-
Սուրբգրային համարներն ընթերցիր ճիշտ շեշտադրումովՕգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
-
-
ԴԱՍ 21
Սուրբգրային համարներն ընթերցիր ճիշտ շեշտադրումով
ԵԼՈՒՅԹ ունենալիս կամ Աստծո նպատակների մասին մարդկանց հետ զրուցելիս քննարկման կենտրոնում պետք է լինի Աստծո Խոսքը։ Սա նշանակում է, որ Գրությունների համարները պետք է լա՛վ ընթերցել։
Ընթերցիր զգացմունքով։ Գրությունների համարներն ընթերցելիս անհրաժեշտ է զգացմունքներ արտահայտել։ Տեսնենք մի քանի օրինակ։ Երբ բարձրաձայն ընթերցում ես Սաղմոս 37։11–ը, քո ձայնից պետք է նկատվի, որ զգում ես գալիք խաղաղ պայմանների ուրախությունը։ Իսկ երբ Յայտնութիւն 21։4 համարից կարդում ես այն մասին, որ տառապանքն ու մահը անհետանալու են, քո ձայնը պետք է արտահայտի ջերմ գնահատանք այդ հեռանկարի հանդեպ։ Յայտնութիւն 18։2, 4, 5 համարները, որոնցում կոչ է արվում դուրս գալ մեղքերի մեջ մխրճված «մեծ Բաբիլոն[ից]», հարկավոր է ընթերցել հրատապություն արտահայտող ձայնով։ Անշուշտ, զգացմունքները հարկավոր է բնական կերպով արտահայտել՝ առանց չափազանցնելու։ Թե ինչ չափով հարկ կլինի արտահայտել զգացմունքները, կախված է հենց աստվածաշնչյան համարից, նաև՝ թե ինչ նպատակով է այն օգտագործվում։
Շեշտիր անհրաժեշտ բառերը։ Եթե պատրաստվում ես մեկնաբանություններ տալ ինչ–որ համարի միայն որոշակի հատվածի վերաբերյալ, ընթերցելիս պետք է ընդգծես հենց այդ հատվածը։ Օրինակ՝ Մատթէոս 6։33–ը կարդալիս, եթե ցանկանում ես վերլուծել «առաջ Աստուծոյ արքայութիւնը.... խնդրեցէք» արտահայտության իմաստը, հիմնական շեշտը չես դնի «նորա արդարութիւնը» կամ «այդ ամենքը» արտահայտությունների վրա։
Ենթադրենք՝ Ծառայողական հանդիպման ելույթին պատրաստվելիս նախատեսել ես կարդալ Մատթէոս 28։19 համարը։ Ո՞ր բառերն է հարկավոր շեշտել։ Եթե քո նպատակն է խրախուսել ունկնդրին ջանասեր լինել Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսելու հարցում, շեշտիր «աշակերտ դարձրէ՛ք» (ԷԹ) արտահայտությունը։ Իսկ եթե նախատեսել ես քննարկել ներգաղթյալ բնակիչներին ճշմարտությունը հասցնելու՝ քրիստոնյաների պատասխանատվության մասին կամ որոշ քարոզիչների ցանկանում ես խրախուսել ծառայելու այնտեղ, որտեղ ավելի շատ քարոզիչների կարիք է զգացվում, օգտակար կլինի շեշտել «բոլոր ազգերը» արտահայտությունը։
Հաճախ սուրբգրային համարն ընթերցվում է ի պատասխան որևէ հարցի, կամ որպես պաշտպանություն՝ ինչ–որ վիճաբանական տեսակետի։ Եթե համարում ներկայացված բոլոր մտքերը հավասարապես ընդգծվեն, ունկնդիրները կդժվարանան ըմբռնել կապը՝ ասվածի և ընթերցված համարի միջև։ Գուցե դու տեսնում ես այդ կապը, բայց կկարողանա՞ն արդյոք նրանք էլ նկատել դա։
Ենթադրենք՝ ընթերցում ես Սաղմոս 83։18 համարը, որտեղ հանդիպում է Աստծո անունը։ Եթե շեշտն ամբողջությամբ դնես «մինակ Բարձրեալ» արտահայտության վրա, ապա զրուցակիցդ ուշադրություն չի դարձնի այն կարևոր փաստի վրա, որ Աստված անձնական անուն ունի։ Հարկավոր է շեշտել «Եհովայ» անունը։ Սակայն եթե նույն համարը օգտագործես Եհովայի գերիշխանության մասին խոսելիս, հարկ կլինի ընդգծել «մինակ Բարձրեալ» արտահայտությունը։ Նմանապես՝ եթե Յակոբոս 2։24 համարի օգնությամբ ցանկանում ես ցույց տալ, թե ինչու է հարկավոր հավատը գործերով դրսևորել, ճիշտ կլինի հիմնական շեշտը դնել ոչ թե «արդարանում» բառի վրա, այլ՝ «գործերով», հակառակ դեպքում ունկնդիրներից ոմանք կդժվարանան ընկալել ասելիքդ։
Օգտակար կլինի նշել ևս մի օրինակ, որին հանդիպում ենք Հռովմայեցիս 15։7–13 համարներում։ Սա մի հատված է Պողոս առաքյալի գրած նամակից, որն ուղղված էր մի ժողովի՝ բաղկացած հրեաներից և ոչ հրեաներից։ Այստեղ առաքյալը քննարկում է այն հարցը, որ Քրիստոսի ծառայությունից օգուտներ են քաղում ոչ միայն թլփատված հրեաները, այլ նաև ուրիշ ազգերի ներկայացուցիչներ, այնպես որ «հեթանոսները փառաւորում են Աստծուն նրա ողորմութեան համար» (ԷԹ)։ Ապա Պողոսը վկայակոչում է չորս սուրբգրային համար՝ ուշադրություն հրավիրելով ազգերի առջև բացված այդ հնարավորության վրա։ Ինչպե՞ս պետք է ինքդ կարդաս այդ վկայակոչումները, որպեսզի շեշտես այն, ինչ ի նկատի ուներ Պողոսը։ Նշումներիդ մեջ ընդգծիր հետևյալ արտահայտությունները. «բոլոր ազգերը» (9–րդ համարում), «ո՛վ ազգեր» (10–րդ համարում), «ազգե՛ր բոլոր» ու «ժողովուրդներ բոլոր» (11–րդ համարում) և «ազգերին» (12–րդ համարում, ԱՆԹ)։ Այժմ փորձիր այդ բառերը շեշտելով՝ կարդալ Հռովմայեցիս 15։7–13 համարները։ Այդպես անելով կօգնես լսողներին անմիջապես ըմբռնելու, թե ինչ էր ցանկանում ասել Պողոսը՝ բերելով այդ փաստարկների հաջորդականությունը։
Շեշտման մեթոդները։ Իմաստային կշիռ ունեցող բառերը առանձնացնելու համար կարելի է կիրառել շեշտման մի շարք մեթոդներ։ Թե ինչ մեթոդ կընտրես, մեծապես կախված է սուրբգրային համարից, ինչպես նաև ելույթի բովանդակությունից։ Այդ հարցում քեզ կօգնեն ստորև նշված մի քանի խորհուրդներ։
Ձայնի միջոցով։ Սա իր մեջ ընդգրկում է ձայնի ցանկացած փոփոխություն, ինչը առանձնացնում է իմաստային կշիռ ունեցող բառերը նախադասության մեջ գտնվող մնացած բառերից։ Շեշտումը կարելի է իրականացնել ձայնի հնչեղությունը փոփոխելով (բարձրացնելով կամ ցածրացնելով)։ Շատ լեզուներում ձայնի տոնի փոփոխումով նույնպես հնարավոր է շեշտել անհրաժեշտ բառերը, բայց կան լեզուներ, որոնցում դա կարող է հանգեցնել իմաստային փոփոխության։ Կարևոր արտահայտություններն ավելի ազդեցիկ են դառնում, երբ դրանք ընթերցվում են դանդաղ տեմպով։ Եթե ինչ–որ լեզու թույլ չի տալիս ձայնի միջոցով շեշտել որոշ բառեր, անհրաժեշտ արդյունքների հասնելու համար կարող ես կիրառել ցանկացած այլ մեթոդ, որն ընդունելի է տվյալ լեզվում։
Դադարներ տալով։ Դադար կարելի է տալ Աստվածաշնչի համարի կարևոր մասն ընթերցելուց առաջ կամ հետո (կարելի է նաև՝ թե՛ առաջ, թե՛ հետո)։ Գլխավոր մտքից անմիջապես առաջ տրվող դադարը սպասողական դրություն է առաջացնում, իսկ այն ընթերցելուց հետո տրված դադարը կրկնապատկում է տպավորությունը։ Սակայն դադարների շատությունը կարող է պատճառ հանդիսանալ, որ ոչ մի կարևոր միտք էլ չընդգծվի։
Կրկնությամբ։ Կոնկրետ որևէ միտք շեշտելու համար կարող ես կանգ առնել և մեկ անգամ ևս ընթերցել որոշակի բառ կամ արտահայտություն։ Սակայն հաճախ շատ ավելի արդյունավետ է լինում նախ ընթերցել սուրբգրային համարն ամբողջությամբ, և ապա կրկնել հարկ եղած արտահայտությունը։
Ժեստերով։ Շարժումներով, ինչպես նաև դեմքի արտահայտությամբ հաճախ կարող ենք հուզական երանգ հաղորդել բառին կամ արտահայտությանը։
Ձայնի տոնով։ Որոշ լեզուներում ձայնի տոնը կարող է ազդել ընթերցվող բառերի իմաստի վրա և առանձնացնել դրանք, սակայն հարկավոր է զգուշություն դրսևորել՝ հատկապես այն դեպքում, երբ հեգնանք ես արտահայտում։
Երբ ուրիշներն են ընթերցում համարները։ Երբ սուրբգրային համարն ընթերցում է քո զրուցակիցը, նա գուցե շեշտը դնի ոչ անհրաժեշտ բառերի վրա, կամ էլ ընդհանրապես ոչ մի շեշտ չդնի։ Ինչպե՞ս վարվել նման դեպքում։ Լավագույն միջոցը հիմնականում կլինի այն, որ ցույց տաս համարն ընթերցելու նպատակը, և ապա Աստվածաշնչում նրա ուշադրությունը հրավիրես իմաստային կշիռ ունեցող բառերի վրա։
-
-
Ճիշտ գործածիր սուրբգրային համարներըՕգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
-
-
ԴԱՍ 22
Ճիշտ գործածիր սուրբգրային համարները
ՈՒՐԻՇՆԵՐԻՆ սովորեցնելիս միայն Աստվածաշնչից համարներ ընթերցելը բավարար չէ։ Իր համագործակից Տիմոթեոսին Պողոս առաքյալը գրեց. «Ջանք արա որ քո անձն ընտիր կանգնեցնես Աստուծոյ առաջին իբր մի մշակ առանց ամօթի, որ ճշմարտութեան խօսքն ուղիղ մատակարարես» (Բ Տիմոթ. 2։15)։
Դա նշանակում է, որ սուրբգրային համարների վերաբերյալ մեր բոլոր բացատրությունները պետք է համապատասխանեն Աստվածաշնչի սովորեցրածին։ Ուստի մեզ դուր եկած արտահայտություններն այնտեղից ընտրելու և սեփական գաղափարներ առաջ քաշելու փոխարեն՝ հարկավոր է հաշվի առնել, թե ինչ համատեքստում է հանդիպում տվյալ սուրբգրային համարը։ Երեմիա մարգարեի միջոցով Եհովան նախազգուշացրեց՝ չլսել այն մարգարեներին, ովքեր հայտարարում էին, թե Եհովայի բերանից դուրս եկած խոսքերն են ասում, սակայն իրականում «իրանց սրտի տեսիլքն [էին] խօսում» (Երեմ. 23։16)։ Պողոս առաքյալը զգուշացրեց քրիստոնյաներին, որ չապականեն Աստծո Խոսքը մարդկային փիլիսոփայություններով։ Նա գրեց. «Հապա կը հրաժարինք ամօթալի ծածուկ բաներէն ու խորամանկութիւնով չենք վարուիր եւ խարդախութիւն չենք ըներ Աստուծոյ խօսքին մէջ»։ Այն ժամանակներում խարդախ գինեվաճառները գինին բացում էին տարբեր հեղուկներով, որպեսզի քանակը շատանար, և իրենց շահույթն ավելանար։ Մենք չենք խարդախում Աստծո Խոսքը՝ այն խառնելով մարդկային փիլիսոփայության հետ։ «Որովհետեւ շատերին պէս չենք, որ Աստուծոյ խօսքը խարդախում են, — շեշտեց Պողոսը, — այլ ինչպէս պարզութիւնից, ինչպէս Աստուածանից՝ Աստուծոյ առաջին խօսում ենք Քրիստոսում» (Բ Կորնթ. 2։17; 4։2, Արևմտ. Աստ.)։
Երբեմն սուրբգրային համարի օգնությամբ գուցե ցանկանաս ընդգծել որևէ սկզբունք։ Աստվածաշունչը հարուստ է սկզբունքներով, որոնք հուսալի առաջնորդություն են տալիս բազմազան իրավիճակների համար (Բ Տիմոթ. 3։16, 17)։ Սակայն պետք է համոզված լինես, որ ճիշտ ես գործածում աստվածաշնչյան համարը և այնտեղի գրվածը սխալ կերպով չես մեկնաբանում՝ ներկայացնելով այնպես, ինչպես դու կցանկանայիր, որ այդ համարում ասվեր (Սաղ. 91։11, 12; Մատթ. 4։5, 6)։ Համարի գործածությունը պետք է ներդաշնակ լինի Եհովայի նպատակներին և համապատասխանի ողջ Աստվածաշնչին։
‘Ճշմարտության խոսքն ուղիղ մատակարարելու’ մեջ մտնում է նաև Աստվածաշնչում գրվածի ոգին հասկանալը։ Այն չի կարելի օգտագործել որպես մահակ՝ մարդկանց վախեցնելու համար։ Հիսուս Քրիստոսին հակառակվող կրոնական առաջնորդները իրենց խոսքերում մեջբերումներ էին անում Գրություններից, սակայն աչք էին փակում Աստծո կողմից պահանջվող առավել կարևոր բաների՝ արդարության, ողորմության և հավատարմության առաջ (Մատթ. 22։23, 24; 23։23, 24, ԱՆԹ)։ Աստծո Խոսքն ուսուցանելիս Հիսուսն արտացոլում էր իր Հոր բնավորության գծերը։ Ճշմարտության հանդեպ նրա ցուցաբերած նախանձախնդրությունը զուգորդվում էր խոր սիրով, որ նա տածում էր նրանց հանդեպ, ում սովորեցնում էր։ Պետք է ջանք թափենք հետևել նրա օրինակին (Մատթ. 11։28)։
Իսկ ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, որ ճիշտ ենք կիրառում սուրբգրային համարները։ Այդ հարցում կօգնի Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանությունը։ Նաև պետք է գնահատել «հաւատարիմ եւ իմաստուն ծառա[յի]»՝ ոգով օծված քրիստոնյաների կատարած աշխատանքը. այդ ծառայի միջոցով Եհովան հոգևոր կերակուրով է ապահովում իր բոլոր հավատարիմ ծառաներին (Մատթ. 24։45)։ Անձնական ուսումնասիրությունը, ժողովի հանդիպումներին կանոնավորաբար ներկա գտնվելն ու մասնակցելը կօգնեն, որ օգուտներ քաղենք այս հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգի կողմից տրվող կրթությունից։
Եթե «Տրամաբանել Սուրբ Գրությունների հիման վրա» գիրքը առկա է ձեր լեզվով, սովորիր լավ կիրառել այն, քանի որ այդ դեպքում ձեռքի տակ կունենաս քեզ անհրաժեշտ առաջնորդություն՝ ծառայության ժամանակ հաճախակի օգտագործվող հարյուրավոր սուրբգրային համարներ ճիշտ կիրառելու հարցում։ Եթե նախատեսել ես օգտագործել այնպիսի համար, որը հազվադեպ է գործածվում, համեստությունը կմղի քեզ կատարելու հարկ եղած հետազոտությունը, որպեսզի խոսելիս ճշմարտության խոսքը ճիշտ ներկայացնես (Առակ. 11։2, ՆԱ)։
Պարզ ցույց տուր համարը գործածելու նպատակը։ Սովորեցնելիս հարկավոր է այնպես անել, որ մարդիկ կարողանան տեսնել կապը քննարկվող նյութի և քո կողմից օգտագործվող համարների միջև։ Եթե սուրբգրային համարն ընթերցելուց առաջ հարց ես տվել, քեզ լսողները պետք է տեսնեն, թե ինչպես է տվյալ համարը պատասխանում այդ հարցին։ Իսկ եթե տվյալ համարը ներկայացնում ես որպես ապացույց մի որևէ պնդման, ապա պետք է վստահ լինես, որ ուսումնասիրողը կարող է հեշտությամբ նկատել, թե ինչպես է այդ համարը հաստատում տվյալ պնդումը։
Նույնիսկ ճիշտ շեշտադրումով սուրբգրային համարն ընթերցելը դեռ բավարար չէ։ Հարկավոր է հիշել, որ մարդիկ ծանոթ չեն Աստվածաշնչին, և նրանք չեն կարողանա ըմբռնել այն, ինչ ցանկանում ես նրանց հաղորդել, եթե ընդամենը ընթերցես համարը։ Նրանց ուշադրությունը հրավիրիր համարի այն հատվածի վրա, որը սերտ կապ ունի քննարկվող նյութի հետ։
Սովորաբար դրան կարելի է հասնել՝ առանձնացնելով կարևոր բառերը, որ անմիջականորեն կապված են քննարկվող մտքի հետ։ Ամենապարզ մեթոդն է՝ կրկնել իմաստային կշիռ ունեցող բառերը։ Որևէ անհատի հետ զրուցելիս լավ կլինի հարցեր ուղղել, որոնք կօգնեն նրան նկատելու այդ բառերը։ Իսկ մի խումբ մարդկանց առջև ելույթ ունենալիս որոշ հռետորներ նախընտրում են կիրառել հոմանիշներ, կամ կրկնել միտքը՝ իրենց նպատակին հասնելու համար։ Սակայն այս մեթոդը կիրառելիս ուշադիր եղիր, որպեսզի նկատես, թե ունկնդիրները չե՞ն կորցրել արդյոք կապը քննարկվող թեմայի և սուրբգրային համարում հանդիպող բառերի մեջև։
Անհրաժեշտ բառերն առանձնացնելով՝ դու արդեն լավ հիմք ես դնում։ Սակայն դրանով մի բավարարվիր։ Արդյո՞ք համարները ներկայացրել ես այնպես, որ քեզ լսողները ըմբռնեն դրանք գործածելու նպատակը։ Եթե այո, ապա ցույց տուր, թե ինչպես են այդ առանձնացված բառերը առնչվում այն բանին, ինչ ունկնդիրներն ակնկալում են իմանալ։ Հստակ կերպով ցույց տուր այդ կապը։ Նույնիսկ եթե համարը չես ներկայացրել այդպիսի պարզորոշ կերպով, այնուամենայնիվ հարկ կլինի տալ որոշ պարզաբանումներ։
Փարիսեցիները Հիսուսին հարց ուղղեցին, որին, ինչպես իրենք էին կարծում, դժվար էր պատասխանել։ «Արժա՞ն է արդեօք մարդիս, որ իր կինն արձակէ ամեն որ եւ է պատճառի համար»։ Հիսուսն իր պատասխանը հիմնավորեց Ծննդոց 2։24 համարով։ Հետաքրքրական է, որ նա ուշադրությունը կենտրոնացրեց համարի միայն մեկ հատվածի վրա, ապա հարկ եղած ձևով ցույց տվեց իր ասելիքի և համարի այդ հատվածի միջև գոյություն ունեցող կապը. նշելով, որ տղամարդը և կինը «մէկ մարմին» դարձան՝ Հիսուսը եզրափակեց. «Արդ այն որ Աստուած միաւորեց, թող մարդը չ’բաժանէ» (Մատթ. 19։3–6)։
Ի՞նչ չափով է հարկավոր բացատրություններ տալ, որպեսզի աստվածաշնչյան համարի կիրառումը հասկանալի լինի լսողներին։ Դա որոշելու համար անհրաժեշտ է հաշվի առնել ունկնդիրների կազմը, ինչպես նաև քննարկվող թեմայի կարևորությունը։ Նպատակ դիր խոսել պարզ ու կոնկրետ։
Տրամաբանիր Գրությունների հիման վրա։ Պողոս առաքյալի՝ Թեսաղոնիկեում անցկացրած ծառայության մասին Գործք 17։2, 3 համարներում կարդում ենք, որ նա ‘խոսում [«տրամաբանում», ՆԱ] էր Գրքերից’։ Անհրաժեշտ է, որ այս ունակությունը մշակեն Եհովայի բոլոր ծառաները։ Պողոսը ներկայացրեց մի շարք փաստեր Հիսուսի կյանքի և ծառայության վերաբերյալ, ցույց տվեց, որ դրանց մասին կանխագուշակվել էր Եբրայերեն Գրություններում, ապա ավարտեց իր խոսքը մի ազդեցիկ վերջաբանով. «Քրիստոսը այս Յիսուսն է որ ես պատմում եմ ձեզ»։
Եբրայեցիներին ուղղած իր նամակում Պողոսը բազմիցս մեջբերումներ արեց Եբրայերեն Գրություններից։ Որևէ միտք ընդգծելու կամ պարզեցնելու նպատակով՝ նա առանձնացնում էր մեկ բառ կամ մի համառոտ արտահայտություն, ապա ցույց տալիս դրա նշանակությունը (Եբր. 12։26, 27, ԱՆԹ)։ Այն հաղորդագրության մեջ, որ կարդում ենք Եբրայեցիս 3–րդ գլխում, Պողոսը մեջբերում է կատարել Սաղմոս 95։7–11 համարներից։ Ուշադրություն դարձրու, թե ինչպես է նա լուսաբանում այդ սաղմոսի երեք կարևոր հատվածներ. 1) մատնանշում է սիրտը (Եբր. 3։8–12), 2) բացատրում է «Այսօր» բառի նշանակությունը (Եբր. 3։7, 13–15; 4։6–11) և 3) մեկնում է «Պիտի չ’մտնեն իմ հանգստի մէջ» արտահայտության իմաստը (Եբր. 3։11, 18, 19; 4։1–11)։ Որևէ համար կիրառելու հարցում ջանք թափիր ընդօրինակել Պողոսին։
Քննենք, թե ինչպես Հիսուսը արդյունավետ կերպով տրամաբանեց Գրությունների հիման վրա։ Այդ մասին կարդում ենք Ղուկաս 10։25–37 համարներում։ Մովսիսական օրենքին լավատեղյակ մի անձնավորություն հարցրեց Հիսուսին. «Վարդապետ, ի՞նչ գործեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»։ Ի պատասխան՝ Հիսուսը նախ հրավիրեց այդ անհատին արտահայտելու իր կարծիքը տվյալ հարցի վերաբերյալ, իսկ հետո ընդգծեց, թե ինչու է կարևոր շարժվել Աստծո Խոսքում գրվածի համաձայն։ Երբ պարզվեց, որ այդ մարդը չէր ըմբռնում ասվածի իմաստը, Հիսուսը հանգամանորեն քննարկեց սուրբգրային համարում հանդիպող ընդամենը մեկ բառ՝ «ընկեր»։ Պարզապես բառի սահմանումը տալու փոխարեն՝ նա օրինակ բերեց, որպեսզի օգնի այդ անհատին ինքնուրույն հանգելու ճիշտ եզրակացության։
Ակնհայտ է, որ հարցերին պատասխանելիս Հիսուսն ընդամենը համարներ չէր մեջբերում, որոնք ուղղակիորեն կպատասխանեին տրված հարցերին։ Նա վերլուծում էր այդ համարներում ասվածը, ապա դա անմիջապես կիրառում՝ տվյալ հարցին պատասխանելու համար։
Երբ սադուկեցիները հարցականի տակ դրեցին հարության հույսի գաղափարը, Հիսուսը նրանց ուշադրությունը հրավիրեց Ելից 3։6 համարի կոնկրետ մի հատվածի վրա։ Սակայն համարը մեջբերելով՝ նա վերջ չդրեց խոսակցությանը, այլ տրամաբանեց դրա հիման վրա՝ ցույց տալով, որ մարդկանց հարություն տալը Աստծո նպատակի մեջ է մտնում (Մարկ. 12։24–27)։
Գրությունների հիման վրա ճիշտ և արդյունավետ կերպով տրամաբանելու կարողություն ձեռք բերելը զգալի դեր է խաղում հմուտ ուսուցիչ դառնալու հարցում։
-
-
Հստակ ցույց տուր գործնական արժեքըՕգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
-
-
ԴԱՍ 23
Հստակ ցույց տուր գործնական արժեքը
ՄԻ ԱՆՀԱՏԻ հետ կզրուցես թե ավելի մեծ լսարանի՝ խելամիտ չի լինի մտածել, որ քեզ լսողը (կամ՝ լսողները) հետաքրքրություն կցուցաբերի քննարկվող նյութի հանդեպ զուտ այն պատճառով, որ այն քեզ համար է հետաքրքիր։ Որքան էլ որ կարևոր լինի քո ասելիքը, եթե հստակ ցույց չտաս դրա գործնական արժեքը, դու չես կարողանա երկար պահել ունկնդիրների ուշադրությունը քննարկվող նյութի վրա։
Նույն սկզբունքը գործում է նաև այն դեպքում, երբ ելույթ ես ունենում Թագավորության սրահում։ Ունկնդիրների ուշադրությունը չի շեղվի, եթե ելույթում ընդգրկես որևէ օրինակ կամ իրական դեպք, որ մինչ այդ նրանք չեն լսել։ Իսկ եթե քննարկվող նյութն արդեն հայտնի է նրանց, ապա նրանք գուցե դադարեն լսելուց, եթե չկարողանաս նորովի ներկայացնել այն։ Հարկավոր է նրանց օգնել, որպեսզի տեսնեն, թե ինչպիսի օգուտներ կարող են քաղել քո ասածներից և ինչպես։
Աստվածաշունչը խրախուսում է մեզ գործնական մտածելակերպ ունենալ, այսինքն՝ իմաստություն դրսևորել (Առակ. 3։21, Արևմտ. Աստ.)։ Հովհաննես Մկրտչի միջոցով Եհովան ժողովրդին առաջնորդեց «դեպի արդարների իմաստությունը», որ դրսևորվում է գործերով (Ղուկ. 1։17, ԱՆԹ)։ Այս իմաստության հիմքում ընկած է առողջ վախը Եհովայի հանդեպ (Սաղ. 111։10)։ Նրանք, ովքեր գիտակցում են այս հատկության արժեքը, կարող են հաջողությունների հասնել՝ հաղթահարելով ներկա կյանքի խնդիրները և ամուր կառչած մնալով իրական՝ հավիտենական կյանքին (Ա Տիմոթ. 4։8; 6։19)։
Ելույթը դարձրու գործնական։ Եթե ցանկանում ես ցույց տալ ելույթիդ գործնական արժեքը, ապա հատուկ ուշադրություն պետք է դարձնես ոչ միայն նյութին, այլ նաև հաշվի առնես, թե ովքեր են քեզ լսողները։ Մի մտածիր, որ քո առջև ընդամենը մարդկանց մի խումբ է։ Հաշվի առ, որ այն բաղկացած է առանձին անհատներից և ընտանիքներից։ Նրանց մեջ կարող են լինել երեխաներ, դեռահասներ, չափահաս մարդիկ և տարեցներ։ Նրանց շարքերում գուցե կան նորերս հետաքրքրված անձինք, նաև այնպիսի անհատներ, որ սկսել են Եհովային ծառայել դեռ այն ժամանակ, երբ դու չէիր ծնվել։ Ունկնդիրներից ոմանք գուցե հոգևոր հասուն մարդիկ են, իսկ մյուսները դեռևս գտնվում են աշխարհային մտածելակերպի և գործելակերպի ազդեցության տակ։ Ինքդ քեզ հարցրու. «Ինչպե՞ս կարող է տվյալ նյութը օգուտներ բերել ունկնդիրներին։ Ինչպե՞ս օգնել նրանց ըմբռնելու թեմայի էությունը»։ Գուցե որոշես հատուկ ուշադրություն դարձնել վերը նշված մարդկանց միայն մեկ կամ երկու կատեգորիաների, սակայն մի մոռացիր նաև մյուսներին։
Ենթադրենք՝ հանձնարարություն ես ստացել քննարկելու Աստվածաշնչի հիմնական ուսուցումներից որևէ մեկը։ Ինչպե՞ս կարելի է ելույթը օգտակար դարձնել այն ունկնդիրների համար, ովքեր արդե՛ն հավատում են տվյալ ուսուցմանը։ Աշխատիր է՛լ ավելի ամրացնել նրանց համոզվածությունը այդ հարցում։ Ինչպե՞ս։ Տրամաբանելով այն սուրբգրային փաստարկների հիման վրա, որոնք թիկունք են կանգնում տվյալ ուսուցմանը։ Նաև կարող ես խորացնել նրանց գնահատանքը դրա հանդեպ։ Դա անելու համար ցույց տուր, թե ինչ կապ գոյություն ունի այդ ուսուցման և Աստվածաշնչի մյուս ճշմարտությունների միջև, և թե ինչ է այն սովորեցնում Եհովայի անձնավորության մասին։ Օգտագործիր օրինակներ, հնարավորության դեպքում՝ կյանքից վերցրած իրական դեպքեր, որոնք ցույց կտան, թե ինչպիսի օգուտներ են մարդիկ քաղել՝ հասկանալով այդ ուսուցումը, և թե ինչպիսի ազդեցություն է դա թողել ապագայի հանդեպ ունեցած նրանց տեսակետի վրա։
Նյութի գործնական կիրառումը ցույց տալու համար բավարար չէ պարզապես ելույթի վերջաբանում մի քանի բառով նշել այն։ Ելույթի հենց սկզբից ունկնդիրներից յուրաքանչյուրը պետք է զգա, որ նյութը անձամբ իրեն է վերաբերում։ Այդ հիմքը դնելուց հետո շարունակիր անդրադառնալ նյութի գործնական արժեքին՝ ինչպես ելույթի հիմնամասում գլխավոր կետերը զարգացնելիս, այնպես էլ վերջաբանում։
Որպեսզի ունկնդիրներին մղես գործնականում կիրառելու քննարկվող նյութը, հավաստիացիր, որ դա անում ես Աստվածաշնչի սկզբունքներին համապատասխան։ Ի՞նչ է դա նշանակում։ Այն, որ պետք է կարեկցանք արտահայտես և խոսես սիրալիր (Ա Պետ. 3։8; Ա Յովհ. 4։8)։ Թեսաղոնիկեում առաջացած լուրջ խնդիրներն անգամ լուծելիս Պողոսը հարկ համարեց ընդգծել այն հոգևոր հաջողությունները, որոնց հասել էին իր քրիստոնյա եղբայրներն ու քույրերը։ Նա արտահայտեց նաև իր վստահությունը այն բանում, որ քննարկվող հարցի առնչությամբ նրանք կցանկանային վարվել հարկ եղած կերպով (Ա Թեսաղ. 4։1–11)։ Ի՜նչ հիանալի օրինակ է մեզ համար։
Արդյո՞ք քո ելույթի նպատակն է մղել ունկնդիրներին մասնակցելու բարի լուրի քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործին։ Փորձիր ոգևորություն արթնացնել նրանց մեջ, և գնահատանք՝ այդպիսի առանձնաշնորհման հանդեպ։ Սակայն հիշիր, որ այս գործին մասնակցելու հարցում ամեն անհատ չունի նույն հնարավորությունը, և Աստվածաշունչը հաշվի է առնում այդ հանգամանքը (Մատթ. 13։23)։ Աշխատիր եղբայրներին չծանրաբեռնել մեղավորության զգացումով։ Եբրայեցիս 10։24 համարը հորդորում է մեզ ‘սիրո և բարի գործերի’ մղել միմյանց։ Եթե մենք մյուսներին մղում ենք սեր ցուցաբերելու, ապա դրան կհաջորդեն բարի գործեր, որոնց հիմքում ընկած են ճիշտ շարժառիթներ։ Փոխարեն թելադրելու ունկնդիրներին շարժվել քո ասածների համաձայն՝ հիշիր՝ Եհովան ցանկանում է, որ մենք մարդկանց օգնենք ‘հավատքով հնազանդվել’ (Հռովմ. 16։26, Արևմտ. Աստ.)։ Այս ամենն ի մտի ունենալով՝ մենք աշխատում ենք ամրացնել և՛ մեր, և՛ մեր եղբայրների հավատը։
Օգնիր մյուսներին՝ տեսնելու գործնական արժեքը։ Մարդկանց քարոզելիս աշխատիր նրանց ցույց տալ բարի լուրի գործնական արժեքը։ Դա անելու համար պետք է հաշվի առնել, թե ինչով են մտահոգված քո տարածքում ապրող մարդիկ։ Իսկ ինչպե՞ս կարող ես իմանալ։ Հետևիր ռադիոյով և հեռուստատեսությամբ հեռարձակվող ընթացիկ լուրերին։ Ուշադրություն դարձրու լրագրերի առաջին էջին։ Աշխատիր մարդկանց հետ զրույցի բռնվել, և երբ խոսում են, լսիր նրանց։ Այդ ընթացքում գուցե նկատես, թե ինչ խնդիրների են բախվում նրանք։ Դա կարող է լինել՝ գործազրկությունը, տան վարձը վճարելը, հիվանդությունը, ընտանիքի անդամի կորուստը, վախը հանցագործության հանդեպ, հեղինակություն ունեցող անձանց կողմից դրսևորվող անարդարությունը, ամուսնալուծությունը, երեխաներին կրթելու հարցը և այլն։ Կարո՞ղ է արդյոք Աստվածաշունչն օգնել։ Անկասկա՛ծ։
Խոսակցությունը սկսելուց առաջ գուցե արդեն մտովի նախատեսել ես, թե ինչ նյութ ես շոշափելու։ Այնուհանդերձ, եթե նկատես, որ տվյալ պահին անհատին ուրիշ հարց է հետաքրքրում, մի վարանիր նրա հետ խոսել ա՛յդ հարցի շուրջ (եթե, իհարկե, կարող ես), կամ առաջարկիր նորից այցելել նրան՝ բերելով օգտակար տեղեկություններ։ Իհարկե, մենք ‘ուրիշների գործերին չենք խառնվում’, այլ մարդկանց բաժնեկից ենք դարձնում այն գործնական խորհուրդներին, որ առաջարկում է Աստվածաշունչը (Բ Թեսաղ. 3։11, ԱՆԹ)։ Անկասկած՝ աստվածաշնչյան խորհուրդը ավելի մեծ ազդեցություն կթողնի մարդկանց վրա, եթե այն առնչվի անձամբ իրենց կյանքին։
Եթե մարդիկ դժվարանան նկատել, որ մեր հաղորդած լուրը վերաբերում է անձամբ իրենց, հավանաբար նրանք կտրուկ կդադարեցնեն զրույցը։ Նույնիսկ եթե նրանք մեզ խոսելու հնարավորություն էլ տան, այդ լուրը շատ քիչ ազդեցություն կունենա իրենց կյանքում, եթե չկարողանանք նրանց օգնել հստակ տեսնելու մեր ասածների գործնական արժեքը։ Եվ ընդհակառակը՝ եթե մեզ հաջողվի հստակ ցույց տալ այն, ապա մեր քննարկումը կարող է շրջադարձային կետ հանդիսանալ նրանց կյանքում։
Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ անցկացնելիս նույնպես անհրաժեշտ է ընդգծել ստացած գիտելիքները գործնականում կիրառելու կարևորությունը (Առակ. 4։7)։ Օգնիր ուսումնասիրողներին հասկանալու սուրբգրային խորհուրդները, սկզբունքները և օրինակները, որ կարող են նրանց համար ուղեցույց ծառայել Եհովայի ճանապարհներով ընթանալու հարցում։ Ընդգծիր, թե ինչ օգուտներ կարող են քաղել այդպես վարվելով (Ես. 48։17, 18)։ Դա կմղի նրանց անհրաժեշտ փոփոխություններ մտցնել կյանքում։ Օգնիր, որ խորացնեն իրենց սերը Եհովայի հանդեպ, է՛լ ավելի պատրաստակամ լինեն նրան հաճեցնելու հարցում, և թող որ իրենց սրտում ներքին մղում առաջանա՝ կիրառելու Աստծո Խոսքում գտնվող խորհուրդները։
-