«Այդ երկրումը ման եկ»
«Այդ երկրումը ման եկ նորա երկայնութեան եւ լայնութեան համեմատ» (ԾՆՆԴՈՑ 13։17)։
1. Ի՞նչ հետաքրքիր հանձնարարություն տվեց Աստված Աբրահամին։
ՔԵԶ դո՞ւր է գալիս ավտոմեքենայով հանգստյան օրերին ճանապարհորդել գյուղական տեղանքով։ Ոմանք նախընտրում են դա անել հեծանիվով, որպեսզի մարզեն իրենց մարմինը ու առանց շտապելու դիտեն բնության տեսարանները։ Իսկ ուրիշներն էլ սիրում են ոտքով զբոսնել՝ ավելի լավ ծանոթանալու տեղանքին ու վայելելու բնության գեղեցկությունը։ Նման էքսկուրսիաները սովորաբար կարճատև են լինում։ Բայց պատկերացրու, թե ի՛նչ զգաց Աբրահամը, երբ Աստված նրան ասաց. «Վեր կաց այդ երկրումը ման եկ նորա երկայնութեան եւ լայնութեան համեմատ, որովհետեւ քեզ եմ տալու այն» (Ծննդոց 13։17)։
2. Եգիպտոսից հեռանալով՝ ո՞ւր գնաց Աբրահամը։
2 Վերլուծենք այս խոսքերի համատեքստը։ Իր կնոջ ու մյուսների հետ Աբրահամը ժամանակավորապես ապրել էր Եգիպտոսում։ Ծննդոց 13–րդ գլխից տեղեկանում ենք, որ նրանք թողեցին Եգիպտոսը ու իրենց անասուններով եկան «հարաւակողմը, [«Նեգև», ՆԱ]»։ Հետո Աբրահամը «իր իջեւաններովը գնաց հարաւային կողմիցը [Նեգևից] մինչեւ Բեթէլ»։ Երբ խնդիր առաջացավ իր հովիվների ու Ղովտի հովիվների միջև, և ակնհայտ դարձավ, որ նրանք իրենց հոտերը պետք է առանձին արոտավայրերում արածեցնեին, Աբրահամը մեծահոգաբար Ղովտին ընձեռեց առաջինը ընտրելու հնարավորությունը։ Ղովտն ընտրեց «Յորդանանի բոլոր շրջակայքը», որը փարթամ բուսականությամբ ծածկված մի հովիտ էր, «Եհովայի դրախտի պէս»։ Աստված Աբրահամին ասաց. «Աչքերդ բարձրացրու, եւ մտիկ տուր քո եղած տեղիցը դէպի հիւսիս եւ հարաւ, եւ դէպի արեւելք եւ արեւմուտք»։ Հավանաբար Բեթելի մոտ գտնվող մի բարձրադիր վայրից Աբրահամը կարող էր դիտել երկիրը տարբեր ուղղություններով։ Բայց նա ավելին պետք է աներ։ Աստված առաջարկեց նրան «այդ երկրումը ման [գալ]» և ծանոթանալ երկրի բնությանն ու տարբեր հատվածներին։
3. Ինչո՞ւ գուցե դժվարանանք պատկերացնել, թե ինչ ճանապարհներով է անցել Աբրահամը։
3 Մենք չգիտենք, թե նախքան Քեբրոն հասնելը Աբրահամը որքան շատ էր շրջել այդ երկրում, սակայն, անտարակույս, նա ավելի լավ էր ճանաչում Ավետյաց երկիրը, քան մեծամասնությունս։ Ուշադրություն դարձրու, թե այս դրվագում ինչ տեղանուններ են հիշատակվում՝ Նեգև, Բեթել, Հորդանանի շրջակայք, Սոդոմ և Քեբրոն։ Դժվա՞ր է քեզ համար պատկերացնել, թե որտեղ են դրանք գտնվում։ Իհարկե, Եհովայի ժողովրդից շատերն են այս հարցում դժվարանում, քանի որ քչերն են այցելել Աստվածաշնչից իրենց ծանոթ վայրերը ու ճանապարհորդել այդ երկրով մեկ։ Այդուհանդերձ, մենք հիմնավոր պատճառներ ունենք խորապես հետաքրքրվելու, թե որտեղ են գտնվում աստվածաշնչյան այդ վայրերը։ Ինչո՞ւ։
4, 5. ա) Առակաց 18։15–ի խոսքերը ինչպե՞ս են առնչվում աստվածաշնչյան վայրերի վերաբերյալ գիտելիքներ ու հասկացողություն ունենալուն։ բ) Ի՞նչ է հիշատակված Սոփոնիա 2–րդ գլխում։
4 Աստծո Խոսքում գրված է. «Խոհեմ [«Հասկացողություն ունեցողի», ՆԱ] սիրտը գիտութիւն կ’շահէ. եւ իմաստունների ականջը գիտութիւն կ’որոնէ» (Առակաց 18։15)։ Մարդ կարող է գիտելիքներ ձեռք բերել շատ բաների վերաբերյալ, սակայն ամենակարևոր բանը Եհովա Աստծո ու նրա գործերի մասին ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերելն է։ Ինչ խոսք, Աստվածաշնչի ընթերցանությունը որոշիչ դեր է խաղում այդ գիտելիքներին տիրապետելու համար (Բ Տիմոթէոս 3։16)։ Սակայն Առակաց 18։15 համարը ցույց է տալիս, որ նաև հասկացողություն է պետք։ Հասկացողությունը մարդու այն ունակությունն է, որն օգնում է նրան տեսնել երևույթի խորքը և ըմբռնել ամբողջի ու նրա մասերի միջև եղած կապերը։ Անշուշտ, ասվածը կիրառելի է Աստվածաշնչում հիշատակված վայրերի մասին եղած տեղեկությունների նկատմամբ։ Օրինակ՝ մեծամասնությունս գիտի, թե որտեղ է գտնվում Եգիպտոսը։ Բայց որքանո՞վ է մեզ հասկանալի այն, որ Աբրահամը դուրս եկավ Եգիպտոսից ու գնաց Նեգև, այնուհետև Բեթել և հետո Քեբրոն։ Իսկ դու գիտե՞ս, թե ինչ դիրք ունեին այս վայրերը միմյանց նկատմամբ։
5 Մեկ ուրիշ օրինակ։ Հնարավոր է, Աստվածաշնչի ընթերցանության քո ծրագրով վերջերս կարդացել ես Սոփոնիայի մարգարեության 2–րդ գլուխը։ Այդ գլխում հիշատակվում են քաղաքներ, ժողովուրդներ ու երկրներ։ Գազա, Ասկաղոն, Ազովտոս (Ասեդովթ), Ակկարոն, Սոդոմ, Նինվե, Քանան, Մովաբ, Ամմոն և Ասորեստան. սրանք բոլորը նշված են ընդամենը մեկ գլխում։ Որքանո՞վ է քեզ հաջողվել մտովի կենդանացնել այդ քաղաքներն ու երկրները, որտեղ իսկապես ապրել են մարդիկ, որոնք ներգրավված են եղել Աստծո կողմից տրված մարգարեության կատարման մեջ։
6. Որոշ քրիստոնյաներ ինչո՞ւ են բարձր գնահատում քարտեզների դերը (տե՛ս շրջանակը)։
6 Աստծո Խոսքն ուսումնասիրող շատ մարդիկ մեծ օգուտներ են ստացել, երբ ուսումնասիրության ընթացքում օգտվել են աստվածաշնչային երկրների քարտեզներից։ Նրանք դա անում են ոչ այն պատճառով, որ իրենք հրապուրված են քարտեզներով։ Նրանք գիտակցում են, որ քարտեզները կարող են ավելացնել իրենց սուրբգրային գիտելիքները։ Քարտեզների միջոցով այդ անհատները կարող են է՛լ ավելի խոր հասկացողություն ձեռք բերել՝ տեսնելով, թե ինչպես են իրենց արդեն հայտնի փաստերն առնչվում նոր տեղեկություններին։ Այժմ քննարկենք մի քանի օրինակներ, որոնք, ամենայն հավանականությամբ, կմեծացնեն քո երախտագիտությունը Եհովայի հանդեպ ու կավելացնեն քո հասկացողությունը նրա Խոսքում տեղ գտած դեպքերի վերաբերյալ (տե՛ս 14–րդ էջի շրջանակը)։
Հեռավորություններն իմանալը կարևոր է
7, 8. ա) Ի՞նչ զարմանահրաշ բան կատարեց Սամսոնը Գազայում։ բ) Ո՞ր մանրամասնություններն են ավելի տպավորիչ դարձնում Սամսոնի սխրագործությունը։ գ) Սամսոնի մասին այս դեպքի վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերելը, ինչպես նաև դրա իմաստը հասկանալն ինչպե՞ս կարող է օգնել մեզ։
7 Դատաւորաց 16։2–ում կարդում ենք, որ Սամսոն դատավորը Գազայում էր։ «Գազա» տեղանունը հաճախ է հոլովվում մերօրյա տեղեկատվություններում, ուստի գուցե մոտավորապես պատկերացնես, թե որտեղ էր Սամսոնը. նա փղշտացիների երկրում էր, որը Միջերկրական ծովի ափին էր գտնվում։ [11] Ուշադրություն դարձրու, թե ինչ է գրված Դատաւորաց 16։3–ում. «Սամփսոնը մինչեւ կէս գիշեր քնեց, եւ կես գիշերին վեր կացաւ եւ քաղաքի դռան փեղկերը երկու սեմերովը բռնեց եւ նորանց նիգովը մէկտեղ հանեց եւ ուսերի վերայ առնելով նորանց Քեբրոնի դիմացի սարի գլուխը տարաւ»։
8 Անկասկած, Գազայի պես ամրոցի «դռան փեղկերը երկու սեմերովը» մեծ ու ծանր էին։ Պատկերացրու, որ այդ ծանրությունը քո՛ ուսերի վրա է դրված։ Ինչևէ, Սամսոնը վերցրեց ու տարավ դրանք։ Սակայն դեպի ո՞ւր գնաց նա և ի՞նչ ճանապարհ անցավ։ Տեսնենք։ Գազան ծովափնյա քաղաք է, որի բարձրությունը գրեթե հավասար է ծովի մակարդակին։ [15] Իսկ Քեբրոնը, որ գտնվում է արևելքում, ծովի մակարդակից բարձր է 900 մետր. իրոք որ զառիվեր ճանապարհ։ Մենք չենք կարող ճշգրտորեն որոշել «Քեբրոնի դիմացի սարի» վայրը, սակայն Քեբրոնը Գազայից մոտ 60 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում և այն էլ բարձրադիր գոտում։ Իմանալով այսպիսի հեռավորության մասին՝ մենք սկսում ենք ուրիշ աչքերով նայել Սամսոնի սխրագործությանը, այդպես չէ՞։ Չմոռանանք, թե ինչը Սամսոնին հնարավորություն տվեց դա անելու. «Տիրոջ Հոգին նորա վերայ [էր]» (Դատաւորաց 14։6, 19; 15։14)։ Մենք՝ քրիստոնյաներս, այսօր չենք ակնկալում, թե Աստծո սուրբ ոգին մեզ կօժտի բացառիկ մկանային ուժով։ Բայցևայնպես, այդ նույն հզոր ոգին կարող է ավելացնել հոգևոր խորունկ բաների վերաբերյալ մեր հասկացողությունը ու ‘զորությամբ հաստատել մեզ մեր ներսի մարդում’ (Ա Կորնթացիս 2։10–16; 13։8; Եփեսացիս 3։16; Կողոսացիս 1։9, 10)։ Այո՛, Սամսոնի մասին այս դեպքը լավ հասկանալով՝ է՛լ ավելի ենք համոզվում, որ Աստծո ոգին կարող է մեզ օգնել։
9, 10. ա) Մադիանացիների նկատմամբ Գեդեոնի տարած հաղթանակը ի՞նչ մանրամասնություններ է պարունակում։ բ) Ինչպե՞ս կարող է այս դեպքն ավելի իմաստալից դառնալ մեզ համար, եթե որոշակի գիտելիքներ ունենանք աշխարհագրությունից։
9 Աստվածաշնչյան մեկ այլ դրվագ, որում խոսվում է մադիանացիների նկատմամբ Գեդեոնի տարած հաղթանակի մասին, նույնպես շեշտում է հեռավորություններն իմանալու կարևորությունը։ Աստվածաշունչ ընթերցողների մեծամասնությունը գիտի, որ Գեդեոն դատավորն ու նրա 300–հոգանոց ջոկատը պարտության մատնեցին մադիանացիների, ամաղեկացիների և ուրիշների 135 000–անոց զորքին, որը բանակ էր դրել Հեզրայելի հովտում՝ Մորե բլրի մոտ։ [18] Գեդեոնի մարդիկ փչեցին փողերը, ջարդեցին սափորները, որ իրենց ջահերը լույս արձակեն։ Ապա բղավեցին. «Տիրոջ եւ Գեդէօնի սուրը»։ Այս ամենը խուճապի մատնեց թշնամիներին, այնպես որ նրանք սկսեցին սպանել մեկը մյուսին (Դատաւորաց 6։33; 7։1–22)։ Արդյո՞ք այս մի գիշերային արագ գործողությամբ պատմությունն ավարտվեց։ Կարդա Դատաւորաց 7–րդ գլխի մնացած հատվածը և 8–րդ գլուխը։ Դու կտեսնես, որ Գեդեոնը շարունակեց գրոհը։ Սուրբգրային այս հատվածում հիշատակված վայրերից մի քանիսի տեղը այսօր հնարավոր չէ որոշել, ուստի դրանք գուցե նշված չլինեն աստվածաշնչյան քարտեզներում։ Բայցևայնպես, բավական թվով վայրեր կան, որոնց տեղը հայտնի է, այնպես որ հնարավորություն ունենք հետևելու Գեդեոնի հետագա գործողություններին։
10 Գեդեոնը թշնամու միացյալ ուժերի մնացորդին հետապնդեց մինչև Բեթասետա, այնուհետև շարունակելով հետապնդումը դեպի հարավ՝ հասավ Աբելմաուլա, որը գտնվում է Հորդանանի մոտ (Դատաւորաց 7։22–25)։ Հաղորդագրության մեջ ասվում է. «Գեդէօնն եկաւ Յորդանան, եւ անցաւ ինքը եւ իր հետ եղող երեք հարիւր մարդիկը. թէեւ նուաղած էին, բայց հալածում էին»։ Անցնելով Հորդանանը՝ իսրայելացիները թշնամուն հետապնդեցին հարավային ուղղությամբ մինչև Սոկքովթ և Փանուել, որոնք Հաբոկ ձորի մոտ են, այնուհետև բարձրացան բլուրներով մինչև Հոգբեհա (ներկայիս Ամմանի մոտ, Հորդանան)։ Ամբողջ այդ հետապնդումը, որն ուղեկցվում էր մարտերով, կազմեց մոտ 80 կիլոմետր։ Գեդեոնը մադիանացի երկու թագավորներին բռնեց ու սպանեց։ Հետո նա վերադարձավ իր հայրենի Եփրա քաղաքը, որը գտնվում է մոտավորապես այնտեղ, որտեղ որ ճակատամարտը սկսվեց (Դատաւորաց 8։4–12, 21–27)։ Պարզ է, որ Գեդեոնի սխրագործությունը ավելին էր, քան մի քանի րոպե փող հնչեցնելը, ջահեր թափահարելը և բղավելը։ Խորհիր այն մասին, թե նրա կատարածը ինչպես է ուժ հաղորդում հավատի տեր մարդկանց վերաբերյալ ասված հետևյալ խոսքերին. «Ժամանակս բաւական չէ որ պատմեմ Գեդէօնի [և ուրիշների մասին, որոնք] տկարութիւնից զօրացան. պատերազմի մէջ զօրաւոր եղան» (Եբրայեցիս 11։32–34)։ Մենք՝ քրիստոնյաներս, գուցե նույնպես ֆիզիկապես հոգնենք, բայց մի՞թե կարևոր չէ, որ շարունակենք կատարել Աստծո կամքը (Բ Կորնթացիս 4։1, 16; Գաղատացիս 6։9)։
Ինչպե՞ս են մարդիկ մտածում և արձագանքում
11. Ի՞նչ ճանապարհ անցան իսրայելացիները նախքան Կադես հասնելը, ինչպես նաև Կադես հասնելուց հետո։
11 Ոմանք գուցե դիմեն աստվածաշնչային քարտեզներին՝ ինչ–որ վայրեր գտնելու համար, բայց ի՞նչ ես կարծում, այդ քարտեզները կարո՞ղ են օգնել նրանց ավելացնելու իրենց հասկացողությունը։ Քննենք մի օրինակ։ Իսրայելացիները Սինա լեռից ուղղություն վերցրեցին դեպի Ավետյաց երկիր։ Մի քանի անգամ կանգառ տալով՝ նրանք վերջապես հասան Կադես (կամ Կադես–բառնեա)։ [9] Համաձայն Բ Օրինաց 1։2–ի՝ 11 օր էր պահանջվում այդ ճանապարհն անցնելու համար, որը ձգվում էր մոտ 270 կիլոմետր։ Կադեսից Մովսեսը 12 հետախույզ ուղարկեց Ավետյաց երկիր (Թուոց 10։12, 33; 11։34, 35; 12։16; 13։1–3, 25, 26)։ Նրանք Նեգևով գնացին հյուսիս, այնուհետև, հավանաբար, անցան Բերսաբեեի ու Քեբրոնի մոտով, և հասան Ավետյաց երկրի հյուսիսային սահմանները (Թուոց 13։21–24)։ Քանի որ իսրայելացիները ականջ դրեցին տասը հետախույզների բացասական լուրին, նրանք ստիպված եղան 40 տարի շարունակ թափառել անապատում (Թուոց 14։1–34)։ Նրանց այս վերաբերմունքն ի՞նչ է հայտնում Եհովայի հանդեպ նրանց ունեցած հավատի ու նրան պատրաստակամորեն վստահելու մասին (Բ Օրինաց 1։19–33; Սաղմոս 78։22, 32–43; Յուդա 5)։
12. Իսրայելացիների հավատի վերաբերյալ ի՞նչ եզրակացության ենք հանգում, և ինչո՞ւ պետք է մտածենք այդ մասին։
12 Հիմա այս ամենին նայենք աշխարհագրական տեսանկյունից։ Եթե իսրայելացիները հավատ դրսևորեին ու հետևեին Հեսուի և Քաղեբի խորհրդին, ապա մի՞թե Ավետյաց երկիր հասնելու համար ստիպված կլինեին երկար ճանապարհ անցնել։ Կադեսը մոտավորապես 16 կիլոմետր հեռու էր Լահայ–րոյի ջրհորից, որտեղ բնակություն էին հաստատել Իսահակն ու Ռեբեկան։ [7] 95 կիլոմետրից քիչ ճանապարհ էր հարկավոր անցնել հասնելու համար Կադեսից Բերսաբեե, որը Ավետյաց երկրի հարավային սահմանի վրա էր (Ծննդոց 24։62; 25։11; Բ Թագաւորաց 3։10)։ Եգիպտոսից մինչև Սինա լեռը հասնելով, այնուհետև 270 կիլոմետր մինչև Կադես գնալով՝ նրանք, կարելի է ասել, Ավետյաց երկրի շեմին էին։ Ինչ վերաբերում է մեզ, մենք խոստացված երկրային Դրախտի շեմին ենք։ Ուստի ի՞նչ դաս կարող ենք քաղել։ Պողոս առաքյալը ընդհանուր կապ ստեղծեց իսրայելացիների կացության և իր տված խորհրդի միջև. «Ուրեմն ջանանք այն հանգստի մէջ մտնելու. որ մի գուցէ մէկը նոյն անհաւատութեան օրինակի պէս ընկնի» (Եբրայեցիս 3։16–4։11)։
13, 14. ա) Ի՞նչ իրավիճակում գաբավոնացիները վճռական քայլ կատարեցին։ բ) Ի՞նչն է բացահայտում գաբավոնացիների տրամադրվածությունը, և ի՞նչ պետք է սովորենք նրանց օրինակից։
13 Բոլորովին այլ տրամադրվածություն ենք տեսնում գաբավոնացիների մեջ, որոնց մասին գրված է աստվածաշնչյան մի դրվագում։ Նրանք ապավինեցին Աստծուն և կատարեցին նրա կամքը։ Այն բանից հետո, երբ Հեսուն իսրայելացիներին անցկացրեց Հորդանան գետով դեպի այն երկիրը, որ Աստված խոստացել էր Աբրահամի ընտանիքին, եկավ ժամանակը ոչնչացնելու քանանացիներին (Բ Օրինաց 7։2, 1–3)։ Բնաջնջման էին ենթակա նաև գաբավոնացիները։ Իսրայելացիները կործանեցին Երիքով և Գայի քաղաքները ու բանակ դրեցին Գաղգաղայի մոտ։ Գաբավոնացիները չէին ցանկանում մահանալ ինչպես անիծյալ քանանացիներ, ուստի ներկայացուցիչներ ուղարկեցին Հեսուի մոտ, որը Գաղգաղայում էր։ Նրանք ձևացրեցին, թե իրենք եկել են ոչ քանանական երկրից, որպեսզի խաղաղության դաշինք կնքեն եբրայեցիների հետ։
14 Այդ ներկայացուցիչներն ասացին. «Քո ծառաները շատ հեռու երկրից ենք գալիս քո Եհովայ Աստուծոյ անունի համար» (Յեսու 9։3–9)։ Նրանց հագուստներն ու սննդի պաշարները կարծես թե հաստատում էին, որ նրանք իրոք հեռվից էին եկել, բայց իրականությունն այն էր, որ Գաբավոնը մոտ 30 կիլոմետր էր հեռու Գաղգաղայից։ [19] Հավատալով նրանց՝ Հեսուն և իշխանները խաղաղության դաշինք կապեցին Գաբավոնի ու հարևան քաղաքների հետ։ Արդյո՞ք գաբավոնացիները խորամանկության դիմեցին զուտ ոչնչացումից խուսափելու համար։ Իհարկե ոչ։ Նրանք այդ քայլին դիմեցին, որովհետև ցանկանում էին իսրայելացիների Աստծո հավանությանն արժանանալ։ Եհովան չմերժեց գաբավոնացիներին, և նրանք դարձան ‘փայտ կտրողներ և ջրկիրներ’ և վառելափայտ մատակարարողներ «ժողովքի եւ Տիրոջ սեղանի համար» (Յեսու 9։11–27)։ Գաբավոնացիները չդադարեցին պատրաստակամորեն աննշան գործեր կատարել Եհովայի ծառայության մեջ։ Հավանաբար, նրանցից ոմանք այն նաթանայիմներից էին, որոնք վերադարձան Բաբելոնից ու ծառայում էին վերակառուցված տաճարում (Եզրաս 2։1, 2, 43–54; 8։20)։ Մենք կարող ենք ընդօրինակել նրանց տրամադրվածությունը՝ խաղաղություն պահպանելով Աստծո հետ ու պատրաստ լինելով կատարել նույնիսկ աննշան առաջադրանքներ Աստծուն մատուցվող ծառայության մեջ։
Ոչ մի ջանք չխնայենք
15. Ինչո՞վ են հետաքրքրական Քրիստոնեական Հունարեն Գրություններում հանդիպող աշխարհագրական տեղանունները։
15 Քրիստոնեական Հունարեն Գրություններում, օրինակ՝ Հիսուսի և Պողոս առաքյալի կատարած շրջագայությունների ու ծառայության մասին պատմող հատվածներում, բազմաթիվ աշխարհագրական տեղանուններ են հիշատակվում (Մարկոս 1։38; 7։24, 31; 10։1; Ղուկաս 8։1; 13։22; Բ Կորնթացիս 11։25, 26)։ Ստորև բերվող օրինակներում փորձիր պատկերացնել, թե Պողոսի շրջագայություններն ի՛նչ վայրերով էր անցնում։
16. Բերիացի քրիստոնյաները ինչպե՞ս դրսևորեցին իրենց գնահատանքը Պողոսի հանդեպ։
16 Իր երկրորդ միսիոներական շրջագայության ժամանակ (քարտեզում նշված է մանուշակագույն գծով) Պողոսը եկավ Փիլիպպե (ներկայումս գտնվում է Հունաստանում)։ [33] Այնտեղ նա վկայություն տվեց, բանտարկվեց, ազատվեց բանտից, այնուհետև գնաց Թեսաղոնիկե (Գործք 16։6–17։1)։ Երբ հրեաները խռովություն հրահրեցին, թեսաղոնիկեցի եղբայրները հորդորեցին Պողոսին գնալ Բերիա՝ մոտ 65 կիլոմետր հեռու։ Պողոսի ծառայությունը Բերիայում բավական հաջող էր անցնում, սակայն հրեաները եկան և հուզումներ առաջացրին ժողովրդի մեջ։ Ուստի «եղբայրները Պօղոսին շուտով ուղարկեցին՝ որ մինչեւ ծովը գնայ» և «Պօղոսին տանողները նորան մինչեւ Աթէնք տարան» (Գործք 17։5–15)։ Ակներևաբար մի քանի նորահավատներ պատրաստ էին 40 կիլոմետր քայլել մինչև Էգեյան ծով, վճարել նավավարձը ու նավարկել մոտ 500 կիլոմետր։ Այդպիսի ճանապարհորդությունը կարող էր վտանգներով լեցուն լինել, սակայն եղբայրները չվախեցան ընդառաջ գնալ դրանց ու շարունակեցին Աստծո շրջագայող ներկայացուցչի կողքին մնալ։
17. Իմանալով, թե որքան է հեռավորությունը Միլետոսից Եփեսոս՝ ի՞նչը կարող ենք ավելի լավ ըմբռնել։
17 Իր երրորդ միսիոներական շրջագայության ժամանակ (քարտեզում նշված է կանաչ գծով) Պողոսը եկավ Միլետոս քաղաք–նավահանգիստը։ Նա մարդ ուղարկեց Եփեսոսի ժողովի երեցների ետևից, որոնք ապրում էին Միլետոսից մոտ 50 կիլոմետր հեռու։ Պատկերացրու, թե այդ երեցները ինչպես են թողնում իրենց գործերը ու ճանապարհ ընկնում՝ հանդիպելու Պողոսի հետ։ Քայլելիս նրանք հավանաբար ոգևորված խոսում էին սպասվող հանդիպման մասին։ Նրանք հանդիպեցին առաքյալին, և այն բանից հետո, երբ նա աղոթեց, «ամենքն էլ շատ լաց էին լինում, եւ Պօղոսի վզովն ընկած՝ նորան համբուրում էին»։ Այնուհետև երեցները «նորան ճանապարհ գցեցին դէպի նաւը», որը Երուսաղեմ էր գնալու (Գործք 20։14–38)։ Եփեսոս վերադառնալիս նրանք, ըստ ամենայնի, խորհրդածելու և խոսելու բավական նյութ ունեին։ Քեզ չի՞ տպավորում այն գնահատանքը, որ նրանք ցույց տվեցին՝ ոտքով անցնելով այդ տարածությունը, որպեսզի լինեն շրջագայող ծառայողի հետ, որը քաջալերելու էր նրանց և անհրաժեշտ տեղեկություններ էր հայտնելու։ Տեսնո՞ւմ ես այստեղ այնպիսի մի բան, որը կարող ես կիրառել կյանքում, և որը կարող է մղել քեզ փոփոխություն մտցնել մտածելակերպիդ մեջ։
Սովորիր այդ երկրի, ինչպես նաև այն մասին, թե ինչ է սպասվում առջևում
18. Աստվածաշնչյան վայրերի հետ կապված ի՞նչ պետք է վճռենք անել։
18 Վերոհիշյալ օրինակներից տեսնում ենք, թե որքան արժեքավոր է ծանոթանալը այն երկրին, որն Աստված տվել էր իսրայելացիներին, և որն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Աստվածաշնչի բազմաթիվ պատմություններում (բացի այդ, մենք կարող ենք ընդլայնել մեր մտահորիզոնը, եթե գիտելիքներ ձեռք բերենք Ավետյաց երկրի հարևան երկրների մասին, որոնք հիշատակվում են Աստվածաշնչում)։ Ավետյաց երկրի մասին մեր գիտելիքներն ու հասկացողությունը ավելացնելով՝ պետք է հիշենք, թե ‘կաթ ու մեղր բխող’ երկիրը ժառանգելու համար ինչ կարևորագույն պահանջի պետք է բավարարեին իսրայելացիները։ Այդ պահանջն էր՝ վախենալ Եհովայից և պահել նրա պատվիրանները (Բ Օրինաց 6։1, 2; 27։3)։
19. Ո՞ր երկու դրախտները պետք է մշտապես մեր ուշադրության կենտրոնում լինեն։
19 Նմանապես և այսօր։ Մենք էլ պետք է վախենանք Եհովայից և անշեղ գնանք նրա ճանապարհներով։ Դա անելով՝ կնպաստենք հոգևոր դրախտի բարգավաճմանն ու գեղեցկացմանը, դրախտ, որն այժմ գոյություն ունի համաշխարհային քրիստոնեական ժողովում։ Նաև անընդհատ կավելացնենք մեր գիտելիքները այդ դրախտի առանձնահատկությունների և նրա բերած օրհնությունների մասին։ Ինչ խոսք, մեզ դեռ ավելին է սպասում։ Հեսուն իսրայելացիներին առաջնորդեց Հորդանանից այն կողմ՝ բերրի ու բերկրալի մի երկիր։ Եվ այսպես. մենք հիմնավոր պատճառ ունենք վստահությամբ սպասելու ֆիզիկական Դրախտին՝ մի բարի երկիր, որ մեր առջևում է։
Հիշո՞ւմ եք
• Ինչո՞ւ պետք է ցանկանանք ավելացնել մեր գիտելիքներն ու հասկացողությունը աստվածաշնչյան երկրների վերաբերյալ։
• Հոդվածում քննարկված աշխարհագրական ո՞ր մանրամասնությունն էր նորություն քեզ համար։
• Ի՞նչ սովորեցիր, երբ ավելի լավ ծանոթացար աստվածաշնչյան որևէ դրվագում հիշատակված աշխարհագրական մանրամասնություններին։
[շրջանակ/նկար 14–րդ էջի վրա]
«Տեսեք «բարի երկիրը»
2003 և 2004 թթ. համաժողովներին Եհովայի վկաները ուրախ էին ստանալու «Տեսեք «բարի երկիրը»» գրքույկը։ Այս նոր հրատարակությունը, որն առկա է մոտ 80 լեզուներով, պարունակում է գունավոր քարտեզներ և աղյուսակներ, որոնք լուսաբանում են աստվածաշնչյան աշխարհի տարբեր վայրերը, մասնավորապես Ավետյաց երկիրը պատմության տարբեր ժամանակահատվածներում։
Այս շրջանակին կից հոդվածում հղումներ են արված որոշ քարտեզների, ու թավ թվերով նշված է, թե այդ քարտեզները գրքույկի որ էջում են գտնվում, օրինակ՝ [gl 15]։ Եթե ունես այս գրքույկը, ժամանակ տրամադրիր ծանոթանալու գրքույկի հատկանշական կողմերին, որոնք կօգնեն քեզ ավելացնել քո գիտելիքներն ու հասկացողությունը Աստծո Խոսքից։
1) Շատ քարտեզներ ուղեկցվում են շրջանակներով, որտեղ բացատրվում են պայմանական նշանները և այլ նշումներ [gl 18]։ 2) Քարտեզների մեծամասնությունը ունի մասշտաբ, որը տրված է մղոններով և կիլոմետրերով։ Այն կօգնի քեզ ըմբռնել հեռավորություններն ու տարածությունները [gl 26]։ 3) Մեծամասամբ, քարտեզներում նշված սլաքը ուղղված է դեպի հյուսիս, որը կօգնի քեզ որոշել հորիզոնի կողմերը [gl 19]։ 4) Շատ քարտեզներում համապատասխան գույներով նշված են բարձրությունները [gl 12]։ 5) Քարտեզների եզրային մասերում կան թվեր և տառեր, որոնց միջոցով կարող ես մտովի վանդակ ստեղծել, որը կօգնի գտնել քաղաքների և այլ վայրերի անունները [gl 23]։ 6) Տեղանունների երկու էջանոց ցանկում [gl 34, 35] թավ թվերով նշված են էջերը, որոնց հաճախ հաջորդում են վանդակի կոորդինատները, ինչպես օրինակ՝ Ե2։ Գրքույկի այս առանձնահատկություններից մի քանի անգամ օգտվելուց հետո գուցե զարմանաս, թե որքան օգտակար են դրանք քո սուրբգրային գիտելիքներն ավելացնելու և հասկացողությունդ խորացնելու հարցում։
[Ցանկ/քարտեզ 16–րդ և 17–րդ էջերի վրա]
ԲՆԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿ
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Ա. Մեծ ծովի ափը
Բ. Հորդանանի արևմտյան հարթավայրերը
1. Ասերի հարթավայր
2. Դովրի ծովափնյա հատված
3. Սարոնի արոտավայրեր
4. Փղշտացիների հարթավայր
5. Կենտրոնական արևելա–արևմտյան հովիտ
ա. Մակեդդովի հովիտ
բ. Հեզրայելի հովիտ
Գ. Հորդանանի արևմտյան կողմի լեռները
1. Գալիլեայի լեռներ
2. Կարմեղոսի լեռներ
3. Սամարիայի լեռներ
4. Շեփելա (բլուրներ)
5. Հուդայի լեռներ
6. Հուդայի անապատ
7. Նեգև
8. Փառանի անապատ
Դ. Արաբա (իջվածք)
1. Հուլա լիճ
2. Գալիլեայի ծովի շրջակայք
3. Հորդանանի հովիտ
4. Աղի ծով (Մեռյալ ծով)
5. Արաբա (Աղի ծովի հարավային կողմ)
Ե. Լեռները Հորդանանի արևելյան կողմի հարթավայրերը
1. Բասան
2. Գաղաադ
3. Ամմոն և Մովաբ
4. Եդովմի սարահարթ
Զ. Լիբանանի լեռները
[Քարտեզ]
Հերմոն լեռ
Մորե
Երուսաղեմ
Բերսաբեե
Աբելմաուլա
Բեթել
Գաբավոն
Գազա
Սոկքովթ
Գաղգաղա
Քեբրոն
Սոդոմ?
Կադես
Հոգբեհա
[Քարտեզ/նկար 15–րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Մակեդդով
Դոթայիմ
Սյուքեմ
ՔԱՆԱՆ
Բեթել (Լուզ)
Երուսաղեմ (Սաղեմ)
Բեթլեհեմ (Եփրաթա)
Մամբրե
Գերար
Ռոբովթ?
ԳԱՂԱԱԴ
Հորդանան
Գայի
Մորիա
Աղի ծով
Քեբրոն
(Մաքփելա)
Բերսաբեե
Սոդոմ?
ՆԵԳԵՎ
[նկար]
Աբրահամը շրջեց երկրով մեկ
[Քարտեզ 18–րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Փիլիպպե
Ամփիպոլիս
Բերիա
Աթենք
Կորնթոս
Նեապոլիս
Թեսաղոնիկե
ՍԱՄՈԹՐԱԿԵ
Տրովադա
Եփեսոս
Միլետոս
ՀՌՈԴՈՆ