Ծննդոց
2 Այդպես ամբողջացան երկինքը, երկիրը և նրանց ամբողջ զորքը+։ 2 Յոթերորդ օրվա մոտ Աստված ամբողջացրեց իր արած աշխատանքը և յոթերորդ օրը սկսեց հանգստանալ իր արած ողջ աշխատանքից+։ 3 Աստված օրհնեց յոթերորդ օրը և սուրբ դարձրեց այն, որովհետև այդ օրը Աստված սկսեց հանգստանալ իր ողջ աշխատանքից։ Աստված ստեղծեց այն բոլոր բաները, որ նպատակադրել էր+։
4 Սա է պատմությունը այն մասին, թե ինչպես ստեղծվեցին երկինքն ու երկիրը այն օրը, երբ Եհովա* Աստված արարեց դրանք+։
5 Այն ժամանակ երկրի վրա դեռ դաշտի թփեր չկային, և դաշտի ոչ մի բույս դեռ չէր բուսել, որովհետև Եհովա Աստված երկրի վրա անձրև+ չէր բերել, և մարդ էլ չկար, որ հողը մշակեր։ 6 Բայց երկրից գոլորշի*+ էր բարձրանում և ջրում էր ողջ երկրի երեսը+։
7 Եհովա Աստված մարդուն ստեղծեց հողի+ փոշուց+ ու նրա քթանցքների մեջ կյանքի շունչ+ փչեց, և մարդը կենդանի հոգի+ դարձավ։ 8 Այնուհետև Եհովա Աստված արևելյան կողմում՝ Եդեմում+, մի պարտեզ տնկեց և իր ստեղծած+ մարդուն այնտեղ դրեց։ 9 Եհովա Աստված հողից աճեցրեց ամեն ծառ՝ աչքերի համար ցանկալի ու լավ պտուղներ ունեցող, և պարտեզի մեջտեղում՝ կյանքի ծառը+, ինչպես նաև բարին ու չարը+ գիտենալու ծառը։
10 Եդեմից մի գետ էր դուրս գալիս պարտեզը ջրելու համար և այնտեղից բաժանվում էր չորս հիմնական ճյուղերի։ 11 Առաջինի անունը Փիսոն է. այն հոսում է ողջ Եվիլա+ երկրի շուրջը. այդ երկրում ոսկի կա։ 12 Այդ երկրի ոսկին լավն է+։ Այնտեղ նաև կա անուշահոտ խեժ+ և օնիքս+։ 13 Երկրորդ գետի անունը Գեհոն է. այն հոսում է ողջ Քուշի* երկրի շուրջը։ 14 Երրորդ գետի անունը Հիդդեկել*+ է. այն հոսում է Ասորեստանի+ արևելյան կողմով։ Իսկ չորրորդ գետը Եփրատն+ է։
15 Ապա Եհովա Աստված վերցրեց մարդուն ու նրան բնակեցրեց Եդեմի+ պարտեզում, որպեսզի նա մշակի այն ու հոգ տանի նրան+։ 16 Նաև Եհովա Աստված մարդուն այս պատվերը տվեց. «Պարտեզի ամեն ծառից կարող ես ուտել որքան ուզում ես+։ 17 Բայց ինչ վերաբերում է բարին ու չարը գիտենալու ծառին, դրանից չուտես, քանի որ այն օրը, երբ դրանից ուտես, անշուշտ, պիտի մեռնես»+։
18 Եհովա Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը մենակ մնա։ Մի օգնական ստեղծեմ նրա համար որպես նրան լրացում»+։ 19 Եվ Եհովա Աստված հողից ստեղծում էր դաշտի բոլոր գազաններին և երկնքի բոլոր թռչուններին. նա նրանց բերեց մարդու մոտ, որ տեսնի, թե ինչ անուն կտա ամեն մեկին, և ինչ անուն որ մարդը տալիս էր կենդանի հոգիներից յուրաքանչյուրին+, այն էր դառնում նրա անունը+։ 20 Մարդը բոլոր ընտանի կենդանիներին, երկնքի թռչուններին և դաշտի բոլոր գազաններին անուններ էր տալիս, սակայն մարդու համար ոչ մի օգնական չգտնվեց որպես նրան լրացում։ 21 Ուստի Եհովա Աստված խոր քուն+ բերեց մարդու վրա և, մինչ նա քնած էր, վերցրեց նրա կողոսկրերից մեկը ու դրա տեղը միս լցրեց։ 22 Եհովա Աստված մարդուց վերցրած կողոսկրից կին ստեղծեց* ու բերեց մարդու մոտ+։
23 Այդ ժամանակ մարդն ասաց.
«Վերջապե՜ս. սա ոսկոր է իմ ոսկորներից
Եվ մարմին՝ իմ մարմնից+։
Սա Կին կկոչվի,
Որովհետև մարդուց վերցվեց»+։
24 Ահա թե ինչու տղամարդը կթողնի իր հորն ու մորը+ և կմիանա* իր կնոջը, ու նրանք մեկ մարմին կլինեն+։ 25 Նրանք երկուսը՝ թե՛ մարդը, թե՛ կինը, մերկ էին+, սակայն չէին ամաչում+։