ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 38
ԵՐԳ 120 Ընդօրինակենք Քրիստոսի մեղմությունը
Հարգալից եղիր ուրիշների հանդեպ
«Հարգված լինելը արծաթից ու ոսկուց [լավ է]» (ԱՌԱԿ. 22։1)։
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ
Ինչու է հարկավոր հարգանք դրսևորել ուրիշների հանդեպ, և ինչպես կարող ենք դա անել դժվար հանգամանքներում։
1. Մարդիկ ինչո՞ւ են գնահատում հարգանքը (Առակներ 22։1)։
ՔԵԶ դո՞ւր է գալիս, երբ մարդիկ հարգալից են քո հանդեպ։ Անկասկա՛ծ։ Բոլոր մարդիկ ուզում են, որ իրենց հարգեն։ Մենք ուրախանում ենք, երբ մեզ հարգանքով են վերաբերվում։ Ուստի զարմանալի չէ, որ Աստվածաշունչն ասում է. «Հարգված լինելը արծաթից ու ոսկուց [լավ է]» (կարդա Առակներ 22։1)։
2-3. Ինչո՞ւ է երբեմն դժվար հարգանք դրսևորել, և ո՞ւմ հանդեպ պետք է հարգալից լինենք։
2 Միշտ չէ, որ գուցե հեշտ լինի հարգանք ցուցաբերել ուրիշների նկատմամբ։ Պատճառներից մեկն այն է, որ չենք կարող չտեսնել մեր շրջապատի մարդկանց թերությունները։ Բացի այդ՝ ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ անհարգալից լինելը համամարդկային խնդիր է։ Բայց մենք պիտի տարբերվենք, քանի որ Եհովան ուզում է, որ պատվենք «ամեն տեսակ մարդկանց», կամ՝ հարգանք ցուցաբերենք նրանց հանդեպ (1 Պետ. 2։17)։
3 Մենք օգուտներ կքաղենք՝ քննելով, թե ինչ է նշանակում հարգալից լինել ուրիշների նկատմամբ, և թե ինչպես կարող ենք հարգանք դրսևորել 1) ընտանիքի անդամների, 2) հավատակիցների և 3) ոչ Վկաների հանդեպ։ Հոդվածից կիմանանք, թե ինչպես կարող ենք հարգանք դրսևորել հատկապես այն ժամանակ, երբ դա անելը դժվար է։
Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՀԱՐԳԵԼ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ
4. Ի՞նչ ասել է հարգել ուրիշներին։
4 Ըստ քեզ՝ ի՞նչ է հարգանքը։ Որոշ լեզուներում «հարգանք» և «պատիվ» բառերը սերտ կապակցված են։ «Հարգել» բառը գլխավորապես վերաբերում է նրան, թե ինչ տեսակետ ունենք մարդու նկատմամբ։ Երբ հարգում ենք մեկին, նրան համարում ենք մեր ուշադրությանը արժանի և հաշվի ենք առնում նրա կարծիքն ու զգացմունքները գուցե այն պատճառով, որ նա լավ հատկություններ, ձեռքբերումներ կամ դիրք ունի։ «Պատվել» բառը մատնանշում է այն, թե ինչպես ենք վարվում այդ մարդու հետ։ Երբ պատվում ենք ուրիշներին, այնպես ենք վարվում նրանց հետ, որ նրանք իրենց կարևոր, գնահատված և արժանապատիվ զգան։ Իհարկե, դա պետք է անկեղծ սրտից բխի (Մատթ. 15։8)։
5. Ի՞նչը կարող է մեզ օգնել հարգել ուրիշներին։
5 Եհովան ուզում է, որ հարգենք ուրիշներին, մասնավորապես «իշխանություններին» (Հռոմ. 13։1, 7)։ Բայց ոմանք գուցե ասեն. «Ես պատրաստ եմ հարգել ուրիշներին, քանի դեռ նրանք վաստակում են այդ հարգանքը»։ Արդյոք սա ճի՞շտ մտածելակերպ է։ Լինելով Եհովայի ծառաներ՝ մենք գիտակցում ենք, որ մարդկանց հանդեպ մեր հարգանքը կախված չէ լոկ նրանց գործերից։ Դրա արմատներն ավելի խորն են. դրա հիմքում ընկած է Եհովայի հանդեպ մեր սերն ու նրան հաճեցնելու ցանկությունը (Հեսու 4։14; 1 Պետ. 3։15)։
6. Հնարավո՞ր է հարգել մեկին, ով մեզ չի հարգում։ Բացատրիր (տես նաև նկարը)։
6 Ոմանք գուցե մտածեն. «Հնարավո՞ր է հարգել մեկին, ով քեզ անհարգալից է վերաբերվում»։ Այո՛, հնարավոր է։ Տեսնենք մի քանի օրինակ։ Սավուղ թագավորը ուրիշների աչքի առաջ նվաստացրեց իր որդի Հովնաթանին (1 Սամ. 20։30-34)։ Սակայն Հովնաթանը հարգանք ցուցաբերեց իր հոր հանդեպ և ուս-ուսի մինչև վերջ կռվեց նրա հետ (Ելք 20։12; 2 Սամ. 1։23)։ Քահանայապետ Հեղին մեղադրեց Աննային հարբած լինելու մեջ (1 Սամ. 1։12-14)։ Բայց Աննան Հեղիի հետ հարգանքով խոսեց, չնայած որ նա ողջ Իսրայելում վատ հոր և վատ քահանայապետի համբավ ուներ (1 Սամ. 1։15-18; 2։22-24)։ Որոշ աթենացիներ վիրավորեցին Պողոսին՝ նրան կոչելով «դատարկախոս»։ Սակայն Պողոսը հարգալից խոսեց նրանց հետ (Գործ. 17։18, 22)։ Այս մարդկանց օրինակները փաստում են, որ Եհովայի հանդեպ խոր սերն ու նրան հիասթափեցնելու վախը կարող են մղել մեզ հարգանք դրսևորել ուրիշների նկատմամբ նույնիսկ այն ժամանակ, երբ դա անելը դժվար է։ Այժմ տեսնենք, թե ում պետք է հարգենք և ինչու։
Չնայած որ Հովնաթանի հայրը նվաստացրեց նրան, նա շարունակեց պաշտպանել ու աջակցել իր հորը՝ որպես թագավորի (տես պարբերություն 6)
ՀԱՐԳԱՆՔ ՑՈՒՑԱԲԵՐԵՆՔ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ
7. Ինչո՞ւ գուցե դժվար լինի հարգանք դրսևորել ընտանիքի անդամների հանդեպ։
7 Դժվարություն։ Մենք շատ ժամանակ ենք անցկացնում մեր ընտանիքի անդամների հետ, ուստի լավ գիտենք նրանց ուժեղ կողմերն ու թուլությունները։ Ոմանք հնարավոր է՝ այնպիսի հիվանդություն ունեն, որի պատճառով դժվարանում ենք նրանց խնամել, ոմանք էլ գուցե ուժգին տագնապի զգացում են ունենում։ Ուրիշներն էլ թերևս ասում կամ անում են բաներ, որոնք ցավեցնում են մեզ։ Երբ ընտանիքի անդամներն իրենց տունն ապահով հանգրվան դարձնելու փոխարեն անհարգալից են վերաբերվում միմյանց, իրար բարկացնում են և լեզու չեն գտնում իրար հետ։ Ինչպես հոդաբորբն է խանգարում, որ մարմնի անդամները լավ աշխատեն, այնպես էլ անհարգալից վերաբերմունքն է խանգարում ընտանեկան ներդաշնակությանը։ Սակայն, ի տարբերություն հոդաբորբի, որն ինքնուրույն ամբողջությամբ չենք կարող բուժել, մենք կարող ենք թույլ չտալ, որ անհարգալից վերաբերմունքը քայքայի ընտանեկան լավ հարաբերությունները։
8. Ինչո՞ւ է կարևոր հարգանք դրսևորել ընտանիքի անդամների հանդեպ (1 Տիմոթեոս 5։4, 8)։
8 Ինչո՞ւ է կարևոր հարգանք դրսևորել (կարդա 1 Տիմոթեոս 5։4, 8)։ Տիմոթեոսին ուղղած իր առաջին նամակում Պողոսը խոսեց այն մասին, թե ընտանիքի անդամներն ինչպես պետք է հոգ տանեն միմյանց կարիքների համար։ Նա բացատրեց, որ ընտանիքի անդամներին հարգելու մեր գլխավոր շարժառիթը պետք է լինի ոչ թե պարտքի զգացումը, այլ «Աստծու հանդեպ նվիրվածությունը»։ «Նվիրվածություն» բառը վերաբերում է Աստծուն հավատարմորեն պաշտելուն և ծառայելուն։ Եհովան է հաստատել ընտանեկան կառույցը (Եփես. 3։14, 15)։ Ուստի երբ պատվում ենք մեր ընտանիքի անդամին, այդպիսով պատվում ենք Եհովային՝ ընտանիքի Հիմնադրին (1 Տիմոթ. 5։4)։ Սա մեր ընտանիքի անդամներին հարգելու զորեղ պատճառ է։
9. Ամուսինն ու կինը ինչպե՞ս կարող են հարգանք դրսևորել միմյանց հանդեպ (տես նաև նկարները)։
9 Ինչպես հարգանք դրսևորել։ Այն ամուսինը, ով պատվում է իր կնոջը, թե՛ առանձին, թե՛ ուրիշների ներկայությամբ ցույց է տալիս, որ նա թանկ է իր համար (Առակ. 31։28; 1 Պետ. 3։7)։ Նա երբեք ֆիզիկական բռնություն չի գործադրում, չի նվաստացնում և թերարժեքության զգացում չի առաջացնում նրա մեջ։ Արիելa անունով մի եղբայր, ով ապրում է Արգենտինայում, ասում է. «Կինս հիվանդության պատճառով երբեմն ասում է բաներ, որոնք ցավեցնում են ինձ։ Այդ ժամանակ ինքս ինձ հիշեցնում եմ, որ նրա բառերը չեն արտացոլում այն, ինչ նա զգում է։ Լարված պահերին մտաբերում եմ 1 Կորնթացիներ 13։5 համարը, ինչը մղում է ինձ հարգալից խոսել նրա հետ և ոչ թե բարկացած» (Առակ. 19։11)։ Իսկ իր ամուսնուն պատվող կինը նրա մասին լավ բաներ է խոսում ուրիշների ներկայությամբ (Եփես. 5։33)։ Նա հեգնանքով չի խոսում նրա մասին, չի ծաղրում և չի պիտակավորում նրան, այլ հասկանում է, որ նման խոսելաձևը ժանգի պես քայքայում է ամուսնությունը (Առակ. 14։1)։ Իտալիայում ապրող մի քույր, ում ամուսինը տագնապներ է ունենում, ասում է. «Երբեմն զգում եմ, որ ամուսնուս մտահոգությունները չափազանցված են։ Մի ժամանակ խոսքերս ու դեմքիս արտահայտությունը անհարգալից վերաբերմունք էին արտահայտում նրա հանդեպ։ Բայց նկատում եմ, որ ինչքան շատ եմ շփվում այնպիսի մարդկանց հետ, ովքեր հարգանքով են խոսում ուրիշների մասին, այնքան ավելի շատ եմ մղվում հարգալից լինել ամուսնուս նկատմամբ»։
Մեր ընտանիքի անդամների հանդեպ հարգանք դրսևորելով՝ մենք հարգանք ենք դրսևորում մեր ընտանիքի Գլխի՝ Եհովայի նկատմամբ (տես պարբերություն 9)
10. Երեխաները ինչպե՞ս կարող են ցույց տալ, որ հարգում են իրենց ծնողներին։
10 Սիրելի՛ երեխաներ, հնազանդվեք ձեր ծնողների սահմանած կանոններին (Եփես. 6։1-3)։ Հարգանքով խոսեք նրանց հետ (Ելք 21։17)։ Ձեր ծնողները տարիքն առնելուն զուգընթաց ձեր ուշադրության կարիքն ավելի շատ են ունենում։ Ջանք մի՛ խնայեք նրանց մասին հոգ տանելու համար։ Քննենք Մարիայի օրինակը։ Նրա հայրը, ով Եհովայի վկա չէր, հիվանդություն ձեռք բերեց։ Մարիայի համար դժվար էր խնամել իր հորը, քանի որ վերջինս լավ չէր վերաբերվում նրան։ Քույրը պատմում է. «Աղոթում էի, որ ոչ միայն հարգեմ հորս, այլև կարողանամ ցույց տալ դա։ Մտածում էի, որ եթե Աստված պատվիրել է հարգել ծնողներին, տրամաբանական է, որ նաև այդպես վարվելու ուժ կտա։ Ժամանակի ընթացքում հասկացա, որ չպետք է սպասեմ՝ հայրս փոխի իր վարքագիծը, որպեսզի հարգեմ նրան»։ Երբ, չնայած մեր ընտանիքի անդամների թերություններին, հարգում ենք նրանց, փաստում ենք, որ հարգանքով ենք վերաբերվում Եհովայի հաստատած կառույցին։
ՀԱՐԳԱՆՔ ՑՈՒՑԱԲԵՐԵՆՔ ՀԱՎԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ
11. Ինչո՞ւ գուցե երբեմն դժվար լինի հարգալից վերաբերվել հավատակիցներին։
11 Դժվարություն։ Ինչ խոսք, մեր հավատակիցները ապրում են Աստվածաշնչի չափանիշների համաձայն։ Այնուամենայնիվ, նրանցից ոմանք հնարավոր է՝ կոպիտ վերաբերվեն մեզ, նյարդայնացնեն կամ մեր մասին անհիմն դատողություններ անեն։ Եթե մեր հավատակցի դեմ «գանգատվելու պատճառ» ենք ունենում, թերևս դժվարանում ենք հարգալից վերաբերվել նրան (Կող. 3։13)։ Ի՞նչը կօգնի մեզ ճիշտ վարվել։
12. Ինչո՞ւ է կարևոր հարգանք դրսևորել հավատակիցների հանդեպ (2 Պետրոս 2։9-12)։
12 Ինչո՞ւ է կարևոր հարգանք դրսևորել (կարդա 2 Պետրոս 2։9-12)։ Իր երկրորդ նամակում Պետրոսը գրեց, որ առաջին դարի քրիստոնյաներից ոմանք անհարգալից բաներ էին խոսում «այն մարդկանց մասին, ում Աստված փառքի էր արժանացրել», այսինքն՝ երեցների։ Իսկ դա տեսնելով՝ ինչպե՞ս էին արձագանքում հավատարիմ հրեշտակները։ «Եհովայի հանդեպ հարգանքից մղված»՝ նրանք այդ մարդկանց վերաբերյալ գեթ մեկ անարգական խոսք չասացին։ Միայն պատկերացնենք. կատարյալ հրեշտակները կոպտորեն չխոսեցին այդ հանդուգն մարդկանց մասին։ Փոխարենը նրանք դատն ու պատիժը թողեցին Եհովային (Հռոմ. 14։10-12; համեմատիր Հուդա 9)։ Մենք հրեշտակներից սովորելու բան ունենք։ Եթե մեզ հակառակվողներին չպետք է անհարգալից վերաբերվենք, ապա որքան ավելի կարևոր է, որ անհարգալից չվերաբերվենք մեր հավատակիցներին։ Ավելին՝ նրանց պատվելու հարցում պետք է «առաջինը լինենք» (Հռոմ. 12։10)։ Այդպիսով հարգանք կցուցաբերենք Եհովայի հանդեպ։
13-14. Ինչպե՞ս կարող ենք հարգանք դրսևորել հավատակիցների հանդեպ (տես նաև նկարները)։
13 Ինչպես հարգանք դրսևորել։ Երեցնե՛ր, երբ ուսուցանում եք, սիրով արեք դա (Փիլիմ. 8, 9)։ Երբ ինչ-որ մեկին խորհուրդ եք տալիս, բարությամբ արեք դա և մի՛ խրատեք բարկացած վիճակում։ Քույրե՛ր, դուք կարող եք հարգանքի մթնոլորտ ստեղծել ժողովում և պահպանել այն՝ չզրպարտելով ուրիշներին և չբամբասելով (Տիտոս 2։3-5)։ Մենք բոլորս կարող ենք հարգանք ցուցաբերել երեցների նկատմամբ՝ համագործակցելով նրանց հետ և գնահատանք արտահայտելով այն ծանր աշխատանքի համար, որ նրանք անում են, որպեսզի ժողովներ անցկացնեն, կազմակերպեն քարոզչական գործը և մասնակցեն դրան, ինչպես նաև օգնեն նրանց, ովքեր «սխալ քայլ են արել» (Գաղ. 6։1; 1 Տիմոթ. 5։17)։
14 Ռոսեո անունով մի քույր դժվարանում էր հարգել մի երեցի, ով իրեն խորհուրդ էր տվել։ Նա ասում է. «Կարծում էի, որ նա ինձ հետ կոպիտ է խոսել։ Տանը նրա մասին բացասական բաներ ասացի։ Ներքուստ կասկածի էի ենթարկում նրա մղումները և չէի ընդունում նրա խորհուրդը, թեև փորձում էի թաքցնել դա»։ Ի՞նչն օգնեց Ռոսեոյին։ Նա շարունակում է. «Աստվածաշնչի ընթերցանությանս ժամանակ կարդացի 1 Թեսաղոնիկեցիներ 5։12, 13 համարները։ Երբ հասկացա, որ հարգանք չեմ դրսևորում այդ եղբոր նկատմամբ, խիղճս սկսեց տանջել ինձ։ Աղոթեցի Եհովային և մեր հրատարակություններում փնտրեցի տեղեկություններ, որոնք կօգնեին ինձ շտկելու մտածելակերպս։ Ի վերջո հասկացա, որ խնդիրը ոչ թե այդ եղբայրն էր, այլ հպարտությունս։ Հիմա գիտեմ, որ խոնարհության և ուրիշներին հարգելու միջև սերտ կապ կա։ Աշխատելու տեղ դեռ ունեմ, բայց երբ ձգտում եմ հարգանք դրսևորել ուրիշների նկատմամբ, զգում եմ, որ Եհովան ուրախանում է ինձանով»։
Մենք բոլորս կարող ենք հարգանք դրսևորել երեցների հանդեպ՝ համագործակցելով նրանց հետ և արտահայտելով մեր երախտագիտությունը նրանց կատարած ծանր աշխատանքի համար (տես պարբերություններ 13-14)
ՀԱՐԳԱՆՔ ՑՈՒՑԱԲԵՐԵՆՔ ՈՉ ՎԿԱՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ
15. Ինչո՞ւ թերևս դժվար լինի հարգել ոչ Վկա անհատներին։
15 Դժվարություն։ Ծառայության ժամանակ հաճախ հանդիպում ենք մարդկանց, ում չի հետաքրքրում աստվածաշնչյան ճշմարտությունը (Եփես. 4։18)։ Ոմանք մերժում են այդ լուրը իրենց կրոնական դաստիարակության պատճառով։ Հնարավոր է՝ առնչվենք այնպիսի գործատերերի կամ ուսուցիչների հետ, որոնց դժվար է հաճեցնել, կամ այնպիսի աշխատակիցների և դասարանցիների հետ, ում հետ դժվար է լեզու գտնել։ Ժամանակի ընթացքում նրանց հանդեպ մեր հարգանքը գուցե նվազի, և այլևս նրանց չվերաբերվենք այնպես, ինչպես կցանկանայինք, որ մեզ վերաբերվեն։
16. Ինչո՞ւ է կարևոր հարգել նրանց, ովքեր դեռ չեն ծառայում Եհովային (1 Պետրոս 2։12; 3։15)։
16 Ինչո՞ւ է կարևոր հարգանք դրսևորել։ Հիշենք, որ Եհովան ուշադրություն է դարձնում, թե ինչպես ենք վերաբերվում իրեն չծառայող մարդկանց։ Պետրոս առաքյալը հիշեցրեց քրիստոնյաներին, որ իրենց լավ վարքը կարող է մղել ոմանց «փառավորել Աստծուն»։ Ուստի հորդորեց քրիստոնյաներին պաշտպանել իրենց հավատը «մեղմությամբ ու խոր հարգանքով» (կարդա 1 Պետրոս 2։12; 3։15)։ Անկախ նրանից՝ քրիստոնյան հավատի փորձություն է կրում, թե իր հավատը պաշտպանում է հարևանի հետ զրույցում, նա ոչ Վկային պետք է վերաբերվի այնպես, ինչպես դա կաներ Աստծու ներկայությամբ։ Հիշենք. Եհովան տեսնում և լսում է, թե ինչ ենք ասում և ինչպես։ Մի՞թե սա Եհովային չծառայող մարդկանց հարգելու զորեղ պատճառ չէ։
17. Ինչպե՞ս կարող ենք հարգանք դրսևորել ոչ Վկաների հանդեպ։
17 Ինչպես հարգանք դրսևորել։ Ծառայության ժամանակ երբեք չենք ցանկանա այնպիսի տպավորություն թողնել, թե նրանք, ովքեր Աստվածաշնչից քիչ գիտելիքներ ունեն կամ ընդհանրապես ծանոթ չեն Աստվածաշնչին, ցածր են մեզնից։ Փոխարենը կհիշենք, որ դիմացինը թանկ է Աստծու համար, և նրան մեզնից բարձր կհամարենք (Անգե 2։7; Փիլիպ. 2։3)։ Եթե ինչ-որ մեկը վիրավորում է քեզ քո հավատալիքների պատճառով, մի՛ տրվիր նույն ձևով նրան պատասխանելու գայթակղությանը, օրինակ՝ սրամիտ, բայց հեգնական խոսքեր ասելով (1 Պետ. 2։23)։ Եթե այնպիսի բան ես ասել, որի համար ափսոսում ես, անմիջապես ներողություն խնդրիր։ Իսկ ինչպե՞ս կարող ես հարգալից լինել աշխատավայրում։ Բարեխիղճ աշխատող եղիր և ձգտիր լավը տեսնել աշխատակիցներիդ և գործատիրոջդ մեջ (Տիտոս 2։9, 10)։ Լինելով ազնիվ, ջանասեր ու նվիրված աշխատող՝ միշտ չէ, որ կհաճեցնես մարդկանց, բայց Աստծուն հաստատ կհաճեցնես (Կող. 3։22, 23)։
18. Ինչո՞ւ արժե հարգել ուրիշներին և ցույց տալ դա։
18 Ի՞նչ պատճառներ ունենք ուրիշներին հարգելու և այդ հարգանքը դրսևորելու համար։ Մենք տեսանք, որ ընտանիքի անդամների հանդեպ հարգանք դրսևորելով՝ հարգանք ենք դրսևորում մեր ընտանիքի Գլխի՝ Եհովայի հանդեպ։ Նմանապես՝ երբ հարգալից վերաբերմունք ենք դրսևորում մեր հոգևոր ընտանիքի անդամների նկատմամբ, այդպիսով հարգանք ենք դրսևորում մեր երկնային Հոր նկատմամբ։ Եվ երբ հարգանքով ենք վերաբերվում ոչ Վկա անհատներին, լավ հիմք ենք ստեղծում, որ նրանք փառավորեն, կամ՝ պատվեն մեր մեծ Աստծուն։ Նույնիսկ եթե ոմանք ի պատասխան երբեք էլ չհարգեն մեզ, միևնույն է, արժե նրանց հանդեպ հարգանք դրսևորել, քանի որ արդյունքում կունենանք Եհովայի օրհնությունը։ Նա խոստանում է. «Ես կպատվեմ նրանց, ովքեր պատվում են ինձ» (1 Սամ. 2։30)։
ԵՐԳ 129 Պիտի շարունակենք տոկալ
a Որոշ անուններ փոխված են։