Ծանոթագրություն
a Ինչ խոսք, հանցագործներին ենթարկվելն էլ իր սահմանն ունի։ Եհովայի ծառաները չպետք է կատարեն նրանց այն պահանջները, որոնք խախտում են Աստծո օրենքը։ Օրինակ՝ քրիստոնյաները չպիտի ենթարկվեն նրանց բռնաբարության փորձի դեպքում։
Երբեմն քրիստոնյայի տված վկայությունը կարող է պաշտպանել նրան մարմնական վնասվածքներ ստանալուց։ Երբ կողոպտիչները գրոհեցին Ադեի տան վրա, նա ասաց նրանց. «Գիտեմ, որ ձեզ համար հեշտ չէ ապրուստ հայթայթելը, դրա համար էլ այսպիսի բաներով եք զբաղվում։ Որպես Եհովայի վկաներ՝ մենք հավատում ենք, որ կգա մի օր, երբ ամեն մեկը բավարար ուտելիք կունենա իր և իր ընտանիքի համար։ Աստծո Թագավորության ներքո բոլորը կապրեն խաղաղ և երջանիկ»։ Այս խոսքերը թուլացրին կողոպտիչների ցասումը։ Նրանցից մեկն ասաց. «Ցավում ենք, որ քո տունն ենք մտել, բայց հասկացիր՝ մենք ուտելու ոչինչ չունենք»։ Չնայած նրանք թալանեցին Ադեի բնակարանը, բայց Ադեին և նրա ընտանիքին ձեռք չտվեցին։
Պահպանեք հանգստություն
Ինչ խոսք, հեշտ չէ հանգստություն պահպանել վտանգավոր իրավիճակներում, հատկապես երբ կողոպտիչների գլխավոր նպատակակետն է ահաբեկելով իրենց ենթարկեցնել զոհին։ Աղոթքը կօգնի մեզ։ Օգնություն հայցող մեր աղաղակը, թեկուզ անձայն և կարճ, կարող է լսվել Եհովայի կողմից։ Աստվածաշունչը մեզ հավաստիացնում է. «Տիրոջ աչքերը արդարների վերայ են. եւ նորա ականջները նորանց աղաղակի վերայ» (Սաղմոս 34։15)։ Եհովան լսում է մեզ և իմաստություն է տալիս, որպեսզի ցանկացած իրավիճակում կարողանանք մեզ տիրապետել (Յակոբոս 1։5)։
Աղոթքից բացի՝ հանգստություն պահպանելուն կարող է օգնել նախօրոք մտածելը, թե ինչ կանեիք և ինչ չէիք անի, եթե ձեզ վրա հարձակում գործեին։ Անշուշտ, հնարավոր չէ նախապես իմանալ, թե ինչ իրավիճակում մենք կհայտնվենք։ Բայց և այնպես, լավ է մտածել այդ ուղղությամբ, ինչպես որ խելամիտ կլիներ իմանալ, թե ինչպես վարվել հանկարծակի բռնկված հրդեհի դեպքում։ Հեռատեսությունը կօգնի ձեզ հանգստություն պահպանել, խուսափել խուճապից և մարմնական վնասվածքներից։
Աստծո տեսակետը կողոպուտի վերաբերյալ միանգամայն հստակ է. «Ես Տէրս սիրում եմ իրաւունքը, ատում եմ անիրաւութիւնն եւ յափշտակութիւնը» (Եսայիա 61։8)։ Եհովայի ներշնչմամբ Եզեկիել մարգարեն հափշտակությունը դասեց ծանր մեղքերի շարքը (Եզեկիէլ 18։18)։ Բայց Աստվածաշնչի այդ նույն՝ «Եզեկիէլ» գիրքը, ցույց է տալիս, որ Աստված ողորմածորեն ներում է այն անձանց, ովքեր զղջում և ետ են դառնում այդ ճանապարհից (Եզեկիէլ 33։14—16)։
Չնայած այն բանին, որ քրիստոնյաներն ապրում են հանցագործությամբ հեղեղված այս աշխարհում, նրանց ուրախացնում է Աստծո Թագավորության ներքո ապրելու հույսը. ա՛յն Թագավորության, որտեղ այլևս չեն լինի կողոպտիչներ։ Այդ ժամանակների առնչությամբ Աստվածաշունչը մեզ խոստանում է. «Ամեն մարդ [Աստծո ժողովրդից] պիտի իր որթի տակին բնակուէ, եւ իր թզենու տակին, եւ վախեցնող պիտի չ’լինի, որովհետեւ Զօրաց Տիրոջ բերանն է ասել» (Միքիա 4։4)։
Խափանված կողոպուտ Արևմտյան Աֆրիկայում
Պատմում է Յունիս Էբուն։ «Զինված կողոպտիչները իրենց հարձակումը պլանավորել էին հենց այն օրը, երբ, սովորաբար, մեր տանը գրքի ուսումնասիրություն է անցկացվում։ Մինչ այդ մենք լայն բաց ենք անում դարպասները եղբայրների, քույրերի և հետաքրքրվող անհատների առջև։ Անշուշտ գողերը տեղյակ էին այդ մասին և գիտեին նաև հանդիպումն անցկացնելու ժամը։ Կարծում ենք, որ ինչ–որ տեղից գողացված իրենց մեքենայով նրանք մոտեցել էին մեր դարպասներին ճիշտ այն օրը և այն ժամին, երբ գրքի ուսումնասիրությունն է անցկացվում։
Պատահական զուգադիպությամբ հենց այդ շաբաթ մեզ այցելեց շրջանային վերակացուն, և ժողովի հանդիպումը, մեր տանը անցկացնելու փոխարեն, կայացավ Թագավորության սրահում։ Ժողովի ավարտից հետո սկսվեց երեցների համար հանդիպումը։ Սովորաբար այդպիսի դեպքերում ես երեխաների հետ տուն եմ գնում, բայց այս անգամ ամուսինս, որը ծառայում է որպես երեց, խնդրեց սպասել իրեն։ Նա ասաց, որ հանդիպումը երկար չի տևի, և մենք մնացինք։
Հետո պարզվեց, որ մեքենան գործի չի գցվում։ Շրջանային վերակացուն ամուսնուս հետ միասին չկարողացան այն կարգի բերել։ Նույնիսկ հրավիրված մեխանիկին չհաջողվեց դա անել։
Երեխաները ստիպված տուն գնացին ոտքով։ Որոշ ժամանակ անց ես էլ տուն գնացի և տեղ հասա երեկոյան մոտավորապես ժամը տասին։ Քանի որ թե՛ երեխաները և թե՛ ես առանց մեքենայի էինք տուն եկել, ապա բակ մտնելու համար մեծ դարպասները բացելու հարկ չեղավ։
Ննջարան մտնելուն պես կրակոցի բարձր ձայն լսվեց։ Ես անհանգստացա։ Փորձեցի զանգահարել ոստիկանություն, բայց հեռախոսը չէր աշխատում։ Վազեցի ներքև, փակեցի մուտքի երկաթյա դուռը, ապա շուտափույթ փակեցի երկրորդ դուռը և անջատեցի լույսը։ Երեխաները խուճապի մեջ էին, ուստի ջանացի հանգստացնել նրանց։ Միասին սկսեցինք օգնության համար Եհովային դիմել։ Այդ ամբողջ ժամանակ ամուսինս դեռ Թագավորության սրահի մոտ էր և զբաղված էր մեքենան կարգի գցելով։
Երբ պատուհանից դուրս նայեցի, տեսա, որ դարպասներից դուրս՝ փողոցում, մի տղամարդ էր ընկած։ Թվում էր, թե բանդիտներն արդեն փախել են. ուստի, վիրավորին նստեցնելով մեքենան, շտապեցի հիվանդանոց։ Դա մեծ ռիսկ էր պահանջում, բայց ես պետք է ինչ–որ ձևով օգնություն ցույց տայի նրան։ Դժբախտաբար, այդ մարդը հաջորդ օրը վախճանվեց։
Չնայած տեղի ունեցած ողբերգությանը, ամեն բան կարող էր ավելի վատ ավարտ ունենալ։ Շրջանային վերակացուի այցելության հետ կապված՝ գրքի ուսումնասիրությունը չանցկացվեց մեր տանը։ Ելնելով այն բանից, որ մեքենան անսարք էր՝ մենք տուն չվերադարձանք բոլորս միասին։ Ամուսինս, որին բանդիտներն անպայման կբռնեին, տուն եկավ բավականին ուշ։ Այս և ուրիշ հանգամանքներ այդ երեկո փրկեցին մեր կյանքը։
Եհովան մեր ամրոցն է և մեր ապաստանը։ Որքա՜ն ճշմարիտ են Աստվածաշնչի այս խոսքերը. «Եթէ Տէրը չ’պահպանէ քաղաքը՝ զուր է անքուն լինում պահապանը» (Սաղմոս 127։1)։