ՄԱՐՏԻ 9-15, 2026
ԵՐԳ 45 Թող մտքերս հաճելի լինեն քեզ
Դու կարող ես հաջողությամբ պայքարել բացասական զգացումների դեմ
«Ի՜նչ թշվառ մարդ եմ ես» (ՀՌՈՄ. 7։24)։
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ
Ինչպես կարող ենք պայքարել բացասական մտքերի ու զգացումների դեմ։
1-2. Ի՞նչ էր Պողոս առաքյալը երբեմն զգում, և ի՞նչ առումով ենք նրան նման (Հռոմեացիներ 7։21-24)։
ԵՐԲ մտածում ես Պողոս առաքյալի մասին, ինչպե՞ս ես նրան պատկերացնում. որպես քաջ միսիոնե՞ր, հմուտ ուսուցի՞չ, թե՞ մեկը, ում գրչին են պատկանում Աստվածաշնչի բազմաթիվ գրքեր։ Անկասկած, այս բոլոր նկարագրությունները ճիշտ են։ Սակայն Պողոսը նաև խոր զգացումներ ունեցող մարդ էր։ Մեզնից շատերի պես նա երբեմն պայքարում էր բացասական զգացումների դեմ։
2 Կարդա Հռոմեացիներ 7։21-24։ Հռոմեացիներին ուղղած իր նամակում Պողոսը այնպիսի զգացումներ է արտահայտում, որոնք շատերիս են ծանոթ։ Թեև նա հավատարիմ քրիստոնյա էր, սակայն նրա մեջ ներքին պայքար կար, պայքար Աստծու կամքը կատարելու ցանկության և սխալ ցանկություններին տրվելու հակման միջև։ Բացի դրանից՝ Պողոսը երբեմն պայքարում էր նաև բացասական զգացումների դեմ, որոնք ունենում էր անցյալում գործած սխալների և իրեն մշտապես ուղեկցող խնդրի պատճառով։
3. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում (տես նաև բառամեկնությունը)։
3 Չնայած ներքին պայքարին՝ Պողոսը թույլ չէր տալիս, որ բացասական զգացումներըa իշխեն իր մտքի վրա։ Այս հոդվածում կիմանանք հետևյալ հարցերի պատասխանները. «Ինչո՞ւ էր Պողոսը երբեմն իրեն թշվառ զգում, ինչպե՞ս էր պայքարում բացասական զգացումների դեմ, և մենք ինչպե՞ս կարող ենք ազատվել բացասական զգացումներից»։
ԻՆՉՈՒ ԷՐ ՊՈՂՈՍԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԶԳԱՑՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆՈՒՄ
4. Ինչո՞ւ էր Պողոսը բացասական զգացումներ ունենում։
4 Անցյալում արած սխալներ։ Նախքան քրիստոնյա դառնալը Պողոսը, ով հայտնի էր Սողոս անունով, արել էր բաներ, որոնց համար հետո զղջաց։ Օրինակ՝ երբ Ստեփանոսին քարկոծում էին, որպեսզի սպանեին, նա այնտեղ էր և հավանություն էր տալիս դրան (Գործ. 7։58; 8։1)։ Բացի այդ՝ Սողոսը առաջնորդում էր քրիստոնյաների դաժան հալածանքը (Գործ. 8։3; 26։9-11)։
5. Ի՞նչ էր Պողոսը զգում անցյալում գործած արարքների պատճառով։
5 Քրիստոնյա դառնալուց հետո Պողոսը մտահոգություններ էր ունենում իր անցյալի պատճառով։ Այն բանի գիտակցումը, որ նա անգթորեն հալածել էր քրիստոնյաներին, թերևս տարեցտարի ավելի ու ավելի էր ծանրանում նրա խղճի վրա։ Օրինակ՝ երբ նա մ.թ. մոտ 55-ին կորնթացիներին գրեց իր առաջին նամակը, ասաց. «Արժանի չեմ առաքյալ կոչվելու, քանի որ հալածել եմ Աստծու ժողովը» (1 Կորնթ. 15։9)։ Մոտ հինգ տարի անց եփեսացիներին գրած նամակում նա իր մասին ասաց. «Փոքրագույնից էլ փոքր եմ» (Եփես. 3։8)։ Իսկ Տիմոթեոսին նա գրեց, որ եղել է «աստվածանարգ, հալածող ու հանդուգն մարդ» (1 Տիմոթ. 1։13)։ Կարելի է պատկերացնել, թե Պողոսը ինչ էր զգում, երբ այցելում էր ժողովներ և այնտեղ հանդիպում այն մարդկանց, ում հալածել էր, կամ նրանց ընտանիքի անդամներին։
6. Է՞լ ինչն էր Պողոսին մտահոգում (տես նաև ծանոթագրությունը)։
6 Մարմնի մեջ մտած մի փուշ։ Պողոսն իրեն տանջող ցավը համեմատեց մարմնի մեջ մտած մի փշի հետ (2 Կորնթ. 12։7)։ Նա իր ցավի պատճառը չնշեց, բայց նրա համեմատությունից կարելի է ենթադրել, որ դա կա՛մ ֆիզիկական խնդիր էր, կա՛մ զգացական, կա՛մ էլ մի բան, որի պատճառով մտատանջվում էր։b
7. Ինչպե՞ս էր Պողոսի վրա ազդում նրա անկատարությունը (Հռոմեացիներ 7։18, 19)։
7 Նրա անկատարությունը։ Պողոսը պայքարում էր իր անկատարության դեմ (կարդա Հռոմեացիներ 7։18, 19)։ Թեև նա ուզում էր ճիշտն անել, սակայն նրա անկատար մարմինը ճնշում էր այդպես վարվելու նրա վճռականությունը։ Պողոսն ընդունում էր, որ իր մեջ մշտական պայքար կա վատ հակումների և ճիշտն անելու ցանկության միջև։ Բայց նա ջանում էր լավ հատկություններ զարգացնել (1 Կորնթ. 9։27)։ Որքա՜ն պետք է որ նա ընկճվեր, երբ իր որևէ վատ հատկություն գլուխ էր բարձրացնում։
ԻՆՉՊԵՍ ԷՐ ՊՈՂՈՍԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԶԳԱՑՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ
8. Պողոսի նամակներից ի՞նչ ենք իմանում այն մասին, թե ինչպես էր նա պայքարում իր անկատարության դեմ։
8 Ինչպես իմանում ենք Պողոսի նամակներից, նա մտածում էր, թե ինչպես կարող են ինքն ու իր հավատակիցները Աստծու ոգու օգնությամբ պայքարել մեղսավոր հակումների դեմ և ճնշել դրանք (Հռոմ. 8։13; Գաղ. 5։16, 17)։ Նա հաճախ էր հիշատակում այն վատ հատկություններն ու սխալ ցանկությունները, որոնց դեմ քրիստոնյաները պետք է պայքարեն (Գաղ. 5։19-21, 26)։ Պողոսը, անշուշտ, մտածում էր իր թերությունների մասին և խորհուրդներ փնտրում սուրբ գրվածքներում, որպեսզի շտկեր դրանք։ Կասկած չկա, որ նա կիրառում էր այն խորհուրդները, որոնք տալիս էր ուրիշներին։
9-10. Ի՞նչն օգնեց Պողոսին պայքարել բացասական զգացումների դեմ (Եփեսացիներ 1։7; տես նաև նկարը)։
9 Թեպետ Պողոսը երբեմն վհատվում էր, բայց կարողանում էր պահպանել դրական տրամադրվածությունը։ Օրինակ՝ նա ուրախանում էր, երբ իր համագործակիցները լավ լուրեր էին բերում տարբեր ժողովներից (2 Կորնթ. 7։6, 7)։ Նրան նաև մեծ հաճույք էր պատճառում իր հավատակիցների հետ ընկերությունը (2 Տիմոթ. 1։4)։ Բացի այդ՝ նա գիտեր, որ ունի Եհովայի հավանությունը։ Այո՛, Պողոսը երջանիկ էր, քանի որ Աստծուն կարող էր ծառայել «մաքուր խղճով» (2 Տիմոթ. 1։3)։ Նույնիսկ Հռոմում բանտարկության մեջ նա կոչ էր անում իր հավատակիցներին՝ ասելով. «Ուրախ եղեք՝ ծառայելով Տիրոջը» (Փիլիպ. 4։4)։ Նրա խոսքերից դժվար թե մտածենք, որ նա բացասական մտքերով համակված մարդ է եղել։ Ակնհայտ է, որ երբ Պողոսի գլխում բացասական մտքեր էին ծագում, նա կարողանում էր վանել դրանք և դրական բաների վրա կենտրոնանալ։
10 Պողոսը կարողանում էր հաղթահարել բացասական զգացումները նաև այն բանի շնորհիվ, որ փրկագինը համարում էր անձամբ իր համար տրված նվեր (Գաղ. 2։20; կարդա Եփեսացիներ 1։7)։ Դա նրան վստահություն էր տալիս, որ Եհովան Հիսուս Քրիստոսի միջոցով ներում է իր մեղքերը (Հռոմ. 7։24, 25)։ Ուստի չնայած իր անկատարությանն ու անցյալում կատարած սխալներին՝ նա կարողանում էր ուրախությամբ «սուրբ ծառայություն մատուցել» Աստծուն (Եբր. 9։12-14)։
Թեև Պողոս առաքյալին երբեմն տանջում էին իր անցյալի դառը հուշերը, բայց նա պայքարում էր բացասական զգացումների դեմ՝ խորհելով փրկագնի մասին (տես պարբերություններ 9-10)
11. Ինչո՞վ է Պողոսի օրինակը քաջալերական մեզ համար։
11 Պողոսի նման մենք էլ գուցե զգանք, որ մեր ներսում շարունակ պայքար է գնում։ Դա թերևս կապված լինի մեր մտքերի, արարքների կամ խոսքերի հետ։ Հնարավոր է՝ մենք էլ մղվենք ասելու. «Ի՜նչ թշվառ մարդ եմ ես»։ Էլիզաc անունով 26-ամյա մի քույր իր ներքին պայքարի մասին հետևյալն է ասում. «Ինձ համար քաջալերական է մտածել Պողոսի օրինակի շուրջ։ Մխիթարվում եմ, որ ես միակը չեմ, ուրիշներն էլ նման զգացումներ ունեն։ Նրա օրինակը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Եհովան գիտի, թե ինչերի միջով են անցնում իր ծառաները»։ Ի՞նչ կարող ենք անել, որ Պողոսի նման՝ մաքուր խիղճ ունենանք և ուրախ լինենք՝ չնայած բացասական զգացումներին։
ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԶԳԱՑՈՒՄՆԵՐԸ
12. Հոգևոր սովորություններ ունենալը ինչպե՞ս է օգնում մեզ բացասական զգացումների դեմ պայքարում։
12 Հոգևոր սովորություններ ունեցիր։ Երբ հոգևոր սովորություններ ենք զարգացնում, ավելի հեշտ է լինում կենտրոնանալ դրական բաների վրա։ Դա կարող ենք համեմատել օգտակար սովորությունների հետ, որոնք նպաստում են մեր ֆիզիկական առողջությանը։ Սովորաբար մենք մեզ ավելի լավ ենք զգում, երբ լավ ենք սնվում, կանոնավոր մարզանքներ ենք անում և բավականաչափ քնում ենք։ Նմանապես՝ մեր փորձից կարող ենք ասել, թե որքան լավ ենք մեզ զգում, երբ կանոնավոր կարդում ենք Աստծու Խոսքը, պատրաստվում ենք հանդիպումներին, հաճախում և մասնակցում ենք դրանց, ինչպես նաև քարոզում ենք։ Հոգևորապես ամրացնող այս գործերը օգնում են մեզ վանել բացասական մտքերը (Հռոմ. 12։11, 12)։
13-14. Որոշ հավատարիմ քրիստոնյաներ ի՞նչ օգուտ են քաղել հոգևոր սովորություններին հետևելուց։
13 Ուշադրություն դարձնենք Ջոնի օրինակին, ում 39 տարեկանում քաղցկեղի հազվագյուտ տեսակ ախտորոշեցին։ Սկզբում նա համակվեց բացասական զգացումներով։ Նա մտածում էր. «Ո՞նց կարող էի այսքան երիտասարդ տարիքում նման հիվանդություն ձեռք բերել»։ Այդ ժամանակ նրա որդին ընդամենը երեք տարեկան էր։ Ի՞նչն էր օգնում Ջոնին պայքարել բացասական զգացումների դեմ։ Նա ասում է. «Չնայած հոգնածությանս՝ ամեն բան անում էի, որ ընտանիքով հետևենք մեր հոգևոր սովորություններին։ Մենք հաճախում էինք բոլոր հանդիպումներին, ամեն շաբաթ մասնակցում ծառայությանը և կանոնավոր ընտանեկան երկրպագություն անում, նույնիսկ երբ դժվար էր այն ծրագրել»։ Հետ նայելով՝ Ջոնն ասում է. «Սկզբում շոկ ես ապրում, բայց հետո, երբ զգում ես, որ Եհովան զորացնում ու սիրում է քեզ, տանջող մտքերը նահանջում են։ Եհովան կարող է ձեզ էլ զորացնել, ինչպես ինձ է զորացրել»։
14 Էլիզան, ում մասին նշվեց, ասում է. «Ամեն անգամ, երբ հաճախում եմ հանդիպումներին և անձնական ուսումնասիրություն անում, ինքս ինձ հիշեցնում եմ, որ Եհովան լսում ու իսկապես սիրում է ինձ։ Դա ինձ ուրախացնում է»։ Աֆրիկայում ծառայող Նոլան անունով մի շրջանային վերակացու իր և իր կնոջ՝ Դայանի անունից ասում է. «Մենք հետևում ենք մեր հոգևոր սովորություններին, նույնիսկ երբ վհատված ենք լինում։ Եհովան միշտ հստակ ցույց է տալիս, որ օգնում է մեզ ճիշտ մտածելակերպ ունենալ։ Մենք ձգտում ենք չմոռանալ, որ Եհովան կօգնի ու կօրհնի մեզ, չգիտենք՝ ինչպես, բայց գիտենք, որ կանի»։
15. Ի՞նչ պետք է անենք բացասական մտքերը վանելու համար։ Բեր օրինակ։
15 Բացասական մտքերը վանելու համար մեզ հիմնական բաներն անելուց ավելին է պետք։ Պատկերացրու՝ մեջքդ ցավում է։ Ցավից ազատվելու համար գուցե բավական չլինի պարզապես ամեն օր քայլելը։ Ցավի պատճառը հասկանալու համար դու պետք է փնտրտուք անես դրա վերաբերյալ և նույնիսկ խորհրդակցես բժշկի հետ։ Նմանապես՝ կրկնվող բացասական մտքերի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է Աստվածաշնչում և մեր հրատարակություններում փնտրտուքներ անել, գուցե նաև խոսել որևէ հասուն քրիստոնյայի հետ։ Այժմ տեսնենք մի քանի լրացուցիչ առաջարկ, որոնք նույնպես կարող են օգտակար լինել։
16. Ի՞նչը կօգնի հասկանալու բացասական մտքերի պատճառը (Սաղմոս 139։1-4, 23, 24)։
16 Աղոթիր, որ հասկանաս, թե ինչ կարիքներ ունես։ Դավիթ թագավորը գիտեր, որ Եհովան լավ է ճանաչում իրեն։ Ուստի նա խնդրեց Եհովային, որ օգնի հասկանալու իրեն անհանգստացնող մտքերի պատճառը (կարդա Սաղմոս 139։1-4, 23, 24)։ Դու նույնպես կարող ես խնդրել Եհովային, որ օգնի քեզ հասկանալու բացասական մտքերիդ պատճառը և թե ինչպես կարող ես վանել դրանք։ Կարող ես նաև մտածել նմանատիպ հարցերի շուրջ. «Ինչո՞ւ ունեմ անհանգստացնող մտքեր։ Կա՞ մի բան, որը նպաստում է, որ բացասական մտքերս գլուխ բարձրացնեն։ Հակվա՞ծ եմ անընդհատ մտածելու այդ բացասական բաների մասին, թե՞ անտեսում եմ դրանք»։
17. Ո՞ր նյութերն ուսումնասիրելը կօգնի մեզ մտքով կենտրոնանալ քաջալերական բաների վրա (տես նաև նկարը)։
17 Քո կարիքներին համապատասխան թեմաներ ուսումնասիրիր։ Ժամանակ առ ժամանակ քեզ համար օգտակար կլինի ուսումնասիրել Եհովայի հատկությունները։ Օրինակ՝ Պողոս առաքյալը մեծ օգուտ քաղեց՝ խորհելով Եհովայի տված փրկագնի ու նրա ներողամտության մասին։ Դու նույնը կարող ես անել։ Օգտվիր «Փնտրտուքների ուղեցույց Եհովայի վկաների համար», «Քրիստոնյայի կյանքին առնչվող աստվածաշնչյան համարներ» ձեռնարկներից կամ Աստվածաշնչի ուսումնասիրության համար նախատեսված քո լեզվով առկա հրատարակություններից, որպեսզի գտնես այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Աստծու գթասրտությունը, ներողամտությունը և հավատարիմ սերը։ Երբ քեզ համար օգտակար հոդվածներ գտնես, ցուցակ կազմիր և այն դիր տեսանելի տեղում։ Եվ երբ ընկճվես, ուսումնասիրիր այդ ցուցակի հոդվածներից և ձգտիր կիրառել կարդացածդ քո հանգամանքներում (Փիլիպ. 4։8)։
Ուսումնասիրիր այնպիսի թեմաներ, որոնք կօգնեն քեզ վանել բացասական մտքերը (տես պարբերություն 17)
18. Ո՞ր հոդվածներն են օգտակար եղել որոշ քրիստոնյաների համար։
18 Էլիզան, որի մասին խոսեցինք, անձնական ուսումնասիրության ժամանակ փնտրտուքներ արեց Հոբի մասին։ Նա ասում է. «Իմ հանգամանքները շատ նման են Հոբի հանգամանքներին։ Նա մեկը մյուսի հետևից փորձություններ կրեց։ Բայց նույնիսկ երբ նա ծայրահեղ ծանր վիճակում էր, երբեք չէր դադարում Եհովային դիմելուց, թեպետև չգիտեր, թե ինչու են իր հետ այդպիսի բաներ տեղի ունենում» (Հոբ 42։1-6)։ Իսկ Դայանը, որի մասին կրկին խոսել ենք, ասում է. «Ես ու ամուսինս ուսումնասիրում ենք «Մոտեցիր Եհովային» գիրքը։ Շնորհակալ ենք Եհովային, որ նա ձևավորում է մեզ, ինչպես բրուտն է ձևավորում կավը։ Մենք չենք կենտրոնանում այն բանի վրա, թե որքան հիասթափված ենք ինքներս մեզնից, փոխարենը փորձում ենք պատկերացնել, թե Եհովան ինչպես է ձևավորում մեզ և դարձնում ավելի լավը։ Դա մտերմացնում է մեզ նրա հետ» (Ես. 64։8)։
ԱՊԱԳԱՅԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՄԲ ՆԱՅԵՆՔ
19. Ի՞նչ կարող ենք իրատեսորեն ակնկալել։
19 Նույնիսկ եթե հոգևոր սովորություններ և մեր կարիքներին համապատասխան անձնական ուսումնասիրության լավ ծրագիր ունենք, չենք կարող ակնկալել, որ մեր բացասական մտքերն ու զգացումները ի սպառ կվերանան։ Կլինեն օրեր, որ մենք մեզ թշվառ կզգանք։ Սակայն Եհովայի օգնությամբ կարող ենք ճնշել բացասական զգացումները, երբ դրանք գլուխ բարձրացնեն։ Կարող ենք վստահ լինել, որ գրեթե միշտ մաքուր խիղճ կունենանք և մեր կյանքում ու Եհովային մատուցած ծառայության մեջ ուրախություն կվայելենք։
20. Ի՞նչ ես վճռել անել։
20 Եկեք թույլ չտանք, որ մեր անցյալի, մտահոգությունների և անկատարության պատճառով առաջացած բացասական զգացումները իշխեն մեզ վրա։ Եհովայի օգնությամբ մենք կարող ենք դրանք վերահսկել (Սաղ. 143։10)։ Թող որ անձկությամբ սպասենք այն օրվան, երբ դրական մտածելակերպ ունենալու համար այլևս պայքարելու կարիք չի լինի։ Ամեն առավոտ կարթնանանք առանց անհանգստացնող մտքերի և ուրախությամբ լցված, որ ծառայում ենք մեր սիրառատ Հորը՝ Եհովային։
ԵՐԳ 34 Միշտ անարատ լինենք
a ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Այս հոդվածում բացասական զգացումներ արտահայտությունը վերաբերում է ժամանակ առ ժամանակ առաջացող տխրությանը և տրամադրության փոփոխությանը։ Այն չի վերաբերում քրոնիկ դեպրեսիային, որը լուրջ առողջական խնդիր է։
b Պողոսի գրվածքներից կարելի է ենթադրել, որ նա տեսողության հետ կապված խնդիրներ ուներ, ինչի պատճառով դժվարանում էր նամակներ գրել և կատարել իր ծառայությունը (Գաղ. 4։15; 6։11)։ Կամ էլ հնարավոր է՝ նա անհանգստանում էր որոշ կեղծ ուսուցիչների պատճառով (2 Կորնթ. 10։10; 11։5, 13)։ Ինչն էլ լիներ նրա մտահոգության պատճառը, ակնհայտ է, որ դա ճնշում էր նրան։
c Որոշ անուններ փոխված են։