Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 7/15 էջ 20–25
  • Նրանք ճշմարտությամբ են ընթանում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նրանք ճշմարտությամբ են ընթանում
  • 2002 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ճշմարտությունը և քրիստոնեական երկրպագությունը
  • Հալածվել են ճշմարտությունը քարոզելու համար
  • Ճշմարտությունը և կրոնական տոները
  • Ճշմարտությունը հռչակվում է ամբողջ աշխարհում
  • Ճշմարտությունը և անձնական վարքը
  • Ճշմարտությունը և «բարձր իշխանությունները»
  • Ճշմարտությունը միավորում է
  • Օրհնվում են ճշմարտությունը սովորեցնելու համար
  • Քրիստոնյաները երկրպագում են «հոգով եւ ճշմարտութեամբ»
    2002 Դիտարան
  • Ամուր համոզվածությամբ կառչիր ճշմարտությանը
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • «Ես քո ճշմարտության մեջ կքայլեմ»
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նրանք «այս աշխարհքիցը չեն»
    Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն
Ավելին
2002 Դիտարան
w02 7/15 էջ 20–25

Նրանք ճշմարտությամբ են ընթանում

«Չունեմ աւելի մեծ ուրախութիւն, քան այն, երբ լսում եմ, թէ իմ որդիները ճշմարտութեամբ են ընթանում» ( 3 ՅՈՎՀԱՆՆԷՍ 4)։

1. Գլխավորապես ինչի՞ մասին է ‘Ավետարանի ճշմարտությունը’։

ԵՀՈՎԱՆ հավանություն է տալիս միայն նրանց, ովքեր երկրպագում են իրեն «հոգով եւ ճշմարտութեամբ» (Յովհաննէս 4։24)։ Այդ մարդիկ հնազանդվում են ճշմարտությանը՝ ընդունելով Աստծո Խոսքի վրա հիմնված բոլոր քրիստոնեական ուսմունքները։ ‘Ավետարանի այս ճշմարտությունը’ գլխավորապես Հիսուս Քրիստոսի և Աստծո Թագավորության միջոցով Եհովայի գերիշխանության արդարացման մասին է (Գաղատացիս 2։14)։ Աստված թույլ է տալիս, որ ստություն սիրողները ‘մոլորության ներգործությանը’ (ԱԹ) ենթարկվեն, այնինչ նրանք, ովքեր հավատ են ընծայում բարի լուրին ու ճշմարտությամբ են ընթանում, կարող են փրկվել (Բ Թեսաղոնիկեցիս 2։9–11; Եփեսացիս 1։13, 14)։

2. Ինչո՞ւ էր Հովհաննես առաքյալն ուրախ, և ինչպե՞ս էր նա վերաբերվում Գայիոսին։

2 Թագավորության քարոզիչները ‘գործակիցներ են ճշմարտությանը’։ Նրանք Հովհաննես առաքյալի ու նրա ընկեր Գայիոսի պես ամուր կառչած են մնում ճշմարտությանը և դրանով են առաջնորդվում։ Հովհաննեսը, նկատի ունենալով Գայիոսին, գրում է. «Չունեմ աւելի մեծ ուրախութիւն, քան այն, երբ լսում եմ, թէ իմ որդիները ճշմարտութեամբ են ընթանում» (Գ Յովհաննէս 3–8)։ Նույնիսկ եթե Հովհաննեսն ինքը չէր Գայիոսին օգնել գալու դեպի ճշմարտություն, նրա տարիքը, քրիստոնեական հասունությունը և հայրական գորովը հիմք էին ստեղծում, որ այս, հավանաբար երիտասարդ անձնավորությունը համարվեր նրա հոգևոր որդին։

Ճշմարտությունը և քրիստոնեական երկրպագությունը

3. Ի՞նչ նպատակով էին վաղ քրիստոնյաները հավաքվում, և ի՞նչ օգուտներ էին նրանք ստանում։

3 Ճշմարտությունը սովորելու համար վաղ քրիստոնյաները միավորվում էին առանձին ժողովների մեջ՝ իրենց հանդիպումները հաճախ անցկացնելով մասնավոր տներում (Հռովմայեցիս 16։3–5)։ Միասին հավաքվելով՝ նրանք քաջալերում էին միմյանց ու բարի գործերի հորդորում (Եբրայեցիս 10։24, 25)։ Ավելի ուշ շրջանում քրիստոնեություն դավանողների մասին Տերտուլիանոսը (մոտ 155 թ.–220 թ. հետո) գրել է. «Մենք հավաքվում ենք, որպեսզի կարդանք Աստծո գրքերը.... Այդ սուրբ խոսքերով մենք սնում ենք մեր հավատը, ամրացնում ենք մեր հույսը, դառնում ենք ավելի վստահ» («Apology», գլուխ 39)։

4. Ի՞նչ դեր է ունեցել երգեցողությունը քրիստոնեական հանդիպումներում։

4 Վաղ քրիստոնյաները, ըստ ամենայնի, իրենց հանդիպումներին երգում էին (Եփեսացիս 5։19; Կողոսացիս 3։16)։ Պրոֆեսոր Հենրի Չադվիքը գրում է, որ ըստ երկրորդ դարի քննադատ Ցելսոսի՝ քրիստոնեություն դավանողների երգերն «այնքան հուզիչ էին, որ լսելով դրանք՝ նա ուղղակի սկսում էր վրդովվել»։ Չադվիքը շարունակում է իր միտքը. «Կղեմես Ալեքսանդրացին քրիստոնեական գրողներից առաջինն է, որը հիշատակում է, թե քրիստոնյաների համար որ երաժշտությունն է պատշաճ։ Նա ասում է, որ այն չպետք է լինի այնպիսին, որը հիշեցնի էրոտիկ պարեղանակ» («The Early Church», էջ 274, 275)։ Ճիշտ ինչպես առաջին քրիստոնյաները, Եհովայի վկաներն էլ են իրենց հանդիպումներին երգում հոգևոր երգեր, որոնք հիմնված են Աստվածաշնչի վրա ու փառաբանում են Աստծուն և նրա Թագավորությունը։

5. ա) Առաջին դարում քրիստոնեական ժողովներն ինչպե՞ս էին հոգևոր առաջնորդություն ստանում։ բ) Ճշմարիտ քրիստոնյաները ինչպե՞ս էին հասկանում Հիսուսի այն խոսքերը, որ գրված են Մատթէոս 23։8, 9–ում։

5 Առաջին դարի քրիստոնեական ժողովներում վերակացուները ճշմարտությունն էին սովորեցնում, իսկ ծառայող օգնականները տարբեր կերպերով օգնում էին հավատակիցներին (Փիլիպպեցիս 1։1)։ Կառավարիչ մարմինը, հիմնվելով Աստծո Խոսքի վրա ու ապավինելով սուրբ ոգուն, հոգևոր առաջնորդություն էր ցույց տալիս (Գործք 15։6, 23–31)։ Ոչ ոք կրոնական կոչումներ չէր կրում, քանզի Հիսուսը պատվիրել էր իր աշակերտներին. «Դուք Ռաբբի չ’կանչուիք, որովհետեւ մէկն է ձեր ուսուցիչը՝ Քրիստոսը. եւ դուք ամենքդ եղբարք էք։ Եւ երկրիս վերայ մէկին ձեզ հայր չ’կանչէք. որովհետեւ մէկն է ձեր Հայրը՝ նա որ երկնքումն է» (Մատթէոս 23։8, 9, ԱԹ)։ Այս և ուրիշ առումներով վաղ քրիստոնյաների ու Եհովայի վկաների միջև կարելի է շատ զուգահեռներ անցկացնել։

Հալածվել են ճշմարտությունը քարոզելու համար

6, 7. Ինչպե՞ս էին քրիստոնյաների հետ վերաբերվում՝ չնայած այն բանին, որ նրանք խաղաղասեր մարդիկ էին։

6 Առաջին դարի քրիստոնյաները, Հիսուսի նման, հալածանքների ենթարկվեցին Աստծո Թագավորությունը քարոզելու համար՝ չնայած այն բանին, որ նրանք խաղաղասեր մարդիկ էին (Յովհաննէս 15։20; 17։14)։ Պատմաբան Ջոն ֆոն Մոսհայմը առաջին դարի քրիստոնյաներին անվանեց «ամենաանվնաս մարդիկ, ովքեր իրենց մտքով անգամ չէին անցկացնում այնպիսի ցանկություն, որը դեմ լիներ պետության շահերին»։ Նա ասում է, թե «հռոմեացիներին քրիստոնյաների դեմ էր գրգռում միայն այն, որ վերջիններիս երկրպագությունը պարզ էր և նրանում ոչ մի բան չկար, որ հիշեցներ որևէ ազգի սուրբ ծիսակատարությունները»։ Մոսհայմն ավելացնում է. «Նրանք ոչ մի զոհաբերություն չէին անում, չունեին տաճարներ, սրբապատկերներ, նրանց մեջ չկային գուշակներ, հոգևոր աստիճան ունեցողներ. այս ամենը բավական էր խառնիճաղանճ ամբոխի դժգոհությունը հարուցելու համար, որն անհնար էր համարում որևէ կրոնի գոյությունը առանց դրանց։ Քրիստոնյաներին աթեիստների շարքին էին դասում, իսկ ըստ հռոմեական օրենքի՝ ովքեր մեղադրվում էին աթեիզմի մեջ, նրանք հայտարարվում էին հասարակության պատուհասներ»։

7 Քահանաները, արհեստավորները և ուրիշներ, որոնց ապրուստը կախված էր կռապաշտությունից, բնակչությանը հրահրում էին քրիստոնյաների դեմ, ովքեր կռապաշտությունից հեռու մարդիկ էին (Գործք 19։23–40; Ա Կորնթացիս 10։14)։ Տերտուլիանոսը գրել է. «Նրանք կարծում են, թե քրիստոնյաներն են մեղավոր այն բոլոր չարիքների համար, որ պատահում են պետությանն ու ժողովրդին։ Եթե Տիբերը ափերից դուրս է գալիս ու հասնում մինչև պարիսպները, եթե Նեղոսի ջուրը չի բարձրանում, որ հասնի մինչև դաշտերը, եթե երկար ժամանակ անձրև չի գալիս կամ եթե երկրաշարժ է լինում, եթե սով է կամ համաճարակ, ապա բոլորը միաբերան բացականչում են. «Քրիստոնյաներին առյուծների բերա՜նը գցեք»»։ Ճշմարիտ քրիստոնյաները ‘հեռու են պահում իրենց կռապաշտությունից’՝ անկախ այն բանից, թե նման դիրքորոշումը որքան թանկ կարող է նստել իրենց վրա (Ա Յովհաննէս 5։21)։

Ճշմարտությունը և կրոնական տոները

8. Ինչո՞ւ ճշմարտությամբ ընթացողները չեն նշում Սուրբ Ծնունդը։

8 Ճշմարտությամբ ընթացող մարդիկ խուսափում են Սուրբ Գրություններին հակասող տոներ նշելուց, քանզի ‘ոչ մի հարաբերություն չկա լույսի և խավարի միջև’ (Բ Կորնթացիս 6։14–18)։ Օրինակ՝ նրանք չեն նշում Սուրբ Ծնունդը, որը տոնվում է դեկտեմբերի 25–ին։ «Ոչ ոք ճշգրտորեն չգիտի, թե երբ է Քրիստոսը ծնվել»,— ասվում է «Ուորլդ բուք» հանրագիտարանում (անգլ.)։ Իսկ «Ամերիկյան հանրագիտարանի» (անգլ.) 1956 թ. հրատարակության մեջ ասվում է. «Հռոմեացիների Սատուրնալիա տոնը, որ նշվում էր դեկտեմբերի կեսերին, հիմք հանդիսացավ, որ Սուրբ Ծննդյան հետ կապված բազմաթիվ զվարճալի սովորություններ առաջ գան»։ Իսկ մի հանրագիտարան էլ ասում է. «Սուրբ Ծնունդ նշելը Աստծո կողմից տրված պատվիրաններից չի եղել։ Այդ մասին չի խոսվում նաև Նոր Կտակարանում» («M’Clintock and Strong’s Cyclopædia»)։ Իսկ «Առօրյան Հիսուսի օրերում» գրքում հետևյալն է գրված. «Ձմռանը ոչխարներին ծածկի տակ էին պահում. միայն հենց այս փաստը ցույց է տալիս, որ ճշմարտանման չէ Սուրբ Ծնունդն ավանդաբար ձմռանը նշելը, քանի որ Ավետարանում ասվում է, որ հովիվները դաշտում էին» («Daily Life in the Time of Jesus») (Ղուկաս 2։8–11)։

9. Եհովա Աստծո հին ժամանակների և ներկայիս ծառաները ինչո՞ւ չեն նշում Զատիկը։

9 Ենթադրվում է, որ քրիստոնեական աշխարհը Զատիկը տոնում է Քրիստոսի հարությունը նշելու համար, բայց արժանահավատ աղբյուրներն այդ տոնի ծագումն ու դրան առնչվող սովորությունները կապում են կեղծ կրոնի հետ։ Մի աստվածաշնչային բառարանում ասվում է, որ Զատիկը սկզբնապես գարնանային տոն էր՝ ի պատիվ լույսի և գարնան տևտոնական աստվածահու» («The Westminster Dictionary of the Bible»)։ «Բրիտանական հանրագիտարանում» (11–րդ հրատարակություն, անգլ.) հետևյալն է նշվում. «Նոր Կտակարանում ոչ մի ակնարկ չի արվում Զատիկ տոնելու կապակցությամբ»։ Վաղ քրիստոնյաները չեն նշել Զատիկը, և այսօր էլ Եհովայի ժողովուրդը չի նշում այդ տոնը։

10. Հիսուսը պատվիրեց ի՞նչը նշել, և ովքե՞ր են նրա այդ պատվերը ինչպես հարկն է կատարում։

10 Հիսուսն իր հետևորդներին չպատվիրեց տոնել ո՛չ իր ծնունդը, ո՛չ էլ հարությունը։ Բայց նա ասաց, որ իր զոհագործական մահվան հիշատակը նշեն (Հռովմայեցիս 5։8)։ Այո՛, սա այն միակ իրադարձությունն էր, որը նա իր աշակերտներին պատվիրեց նշել (Ղուկաս 22։19, 20)։ Եհովայի վկաները ամեն տարի նշում են այդ իրադարձությունը, որը նաև կոչվում է Տերունական ընթրիք (Ա Կորնթացիս 11։20–26)։

Ճշմարտությունը հռչակվում է ամբողջ աշխարհում

11, 12. Ինչպե՞ս են ճշմարտությամբ ընթացող մարդիկ միշտ օժանդակել իրենց քարոզչական գործունեությունը։

11 Ճշմարտությունն իմացող մարդիկ մեծ պատիվ են համարում բարի լուրի քարոզչության գործին նվիրել իրենց ժամանակը, ուժը և այլ արժեքավոր բաներ (Մարկոս 13։10)։ Վաղ քրիստոնյաների քարոզչական գործունեությունն իրականացվում էր կամավոր նվիրատվությունների միջոցով (Բ Կորնթացիս 8։12; 9։7)։ Տերտուլիանոսը գրում է. «Եթե մի արկղիկի մեջ դրամ էին հավաքում, ապա դա չէր արվում մուտքի վճար հավաքելու պես, կարծես թե Աստծուն պաշտելու համար հարկավոր էր վճարել։ Ամեն մարդ ամիսը մեկ, կամ երբ կամենար, բերում էր մի փոքր գումար և բերում էր միայն այն դեպքում, եթե իսկապես ցանկանում էր ու հնարավորություն ուներ։ Ոչ ոքի չէին ստիպում նվիրաբերել. դրանք կամավոր նվիրատվություններ էին» («Apology», գլուխ 39)։

12 Եհովայի վկաների համաշխարհային քարոզչական գործունեությունը նույնպես իրականացվում է կամավոր նվիրատվությունների շնորհիվ։ Բացի Վկաներից, Աստվածաշնչի ուսումնասիրությամբ հետաքրքված մարդիկ նույնպես, երախտագիտությունից մղված, պատիվ են համարում իրենց նվիրատվություններով սատարել այդ գործին։ Այո, այս հարցում էլ նմանություն է նկատվում առաջին քրիստոնյաների ու Եհովայի վկաների միջև։

Ճշմարտությունը և անձնական վարքը

13. Վարքի վերաբերյալ Պետրոսի ո՞ր խորհրդին են հետևում Եհովայի վկաները։

13 Որպես ճշմարտությամբ քայլող անձինք՝ վաղ քրիստոնյաները հետևում էին Պետրոս առաքյալի խորհրդին. «Ձեր վարքը հեթանոսների մէջ բարի պահեցէք, որ ինչ բանով որ ձեզ չարագործների պէս բամբասում են, ձեր բարի գործերը տեսնելով փառաւորեն Աստուծուն այցելութեան օրումը» (Ա Պետրոս 2։12, ԱԹ)։ Եհովայի վկաները լրջորեն են վերաբերվում այս խոսքերին։

14. Ինչպե՞ս են նայում քրիստոնյաները ժամանցի անբարո ձևերին։

14 Նույնիսկ երբ քրիստոնեության մեջ սկսեց գլուխ բարձրացնել հավատուրացությունը, քրիստոնեություն դավանողները հեռու էին մնում անբարո գործերից։ Եկեղեցու պատմության պրոֆեսոր Ուիլյամ Քիլենը գրել է. «Երկրորդ և երրորդ դարերում ամեն մի մեծ քաղաքի թատրոն զվարճության կենտրոն էր։ Դերասանները հիմնականում խիստ անբարոյական անձնավորություններ էին, և նրանց թատերական ներկայացումները ամեն ժամանակ հագուրդ էին տալիս դարաշրջանի ստոր ցանկություններին.... Բոլոր ճշմարիտ քրիստոնյաները զզվանքով էին նայում թատրոնին.... Նրանք ուղղակի գարշում էին ցուցադրվող անպարկեշտությունից։ Ներկայացումների սյուժեներում մշտապես տեղ էր հատկացվում հեթանոսական աստվածներին ու աստվածուհիներին, ինչը վիրավորում էր քրիստոնյաների կրոնական զգացմունքերը» («The Ancient Church», էջ 318, 319)։ Հիսուսի ճշմարիտ հետևորդները մեր օրերում նույնպես խուսափում են ժամանցի այն ձևերից, որոնք անպարկեշտ են ու բարոյապես քայքայիչ (Եփեսացիս 5։3–5)։

Ճշմարտությունը և «բարձր իշխանությունները»

15, 16. Ովքե՞ր են «բարձր իշխանությունները», և ի՞նչ վերաբերմունք ունեն նրանց հանդեպ ճշմարտությամբ ընթացող մարդիկ։

15 Չնայած վաղ քրիստոնյաների հիանալի վարքին՝ հռոմեական կայսրերի մեծ մասը սխալ կարծիք ուներ նրանց մասին։ Պատմաբան Էռնեստ Հարդին ասում է, որ կայսրերը նրանց համարում էին «ինչ–​որ քամահրելի էնտուզիաստներ»։ Բութանիայի կառավարիչ Պլինիոս Կրտսերի ու կայսր Տրայանոսի նամակագրությունից երևում է, որ կառավարող շրջանները ընդհանուր առմամբ չէին պատկերացնում, թե իրականում ինչ է քրիստոնեությունը։ Իսկ ինչպե՞ս են քրիստոնյաները վերաբերվում պետությանը։

16 Եհովայի վկաները Հիսուսի վաղ աշակերտների նման հնազանդվում են իշխանության մարմիններին՝ «բարձր իշխանութիւններին» (ԱԹ), սակայն այդ հնազանդությունը բացարձակ չէ (Հռովմայեցիս 13։1–7)։ Եթե նրանցից պահանջվում է այն, ինչ հակառակ է Աստծո կամքին, ապա նրանք հետևում են սուրբգրային հետևյալ խոսքին. «Պէտք է առաւել Աստծուն հնազանդուել, քան մարդկանց» (Գործք 5։29)։ «Հիսուսից հետո. քրիստոնեության հաղթանակը» գրքում (անգլ.) ասվում է. «Թեպետ քրիստոնյաները չէին երկրպագում կայսրին, բայց նրանք մարդկանց չէին էլ հրահրում խռովության։ Ու թեև նրանց կրոնը տարբերվում էր մյուսներից, և երբեմն հեթանոսներն ուղղակի ատելությամբ էին լցվում այդ կրոնի հանդեպ, այնուամենայնիվ այն ոչ մի վտանգ չէր ներկայացնում կայսրության համար»։

17. ա) Ի՞նչ էին ջատագովում վաղ քրիստոնյաները։ բ) Ինչպե՞ս են Քրիստոսի ճշմարիտ հետևորդներն իրենց կյանքում կիրառում Եսայիա 2։4–ը։

17 Վաղ քրիստոնյաները ջատագովում էին Աստծո Թագավորությունը։ Նահապետներ Աբրահամը, Իսահակը և Հակոբը հավատ դրսևորեցին խոստացված ‘քաղաքի հանդեպ, որի արարիչը Աստված է’ (Եբրայեցիս 11։8–10)։ Իրենց Տիրոջ պես Հիսուսի աշակերտներն «աշխարհից» չէին (Յովհաննէս 17։14–16)։ Նրանք, լինելով խաղաղասերներ, հեռու էին մնում պատերազմներից ու քաղաքական ընդհարումներից՝ «իրանց սուրերը խոփեր» դարձնելով (Եսայիա 2։4)։ Եկեղեցու պատմության դասախոս Ջեֆրի Նաթոլը հետաքրքիր զուգահեռ է անցկացնում՝ ասելով. «Ինչքան էլ որ տհաճ է մեզ համար ընդունել, վաղ քրիստոնյաների դիրքորոշումը պատերազմի հանդեպ շատ նման է այն մարդկանց դիրքորոշմանը, ովքեր իրենց անվանում են Եհովայի վկաներ»։

18. Ինչո՞ւ բարձր իշխանությունները ոչ մի հիմք չունեն վախենալու Եհովայի վկաներից։

18 «Բարձր իշխանություններին» հնազանդվելով ու միաժամանակ չեզոքություն պահելով՝ առաջին դարի քրիստոնյաները իշխանությունների համար ոչ մի սպառնալիք չէին ներկայացնում։ Նույնը կարելի է ասել Եհովայի վկաների մասին։ «Մարդ պետք է պարզապես մոլեռանդ կամ խիստ կասկածամիտ անձնավորություն լինի, որպեսզի հավատա, թե Եհովայի վկաները որևէ վտանգ են ներկայացնում որևէ հասարակարգի համար,— ասվում է հյուսիսամերիկյան մի թերթի առաջնորդող հոդվածում։— Նրանք չեն զբաղվում քայքայիչ գործունեությամբ ու խաղաղասեր են, ինչը և կարելի է ակնկալել աստվածասեր մարդկանցից»։ Իրականությանը տեղյակ իշխանությունները հասկանում են, որ իրենք Եհովայի վկաներից վախենալու ոչ մի բան չունեն։

19. Հարկերը վճարելու առումով ի՞նչ կարելի է ասել վաղ քրիստոնյաների ու Եհովայի վկաների մասին։

19 Վաղ քրիստոնյաներն իրենց հարգանքը «բարձր իշխանությունների» նկատմամբ ցույց էին տալիս նաև նրանով, որ վճարում էին հարկերը։ Հուստինոս Վկան, գրելով Հռոմեական կայսրության կայսր Անտոնինոս Պիոսին (138–161 թթ.), ասում է, որ քրիստոնյաները «մյուսներից ավելի մեծ պատրաստակամությամբ» էին վճարում հարկերը («First Apology», գլուխ 17)։ Տերտուլիանոսը պատմում էր հռոմեացի կառավարիչներին, որ հարկահավաքները «պետք է շնորհակալ լինեին քրիստոնյաներին», որ նրանք այդքան պարտաճանաչորեն վճարում էին հարկերը («Apology», գլուխ 42)։ Քրիստոնյաներին օգուտ էր բերում «պաքս ռոմանան»՝ «հռոմեական խաղաղությունը». կայսրության մեջ օրենք ու կարգուկանոն կար, ճանապարհները բարեկարգ էին, իսկ ծովային ուղիները՝ համեմատաբար անվտանգ։ Նրանք գիտակցում էին իրենց պարտքը հասարակության հանդեպ և կատարում էին Հիսուսի խոսքը. «Տուէ՛ք կայսրինը՝ կայսեր եւ Աստծունը՝ Աստծուն» (Մարկոս 12։17)։ Եհովայի ժողովուրդն այսօր հետևում է այս խորհրդին ու արժանանում դրվատանքի, օրինակ, հարկերն ազնվորեն վճարելու համար (Եբրայեցիս 13։18)։

Ճշմարտությունը միավորում է

20, 21. Ի՞նչ կարելի է ասել առաջին դարի քրիստոնյաների ու Եհովայի ժամանակակից ծառաների խաղաղ եղբայրության մասին։

20 Քանի որ առաջին դարի քրիստոնյաները ճշմարտությամբ էին ընթանում, նրանք բոլորն իրար հետ խաղաղ եղբայրություն էին կազմում։ Նույնը կարելի է ասել Եհովայի վկաների մասին (Գործք 10։34, 35)։ «Մոսքոու թայմզ» (անգլ.) թերթում տպագրվել էր մի նամակ, որի հեղինակն ասում է. «[Եհովայի վկաները] ամենուրեք հայտնի են որպես հաճելի, բարի ու հեզ մարդիկ, որոնց հետ հեշտ է գործ ունենալ, ովքեր երբեք ճնշում չեն գործադրում շրջապատի վրա և միշտ ձգտում են խաղաղ հարաբերություններ պահպանել մարդկանց հետ.... Նրանց մեջ չկան կաշառակերներ, հարբեցողներ կամ թմրամոլներ, և դա բացատրվում է շատ պարզ կերպով. նրանք իրենց բոլոր խոսքերում և գործերում ձգտում են հետևել իրենց՝ Աստվածաշնչով հիմնավորված համոզմունքներին։ Եթե աշխարհի բոլոր մարդիկ գոնե փորձեին ապրել ըստ Աստվածաշնչի, ինչպես Եհովայի վկաները, ապա մեր դաժան աշխարհը բոլորովին ուրիշ կլիներ»։

21 «Վաղ քրիստոնեության հանրագիտարանում» (անգլ.) ասվում է. «Վաղ եկեղեցին իրեն համարում էր որպես մարդկային մի նոր հանրություն, որտեղ նախկինում թշնամի խմբերը՝ հրեաներն ու ոչ հրեաները, կարող էին խաղաղությամբ միասին ապրել»։ Եհովայի վկաները նույնպես կազմում են խաղաղասեր միջազգային եղբայրություն՝ իսկապես նոր աշխարհի հասարակություն (Եփեսացիս 2։11–18; Ա Պետրոս 5։9; Բ Պետրոս 3։13)։ Պրետորիայի (Հարավ–Աֆրիկյան Հանրապետություն) «Շոու գրաունդզ» համալիրի պահակապետը, տեսնելով, թե ինչ համերաշխություն է տիրում տարբեր ռասաների պատկանող Վկաների միջև, ովքեր համաժողով էին անցկացնում այդ համալիրում, ասաց. «Ձեր քաղաքավարությունը, բարեկամական խոսակցությունները և ընդհանրապես վերաբերմունքը, որ ցուցաբերեցիք այս վերջին մի քանի օրերին, վկայում է, որ ձեր կազմակերպության անդամները բարձր բարոյականության տեր մարդիկ են ու իրար հետ ապրում են ինչպես մեկ երջանիկ ընտանիք»։

Օրհնվում են ճշմարտությունը սովորեցնելու համար

22. Ի՞նչ է տեղի ունենում, երբ քրիստոնյաները ճշմարտությունը հայտնի են դարձնում։

22 Պողոսն ու մյուս քրիստոնյաները «ճշմարտութիւնը յայտն[ում]» էին իրենց վարքով ու քարոզչությամբ (Բ Կորնթացիս 4։2)։ Համաձայն չե՞ք, որ Եհովայի վկաները նույն գործն են անում ու բոլոր ազգերին սովորեցնում են ճշմարտությունը։ Ամենուրեք մարդիկ ընդունում են ճշմարիտ երկրպագությունը և ավելի ու ավելի մեծ խմբերով են հորդում դեպի «Տիրոջ տան սարը» (Եսայիա 2։2, 3)։ Ամեն տարի հազարավոր մարդիկ են մկրտությամբ խորհրդանշում իրենց նվիրումն Աստծուն, և արդյունքում բազմաթիվ նոր ժողովներ են կազմավորվում։

23. Ինչպե՞ս եք վերաբերվում նրանց, ովքեր բոլոր ազգերին սովորեցնում են ճշմարտությունը։

23 Եհովայի ժողովրդի մեջ տարբեր ծագումի մարդիկ կան, բայց նրանք բոլորն էլ միավորված են ճշմարիտ երկրպագության մեջ։ Այն սերը, որ նրանք են միմյանց նկատմամբ ցուցաբերում, վկայում է, որ ‘Աստված արդարև նրանց մեջ է’ (Ա Կորնթացիս 14։25)։ Աջակցո՞ւմ եք այն մարդկանց, ովքեր բոլոր ազգերին սովորեցնում են ճշմարտությունը։ Եթե այո, ապա ամեն ժամանակ ցույց տվեք ձեր երախտագիտությունը ճշմարտության հանդեպ և ձեռք բերեք ճշմարտությամբ ընթանալու առանձնաշնորհումը։

Ո՞րն է ձեր պատասխանը

• Երկրպագության առումով ի՞նչ նմանություն կա վաղ քրիստոնյաների ու Եհովայի վկաների միջև։

• Ո՞րն է այն միակ կրոնական տոնակատարությունը, որ նշում են ճշմարտությամբ ընթացողները։

• Ովքե՞ր են «բարձր իշխանությունները», և ինչպե՞ս են քրիստոնյաները վերաբերվում դրանց։

• Ինչպե՞ս է ճշմարտությունը միավորում։

[նկար 21–րդ էջի վրա]

Ճշմարտությամբ ընթացողների համար քրիստոնեական հանդիպումները միշտ էլ օրհնություն են եղել

[նկարներ 23–րդ էջի վրա]

Հիսուսը իր հետևորդներին պատվիրեց նշել իր զոհագործական մահվան հիշատակը

[նկար 24–րդ էջի վրա]

Վաղ քրիստոնյաների պես Եհովայի վկաները հարգանք են ցուցաբերում «բարձր իշխանությունների» նկատմամբ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը