ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 40
ԵՐԳ 111 Մեր ուրախության պատճառները
Եհովան մեր «ցնծության աղբյուրն» է
«Ես կմոտենամ.... իմ Աստծուն՝ իմ ցնծության աղբյուրին» (ՍԱՂ. 43։4)։
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ
Ինչը կարող է խլել մեր ուրախությունը, և ինչպես կարող ենք վերագտնել այն, եթե կորցրել ենք։
1-2. ա) Այսօր ի՞նչ զգացումներ են ունենում շատերը։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
ՄԵՐՕՐՅԱ աշխարհը անվերջ փնտրում է երջանկության գաղտնիքը։ Սակայն հարատև ուրախությունը մնում է անհասանելի։ Շատերը համակված են անհատակ դատարկության և խոր տխրության զգացումներով։ Եհովայի ժողովուրդը ապահովագրված չէ նման զգացումներից։ Քանի որ ապրում ենք «վերջին օրերում», գիտակցում ենք, որ կբախվենք լուրջ խնդիրների և կունենանք այնպիսի զգացումներ, որոնց դիմանալը «չափազանց դժվար» կլինի (2 Տիմոթ. 3։1)։
2 Այս հոդվածում կքննենք, թե ինչը կարող է խլել մեր ուրախությունը, և թե ինչպես կարող ենք վերագտնել այն, եթե կորցրել ենք։ Բայց նախ կխոսենք այն մասին, թե ով է իսկական ուրախության և երջանկության Աղբյուրը։
ԻՍԿԱԿԱՆ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
3. Արարչագործությունը ի՞նչ է սովորեցնում մեզ Եհովայի մասին (տես նաև նկարները)։
3 Եհովան միշտ երջանիկ է և ցանկանում է, որ մենք ուրախ ու երջանիկ լինենք։ Ուստի զարմանալի չէ, որ նրա ուրախությունը արտացոլում են նրա ձեռքի գործերը՝ մեր գեղեցիկ մոլորակը, մեզ շրջապատող անհամար զանազան գույները, խաղասեր ու զվարճալի կենդանիները և առատ համեղ կերակուրները։ Իսկապես որ, Աստված սիրում է մեզ և ցանկանում է, որ վայելենք կյանքը։
Baby elephant: Image © Romi Gamit/Shutterstock; penguin chicks: Vladimir Seliverstov/500px via Getty Images; baby goats: Rita Kochmarjova/stock.adobe.com; two dolphins: georgeclerk/E+ via Getty Images
Կենդանիների զվարճալի խաղը ցույց է տալիս, որ Եհովան ուրախ Աստված է (տես պարբերություն 3)
4. ա) Ինչպե՞ս է Եհովան ուրախ մնում՝ չնայած այն բանին, որ տեսնում է աշխարհում տիրող տառապանքը։ բ) Եհովան ինչպե՞ս է օգնում մեզ (Սաղմոս 16։11)։
4 Եհովայի աչքից չի վրիպում աշխարհում տիրող ցավն ու տառապանքը, այնուամենայնիվ, նա «երջանիկ Աստված» է (1 Տիմոթ. 1։11)։ Նա թույլ չի տալիս, որ այդ իրականության պատճառով իր ուրախությունը խամրի։ Աստված գիտի, որ տառապանքը ժամանակավոր է. նա ինքն է դրա ժամկետը սահմանել։ Նա համբերությամբ դիմանում է, մինչև կգա այն օրը, երբ առհավետ կվերացնի վիշտն ու տառապանքը։ Եհովան գիտի, թե ինչի միջով ենք անցնում և ուզում է օգնել մեզ։ Իսկ ինչպե՞ս է նա դա անում։ Օրինակ՝ մեզ ուրախություն է տալիս (կարդա Սաղմոս 16։11)։ Նկատի առնենք Հիսուսի օրինակը և տեսնենք, թե ինչն էր նրան ուրախություն պարգևում։
5-6. Ինչո՞ւ է Հիսուսը ուրախ։
5 Եհովայի ստեղծածների մեջ Հիսուսը ամենաերջանիկն է։ Ինչո՞ւ։ Նկատի առնենք երկու պատճառ։ 1) «[Նա] անտեսանելի Աստծու պատկերն է» և իր Հոր էության կատարյալ արտացոլանքը (Կող. 1։15; 1 Տիմոթ. 6։15)։ 2) Հիսուսը ամենաշատն է ժամանակ անցկացրել իր Հոր՝ երջանկության Աղբյուրի հետ։
6 Աստծու Որդին միշտ ուրախությամբ է անում այն, ինչ Հայրը հանձնարարում է իրեն (Առակ. 8։30, 31; Հովհ. 8։29)։ Իր հավատարմության շնորհիվ նա ունի Եհովայի հաճությունն ու հավանությունը (Մատթ. 3։17)։
7. Ինչպե՞ս կարող ենք իսկական ուրախություն ունենալ։
7 Փաստորեն, իսկական ուրախության բանալին Եհովայի՝ երջանկության Աղբյուրի հետ մտերիմ լինելն է։ Որքան շատ ժամանակ տրամադրենք Եհովային ճանաչելու համար և ընդօրինակենք նրան, այնքան ավելի երջանիկ կլինենք։ Երջանիկ կլինենք նաև, եթե կատարենք Աստծու կամքը և իմանանք, որ նրա հավանությունն ունենք (Սաղ. 33։12)։a Իսկ ի՞նչ անենք, եթե երբեմն կամ նույնիսկ տևական ժամանակ ուրախություն չենք զգում։ Մի՞թե դա նշանակում է, որ չունենք Աստծու հավանությունը։ Բնա՛վ։ Մենք անկատար ենք և ժամանակ առ ժամանակ ցավ ենք զգում, տխրում ենք ու ընկճվում։ Եհովան հասկանում է դա (Սաղ. 103։14)։ Այժմ տեսնենք, թե ինչը կարող է խլել մեր ուրախությունը, և թե ինչպես կարող ենք վերագտնել այն։
ԹՈՒՅԼ ՄԻ՛ ՏՈՒՐ, ՈՐ ՈՐԵՎԷ ԲԱՆ ԽԼԻ ՔՈ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ
8. Ինչպե՞ս կարող են խնդիրները ազդել մեզ վրա։
8 Խոչընդոտ № 1։ Կյանքի խնդիրները։ Հալածանքի, բնական աղետների, աղքատության, հիվանդության կամ ծերության հետևանքով տառապո՞ւմ ես։ Այսպիսի խնդիրների բախվելիս մենք հեշտությամբ կարող ենք կորցնել մեր ուրախությունը, հատկապես եթե չենք տիրապետում կամ գրեթե չենք տիրապետում իրավիճակին։ Աստվածաշունչը իրատեսորեն նշում է, որ «սրտի ցավից ոգին փշրվում է» (Առակ. 15։13)։ Բեբես անունով մի երեց, որը չորս տարվա ընթացքում կորցրեց իր եղբորն ու ծնողներին, ասում է. «Ես միայնակ էի և հուսալքված։ Երբեմն ինձ սաստիկ ճնշված էի զգում, քանի որ նախքան ծնողներիս ու եղբորս մահանալը զբաղված լինելու պատճառով չէի կարողացել բավարար ժամանակ անցկացնել նրանց հետ»։ Կյանքի խնդիրները իսկապես կարող են ֆիզիկապես ու զգացապես հյուծել մեզ։
9. Ինչպե՞ս կարող ենք վերագտնել մեր ուրախությունը (Երեմիա 29։4-7, 10)։
9 Ինչպե՞ս կարող ենք վերագտնել մեր ուրախությունը։ Մենք կարող ենք վերագտնել այն, եթե իրատես և երախտագետ լինենք։ Աշխարհը առաջ է տանում այն գաղափարը, թե երջանիկ լինելու համար մեր կյանքը պետք է կատարյալ լինի։ Բայց դա այդպես չէ։ Օրինակ՝ Եհովան Բաբելոնում գտնվող գերեվարված հրեաներին հորդորեց ընդունել այն իրողությունը, որ նրանք գերի են օտար երկրում, և իրենց լավագույնն անել դժվար հանգամանքներում (կարդա Երեմիա 29։4-7, 10)։ Ի՞նչ ենք սովորում։ Փորձիր հարմարվել քո հանգամանքներին և երախտապարտ լինել ունեցածդ լավ բաների համար։ Հիշիր. Եհովան այդ ողջ ընթացքում թիկունքիդ կանգնած կլինի (Սաղ. 63։7; 146։5)։ Էֆին, որը դժբախտ պատահարի հետևանքով կաթվածահար էր եղել, ասում է. «Եհովան, ընտանիքս և ժողովը ինձ շատ էին օգնում ու աջակցում։ Ուստի մտածեցի, որ հանձնվելն ապերախտություն կլինի։ Ուզում էի Եհովային ու ընկերներիս ցույց տալ, որ շնորհակալ եմ իրենց անգին օգնության համար»։
10. Խնդիրներ ունենալով հանդերձ ինչո՞ւ կարող ենք ուրախ լինել։
10 Նույնիսկ եթե մեր կյանքը կատարյալ լինելուց շատ հեռու է կամ էլ մեզ կամ մեր ընտանիքի անդամներին սարսափելի բաներ են պատահում, մենք կարո՛ղ ենք ուրախ մնալ (Սաղ. 126։5)։b Ինչո՞ւ ենք այդպես ասում. քանի որ մեր ուրախությունը կախված չէ մեր հանգամանքներից։ Մարիա անունով մի ռահվիրա քույր ասում է. «Եթե խնդիրների ներքո ուրախ ես, չի նշանակում, որ ճնշում ես զգացումներդ։ Դա նշանակում է, որ չես մոռացել Եհովայի խոստումները։ Մեր Հայրը կօգնի մեզ պահպանել մեր ուրախությունը»։ Հիշիր. որքան էլ դժվար լինի քեզ համար հիմա, բոլոր խնդիրները ժամանակավոր են, ինչպես ծովափնյա ավազի վրա թողնված հետքերը։ Շատ շուտով դրանք անհետ կկորչեն։
11. Պողոս առաքյալի օրինակն ինչպե՞ս է քաջալերում քեզ։
11 Հնարավոր է՝ մտածես, որ եթե խնդիրներ ունես, ուրեմն Եհովայի հավանությունը չունես։ Խորհիր Եհովայի մյուս հավատարիմ ծառաների մասին, որոնք լուրջ դժվարություններ են ունեցել։ Ուշադրություն դարձնենք Պողոս առաքյալի օրինակին։ Նա ընտրվել էր անձամբ Հիսուսի կողմից, որպեսզի հայտնի ճշմարտությունը «մյուս ազգերին, ինչպես նաև թագավորներին ու իսրայելացիներին» (Գործ. 9։15)։ Ի՜նչ մեծ պատիվ։ Այնուամենայնիվ, Պողոսի կյանքը ամենևին էլ անհոգ չէր (2 Կորնթ. 11։23-27)։ Պողոսի անվերջանալի թվացող նեղություններն արդյո՞ք մատնանշում էին այն, որ նա զրկվել է Եհովայի հավանությունից։ Անշուշտ ո՛չ։ Նրա դիմացկունությունը փաստում էր, որ Եհովան օրհնում է նրան (Հռոմ. 5։3-5)։ Իսկ հիմա մտածիր քո իրավիճակի մասին։ Դու հավատարմորեն դիմանում ես բոլոր փորձություններին, ուստի նույնպես կարող ես վստահ լինել, որ ունես Եհովայի հավանությունը։
12. Անիրականանալի ցանկություններն ինչպե՞ս կարող են խլել մեր ուրախությունը։
12 Խոչընդոտ № 2։ Անիրականանալի ցանկություններ (Առակ. 13։12)։ Եհովայի հանդեպ մեր սերն ու երախտագիտությունը մղում են մեզ հոգևոր նպատակներ դնելու։ Սակայն եթե մեր նպատակները չհամապատասխանեն մեր հանգամանքներին, գուցե սրտնեղենք ու վհատվենք (Առակ. 17։22)։ Հոլլի անունով մի ռահվիրա քույր ասում է. «Ուզում էի սովորել Թագավորության քարոզիչների դպրոցում, ծառայել արտերկրում կամ մասնակցել Ռամապոյի շինարարական նախագծին։ Բայց հանգամանքներս փոխվեցին, և այդ նպատակներն այլևս անհասանելի էին ինձ համար։ Ես ընկճվել էի։ Ահավոր է, երբ ինչ-որ բաներ ես ուզում անել, բայց չես կարող»։ Շատերն են նման զգացումներ ունենում։
13. Ի՞նչ իրատեսական նպատակներ կարող ենք դնել սահմանափակող հանգամանքներում։
13 Ինչպե՞ս կարող ենք վերագտնել մեր ուրախությունը։ Հիշենք, որ Եհովան պահանջկոտ չէ։ Նա մեզնից չի ակնկալում մի բան, ինչը մեր ուժերից վեր է, ոչ էլ մեր արժեքը որոշում է նրանով, թե ինչ ենք կարողանում անել ծառայության մեջ։ Եհովան ուզում է, որ մենք լինենք համեստ ու հավատարիմ (Միք. 6։8; 1 Կորնթ. 4։2)։ Եհովայի համար ավելի կարևոր է այն, թե ինչպիսի անձնավորություն ենք, քան այն, թե ինչ գործեր ենք անում։ Արդյոք ողջամի՞տ է ինքներս մեզնից պահանջել ավելին, քան Եհովան է պահանջում։c Իհարկե ո՛չ։ Ուստի եթե հանգամանքներդ թույլ չեն տալիս Եհովայի համար անել այնքան, որքան ուզում ես, փորձիր կենտրոնանալ քեզ հասանելի նպատակների վրա։ Կարո՞ղ ես լավ խորհրդատու լինել երիտասարդների համար կամ թև ու թիկունք՝ տարեցների համար։ Կարո՞ղ ես նպատակ դնել քաջալերել ինչ-որ մեկին՝ այցելելով նրան, զանգահարելով կամ նույնիսկ հաղորդագրություն ուղարկելով։ Եթե նման իմաստալից և իրատեսական նպատակներ դնես ու ջանաս հասնել դրանց, Եհովան կօրհնի քեզ՝ ուրախություն պարգևելով։ Հիշենք, որ շատ շուտով նոր աշխարհում Եհովային ծառայելու անսպառ հնարավորություններ կունենանք, հնարավորություններ, որոնք մեր մտքով անգամ չեն անցնում։ Հոլլին, որի մասին արդեն նշվեց, ասում է. «Մի օր մտածեցի, որ առջևումս հավիտենություն է, ու Եհովայի օգնությամբ որոշ նպատակներիս նոր աշխարհում կհասնեմ»։
14. Է՞լ ինչը կարող է խլել մեր ուրախությունը։
14 Խոչընդոտ № 3։ Վայելքները չափից շատ կարևորելը։ Ոմանք սոցիալական ցանցերով պրոպագանդում են այն գաղափարը, թե իսկական երջանկության և բավարարված լինելու գրավականը կյանքի հաճույքները վայելելն է։ Նրանք խրախուսում են կյանքում առաջնային կարևորություն տալ հոբբի ունենալուն, շոփինգին, ճամփորդելուն կամ նման այլ բաների։ Ինչ խոսք, սխալ չէ անել բաներ, որոնք հաճույք են պատճառում մեզ։ Եհովան մեզ ստեղծել է գեղեցիկը գնահատելու ունակությամբ։ Սակայն շատերը հասկացել են, որ այն, ինչ իրենց կարծիքով ուրախություն պետք է բերեր, իրականում խլել է իրենց ուրախությունը։ Էվա անունով մի ռահվիրա քույր ասում է. «Եթե տարված ես ինքդ քեզ հաճեցնելու մոլուցքով, երբեք ոչնչով չես բավարարվի»։ Վայելքները չափից շատ կարևորելը առաջացնում է դատարկության զգացում։
15. Ի՞նչ ենք սովորում Սողոմոն թագավորից։
15 Վայելքները չափից շատ կարևորելու բացասական հետևանքների վերաբերյալ լավ դաս ենք սովորում Սողոմոն թագավորի օրինակից։ Նա փորձեց երջանկություն գտնել՝ բավարարելով իր ցանկությունները, օրինակ՝ վայելելով ընտիր կերակուրներ, գեղեցիկ երաժշտություն և այն ճոխ բաները, որոնք կարելի էր գնել իր օրերում։ Բայց նա այդպես էլ չիմացավ, թե ինչ է բավարարվածության զգացումը։ Սողոմոնն ասաց. «Աչքն իր տեսածով չի գոհանում, ոչ էլ ականջը՝ իր լսածով» (Ժող. 1։8; 2։1-11)։ Իրական ուրախություն պարգևող բաների մասին աշխարհի գաղափարները նման են կեղծ թղթադրամների. առաջին հայացքից դրանք արժեքավոր են, բայց իրականում գրոշ էլ չարժեն։
16. Ինչպե՞ս է ուրիշների համար լավ գործեր անելը օգնում մեզ վերագտնել մեր ուրախությունը (տես նաև նկարները)։
16 Ինչպե՞ս կարող ենք վերագտնել մեր ուրախությունը։ Հիսուսը սովորեցրել է մեզ, որ «ավելի շատ երջանկություն է բերում տալը, քան ստանալը» (Գործ. 20։35)։ Ալեկոս անունով մի երեց ասում է. «Ձգտում եմ պարզ և օգտակար բաներ անել ուրիշների համար։ Որքան շատ եմ տալիս, այնքան ավելի շատ կենտրոնանում եմ ուրիշների վրա, ոչ թե իմ անձի։ Եվ դա ինձ ուրախություն է բերում»։ Դո՞ւ ինչ կարող ես անել ուրիշների համար։ Եթե տեսնում ես, որ ինչ-որ մեկը դժվարությունների միջով է անցնում, քաջալերիր նրան։ Գուցե չես կարող լուծել նրա խնդիրը, բայց կարող ես մխիթարել նրան, եթե կարեկցանքով լսես, ապրումակցես և հիշեցնես, որ իր բեռը Եհովայի վրա գցի (Սաղ. 55։22; 68։19)։ Նաև հավաստիացրու, որ Եհովան չի լքել նրան (Սաղ. 37։28; Ես. 59։1)։ Կարող ես նաև առաջարկել քո օգնությունը, օրինակ՝ նրա համար ճաշ պատրաստել կամ էլ հրավիրել զբոսնելու։ Ծառայության հրավիրիր, ինչը կոգևորի ու թև կտա նրան։ Թույլ տուր, որ Եհովան քո միջոցով քաջալերի ուրիշներին։ Քեզ վրա կենտրոնանալու փոխարեն կենտրոնացիր ուրիշների վրա, և դա քեզ իսկական ուրախությամբ կլցնի (Առակ. 11։25)։
Մեր ցանկությունների վրա կենտրոնանալու փոխարեն կենտրոնանանք ուրիշների կարիքների վրա (տես պարբերություն 16)d
17. Իսկական ուրախություն ունենալու համար ի՞նչ պետք է անենք (Սաղմոս 43։4)։
17 Մենք իսկապես երջանիկ կլինենք, եթե շարունակենք մտերմանալ մեր երկնային Հոր հետ։ Աստվածաշունչն ընդգծում է, որ Եհովան է մեր «ցնծության աղբյուրը» (կարդա Սաղմոս 43։4)։ Ուստի անկախ այն բանից, թե ինչ դժվարություններ ենք կրում, չպետք է վախենանք ու տագնապենք։ Եվ թող որ մեր ուշադրության կենտրոնում պահենք Եհովային՝ ուրախության անսպառ Աղբյուրին (Սաղ. 144։15)։
ԵՐԳ 155 Երջանիկ ենք միշտ քեզնով
a Տես «Եհովան ուրախություն է տալիս» շրջանակը։
b Օրինակ՝ jw.org կայքում տես Դենիս և Իրինա Քրիստենսենների հարցազրույցը «2023 Կառավարիչ մարմնի հաշվետվություն № 5» տեսանյութում։
c Ավելին իմանալու համար տես «Խոհեմ ակնկալիքներ, ուրախ սիրտ» հոդվածը «Դիտարան»-ի 2008 թ. հուլիսի 15-ի համարում։
d ՆԿԱՐ։ Մի քույր գնումներ է արել իր համար, բայց առավել ուրախություն է ստանում՝ ծաղկեփունջ նվիրելով մի տարեց քրոջ, ով քաջալերանքի կարիք ունի։