ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 37
ԵՐԳ 114 «Համբերող եղեք»
Անարդարություն. ինչպե՞ս արձագանքել
«Ես արդարություն էի ակնկալում, բայց անօրենություն տեսա» (ԵՍ. 5։7)։
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ
Ինչպես է Հիսուսի օրինակն օգնում անարդարությանն արձագանքել Եհովային հաճելի ձևով։
1-2. Ինչպե՞ս են շատերն արձագանքում անարդարությանը, և ի՞նչ հարցեր գուցե մեզ հետաքրքրեն։
ՄԵՆՔ ապրում ենք անարդար աշխարհում։ Մարդիկ անարդարության են բախվում տարբեր պատճառներով, օրինակ՝ աղքատության, սեռական խտրականության և էթնիկ կամ ռասայական տարբերության։ Նրանք տառապում են շրջակա միջավայրի հետ կապված խնդիրների հետևանքով, որոնք առաջանում են ագահ և կոռումպացված քաղաքական գործիչների շահամոլության պատճառով։ Անարդարության այս և այլ դրսևորումները ուղղակի կամ անուղղակի կերպով ազդում են բոլորիս վրա։
2 Զարմանալի չէ, որ շատերին վրդովվեցնում է անարդարությունը։ Ո՞վ չի ուզի ապրել մի աշխարհում, որտեղ ապահովություն և արդարություն է տիրում։ Այդ նպատակին հասնելու համար շատերը ներգրավվում են սոցիալական շարժումների մեջ։ Նրանք ստորագրահավաքներ են կազմակերպում, մասնակցում են ցույցերի և թիկունք են կանգնում այն պաշտոնյաներին, որոնք խոստանում են պայքարել անարդարության դեմ։ Բայց լինելով քրիստոնյաներ՝ մենք «աշխարհի մաս չենք կազմում» և սպասում ենք, որ Աստծու թագավորությունը իսպառ վերացնի անարդարությունը (Հովհ. 17։16)։ Այնուամենայնիվ, մենք նույնպես վրդովվում ենք, անգամ բարկանում, երբ ականատես ենք լինում անարդար գործերի։ Գուցե մտածենք. «Ինչպե՞ս պետք է արձագանքենք անարդարությանը։ Ինչպե՞ս կարող ենք պայքարել այդ խնդրի դեմ այսօր»։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար նախ ուշադրություն դարձնենք, թե Եհովան և Հիսուսն ինչ են զգում, երբ անարդարություն են տեսնում։
ԵՀՈՎԱՆ ԵՎ ՀԻՍՈՒՍԸ ԱՏՈՒՄ ԵՆ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
3. Ինչո՞ւ է բնական, երբ անարդարություն տեսնելիս վրդովվում ենք (Եսայիա 5։7)։
3 Աստվածաշունչը բացատրում է, թե ինչու է բնական, որ վրդովվում ենք, երբ մեզ կամ ուրիշներին անարդար են վերաբերվում։ Մենք ստեղծված ենք Եհովայի պատկերով, ով «արդարություն է սիրում և արդար է դատում» (Սաղ. 33։5; Ծննդ. 1։26)։ Նա երբեք անարդարությամբ չի գործում և չի էլ ցանկանում, որ ուրիշները այդպես վարվեն (2 Օրենք 32։3, 4; Միք. 6։8; Զաք. 7։9)։ Եսայիա մարգարեի օրերում Եհովան լսեց «հարստահարված [բազմաթիվ իսրայելացիների] աղաղակը», ովքեր անարդարության էին բախվում իրենց հայրենակիցների կողմից (կարդա Եսայիա 5։7)։ Եհովան պատժեց նրանց, ովքեր շարունակ անտեսում էին իր Օրենքը և ուրիշների հետ անարդարացիորեն էին վարվում (Ես. 5։5, 13)։
4. Ավետարաններում արձանագրված մի դեպք ինչպե՞ս է բացահայտում անարդարության վերաբերյալ Հիսուսի տեսակետը (տես նաև նկարը)։
4 Իր Հոր պես Հիսուսը սիրում է արդարությունը և ատում անարդարությունը։ Երբ նա երկրի վրա էր, իր ծառայության ժամանակ մի անգամ տեսավ կռկված ձեռքով մի մարդու։ Հիսուսը, կարեկցանքից մղված, ցանկացավ օգնել այդ մարդուն, մինչդեռ սառնասիրտ կրոնական առաջնորդները, տեսնելով դա, բարկացան։ Նրանք կառչած էին Շաբաթի վերաբերյալ օրենքի իրենց կաղապարված մեկնաբանությանը, և չէին էլ մտածում այդ հաշմանդամ մարդուն օգնելու մասին։ Ի՞նչ զգաց Հիսուսը՝ տեսնելով նրանց արձագանքը։ Նա «փարիսեցիների քարսրտությունից խորապես վշտացավ» (Մարկ. 3։1-6)։
Ի տարբերություն հրեա կրոնական առաջնորդների՝ Հիսուսը կարեկցում էր մարդկանց (տես պարբերություն 4)
5. Ինչո՞ւ չպետք է բարկացած մնանք, երբ անարդարության ենք հանդիպում։
5 Թե՛ Եհովան, թե՛ Հիսուսը բարկանում են, երբ անարդարություն են տեսնում, ուստի սխալ բան չկա, եթե մենք էլ ենք այդպես զգում (Եփես. 4։26)։ Սակայն պետք է հիշենք, որ մեր բարկությունը, անգամ եթե այն արդարացված է, չի կարող շտկել անարդարությունը։ Դեռ ավելին՝ երկարատև և անկառավարելի բարկությունը թերևս զգացական և ֆիզիկական վնաս հասցնի մեզ (Սաղ. 37։1, 8; Հակ. 1։20)։ Այսպիսով՝ ի՞նչ պետք է անենք, երբ անարդարության ենք բախվում։ Այս առումով Հիսուսի օրինակից շատ բան ունենք սովորելու։
ԻՆՉՊԵՍ ԷՐ ՎԱՐՎՈՒՄ ՀԻՍՈՒՍԸ
6. Ի՞նչ անարդարության էին բախվում մարդիկ, երբ Հիսուսը երկրի վրա էր (տես նաև նկարը)։
6 Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը տեսնում էր, թե ինչ մեծ անարդարության են բախվում մարդիկ։ Նա ականատես եղավ այն բանին, թե ինչպես են կրոնական առաջնորդները ճնշում հասարակ ժողովրդին (Մատթ. 23։2-4)։ Նա նաև գիտեր, որ հռոմեական իշխանությունները դաժանությամբ էին վերաբերվում մարդկանց։ Հրեաներից շատերը փափագում էին ազատվել Հռոմի լծից։ Ոմանք, օրինակ՝ զելոտները, պատրաստ էին կռվել հանուն դրա։ Բայց Հիսուսը սոցիալական շարժումներ չնախաձեռնեց և չսատարեց դրանց։ Իմանալով, որ մարդիկ ուզում են իրեն թագավոր դարձնել՝ նա հեռացավ այդտեղից (Հովհ. 6։15)։
Երբ մարդիկ փորձեցին Հիսուսին ներգրավել քաղաքական հարցերի մեջ, նա հեռացավ (տես պարբերություն 6)
7-8. Երբ Հիսուսը երկրի վրա էր, ինչո՞ւ չփորձեց վերացնել անարդարությունը (Հովհաննես 18։36)։
7 Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը չհամագործակցեց քաղաքական գործիչների հետ ու չփորձեց այդպիսով վերացնել անարդարությունը, քանի որ գիտեր, որ մարդիկ իրենք իրենց ղեկավարելու ո՛չ իրավունք ունեն, ո՛չ էլ կարողություն (Սաղ. 146։3; Երեմ. 10։23)։ Մարդը անկարող է վերացնել անարդարության աղբյուրը։ Այս աշխարհը ղեկավարում է Սատանան՝ մի մարդասպան ոգեղեն արարած, ով իր իշխանությունն օգտագործում է, որպեսզի ամենուրեք անարդարություն հրահրի (Հովհ. 8։44; Եփես. 2։2)։ Իսկ անկատարության պատճառով անգամ լավ դրդապատճառներ ունեցող մարդիկ ի վիճակի չեն արդարությամբ վարվել բոլոր դեպքերում (Ժող. 7։20)։
8 Հիսուսը գիտեր, որ միայն Աստծու թագավորությունը կարող է վերացնել անարդարության աղբյուրը։ Ուստի նա իր ողջ ժամանակն ու ուժերը տրամադրում էր, որ «քարոզի ու հռչակի Աստծու թագավորության մասին բարի լուրը» (Ղուկ. 8։1)։ Բոլոր նրանց, ովքեր «ծարավ էին արդարության», Հիսուսը հավաստիացնում էր, որ տառապանքն ու անարդարությունը վերանալու են (Մատթ. 5։6; Ղուկ. 18։7, 8)։ Սակայն դա լինելու է ոչ թե սոցիալական հեղաշրջման շնորհիվ, այլ Աստծու երկնային կառավարության, որը «այս աշխարհի մաս չի կազմում» (կարդա Հովհաննես 18։36)։
ԸՆԴՕՐԻՆԱԿԵՆՔ ՀԻՍՈՒՍԻՆ
9. Ի՞նչն է քեզ համոզում, որ միայն Աստծու թագավորությունը կարող է իսպառ վերացնել անարդարությունը։
9 Մենք ապրում ենք այս աշխարհի «վերջին օրերում», ուստի այսօր ավելի շատ անարդարություն ենք տեսնում, քան Հիսուսը, երբ երկրի վրա էր։ Բայց այսօր էլ անարդարության աղբյուրը նույնն է՝ Սատանան և իր ազդեցության տակ գտնվող մարդիկ (2 Տիմոթ. 3։1-5, 13; Հայտն. 12։12)։ Հիսուսի նման՝ մենք նույնպես գիտենք, որ միայն Աստծու թագավորությունն է վերացնելու անարդարության աղբյուրը։ Եվ քանի որ մենք լիովին սատարում ենք այդ Թագավորությանը, չենք մասնակցում անարդարության դեմ պայքարելու նպատակով կազմակերպված երթերի, ցույցերի և այլ միջոցառումների։ Քննենք Սթեյսիa անունով մի քրոջ օրինակը։ Նախքան ճշմարտությունն իմանալը, նա կանոնավորաբար մասնակցում էր սոցիալական բարեփոխումների համար արվող ցույցերի։ Բայց սկսեց կասկածել, թե արդյոք դրանք իսկապես օգուտներ են բերում։ Նա ասում է. «Ցույցերի ժամանակ ինքս ինձ հարցնում էի, թե արդյոք դա է խնդիրը լուծելու ճիշտ ձևը։ Այժմ, երբ սատարում եմ Աստծու թագավորությանը, վստահ եմ, որ ճիշտն եմ ընտրել։ Գիտեմ, որ Եհովան անհամեմատ ավելի լավ կպաշտպանի անարդարության զոհ դարձածներին, ինչը ես, անկասկած, երբեք չէի կարող անել» (Սաղ. 72։1, 4)։
10. Համաձայն Մատթեոս 5։43-48 համարների՝ ինչո՞ւ մենք չպետք է մասնակցենք սոցիալական բարեփոխումների նպատակով կազմակերպվող շարժումների (տես նաև նկարը)։
10 Սոցիալական բարեփոխումներին միտված շարժումները հաճախ ուղեկցվում են անկախության և ըմբոստության ոգով, ինչը հակասում է Հիսուսի օրինակին և սովորեցրածներին (Եփես. 4։31)։ Ջեֆրի անունով մի եղբայր ասում է. «Ես գիտեմ, որ խաղաղ թվացող ցույցերը վայրկյանների ընթացքում կարող են վերածվել վայրագ բախումների և անկարգությունների»։ Բայց Հիսուսը սովորեցնում է մեզ սիրել բոլոր մարդկանց, այդ թվում՝ նրանց, ովքեր համաձայն չեն մեզ հետ կամ հալածում են մեզ (կարդա Մատթեոս 5։43-48)։ Լինելով քրիստոնյաներ՝ մենք ջանում ենք խուսափել ցանկացած բանից, ինչը հակասում է Հիսուսի թողած օրինակին։
Վճռականություն է պահանջվում մեր ժամանակներում քաղաքական ու սոցիալական հարցերում չեզոքություն պահելու համար (տես պարբերություն 10)
11. Ինչո՞ւ գուցե դժվարանանք վճռական լինել սոցիալական շարժումներին չմասնակցելու հարցում։
11 Թեև մենք գիտենք, որ Աստծու թագավորությունն է արմատախիլ անելու անարդարությունը, բայց երբեմն գուցե դժվարանանք ընդօրինակել Հիսուսին, երբ մեզ հետ են անարդար վարվում։ Տեսնենք, թե Ջանիա անունով մի քույր ինչ զգացումներ ունեցավ, երբ բախվեց խտրականության։ «Ես ջղայնացած էի,– պատմում է նա։– Վիրավորված էի և ուզում էի, որ անարդար մարդիկ պատժվեին։ Մտադրվեցի թիկունք կանգնել մի շարժման, որը պայքարում է ռասիզմի ու խտրականության դեմ։ Կարծում էի, որ դա բարկությունս արտահայտելու անվնաս ձև է»։ Ժամանակի ընթացքում, սակայն, Ջանիան հասկացավ, որ պետք է փոփոխություններ անի։ Նա ավելացնում է. «Ես թույլ էի տալիս, որ ուրիշները ազդեն իմ մտածելակերպի վրա, և սկսել էի Եհովային վստահելու փոխարեն մարդկանց վրա հույսս դնել։ Ուստի որոշեցի խզել կապերս այդ շարժման և դրան աջակցող խմբերի հետ»։ Մենք պետք է զգույշ լինենք, որ թույլ չտանք՝ արդարացի բարկությունը դրդի մեզ փոխզիջումների գնալ և խախտել մեր չեզոքությունը այս աշխարհի քաղաքական ու սոցիալական հարցերում (Հովհ. 15։19)։
12. Ինչո՞ւ է իմաստուն ուշադրություն դարձնել, թե ինչ ենք կարդում, դիտում կամ լսում։
12 Ի՞նչը կօգնի մեզ անարդարության բախվելիս կառավարել մեր զայրույթը։ Կերպերից մեկն այն է, որ ուշադրություն դարձնենք, թե ինչ ենք կարդում, դիտում և լսում։ Որոշ սոցիալական ցանցեր լի են այնպիսի հրապարակումներով, որոնք անարդարությունը ներկայացնում են մարդկանց մոտ բուռն զգացումներ արթնացնելու և կառավարության դեմ բողոքի ալիք բարձրացնելու նպատակով։ Հաճախ լրատվամիջոցները իրավիճակը լուսաբանում են ոչ օբյեկտիվորեն։ Եվ անգամ եթե տեղեկությունը ճշգրիտ է, մի՞թե դրանով շարունակ հետաքրքրվելը կլուծի խնդիրը։ Եթե շատ ժամանակ տրամադրենք նմանատիպ տեղեկություններ ստանալու համար, հնարավոր է՝ անհարկի վրդովվենք կամ վհատվենք (Առակ. 24։10)։ Ավելին՝ գուցե մեր տեսադաշտից կորցնենք Աստծու թագավորությունը, որն անարդարությունը իսպառ վերացնելու միակ միջոցն է։
13. Ինչպե՞ս կարող է Աստվածաշունչն ընթերցելու սովորությունը օգնել, որ անարդարության վերաբերյալ ճիշտ տեսակետ պահպանենք։
13 Աստվածաշունչն ընթերցելու և դրա շուրջ խորհրդածելու սովորությունը կօգնի մեզ, երբ անարդարության բախվենք։ Էլեա անունով մի քույր խորապես մտահոգված էր՝ տեսնելով, թե իրենց համայնքում ինչպիսի անարդարություն է դրսևորվում մարդկանց հանդեպ։ Նա այնպիսի տպավորություն ուներ, որ վատ մարդիկ պատասխանատվության չէին ենթարկվում։ Քույրն ասում է. «Մի օր մտածեցի. «Իսկապե՞ս հավատում եմ, որ Եհովան լուծելու է այս խնդիրները»։ Այդ ժամանակ ընթերցեցի Հոբ 34։22-29 համարները, որոնք հիշեցրին ինձ, որ ոչ ոք չի կարող թաքնվել Եհովայից։ Միայն նա ունի արդարության կատարյալ զգացում, և նա է լուծելու բոլոր խնդիրները»։ Բայց մինչ սպասում ենք, որ Աստծու թագավորությունը արդարություն բերի, ի՞նչ կարող ենք անել այսօր։
ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՎԱՐՎԵԼ ԱՅՍՕՐ
14. Ի՞նչ կարող ենք անել անարդարությանը մասնակից չլինելու համար (Կողոսացիներ 3։10, 11)։
14 Մենք չենք կարող վերահսկել ուրիշների անարդար արարքները, սակայն մեր արարքները կարո՛ղ ենք վերահսկել։ Ինչպես արդեն խոսվեց, մենք ընդօրինակում ենք Հիսուսին՝ սեր դրսևորելով։ Այդպիսի սերը կարող է մղել մեզ, որ ուրիշներին, նույնիսկ անարդար վարվողներին հարգանքով վերաբերվենք (Մատթ. 7։12; Հռոմ. 12։17)։ Եհովային հաճելի է, երբ մենք ուրիշների հետ վարվում ենք բարությամբ և արդարությամբ (կարդա Կողոսացիներ 3։10, 11)։
15. Ճշմարտությունը քարոզելը ի՞նչ ազդեցություն է գործում տիրող անարդարության վրա։
15 Անարդարությանն արձագանքելու կարևորագույն ձևը ուրիշներին ճշմարտությունը հայտնելն է, քանի որ «[Եհովայի] մասին գիտելիքները» կարող են ագրեսիվ և բռնարար մարդուն դարձնել բարի և խաղաղասեր (Ես. 11։6, 7, 9)։ Նախքան ճշմարտությունն իմանալը Ջեմալ անունով մի մարդ անդամակցում էր մի ապստամբ խմբավորման։ Այդ խմբավորումը պայքարում էր քաղաքական ռեժիմի դեմ, որը Ջեմալի կարծիքով՝ բռնատիրական էր։ Նա ասում է. «Չես կարող ուժով փոխել մարդուն։ Ես ստիպողաբար չեմ փոխվել, այլ փոխվել եմ իմացածս աստվածաշնչյան ճշմարտության շնորհիվ»։ Այն, ինչ Ջեմալը սովորեց, մղեց նրան «զենքերը վայր դնել»։ Որքան շատ մարդիկ փոխվեն ճշմարտության շնորհիվ, այնքան ավելի քիչ մարդիկ անարդար կվարվեն։
16. Ի՞նչն է քեզ մղում քարոզելու Թագավորության մասին լուրը։
16 Հիսուսի պես մենք փափագում ենք մարդկանց հայտնել, որ միայն Աստծու թագավորությունն է վերացնելու անարդարությունը։ Այս հույսը կարող է մխիթարել այն մարդկանց, ովքեր անարդարության զոհ են դարձել (Երեմ. 29։11)։ Սթեյսին, որի մասին խոսվեց այս հոդվածում, ասում է. «Ճշմարտությունն իմանալը օգնել է ինձ դիմանալ անարդարությանը։ Աստվածաշնչի միջոցով Եհովան մխիթարում է մեզ»։ Որպեսզի մարդկանց հայտնենք աստվածաշնչյան մխիթարական լուրն այն մասին, որ անարդարությունը վերանալու է, պետք է լավ նախապատրաստվենք։ Որքան լավ իմանանք տառապանքի վերաբերյալ աստվածաշնչյան ճշմարտությունները, այնքան ավելի շատ համոզված կլինենք, որ դրանք հավաստի են, ինչի արդյունքում պատրաստված կլինենք հարմար առիթի դեպքում այս թեմայով նրբանկատորեն զրուցել դպրոցում կամ աշխատավայրում։b
17. Ինչպե՞ս է Եհովան օգնում դիմանալ մեր շուրջը տիրող անարդարությանը։
17 Քանի դեռ Սատանան «այս աշխարհի իշխանն» է, մենք բախվելու ենք անարդարության։ Ու թեև նա դեռ չի «վռնդվել», սակայն մենք անօգնական և անհույս չենք (Հովհ. 12։31)։ Աստվածաշնչի միջոցով Եհովան բացահայտել է ոչ միայն այն, թե ինչու այսքան շատ անարդարություն կա աշխարհում, այլև այն, թե նա ինչ է զգում, երբ տեսնում է, որ անարդարության պատճառով տառապում ենք (Սաղ. 34։17-19)։ Իր Որդու միջոցով Աստված սովորեցնում է մեզ, թե ինչպես պետք է արձագանքենք անարդարությանը, և թե ինչպես է իր թագավորությունը շուտով մեկընդմիշտ վերջ դնելու դրան (2 Պետ. 3։13)։ Եկեք շարունակենք նախանձախնդրությամբ քարոզել Թագավորության մասին բարի լուրը և փափագով սպասել այն ժամանակին, երբ երկրի վրա «արդարություն և արդարադատություն» կտիրի (Ես. 9։7)։
ԵՐԳ 158 «Այն չի՛ ուշանա»
a Որոշ անուններ փոխված են։
b Տես նաև «Սիրիր մարդկանց. աշակերտներ պատրաստիր» գրքույկի հավելված Ա-ի 24-27 կետերը։