Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • bt գլ. 16 էջ 124–132
  • «Անցիր Մակեդո՛նիա»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Անցիր Մակեդո՛նիա»
  • «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Աստված կանչել է մեզ» (Գործեր 16։6-15)
  • «Ամբոխը նրանց դեմ դուրս եկավ» (Գործեր 16։16-24)
  • «Առանց հապաղելու մկրտվեցին» (Գործեր 16։25-34)
  • «Գաղտնի՞ են մեզ դուրս հանում» (Գործեր 16։35-40)
  • «Աստծու խաղաղությունը.... գերազանցում է ամեն միտք»
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Բանտապահը իմանում է ճշմարտությունը
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Աստվածաշնչի գիրք համար 50. Փիլիպպեցիներ
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Աստվածաշնչի գիրք համար 44. Գործեր
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
Ավելին
«Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
bt գլ. 16 էջ 124–132

ԳԼՈՒԽ 16

«Անցիր Մակեդո՛նիա»

Պողոսն ու նրա ուղեկիցներն օրհնվում են նոր նշանակումն ընդունելու և հալածանքին ուրախությամբ դիմագրավելու շնորհիվ

Գործեր 16։6-40

1-3. ա) Սուրբ ոգին ինչպե՞ս առաջնորդեց Պողոսին ու նրա ուղեկիցներին։ բ) Ի՞նչ դեպքեր ենք քննելու։

ՄԻ ԽՈՒՄԲ կանայք դուրս են գալիս Մակեդոնիայի Փիլիպպե քաղաքից։ Որոշ ժամանակ անց նրանք հասնում են Գանգիտես գետի մոտ։ Իրենց սովորության համաձայն՝ այդ կանայք նստում են գետափին ու սկսում են աղոթել Եհովային, ով վերևից դիտում է այդ ամենը (2 Տար. 16։9; Սաղ. 65։2)։

2 Այդ ընթացքում մի խումբ տղամարդիկ դուրս են գալիս Գաղատիայի Լյուստրա քաղաքից, որը գտնվում է Փիլիպպեից ավելի քան 800 կմ (500 մղոն) դեպի արևելք։ Օրեր անց նրանք հասնում են հռոմեական մի քարաշեն ճանապարհի, որը տանում է դեպի արևմուտք՝ Ասիա պրովինցիայի ամենախիտ բնակեցված շրջանը։ Այդ տղամարդիկ են Պողոսը, Շիղան և Տիմոթեոսը։ Նրանք ուզում են գնալ Եփեսոսի և շրջակա քաղաքների ուղղությամբ, որտեղ հազարավոր մարդիկ բարի լուրի կարիքն ունեն։ Սակայն սուրբ ոգին արգելում է այդ եղբայրներին գնալ այնտեղ, բայց թե ինչպես, Աստվածաշունչը չի նշում։ Ամեն դեպքում նրանց չի թույլատրվում քարոզել Ասիայում։ Ինչո՞ւ։ Հիսուսը Եհովայի ոգու միջոցով ցույց է տալիս, որ Պողոսն ու նրա ուղեկիցները պետք է ճամփորդեն Փոքր Ասիայով, հատեն Էգեյան ծովը և հասնեն Գանգիտես գետի ափերին։

3 Մենք կարող ենք բազում արժեքավոր դասեր քաղել՝ խորհելով այն մասին, թե Հիսուսն ինչպես առաջնորդեց Պողոսին ու նրա ծառայակիցներին դեպի Մակեդոնիա։ Ուստի քննենք մի քանի այլ դեպքեր, որոնք տեղի ունեցան Պողոսի երկրորդ միսիոներական շրջագայության ժամանակ, որը սկսվել է մ. թ. մոտ 49 թ.-ին։

«Աստված կանչել է մեզ» (Գործեր 16։6-15)

4-5. ա) Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Պողոսն ու նրա ուղեկիցները մոտեցան Բութանիային։ բ) Ի՞նչ որոշում կայացրին եղբայրները, և դա ի՞նչ արդյունք բերեց։

4 Երբ սուրբ ոգին արգելեց Պողոսին ու նրա ուղեկիցներին ծառայել Ասիայում, նրանք շարժվեցին դեպի հյուսիս, որ քարոզեն Բութանիայի քաղաքներում։ Նրանք մի քանի օր քայլեցին խորդուբորդ արահետներով, անցան նոսր բնակեցված Փռյուգիայի և Գաղատիայի շրջաններով, ու երբ վերջապես մոտեցան Բութանիային, Հիսուսը սուրբ ոգու միջոցով նորից կանգնեցրեց նրանց (Գործ. 16։6, 7)։ Եղբայրները շփոթության մեջ էին։ Նրանք գիտեին, թե ինչ և ինչպես պետք է քարոզեն, սակայն չգիտեին, թե որտեղ։ Կարելի է ասել, որ նրանք սկզբում թակեցին Ասիա տանող դուռը, բայց նրանց ներս չհրավիրեցին։ Ապա թակեցին Բութանիայի դուռը։ Դարձյալ՝ ապարդյուն։ Բայց Պողոսը վճռել էր թակել այնքան ժամանակ, մինչև որևէ դուռ բացվեր։ Ուստի եղբայրները անտրամաբանական թվացող մի որոշում կայացրին։ Նրանք ուղևորվեցին դեպի արևմուտք, քայլեցին մոտ 550 կմ (350 մղոն)՝ շրջանցելով ճանապարհին եղած քաղաքները, և հասան Տրովադա։ Դա այն դուռն էր, որը տանում էր դեպի Մակեդոնիա (Գործ. 16։8)։ Պողոսն այս երրորդ դուռն էլ թակեց։ Եվ ի՞նչ։ Այս անգամ այն լայնորեն բացվեց։

5 Տրովադայում նրանց միացավ ավետարանագիր Ղուկասը։ Նա գրել է. «Գիշերը մի տեսիլք երևաց Պողոսին. մի մակեդոնացի մարդ կանգնած աղաչում էր նրան. «Անցիր Մակեդո՛նիա և օգնի՛ր մեզ»։ Հենց որ նա տեսիլքը տեսավ, մենք ուզեցինք առաջ գնալ դեպի Մակեդոնիա՝ եզրակացնելով, որ Աստված կանչել է մեզ, որպեսզի բարի լուրը հռչակենք նրանց»a (Գործ. 16։9, 10)։ Վերջապես Պողոսն իմացավ, թե որտեղ է քարոզելու։ Ի՜նչ լավ էր, որ նա չվհատվեց ու ճանապարհի կեսից հետ չդարձավ։ Առանց ժամանակ կորցնելու՝ այս չորս եղբայրները նավարկեցին դեպի Մակեդոնիա։

Պողոս առաքյալն ու Տիմոթեոսը կանգնած են նավի վրա։ Տիմոթեոսը ինչ-որ բան է մատնացույց անում հեռվում, իսկ նավաստիները կատարում են իրենց աշխատանքը

«Տրովադայից ծով դուրս [եկանք]» (Գործեր 16։11)

6-7. ա) Ի՞նչ ենք սովորում Պողոսի հետ պատահածից։ բ) Ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել՝ ի մտի ունենալով Պողոսի օրինակը։

6 Ի՞նչ դաս ենք սովորում այս դեպքից։ Ուշագրավ է, որ Աստծու ոգին միջամտեց միայն այն բանից հետո, երբ Պողոսը շարժվեց դեպի Ասիա։ Հիսուսը եղբայրներին կանգնեցրեց միայն այն բանից հետո, երբ նրանք մոտեցան Բութանիային։ Եվ միայն այն բանից հետո, երբ առաքյալն ու նրա ուղեկիցները հասան Տրովադա, Հիսուսը նրանց Մակեդոնիա ուղարկեց։ Հիսուսը՝ որպես ժողովի Գլուխ, նույն ձևով կարող է նաև մեզ առաջնորդել (Կող. 1։18)։ Հնարավոր է՝ արդեն որոշ ժամանակ է՝ ուզում ենք ռահվիրայական ծառայություն սկսել։ Կամ գուցե մտածում ենք մի այնպիսի վայր տեղափոխվելու մասին, որտեղ քարոզիչների կարիքը մեծ է։ Հիսուսը Եհովայի ոգու միջոցով կառաջնորդի մեզ, բայց թերևս միայն այն բանից հետո, երբ որոշակի քայլեր ձեռնարկենք։ Ինչո՞ւ։ Խորհենք. վարորդը կարող է մեքենան աջ կամ ձախ թեքել միայն այն դեպքում, եթե այն շարժման մեջ է։ Նմանապես Հիսուսը կարող է օգնել մեզ ընդլայնելու ծառայությունը միայն այն դեպքում, եթե մենք տեղից «շարժվենք»՝ ջանքեր թափենք այդ ուղղությամբ։

7 Սակայն հնարավոր է, որ մեր ջանքերը անմիջապես պտուղ չբերեն։ Արդյոք պե՞տք է հուսահատվենք ու մտածենք, թե Աստծու ոգին մեզ չի առաջնորդում։ Ո՛չ։ Հիշենք, որ Պողոսի ջանքերն էլ միանգամից արդյունք չտվեցին։ Բայց նա շարունակեց թակել, մինչև որ իր առջև դուռ բացվեց։ Ուստի կարող ենք վստահ լինել, որ եթե մենք էլ շարունակենք փնտրել, անպայման կգտնենք «գործունեության լայն դուռը» (1 Կորնթ. 16։9)։

8. ա) Նկարագրիր Փիլիպպե քաղաքը։ բ) Ի՞նչ ուրախալի բան տեղի ունեցավ «աղոթատեղիում»։

8 Ափ իջնելուց հետո Պողոսն ու նրա ուղեկիցները ճանապարհ ընկան դեպի Փիլիպպե։ Այդ քաղաքի բնակիչները Հռոմի քաղաքացիություն ունեին և հպարտանում էին դրանով։ Այնտեղ ապրում էին թոշակի անցած հռոմեացի զինվորներ, որոնց համար Փիլիպպեն կարծես փոքր Իտալիա լիներ՝ Մակեդոնիայի սրտում տնկված փոքրիկ Հռոմ։ Քաղաքի դարպասներից դուրս՝ գետի ափին, միսիոներները գտան մի վայր, որը, իրենց կարծիքով, «աղոթատեղի» էր։b Նրանք գնացին այնտեղ շաբաթ օրը ու տեսան մի քանի կանանց, որոնք հավաքվել էին՝ Աստծուն երկրպագություն մատուցելու։ Աշակերտները նստեցին ու սկսեցին խոսել նրանց հետ։ Լսողների թվում էր Լիդիա անունով մի կին։ «Եհովան նրա սիրտը ամբողջությամբ բաց արեց»։ Լիդիան այնքան տպավորվեց միսիոներների պատմածով, որ «ինքն ու իր տնեցիները մկրտվեցին»։ Ապա նա համոզեց Պողոսին ու նրա ուղեկիցներին մնալ իր տանըc (Գործ. 16։13-15)։

9. Այսօր շատերն ինչպե՞ս են ընդօրինակում Պողոսին և ի՞նչ օրհնություններ են ստանում։

9 Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ ուրախություն էր տիրում, երբ Լիդիան մկրտվեց։ Պողոսը թերևս անչափ երջանիկ էր, որ ինքն ու իր ուղեկիցներն ընդունեցին «Մակեդոնիա անցնելու» հրավերը, և որ Եհովան հենց իրենց միջոցով պատասխանեց այդ աստվածավախ կանանց աղոթքներին։ Այսօր բազմաթիվ եղբայրներ ու քույրեր՝ երիտասարդ թե տարեց, ամուրի թե ամուսնացած, տեղափոխվում են այնպիսի վայրեր, որտեղ Թագավորության քարոզիչների մեծ կարիք կա։ Ինչ խոսք, նրանք դժվարությունների են բախվում, բայց դրանք խամրում են այն ուրախության կողքին, որ նրանք ստանում են, երբ գտնում են Լիդիայի նման ճշմարտության ծարավ մարդկանց։ Իսկ դու կարո՞ղ ես համապատասխան փոփոխություններ կատարել, որպեսզի «անցնես Մակեդոնիա»՝ տեղափոխվես քարոզիչների կարիք ունեցող տարածք։ Քեզ մեծ օրհնություններ են սպասում։ Օրինակ՝ Ահարոն անունով մի եղբայր, ով երիտասարդ տարիքում տեղափոխվել է Կենտրոնական Ամերիկայի երկրներից մեկը, ասում է. «Արտասահմանում ծառայելով՝ հոգևորապես աճեցի և ավելի մտերմացա Եհովայի հետ։ Ծառայությունը պարզապես հրաշալի է. ես Աստվածաշնչի ութ ուսումնասիրություն եմ անցկացնում»։ Բազմաթիվ եղբայրներ ու քույրեր կիսում են Ահարոնի զգացումները։

Երկու քույր փողոցում քարոզում են մի կնոջ։ Մի երիտասարդ շրջվել է ու նայում է, թե նրանք ինչի մասին են զրուցում

Մեր օրերում ինչպե՞ս կարող ենք «անցնել Մակեդոնիա»

«Ամբոխը նրանց դեմ դուրս եկավ» (Գործեր 16։16-24)

10. Դևերն ինչպե՞ս փորձեցին խանգարել Պողոսին ու նրա ուղեկիցներին։

10 Ինչ խոսք, Սատանան խիստ զայրացած էր այն բանից, որ բարի լուրը արմատներ էր գցում Մակեդոնիայում։ Չէ՞ որ աշխարհի այդ մասում մինչ այդ ոչինչ չէր սպառնում նրա ու դևերի իշխանությանը։ Զարմանալի չէ, որ դևերը միջոցներ ձեռնարկեցին, որ խանգարեն Պողոսին ու նրա ուղեկիցներին։ Երբ վերջիններս հերթական անգամ աղոթատեղի էին գնում, նրանց հանդիպեց մի դիվահար աղջիկ, ով գուշակություններ էր անում և դրանով փող էր վաստակում իր տերերի համար։ Նա սկսեց գնալ Պողոսի ու մյուս եղբայրների հետևից և բղավելով ասել. «Այս մարդիկ Բարձրյալ Աստծու ծառաներ են, որ ձեզ քարոզում են փրկության ճանապարհը»։ Հավանաբար դևը դրդում էր այդ աղջկան նման բաներ ասելու, որպեսզի մարդիկ կարծեին, թե նրա գուշակություններն ու Պողոսի քարոզչությունը նույն աղբյուրից են։ Այդպես մարդկանց ուշադրությունը կշեղվեր Քրիստոսի ճշմարիտ աշակերտներից։ Բայց Պողոսը լռեցրեց այդ աղջկան՝ նրա միջից հանելով դևին (Գործ. 16։16-18)։

11. Ի՞նչ պատահեց Պողոսին ու Շիղային այն բանից հետո, երբ դևը դուրս եկավ աղջկա միջից։

11 Երբ դիվահար աղջկա տերերը հասկացան, որ նրանց եկամտի աղբյուրը ցամաքել է, խիստ բարկացան։ Նրանք Պողոսին ու Շիղային քարշ տվեցին հրապարակ, որտեղ քաղաքի պաշտոնյաները՝ հռոմեական կառավարության ներկայացուցիչները, դատական գործեր էին քննում։ Բորբոքելով այդ պաշտոնյաների ազգայնամոլությունն ու նախապաշարումները՝ աղջկա տերերը, ըստ էության, ասացին. «Այս հրեաները անհանգստություն են պատճառում՝ քարոզելով այնպիսի սովորույթներ, որոնք մենք՝ հռոմեացիներս, չենք կարող ընդունել»։ Նրանց խոսքերի ազդեցության տակ՝ հրապարակի «ամբոխը [Պողոսի ու Շիղայի] դեմ դուրս եկավ», իսկ քաղաքի պաշտոնյաները «հրամայեցին, որ ճիպոտահարեն» նրանց։ Դրանից հետո Պողոսին ու Շիղային բանտ նետեցին։ Բանտապահը նրանց փակեց ամենախորքի բանտախցում ու նրանց ոտքերը դրեց կոճղի մեջ (Գործ. 16։19-24)։ Երբ դուռը փակվեց, այնպիսի մթություն տիրեց, որ աշակերտները հազիվ էին իրար նշմարում։ Սակայն խավարը խոչընդոտ չէր Եհովայի համար. նա ամեն ինչ տեսնում էր (Սաղ. 139։12)։

12. ա) Քրիստոսի աշակերտներն ինչպե՞ս էին վերաբերվում հալածանքին և ինչո՞ւ։ բ) Առայսօր Սատանան ու նրա կամակատարները հալածանքի ի՞նչ ձևեր են կիրառում։

12 Այս դեպքերից տարիներ առաջ Հիսուսն իր հետևորդներին ասել էր. «Ձեզ.... կհալածեն» (Հովհ. 15։20)։ Ուստի Մակեդոնիա գնալիս Պողոսն ու նրա ուղեկիցները ակնկալում էին, որ հակառակության կբախվեն։ Եվ երբ հալածանքը սկսվեց, նրանք չմտածեցին, թե կորցրել են Եհովայի հավանությունը։ Եղբայրները հասկացան, որ իրենց վրա Սատանայի բարկությունն է թափվել։ Առայսօր նրա կամակատարները, փիլիպպեցիների նման, տարբեր միջոցների են դիմում՝ Աստծու ժողովրդի դեմ հալածանք հրահրելու նպատակով։ Չարամիտ հակառակորդները վատաբանում են մեզ դպրոցում ու աշխատավայրում և ուրիշներին մեր դեմ են տրամադրում։ Որոշ երկրներում կրոնավորները մեր դեմ տարբեր մեղադրանքներ են ներկայացնում՝ ըստ էության, ասելով. «Այս Վկաները անհանգստություն են պատճառում և այնպիսի սովորույթներ են քարոզում, որոնք մեզ՝ «ավանդապաշտ հավատացյալներիս» համար անընդունելի են»։ Կան նաև երկրներ, որտեղ մեր հավատակիցներին ծեծում են ու բանտ նետում։ Բայց իհարկե, այս ամենը չի վրիպում Եհովայի աչքից (1 Պետ. 3։12)։

«Առանց հապաղելու մկրտվեցին» (Գործեր 16։25-34)

13. Ի՞նչը մղեց բանտապահին ասելու՝ «ի՞նչ պիտի անեմ, որ փրկվեմ»։

13 Անկասկած, Պողոսին ու Շիղային որոշ ժամանակ պետք եկավ, որ վերապրեն իրենց հետ կատարվածը։ Սակայն արդեն կեսգիշերին նրանք ուշքի էին եկել, «աղոթում էին և երգով գովաբանում Աստծուն»։ Հանկարծ երկրաշարժ եղավ, ու բանտը ցնցվեց։ Բանտապահն արթնացավ և տեսավ, որ դռները բացվել են։ Մտածելով, թե բանտարկյալները փախել են, և գիտակցելով, որ դրա համար իրեն են պատժելու՝ նա «քաշեց իր սուրը և պատրաստվում էր սպանել իրեն»։ Սակայն Պողոսը բղավեց. «Քեզ մի՛ վնասիր, բոլորս էլ այստեղ ենք»։ Հուզմունքից դողալով՝ բանտապահը հարցրեց. «Տերե՛ր, ի՞նչ պիտի անեմ, որ փրկվեմ»։ Բնականաբար, Պողոսն ու Շիղան չէին կարող փրկել նրան։ Միակ փրկիչը Հիսուսն էր։ Ուստիև ասացին. «Հավատա՛ Տեր Հիսուսին և կփրկվես՝ դու և քո տունը» (Գործ. 16։25-31)։

14. ա) Պողոսն ու Շիղան ինչպե՞ս օգնեցին բանտապահին։ բ) Միսիոներներն ինչպե՞ս օրհնվեցին՝ հալածանքն ուրախությամբ դիմագրավելու համար։

14 Արդյոք բանտապահն անկե՞ղծ էր։ Պողոսը չէր կասկածում դրանում։ Այդ մարդը հրեա չէր, և հետևաբար ծանոթ չէր Սուրբ Գրքերին։ Նախքան քրիստոնյա դառնալը նա պետք է ընդուներ և սերտեր սուրբգրային հիմնական ճշմարտությունները։ Ուստի Պողոսն ու Շիղան «Եհովայի խոսքը քարոզեցին նրան»։ Միսիոներներն այնքան կլանվեցին Սուրբ Գրքերը բացատրելով, որ, ըստ ամենայնի, մոռացան իրենց վերքերի ու ցավերի մասին։ Բայց բանտապահի աչքից չվրիպեցին նրանց խոր վերքերը և նա լվաց դրանք։ Այնուհետև նա և իր տան անդամները «առանց հապաղելու մկրտվեցին»։ Ի՜նչ օրհնություն հալածանքը ուրախությամբ դիմագրավելու դիմաց (Գործ. 16։32-34)։

15. ա) Այսօր բազմաթիվ Վկաներ ինչպե՞ս են ընդօրինակում Պողոսին ու Շիղային։ բ) Ինչո՞ւ պետք է շարունակենք այցելել մեր տարածքում ապրող մարդկանց։

15 Մեր օրերում բազմաթիվ Վկաներ, Պողոսի ու Շիղայի նման, շարունակում են քարոզել բարի լուրը, նույնիսկ երբ իրենց հավատի համար բանտարկվում են։ Դա շատ լավ արդյունքներ է բերել։ Օրինակ՝ մի երկրում, որտեղ մեր գործունեությունն արգելված էր, եղավ ժամանակահատված, երբ տեղի Վկաների 40 տոկոսը ճշմարտությունը բանտում էր ընդունել (Ես. 54։17)։ Ուշագրավ է, որ բանտապահը միայն երկրաշարժից հետո սկսեց հարցեր տալ։ Մեր օրերում նույնպես կան մարդիկ, ովքեր չեն արձագանքում Թագավորության լուրին, մինչև որ իրենց կյանքում անսպասելի «ցնցում» չի լինում։ Ուստի եթե հավատարմորեն շարունակենք նորից ու նորից այցելել մեր տարածքում ապրող մարդկանց, ապա ճիշտ պահին նրանց կողքին կլինենք։

«Գաղտնի՞ են մեզ դուրս հանում» (Գործեր 16։35-40)

16. Ի՞նչ շրջադարձ տեղի ունեցավ Պողոսի ու Շիղայի ծեծվելուց մեկ օր անց։

16 Հաջորդ առավոտ քաղաքի պաշտոնյաները կարգադրեցին ազատ արձակել Պողոսին ու Շիղային։ Սակայն Պողոսն ասաց. «Նրանք հրապարակորեն ծեծեցին մեզ՝ չդատապարտվածներիս, որ հռոմեացիներ ենք, և բանտ գցեցին ու հիմա գաղտնի՞ են մեզ դուրս հանում։ Ո՛չ, թող իրենք գան և մեզ դուրս հանեն»։ Տեղեկանալով, որ ծեծված տղամարդիկ Հռոմի քաղաքացիներ են՝ Փիլիպպեի պաշտոնյաները «վախեցան», քանի որ խախտել էին այդ մարդկանց իրավունքները։d Այդ պահից նրանց դերերը փոխվեցին։ Նախորդ օրը աշակերտները հրապարակորեն ծեծվել էին։ Հիմա էլ պաշտոնյաները պետք է հրապարակորեն ներողություն խնդրեին։ Ուստի նրանք, գնալով Պողոսի ու Շիղայի մոտ, աղաչեցին, որ հեռանան քաղաքից։ Միսիոներները համաձայնվեցին, սակայն գնալուց առաջ քաջալերեցին Փիլիպպեի նորահավատ աշակերտներին, որոնց թիվն օրեցօր աճում էր։

17. Ի՞նչ կարևոր դաս քաղեցին նոր աշակերտները Պողոսի ու Շիղայի օրինակից։

17 Հնարավոր է՝ Պողոսն ու Շիղան խուսափեին ծեծից, եթե շուտ հայտնեին իրենց քաղաքացիության մասին (Գործ. 22։25, 26)։ Բայց այդ դեպքում Փիլիպպեի աշակերտները միգուցե մտածեին, թե միսիոներներն իրենց կարգավիճակն օգտագործեցին, որպեսզի խուսափեն Քրիստոսի անվան համար տառապանք կրելուց։ Ավելին՝ դա ինչպե՞ս կանդրադառնար այն աշակերտների վրա, ովքեր Հռոմի քաղաքացիներ չէին։ Չէ՞ որ նրանց դեպքում վերոհիշյալ օրենքը չէր գործի ու չէր պաշտպանի ծեծից։ Հետևաբար միսիոներները, դիմագրավելով փորձությունը, իրենց օրինակով ցույց տվեցին, որ Քրիստոսի հետևորդները կարող են ամուր մնալ հալածանքի ներքո։ Իսկ ավելի ուշ պահանջելով, որ պաշտոնյաները հաշվի նստեն իրենց քաղաքացիության հետ՝ Պողոսն ու Շիղան, ըստ էության, ստիպեցին նրանց հրապարակորեն ընդունել, որ անօրինաբար են գործել։ Հետագայում դա թերևս կխոչընդոտեր նրանց, որ հալածեին Պողոսի հավատակիցներին, և օրենքի սահմաններում որոշ չափով կպաշտպաներ քրիստոնյաներին նման հարձակումներից։

18. ա) Այսօր ինչպե՞ս են վերակացուներն ընդօրինակում Պողոսին։ բ) Ինչպե՞ս ենք մենք «պաշտպանում և օրինականապես հաստատում» բարի լուրը։

18 Այսօր նույնպես վերակացուները օրինակ են ժողովի համար։ Նրանք պատրաստակամորեն անում են այն, ինչ հորդորում են իրենց հավատակիցներին։ Բացի դրանից՝ Վկաները, Պողոսի պես, իրենց իրավունքները պաշտպանելու համար փորձում են գտնել օրենքին դիմելու ամենահարմար ժամանակը և ձևը։ Անհրաժեշտության դեպքում, մենք դիմում ենք տարբեր ատյաններ և դատարաններ, այդ թվում՝ միջազգային, որպեսզի շարունակենք անխափան երկրպագել Եհովային։ Ինչ խոսք, մենք սոցիալական բարեփոխումներ մտցնելու նպատակ չենք հետապնդում, սակայն ձգտում ենք «պաշտպանել և օրինականապես հաստատել» բարի լուրը՝ գործելով այն խոսքերի համաձայն, որոնք Պողոսը գրեց փիլիպպեցիներին վերոհիշյալ բանտարկությունից մոտ 10 տարի անց (Փիլիպ. 1։7)։ Անկախ այն բանից, թե ինչ արդյունք են տալիս այդ դատավարությունները՝ մենք, Պողոսի ու նրա ուղեկիցների նման, վճռականորեն շարունակում ենք «բարի լուրը հռչակել», ուր էլ Աստծու ոգին ուղարկի մեզ (Գործ. 16։10)։

ՂՈՒԿԱՍ՝ «ԳՈՐԾԵՐ» ԳԻՐՔԸ ԳՐՈՂԸ

«Գործեր» գիրքը մինչև 16-րդ գլխի 9-րդ համարը գրված է երրորդ դեմքով։ Սա նշանակում է, որ գրողը պարզապես հայտնում է, թե ինչ են ասել և արել ուրիշները։ Սակայն Գործեր 16։10, 11 համարներից սկսած՝ երրորդ դեմքը փոխվում է առաջինի։ Օրինակ՝ 11-րդ համարում կարդում ենք. «Ուստի Տրովադայից ծով դուրս գալով՝ ուղիղ գնացինք Սամոթրակե»։ Հենց այս ժամանակ է, որ Ղուկասը՝ գիրքը գրողը, սկսում է մասնակցել նկարագրվող դեպքերին։ Իսկ ինչո՞ւ կարող ենք վստահությամբ ասել, որ Ղուկասն է գրի առել «Առաքյալների գործերը», եթե նրա անունը այդ գրքում չի նշվում։

Ղուկասը, սեղանի մոտ նստած, գրում է փաթույթի վրա

Պատասխանը կարող ենք գտնել «Գործեր» գրքի և Ղուկասի Ավետարանի նախաբաններում։ Երկուսն էլ ուղղված են ոմն «Թեոֆիլոսի» (Ղուկ. 1։1, 3; Գործ. 1։1)։ «Գործեր» գիրքը սկսվում է հետևյալ խոսքերով. «Առաջին գրքում, ո՛վ Թեոֆիլոս, ես շարադրեցի այն ամենը, ինչ Հիսուսը սկսեց անել և սովորեցնել»։ Քանի որ, ըստ հին հեղինակավոր աղբյուրների, «առաջին գիրքը»՝ Ավետարանը, գրի է առել Ղուկասը, հետևաբար պետք է որ նա գրած լինի նաև «Գործեր» գիրքը։

Ղուկասի մասին շատ բան հայտնի չէ։ Նրա անունը Աստվածաշնչում հիշատակվում է ընդամենը երեք անգամ։ Պողոս առաքյալը նրան «սիրելի բժիշկ» և «համագործակից» է անվանում (Կող. 4։14; Փիլիմ. 24)։ «Գործեր» գրքի այն հատվածներից, որոնք գրված են առաջին դեմքով, այսինքն՝ որոնց Ղուկասը անձամբ է մասնակցել, երևում է, որ նա մ. թ. մոտ 50 թ.-ին Պողոսի հետ Տրովադայից գնացել է Փիլիպպե։ Բայց երբ առաքյալն այնտեղից հեռացել է, Ղուկասը նրա հետ չի եղել։ Այդ երկու տղամարդիկ նորից հանդիպել են մ. թ. մոտ 56 թ.-ին Փիլիպպեում և յոթ ուրիշ եղբայրների հետ գնացել են Երուսաղեմ, որտեղ Պողոսին բանտարկեցին։ Երկու տարի անց Ղուկասը Կեսարիայից Հռոմ է մեկնել առաքյալի հետ, ով դեռ կալանքի տակ էր (Գործ. 16։10-17, 40; 20։5-21։17; 24։27; 27։1-28։16)։ Երբ Պողոսը երկրորդ բանտարկության ժամանակ սպասում էր իր մահապատժին, Հռոմում նրա կողքին «միայն Ղուկասն» էր (2 Տիմոթ. 4։6, 11)։ Փաստորեն, այս հավատարիմ եղբայրը երկար ճանապարհորդություններ է կատարել և պատրաստ է եղել դժվարություններ կրելու հանուն բարի լուրի։

Ղուկասը չի ասում, թե եղել է Հիսուսի կյանքի ու գործունեության ականատեսը։ Ընդհակառակը, նա հայտնում է, որ ձգտել է կազմել փաստերի նկարագրությունը՝ ականատեսների խոսքերի հիման վրա։ Ավելին՝ նա «սկզբից բոլոր բաները ճշգրտությամբ հետազոտել» է, որպեսզի «տրամաբանական հաջորդականությամբ» գրի դրանք (Ղուկ. 1։1-3)։ «Գործեր» գիրքը փաստում է, որ Ղուկասը լավ հետազոտություններ էր անում։ Անհրաժեշտ նյութերը հավաքելու համար նա, ըստ երևույթին, զրուցել է Եղիսաբեթի, Հիսուսի մոր՝ Մարիամի և ուրիշների հետ։ Ղուկասի գրածների մեծ մասը մյուս Ավետարաններում չի հանդիպում (Ղուկ. 1։5-80)։

Պողոսի խոսքերից երևում է, որ Ղուկասը բժիշկ էր։ Դա կարելի է եզրակացնել նաև այն բանից, որ իր գրվածքներում նա հատուկ ուշադրություն է դարձնում հիվանդներին։ Ահա մի քանի օրինակ։ Ղուկասը նշել է, որ երբ Հիսուսը բուժեց դիվահար մարդուն, դևը «դուրս եկավ նրա միջից՝ առանց մի վնաս տալու»։ Նա նաև գրել է, որ Պետրոսի զոքանչը «բարձր ջերմություն ուներ», և որ Հիսուսի կողմից բուժված կինը «հիվանդ էր, որի պատճառը չար ոգին էր. նա կծկված էր ու չէր կարողանում ուղղվել» (Ղուկ. 4։35, 38; 13։11)։

Ակնհայտ է, որ Ղուկասի կյանքում առաջին տեղում «Տիրոջ գործն» էր (1 Կորնթ. 15։58)։ Լինելով բժիշկ՝ նա կարող էր եկամտաբեր աշխատանք ու բարձր դիրք ունենալ։ Սակայն Ղուկասը նախընտրեց օգնել մարդկանց ճանաչելու և ծառայելու Եհովային։

ԼԻԴԻԱ՝ ԾԻՐԱՆԻ ՀԱՆԴԵՐՁՆԵՐ ՎԱՃԱՌՈՂ ԿԻՆ

Լիդիան ապրում էր Մակեդոնիայի գլխավոր քաղաքներից մեկում՝ Փիլիպպեում։ Սակայն նա ծագումով Թյուատիրից էր, որը գտնվում էր Լիդիա շրջանում (Փոքր Ասիայի արևմուտք)։ Այդ կինը Էգեյան ծովի մյուս ափն էր տեղափոխվել ծիրանիի (մանուշակագույն թանկարժեք նյութ) առևտրով զբաղվելու համար։ Ամենայն հավանականությամբ, Լիդիան վաճառում էր ծիրանիից պատրաստված տարբեր իրեր՝ գորգեր, կտորից պաստառներ, գործվածքներ և նույնիսկ ներկեր։ Փիլիպպեում հայտնաբերված մի արձանագրությունից երևում է, որ այնտեղ ծիրանի վաճառողների միություն կար։

Լիդիան կտոր է ցույց տալիս

Ղուկասը Լիդիային ներկայացնում է որպես «աստվածապաշտ» կին։ Ըստ երևույթին, նա պրոզելիտ է եղել (Գործ. 16։14)։ Հավանաբար նա Եհովայի մասին իմացել է իր հայրենի քաղաքում, որտեղ, ի տարբերություն Փիլիպպեի, հրեական ժողովարան կար։ Ոմանք այն կարծիքին են, թե «Լիդիան» նրա իսկական անունը չէ, այլ փիլիպպեցիներն էին նրան այդպես կոչում, քանի որ այդ անունը նշանակում է «լիդիացի կին»։ Սակայն գրավոր աղբյուրներից հայտնի է, որ այն օրերում «Լիդիա» անունը տարածված է եղել։

Լիդիացիներն ու նրանց հարևանությամբ ապրող մարդիկ դեռևս Հոմերոսի ժամանակներից (մ. թ. ա. 9-րդ կամ 8-րդ դարեր) հայտնի էին որպես ծիրանի ներկ պատրաստողներ։ Թյուատիրի ջրերից ստանում էին «ամենավառ և ամենամնայուն ներկերը»։

Ծիրանիով ներկված իրերը ճոխություն էին համարվում և հասանելի էին միայն հարուստներին։ Թեև այդ ներկի պատրաստման տարբեր եղանակներ կային, սակայն ամենալավ ու ամենաթանկ ծիրանին, որով ներկում էին բարձրորակ կտավները, ստանում էին միջերկրածովյան խեցեմորթներից։ Յուրաքանչյուր խեցեմորթից դուրս էր գալիս ընդամենը մի կաթիլ ներկ։ Միայն մեկ գրամի համար մոտ 8 000 խեցեմորթ էր հարկավոր։ Զարմանալի չէ, թե այդ գույնի հագուստը ինչու էր այդքան թանկ։

Լիդիան բավական միջոցներ պետք է որ ունենար ծիրանիի առևտրով զբաղվելու համար։ Նա նաև մեծ տուն ուներ, քանի որ կարողացավ հյուրընկալել չորս տղամարդու՝ Պողոսին, Շիղային, Տիմոթեոսին և Ղուկասին։ Ուստի նա հավանաբար հարուստ ու հմուտ վաճառական էր։ Գործեր 16։15-ում նշվում է, որ Լիդիան «տնեցիներ» ուներ։ Հնարավոր է, որ նա ապրում էր իր հարազատների հետ։ Մյուս կողմից՝ այդ «տնեցիները» կարող էին լինել նաև Լիդիայի ծառաներն ու ստրուկները։ Այն փաստը, որ Պողոսն ու Շիղան Փիլիպպեից հեռանալուց առաջ մի քանի եղբայրների հետ հանդիպեցին հենց այդ հյուրասեր կնոջ տանը, ցույց է տալիս, որ նրա տունը այդ քաղաքի առաջին քրիստոնյաների հավաքատեղին էր (Գործ. 16։40)։

Փիլիպպեցիներին ուղղված իր նամակում, որը գրվեց վերոհիշյալ դեպքերից մոտ տասը տարի անց, Պողոսը Լիդիային չի հիշատակում։ Ուստի Գործեր 16-րդ գլխում գրվածից բացի՝ այդ քրոջ մասին ոչինչ հայտնի չէ։

a Տես «Ղուկաս՝ «Գործեր» գիրքը գրողը» շրջանակը։

b Հրեաներին հավանաբար թույլ չէին տալիս ժողովարան հիմնել Փիլիպպեում, քանի որ դա ռազմական քաղաք էր։ Սակայն հնարավոր է նաև, որ այնտեղ բավական թվով հրեա տղամարդ չկար. ժողովարան ունենալու համար առնվազն 10 տղամարդ պետք է լիներ։

c Տես «Լիդիա՝ ծիրանի հանդերձներ վաճառող կին» շրջանակը։

d Համաձայն հռոմեական օրենքի՝ չէր թույլատրվում հանրորեն պատժել Հռոմի քաղաքացուն, քանի դեռ պատշաճ դատաքննություն չէր անցկացվել և նրա հանցանքը չէր ապացուցվել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը