ԳԼՈՒԽ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ
Տան մեջ խաղաղություն պահպանեք
1. Որո՞նք են այն պատճառները, որ կարող են ընտանիքը պառակտել։
ԵՐՋԱՆԻԿ են այն ընտանիքները, որտեղ սեր, հասկացողություն ու խաղաղություն է տիրում։ Հուսով ենք՝ ձեր ընտանիքն էլ դրանց թվին է պատկանում։ Ցավալի է, բայց անթիվ–անհամար ընտանիքներում տիրող մթնոլորտը չափազանց հեռու է վերը նկարագրվածից, և նրանք պառակտված են այս կամ այն պատճառով։ Ի՞նչն է պատճառ դառնում ընտանիքների պառակտմանը։ Այս գլխում կխոսենք դրանցից երեքի մասին։ Նախ՝ կան ընտանիքներ, որտեղ բոլորը չէ, որ միևնույն կրոնն են դավանում։ Որոշ ընտանիքներում երեխաներն ապրում են խորթ ծնողների հետ։ Որոշ ընտանիքներում էլ պառակտող հանգամանք է դառնում ընտանիքն ամենաանհրաժեշտ բաներով ապահովելու համար տարվող մշտական պայքարը կամ էլ ավելի շատ իրեր ձեռք բերելու ձգտումը։ Այսուհանդերձ, մի ընտանիքում պառակտիչ դեր տանող հանգամանքները թերևս ազդեցություն չգործեն մեկ այլ ընտանիքի վրա։ Ինչո՞ւ։
2. Որտե՞ղ են ոմանք ընտանեկան կյանքի վերաբերյալ առաջնորդություն փնտրում, սակայն ո՞րն է այդ առաջնորդության լավագույն աղբյուրը։
2 Նախևառաջ՝ կարևոր է քո տեսակետը։ Եթե դիմացինի տեսակետը հասկանալու համար անկեղծորեն ջանքեր ես թափում, ապա դա կօգնի քեզ ավելի շուտ կողմնորոշվել, թե ինչպես տանդ մեջ միասնություն պահպանես։ Երկրորդ՝ կարևոր է, թե ինչով ես առաջնորդվում։ Շատերը հետևում են իրենց աշխատակիցների, հարևանների, լրագրային մեկնաբանների կամ այլ մարդկանց խորհուրդներին։ Իսկ ոմանք պարզում են, թե ինչ տեսակետ ունի իրենց իրավիճակի մասին Աստվածաշունչը, և ապա իմացածը կիրառում են կյանքում։ Ինչպե՞ս կարող է դա օգնել տան մեջ խաղաղություն պահպանելուն (Բ Տիմոթէոս 3։16, 17)։
ԵՐԲ ԱՄՈՒՍԻՆԴ ԱՅԼ ՀԱՎԱՏ Է ԴԱՎԱՆՈՒՄ
Աշխատիր հասկանալ դիմացինիդ տեսակետը
3. ա) Ի՞նչ խորհուրդ է տալիս Աստվածաշունչը այլ հավատի տեր մարդու հետ ամուսնանալու վերաբերյալ։ բ) Որո՞նք են այն մի քանի հիմնական սկզբունքները, որ կարելի է կիրառել այն դեպքում, երբ կողակիցներից մեկը չի կիսում մյուսի հավատը։
3 Աստվածաշունչը լրջորեն նախազգուշացնում է ամուսնական կապի մեջ չմտնել մի մարդու հետ, որն այլ հավատ է դավանում (Բ Օրինաց 7։3, 4; Ա Կորնթացիս 7։39)։ Իսկ ինչպե՞ս վարվել, եթե աստվածաշնչյան ճշմարտությունն իմացել ես ամուսնությունից հետո, իսկ ամուսինդ չի ցանկանում ուսումնասիրել Աստվածաշունչը։ Ամուսնական կապն, ինչ խոսք, մնում է ուժի մեջ (Ա Կորնթացիս 7։10)։ Աստվածաշունչը հատուկ շեշտ է դնում այդ կապի անխախտելիության վրա և ամուսնական զույգին հորդորում է ընտանիքում ծագող տարաձայնությունները հարթել և ոչ թե հրաժարվել դրանց լուծումից (Եփեսացիս 5։28–31; Տիտոս 2։4, 5)։ Սակայն ինչպե՞ս վարվել, եթե ամուսինդ վճռականորեն դեմ է, որ դու ընդունես Աստվածաշնչի կրոնը։ Նա կարող է փորձել արգելել քեզ հաճախելու ժողովի հանդիպումներին, կամ կարող է ասել, որ չի ցանկանում՝ իր կինը տնետուն գնա և մարդկանց հետ կրոնից խոսի։ Ինչպե՞ս վարվել նման դեպքում։
4. Ինչպե՞ս կարող է կինը հասկացողություն ցուցաբերել, երբ ամուսինը չի ընդունում իր կրոնական համոզմունքները։
4 Հարցրու ինքդ քեզ. «Ինչո՞ւ է ամուսինս այդպես տրամադրված» (Առակաց 16։20, 23)։ Միգուցե նա անհանգստանում է քեզ համար, քանի որ լիովին չի հասկանում, թե ինչով ես զբաղված։ Կամ գուցե ազգականներն են ճնշում բանեցնում՝ տեսնելով, որ այլևս չես մասնակցում իրենց համար կարևոր համարվող որոշ սովորույթների։ Ահա թե ինչ է ասում մի ամուսին. «Տանը մենակ մնալիս ինձ լքված էի զգում»։ Նրան թվում էր, թե կրոնը խլում էր իրենից իր կնոջը։ Սակայն հպարտությունը թույլ չէր տալիս նրան խոստովանել, որ նա իրեն միայնակ է զգում։ Թերևս հարկ կա ամուսնուդ հավաստիացնելու այն բանում, որ չնայած Եհովայի հանդեպ սիրուն՝ շարունակում ես նրան առաջվա պես սիրել։ Ուշադիր եղիր, որ նրան միշտ բավականաչափ ժամանակ տրամադրես։
5. Ինչո՞ւմ պետք է հավասարակշռված լինի այն կինը, որի ամուսինն ուրիշ հավատալիքներ ունի։
5 Սակայն, եթե դու ուզում ես ստեղծված իրավիճակում խելամիտ քայլեր կատարել, պետք է հաշվի առնես մեկ այլ՝ ավելի կարևոր ազդակ։ Աստծո Խոսքը պատվիրում է. «Կանայք, հնազանդ եղէք ձեր մարդկանցը, ինչպէս կ’վայելէ Տէրումը» (Կողոսացիս 3։18)։ Այսպիսով՝ Աստվածաշունչը զգուշացնում է հեռու մնալ անկախության ոգի դրսևորելուց։ Բացի այդ, «ինչպէս կ’վայելէ Տէրումը» արտահայտությունը ենթադրում է, որ ամուսնուն հնազանդվելիս կինը պետք է նաև ի նկատի ունենա Տիրոջը հնազանդվելը։ Ուստի հարկավոր է հավասարակշռված լինել։
6. Ի՞նչ սկզբունքների մասին պետք է հիշի քրիստոնյա կինը։
6 Ժողովի հանդիպումներին հաճախելը, Աստվածաշնչի վրա հիմնված իր հավատի մասին ուրիշներին պատմելը ճշմարիտ երկրպագության կարևոր մասն են կազմում, և քրիստոնյան չպետք է դրանք աչքաթող անի (Հռովմայեցիս 10։9, 10, 14; Եբրայեցիս 10։24, 25)։ Ինչպե՞ս կվարվեիր, եթե ինչ–որ մեկը քեզ հրամայեր չհնազանդվել Աստծո որևէ պահանջի։ Նման իրավիճակում էին Հիսուս Քրիստոսի առաքյալները, երբ հայտարարեցին. «Աստուծոյ պէտք է աւելի հնազանդել քան թէ մարդկանց» (Գործք 5։29)։ Սա մի նախադեպ է, որից կարելի է օգտվել կյանքի շատ իրավիճակներում։ Արդյոք Եհովայի հանդեպ սերը կմղի՞ քեզ նրա նկատմամբ այնպիսի նվիրվածություն դրսևորելու, որի իրավունքը միայն նա ունի։ Միևնույն ժամանակ, սիրելով և հարգելով ամուսնուդ, կջանա՞ս այդ նվիրվածությունը ցույց տալ այնպես, որ նրան չնյարդայնացնես (Մատթէոս 4։10; Ա Յովհաննէս 5։3)։
7. Ինչպիսի՞ վճռականություն պետք է ցուցաբերի քրիստոնյա կինը։
7 Ինչպես նշել է Հիսուսը, միշտ չէ, որ դա հնարավոր էր լինելու։ Նա զգուշացրել է, որ ճշմարիտ երկրպագության դեմ հակառակության պատճառով որոշ ընտանիքներում հավատն ընդունած անդամները իրենց զատված էին զգալու, այնպիսի զգացում էին ունենալու, կարծես իրենց և ընտանիքի մյուս անդամների միջև սուր է անցել (Մատթէոս 10։34–36)։ Նման զգացումներ էր ունեցել ճապոնացի մի կին։ Տասնմեկ տարի շարունակ նա հալածվել էր ամուսնու կողմից։ Վերջինս կոպիտ էր վարվում կնոջ հետ և հաճախ էր դուռը փակում նրա առաջ՝ թույլ չտալով տուն մտնել։ Սակայն նա մինչև վերջ համբերություն դրսևորեց։ Իսկ քրիստոնեական ժողովի իր ընկերները միշտ օգնության ձեռք էին մեկնում։ Նա անդադար աղոթքների մեջ էր և մեծ քաջալերանք էր գտնում Ա Պետրոս 2։20–ի խոսքերի մեջ։ Այս քրիստոնյա կինը համոզված էր, որ եթե մինչև վերջ ամուր մնա հավատքի մեջ, ապա մի գեղեցիկ օր ամուսինն էլ կմիանա իրեն Եհովայի երկրպագության մեջ։ Այդպես էլ եղավ։
8, 9. Ի՞նչ պետք է անի կինը, որպեսզի ամուսնու համար անտեղի խոչընդոտներ չստեղծի։
8 Շատ բան կարող ես անել ամուսնուդ վերաբերմունքը փոխելու համար։ Օրինակ՝ եթե ամուսինդ դեմ է քո կրոնին, աշխատիր մյուս հարցերում գանգատի առիթներ չտալ նրան։ Տունը միշտ մաքուր պահիր։ Հետևիր արտաքին տեսքիդ։ Մի մոռացիր սիրո ու երախտագիտության խոսքեր ասել։ Քննադատելու փոխարեն՝ աջակցիր ամուսնուդ։ Ցույց տուր, որ փնտրում ես նրա գլխավորությունը։ Չարությամբ մի փոխհատուցիր, եթե զգում ես, որ քեզ հետ սխալ է վարվել (Ա Պետրոս 2։21, 23)։ Հաշվի առ մարդկային անկատարությունը և վեճեր ծագելիս պատրաստ եղիր առաջինը ինքդ ներողություն խնդրել (Եփեսացիս 4։26)։
9 Թույլ մի տուր, որպեսզի ժողովի հանդիպումները պատճառ դառնան այն բանին, որ դու չես հասցնում ճաշ պատրաստել նրա համար։ Բացի այդ, քարոզչական ծառայությանը մասնակցելու համար կարող ես ընտրել այն ժամերը, երբ ամուսինդ տանը չի լինում։ Խոհեմ քրիստոնյա կինը չի քարոզի իր ամուսնուն այն ժամանակ, երբ նա տրամադրված չէ լսելու, այլ կհետևի Պետրոս առաքյալի հետևյալ խորհրդին. «Նոյնպէս էլ կանայք, հնազանդ եղէք ձեր մարդկանցը, որ եթէ նորանցից ոմանք էլ անհնազանդ լինեն խօսքին, կանանց վարքովը առանց խօսքի շահուին, տեսնելով ձեր երկիւղածութեամբ պարկեշտ վարքը» (Ա Պետրոս 3։1, 2)։ Քրիստոնյա կանայք ջանում են հնարավորության սահմաններում լավագույն ձևով դրսևորել Աստծո ոգու պտուղը (Գաղատացիս 5։22, 23)։
ԵՐԲ ՈՒՐԻՇ ՀԱՎԱՏ Է ԴԱՎԱՆՈՒՄ ԿԻՆԸ
10. Ինչպե՞ս պետք է հավատացյալ ամուսինը վերաբերվի իր կնոջը, եթե վերջինս այլ հավատ է դավանում։
10 Իսկ ինչպե՞ս վարվել, երբ ամուսինն է քրիստոնյա, իսկ կինը՝ ոչ։ Այս դեպքում ևս Աստվածաշունչը մեզ առաջնորդություն է ցույց տալիս։ «Եթէ մի եղբայր անհաւատ կին ունի, եւ նա հաճի նորա հետ բնակուել՝ թող նորան չ’թողէ» (Ա Կորնթացիս 7։12)։ Նաև հորդորում է. «Մարդիկ, սիրեցէք ձեր կանանցը» (Կողոսացիս 3։19)։
11. Ինչպե՞ս կարող է ամուսինը լինել խորաթափանց և նրբանկատ իր հավատը չընդունող կնոջ հանդեպ գլխավորություն դրսևորելիս։
11 Եթե կինդ չի կիսում քո հավատը, ապա հատկապես ուշադիր եղիր նրա հանդեպ հարգանք ցուցաբերելու հարցում և հաշվի առ նրա զգացմունքները։ Նա չափահաս մարդ է և, ինչ վերաբերում է իր կրոնական հայացքներին, այդ հարցում որոշակի ազատության իրավունք ունի, նույնիսկ եթե դու համամիտ չես դրանց։ Մի սպասիր, որ հավատիդ մասին նրա հետ մեկ անգամ զրուցելուց հետո նա անմիջապես մի կողմ կդնի իր երկար տարիների համոզմունքները հանուն մի ինչ–որ նոր բանի։ Պետք չէ կտրուկ հայտարարություն անել այն մասին, թե կրոնական սովորույթները, որ տարիներ շարունակ սիրով պահել են ինքն ու իր ընտանիքը, սխալ են. փոխարենը՝ համբերատար կերպով այդ հարցերը միասին քննարկեք Աստվածաշնչից։ Նաև կինդ կարող է իրեն լքված զգալ, եթե շատ ժամանակ ես տրամադրում ժողովի գործերին։ Նա թերևս հակառակվի Եհովային ծառայելու քո ներդրած ջանքերին, մինչդեռ դրա հիմնական պատճառը կարող է լինել լոկ այն, որ նա քո ժամանակի և ուշադրության կարիքն ունի։ Եղիր համբերատար։ Քո սիրառատ հոգատարության շնորհիվ, հնարավոր է, ժամանակի ընթացքում կինդ էլ քեզ միանա ճշմարիտ երկրպագության մեջ (Կողոսացիս 3։12–14; Ա Պետրոս 3։8, 9)։
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
12. Ինչպե՞ս կարելի է աստվածաշնչյան սկզբունքները կիրառել երեխաների դաստիարակության հարցում, չնայած այն բանին, որ ամուսինն ու կինը տարբեր հավատ են դավանում։
12 Կրոնապես բաժանված ընտանիքներում երեխաների դաստիարակության հարցը հաճախ խնդրո առարկա է դառնում։ Այսպիսի դեպքերում ինչպե՞ս կարելի է կիրառել աստվածաշնչյան սկզբունքները։ Ըստ Աստվածաշնչի՝ երեխաների դաստիարակության հարցում հիմնական պատասխանատվությունը պետք է կրի հայրը, սակայն մայրը ևս կարևոր դեր է խաղում (Առակաց 1։8; Ծննդոց 18։19; Բ Օրինաց 11։18, 19)։ Նույնիսկ եթե հայրը չի ընդունում Քրիստոսի գլխավորությունը, միևնույն է, նա է ընտանիքի գլուխը։
13, 14. Ի՞նչ կարող է անել կինը, եթե նրա ամուսինը արգելում է երեխաներին ժողովի հանդիպումներին տանել կամ էլ տանը նրանց հետ Աստվածաշունչ ուսումնասիրել։
13 Անհավատ ամուսիններից ոմանք դեմ չեն, որ մայրը երեխաներին կրոնական հարցերի շուրջ կրթություն տա։ Ոմանք էլ, սակայն, առարկում են։ Ինչպե՞ս վարվել, եթե ամուսինդ թույլ չի տալիս երեխաներին ժողովի հանդիպումներին տանել և նույնիսկ արգելում է տանը նրանց հետ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Այստեղ արդեն պետք է հավասարակշռես քո մի շարք պարտականությունները՝ պարտականություններդ Եհովա Աստծո, ամուսնուդ գլխավորության և քո սիրելի զավակների հանդեպ։ Ինչպե՞ս այս ամենը համատեղել։
14 Ավելորդ է նշել, որ նախ պետք է այդ մասին աղոթես (Փիլիպպեցիս 4։6, 7; Ա Յովհաննէս 5։14)։ Վերջին հաշվով, դո՛ւ ես որոշողը, թե ինչպես վարվել։ Եթե նրբանկատորեն հասկացնես ամուսնուդ, որ ոտնձգություն չես կատարում նրա գլխավորության հանդեպ, ապա ժամանակի ընթացքում գուցե նրա կողմից հակառակությունը նվազի։ Նույնիսկ եթե ամուսինդ արգելում է երեխաներին ժողովի հանդիպումներին տանել կամ տանը նրանց հետ կանոնավորաբար Աստվածաշունչ ուսումնասիրել, միևնույն է, դու կարող ես նրանց կրթել։ Աշխատիր քո ամենօրյա զրույցներով և սեփական վարքով նրանց մեջ որոշ չափով սեր սերմանել դեպի Եհովան, հավատ՝ նրա Խոսքի հանդեպ և հարգանք՝ ծնողների, այդ թվում նաև իրենց հոր հանդեպ։ Նաև սովորեցրու նրանց հոգատար լինել ուրիշների նկատմամբ և գնահատել բարեխղճորեն կատարվող աշխատանքը։ Հնարավոր է՝ ժամանակի ընթացքում ամուսինդ նկատի քո տված դաստիարակության բարի պտուղները և գնահատի ջանքերդ (Առակաց 23։24)։
15. Ի՞նչ պատասխանատվություն է կրում հավատացյալ ամուսինը երեխաների դաստիարակության հարցում։
15 Իսկ եթե դու հավատացյալ ամուսին ես, իսկ կինդ չի ընդունում քո կրոնական համոզմունքները, ապա ինքդ ես կրելու ‘Տիրոջ խրատով եւ ուսումով’ երեխաներին դաստիարակելու պատասխանատվությունը (Եփեսացիս 6։4)։ Դրանով հանդերձ, իհարկե, կնոջդ հանդեպ պետք է լինես բարի, սիրալիր ու ողջամիտ։
ԵԹԵ ԾՆՈՂՆԵՐԴ ԵՆ ԱՅԼ ՀԱՎԱՏԻ ՏԵՐ
16, 17. Աստվածաշնչյան ո՞ր սկզբունքները պետք է հիշեն այն երեխաները, ովքեր իրենց ծնողների կրոնից տարբերվող հավատ են դավանում։
16 Սովորական երևույթ է դարձել, երբ նույնիսկ անչափահաս երեխաներն են ծնողների դավանած կրոնից տարբերվող կրոն ընդունում։ Դու է՞լ ես նրանցից մեկը։ Եթե այո, ապա Աստվածաշունչը քեզ համար ևս խորհուրդ ունի պահած։
17 «Որդիք, հնազանդ եղէք ձեր ծնողներին Տէրով. որ այն է արժանը։ Պատուիր քո հօրը եւ մօրը»,— ասում է Աստծո Խոսքը (Եփեսացիս 6։1, 2)։ Այս պատվիրանը ցույց է տալիս, որ պետք է ծնողների հանդեպ խորը հարգանք ունենալ։ Թեպետ կարևոր է ծնողներին հնազանդ լինելը, բայցև չի կարելի մոռանալ ճշմարիտ Աստծո մասին։ Երբ երեխան արդեն այն տարիքին է, որ կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել, դրա հետ մեկտեղ մեծանում է նաև նրա պատասխանատվությունը իր արարքների համար։ Սա վերաբերում է ոչ միայն աշխարհիկ, այլև Աստծո օրենքները կատարելուն։ «Մեզանից ամեն մէկն իր անձի համար պիտի հաշիւ տա Աստուծուն»,— ասում է Աստվածաշունչը (Հռովմայեցիս 14։12)։
18, 19. Եթե երեխաների ու ծնողների կրոնական համոզմունքները տարբեր են, ինչպե՞ս կարող են նրանք օգնել ծնողներին ավելի լավ հասկանալու իրենց դավանած կրոնը։
18 Եթե նոր համոզմունքների պատճառով պետք է ինչ–որ բան փոխես քո կյանքում, փորձիր հասկանալ ծնողներիդ տեսակետը։ Նրանք հավանաբար ուրախ կլինեն տեսնել, թե աստվածաշնչյան ուսմունքները սովորելու և կիրառելու շնորհիվ ինչպես ես դառնում ավելի հարգալից, ավելի հնազանդ և ծնողներիդ պահանջները կատարելու մեջ ավելի ջանասեր։ Սակայն, եթե նոր հավատիդ պատճառով մերժում ես նաև այն սովորույթներն ու համոզմունքները, որոնք թանկ են ծնողներիդ համար, ապա նրանց կարող է թվալ, թե դու արհամարհում ես այն ժառանգությունը, որ իրենք ջանացել են քեզ փոխանցել։ Եվ բացի այդ, նրանց կարող է մտահոգել նաև քո բարօրությունը, եթե այն, ինչ այժմ անում ես, ընդունված չէ ձեր միջավայրում կամ էլ շեղում է քեզ այն նպատակներից, որոնք, ծնողներիդ կարծիքով, կօգնեին քեզ նյութապես ավելի ապահով կյանք վարել։ Հպարտությունը նույնպես կարող է պատնեշ դառնալ. այնպիսի տպավորություն կարող է ստեղծվել՝ կարծես թե ասում ես, որ դու ճիշտ ես, իսկ իրենք՝ սխալ։
19 Ուստի աշխատիր որքան հնարավոր է շուտ ծնողներիդ ծանոթացնել տեղի ժողովի երեցներից որևէ մեկի կամ էլ որևէ հասուն Վկայի հետ։ Հրավիրիր նրանց Թագավորության սրահ, որպեսզի անձամբ լսեն՝ ինչ է այնտեղ ուսուցանվում, և իրենց աչքերով տեսնեն, թե ինչպիսի մարդիկ են Եհովայի վկաները։ Կարող է պատահել, որ ժամանակի ընթացքում նրանք փոխեն իրենց վերաբերմունքը։ Նույնիսկ եթե ծնողներն անկոտրում են, ոչնչացնում են աստվածաշնչյան գրականությունը և արգելում երեխաներին հաճախել քրիստոնեական հանդիպումներին, կարելի է կարդալու համար այլ տեղեր փնտրել, հավատակիցների հետ զրուցել, ուրիշներին ոչ պաշտոնական վկայություն տալ կամ էլ նրանց օգնություն ցույց տալ։ Դու նաև Եհովային աղոթելու հնարավորությունը ունես։ Որոշ դեռահասներ, նախքան ավելի վճռական քայլերի դիմելը, ստիպված են լինում սպասել՝ մինչև որ կմեծանան և կառանձնանան ծնողներից։ Ինչպիսի իրավիճակ էլ որ լինի տանը, մի մոռանա ‘պատվել քո հորն ու մորը’։ Քո ուժերից եկած ամեն բան արա տան մեջ խաղաղություն պահպանելու համար (Հռովմայեցիս 12։17, 18)։ Եվ որ ամենագլխավորն է՝ խաղաղություն փնտրիր Աստծո հետ։
ԽՈՐԹ ԾՆՈՂ ԼԻՆԵԼԸ ԴԺՎԱՐ ԽՆԴԻՐ Է
20. Ի՞նչ զգացումներ կարող են ունենալ խորթ ծնող ունեցող երեխաները։
20 Շատ ընտանիքներում հաճախ լուրջ խնդիրներ է առաջ բերում ոչ թե կրոնական հայացքների տարբերությունը, այլ ոչ ազգակցական կապը։ Այսօր շատ ընտանիքներում կան երեխաներ, որոնք ծնողներից մեկի կամ միաժամանակ երկուսի նախորդ ամուսնություններից են ծնված։ Նման ընտանիքներում երեխաները երբեմն խանդի կամ վիրավորվածության զգացում են ունենում, կամ էլ գուցե տանջվում են այն մտքից, թե դավաճանում են իրենց հարազատ մորը կամ հորը։ Արդյունքում՝ նրանք չեն ընդունում իրենց խորթ ծնողի լավ հայր կամ մայր լինելու անկեղծ ջանքերը։ Ի՞նչը կարող է օգնել այդպիսի ընտանիքներին հաջողության հասնելու։
Անկախ այն բանից՝ հարազատ ծնող ես, թե՝ խորթ, ընդունիր Աստվածաշնչի առաջնորդությունը
21. Ինչո՞ւ պետք է խորթ ծնողները, անկախ այն յուրահատուկ հանգամանքներից, որում գտնվում են, օգնության համար դիմեն աստվածաշնչյան սկզբունքներին։
21 Պետք է ասել, որ չնայած յուրահատուկ հանգամանքներին՝ այս ընտանիքներում ևս կիրառելի են նույն այն սկզբունքները, որոնք օգնում են հաջողության հասնել այլ ընտանիքներում։ Մի պահ կարող է թվալ, թե այդ սկզբունքները շրջանցելով՝ խնդիրը կարելի է որոշ չափով թեթևացնել, սակայն նման վերաբերմունքը հետագայում, ամենայն հավանականությամբ, միայն հոգեկան տառապանքներ կբերի (Սաղմոս 127։1; Առակաց 29։15)։ Իմաստություն և խորաթափանցություն մշակեք ձեր մեջ. իմաստություն, որպեսզի կիրառեք աստվածային սկզբունքները՝ գիտակցելով, որ դրանք հարատև օգուտներ են բերում, և խորաթափանցություն՝ ըմբռնելու համար, թե ինչու են ընտանիքի անդամները ասում կամ անում այս կամ այն բանը։ Հարկավոր է նաև կարեկից լինել (Առակաց 16։21; 24։3; Ա Պետրոս 3։8)։
22. Ինչո՞ւ են երեխաները երբեմն դժվարանում խորթ ծնողին ընդունել։
22 Եթե դու խորթ ծնող ես, ապա թերևս հիշում ես, թե ինչ ջերմությամբ էին քեզ վերաբերվում երեխաները, երբ դեռ իրենց ընտանիքի ընկերն էիր։ Մինչդեռ, երբ դարձար այդ ընտանիքի անդամը, նրանց վերաբերմունքի մեջ գուցե սկսեցին որոշ փոփոխություններ նկատվել։ Մտածելով իրենց հարազատ ծնողի մասին, որն այլևս իրենց հետ չի ապրում՝ երեխաները գուցե ներքուստ պայքարում են այն մտքի դեմ, թե նրա հանդեպ հավատարմություն չեն պահում, և կարծում են, թե դու փորձում ես իրենցից խլել այն կապվածությունն ու սերը, որ տածում են իրենց հարազատ ծնողի հանդեպ։ Երբեմն նրանք կարող են քեզ բացահայտ կերպով «հիշեցնել», որ դու իրենց հայրը կամ իրենց մայրը չես։ Նման հայտարարությունները մեծ ցավ են պատճառում։ Այնուհանդերձ, «մի շտապիր հոգովդ բարկանալու» (Ժողովող 7։9)։ Երեխաների հոգեկան աշխարհը հասկանալու համար խորաթափանցություն և կարեկցանք է հարկավոր։
23. Ինչպե՞ս կարելի է խրատել ոչ հարազատ երեխաներին։
23 Այս հատկություններն անչափ կարևոր են, երբ հարկավոր է խրատել երեխաներին։ Խրատելու մեջ կարևոր է հետևողական լինել (Առակաց 6։20; 13։1)։ Եվ քանի որ երեխաները տարբերվում են իրարից, ապա դաստիարակությունն էլ պետք է յուրաքանչյուրի դեպքում տարբեր լինի։ Որոշ խորթ ծնողներ այն կարծիքին են, որ լավ կլինի, եթե գոնե սկզբնական շրջանում ծնողական պարտականությունները այդ ոլորտում իր վրա վերցնի հարազատ ծնողը։ Սակայն շատ կարևոր է նաև, որ երկու ծնողն էլ միասնական լինեն դաստիարակությանը վերաբերող հարցերում և պատժելիս խտրականություն չդնեն իրենց հարազատ և խորթ երեխաների միջև (Առակաց 24։23)։ Հնազանդությունը կարևոր է, սակայն պետք է հաշվի առնել նաև այն, որ բոլորս էլ անկատար ենք։ Ծայրահեղության մեջ մի ընկեք և խրատեք երեխաներին սիրո ոգով (Կողոսացիս 3։21)։
24. Ինչպե՞ս կարելի է կանխել բարոյական խնդիրները տարբեր սեռի ներկայացուցիչների միջև խորթ ծնողով ընտանիքներում։
24 Շատ դժվարություններ կարելի է հաղթահարել, եթե դրանք ընտանիքով միասին քննարկեք։ Նման զրույցներն օգնում են կենտրոնանալ առավել կարևոր բաների վրա (համեմատի՛ր Փիլիպպեցիս 1։9–11)։ Նաև հնարավորություն են տալիս յուրաքանչյուր անդամին տեսնելու, թե ինչ կարող են անձամբ անել ընտանիքի ընդհանուր նպատակներին հասնելու համար։ Բացի այդ, ընտանեկան անկեղծ զրույցները կարող են կանխել բարոյականությանը վերաբերող խնդիրները։ Աղջիկներին հարկավոր է օգնել հասկանալու, թե ինչպես պետք է հագնվեն և ինչպես պահեն իրենց խորթ հոր կամ խորթ եղբայրների ներկայությամբ, իսկ տղաներին՝ բացատրել, թե ինչպես պետք է վերաբերվեն իրենց խորթ մորն ու խորթ քույրերին (Ա Թեսաղոնիկեցիս 4։3–8)։
25. Ո՞ր հատկությունները կարող են օգնել խաղաղություն պահպանել այն ընտանիքներում, որտեղ խորթ երեխաներ կան։
25 Խորթ ծնող լինելու դժվարությունները հաղթահարելիս աշխատիր համբերատար լինել։ Նոր փոխհարաբերություններ զարգացնելու համար ժամանակ է հարկավոր։ Արժանանալ քեզ ոչ հարազատ երեխաների սիրուն ու հարգանքին՝ դժվար խնդիր է։ Սակայն դա հնարավոր է։ Այսպիսի ընտանիքներում խաղաղության հասնելու բանալին Եհովային հաճեցնելու խորը ցանկությամբ լի, իմաստուն և խորաթափանց սիրտն է (Առակաց 16։20)։ Այս հատկությունները կօգնեն քեզ ուրիշ խնդիրներ ևս հաղթահարել։
ՆՅՈՒԹԱԿԱՆ ԲԱՐԻՔՆԵՐԻՆ ՀԵՏԱՄՈՒՏ ԼԻՆԵԼԸ ՉԻ՞ ՊԱՌԱԿՏՈՒՄ ԱՐԴՅՈՔ ՁԵՐ ՏՈՒՆԸ
26. Ինչպե՞ս կարող են նյութականի հետ կապված դժվարությունները և դրա նկատմամբ վերաբերմունքը պառակտել ընտանիքը։
26 Նյութականի հետ կապված դժվարություններն ու դրա նկատմամբ վերաբերմունքը կարող են տարբեր կերպերով պառակտել ընտանիքը։ Ցավոք, շատ ընտանիքներ քայքայվում են դրամի շուրջ ծագած վեճերի պատճառով։ Խնդիր կարող է դառնալ նաև հարստանալու՝ թեկուզ փոքր–ինչ նյութապես ապահովված լինելու ձգտումը։ Պառակտում է լինում նաև այն ժամանակ, երբ ամուսինները, որոնք երկուսն էլ աշխատում են, «իմն ու քոնն են անում» դրամի հետ կապված հարցերում։ Նույնիսկ եթե վիճաբանություններ չեն լինում, կողակիցները կարող են աշխատանքային այնպիսի գրաֆիկ ունենալ, որ իրար հատկացնելու ժամանակ համարյա թե չմնա։ Ավելի ու ավելի հաճախ կարելի է լսել, որ հայրերը երկար ժամանակով՝ ամիսներով և նույնիսկ տարիներով, հեռանում են տնից՝ ավելի շատ դրամ վաստակելու նպատակով։ Այս տխուր իրողությունը լուրջ խնդիրներ է առաջ բերում։
27. Ո՞ր սկզբունքները կարող են օգտակար լինել նյութական դժվարություններ կրող ընտանիքներին։
27 Հնարավոր չէ հստակ կանոններ սահմանել, թե նման իրավիճակներում ինչպես վարվել, քանի որ տարբեր ընտանիքներ տարբեր կարիքներ ու տարբեր դժվարություններ ունեն։ Սակայն այստեղ ևս օգնության է հասնում աստվածաշնչյան խորհուրդը։ Օրինակ՝ Առակաց 13։10 համարը (ՆԱ) նշում է, որ անտեղի վիճաբանությունից երբեմն կարելի է խուսափել միմյանց հետ ‘խորհրդակցելով’։ Խորհրդակցել նշանակում է ոչ միայն սեփական տեսակետը ներկայացնել, այլև խորհուրդ փնտրել և պարզել, թե տվյալ հարցի վերաբերյալ ինչ կարծիք ունի դիմացինը։ Բացի այդ, ողջամտության սահմաններում ընտանեկան բյուջե կազմելը կօգնի միավորել ընտանիքի բոլոր անդամների ներդրած ջանքերը։ Երբեմն անհրաժեշտություն է առաջանում, թերևս ժամանակավորապես, որ ամուսինները աշխատեն ընտանիքի լրացուցիչ ծախսերը հոգալու նպատակով, հատկապես, երբ տանը կան երեխաներ կամ իրենց խնամակալության տակ գտնվող այլ մարդիկ։ Նման դեպքերում լավ է՝ ամուսինը վստահեցնի կնոջը, որ անպայման նրան հատկացնելու ժամանակ կգտնի։ Երեխաների հետ միասին նա կարող է սիրով օգնել իր կնոջն այն գործերում, որը նա սովորաբար մենակ է անում (Փիլիպպեցիս 2։1–4)։
28. Ո՞ր հիշեցումները, եթե դրանք իհարկե չմոռացվեն, կօգնեն ընտանիքներին հասնել միասնության։
28 Չմոռանանք, սակայն, որ դրամը թեպետ անհրաժեշտ է իրերի այս համակարգում, սակայն երջանկություն չի բերում։ Եվ, անշուշտ, կյանք էլ չի տալիս (Ժողովող 7։12)։ Իրոք, նյութական բարիքներին չափից մեծ ուշադրություն դարձնելը կարող է մարդուն հոգևոր և բարոյական առումով վնաս հասցնել (Ա Տիմոթէոս 6։9–12)։ Որքա՜ն ավելի լավ է փնտրել Աստծո Թագավորությունն ու նրա արդարությունը՝ միևնույն ժամանակ վստահ լինելով, որ նա կօրհնի մեր ջանքերը կյանքի համար ամենաանհրաժեշտ բաները ձեռք բերելու գործում (Մատթէոս 6։25–33; Եբրայեցիս 13։5)։ Եթե հոգևոր շահերը կյանքում առաջին տեղը դնեք և ձգտեք նախևառաջ Աստծո հետ խաղաղ հարաբերություններ հաստատել, կտեսնեք, որ ձեր ընտանիքը, թեև ինչ–ինչ հարցերում տարաձայնություններ էլ ունենա, ամենակարևոր հարցերում կդառնա միավորված՝ մեկ միասնական ընտանիք։