ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 41
ԵՐԳ 108 Աստծու նվիրված սերը
Աստծու սերը հավերժական է
«Շնորհակալություն հայտնեք Եհովային, որովհետև նա բարի է, նրա հավատարիմ սերը հավերժական է» (ՍԱՂ. 136։1)։
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ
Եհովայի սիրո վերաբերյալ Աստվածաշնչի վրա հիմնված տեսակետ ունենալը օգնում է դժվարությունների ժամանակ հաղթահարել վհատությունը։
1-2. Ի՞նչ են դժվարանում անել շատ քրիստոնյաներ։
ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ ալեկոծ ծովում մի նավ է տարուբերվում։ Հուժկու ալիքները այս ու այն կողմ են նետում այն։ Նավը կշարժվի այն ուղղությամբ, ուր կտանեն ալիքները, եթե ինչ-որ մեկը խարիսխը չնետի ծովը։ Խարիսխը հաստատուն կպահի նավը և թույլ չի տա, որ այն փոթորկից քշվի։
2 Երբ հայտնվում ես սթրեսային իրավիճակներում, գուցե քեզ այդ նավի պես զգաս։ Զգացումներդ կարող են փոթորկվել. այսօր դու համոզված ես, որ Եհովան սիրում ու աջակցում է քեզ, իսկ վաղը կասկածում ես, որ նա տեսնում է, թե ինչի միջով ես անցնում (Սաղ. 10։1; 13։1)։ Հնարավոր է՝ ընկերդ քեզ մխիթարական խոսքեր է ասում, և մի որոշ ժամանակ ամեն ինչ տեղն է ընկնում (Առակ. 17։17; 25։11)։ Բայց հետո կասկածները կրկին գլուխ են բարձրացնում։ Գուցե անգամ մտածում ես, թե Եհովան ձեռք է քաշել քեզանից։ Այդ փոթորկալից ժամանակներում ինչպե՞ս կարող ես, այսպես ասած, խարիսխ գցել։ Այլ խոսքով՝ ինչպե՞ս կարող ես վստահ լինել և չկորցնել վստահությունն այն բանում, որ Եհովան սիրում ու աջակցում է քեզ։
3. Ի՞նչ է նշանակում Սաղմոս 31։7 և 136։1 համարներում նշված «հավատարիմ սերը», և ինչո՞ւ կարող ենք ասել, որ Եհովան այն դրսևորելու գերագույն օրինակն է (տես նաև նկարը)։
3 Դժվարությունների ժամանակ խարիսխ գցելու կերպերից մեկը Եհովայի հավատարիմ սիրո մասին հիշելն է (կարդա Սաղմոս 31։7; 136։1)։ «Հավատարիմ սեր» արտահայտությունը որևէ մեկի հանդեպ խոր և տևական կապվածության գաղափար է հաղորդում։ Եհովան հավատարիմ սեր դրսևորելու գերագույն օրինակն է։ Աստվածաշունչն ասում է, որ նա «լի է հավատարիմ սիրով» (Ելք 34։6, 7)։ Սուրբ Գիրքը Եհովայի մասին նաև հետևյալն է ասում. «Բոլոր քեզ կանչողների հանդեպ առատ է սերդ հավատարիմ» (Սաղ. 86։5)։ Մտածիր, թե ինչ են նշանակում այս խոսքերը. Եհովան երբե՛ք չի լքում իր հավատարիմ ծառաներին։ Նրա հավատարմության մասին հիշելը կարող է հաստատուն դարձնել քեզ փոթորկալից ժամանակներում (Սաղ. 23։4)։
Ինչպես խարիսխն է հաստատուն պահում նավը փոթորկի ժամանակ, այնպես էլ Եհովայի սիրո հանդեպ մեր վստահությունն է մեզ ամուր պահում կյանքի դժվարությունների ներքո (տես պարբերություն 3)
ԵՀՈՎԱՅԻ ՍԵՐԸ ՀԱՄԱՐԻՐ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ՈՒՍՄՈՒՆՔ
4. Նշիր աստվածաշնչյան հիմնարար ուսմունքներ և բացատրիր, թե ինչու ենք համոզված, որ դրանք ճիշտ են։
4 Դժվարությունների ժամանակ խարիսխ գցելու կերպերից մեկն էլ Եհովայի սերը աստվածաշնչյան հիմնարար ուսմունք համարելն է։ Ի՞նչ ես հասկանում՝ «աստվածաշնչյան հիմնարար ուսմունք» ասելով։ Գուցե մտաբերեցիր այն ուսմունքները, որոնք սովորել ես Աստծու Խոսքից, օրինակ՝ այն, որ Աստծու անունը Եհովա է, Հիսուսը Աստծու միածին Որդին է, մահացածները անգիտակից վիճակում են, և որ դրախտ է լինելու երկրի վրա, որտեղ մարդիկ ապրելու են հավիտյան (Սաղ. 83։18; Ժող. 9։5; Հովհ. 3։16; Հայտն. 21։3, 4)։ Երբ հավատացիր այս ուսմունքներին, ոչ ոք չէր կարող քեզ տարհամոզել, քանի որ դու հասկացել էիր, որ դրանք փաստերի վրա են հիմնված։ Տեսնենք, թե Եհովայի սերը աստվածաշնչյան հիմնարար ուսմունք համարելը ինչպես կարող է օգնել քեզ վանել այն միտքը, որ Եհովան հոգ չի տանում քո մասին կամ անտեղյակ է քո իրավիճակին։
5. Բացատրիր, թե մարդն ինչպես է հրաժարվում կեղծ ուսմունքներից։
5 Երբ սկսեցիր ուսումնասիրել Աստվածաշունչը, ի՞նչն օգնեց քեզ հրաժարվել կեղծ ուսմունքներից։ Հավանաբար, դու համեմատում էիր քո կրոնի ուսմունքները Աստվածաշնչի սովորեցրածների հետ։ Ենթադրենք՝ ժամանակին հավատում էիր, որ Հիսուսն Ամենակարող Աստված է։ Բայց Աստվածաշնչի ուսումնասիրությանը զուգընթաց դու սկսեցիր մտածել. «Արդյոք այդ ուսմունքը ճի՞շտ է»։ Սուրբգրային ապացույցները քննելուց հետո դու հասկացար, որ այն կեղծ է։ Այդուհետ դադարեցիր այդ ուսմունքին հավատալուց և սկսեցիր հավատալ աստվածաշնչյան այն ճշմարտությանը, որ Հիսուսը «բոլոր ստեղծվածների մեջ առաջնեկն է» և «Աստծու միածին Որդին» (Կող. 1։15; Հովհ. 3։18)։ Կեղծ ուսմունքներն իհարկե կարող են «հզոր ամրության» պես լինել, որոնք դժվար է քանդել (2 Կորնթ. 10։4, 5)։ Բայց երբ կարողանում էիր հրաժարվել որևէ ուսմունքից, այլևս չէիր վերադառնում դրան (Փիլիպ. 3։13)։
6. Ինչո՞ւ կարող ես վստահ լինել, որ Եհովայի «հավատարիմ սերը հավերժական է»։
6 Նույն մոտեցումը կարող ես ցուցաբերել այն բանի հանդեպ, ինչ Աստվածաշունչն ասում է Եհովայի սիրո մասին։ Եթե դժվարության առաջ կանգնած լինես ու կասկածես, որ Եհովան սիրում է քեզ, մտածիր. «Սթա՞փ եմ դատում»։ Կասկածներդ փարատիր՝ մտածելով այս հոդվածի բնաբանի՝ Սաղմոս 136։1-ի շուրջ։ Ինչո՞ւ է Եհովան ասում, որ իր սերը «հավատարիմ» է։ Ինչո՞ւ են «նրա հավատարիմ սերը հավերժական է» խոսքերը այդ սաղմոսում 26 անգամ կրկնվում։ Ինչպես իմացանք, Եհովայի՝ իր ժողովրդի հանդեպ ունեցած հավատարիմ սերը աստվածաշնչյան հիմնարար ուսմունք է, ինչպես և շատ այլ ուսմունքներ, որոնք դու պատրաստակամորեն ընդունել ես։ Այն միտքը, որ դու անարժեք ես, ու Եհովան չի սիրում քեզ, կեղծ է։ Մերժի՛ր այդ ուսմունքը, ինչպես որ հաստատակամորեն կմերժեիր ցանկացած այլ կեղծ ուսմունք։
7. Նշիր աստվածաշնչյան համարներ, որոնք վստահեցնում են, որ Եհովան սիրում է մեզ։
7 Աստվածաշնչում Եհովայի սիրո հավաստիացման շատ այլ օրինակներ էլ կան։ Մի առիթով Հիսուսն ասաց իր հետևորդներին. «Դուք բազում ճնճղուկներից էլ թանկ եք» (Մատթ. 10։31)։ Իսկ Եհովան իր ժողովրդին ասաց. «Ես կզորացնեմ ու կօգնեմ քեզ, արդարություն հաստատող իմ աջ ձեռքով ամուր կբռնեմ քեզ» (Ես. 41։10)։ Այս խոսքերը կասկածի տեղիք չեն տալիս։ Հիսուսը չասաց՝ «Դուք գուցե թանկ լինեք», ու Եհովան չասաց. «Գուցե օգնեմ քեզ»։ Նրանք ասացին. «Դուք.... թանկ եք» և «Ես.... կօգնեմ քեզ»։ Եթե խնդիրների ժամանակ կասկածես, որ Եհովան սիրում է քեզ, նման համարները կարող են օգնել, որ ոչ միայն զգաս դա, այլև իմանաս։ Դրանք փաստերով են հիմնավորված։ Աղոթելով կասկածներիդ մասին ու խորհելով սուրբգրային համարների շուրջ՝ դու կմղվես ասելու. «Մենք իմացանք, որ Աստված սիրում է մեզ, և հավատացինք դրան» (1 Հովհ. 4։16)։a
8. Ի՞նչ կարող ես անել, եթե երբեմն կասկածում ես, որ Եհովան սիրում է քեզ։
8 Ի՞նչ կարող ես անել, եթե կասկածներդ ժամանակ առ ժամանակ գլուխ են բարձրացնում։ Զգացածդ համեմատիր իմացածիդ հետ։ Փաստերն ավելի վստահելի են, քան զգացումները, իսկ Աստծու Խոսքը սովորեցնում է, որ Եհովայի սերը փաստ է։ Հակառակը մտածել նշանակում է հաշվի չառնել, թե ինչ էություն ունի նա՝ անտեսել նրա սերը (1 Հովհ. 4։8)։
ԽՈՐՀԻՐ ԵՀՈՎԱՅԻ՝ ՔՈ ՀԱՆԴԵՊ ՈՒՆԵՑԱԾ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ
9-10. Ի՞նչ համատեքստում Հիսուսն ասաց «Հայրն ինքը սիրում է ձեզ» խոսքերը (Հովհաննես 16։26, 27; տես նաև նկարը)։
9 Մենք կարող ենք շատ բան սովորել Եհովայի սիրո մասին՝ ուշադրություն դարձնելով Հիսուսի՝ իր հետևորդներին ուղղած այս խոսքերին. «Հայրն ինքը սիրում է ձեզ» (կարդա Հովհաննես 16։26, 27)։ Հիսուսն այս խոսքերը չասաց զուտ այն բանի համար, որ իր աշակերտները իրենց լավ զգան։ Համատեքստը ցույց է տալիս, որ նրա գլխավոր նպատակը նրանց մեջ զգացումներ արթնացնելը չէր։ Նա խոսում էր ուրիշ բանի՝ աղոթքի մասին։
10 Հիսուսն իր աշակերտներին ասաց, որ նրանք պետք է աղոթեն ոչ թե իրեն, այլ իր միջոցով (Հովհ. 16։23, 24)։ Շատ կարևոր էր, որ նրանք իմանային դա, քանի որ Հիսուսի հարությունից հետո նրա աշակերտները գուցե հակված լինեին նրան աղոթելու։ Հիսուսը նրանց ընկերն էր, ուստի նրանք գուցե մտածեին, որ իրենց հանդեպ սերը Հիսուսին կմղի լսելու իրենց խնդրանքները և դրանք ներկայացնելու Հորը։ Սակայն Հիսուսն ասաց, որ նրանք չպետք է այդպես մտածեն, որովհետև, ինչպես նա նշեց. «Հայրն ինքը սիրում է [նրանց]»։ Այս փաստը աղոթքի վերաբերյալ աստվածաշնչյան հիմնարար ուսմունք է։ Իսկ ի՞նչ ազդեցություն ունի այս ամենն իմանալը քեզ վրա։ Աստվածաշնչի ուսումնասիրության ընթացքում դու ճանաչել ու սիրել ես Հիսուսին (Հովհ. 14։21)։ Առաջին դարի աշակերտների նման դու նույնպես կարող ես վստահել նրա այս խոսքերին և համոզվածությամբ աղոթել Աստծուն՝ իմանալով, որ «Հայրն ինքը սիրում է [քեզ]»։ Ամեն անգամ Եհովային աղոթելով՝ դու ցույց ես տալիս, որ հավատում ես այս խոսքերին (1 Հովհ. 5։14)։
Դու կարող ես համոզվածությամբ աղոթել Եհովային՝ իմանալով, որ նա «ինքը սիրում է քեզ» (տես պարբերություններ 9-10)b
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԿԱՍԿԱԾՆԵՐԻԴ ՊԱՏՃԱՌԸ
11. Ինչո՞ւ ենք ասում, որ Սատանան կուրախանա, եթե կասկածենք, որ Եհովան սիրում է մեզ։
11 Ինչո՞ւ գուցե երբեմն կասկածենք, որ Եհովան սիրում է մեզ։ Հնարավոր է՝ ասենք, որ մեր կասկածների պատճառը Սատանան է, և դրա մեջ որոշակի ճշմարտություն կա։ Սատանան առիթ է փնտրում, որ «կուլ տա» մեզ, և շատ է ցանկանում, որ կասկածի տակ դնենք մեր հանդեպ Եհովայի ունեցած սերը (1 Պետ. 5։8)։ Բայց չէ՞ որ Եհովան, սիրուց մղված, փրկագին է տվել մեզ համար, իսկ Սատանան ցանկանում է, որ մենք մեզ արժանի չհամարենք դրան (Եբր. 2։9)։ Ուրեմն ո՞ւմ է ձեռնտու, որ կասկածի ենթարկենք մեր հանդեպ Եհովայի ունեցած սերը. Սատանային։ Իսկ ո՞ւմ սրտով է, որ դժվարությունների ժամանակ հանձնվենք. կրկին Սատանայի։ Նա փորձում է մեր մեջ կասկածներ սերմանել՝ համոզելով, որ Եհովան մեզ չի սիրում, բայց զավեշտն այն է, որ իրականում նա է զրկվել Եհովայի սիրուց։ Այն, որ Սատանան փորձում է մեր մեջ այնպիսի զգացում առաջացնել, թե մենք ենք չսիրված ու մերժված Եհովայի կողմից, նրա «նենգություններից» է (Եփես. 6։11)։ Եվ երբ հասկանում ենք մեր թշնամու մարտավարությունը, ավելի վճռական ենք լինում «հակառակվելու Բանսարկուին» (Հակ. 4։7)։
12-13. Ինչպե՞ս կարող է մեր ժառանգած անկատարությունը դրդել մեզ կասկածի ենթարկելու Եհովայի սերը։
12 Եհովայի սերը գուցե կասկածի տակ դնենք նաև մեկ այլ պատճառով՝ մեր ժառանգած անկատարության (Սաղ. 51։5; Հռոմ. 5։12)։ Մեղքը մարդուն հեռացրել է իր Ստեղծչից։ Այն նաև վնասել է նրա միտքը, սիրտը և մարմինը։
13 Մեղքը զգացական «հեղաշրջում» է արել մեր մեջ՝ առաջացնելով մեղավորության, տագնապի, անապահովության և ամոթի զգացումներ։ Այդպիսի զգացումներ ենք սովորաբար ունենում, երբ մեղք ենք գործում։ Բայց դրանք կարող են գլուխ բարձրացնել նաև զուտ մեր մեղսավոր էության պատճառով, որը բոլորովին չի համապատասխանում մարդու սկզբնական վիճակին, քանի որ Աստված նրան կատարյալ էր ստեղծել (Հռոմ. 8։20, 21)։ Ինչպես որ վնասված անվադողով մեքենան չի կարող աշխատել առավելագույն արդյունավետությամբ, այնպես էլ մենք՝ անկատար մարդիկս, չենք կարող գործել մեր ողջ ներուժով, ինչպես որ ի սկզբանե ստեղծված ենք եղել։ Ուստի զարմանալի չէ, որ երբեմն Եհովայի սիրո վերաբերյալ կասկածները մտատանջում են մեզ։ Նման պահերին պետք է հիշենք, որ Եհովան «մե՜ծ ու պատկառելի՜ Աստված է.... հավատարիմ սեր է ցուցաբերում իրեն սիրողների ու իր պատվիրանները պահողների հանդեպ» (Նեեմ. 1։5)։
14. Փրկագնի շուրջ խորհելը ինչպե՞ս կօգնի վանել այն միտքը, թե Եհովան երբեք չի սիրի մեզ (Հռոմեացիներ 5։8; տես նաև «Զգոն եղիր, որպեսզի չտրվես «մեղքի մոլորեցնող հրապույրին»» շրջանակը)։
14 Հնարավոր է՝ ժամանակ առ ժամանակ այնպիսի զգացում ունենանք, թե արժանի չենք Եհովայի սիրուն։ Եվ իրականում այդպես էլ կա, ու հենց դա է Աստծու սերը յուրահատուկ դարձնում։ Մենք չենք կարող արժանանալ այդ սիրուն։ Փրկագնի շնորհիվ է, որ մեր մեղքերը ներվում են, ինչը Եհովան սիրուց մղված է տվել (1 Հովհ. 4։10)։ Բացի այդ՝ հիշենք, որ Հիսուսը եկավ երկիր՝ մեղսագործներին փրկելու համար, ոչ թե կատարյալ մարդկանց (կարդա Հռոմեացիներ 5։8)։ Մեզնից ոչ ոք չի կարող կատարելապես ինչ-որ բան անել, և Եհովան չի էլ ակնկալում դա։ Երբ հասկանում ենք, որ մեր մեղսավոր էությունը կարող է դրդել մեզ կասկածի տակ դնելու Եհովայի սերը, ավելի վճռական ենք դառնում թույլ չտալու, որ այն ազդի մեր մտքի վրա (Հռոմ. 7։24, 25)։
ՎՃՌԻՐ ՆՎԻՐՎԱԾ ՄՆԱԼ
15-16. Եթե Եհովային նվիրված մնանք, ինչո՞ւմ կարող ենք համոզված լինել և ինչո՞ւ (2 Սամուել 22։26)։
15 Եհովան ուզում է, որ ճիշտ որոշում կայացնենք, այսինքն՝ նրան «հավատարիմ մնանք» (2 Օրենք 30։19, 20)։ Եթե նվիրված լինենք նրան, անշուշտ, նա էլ նվիրվածությամբ կվարվի մեզ հետ (կարդա 2 Սամուել 22։26)։ Քանի դեռ նվիրված ենք Եհովային, կարող ենք վստահ լինել, որ նա կօգնի մեզ, ինչ իրավիճակների էլ որ բախվենք։
16 Ինչպես տեսանք, մենք բոլոր հիմքերն ունենք կյանքի փոթորկալից ժամանակներում խարիսխ գցելու։ Մենք գիտենք, որ Եհովան սիրում է մեզ և անպայման կօգնի։ Դա է մեզ սովորեցնում Աստվածաշունչը։ Եթե երբևէ կասկածենք, որ Եհովան սիրում է մեզ, լավ կլինի՝ մտածենք, թե ինչ գիտենք Եհովայի սիրո մասին, ոչ թե կենտրոնանանք այն բանի վրա, թե ինչ ենք զգում այդ պահին։ Թող որ երբեք կասկածի տակ չդնենք սուրբգրային այն ճշմարտությունը, որ Եհովայի սերը հավերժական է։
ԵՐԳ 159 Եհո՛վա, արժանի ես մեծ փառքի
a Այլ օրինակներ կան նաև 2 Օրենք 31։8, Սաղմոս 94։14 և Եսայիա 49։15 համարներում։
b ՆԿԱՐ։ Եղբայրն աղոթում է, որ կարողանա հոգ տանել իր հիվանդ կնոջ մասին, իմաստնորեն տնօրինել ֆինանսական միջոցները և սովորեցնել երեխային սիրել Եհովային։