«Մօտեցէք Աստուծուն»
«Մօտեցէք Աստուծուն, եւ նա կ’մօտենայ ձեզ» (ՅԱԿՈԲՈՍ 4։8)։
1, 2. ա) Հաճախ ի՞նչ են պնդում մարդիկ։ բ) Ի՞նչ անելու հորդորեց Հակոբոսը, և ինչո՞ւ էր դա անհրաժեշտ։
«ԱՍՏՎԱԾ մեզ հետ է»։ Այս խոսքերը զարդարել են ազգային խորհրդանիշներն ու նույնիսկ զինվորական համազգեստները։ «Մենք Աստծուն ենք ապավինում»,— գրված է ժամանակակից շատ թղթադրամների ու մետաղադրամների վրա։ Մարդուն հատուկ է ասել, թե լավ հարաբերությունների մեջ է Աստծո հետ։ Սակայն մի՞թե չեք համաձայնի, որ նման հարաբերություններ ունենալու համար իրականում շատ ավելին է պահանջվում, քան պարզապես դրա մասին խոսելը կամ ինչ–որ մի տեղ գրավոր ձևով դա արտահայտելը։
2 Ինչպես ցույց է տալիս Աստվածաշունչը, հնարավոր է որոշակի փոխհարաբերություններ հաստատել Աստծո հետ։ Բայց դրա համար ջանքեր են հարկավոր։ Նույնիսկ առաջին դարում ապրող օծյալ քրիստոնյաներից ոմանք կարիք ունեին Եհովա Աստծո հետ իրենց փոխհարաբերություններն ամրապնդելու։ Հակոբոսը, որ վերակացու էր, ստիպված էր ոմանց նախազգուշացնել այն մասին, որ իրենք մարմնական ձգտումներ ունեն և կորցրել են իրենց հոգևոր մաքրությունը։ Նա տվեց հետևյալ ազդեցիկ խորհուրդը. «Մօտեցէք Աստուծուն, եւ նա կ’մօտենայ ձեզ» (Յակոբոս 4։1–12)։ «Մօտեցէք» ասելով՝ ի՞նչ նկատի ուներ Հակոբոսը։
3, 4. ա) Հավանաբար ինչի՞ մասին հիշեցին առաջին դարում Հակոբոսի նամակն ընթերցող մարդիկ՝ կարդալով «մօտեցէք Աստուծուն» խոսքերը։ բ) Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Աստծուն հնարավոր է մոտենալ։
3 Հակոբոսն այնպիսի մի արտահայտություն գործածեց, որ պետք է ծանոթ լիներ նրա նամակն ընթերցողներից շատերին։ Մովսիսական Օրենքում կային քահանաներին ուղղված հատուկ ցուցումներ, թե ինչպես նրանք պետք է ‘մոտենային’ Եհովային՝ ի նպաստ իր ժողովրդի (Ելից 19։22)։ Այսպիսով՝ Հակոբոսն իր ընթերցողներին հիշեցրեց այն մասին, որ չպետք է Եհովային մոտենալու հարցին թեթևամտորեն վերաբերվել. Եհովան այն անձնավորությունն է, որն ամենաբարձր դիրքն ունի ողջ տիեզերքում։
4 Բացի այդ, ինչպես ասում է մի աստվածաշնչագետ, «այս հորդորը [գրված՝ Հակոբոս 4։8–ում] շատ մեծ հույս է ներշնչում»։ Հակոբոսը գիտեր, որ Եհովան միշտ էլ սիրով հրավիրել է անկատար մարդկանց մոտենալ իրեն (Բ Մնացորդաց 15։2)։ Իսկ Հիսուսի զոհաբերությունը Եհովային մոտենալու ավելի մեծ հնարավորություն ստեղծեց (Եփեսացիս 3։11, 12)։ Այսօր այդ հրաշալի հնարավորությունն ունեն միլիոնավոր մարդիկ։ Սակայն ինչպե՞ս կարող ենք օգտվել դրանից։ Համառոտակի քննարկենք երեք միջոցներ, որ կօգնեն մեզ մոտենալ Եհովա Աստծուն։
Շարունակեք գիտություն ստանալ Աստծո մասին
5, 6. Ինչպե՞ս է պատանի Սամուելի օրինակից երևում, թե ինչ է իր մեջ ներառում Աստծո մասին գիտություն ձեռք բերելը։
5 Համաձայն Յովհաննէս 17։3–ի՝ Հիսուսն ասել է. «Յաւիտենական կեանքը այս է. որ ճանաչեն քեզ միակ ճշմարիտ Աստուած, նաեւ Յիսուս Քրիստոսին, որ դու ուղարկեցիր»։ Ի տարբերություն «Նոր աշխարհ թարգմանության»՝ Աստվածաշնչի շատ ուրիշ թարգմանություններ փոքր–ինչ այլ կերպ են փոխանցում այս համարը։ Աստծո մասին «գիտություն ձեռք բերել» արտահայտության փոխարեն՝ նրանք ուղղակի գրում են «ճանաչել» Աստծուն։ Սակայն մի շարք գիտնականներ նշում են, որ այդ բառը հին հունարենում ավելի լայն իմաստ ունի. այն փոխանցում է շարունակական պրոցեսի գաղափար, որի արդյունքում երկու կողմերը սկսում են մոտիկից ճանաչել իրար։
6 Աստծուն մոտիկից ճանաչելու գաղափարը Հիսուսի օրերում նոր չէր։ Եբրայերեն Գրություններում, օրինակ, կարդում ենք, որ պատանի Սամուելը «Տիրոջը դեռ չէր ճանաչում» (Ա Թագաւորաց 3։7)։ Արդյո՞ք սա նշանակում է, թե Սամուելը քիչ գիտելիքներ ուներ Աստծո մասին։ Ո՛չ։ Նա, անկասկած, շատ բան էր սովորել իր ծնողներից, ինչպես նաև քահանաներից։ Բայց, ինչպես նշում է մի գիտնական, այստեղ գործածված եբրայերեն բառը կարող է նշանակել «հնարավորին չափ մոտիկից ճանաչել»։ Սամուելը դեռ չէր ճանաչում Աստծուն մոտիկից, ինչպես որ ճանաչեց հետագայում, երբ ծառայում էր որպես Եհովայի խոսնակ։ Մեծանալով՝ Սամուելն իսկապես ճանաչեց Եհովային՝ մտերիմ, անձնական փոխհարաբերություններ հաստատելով նրա հետ (Ա Թագաւորաց 3։19, 20)։
7, 8. ա) Ինչո՞ւ չպետք է վարանենք աստվածաշնչյան ավելի խոր ուսուցումները հետազոտելու հարցում։ բ) Նշիր աստվածաշնչյան մի քանի խոր ճշմարտություններ, որ տեղին կլիներ ուսումնասիրել։
7 Ջանո՞ւմ ես ձեռք բերել Եհովայի մասին գիտությունը, որպեսզի նրան մոտիկից ճանաչես։ Դա անելու համար հարկավոր է ‘փափագող լինել’ Աստծո կողմից տրվող հոգևոր սննդին (Ա Պետրոս 2։2)։ Մի՛ բավարարվիր միայն Աստվածաշնչի հիմնական ուսուցումներով։ Ձգտիր խորացնել գիտելիքներդ (Եբրայեցիս 5։12–14)։ Վարանում ես, որովհետև այդ ուսուցումները չափազանց բա՞րդ են թվում քեզ։ Եթե այո, ապա հիշիր, որ Եհովան Մեծ Ուսուցիչ է (Եսայիա 30։20, ՆԱ)։ Նա գիտի՝ ինչպես կարելի է խոր ճշմարտություններ «տեղավորել» անկատար մարդու մտքում։ Եվ նա կարող է օրհնել այն անկեղծ ջանքերը, որ գործադրում ես՝ ձգտելով հասկանալ նրա ուսուցումները (Սաղմոս 25։4)։
8 Փորձիր պարզել, թե ինչպիսին է քո վերաբերմունքը «Աստուծոյ խորունկ բաներ[ի]» հանդեպ (Ա Կորնթացիս 2։10, Արևմտ. Աստ.)։ Դրանք աստվածաբանների ու հոգևորականների համար վիճաբանության առարկա դարձած անհետաքրքիր թեմաներ չեն։ Դրանք կենդանի ուսմունքներ են, որոնց շնորհիվ կարող ենք հիանալի բաներ սովորել մեր սիրառատ Հոր մտածելակերպի և էության մասին։ Քավիչ զոհաբերությունը, «ծածուկ իմաստութիւն[ը]», տարբեր ուխտերը, որ կապել է Եհովան իր ժողովրդի հետ՝ նրան օրհնելու և իր նպատակներն իրագործելու, ինչպես նաև բազում այլ ուսմունքներ հիանալի և օգտակար թեմաներ են հետազոտությունների և անձնական ուսումնասիրության համար (Ա Կորնթացիս 2։7)։
9, 10. ա) Ինչո՞ւ է հպարտությունն իրենից վտանգ ներկայացնում, և ի՞նչը կօգնի խուսափել դրանից։ բ) Եհովայի գիտությունն ունենալու առնչությամբ՝ ինչո՞ւ պետք է ջանանք խոնարհ լինել։
9 Սակայն աստվածաշնչյան գիտելիքներն ավելացնելու հետ մեկտեղ՝ հարկավոր է զգուշանալ այն վտանգից, որ կարող է իր մեջ պարփակել շատ գիտելիքներ ունենալը՝ հպարտությունից (Ա Կորնթացիս 8։1)։ Հպարտությունը վտանգավոր հատկություն է, քանի որ կարող է մարդուն հեռացնել Աստծուց (Առակաց 16։5; Յակոբոս 4։6)։ Հիշիր, որ շատ գիտելիքներ ունենալը ոչ մեկին հպարտանալու հիմք չի տալիս։ Ահա թե ինչ գնահատական է տրվում մի գրքում մարդկանց վերջին գիտական հայտնագործությունների վերաբերյալ. «Որքան շատ ենք իմանում, այնքան ավելի ենք տեսնում, թե որքան քիչ գիտենք։ .... Մեր սովորածը ոչինչ է այն բանի համեմատ, ինչ դեռ պիտի սովորենք»։ Ինչ խոսք, խոնարհության նման դրսևորումը հաճելի է։ Առավել ևս, ուրեմն, պետք է խոնարհություն ցուցաբերենք, երբ խոսքը վերաբերում է Եհովա Աստծո մասին գիտությանը, որը բոլոր գիտություններից մեծագույնն է։ Ինչո՞ւ։
10 Ուշադրություն դարձնենք Եհովայի մասին մի քանի աստվածաշնչյան մտքերի։ «Շատ խո՜ր են քո խորհուրդները» (Սաղմոս 92։5)։ «[Եհովայի] իմաստութեանը չափ չ’կայ» (Սաղմոս 147։5)։ «[Աստծո] իմաստութիւնը չի քննւիր» (Եսայիա 40։28, Արևմտ. Աստ.)։ «Ո՜վ Աստուծոյ մեծութեան եւ իմաստութեան եւ գիտութեան խորութիւնը» (Հռովմայեցիս 11։33)։ Ակնհայտ է, որ երբեք չի գա այն պահը, երբ Եհովայի մասին ամեն ինչ կիմանանք (Ժողովող 3։11)։ Ու թեև մենք արդեն բազում հիանալի բաներ ենք սովորել նրանից, սակայն միշտ էլ շատ բան կունենանք սովորելու։ Մի՞թե ուրախալի հեռանկար չէ սա, որ միաժամանակ մղում է մեզ խոնարհություն դրսևորելու։ Ուստի եկեք միշտ մեր գիտելիքներն օգտագործենք Եհովային մոտենալու համար և ուրիշներին էլ օգնենք, որ նույնն անեն։ Եկեք այնպես անենք, որ մեր ունեցած գիտելիքները երբեք պատճառ չդառնան մեզ ուրիշներից վեր դասելու (Մատթէոս 23։12; Ղուկաս 9։48)։
Ցույց տուր, որ սիրում ես Եհովային
11, 12. ա) Եհովայի մասին գիտությունը ինչպե՞ս պետք է անդրադառնա մեզ վրա։ բ) Ի՞նչը կարող է ցույց տալ, որ անհատը անկեղծորեն սիրում է Աստծուն։
11 Պողոս առաքյալը գիտությունը կապեց սիրո հետ, ինչը շատ տեղին է։ Նա գրեց. «Սա աղօթք եմ անում, որ ձեր սէրն էլ աւէլի եւ աւելի հարըստանայ գիտութիւնով եւ ամեն հասկացողութիւնով» (Փիլիպպեցիս 1։9)։ Եհովայի ու նրա նպատակների մասին ցանկացած թանկարժեք ճշմարտություն պետք է խորացնի մեր սերը երկնային Հոր հանդեպ և ոչ թե հպարտությամբ լցնի մեր սիրտը։
12 Ինչ խոսք, շատերն են ասում, թե սիրում են Աստծուն, բայց իրականում դա այդպես չէ։ Գուցե նրանք իրոք խոր զգացմունքներ ունեն։ Եթե դրա հետ մեկտեղ նրանք ճշգրիտ գիտություն ունեն, ապա նման զգացմունքների առկայությունը լավ է, նույնիսկ գովասանքի արժանի։ Պետք է նշել, սակայն, որ այդ զգացմունքներն ինքնին Աստծո հանդեպ իսկական սեր ունենալու նշան չեն։ Ինչո՞ւ։ Տեսնենք, թե ինչպես է իսկական սերը բնորոշվում Աստծո Խոսքում. «Սա է Աստուծոյ սէրը որ նորա պատուիրանքները պահենք. եւ նորա պատուիրանքները ծանր չեն» (Ա Յովհաննէս 5։3)։ Ուրեմն՝ սերն Աստծո հանդեպ անկեղծ է միայն այն դեպքում, եթե արտահայտվում է հնազանդություն արտացոլող գործերով։
13. Ինչպե՞ս կարող է աստվածավախությունը օգնել, որ ցույց տանք մեր սերը Եհովայի հանդեպ։
13 Աստվածավախությունը նույնպես կօգնի, որ հնազանդվենք Եհովային։ Այդ վախն ու խոր հարգանքը գալիս է Աստծո մասին գիտություն ձեռք բերելուց, նրա անսահման սրբության, փառքի, զորության, արդարության, իմաստության ու սիրո մասին սովորելուց։ Նման վախը շատ կարևոր դեր է խաղում Աստծուն մոտենալու հարցում։ Ահա թե ինչ է ասվում Սաղմոս 25։14–ում. «Տիրոջ մտերմութիւնը նորանց հետ է, որ վախենում են նորանից» (Սաղմոս 25։14)։ Ուստի եթե առողջ վախ ունենանք մեր սիրելի երկնային Հոր հանդեպ՝ չցանկանալով տհաճություն պատճառել նրան, ապա կկարողանանք մտերմանալ նրա հետ։ Աստվածավախությունը կօգնի նաև հետևել Առակաց 3։6–ում ամփոփված խորհրդին. «Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները» (Առակաց 3։6)։ Ի՞նչ է դա նշանակում։
14, 15. ա) Ինչպիսի՞ որոշումներ ենք կայացնում առօրյա կյանքում։ բ) Ի՞նչը կօգնի, որ մեր կայացրած որոշումներից երևա մեր աստվածավախ լինելը։
14 Որոշումներ՝ մեծ թե փոքր, ամեն օր ենք կայացնում։ Օրինակ՝ մտածում ենք, թե ինչ թեմաներով ճիշտ կլինի զրուցել աշխատակիցների, համադասարանցիների կամ հարևանների հետ (Ղուկաս 6։45)։ Շա՞տ ջանք ենք թափելու մեզ հանձնարարված գործն անելու համար, թե՞ քիչ (Կողոսացիս 3։23)։ Ինչպիսի՞ մարդկանց հետ ենք մտերմություն անելու՝ Եհովային չսիրո՞ղ, թե՞ հոգևորապես տրամադրված (Առակաց 13։20)։ Ի՞նչ կարող ենք անել (թեկուզ ոչ մեծ գործ)՝ ի նպաստ Թագավորության շահերի։ Եթե առօրյա կյանքում որոշումներ կայացնելիս առաջնորդվում ենք նման սկզբունքներով, ապա կարելի է ասել, որ իսկապես հաշվի ենք առնում Եհովային մեր «բոլոր ճանապարհներումը»։
15 Ինչպիսի որոշում էլ կայացնելու լինենք, պետք է առաջնորդվենք հետևյալ սկզբունքով. «Ի՞նչ կցանկանար Եհովան, որ անեի։ Ի՞նչ ընտրություն կատարեմ նրա հավանությանն արժանանալու համար» (Առակաց 27։11)։ Աստվածավախության նման դրսևորումը Եհովայի հանդեպ մեր սերն արտահայտելու լավագույն եղանակն է։ Բացի այդ, աստվածավախությունը կմղի մեզ մաքրություն պահպանել հոգևոր, բարոյական և ֆիզիկական առումով։ Հիշենք. այն նույն համարում, որտեղ Հակոբոսը քաջալերում է քրիստոնյաներին ‘մոտենալ Աստծուն’, նա նաև հետևյալ հորդորն է տալիս. «Սրբեցէք ձեր ձեռքերը, ով մեղաւորներ, եւ ձեր սրտերը մաքրեցէք, ով երկմիտներ» (Յակոբոս 4։8)։
16. Եհովային ինչ–որ բան տալով՝ ի՞նչ չենք անի նրան, սակայն դրանով ի՞նչ ցույց կտանք։
16 Սերը Աստծո հանդեպ իր մեջ շատ ավելին է ընդգրկում, քան պարզապես վատ գործերից խուսափելը։ Այն մղում է ճիշտն անելու։ Ինչպե՞ս ենք, օրինակ, արձագանքում Եհովայի անսահման առատաձեռնությանը։ Հակոբոսը գրում է. «Ամեն բարի տուրք, եւ ամեն կատարեալ պարգեւ վերեւիցն է իջնում լոյսի Հօրիցը. որի մէջ բնաւ փոփոխում կամ դարձուածքի շուք չ’կայ» (Յակոբոս 1։17)։ Ինչ խոսք, Եհովային ինչ–որ բան տալով՝ մենք նրան չենք հարստացնում, չէ՞ որ ամեն ինչ արդեն նրանն է (Սաղմոս 50։12)։ Իհարկե, Աստված մեր ժամանակի և ուժերի կարիքը չունի։ Նույնիսկ եթե հրաժարվենք քարոզել Թագավորության բարի լուրը, նա այնպես կանի, որ մեր փոխարեն քարերն աղաղակեն։ Ինչո՞ւ, ուրեմն, պետք է Եհովային տրամադրենք մեր միջոցները, ժամանակը և ուժերը։ Առաջին հերթին՝ մենք դրանով ցույց կտանք, որ սիրում ենք նրան ամբողջ սրտով, հոգով, մտքով ու զորությամբ (Մարկոս 12։29, 30)։
17. Ի՞նչը կարող է մղել մեզ Եհովային ուրախությամբ տալու։
17 Հարկավոր է Եհովային ուրախությամբ տալ, «որովհետեւ Աստուած սիրում է ուրախ տուողին» (Բ Կորնթացիս 9։7)։ Այս հարցում օգնություն կարող է հանդիսանալ Բ Օրինաց 16։17–ում արձանագրված հետևյալ սկզբունքը. «Ամեն մարդ ձեռքիցը եկածի չափ քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած օրհնութեան համեմատ տայ»։ Եթե խորհրդածենք այն մասին, թե որքան առատաձեռն է Եհովան մեր հանդեպ, մեր մեջ ցանկություն կառաջանա նրան ուրախությամբ և առատաձեռնորեն տալու։ Դա կուրախացնի Աստծուն, ինչպես որ երեխայի փոքրիկ նվերը կուրախացնի ծնողին։ Նման ձևով մեր սերն արտահայտելով՝ կկարողանանք մոտենալ Եհովային։
Մտերմացիր աղոթքի միջոցով
18. Ինչո՞ւ արժե խորհել այն մասին, թե ինչպես կարող ենք բարելավել մեր աղոթքները։
18 Առանձնացած աղոթելը անգնահատելի հնարավորություն է ստեղծում՝ մեր երկնային Հոր հետ մտերմիկ զրույց վարելու (Փիլիպպեցիս 4։6)։ Քանի որ աղոթքը շատ կարևոր է Աստծուն մոտենալու համար, ուստի արժե մի պահ մտածել, թե ինչպիսին են մեր աղոթքները։ Հատուկ ընտրված խոսքեր ասելու կարիք չկա։ Սակայն հարկավոր է, որ մեր աղոթքները լինեն անկեղծ՝ սրտից բխող։ Ինչպե՞ս կարող ենք բարելավել դրանք։
19, 20. Ինչո՞ւ պետք է աղոթելուց առաջ մտածել, և ինչի՞ մասին տեղին կլինի խորհրդածել։
19 Աղոթելուց առաջ լավ կլինի մի փոքր մտածել. դա կօգնի, որ մեր աղոթքները լինեն կոնկրետ և իմաստալից։ Նախօրոք խորհելով՝ մենք նաև կխուսափենք ամեն անգամ նույն՝ հեշտությամբ հիշվող արտահայտությունները կրկնելուց (Առակաց 15։ 28, 29)։ Օգտակար կլինի խորհրդածել Հիսուսի տիպար աղոթքում նշված մտքերի շուրջ և տեսնել, թե ինչպես կարելի է կիրառել դրանք մեր հանգամանքներում (Մատթէոս 6։9–13)։ Գուցե ինքներս մեզ հարցնենք. «Ի՞նչ՝ թեկուզ փոքր բան կարող եմ անել երկրի վրա Եհովայի կամքի իրականացմանն աջակցելու համար։ Հայտնե՞լ եմ Եհովային այն մասին, որ ցանկանում եմ հնարավորին չափ օգտակար լինել նրան։ Խնդրե՞լ եմ, որ օգնի ինձ կատարել իր կողմից տրված ցանկացած հանձնարարություն։ Շատ չե՞մ արդյոք մտահոգված նյութական կարիքներս բավարարելու խնդրով։ Ի՞նչ սխալների համար պետք է ներում խնդրեմ։ Ո՞ւմ հանդեպ պետք է լինեմ ներողամիտ։ Ո՞ր փորձություններն են ինձ տրտմեցնում։ Զգո՞ւմ եմ արդյոք, թե այդ հարցում որքան շատ ունեմ Եհովայի պաշտպանության կարիքը»։
20 Բացի այդ, կարող ենք մտաբերել մեզ ծանոթ այն մարդկանց, ովքեր հատկապես ունեն Եհովայի օգնության կարիքը (Բ Կորնթացիս 1։11, Արևմտ. Աստ.)։ Չմոռանանք նաև շնորհակալական խոսքերի մասին։ Եթե մի փոքր մտածենք, ապա անկասկած կգտնենք պատճառներ՝ Եհովային ամեն օր շնորհակալություն հայտնելու և նրան փառավորելու, քանի որ նա շատ բարի է (Բ Օրինաց 8։10; Ղուկաս 10։21)։ Այդպես վարվելով՝ մեկ ուրիշ օգուտ էլ կստանանք. մենք ավելի լավատեսորեն կնայենք կյանքին և երախտագետ կլինենք։
21. Եհովային աղոթքով դիմելու հարցում աստվածաշնչյան ո՞ր օրինակներն օգտակար կլինի ուսումնասիրել։
21 Մեր աղոթքները կարող են բարելավվել նաև ուսումնասիրության միջոցով։ Աստծո Խոսքում կարելի է գտնել հրաշալի աղոթքներ, որ ասվել են հավատարիմ մարդկանց կողմից։ Օրինակ՝ եթե մեզ անհանգստացնում է մի դժվարին խնդիր, որից կախված է մեր կամ մեր հարազատի բարօրությունը, կարող ենք կարդալ Հակոբի աղոթքը, որը նա ասել էր իր վրեժխնդիր եղբոր՝ Եսավի հետ տեղի ունենալիք հանդիպումից առաջ (Ծննդոց 32։9–12)։ Կամ կարող ենք խորհել Ասա թագավորի աղոթքի շուրջ, որը նա ասել էր, երբ մոտ մեկ միլիոն հոգուց բաղկացած եթովպական բանակը սպառնում էր Աստծո ժողովրդին (Բ Մնացորդաց 14։11, 12)։ Եթե մեր մտահոգության առարկան այնպիսի մի հարց է, որի պատճառով հնարավոր է արատավորվի Եհովայի անունը, ապա արժե քննել Եղիայի աղոթքը, որ նա ասել էր Բահաղի երկրպագուների առջև՝ Կարմեղոս սարի վրա։ Կարելի է կարդալ նաև Նեեմիայի աղոթքը՝ Երուսաղեմի ողբալի վիճակի մասին (Գ Թագաւորաց 18։36, 37; Նէեմիա 1։4–11)։ Այսպիսի աղոթքներ կարդալով ու դրանց շուրջ խորհրդածելով՝ կամրացնենք մեր հավատը, նաև կգտնենք այնպիսի մտքեր, որոնք կօգնեն մեզ տեսնելու, թե ինչպես ավելի ճիշտ կլինի դիմել Եհովային մեզ անհանգստացնող բաների մասին խնդրելիս։
22. Ո՞րն է 2003 թ.–ի տարվա խոսքը, և ժամանակ առ ժամանակ ի՞նչ հարց կարող ենք տալ ինքներս մեզ այս տարվա ընթացքում։
22 Ինչ խոսք, չկա ավելի մեծ պատիվ և ավելի վեհ նպատակ, քան Հակոբոսի այս խորհրդին հետևելը՝ «Մօտեցէք Աստուծուն» (Յակոբոս 4։8)։ Եկեք այդպես էլ անենք՝ Աստծո գիտության մեջ աճելով, մեր սերը նրա հանդեպ ավելի շատ արտահայտելու հնարավորություններ փնտրելով և աղոթքի միջոցով նրա հետ միշտ մտերմանալով։ Եկեք 2003 թ.–ի ընթացքում մեր մտքում պահենք Յակոբոս 4։8–ը՝ այս տարվա խոսքը, և շարունակենք քննել ինքներս մեզ՝ փորձելով տեսնել, թե արդյոք իսկապես մոտենում ենք Եհովային։ Իսկ ի՞նչ կարելի է ասել հիշատակված համարի երկրորդ մասի վերաբերյալ։ Ի՞նչ իմաստով Եհովան «կ’մօտենայ ձեզ», և ի՞նչ օրհնություններ դա իր հետ կբերի։ Այս հարցի պատասխանը կքննարկվի հաջորդ հոդվածում։
Հիշո՞ւմ եք
• Ինչո՞ւ է հարկավոր լրջությամբ վերաբերվել Եհովային մոտենալու հարցին։
• Ի՞նչ նպատակներ կարող ենք դնել մեր առջև Եհովայի մասին գիտություն ձեռք բերելու առնչությամբ։
• Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ անկեղծորեն սիրում ենք Եհովային։
• Ի՞նչը կօգնի, որ աղոթքով Եհովային դիմելիս ավելի մտերմանանք նրա հետ։
[մեջբերում 12–րդ էջի վրա]
2003 թ.–ի տարվա խոսքն է. «Մօտեցէք Աստուծուն, եւ նա կ’մօտենայ ձեզ» (Յակոբոս 4։8)։
[նկար 8–րդ և 9–րդ էջերի վրա]
Մեծանալով՝ Սամուելը սկսեց ավելի մոտիկից ճանաչել Աստծուն
[նկար 12–րդ էջի վրա]
Եղիայի աղոթքը, որ նա ասել էր Կարմեղոս սարի վրա, լավ օրինակ է մեզ համար