Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • be դաս 29 էջ 181–էջ 185 պարբ. 2
  • Ձայն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ձայն
  • Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • Նմանատիպ նյութեր
  • Հստակ արտասանություն
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • Զգուշանանք ‘օտարների ձայնից’
    2004 Դիտարան
Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
be դաս 29 էջ 181–էջ 185 պարբ. 2

ԴԱՍ 29

Ձայն

Ի՞նչ է հարկավոր անել

Բարելավիր ձայնդ՝ ճիշտ շնչելով ու մկանային լարվածությունը թուլացնելով։ Մի փորձիր կրկնօրինակել ուրիշներին։

Ինչո՞ւ է դա կարևոր

Խոսողի լավ ձայնն օգնում է ունկնդիրներին, որ իրենց հանգիստ զգան ու հաճույքով լսեն։ Վատ ձայնը խոչընդոտում է մարդկանց հետ հաղորդակցվելուն ու կարող է բացասաբար ազդել թե՛ խոսողի և թե՛ լսողների վրա։

ՄԱՐԴԿԱՆՑ վրա մեծ ազդեցություն է թողնում ոչ միայն այն, թե ինչ ես ասում, այլև այն, թե դա ինչպես ես ասում։ Անվիճելի փաստ է, որ եթե քեզ հետ խոսող անհատը բարի, հաճելի, ջերմ ու բարյացակամություն արտահայտող ձայն ունի, դու ավելի ես հակվում նրան լսելու, քան երբ այդ ձայնը սառն է ու կոպիտ։

Ձայնի ցանկալի առանձնահատկություններ ձեռք բերելու հարցում միայն ձայնառաջացման գործարանները չեն դեր խաղում։ Այստեղ դեր է խաղում նաև մարդու անձնավորությունը։ Երբ նա անընդհատ ավելացնում է իր գիտելիքները Աստվածաշնչից ու դրանք կիրառում կյանքում, ակնհայտ փոփոխություններ են նկատվում նրա խոսելաձևում։ Նրա ձայնը սկսում է արտահայտել այնպիսի աստվածահաճո հատկություններ, ինչպիսիք են՝ սեր, ուրախություն, բարություն (Գաղ. 5։22, 23)։ Երբ անհատն անկեղծ հետաքրքրություն է հանդես բերում ուրիշների նկատմամբ, ապա դա իր արտացոլումն է գտնում նրա ձայնի մեջ։ Մի ժամանակ նա գուցե տրտնջալու հակում է ունեցել, բայց այժմ լի է երախտագիտության զգացումով. սա նույնպես իր արտացոլումն է գտնում նրա խոսքում ու ձայնի երանգի մեջ (Ողբ. 3։39–42; Ա Տիմոթ. 1։12; Յուդա 16)։ Նույնիսկ անծանոթ լեզվով խոսակցություն լսելիս քեզ համար դժվար չի լինի տարբերել, թե երբ է արտահայտվում գոռոզություն, անհանդուրժողականություն, քննադատություն, կոպտություն և երբ՝ խոնարհություն, համբերություն, բարություն, սեր։

Որոշ դեպքերում ձայնի անցանկալի առանձնահատկությունները կարող են պայմանավորված լինել անհատի տարած հիվանդությամբ, որը վնասել է կոկորդը, կամ ժառանգական գործոններով։ Գուցե նրա կացությունն այնքան վատթար է, որ իրերի ներկա համակարգում անհնար է դա լիովին վերացնել։ Բայց սովորաբար հնարավոր է լինում բարելավել ձայնը՝ սովորելով, թե ինչպես ճիշտ ձևով աշխատեցնել արտասանական գործարանները։

Նախևառաջ պետք է ընդունել, որ ձայնի առանձնահատկությունները անհատից անհատ տարբերվում են, և քո նպատակը չպետք է լինի մշակել այնպիսի ձայն, որը նման է մեկ ուրիշի ձայնին։ Հարկավոր է բացահայտել սեփական ձայնի հնարավորությունները ու մշակել այն՝ իր բոլոր առանձնահատկություններով հանդերձ։ Ինչպե՞ս։ Այստեղ պետք է հաշվի առնել երկու կարևոր հանգամանք։

Հարկավոր է ճիշտ ձևով շնչել։ Որպեսզի ձայնդ լավագույն ձևով հնչի, թոքերումդ պետք է բավարար չափով օդ լինի, ինչպես նաև պետք է հետևես քո շնչառությանը։ Այլապես ձայնդ կհնչի թույլ, և խոսքդ կլինի ընդհատուն։

Թոքերի մեծ մասը չի գտնվում կրծքավանդակի վերին հատվածում. կրծքավանդակի այս մասը ուսերի պատճառով է մեծ երևում։ Իրականում թոքերի ամենաընդարձակ մասը գտնվում է կրծքավանդակի ստորին հատվածում՝ ստոծանուց անմիջապես վերև։ Ստոծանին, միանալով ստորին կողերին, կրծքավանդակն առանձնացնում է որովայնային խոռոչից։

Եթե ներշնչման ժամանակ թոքերիդ միայն վերին մասն է լցվում օդով, շուտով կզգաս, որ շունչդ կտրվում է, ձայնդ թուլանում է, իսկույն հոգնում ես։ Ճիշտ շնչելու համար հարկավոր է մեջքն ուղղել, ուսերը՝ ետ տանել։ Հետևիր, որ ներշնչելիս չընդարձակվի կրծքավանդակի միայն վերին մասը. նախ պետք է թոքերի ստորին մասերը օդով լցվեն։ Լցվելով՝ կրծքավանդակիդ ներքևի մասը կընդարձակվի, ստոծանին կիջնի ցած՝ փափուկ կերպով հրելով ստամոքսն ու աղիքները. դու կզգաս, թե որովայնի հատվածում ինչպես է ձգվում քո գոտին կամ հագուստը։ Բայց թոքերը շարունակում են մնալ կրծքավանդակում. նրանք չեն իջնում որովայն։ Որպեսզի ստուգես, թե արդյոք ճիշտ ես շնչում, ձեռքերդ դիր ստորին կողերի վրա և խորը շունչ քաշիր։ Եթե որովայնդ սեղմվեց, իսկ ուսերդ՝ բարձրացան, ուրեմն ներշնչումը սխալ ես կատարում. ճիշտ ներշնչման դեպքում պետք է զգաս, որ կրծքավանդակիդ ստորին մասը թեթևակի բարձրանում ու լայնանում է։

Իսկ հիմա հարկավոր է աշխատել արտաշնչման վրա։ Թույլ մի տուր, որ օդը թոքերիցդ արագորեն դուրս մղվի։ Դանդաղ արտաշնչիր։ Մի՛ փորձիր դա անել կոկորդը լարելով։ Այլապես, շատ ժամանակ չանցած, ձայնիդ մեջ կզգացվի լարվածություն կամ անբնական սրություն։ Որովայնային ու միջկողային մկանների ճնշման տակ օդը թոքերից դուրս է գալիս, իսկ այդ ընթացքում ստոծանին կարգավորում է դուրս մղման արագությունը։

գծապատկեր 183–րդ էջի վրա

Հռետորը պետք է վարժություններ անի շնչառությունը ճիշտ ձևով կատարելու համար, այնպես ինչպես վազորդն է մրցումներից առաջ մարզվում։ Կանգնիր ուղիղ, ուսերդ՝ ետ, խորը շունչ քաշիր, որ թոքերիդ ստորին հատվածը լցվի օդով, իսկ հետո աստիճանաբար արտաշնչիր՝ դանդաղորեն հաշվելով, որքան հնարավոր է՝ շատ։ Իսկ հետո, այս նույն ձևով շնչելով, բարձրաձայն կարդա։

Թուլացնել մկանային լարվածությունը։ Ձայնի որակը բարելավելու մյուս կարևոր պայմանն է՝ թուլացնել լարված մկանները։ Դու պարզապես կզարմանաս՝ տեսնելով, թե ինչ հաջողությունների կարելի է հասնել՝ սովորելով խոսելու ընթացքում դա անել։ Երբ մարդու միտքը լարվում է, լարվում են նաև նրա մկանները. հետևաբար, մտային լարվածությունը թուլացնելով՝ կարելի է թուլացնել մկանային լարվածությունը։

Մտային լարվածության թուլացմանը նպաստում է ունկնդիրների մասին ճիշտ տեսակետ ունենալը։ Ենթադրենք, քո ունկնդիրներն այն մարդիկ են, որոնց հանդիպում ես քարոզչական ծառայության մեջ։ Հիշիր, որ եթե նույնիսկ ընդամենը մի քանի ամիս է, ինչ Աստվածաշունչ ես ուսումնասիրում, դու Եհովայի նպատակների վերաբերյալ արդեն ունես բավականաչափ արժեքավոր գիտելիքներ, որոնց մասին կարող ես խոսել նրանց հետ։ Բացի այդ, դու գնում ես նրանց մոտ, քանի որ նրանք օգնության կարիք ունեն՝ անկախ այն բանից՝ գիտակցում են դա, թե՝ ոչ։ Իսկ այն դեպքում, երբ ելույթ ես ունենում Թագավորության սրահում, պետք է հիշես, որ ունկնդիրներիդ մեծ մասը Եհովայի ծառաներ են։ Նրանք քո բարեկամներն են և քեզ հաջողություն են ցանկանում։ Երկրագնդի վրա ոչ մի ուրիշ հռետոր չունի այնպիսի բարյացակամ լսարան, ինչպիսին որ մենք ունենք։

Կոկորդի մկանները թուլացնելու համար մտքով կենտրոնացիր դրանց վրա ու գիտակցորեն փորձիր թուլացնել դրանք։ Հիշիր, որ մարդու ձայնալարերը սկսում են տատանվել այն ժամանակ, երբ նրանց միջով օդ է անցնում։ Կոկորդի մկանների ձգվելու կամ թուլանալու հետ փոխվում է ձայնի տոնը, ճիշտ ինչպես կիթառի կամ ջութակի ձայնն է փոխվում, երբ նրանց լարերը ձգում կամ թուլացնում են։ Ձայնալարերը թուլացնելիս տոնը ցածրանում է։ Կոկորդի մկանների թուլացումը նպաստում է, որ քթի անցուղիները բաց լինեն. այս հանգամանքը զգալիորեն բարելավում է ձայնի որակը։

Թուլացած պետք է լինի քո ամբողջ մարմինը՝ ծնկները, ձեռքերը, ուսերը, պարանոցը։ Սա կնպաստի ռեզոնանսին (ձայնային տատանումների ուժեղացմանը), ինչն անհրաժեշտ է ձայնի բավականաչափ բարձր հնչելու համար։ Ռեզոնանս առաջանում է այն ժամանակ, երբ ողջ մարմինն է ռեզոնատորի (ձայնի ուժեղացուցիչի) դեր խաղում, իսկ դա կլինի այն դեպքում, երբ մարմինը լարված չէ։ Կոկորդում առաջացած ձայնի ուժեղացմանը նպաստում է ոչ միայն քթի խոռոչը, այլև կրծքավանդակը, ատամները, քիմքը և քթի հավելյալ ծոցերը։ Այս ամենն անդրադառնում է ռեզոնանսի որակի վրա։ Եթե, օրինակ, կիթառի դեկայի վրա ծանրություն լինի, ձայնը խուլ կհնչի. ուստի, որպեսզի ձայնը լավ հնչի, հարկավոր է դեկան ազատել։ Նույն ձևով էլ մեր մարմնի ոսկորները, որոնք ամուր պահված են մկաններով, կարող են գտնվել մկանային լարվածության «ծանրության» տակ, որից հարկավոր է ազատվել։ Լավ ռեզոնանսի միջոցով դու կարող ես հնչերանգի համապատասխան փոփոխություն անել ու ամենատարբեր զգացումներ արտահայտել։ Դու կկարողանաս, առանց ձայնալարերը պրկելու, քո խոսքը հասցնել մեծ լսարանի։

ԻՆՉՊԵՍ Է ԱՌԱՋԱՆՈՒՄ ՁԱՅՆԸ

Ձայնի առաջացման համար հիմք է հանդիսանում օդի հոսանքը, որը սկիզբ է առնում թոքերում։ Թոքերը փուքսի պես են գործում. նրանք օդը շնչափողի միջով մղում են դեպի կոկորդ, որը գտնվում է ըմպանի միջին հատվածում։ Այստեղ իրար դեմ դիմաց գտնվում են երկու նուրբ մկանային ծալքեր, որոնք կոչվում են ձայնալարեր։ Սրանք են ձայնառաջացման հիմնական տարրերը։ Այս ծալքերը բացում կամ փակում են օդի հոսքը կոկորդի միջով, ինչպես նաև թոքերը պաշտպանում են օտար մարմիններից։ Սովորական ձևով շնչելիս ոչ մի ձայն չի առաջանում, թեև օդը ձայնալարերով է անցնում։ Բայց երբ անհատը ցանկանում է խոսել, մկանները պրկում են ձայնալարերը, և վերջիններս սկսում են տատանվել, երբ օդը թոքերից դուրս է գալիս։ Առաջանում է ձայն։

Որքան ձգված են լինում ձայնալարերը, այնքան ավելի մեծ հաճախականությամբ են նրանք տատանվում ու ավելի բարձր տոնայնության ձայներ են առաջացնում։ Եվ հակառակը՝ որքան թուլացած են լինում, այնքան ավելի ցածր տոնայնության ձայներ են առաջացնում։ Կոկորդից դուրս գալով՝ ձայնային ալիքը մտնում է ըմպանի վերին հատված՝ քթըմպան։ Հետո այն անցնում է բերան ու քթի խոռոչ։ Այստեղ ձայնի հիմնական տոնին ավելանում են լրացուցիչ տոներ (օբերտոններ), որոնք ուժեղացնում և մեղմացնում են այն։ Քիմքը, լեզուն, ատամները, շրթունքները և ծնոտը ձայնային ալիքները վերածում են հոդաբաշխ խոսքի։

Մարդկային ձայնը հրաշք է։ Այն իր հնարավորություններով անհամեմատելի է մարդու ստեղծած ցանկացած գործիքի հետ։ Ձայնը կարող է արտահայտել հույզերի և զգացմունքների մի ամբողջ շարք՝ սկսած քնքուշ, ջերմ սիրուց մինչև դաժան, անգութ ատելություն։ Երբ որ ձայնը հարկ եղած ձևով մշակվում է, նրա դիապազոնը կարող է հասնել մինչև երեք օկտավայի (ութնյակի). այսպիսի ձայնը հնարավորություն կտա ոչ միայն գեղեցիկ երգել, այլև սրտահույզ խոսքեր ասել։

ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՈՐՈՇ ԽՆԴԻՐՆԵՐ

Թույլ ձայն։ Եթե մարդու ձայնը մեղմ է, ապա դա դեռ չի նշանակում, թե այն թույլ է. լրացուցիչ տոներով հարուստ լինելու դեպքում այն հաճելի է լսել։ Բայց որպեսզի մեզ լավ լսեն, հարկավոր է բավականաչափ բարձր խոսել։

Որպեսզի ձայնը բավականաչափ բարձր լինի, հարկավոր է բարելավել նրա ռեզոնանսը։ Դրա համար անհրաժեշտ է սովորել, թե ինչպես թուլացնել ամբողջ մարմինը. այս դասում խոսվում է այդ մասին։ Աշխատիր թուլացնել մկաններդ, ինչպես նաև վարժություններ արա՝ փակ բերանով «ը՜մմմ, ը՜մմմ, ը՜մմմ» հնչյուններ հանելով։ Շրթունքները չպետք է պինդ սեղմվեն, այլ թեթևակի հպվեն իրար։ Այդ ընթացքում պետք է գլխում և կրծքավանդակում թրթռոց զգաս։

Երբեմն անհատի ձայնը թույլ կամ լարված է լինում առողջական պատճառով կամ՝ քիչ քնելու։ Պարզ է, որ նման հանգամանքները չեզոքացնելուց հետո ձայնը կբարելավվի։

Ձայնի չափազանց բարձր տոն։ Ձայնալարերը ձգելն ավելացնում է ձայնի տոնը։ Եթե խոսողի ձայնի մեջ լարվածություն է նկատվում, ապա դա փոխանցվում է լսողներին։ Կոկորդի մկանները թուլացնելը կօգնի թուլացնել ձայնալարերի ձգվածությունը, և դու կկարողանաս ավելի ցածր տոնով խոսել։ Առօրյա խոսակցություններում ջանք արա այդպես վարվել, նաև խորը շնչել։

Ռնգախոսություն։ Այս խնդիրն առանձին դեպքերում կարող է առաջանալ քթի հետ կապված խանգարումների պատճառով, բայց սովորաբար պատճառն այլ է։ Երբեմն անհատը, լարելով կոկորդի ու բերանի մկանները, փակում է քթի անցուղիները։ Դա խանգարում է օդի ազատ հոսքին։ Արդյունքում՝ անհատը ռնգային հնչյուններ է արձակում՝ քթի մեջ է խոսում։ Սրանից խուսափելու համար հարկավոր է մկանային լարվածությունը թուլացնել։

Խռպոտ ձայն։ Այսպիսի ձայնը չի տրամադրում մտքերի փոխանակությանը։ Ավելին՝ այն կարող է զրուցակցին վախեցնել, ու վերջինս գուցե մտածի, թե հարկավոր է պաշտպանվել։

Որոշ դեպքերում խնդրի լուծմանը նպաստում է բնավորության մեջ շարունակաբար դրական փոփոխություններ անելը (Կող. 3։8, 12)։ Կարելի է նաև ձայնի մշակման որոշ սկզբունքներ կիրառել։ Թուլացրու կոկորդի ու ծնոտի մկանները։ Ձայնը կդառնա ավելի հաճելի, ու բացի այդ, չես խոսի ատամների արանքից. ատամների արանքից խոսելիս ձայնը աղավաղվում է։

ԻՆՉՊԵՍ ԲԱՐԵԼԱՎԵԼ ՁԱՅՆԸ

  • Քրիստոնեական հատկություններ մշակիր։

  • Սովորիր շնչել այնպես, որ օդով լցվի թոքերիդ ստորին հատվածը։

  • Խոսելիս թուլացրու կոկորդի, պարանոցի, ուսերի և մարմնի մյուս անդամների մկանները։

ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ. 1) Ամեն շաբաթ օրական մի քանի րոպե շնչիր այնպես, որ օդով լցվի թոքերիդ ստորին հատվածը։ 2) Շաբաթական ամենաքիչը մեկ օր՝ խոսելիս գիտակցաբար թուլացրու կոկորդի մկանները։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը