Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Ինչպես լավ սովորություններ զարգացնել
    2016 Արթնացե՛ք | № 4
    • Կինը հեռուստացույց է դիտում և ուտում է անառողջ սնունդ

      ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

      Ինչպես զարգացնել լավ սովորություններ

      • Զարթուցիչ

        ՕՍՏԻՆԸ քնաթաթախ անջատում է զարթուցիչը։ Բայց հետո անմիջապես վեր է կենում անկողնուց, հագնում իր սպորտային հագուստները, որոնք նախորդ օրն էր պատրաստել, և գնում է վազելու. նա այդպես է անում անցած տարվանից սկսած շաբաթը երեք անգամ։

      • Շոկոլադե սալիկ

        Լորին, որը հենց նոր է վիճել ամուսնու հետ, զայրույթից իրեն կորցրած, նետվում է խոհանոց, վերցնում շոկոլադե սալիկը և ամբողջությամբ ուտում այն։ Նա այդպես է վարվում ամեն անգամ, երբ զայրանում է։

      Ի՞նչ ընդհանուր բան ունեն Օստինն ու Լորին։ Առանց գիտակցելու՝ նրանք երկուսն էլ ենթարկվում են զորեղ մի ուժի ազդեցությանը։ Դա սովորության ուժն է։

      Իսկ ի՞նչ կարելի է ասել ձեր մասին։ Կա՞ն լավ սովորություններ, որոնք կուզենայիք զարգացնել։ Գուցե ցանկանում եք կանոնավոր մարզվել, շուտ քնել կամ ավելի շատ ժամանակ անցկացնել ձեր մտերիմների հետ։

      Կամ թերևս ցանկանում եք ձերբազատվել որևէ վատ սովորությունից, ինչպիսին, օրինակ, ծխելն է, չափից շատ անառողջ սնունդ օգտագործելը և ինտերնետում չափազանց շատ ժամանակ անցկացնելը։

      Իրականում, վատ սովորությունից ազատվելը հեշտ չէ։ Այն նման է ցուրտ սենյակում տաքուկ անկողնու, որի մեջ հեշտ է մտնել, բայց դժվար է դուրս գալ։

      Իսկ ինչպե՞ս կարող եք ձերբազատվել վնասակար սովորություններից և զարգացնել օգտակար սովորություններ։ Քննենք երեք խորհուրդ, որոնք հիմնված են Աստվածաշնչի սկզբունքների վրա։

  • 1. Իրատես եղեք
    2016 Արթնացե՛ք | № 4
    • Մի կին ցուցակ է կազմում

      ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՊԵՍ ԶԱՐԳԱՑՆԵԼ ԼԱՎ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

      1 Իրատես եղեք

      Գուցե ցանկանաք ձեր կյանքում ամեն բան միանգամից փոխել։ Թերևս որոշեք. «Այս շաբաթվա մեջ կթողնեմ ծխելը, այլևս վատ բառեր չեմ գործածի, մինչև ուշ գիշեր արթուն չեմ մնա, կսկսեմ մարմնամարզությամբ զբաղվել, առողջ սնունդ կօգտագործեմ և ավելի հաճախ կզանգահարեմ տատիկիս ու պապիկիս»։ Բայց եթե փորձեք ձեր բոլոր նպատակներին հասնել միաժամանակ, ի վերջո դրանցից ոչ մեկին էլ չեք հասնի։

      ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Իմաստությունը համեստների հետ է» (Առակներ 11։2)։

      Համեստ մարդը իրատես է։ Նա հասկանում է, որ իր ունեցած ժամանակը, ուժերը և միջոցները սահմանափակ են։ Հետևաբար չի փորձում ամեն բան միանգամից փոխել, այլ աստիճանաբար է փոփոխություններ անում։

      Եթե փորձեք ձեր բոլոր նպատակներին հասնել միաժամանակ, ի վերջո դրանցից ոչ մեկին էլ չեք հասնի

      ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

      Ամեն անգամ աշխատեք մեկ կամ երկու սովորության վրա։ Հետևյալ քայլերը կարող են օգտակար լինել։

      1. Կազմեք երկու ցուցակ. մեկում նշեք լավ սովորությունները, որոնք ցանկանում եք զարգացնել, իսկ մյուսում՝ վատ սովորությունները, որոնցից ցանկանում եք ձերբազատվել։ Յուրաքանչյուր ցուցակում հնարավորինս շատ սովորություններ ընդգրկեք։

      2. Ցուցակներում նշված սովորությունները համարակալեք ըստ առաջնահերթության։

      3. Ընտրեք մի քանի սովորություն, թեկուզև յուրաքանչյուր ցուցակից մեկը կամ երկուսը և աշխատեք դրանց վրա։ Հետո անցեք հաջորդ սովորություններին՝ կրկին յուրաքանչյուր ցուցակից ընտրելով մեկը կամ երկուսը։

      Որպեսզի ավելի արագ հասնեք արդյունքի, վատ սովորությունը փոխարինեք լավ սովորությամբ։ Ենթադրենք վատ սովորությունների ցուցակում նշել եք չափից շատ հեռուստացույց դիտելը, իսկ լավ սովորությունների ցուցակում՝ հարազատների կամ ընկերների հետ ավելի շատ շփվելը։ Այդ դեպքում թերևս որոշեք ամեն օր աշխատանքից տուն գալուն պես ոչ թե անմիջապես միացնել հեռուստացույցը, այլ զանգահարել ձեր ընկերներից կամ հարազատներից մեկին և զրուցել նրա հետ։

      ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԱՅԼ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

      «[Հավաստիացեք], թե ինչն է ավելի կարևոր» (Փիլիպպեցիներ 1։10)։

      «Գործի վերջը ավելի լավ է, քան սկիզբը» (Ժողովող 7։8)։

  • 2. Ստեղծեք նպաստավոր պայմաններ
    2016 Արթնացե՛ք | № 4
    • Մահճակալի մոտ դրված սպորտային հագուստ, կոշիկներ, շշով ջուր և շարժական էլեկտրոնային սարք

      ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՊԵՍ ԶԱՐԳԱՑՆԵԼ ԼԱՎ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

      2 Ստեղծեք նպաստավոր պայմաններ

      • Դուք վճռել եք ճիշտ սնվել, բայց անուշահամ պաղպաղակը ձեզ աչքով է անում։

      • Որոշել եք թողնել ծխելը, բայց ձեր ընկերը կրկին ծխախոտ է առաջարկում ձեզ, թեև գիտի ձեր որոշման մասին։

      • Ծրագրել եք ամեն օր մարզվել, բայց ծուլանում եք նույնիսկ ձեր սպորտային կոշիկները հանել պահարանից։

      Նկարագրված իրավիճակների մեջ ընդհանրություն տեսնո՞ւմ եք։ Փորձը ցույց է տալիս, որ լավ սովորություններ զարգացնելու և վատ սովորություններից ձերբազատվելու հարցում մեծ դեր ունեն մեր ստեղծած պայմանները և այն մարդիկ, որոնց հետ ժամանակ ենք անցկացնում։

      ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում, բայց անփորձները առաջ են գնում ու պատժվում» (Առակներ 22։3)։

      Աստվածաշունչը խորհուրդ է տալիս հեռատես լինել։ Հեռատեսություն դրսևորելով՝ կխուսափենք այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են խանգարել մեր նպատակներին, և բարենպաստ պայմաններ կստեղծենք դրանք իրագործելու համար (2 Տիմոթեոս 2։22)։ Կարճ ասած՝ խելամիտ կլինի, որ նպաստավոր պայմաններ ստեղծենք մեր նպատակների իրականացման համար։

      Այնպես արեք, որ սխալ անելը դժվար լինի, իսկ ճիշտ անելը՝ հեշտ

      ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

      • Այնպես արեք, որ սխալ անելը դժվար լինի։ Օրինակ՝ եթե ցանկանում եք ձեր սննդակարգից հանել անառողջ սնունդը, աշխատեք խոհանոցում չպահել այնպիսի ուտելիք, որը վնասակար է ձեզ համար։ Այդ դեպքում գայթակղությանը տրվելը շատ ավելի դժվար կլինի։

      • Այնպես արեք, որ ճիշտ անելը հեշտ լինի։ Օրինակ՝ եթե ծրագրել եք առավոտյան մարզվել, ապա նախքան քնելը ձեր սպորտային հագուստը դրեք անկողնու կողքին։ Դժվարը սկսելն է, ուստի այնպես արեք, որ սկսելը հեշտ լինի ձեզ համար։

      • Ընկերների ընտրության հարցում զգույշ եղեք։ Մենք հակված ենք ընդօրինակելու այն մարդկանց, ում հետ ժամանակ ենք անցկացնում (1 Կորնթացիներ 15։33)։ Ուստի նվազեցրեք շփումը նրանց հետ, ովքեր խրախուսում են այնպիսի սովորություններ, որոնցից փորձում եք ձերբազատվել, և ձգտեք շփվել այն մարդկանց հետ, ովքեր կօգնեն ձեզ զարգացնելու լավ սովորություններ։

      ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԱՅԼ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

      «Իմաստունների հետ քայլողը իմաստուն կդառնա» (Առակներ 13։20)։

      «Ժրաջան մարդու ծրագրերը օգուտներ կբերեն» (Առակներ 21։5)։

  • 3. Հաստատակամ եղեք
    2016 Արթնացե՛ք | № 4
    • Մի կին նշումներ է անում օրացույցի մեջ

      ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՊԵՍ ԶԱՐԳԱՑՆԵԼ ԼԱՎ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

      3 Հաստատակամ եղեք

      Նշումներով օրացույց

      Ինչպես նշում է մի մասնագետ, նոր սովորությունը արմատավորելու համար 21 օր է հարկավոր։ Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ոմանք ավելի կարճ ժամանակում են կարողանում լուրջ փոփոխություններ անել, մինչդեռ ուրիշներից դրա համար ավելի երկար ժամանակ է պահանջվում։ Որքան էլ երկար ժամանակ պահանջվի փոփոխություններ անելու համար, դա չպետք է վհատեցնի ձեզ։

      Նկատի առեք հետևյալ իրավիճակը. ենթադրենք ցանկանում եք շաբաթը երեք անգամ մարզվելը սովորություն դարձնել։

      • Առաջին շաբաթը կարողանում եք երեք անգամ մարզվել։

      • Երկրորդ շաբաթվա մեջ միայն երկու անգամ եք մարզվում։

      • Երրորդ շաբաթը կրկին հասնում եք ձեր նպատակին։

      • Չորրորդ շաբաթվա մեջ հազիվ մեկ անգամ եք հասցնում մարզվել։

      • Հինգերորդ շաբաթը կրկին հասնում եք ձեր նպատակին, և այդուհետ ձեզ հաջողվում է կանոնավորաբար շաբաթը երեք անգամ մարզվել։

      Փաստորեն, նոր սովորությունը արմատավորելու համար հինգ շաբաթ պահանջվեց։ Գուցե թվա, թե դա շատ երկար ժամանակ է, բայց ձեր դրած նպատակին հասնելով՝ ուրախ ու գոհ կլինեք, քանի որ կարողացել եք լավ սովորություն զարգացնել։

      ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Եթե արդարը նույնիսկ յոթ անգամ ընկնի, վեր կկենա» (Առակներ 24։16)։

      Աստվածաշունչը հորդորում է հաստատակամ լինել։ Վերջին հաշվով՝ կարևոր չէ, թե քանի անգամ կսայթաքեք, կարևորն այն է, որ կրկին ոտքի կանգնեք։

      Վերջին հաշվով՝ կարևոր չէ, թե քանի անգամ կսայթաքեք, կարևորն այն է, որ կրկին ոտքի կանգնեք

      ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

      • Մի մտածեք, որ եթե մեկ անգամ չհաջողվեց հասնել նպատակին, ուրեմն այլևս չի հաջողվի։ Հիշեք, որ նպատակին հասնելու ճանապարհին սայթաքումներ լինում են։

      • Կենտրոնացեք այն պահերի վրա, երբ ձեզ հաջողվել է հասնել ձեր նպատակին։ Օրինակ՝ եթե ցանկանում եք ավելի լավ հաղորդակցվել ձեր երեխաների հետ, հարցրեք ինքներդ ձեզ. «Վերջին անգամ ե՞րբ է եղել, որ ուզեցել եմ բղավել երեխաներիս վրա, բայց չեմ բղավել։ Ի՞նչ եմ արել այդ ժամանակ։ Ի՞նչ քայլեր կարող եմ ձեռնարկել, որ մյուս անգամ էլ այդպես վարվեմ»։ Նման հարցերը կարող են օգնել, որ հաջողության հասնեք, ոչ թե շարունակ մտածեք ձախողումների մասին։

      Ցանկանո՞ւմ եք իմանալ, թե աստվածաշնչյան սկզբունքներն ինչպես կարող են օգնել ձեզ նաև կյանքի այլ բնագավառներում. օրինակ՝ ո՞ր սկզբունքները կարող են օգնել հաղթահարել անհանգստությունը, երջանիկ ընտանեկան կյանք ունենալ և գտնել իսկական երջանկություն։ Այս ամենի մասին իմանալու համար կարող եք խոսել Եհովայի վկաներից մեկի հետ կամ այցելել մեր վեբ կայք՝ jw.org։

      ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԱՅԼ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

      «Թող.... հայացքդ ուղղված լինի քո առաջ» (Առակներ 4։25)։

      «Մոռանալով հետևում եղած բաները և ձգտելով դեպի առջևում եղածները՝ ես հետամուտ եմ լինում նպատակին» (Փիլիպպեցիներ 3։13, 14)։

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը