայի մասին, այլև կոչվելու էին նրա անունով։ Դա նշանակում էր, որ նրանք կրելու էին Աստծու անունը և ճանաչվելու էին այդ անունով։
Առաջին դարի կառավարիչ մարմնի անդամները հանդիպման ժամանակ հստակ հասկացան, որ քրիստոնյաները պետք է լինեն մի ժողովուրդ, որն Աստծու անունով է կոչվում (տես պարբերություն 5)
6-7. ա) Հիսուսն ինչո՞ւ երկիր եկավ։ բ) Ուրիշ ի՞նչ ավելի կարևոր պատճառ կար։
6 Հիսուսի անունը նշանակում է «Եհովան է փրկությունը»։ Եհովան նրա միջոցով էր փրկելու նրանց, ովքեր կհավատային իրեն և իր Որդուն։ Հիսուսը եկավ երկիր, որ իր կյանքը տա մարդկության համար (Մատթ. 20։28)։ Տալով փրկագինը՝ նա մարդկանց փրկվելու և հավիտյան ապրելու հնարավորություն ընձեռեց (Հովհ. 3։16)։
7 Մարդկությունը փրկագնի կարիք ունի Եդեմի պարտեզում տեղի ունեցածի պատճառով։ Ինչպես նշվեց նախորդ հոդվածում, մեր նախածնողները՝ Ադամն ու Եվան, ըմբոստացան Եհովայի դեմ և կորցրին հավիտյան ապրելու հեռանկարը (Ծննդ. 3։6, 24)։ Ուստի Հիսուսը եկավ երկիր՝ Ադամի ու Եվայի սերունդներին փրկելու համար։ Սակայն նա երկիր եկավ նաև մի շատ ավելի կարևոր պատճառով. Սատանան արատավորել էր Եհովայի անունը (Ծննդ. 3։4, 5)։ Ուստի Ադամի ու Եվայի սերունդների փրկությունը կապված էր այդ կարևորագույն հարցի՝ Եհովայի անվան սրբացման հետ։ Քանի որ Հիսուսը ներկայացնում էր Եհովային և կրում էր նրա անունը, նա առանցքային դեր խաղաց Եհովայի անվան սրբացման հարցում։
Մարդ ինչպե՞ս կարող է իրեն Քրիստոսի իսկական հետևորդ համարել և չիմանալ կամ չգործածել Աստծու անունը
8. Ի՞նչ պետք է ընդունեին Հիսուսին հավատացողները։
8 Բոլոր նրանք, ովքեր կհավատային Հիսուսին՝ թե՛ հրեաները, թե՛ այլազգիները, պետք է ընդունեին, որ իրենց փրկության Աղբյուրը Հիսուսի Հայրն է՝ Եհովա Աստված (Հովհ. 17։3)։ Ավելին՝ նրանք Հիսուսի պես ճանաչվելու էին Եհովայի անունով։ Անհրաժեշտ էր նաև, որ նրանք գիտակցեին այդ անունը սրբացնելու կարևորությունը. չէ՞ որ նրանց փրկությունը դրանից էր կախված (Գործ. 2։21, 22)։ Հետևաբար Հիսուսի բոլոր հավատարիմ հետևորդները պետք է սովորեին ոչ միայն Հիսուսի, այլև Եհովայի մասին։ Ահա թե ինչու Հովհաննես 17-րդ գլխում արձանագրված իր աղոթքը Հիսուսն ավարտեց հետևյալ խոսքերով. «Ես ճանաչեցրի նրանց քո անունը ու կշարունակեմ ճանաչեցնել, որպեսզի նրանք ուրիշներին սիրեն այնպես, ինչպես դու ես ինձ սիրում, և ես միասնության մեջ լինեմ նրանց հետ» (Հովհ. 17։26)։
«ԴՈՒՔ ԻՄ ՎԿԱՆԵՐՆ ԵՔ»
9. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ Եհովայի անունը կարևոր է մեզ համար։
9 Հիսուսի ճշմարիտ հետևորդները պետք է սրբացնեն Եհովայի անունը (Մատթ. 6։9, 10)։ Այդ անունը մեզ համար ամենակարևորը պիտի լինի, և մեր այդ վերաբերմունքը պետք է ցույց տանք գործերով։ Իսկ ի՞նչ կարող ենք անել, որպեսզի սրբացնենք Եհովայի անունը և այն մաքրենք Սատանայի սուտ մեղադրանքներից։
10. Ի՞նչ փոխաբերական դատավարություն է նկարագրված Եսայիա 42-44 գլուխներում (Եսայիա 43։9; 44։7-9; տես նաև նկարը)։
10 Եսայիա 42-44 գլուխներից իմանում ենք, թե ինչ դեր կարող ենք ունենալ Եհովայի անվան սրբացման հարցում։ Այդ արձանագրության մեջ նկարագրվում է փոխաբերական դատավարություն, որի ժամանակ Եհովան իրեն չպաշտող մարդկանց կոչ է անում ապացուցել, որ իրենց աստվածները իրականում գոյություն ունեն։ Բացի այդ՝ նա հորդորում է, որ վկաներ բերեն, ովքեր կփաստեն իրենց պնդումները։ Բայց ինչ խոսք, այդպիսիք չկան (կարդա Եսայիա 43։9; 44։7-9)։
Տարբեր կերպերով մենք ներգրավված ենք մի փոխաբերական դատական գործի մեջ (տես պարբերություններ 10-11)
11. Եհովան ի՞նչ ասաց իր ժողովրդին (Եսայիա 43։10-12)։
11 Կարդա Եսայիա 43։10-12։ Իր ժողովրդին Եհովան ասում է. «Դուք իմ վկաներն եք.... [և] ես եմ Աստված»։ Եհովան նրանց մի հարց է ուղղում. «Ինձնից բացի մի՞թե ուրիշ Աստված կա» (Ես. 44։8)։ Մենք մեծ պատիվ ունենք պատասխանելու այս հարցին։ Մեր խոսքերով ու գործերով մենք վկայում ենք, որ Եհովան է միակ ճշմարիտ Աստվածը։ Նրա անունը մյուս բոլոր անուններից բարձր է։ Մեր ապրելակերպով մենք փաստում ենք, որ իրոք սիրում ենք Եհովային և նվիրված ենք նրան՝ անկախ նրանից, թե Սատանան ինչ ճնշումներ է գործադրում մեզ վրա։ Այդպիսով մենք հնարավորություն ենք ունենում նպաստելու Եհովայի անվան սրբացմանը։
12. Ինչպե՞ս կատարվեց Եսայիա 40։3-ում և 5-ում արձանագրված մարգարեությունը։
12 Եսայիան նաև մարգարեացավ, որ առջևից գնացող կլինի, որը «կմաքրի [կամ՝ «կպատրաստի»] ճանապարհը Եհովայի համար» (Ես. 40։3, ծնթ.)։ Ինչպե՞ս կատարվեցին այս խոսքերը։ Հովհաննես Մկրտիչը պատրաստեց ճանապարհը Հիսուսի համար, ով եկել էր Եհովայի անունից և խոսում էր նրա անունով (Մատթ. 3։3; Մարկ. 1։2-4; Ղուկ. 3։3-6)։ Նույն մարգարեության մեջ ասվում է. «Եհովայի փառքը հայտնի կդառնա» (Ես. 40։5)։ Ինչպե՞ս դա եղավ։ Երբ Հիսուսը եկավ երկիր, նա Եհովային ներկայացրեց կատարյալ ձևով, ասես Եհովան ինքն էր երկիր եկել (Հովհ. 12։45)։ Այսպիսով՝ Հիսուսը իր խոսքերով ու գործերով հանդես եկավ որպես Եհովայի վկա և սրբացրեց նրա անունը։
13. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին։
13 Հիսուսի պես մենք Եհովայի վկա ենք։ Մենք կրում ենք Եհովայի անունը և բոլորին հայտնում ենք նրա զարմանահրաշ գործերի մասին։ Դա արդյունավետորեն կատարելու համար մենք պետք է նաև հայտնենք, որ Հիսուսը կարևոր դեր ունի Եհովայի անվան սրբացման գործում (Գործ. 1։8)։ Հիսուսը Եհովայի գլխավոր Վկան է, և մենք հետևում ենք նրա օրինակին (Հայտն. 1։5)։ Իսկ ի՞նչ նշանակություն պիտի ունենա Եհովայի անունը մեզնից յուրաքանչյուրի համար։
Ի՞ՆՉ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԵՀՈՎԱՅԻ ԱՆՈՒՆԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ
14. Ինչպե՞ս ենք վերաբերվում Եհովայի անվանը (Սաղմոս 105։3)։
14 Մենք պարծենում ենք Եհովայի անունով (կարդա Սաղմոս 105։3)։ Եհովան ուրախանում է, երբ մենք պարծենում ենք նրա անունով (Երեմ. 9։23, 24; 1 Կորնթ. 1։31; 2 Կորնթ. 10։17)։ «Պարծենալ Եհովայով» նշանակում է հպարտանալ այն բանով, որ Եհովան մեր Աստվածն է։ Մենք պատիվ ենք համարում նրա անունը մեծարելն ու նրա համբավը պաշտպանելը։ Երբեք չպետք է ամաչենք աշխատակիցներին, դասարանցիներին, հարևաններին և այլ մարդկանց ասել, որ մենք Եհովայի վկաներ ենք։ Սատանան ուզում է, որ դադարենք Եհովայի անվան մասին ուրիշների հետ խոսել (Երեմ. 11։21; Հայտն. 12։17)։ Բանսարկուն ու նրա ստերը տարածողներն ուզում են մարդկանց մոռանալ տալ Եհովայի անունը (Երեմ. 23։26, 27)։ Բայց Աստծու անվան հանդեպ մեր սերը մեզ «օրնիբուն ուրախություն է պարգևում» (Սաղ. 5։11; 89։16)։
15. Ի՞նչ է նշանակում «կանչել Եհովայի անունը»։
15 Մենք շարունակում ենք «կանչել Եհովայի անունը» (Հովել 2։32; Հռոմ. 10։13, 14)։ Եհովայի անունը կանչելը նրա անունն իմանալուց և գործածելուց ավելին է։ Մենք սկսում ենք ճանաչել Աստծուն որպես անձնավորության, վստահել նրան ու խնդրել, որ օգնի և առաջնորդի (Սաղ. 20։7; 99։6; 116։4; 145։18)։ Նաև ուրիշներին հայտնում ենք նրա անունը, և թե ինչ հատկություններ ունի նա՝ հորդորելով նրանց զղջալ ու քայլեր անել, որպեսզի Եհովան բարեհաճ լինի նրանց հանդեպ (Ես. 12։4; Գործ. 2։21, 38)։
16. Ինչպե՞ս կարող ենք փաստել, որ Սատանան ստախոս է։
16 Մենք պատրաստ ենք տառապանքներ կրել հանուն Եհովայի անվան (Հակ. 5։10, 11)։ Երբ տառապանքներ կրելիս հավատարիմ ենք մնում Եհովային, փաստում ենք, որ Սատանան ստախոս է։ Հոբի օրերում Սատանան Եհովային ծառայող մարդկանց մեղադրեց՝ ասելով. «Մարդն իր ողջ ունեցածը կտա, միայն թե իր կյանքը պահպանի» (Հոբ 2։4)։ Նա պնդեց, որ մարդիկ Եհովային ծառայում են միայն այն ժամանակ, երբ իրենց կյանքում ամեն ինչ լավ է, բայց կլքեն նրան, երբ առերեսվեն դժվարությունների։ Աստծու հավատարիմ ծառա Հոբը փաստեց, որ այդ մեղադրանքը սուտ է։ Մենք նույնպես պատիվ ունենք փաստելու, որ երբեք երես չենք թեքի Եհովայից՝ անկախ նրանից, թե Սատանան ինչ մարտահրավեր կնետի մեզ։ Կարող ենք լիովին համոզված լինել, որ Եհովան միշտ աչքը մեզ վրա կպահի հանուն իր անվան (Հովհ. 17։11)։
17. Է՞լ ինչպես կարող ենք փառաբանել Եհովայի անունը (1 Պետրոս 2։12)։
17 Մենք հարգանք ենք ցուցաբերում Եհովայի անվան հանդեպ (Առակ. 30։9; Երեմ. 7։8-11)։ Քանի որ ներկայացնում ենք Եհովային և կրում ենք նրա անունը, մենք կարող ենք կա՛մ փառաբանել այն, կա՛մ անպատվություն բերել դրա վրա (կարդա 1 Պետրոս 2։12)։ Ուստի ուզում ենք մեր ձեռքից եկածն անել, որպեսզի խոսքով ու վարքով փառաբանենք Եհովային։ Այդպիսով մեր սահմանափակ կարողությունների սահմաններում պատիվ կբերենք նրա անվանը։
18. Ուրիշ ի՞նչ կերպ կա փաստելու, որ Եհովայի անունը կարևոր է մեզ համար (տես նաև ծանոթագրությունը)։
18 Մենք ավելի շատ կարևորում ենք Եհովայի անունը, քան մեր հեղինակությունը (Սաղ. 138։2)։ Սա անչափ կարևոր է, քանի որ ուրիշներին գուցե դուր չգա այն, որ սիրում ենք Եհովայի անունը, և նրանք սկսեն բացասական բաներ խոսել մեր մասին։a Եհովայի անունը պատվելու համար Հիսուսը պատրաստ էր ամոթալի մահով մահանալու որպես հանցագործ։ Նա «ամոթն արհամարհեց», որովհետև չէր անհանգստանում կամ մտահոգվում, թե ուրիշներն ինչ են մտածում իր մասին (Եբր. 12։2-4)։ Նա իր ողջ ուշադրությունը կենտրոնացրել էր Աստծու կամքը կատարելու վրա (Մատթ. 26։39)։
19. Ի՞նչ վերաբերմունք ունես Եհովայի անվան հանդեպ և ինչո՞ւ։
19 Մենք հպարտանում ենք Եհովայի անունով ու Եհովայի վկա լինելը պատիվ ենք համարում։ Այդ իսկ պատճառով պատրաստ ենք կրելու ցանկացած անպատվություն։ Եհովայի անունը մեզ համար շատ ավելի կարևոր է, քան մեր հեղինակությունը։ Ուստի եկեք վճռենք շարունակ փառաբանել նրա անունը՝ անկախ նրանից, թե Սատանան ինչ խոչընդոտներ կստեղծի։ Այդպես ընդօրինակած կլինենք Հիսուսին և ցույց կտանք, որ մեզ համար Եհովայի անունը ամենակարևորն է կյանքում։
ԵՐԳ 10 Գովերգենք Եհովային՝ մեր Աստծուն
a Անգամ Աստծու հավատարիմ ծառա Հոբը սկսեց չափազանց մտահոգվել իր համբավի համար, երբ իր երեք ընկերները մեղադրեցին իրեն սխալ բաներ անելու մեջ։ Սկզբում, երբ Հոբի երեխաները մահացան, և նա կորցրեց իր ողջ ունեցվածքը, «նա մեղք չգործեց և ոչ մի բանում չմեղադրեց Աստծուն» (Հոբ 1։22; 2։10)։ Սակայն երբ նրան մեղադրեցին սխալ բան անելու մեջ, նա սկսեց «անսանձ» խոսքեր ասել։ Աստծու անունը սրբացնելու կամ հեղինակությունը պաշտպանելու փոխարեն Հոբը փորձեց պաշտպանել իր իսկ համբավը (Հոբ 6։3; 13։4, 5; 32։2; 34։5)։