Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • fy գլ. 16 էջ 183–191
  • Հոգ տարեք, որ ձեր ընտանիքը հուսալի ապագա ունենա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հոգ տարեք, որ ձեր ընտանիքը հուսալի ապագա ունենա
  • Ընտանեկան երջանկության գաղտնիքը
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԻՆՔՆԱՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
  • ՃԻՇՏ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ՝ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ
  • ԵՂԵՔ «ԱՐԱԳ.... ԼՍԵԼՈՒ ՄԷՋ»
  • ՍԻՐՈ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԴԵՐԸ
  • ԱՍՏԾՈ ԿԱՄՔԸ ԿԱՏԱՐՈՂ ԸՆՏԱՆԻՔԸ
  • ԸՆՏԱՆԻՔՆ ՈՒ ՔՈ ԱՊԱԳԱՆ
  • Հարատև ամուսնության երկու բանալիները
    Ընտանեկան երջանկության գաղտնիքը
  • Աստվածապաշտությունն ընտանիքում
    Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն
  • Ամուսնություն. պարգև Աստծուց
    Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ
  • Ամուսնություն՝ պարգև Աստծու կողմից
    «Մնա Աստծու սիրո մեջ»
Ավելին
Ընտանեկան երջանկության գաղտնիքը
fy գլ. 16 էջ 183–191

ԳԼՈՒԽ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Հոգ տարեք, որ ձեր ընտանիքը հուսալի ապագա ունենա

1. Ո՞րն էր Եհովայի նպատակը մարդկային ընտանիքի առնչությամբ։

ԵՐԲ Եհովան ամուսնական կապով միացրեց Ադամին ու Եվային, Ադամն իր ուրախությունն արտահայտեց՝ արտասանելով եբրայերեն լեզվով գրի առնված առաջին բանաստեղծական խոսքերը (Ծննդոց 2։22, 23)։ Սակայն Արարչի նպատակն ավելին էր, քան միայն իր երկրային զավակներին բավականություն պատճառելը։ Նա կամենում էր, որ ամուսնացած զույգերը կատարեին իր կամքը։ Առաջին ամուսիններին նա ասաց. «Աճեցէք եւ շատացէք. եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան. եւ իշխեցէք ծովի ձկների, եւ երկնքի թռչունների վերայ, եւ երկրի վերայ սողացող բոլոր կենդանիների վերայ» (Ծննդոց 1։28)։ Ինչպիսի՜ վեհ ու վարձահատույց առաջադրանք։ Որքա՜ն երջանիկ կլինեին Ադամն ու Եվան, նաև նրանց ապագա զավակները, եթե այդ առաջին զույգը ամենայն հնազանդությամբ կատարեր Եհովայի կամքը։

2, 3. Ինչպե՞ս կարող են ընտանիքները իսկական երջանկություն գտնել այսօր։

2 Այսօր էլ ամենաերջանիկ ընտանիքները նրանք են, որոնց անդամները միասնաբար ձգտում են Աստծո կամքին ներդաշնակ ապրել։ Պողոս առաքյալը գրում է. «Աստուածպաշտութիւնն ամեն բանի համար օգտակար է, ունենալով այժմեան եւ գալու կենաց խոստմունքը» (Ա Տիմոթէոս 4։8)։ Այն ընտանիքները, որ Աստծո հանդեպ նվիրվածություն են ցուցաբերում և հետևում են Աստվածաշնչում գրի առնված Եհովայի առաջնորդությանը, կարող են երջանկություն գտնել «այժմեան» կյանքում (Սաղմոս 1։1–3; 119։105; Բ Տիմոթէոս 3։16)։ Նույնիսկ երբ աստվածաշնչյան սկզբունքները ընտանիքում կիրառում է միայն մեկը, դա ավելի լավ է, քան եթե ոչ մեկը չկիրառեր դրանք։

3 Այս գրքում խոսվեց աստվածաշնչյան մի շարք սկզբունքների մասին, որոնք նպաստում են ընտանեկան երջանկությանը։ Հավանաբար նկատեցիք, որ դրանցից մի քանիսը ավելի հաճախակի են հիշատակվում գրքի էջերում, քան մյուսները։ Պատճառն այն է, որ յուրաքանչյուրն իրենից մի զորեղ ճշմարտություն է ներկայացնում, որը գործում է ընտանեկան կյանքի ամենատարբեր ոլորտներում՝ հօգուտ բոլորի։ Եթե ընտանիքները ձգտեն կյանքում կիրառել աստվածաշնչյան այդ սկզբունքները, ապա կտեսնեն, որ Աստծո հանդեպ նվիրվածությունն իրոք «այժմեան.... կենաց խոստմունք[ն]» ունի։ Եկե՛ք մեկ անգամ ևս անդրադառնանք այդ կարևոր սկզբունքներից միայն չորսին։

ԻՆՔՆԱՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

4. Ինչո՞ւ է ինքնատիրապետումը խիստ կարևոր ամուսնական կյանքում։

4 Սողոմոն թագավորը գրել է. «Քանդուած անպարիսպ քաղաք է այն մարդը, որ չէ զսպում իր ոգին» (Առակաց 25։28; 29։11)։ «Իր ոգին» զսպել, այլ կերպ ասած՝ ինքնատիրապետում դրսևորել կարևոր է նրանց համար, ովքեր ցանկանում են ամուսնական կյանքում երջանիկ լինել։ Տրվելով այնպիսի կործանարար զգացմունքների, ինչպիսիք են, օրինակ, զայրույթն ու կիրքը՝ ամուսնությանը կարելի է այնպիսի ջախջախիչ հարված հասցնել, որի հետքերը վերացնելու համար տարիներ կպահանջվեն, եթե, իհարկե, դա ընդհանրապես հնարավոր լինի։

5. Ինչպե՞ս կարող է անկատար մարդը ինքնատիրապետում զարգացնել իր մեջ, և ինչպիսի՞ օգուտներ է դա բերում։

5 Ճիշտ է, Ադամի սերնդից և ոչ մեկը ի վիճակի չէ ամբողջությամբ կառավարելու իր անկատար մարմինը (Հռովմայեցիս 7։21, 22)։ Բայց և այնպես, ինքնատիրապետումը՝ ժուժկալությունը, Աստծո սուրբ ոգու պտուղը կազմող հատկություններից է (Գաղատացիս 5։22, 23)։ Ուստի եթե աղոթքով խնդրենք Աստծուն այդ հատկությունն ունենալու համար, կյանքում կիրառենք դրա վերաբերյալ Աստվածաշնչում արձանագրված խորհուրդները, շփվենք այնպիսի մարդկանց հետ, ովքեր նույնպես դրսևորում են այդ հատկությունն ու խուսափենք նրանցից, ովքեր չունեն այն, ապա Աստծո ոգին մեզ էլ կօգնի մեր մեջ ինքնատիրապետում զարգացնել (Սաղմոս 119։100, 101, 130; Առակաց 13։20; Ա Պետրոս 4։7)։ Այս ամենը կօգնի մեզ ‘փախչել պոռնկությունից’, նույնիսկ այնպիսի իրավիճակներում, երբ փորձվում ենք (Ա Կորնթացիս 6։18)։ Մենք հեռու կմնանք բռնությունից, կխուսափենք ալկոհոլիզմից կամ կհաղթահարենք այն։ Նաև ավելի հանդարտորեն կարձագանքենք սադրանքներին, կկարողանանք մեզ հանգիստ պահել դժվարին իրավիճակներում։ Եկե՛ք, ուրեմն, բոլորս՝ թե՛ մեծ, թե՛ փոքր, սովորենք մեր մեջ աճեցնել սուրբ ոգու բաղկացուցիչ մասը կազմող այս կարևոր պտուղը (Սաղմոս 119։1, 2)։

ՃԻՇՏ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ՝ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ

6. ա) Գլխավորության ի՞նչ հերթականություն է Աստված սահմանել։ բ) Ինչի՞ մասին պետք է հիշի տղամարդը, եթե ցանկանում է, որ իր բանեցրած գլխավորությունը երջանկություն բերի ընտանիքին։

6 Երկրորդ կարևոր սկզբունքը գլխավորությունը ճանաչելն է։ Պողոս առաքյալը գլխավորության պատշաճ հերթականությունը նկարագրել է հետևյալ խոսքերով. «Կամենում եմ որ դուք գիտենաք, թէ ամեն մարդի գլուխը Քրիստոսն է, եւ կնկայ գլուխը՝ մարդը, եւ Քրիստոսի գլուխն՝ Աստուած» (Ա Կորնթացիս 11։3)։ Սա նշանակում է, որ ընտանիքում տղամարդն առաջնորդություն է վերցնում, կինը հավատարմորեն աջակցում է նրան, իսկ երեխաները հնազանդվում են ծնողներին (Եփեսացիս 5։22–25, 28–33; 6։1–4)։ Նկատենք, սակայն, որ գլխավորությունը նպաստում է երջանկությանը միայն այն դեպքում, եթե ճիշտ է գործադրվում։ Աստծուն նվիրված տղամարդիկ գիտեն, որ գլխավորություն դրսևորել՝ չի նշանակում լինել իշխող։ Նրանք ընդօրինակում են իրենց Գլխին՝ Հիսուս Քրիստոսին։ Թեև Հիսուսը պետք է լիներ «գլուխ.... բոլոր բաների վերայ», նա «չ’եկաւ որ իրան ծառայեն, այլ որ ինքը ծառայէ» (Եփեսացիս 1։22; Մատթէոս 20։28)։ Համանման կերպով, քրիստոնյա տղամարդը գլխավորությունն օգտագործում է ոչ թե հանուն իր շահի, այլ հօգուտ իր կնոջ և երեխաների (Ա Կորնթացիս 13։4, 5)։

7. Աստվածաշնչյան ո՞ր սկզբունքները կօգնեն կնոջը իրագործելու իր աստվածատուր դերն ընտանիքում։

7 Իր հերթին՝ Աստծուն նվիրված կինը չի ձգտում մրցակցել ամուսնու հետ կամ էլ իշխել նրա վրա։ Նա ուրախությամբ աջակցում է ամուսնուն ու համագործակցում նրա հետ։ Աստվածաշնչում կնոջ մասին երբեմն ասվում է, որ նա պատկանում է իր ամուսնուն. իսկ սա բացահայտորեն վկայում է այն մասին, թե ով է կնոջ գլուխը (Ծննդոց 20։3)։ Ամուսնանալով՝ կինը մտնում է իր «մարդի օրէնքի» տակ (Հռովմայեցիս 7։2)։ Սակայն, միևնույն ժամանակ, Աստվածաշունչը նրան կոչում է նաև «օգնական» և «լրացում» (ՆԱ) (Ծննդոց 2։20)։ Կինը ամուսնուն լրացնում է, քանի որ այնպիսի հատկություններով և ունակություններով է օժտված, որոնք թույլ են արտահայտված ամուսնու մեջ, և այդ առումով նա ամուսնուն անհրաժեշտ օգնություն է ցույց տալիս (Առակաց 31։10–31)։ Աստվածաշնչում խոսվում է նաև այն մասին, որ կինն ամուսնու «ընկերն է» և ուս–ուսի տված աշխատում է նրա հետ (Մաղաքիա 2։14)։ Աստվածաշնչյան այս սկզբունքներն օգնում են ամուսնուն և կնոջը ըմբռնելու, թե ինչ դիրք ունի յուրաքանչյուրը, և պատշաճ հարգանքով ու արժանապատվությամբ վերաբերվելու իրար։

ԵՂԵՔ «ԱՐԱԳ.... ԼՍԵԼՈՒ ՄԷՋ»

8, 9. Բացատրեք որոշ սկզբունքներ, որոնք օգնում են ընտանիքի բոլոր անդամներին բարելավելու իրենց հաղորդակցվելու ունակությունները։

8 Մեր այս գրքում մեկ անգամ չէ, որ հիշատակեցինք հաղորդակցության անհրաժեշտությունը։ Ինչո՞ւ։ Որովհետև խնդիրները հեշտ են լուծվում, երբ մարդիկ զրուցում են իրար հետ և մեկը մյուսին ուշադրությամբ լսում։ Նորից ու նորից ընդգծվեց այն միտքը, որ հաղորդակցությունը նման է երկկողմանի երթևեկությամբ փողոցի։ Հակոբոս աշակերտն այդ միտքն արտահայտել է հետևյալ կերպ. «Թող ամեն մարդ շուտ լինի լսելու համար, եւ ծանր՝ խօսելու համար, եւ ծանր՝ բարկանալու համար» (Յակոբոս 1։19)։

9 Հարկավոր է նաև ուշադիր լինել, թե ինչպե՛ս ենք խոսում։ Չմտածված, անհեթեթ ու ծայրահեղ քննադատական խոսքերը բոլորովին չեն նպաստում հաղորդակցությանը (Առակաց 15։1; 21։9; 29։11, 20)։ Նույնիսկ եթե մենք ճիշտ ենք, մեր խոսքերն ավելի շատ վնաս, քան օգուտ կարող են պատճառել, եթե ասվեն սառնորեն, գոռոզաբար, կամ անտարբեր տոնով։ Մեր խոսքը պետք է «աղով համեմած լինի», իսկ մեր արտասանած բառերը՝ «ոսկի խնձորներ.... արծաթի զարդերի մէջ» (Կողոսացիս 4։6; Առակաց 25։11)։ Այն ընտանիքները, որտեղ բոլորը սովորում են լավ հաղորդակցվել, մեծ քայլ են կատարում դեպի երջանկություն տանող ճանապարհը։

ՍԻՐՈ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԴԵՐԸ

10. Սիրո ո՞ր տեսակն է կարևոր դեր խաղում ամուսնական կյանքում։

10 Այս գրքի էջերում բազմաթիվ անգամներ հանդիպում է «սեր» բառը։ Հիշո՞ւմ եք, թե սիրո ո՛ր տեսակն է հիշատակվում առաջին հերթին։ Ճիշտ է, որ ամուսնական կյանքում կարևոր դեր է խաղում ռոմանտիկ սերը (հունարեն՝ է՛րոս)։ Բացի այդ, հաջող ամուսնության մեջ ամուսինների միջև խոր կապվածություն և մտերմություն է առաջանում (հունարեն՝ ֆիլի՛ա)։ Սակայն շատ ավելի կարևոր է հունարեն ագա՛պե բառով արտահայտված սերը։ Սա այն սերն է, որ մենք զարգացնում ենք Եհովայի, Հիսուսի և մեր մերձավորի հանդեպ (Մատթէոս 22։37–39)։ Սա այն սերն է, որով Եհովա Աստված սիրում է մարդկանց (Յովհաննէս 3։16)։ Մի՞թե հրաշալի չէ, որ կարող ենք այդպիսի սեր դրսևորել մեր կյանքի ընկերոջ և մեր երեխաների հանդեպ (Ա Յովհաննէս 4։19)։

11. Ինչպե՞ս է սերը նպաստում ընտանիքի բարօրությանը։

11 Ամուսնության մեջ սիրո այս վեհ տեսակը իրոք որ «միասնության կատարյալ կապն է» (Կողոսացիս 3։14, ՆԱ)։ Այն միաձուլում է ամուսիններին և նրանց մեջ ցանկություն արթնացնում՝ ամեն բան անելու միմյանց և իրենց զավակների բարօրության համար։ Երբ ընտանիքը դժվարությունների է բախվում, սերն օգնում է նրանց միասնաբար հաղթահարելու խնդիրները։ Եվ երբ ամուսինները մեծանում են, սերն օգնում է նրանց մեկմեկու թիկունք լինել և իրար գնահատել։ «Սէրը.... իրը չէ որոնում.... Ամեն բանի դիմանում է. ամեն բան հաւատում է, ամեն բանի համար յոյս ունի, ամեն բանի համբերում է։ Սէրը երբէք չի վերջանալ» (Ա Կորնթացիս 13։4–8)։

12. Ինչո՞ւ է Աստծո հանդեպ ամուսինների ունեցած սերն ամրացնում ամուսնական կապը։

12 Ամուսնական կապը հատկապես ամուր է լինում, երբ այն հաստատված է ոչ միայն կողակիցների՝ միմյանց նկատմամբ ունեցած սիրով, այլև գլխավորաբար Եհովայի հանդեպ նրանցից յուրաքանչյուրի ունեցած սիրով (Ժողովող 4։9–12)։ Ինչո՞ւ։ Կարդանք Հովհաննես առաքյալի խոսքերը. «Սա է Աստուծոյ սէրը որ նորա պատուիրանքները պահենք. եւ նորա պատուիրանքները ծանր չեն» (Ա Յովհաննէս 5։3)։ Ուստի ամուսինները պետք է աստվածավախություն սերմանեն իրենց երեխաների մեջ ոչ թե լոկ այն պատճառով, որ սիրում են նրանց, այլ որ Եհովան է դա պատվիրում (Բ Օրինաց 6։6, 7)։ Նրանք պետք է հեռու մնան անբարոյականությունից ոչ միայն միմյանց նկատմամբ ունեցած սիրո համար, այլև գլխավորապես Եհովայի հանդեպ սիրուց մղված. նա է, որ «պիտի դատէ պոռնիկներն ու շնացողները» (Եբրայեցիս 13։4, ԱԱ)։ Նույնիսկ եթե ամուսիններից մեկը լուրջ խնդիրների պատճառ է դառնում ամուսնական կյանքում, Եհովայի հանդեպ սերը կմղի մյուս կողակցին շարունակելու կյանքում կիրառել աստվածաշնչյան սկզբունքները։ Հիրավի, երջանիկ են այն ընտանիքները, որտեղ փոխադարձ սերը ամրապնդվում է Եհովայի նկատմամբ նրանց ունեցած սիրով։

ԱՍՏԾՈ ԿԱՄՔԸ ԿԱՏԱՐՈՂ ԸՆՏԱՆԻՔԸ

13. Ինչպե՞ս կարող է Աստծո կամքը կատարելու վճռականությունն օգնել անհատին իր հայացքը իսկապես կարևոր բաների վրա կենտրոնացնելու։

13 Քրիստոնյայի ողջ կյանքը կենտրոնացած է Աստծո կամքը կատարելու վրա (Սաղմոս 143։10)։ Հենց սա է Աստծո հանդեպ նվիրվածություն դրսևորելը։ Աստծո կամքը կատարելը օգնում է ընտանիքներին իրենց հայացքը կենտրոնացնել իսկապես կարևոր բաների վրա (Փիլիպպեցիս 1։9, 10)։ Օրինակ՝ Հիսուսը նախազգուշացրեց. «Եկայ բաժանելու մարդն իր հօր դէմ, եւ աղջիկն՝ իր մօր դէմ, եւ հարսն՝ իր սկեսրի դէմ։ Եւ մարդի թշնամիներն իր ընտանիքը կ’լինին» (Մատթէոս 10։35, 36)։ Հիսուսի խոսքերի ճշմարտացիությունը երևում է այն բանից, որ նրա հետևորդներից շատերը հալածանքներ են կրել իրենց իսկ ընտանիքի անդամների կողմից։ Իրոք որ՝ ցավալի ու տխուր իրողություն։ Սակայն ընտանեկան կապերը չպետք է ավելի բարձր դասվեն Եհովա Աստծո և Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր ունեցած սիրուց (Մատթէոս 10։37–39)։ Եթե անհատը, ընտանիքի կողմից հակառակության հանդիպելով հանդերձ, մնում է ամուր ու հաստատուն իր հավատի մեջ, հակառակվողները, տեսնելով Աստծո հանդեպ նվիրվածության բարի պտուղները, գուցեև փոխվեն (Ա Կորնթացիս 7։12–16; Ա Պետրոս 3։1, 2)։ Նույնիսկ եթե դա տեղի չունենա, միևնույն է, անհատը հարատև օգուտներ չի ստանա, եթե հակառակության պատճառով դադարի Աստծուն ծառայել։

14. Ինչպե՞ս կարող է Աստծո կամքը կատարելու ձգտումն օգնել ծնողներին լավագույնն անելու հօգուտ իրենց զավակների։

14 Աստծո կամքը կատարելն օգնում է ծնողներին ճիշտ որոշումներ կայացնել։ Օրինակ՝ որոշ մշակույթներում ծնողները երեխաներին նայում են որպես դրամի շահավետ ներդրման աղբյուրի՝ հուսալով, որ վերջիններս հոգ կտանեն իրենց մասին, երբ իրենք ծերանան։ Ու թեև ճիշտ է ու արդարացի, որ հասակ առած երեխաները իսկապես պետք է հոգ տանեն իրենց տարեց ծնողներին, սակայն դրանից ելնելով՝ ծնողները չպետք է երեխաներին քաջալերեն նյութապաշտական ապրելակերպի։ Նրանք ոչ մի օգուտ չեն տա իրենց զավակներին, եթե սովորեցնեն, որ նյութական բարիքները հոգևորից ավելի մեծ արժեք ունեն (Ա Տիմոթէոս 6։9)։

15. Ի՞նչ առումով է Տիմոթեոսի մայր Եվնիկեն Աստծո կամքը կատարող ծնողի գերազանց օրինակ եղել։

15 Այս առումով հիանալի օրինակ է ծառայում Եվնիկեն՝ Պողոս առաքյալի երիտասարդ բարեկամ Տիմոթեոսի մայրը (Բ Տիմոթէոս 1։5)։ Թեև Եվնիկեի ամուսինն անհավատ էր, սակայն նա իր մոր՝ Լոիդայի հետ միասին որդուն մեծացրել էր որպես Աստծուն նվիրված ծառա (Բ Տիմոթէոս 3։14, 15)։ Երբ Տիմոթեոսն արդեն բավականին մեծ էր, Եվնիկեն թույլ էր տվել նրան հեռանալ տնից և համագործակցել Պողոս առաքյալի հետ՝ մասնակցելով Թագավորության քարոզչությանը միսիոներական ծառայության մեջ (Գործք 16։1–5)։ Որքա՜ն է ուրախացել Եվնիկեն՝ տեսնելով, թե ինչ միսիոներ է դարձել որդին։ Վաղ տարիքում ստացած դաստիարակությունը մեծապես նպաստել է, որ արդեն չափահաս տարիքում նա Աստծուն նվիրված անձնավորություն դառնա։ Ինչ խոսք, Եվնիկեն մեծ բավականություն և ուրախություն էր ստանում, երբ լսում էր Տիմոթեոսի հավատարիմ ծառայության մասին, չնայած այն բանին, որ հավանաբար կարոտում էր իր որդուն (Փիլիպպեցիս 2։19, 20)։

ԸՆՏԱՆԻՔՆ ՈՒ ՔՈ ԱՊԱԳԱՆ

16. Ի՞նչ պատշաճ հոգատարություն էր դրսևորում Հիսուսը որպես զավակ, սակայն ո՞րն է եղել նրա գլխավոր նպատակը։

16 Հիսուսը մեծացել ու դաստիարակվել էր աստվածավախ ընտանիքում և, դառնալով հասուն մարդ, որդիական հոգատարությամբ էր վերաբերվում մորը (Ղուկաս 2։51, 52; Յովհաննէս 19։26)։ Սակայն նրա կյանքի գլխավոր նպատակը Աստծո կամքը կատարելն էր, իսկ իր համար դա նշանակում էր՝ մարդկության առջև բաց անել հավիտենական կյանքի տանող ուղին։ Հիսուսն այդ նպատակն իրագործեց՝ իր կատարյալ մարդկային կյանքը մեղավոր մարդկության համար որպես փրկանք տալով (Մարկոս 10։45; Յովհաննէս 5։28, 29)։

17. Հիսուսի կատարած քայլով ի՞նչ փառահեղ հեռանկարներ են բացվել Աստծո կամքը կատարողների առջև։

17 Հիսուսի մահից հետո Եհովան նրան հարություն տվեց դեպի երկնային կյանքի և մեծ իշխանությամբ օժտեց՝ հետագայում նրան գահ բարձրացնելով որպես երկնային Թագավորության Թագավոր (Մատթէոս 28։18; Հռովմայեցիս 14։9; Յայտնութիւն 11։15)։ Հիսուսի զոհաբերությամբ հնարավորություն ընձեռվեց, որ որոշ մարդիկ ընտրվեն՝ Թագավորության մեջ իր իշխանակիցները լինելու։ Այն նաև ճանապարհ բացեց մնացած արդարամիտ մարդկանց առջև՝ երկրի վրա վերականգնված դրախտային պայմաններում կատարյալ կյանքի հեռանկարն ունենալու (Յայտնութիւն 5։9, 10; 14։1, 4; 21։3–5; 22։1–4)։ Այսօր մեր ունեցած մեծագույն առանձնաշնորհումներից մեկն է այդ փառահեղ բարի լուրը հայտնել մեզ շրջապատող մարդկանց (Մատթէոս 24։14)։

18. Ի՞նչ հիշեցումներ և ի՞նչ քաջալերանք է տրվում ինչպես ամբողջական ընտանիքներին, այնպես էլ առանձին անհատներին։

18 Ինչպես ժամանակին ցույց է տվել Պողոս առաքյալը, Աստծո հանդեպ նվիրվածությունը երաշխիք է «գալու կենաց խոստմունք[ի]» օրհնությունները վայելելու։ Անշուշտ, սա երջանկություն գտնելու լավագույն ուղին է։ Հիշեք. «Աշխարհքը անցնում է եւ նորա ցանկութիւնն էլ, բայց Աստուծոյ կամքն անողը մնում է յաւիտեան» (Ա Յովհաննէս 2։17)։ Ուստի երեխա ես արդյոք, թե ինքդ երեխաներ ունես, ամուսին ես, թե կին, կամ գուցե միայնակ ես՝ երեխաներով կամ առանց երեխաների, ջանա՛ կատարելու Աստծո կամքը։ Անգամ եթե ճնշման տակ ես կամ խիստ դժվարություններ ես կրում, երբեք մի՛ մոռացիր, որ դու կենդանի Աստծո ծառա ես։ Թող որ քո կատարած բոլոր քայլերն ուրախացնեն Եհովայի սիրտը (Առակաց 27։11)։ Եվ թող որ քո ապրելակերպը երջանկություն բերի քեզ այսօր և հավիտենական կյանք՝ գալիք նոր աշխարհում։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՕԳՆԵԼ...ԸՆՏԱՆԻՔԻԴ՝ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ

Կարող ենք մեր մեջ ինքնատիրապետում զարգացնել (Գաղատացիս 5։22, 23)։

Գլխավորության հանդեպ ճիշտ տեսակետ ունենալով՝ թե՛ ամուսինը և թե՛ կինը ընտանիքի բարօրության օգտին են գործում (Եփեսացիս 5։22–25, 28–33; 6։4)։

Հաղորդակցվել՝ նշանակում է նաև լսել (Յակոբոս 1։19)։

Սերը Եհովայի հանդեպ ամրացնում է ամուսնական կապը (Ա Յովհաննէս 5։3)։

Աստծո կամքը կատարելը ընտանիքի ամենակարևոր նպատակն է (Սաղմոս 143։10; Ա Տիմոթէոս 4։8)։

ԱՄՈՒՐԻՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎԸ

Ոչ բոլորն են ամուսնանում։ Եվ ոչ բոլոր ամուսնացած զույգերն են որոշում երեխաներ ունենալ։ Հիսուսն ինքը ամուրի էր և ամուրիության մասին խոսեց որպես պարգևի, եթե այն նախընտրում են «երկնքի արքայութեան համար» (Մատթէոս 19։11, 12)։ Պողոս առաքյալը նույնպես նախընտրել էր ամուրի մնալ։ Ինչպես ամուրիության, այնպես էլ ամուսնության մասին նա գրել էր, որ երկուսն էլ «պարգև» են (Ա Կորնթացիս 7։7, 8, 25–28, ԱԱ)։ Ուստի թեև այս գրքում հիմնականում քննարկվում են ամուսնության և երեխաների դաստիարակության հետ կապված հարցեր, չմոռանանք այն հնարավոր օրհնությունների ու վարձատրությունների մասին, որ կարող են ունենալ նրանք, ովքեր ամուրի են, կամ էլ ամուսնացած են, սակայն երեխաներ չունեն։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը