Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w00 6/15 էջ 5–7
  • Կատարյալ կյանքը լոկ երազ չէ՛

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կատարյալ կյանքը լոկ երազ չէ՛
  • 2000 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ձգտեք ողջամիտ լինել
  • Ողջամիտ լինելու օգուտները
  • Կատարելության ձգտելը մաքսիմալիզմին հետևելուց վեհ է
  • Արժե՞ մաքսիմալիստ լինել
    2000 Դիտարան
  • Ընթերցողների հարցերը
    2010 Դիտարան
  • Ես մաքսիմալի՞ստ եմ
    Երիտասարդները հարցնում են
  • Ինչո՞ւ եմ չափազանց պահանջկոտ
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
Ավելին
2000 Դիտարան
w00 6/15 էջ 5–7

Կատարյալ կյանքը լոկ երազ չէ՛

Կատարյալ աշխարհ... Ի՞նչ է նշանակում այն ձեզ համար։ Պատկերացրեք առանց չարության, թմրամոլության, սովի, աղքատության կամ անարդարության մարդկային մի հասարակություն, որտեղ բոլոր մարդիկ ֆիզիկական և էմոցիոնալ առումով առողջ են։ Չկա այլևս վիշտ կամ դժբախտություն, քանի որ նույնիսկ մահն անցյալի գիրկն է անցել։ Արդյոք որքանո՞վ է ռեալ այսպիսի աշխարհ փափագելը։

ՉՆԱՅԱԾ այն բանին, որ գիտության և տեխնիկայի բնագավառներում մարդկությունը զգալի նվաճումների է հասել, այնուամենայնիվ, շատերը դժվարանում են հավատալ, որ մարդն իր մտային կարողություններով կամ ունեցած գիտելիքներով ի վիճակի է կատարյալ աշխարհ ստեղծել, որտեղ հնարավոր է ապրել խաղաղ ու երջանիկ։ Իսկ մյուս կողմից, մարդկանց մեջ առկա է ամեն ինչում կատարելագործվելու և թերացումները շտկելու ներքին ձգտումը։ Անշուշտ, սոսկ անիրագործելի երազանքներով ապրելը ոչ մի օգուտ չի տա անօթեվանին ու աղքատին, և ոչ էլ հաշմանդամին կամ հիվանդին կազատի տառապանքից։ Կատարյալ աշխարհը առաջ չի կարող գալ պարզապես մարդկանց ստեղծագործական ունակությունների շնորհիվ։ Բայցևայնպես, չնայած ներկայումս աշխարհում գերակշռող տառապանքին ու ճնշմանը՝ մենք լուրջ պատճառներ ունենք հավատալու, որ այդ աշխարհը շատ շուտով կհաստատվի։

Կատարյալ կյանքի մասին խորհելիս, հավանաբար, մտովի պատկերացնում եք Հիսուս Քրիստոսի կյանքը։ Բայց Հիսուսը միակ մարդը չէ, որ կատարյալ կյանք է ունեցել։ Նրանից բացի, կատարյալ կյանք են ունեցել նաև Ադամն ու Եվան, որոնք Աստծո պատկերով էին ստեղծված։ Սակայն իրենց երկնային Հորը հակառակվելու արդյունքը եղավ այն, որ զրկվեցին այդ հիանալի պայմաններում ապրելու հնարավորությունից (Ծննդոց 3։1—6)։ Մինչդեռ, մեր Արարիչը մարդկանց մեջ հավիտյան ապրելու ցանկություն է դրել։ Այդ մասին են վկայում Ժողովող 3։11–ի խոսքերը. «[Աստված] ամեն բան արել է վայելուչ իր ժամանակին, նաեւ յաւիտենականութիւնը դրել է նորանց սրտումը. բայց այնպես որ մարդս չէ կարող ըմբռնել Աստուծոյ արած գործքը գլխիցը մինչեւ ծայրը»։

Թեև անկատարությունն ու մեղքը մարդկությանն առաջնորդել են «ունայն» կյանքի և «ապականութեան ծառայութեան», բայց եկեք տեսնենք, թե այդ առումով ինչ սփոփիչ խոսքեր է գրել Պողոս առաքյալը. «Ստեղծուածները մեծ ակնկալութեամբ սպասում են Աստծու որդիների յայտնութեանը, քանի որ ստեղծուածները ունայնութեանը հնազանդուեցին (ոչ իրենց կամքով, այլ նրա համար, որ Աստուած հնազանդեցրեց նրանց) այն յոյսով, որ ստեղծուածներն իրենք էլ ազատուեն ապականութեան ծառայութիւնից՝ Աստծու որդիների փառքի ազատութեան հասնելու համար» (Հռովմայեցիս 8։19—21)։ Աստվածաշունչը հստակորեն բացատրում է, որ մարդկային կատարյալ կյանքը ետ ստանալը հնարավոր դարձավ միայն Հիսուս Քրիստոսի միջոցով (Յովհաննէս 3։16; 17։3)։

Ապագայի նկատմամբ այդ հրաշալի հույսն ունենալուց բացի՝ մենք բոլորս հնարավորություն ունենք նաև հոգևորապես աճելու և մեր առաջադիմությունը դրսևորելու նույնիսկ այսօր։

Ձգտեք ողջամիտ լինել

Հիսուս Քրիստոսը կատարելությանը մեծ կարևորություն էր տալիս, և նա իր մեծաքանակ ունկնդիրներին հետևյալ խրատը տվեց. «Կատարեա՛լ եղէք դուք, ինչպէս եւ ձեր երկնաւոր Հայրն է կատարեալ» (Մատթէոս 5։48)։ Սակայն, իրականում արդյո՞ք նա մեզանից պահանջում էր անթերի լինել ներկա չար համակարգում. ո՛չ։ Ինչ խոսք, յուրաքանչյուրս պետք է ձգտենք մեր մեջ զարգացնել այնպիսի հատկություններ, ինչպիսիք են՝ մեծահոգությունը, բարությունը, սերը դրացու հանդեպ, բայց երբեմն մեզ չի հաջողվում անել այն, ինչը որ ճիշտն է։ Այդ մասին գրել է նույնիսկ Հիսուսի առաքյալներից մեկը. «Եթէ խոստովանենք մեր մեղքերը, հաւատարիմ է նա եւ արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու եւ մաքրելու համար մեզ ամէն անիրաւութիւնից։ Եթէ ասենք՝ «Չենք մեղանչել», սուտ ենք հանում Նրան, եւ Նրա խօսքը մեր մէջ չէ» (Ա Յովհաննէս 1։9, 10)։

Այնուհանդերձ, կարող ենք ավելի լավ ուղիներ գտնել, որպեսզի այդ հատկությունները զարգացնենք մեր մեջ, ինչպես նաև կիրառենք ուրիշների նկատմամբ՝ չմոռանալով խուսափել ծայրահեղություններից։ Որտե՞ղ կարող ենք ավելի լավ առաջնորդություն գտնել խելամիտ, հավասարակշռված անձնավորություն դառնալու համար, եթե ոչ Աստծո Խոսքում՝ Աստվածաշնչում։ Մեր մեջ ուրախություն և զսպվածություն մշակելը կօգնի մեզ համերաշխության ոգի պահպանել ինչպես աշխատակիցների, այնպես էլ ամուսնու, ծնողների և երեխաների հետ շփվելիս։ Պողոս առաքյալը հետևյալ խորհուրդը տվեց. «Միշտ ուրա՛խ եղէք Տիրոջով, դարձեալ եմ ասում՝ ուրա՛խ եղէք։ Թող ձեր հեզութիւնը [«ողջամտությունը», ՆԱ] յայտնի լինի բոլոր մարդկանց։ Տէրը մօտ է» (Փիլիպպեցիս 4։4, 5)։

Ողջամիտ լինելու օգուտները

Եթե դուք ողջամտություն հանդես բերեք ձեր սպասելիքների մեջ և խուսափեք կատարելություն պահանջելուց, որը լոկ տանջանքի ու պարտվածության զգացում կառաջացնի ձեր մեջ, ապա դրանով կօգնեք ինչպես ձեզ, այնպես էլ՝ ուրիշներին։ Սեփական հնարավորությունները գիտակցել՝ նշանակում է ինչ–որ գործ ծրագրելիս լինել իրատես ու ողջամիտ։ Հիշենք, որ Աստված մեզ ստեղծել է, որպեսզի, երկրի վրա ապրելով, ի օգուտ մեզ ու ուրիշների իմաստալից գործեր կատարելուց բավականություն ստանանք (Ծննդոց 2։7—9)։

Եթե զգում եք, որ ինքներդ ձեր հանդեպ չափազանց պահանջկոտ եք, ինչո՞ւ այդ մասին աղոթքով չդիմել Եհովային։ Աստծո հաճությանն արժանանալով՝ մեծապես կսփոփվեք։ Եհովան լավ գիտի մեր կազմվածքն ու անկատարությունը, ուստի իրեն հաճելի լինելու համար նա անխոհեմ կամ դժվար պահանջներ չի ներկայացնում մեզ։ Վստահեցնող են հնչում սաղմոսերգուի խոսքերը. «Ինչպէս որ Հայրը կ’գթայ որդիներին, այնպէս գթած է Տէրը իրանից վախեցողներին։ Որովհետեւ նա գիտէ մեր կազմուածքը. յիշում է որ հող ենք մենք» (Սաղմոս 103։13, 14)։ Որքա՜ն երախտապարտ պետք է լինել Աստծուն մարդկանց հանդեպ ցուցաբերած իր բարեգթության համար։ Թեպետ նա գիտի մեր սահմանափակ կարողությունների մասին, բայց, միևնույն է, սիրելի զավակների պես մենք թանկ ենք նրա համար։

Մաքսիմալիզմի ձգտելու փոխարեն՝ որքա՜ն ավելի խելամիտ կլինի, եթե մեզանից յուրաքանչյուրը ձգտի հոգևոր խորաթափանցություն զարգացնել և ցանկացած հարցի նկատմամբ հավասարակշռված մոտեցում ունենալ։ Մենք վստահ ենք, որ Եհովան կիրագործի իր նպատակը, որն է՝ Աստծո Թագավորության ներքո մարդկությանը կատարելության հասցնելը, և ոչ ոք չի կարող խանգարել նրան։ Իսկ ի՞նչ է մարդկային կատարելությունը։

Կատարելության ձգտելը մաքսիմալիզմին հետևելուց վեհ է

Ձգտել կատարելության՝ չի նշանակում հետևել մաքսիմալիզմին։ Այն մարդիկ, ովքեր Աստծո Թագավորության ներքո հաստատված երկրային Դրախտում ապրելու առանձնաշնորհումը կունենան, անշուշտ, պահանջկոտ ու ինքնավստահ չեն լինի։ Մեծ նեղությունից վերապրելու պահանջներից մեկը քավիչ զոհաբերության հանդեպ անկեղծ գնահատանք ցույց տալն է, որը և դրսևորվում է միջազգային «մեծ բազմության» կողմից։ Դա նկարագրում է Հովհաննես առաքյալը. «Փրկութիւնը մեր Աստծո՛ւնն է [«Փրկութիւնը կու գայ մեր Աստուծմէ», ՆԿ–ի նոր աշխարհաբար թարգմ.], որ նստում է աթոռի վրայ, ինչպէս եւ՝ Գառա՛նը» (Յայտնութիւն 7։9, 10, 14)։ Մեծ նեղությունից բոլոր վերապրողներն իրենց երախտագիտությունը կհայտնեն այն բանի համար, որ Քրիստոսը հոժարակամ իր կյանքը զոհել է իրենց և բոլոր իրեն հավատ ընծայողների համար։ Քրիստոսի սրտանց արված զոհաբերությունը հիմք է ծառայում, որպեսզի մարդիկ մեկընդմիշտ ազատագրվեն իրենց անկատարությունից ու տկարություններից (Յովհաննէս 3։16; Հռովմայեցիս 8։21, 22)։

Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում կատարյալ կյանքը։ Մրցակցության ոգուն և եսասիրական ձգտումներին կփոխարինեն սերն ու բարությունը. հատկություններ, որոնք կյանքը կդարձնեն ուրախ ու անհոգ. ոչ ոք այլևս չի տառապի սեփական անձի թերարժեքության զգացումից։ Բայց դա չի նշանակում, որ կատարյալ կյանքը ձանձրալի կամ միապաղաղ կլինի։ Թեև Աստվածաշնչում Դրախտը նկարագրող բոլոր մանրամասնությունները գրի չեն առնված, սակայն այն կյանքը, որը մեզ մատուցվում է այդ գրքի համաձայն, կարո՛ղ ենք ակնկալել. «Տուներ պիտի շինեն եւ բնակուեն, եւ այգիներ տնկեն ու նորանց պտուղն ուտեն։ Նորանք չեն շինիլ, որ ուրիշը բնակուէ, նորանք չեն տնկել, որ ուրիշն ուտէ. որովհետեւ իմ ժողովրդի օրերը ծառի օրերի չափ պիտի լինեն, եւ իրանց ձեռքերի գործը պիտի մաշեցնեն իմ ընտրեալները։ Նորանք պիտի դարտակ տեղը չ’վաստակեն, եւ չ’ծնեն թշուառութեան համար» (Եսայիա 65։21—23)։

Հարկ չկա մտահոգվելու, թե ինչպիսի զվարճություններ կլինեն, կամ թե ինչ առևտրական հաստատություններ, տեխնոլոգիա կամ տրանսպորտի միջոցներ կգործեն Թագավորության իշխանության ներքո. դրա փոխարեն՝ ավելի լավ է մտովի պատկերացնել այս խոսքերի կատարումը. «Գայլը եւ գառը միասին կ’արածեն, եւ առիւծը արջառի պէս խոտ կ’ուտէ. եւ օձի կերակուրը հող է լինելու։ Նորանք պիտի չ’վնասեն եւ չ’ապականեն իմ բոլոր սուրբ սարի վերայ, ասում է Տէրը» (Եսայիա 65։25)։ Որքա՜ն տարբեր է ներկայիս կյանքը գալիք կատարյալ կյանքից... Եթե դուք էլ գտնվեք այն մարդկանց թվում, ովքեր կարժանանան նման կյանքի, կտեսնեք, թե ինչպես է ձեր սիրալիր երկնային Հայրը հետաքրքրություն ցույց տալիս թե՛ ձեր, և թե՛ ձեր ընտանիքի հանդեպ։ «Ցնծացիր Տէրով, եւ նա կ’տայ քեզ քո սրտի ուզածները» (Սաղմոս 37։4)։

Այո, կատարյալ կյանքը լոկ երազ չէ՛։ Մարդկության նկատմամբ Եհովայի սիրալիր նպատակն անպատճառ պիտի իրագործվի։ Ձեզ և ձեր ընտանիքին հնարավորություն է տրված գտնվելու նրանց կողքին, ովքեր կդառնան կատարյալ և հավիտյան կապրեն Աստծո նոր աշխարհում։ Ահա Աստվածաշնչի մարգարեական խոսքերը. «Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում» (Սաղմոս 37։29)։

[նկար 6–րդ էջի վրա]

Ճիշտ կլինի, եթե մեզնից յուրաքանչյուրը ձգտի խուսափել թե՛ իրեն, և թե՛ ուրիշներին չափազանց բարձր պահանջներ ներկայացնելուց կամ չափից դուրս մանրախնդիր լինելուց։

[նկար 7–րդ էջի վրա]

Ինչո՞ւ չպատկերացնել մտովի, որ արդեն վայելում եք այն խաղաղ ու արդար պայմանները, որոնք սպասվում են ապագա Դրախտում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը