Կարո՞ղ ես ծառայել կիրակի օրերին
1. Ի՞նչ կարող ենք սովորել Փիլիպպեում Պողոսի ու իր համագործակիցների կատարած գործերից։
1 Շաբաթ էր։ Սա այն օրն էր, երբ Փիլիպպեում ապրող հրեաներից շատերը հանգստանում էին։ Պողոսը և նրա համագործակիցները եկել էին այս քաղաք միսիոներական ճանապարհորդություններից մեկի ընթացքում։ Ոչ ոք չէր կարող քննադատել նրանց, եթե նրանք էլ որոշեին այդ օրը մի լավ հանգստանալ։ Նրանք գիտեին, որ հրեաները քաղաքից դուրս հավաքվում են՝ աղոթելու։ Ուստի այս առիթն օգտագործեցին այդ մարդկանց քարոզելու համար։ Որքա՜ն ուրախ էին Պողոսն ու իր համագործակիցները, երբ Լիդիան լսեց ճշմարտությունը և իր տնեցիների հետ միասին մկրտվեց (Գործ. 16։13–15)։ Քանի որ այսօր էլ շատերը հանգստանում են կիրակի օրերին, լավ կլինի այդ օրվա մի մասը հատկացնել քարոզելուն։
2. Ի՞նչ դժվարությունների միջով է անցել Եհովայի ժողովուրդը, որ կարողանա առանց խոչընդոտների քարոզել կիրակի օրերին։
2 Պայքար՝ կիրակի օրերի ծառայությունը դադարեցնելու համար։ 1927թ.-ին Եհովայի ժողովուրդը հորդոր ստացավ կիրակի օրվա մի մասը հատկացնել ծառայությանը։ Սակայն դա անմիջապես հակառակության մեծ ալիք բարձրացրեց։ Միացյալ Նահանգներում շատերին ձերբակալեցին կիրակի օրերին Շաբաթը խախտելու, բնակչության հանգիստը խանգարելու և առանց արտոնագրի հոգևոր գրականություն վաճառելու համար։ Բայց Եհովայի ժողովուրդը չհանձնվեց։ 1930-ական թվականներին նրանք կազմակերպեցին «խմբակային քարոզարշավներ», ինչի շնորհիվ շրջակա ժողովների քարոզիչները հնարավորություն կունենային հավաքվելու, որպեսզի «հնձեն» ողջ տարածքը։ Երբեմն, երբ քարոզիչներին ձերբակալում էին, նրանց թիվն այնքան մեծ էր լինում, որ իշխանությունները անզոր էին ինչ-որ բան անելու։ Մի՞թե գնահատանքով չես լցվում այն եղբայրների ու քույրերի հանդեպ, ովքեր գնացել են այսպիսի զոհողությունների, որպեսզի մենք կարողանանք առանց խոչընդոտների քարոզել կիրակի օրերին։
3. Ինչո՞ւ է կիրակին լավ օր ծառայելու համար։
3 Հրաշալի օր քարոզելու համար։ Շատերը կիրակի օրերին չեն աշխատում և սովորաբար լարված չեն լինում։ Իսկ եկեղեցի հաճախողներից ոմանք այդ օրը թերևս ավելի հակված են լինում խոսելու Աստծու մասին։ Եթե կիրակի օրը ժողովի հանդիպման ենք գնալու, ապա այսպես թե այնպես մեր հագուկապը հարմար կլինի նաև ծառայության համար, հետևաբար կարող ենք հանդիպումից առաջ կամ հետո ծառայություն ծրագրել։ Անհրաժեշտության դեպքում կարող ես ուտելու բան վերցնել քեզ հետ։
4. Ի՞նչ կզգանք, եթե կիրակի օրվա մի մասը հատկացնենք ծառայությանը։
4 Նույնիսկ եթե կիրակի օրվա մի մասը տրամադրենք ծառայությանը, միևնույնն է, մեզ համար անհրաժեշտ հանգստի ժամանակ կմնա։ Բացի այդ, մենք ոչ միայն կհանգստանանք, այլև բավարարվածության զգացում կունենանք, քանի որ մասնակցել ենք սուրբ ծառայությանը (Առակ. 19։23)։ Ավելին, գուցե նաև վայելենք այն ուրախությունը, որ գալիս է Լիդիայի նման անհատների հանդիպելուց։