Ռուանդա
ՌՈՒԱՆԴԱՆ Աֆրիկայի ամենափոքր ու ամենագեղեցիկ երկրներից մեկն է և հայտնի է որպես Հազարավոր բլուրների երկիր։ Այն պատված է հսկա լեռներով ու մշտադալար անտառներով, զարդարված՝ գեղատեսիլ լճերով ու ջրվեժներով։ Բուսական ու կենդանական աշխարհը լի է անվերջ թվացող բազմազանությամբ։ Վիրունգա հսկա լեռները զբաղեցնում են լեռնային շրջանի մեծ մասը, որը արևմուտքում սահմանակից է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանըa, իսկ հյուսիսում՝ Ուգանդային։ Կարիսիմբի լեռը, որն այս լեռնաշղթայում ամենաբարձրն է (4480 մետր), քնած հրաբուխ է։ Ձյունախառն անձրևների ու կարկուտի պատճառով լեռան գագաթը հաճախ է ծածկվում սպիտակ շերտով։ Լեռների լանջերը ծածկված են խիտ-խիտ աճող բամբուկով և խոնավ անտառներով, որտեղ ոսկեգույն կապիկները (որոնք ոչնչացման եզրին են կանգնած) ճոճվում են ճյուղերի և որթատունկերի վրա։ Այս չնաշխարհիկ վայրում կարելի է տեսնել լեռնային գորիլային, որը Ռուանդայի ամենամեծ գանձերից է։
Էկզոտիկ բույսերով ու փարթամ բուսականությամբ են ծածկված Կիվու լճի ափերը և Նյունգվե անտառը։ Այս անտառում բնակվում են շիմպանզեներ, սև-սպիտակ գվերեցներ և 70-ից ավել այլ կաթնասուններ։ Անտառում կան 270-ից ավել ծառատեսակներ և մոտ 300 տեսակ թռչուններ։ Թիթեռների ու խոլորձների հարուստ բազմազանությունը զարդարում է առանց այն էլ գեղեցիկ այս արգելանոցը։
Նյունգվե անտառի սրտից սկիզբ է առնում մի բարակ գետ և հոսում դեպի արևելք։ Ճանապարհին՝ նախքան Վիկտորիա լիճ թափվելը, նրան են միանում այլ գետեր ու վտակներ։ Այստեղից ջուրը կտրուկ գահավիժում է, նոր թափ է առնում և շարունակում իր երկար ճանապարհը դեպի հյուսիս. անցնելով Եթովպիայի կողքով և Սուդանի միջով՝ հասնում է Եգիպտոս, որտեղից էլ լցվում է Միջերկրական ծով։ Սկիզբ առնելով Կենտրոնական Աֆրիկայի անտառապատ բլուրներից՝ այս գետը՝ Նեղոսը, ձգվում է 6825 կիլոմետր։ Այն աշխարհի ամենաերկար գետերից մեկն է։
ԴԺՎԱՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
Ցավալի է, որ Ռուանդան՝ այս փոքր երկիրը, սարսափելի բռնություն է տեսել։ Հարյուր հազարավոր տղամարդիկ, կանայք ու երեխաներ գազանաբար սպանվել են մեր օրերի ամենադաժան ցեղասպանություններից մեկի ժամանակ։ Անսանձ բռնության ահասարսուռ տեսարանները ցուցադրվել են ամբողջ աշխարհում, որոնք տեսնելով՝ շատերը ցնցվել են մարդու անմարդկային արարքներից (Ժող. 8։9)։
Ինչպե՞ս են Եհովայի հավատարիմ ծառաները անցել այդ սոսկալի ժամանակների և դրանց հաջորդող տարիների միջով։ Ինչպես որ Նյունգվե անտառից սկիզբ առնող աննշան գետակն է ճանապարհին հաղթահարում բոլոր խոչընդոտները, չցամաքելով աֆրիկյան բարկ արևի տակ, և դառնում հսկա մի գետ, այնպես էլ Եհովայի ժողովուրդն է վերապրել՝ չնայած մեծ ճնշումներին, և անկոտրում շարունակում է ծառայել Աստծուն։ Նրանք դիմադրել են ուժգին հալածանքներին և մեծ դժվարություններ են հաղթահարել՝ ողջ աշխարհի իրենց եղբայրների ու քույրերի համար դառնալով քաջալերանքի աղբյուր։ Ռուանդայի պատմությունը կշարժի սիրտդ, երբ ընթերցես սիրո, հավատի և նվիրվածության մասին հուզիչ դեպքեր։ Հուսով ենք, որ այս պատմությունը կքաջալերի քեզ, որ ավելի թանկ գնահատես ու փայփայես Եհովայի հետ ունեցած փոխհարաբերություններդ և քրիստոնեական եղբայրությունը։
ԼՈՒՅՍԻ ԱՌԱՋԻՆ ԱՌԿԱՅԾՈՒՄԸ
Ռուանդայում բարի լուրը քարոզելու մասին առաջին հաշվետվությունը ներկայացվեց 1971թ. «Եհովայի վկաների տարեգրքում»։ Այնտեղ գրված էր. «Այս տարվա [1970] մարտին երկու հատուկ ռահվիրաների հաջողվեց գնալ Ռուանդա և քարոզչական գործունեությանը սկիզբ տալ մայրաքաղաք Կիգալիում։ Նրանք հանդիպեցին մարդկանց, որոնք Թագավորության լուրին դրականորեն արձագանքեցին։ Մի հետաքրքրվող անհատ արդեն մասնակցում է քարոզչական գործին։ Ռահվիրաները անցկացնում են տասը ուսումնասիրություն սվահիլի լեզվով խոսող փոքրաթիվ մարդկանց շրջանում։ Նրանք այժմ ջանում են սովորել կինյառուանդա լեզուն, որպեսզի մեծամասշտաբ վկայություն տան»։
Այդ երկու հատուկ ռահվիրաները Օդեն և Էնեա Մվիսոբա ամուսիններն էին Տանզանիայից։ Քանի որ նրանք դեռ չգիտեին տեղի լեզուն՝ կինյառուանդա, սկսեցին այցելել սվահիլի լեզվով խոսող մարդկանց, որոնցից շատերը եկել էին Կոնգոյից կամ Տանզանիայից։ Արդեն 1971թ. փետրվարին չորս քարոզիչներ հաշվետվություն էին հանձնում, բայց մեր հրատարակությունները լույս չէին տեսնում կինյառուանդա լեզվով, և լեզվական խնդրի պատճառով աճը դանդաղ էր ընթանում։
Ստենլի Մակումբան՝ մի համարձակ շրջանային վերակացու, որը ծառայում էր Քենիայում, առաջին անգամ Ռուանդա այցելեց 1974թ.-ին։ Նա հիշում է. «Ուգանդա-Ռուանդա սահմանից դեպի Ռուհենգերի (Ռուանդա) քիչ ավտոբուսներ էին գնում։ Ես ստիպված էի բեռնատար մեքենայում կանգնած գնալ։ Անգամ տեղ չկար, որ ոտքերս շարժեի։ Կինս նստում էր առջևի՝ վարորդի կողքի նստարանին։ Երբ տեղ էինք հասնում, նա ինձ չէր ճանաչում, քանի որ դեմքս ու մազերս փոշու մեջ կորած էին։ Ճանապարհորդությունից հետո մեջքս այնքան էր ցավում, որ շրջանային փոքր համաժողովին նախորդող շաբաթը և հենց համաժողովին ստիպված ելույթներս նստած էի ներկայացնում։ Իմ այցելությունների մասին չէի կարողանում եղբայրներին նախապես տեղյակ պահել, քանի որ չգիտեինք, թե ինչ տրանսպորտով կկարողանանք գնալ ու երբ կհասնենք»։
ՎԵՐԱԴԱՐՁ ԾՆՆԴԱՎԱՅՐ
Գասպար Ռուակաբուբուն, որը ծնունդով ռուանդացի է, աշխատում էր Կոնգոյի պղնձի հանքերում որպես մեխանիկ։ Նա պատմում է. «1974-ին Կոլվեզիում ես մասնակցեցի Թագավորական ծառայության դպրոցին։ Դասավանդողներից մեկը՝ Մայքլ Պատիջը, ասաց, որ Կինշասայի մասնաճյուղը փնտրում է ռուանդացի երեցի, որը պատրաստ կլինի վերադառնալու իր ծննդավայր՝ աջակցելու քարոզչական գործին։ Պատրաստ կլինեի՞ տեղափոխվելու։ Ասացի, որ կխոսեմ կնոջս՝ Մելանիի հետ։
Այդ ժամանակ մեր ընկերության տնօրենը ինձ Գերմանիայում վերապատրաստվելու հրավեր էր տվել։ Ես լավ աշխատող էի, և իմ աշխատավարձը պարբերաբար ավելանում էր։ Բայց ընդամենը մի քանի օրում մենք որոշում կայացրինք։ Եղբայր Պատիջին ասացի, որ ընդունում ենք Ռուանդա վերադառնալու հրավերը։ Տնօրենս չէր հասկանում, թե ինչու եմ այդպիսի որոշում կայացրել։ «Չե՞ս կարող Եհովայի վկա լինել այստեղ,— հարցրեց նա։— Ինչո՞ւ պետք է վերադառնաս Ռուանդա»։ Նույնիսկ մի քանի եղբայրներ, լավ մղումներից ելնելով, փորձեցին տարհամոզել ինձ՝ ասելով. «Չորս երեխա ունես։ Կարդա Ղուկաս 14։28–30 համարները, նստիր ու մտածիր»։ Բայց մենք չտատանվեցինք։
Տնօրենս վճարեց Ռուանդա վերադառնալու ողջ ճանապարհածախսը։ Երբ 1975թ. մայիսին եկանք Կիգալի, վարձեցինք ցեխի աղյուսներից պատրաստված մի տուն, որի հատակը հողից էր։ Այն խիստ տարբերվում էր մեր հարմարավետ տնից, որն ունեինք ընկերությունում աշխատելու տարիներին։ Այնուհանդերձ, մենք պատրաստ էինք նման դժվարությունների և վճռել էինք հասնել մեր նպատակին»։
Քանի որ ուրիշ երկրներից եկած հատուկ ռահվիրաները խոսում էին սվահիլի լեզվով, շատերը մտածում էին, թե նրանք եկել են այդ լեզուն սովորեցնելու։ Բայց նրանց կարծիքը փոխվեց, երբ եկան Գասպարն ու նրա ընտանիքը, քանի որ նրանք Թագավորության ճշմարտությունը կարողանում էին սովորեցնել կինյառուանդա լեզվով հրատարակված Աստվածաշնչով։
Եղբայր Ռուակաբուբուն կինյառուանդա լեզվով թարգմանեց «Թագավորության այս բարի լուրը» 32-էջանոց գրքույկը։ Այն լույս տեսավ 1976-ին և գրավեց շատերի ուշադրությունը։ Ամենուրեք՝ թե՛ ավտոբուսներում, թե՛ փողոցներում, մարդիկ այդ գրքույկն էին կարդում։ Եհովա անվան գործածությունը շատերի մոտ հետաքրքրություն առաջացրեց։
ՌՈՒԱՆԴԱՑԻՆԵՐՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Այդ ժամանակ երկրում կար ընդամենը 11 քարոզիչ, որոնցից շատերը Ռուանդայի քաղաքացիներ չէին։ Ժուեստան Ռուագատորեն առաջին ռուանդացիներից էր, որ իմացավ ճշմարտությունը։ Նա սկսեց ուսումնասիրել Տանզանիայից եկած հատուկ ռահվիրաների հետ սվահիլի լեզվով, քանի որ վերջիններս չէին խոսում ֆրանսերեն կամ կինյառուանդա լեզվով։ Նա մարդամոտ և ընկերասեր մարդ էր։ 1976-ին մկրտվեց և բնակություն հաստատեց Սավեում, որտեղ 1900-ին Ռուանդայի թագավորը առաջին անգամ թույլ էր տվել, որ կաթոլիկ միսիոներները գործունեություն ծավալեն։ Ժուեստանը հիշում է, որ մարդիկ ուզում էին իմանալ, թե ինչ է Աստվածաշունչը իրականում սովորեցնում։ Սակայն հոգևորականները թշնամաբար էին տրամադրված Եհովայի վկաների հանդեպ և արգելում էին, որ իրենց հոտի անդամները լսեն նրանց կամ գրականություն վերցնեն։
Ֆերդինան Մուգարուրան՝ հաստատակամ մի եղբայր, նույնպես առաջիններից էր, որ ընդունեց ճշմարտությունը։ 1969-ին, երբ ապրում էր Արևելյան Կոնգոյում, նա ձեռք բերեց «Ճշմարտություն, որ հավիտենական կյանքի է առաջնորդում» գիրքը սվահիլի լեզվով։ Հետագայում իմացավ ամենամոտ տեղը, որտեղ Եհովայի վկաներ կային։ Ամեն ուրբաթ նա և իր երկու ընկերները 80 կիլոմետր ոտքով գնում էին, որպեսզի ներկա լինեն ժողովի հանդիպումներին և Աստվածաշունչ ուսումնասիրեն։ Նրանք վերադառնում էին երկուշաբթի։ Ֆերդինանը մկրտվեց 1975-ին։ Նույն օրը մկրտվեց նաև մի անհատ, որի հետ նա էր Աստվածաշունչ ուսումնասիրել։ 1977-ին Ֆերդինանը հատուկ ռահվիրա նշանակվեց Ռուանդայում։ Նա հիշում է, որ դրա նախորդ տարին Ռուակաբուբուի տան հյուրասենյակում շրջանային համաժողով անցկացվեց, որին ներկա էր 34 հոգի, և 3-ը մկրտվեց։
ՄԻՍԻՈՆԵՐՆԵՐԻՆ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ ՄՏՆԵԼ ԵՐԿԻՐ
Կառավարիչ մարմինը, որը միշտ ուշադիր է համաշխարհային դաշտի կարիքներին, ավելի վաղ միսիոներներ էր նշանակել Ռուանդա։ 1969-ին «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 47-րդ դասարանի չորս շրջանավարտներ այնտեղ ծառայելու հրավեր ստացան։
Նիկոլաս Ֆոնը հիշում է. «Հունվարի վերջին եղբայր Նորը հայտնեց դասարանին, թե ով ուր է նշանակվել։ Փոլ և Մերլին Էվանսներին նա ասաց, որ նշանակվել են Ռուանդա։ Ապա դիմեց ինձ ու կնոջս. «Դուք գնում եք նրանց հետ»։ Մենք ուրախացանք և հանդիպումից հետո վազեցինք գրադարան, վերցրինք մեծ ատլասը, որ գտնենք Ռուանդայի տեղը։ Սակայն հետո նամակ ստացանք, որում ասվում էր, որ եղբայրները Ռուանդա մտնելու թույլտվություն չեն կարողացել ստանալ մեզ համար։ Մենք տխրեցինք, բայց Փոլի և Մերլինի հետ ընդունեցինք նոր նշանակումը՝ Կոնգո»։
1976-ին «Գաղաադ» դպրոցի 60-րդ դասարանի շրջանավարտներից երկու ուրիշ զույգ նշանակվեց Ռուանդա։ Երկիր մտնելու թույլտվություն ունենալով՝ չորս միսիոներները տեղափոխվեցին վարձակալված տուն, սկսեցին համարձակորեն քարոզել և սովորել կինյառուանդա լեզուն։ Սակայն երբ երեք ամիս հետո նրանց վիզայի ժամկետը լրացավ, միգրացիոն բաժինը մերժեց երկարացնել, այդ պատճառով միսիոներները նշանակվեցին Բուկավու (Արևելյան Կոնգո)։
«ՆՐԱՆՔ ՋԱՆԱՍԵՐ ԷԻՆ»
1970-ականների կեսերին Տանզանիայից և Կոնգոյից եկած հատուկ ռահվիրաները տարբեր պատճառներով սկսեցին հեռանալ Ռուանդայից։ Այդ ընթացքում ռուանդացի եղբայրները սկսեցին ծառայել որպես ռահվիրաներ և ընդլայնեցին իրենց գործունեությունը՝ քարոզելով երկրի բոլոր մասերում։ Հետագայում՝ 1978-ին, «Ճշմարտություն» գիրքը և երկու թերթիկ թարգմանվեցին կինյառուանդա լեզվով։ Բացի այդ, ամիսը մեկ անգամ սկսեց լույս տեսնել «Դիտարան» պարբերագիրը։ Այս հրատարակություններն օգնեցին, որ շատերը գան ճշմարտության։ Միսիոներ Մանֆրեդ Թոնակը այդ ժամանակներում ծառայող ռուանդացի ռահվիրաների մասին ասաց. «Նրանք ջանասեր էին և շատ ժամանակ էին տրամադրում ծառայությանը։ Նորերը հետևում էին նրանց օրինակին»։
Գասպար Նյոնգիրան պատմում է, թե ինչպես էր բարի լուրը քարոզվում այդ օրերում. «1978-ին՝ այն տարի, երբ ես մկրտվեցի, հոգևորականները սկսեցին վախենալ՝ տեսնելով, որ այդքան շատ մարդիկ ընդունում են ճշմարտությունը։ Հարյուրավորներ ներկա էին լինում համաժողովներին։ Երբ գնում էինք քարոզելու, ասես մորեխների երամ լինեինք։ Շատ հաճախ մոտ 20 քարոզիչներ դուրս էին գալիս Կիգալիի կենտրոնից և ոտքով գնում էին քարոզելու Կանոմբիում՝ անցնելով 9 կիլոմետր։ Ճաշելուց հետո շարունակում էին ճանապարհը դեպի Մասակա՝ գնալով ևս 7 կիլոմետր, և երեկոյան ավտոբուսով վերադառնում էին Կիգալի։ Քարոզիչների մյուս խմբերը նույն կերպ էին վարվում երկրի մյուս մասերում։ Զարմանալի չէ, որ այս ինտենսիվ քարոզչությունը տեսնելով՝ մարդկանց մոտ այնպիսի տպավորություն էր ստեղծվել, թե Եհովայի վկաների թիվը հազարների է հասնում։ Արդյունքում մեղադրանքներ ներկայացվեցին մեր դեմ՝ դրդելով իշխանություններին չտալ մեզ պետական գրանցում»։
Ճշմարտության հանդեպ խանդավառությամբ լցված՝ Ռուանդայի եղբայրները ուզում էին զգալ ուրիշ երկրների իրենց եղբայրների հետ շփվելու ուրախությունը։ Ուստի 1978թ. դեկտեմբերին Ռուանդայից մոտ 37 հոգի, այդ թվում երեխաներ Ուգանդայով մեկնեցին Նայրոբի (Քենիա)՝ անցնելով 1200 կիլոմետր, որ մասնակցեն «Հաղթանակող հավատ» խորագրով միջազգային համաժողովին։ Ճանապարհորդությունը դժվար էր։ Տրանսպորտը հուսալի չէր և հաճախ էր փչանում։ Ավելին, Ուգանդան քաղաքական անկայուն վիճակում էր։ Երբ պատվիրակները վերջապես հասան Քենիայի սահման, Ուգանդայի սահմանապահները մեղադրեցին նրանց որպես լրտեսների, ձերբակալեցին և տարան Կամպալայի (Ուգանդա) զինվորական վարչություն։ Իդի Ամինը, որն այդ ժամանակ Ուգանդայի նախագահն էր, անձամբ հարցաքննեց նրանց։ Բավարար պատասխաններ ստանալով՝ նա հրամայեց, որ եղբայրներին ազատ արձակեն։ Թեև նրանք բաց թողեցին Նայրոբիի համաժողովի առաջին օրը, սակայն տեսնելով, թե ինչպես են տարբեր ազգերից հազարավոր եղբայրներ միասնություն ու խաղաղություն վայելում իրար հետ՝ մեծ ուրախություն ապրեցին։
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՋԱՆՔԵՐ
Բոլորին չէ, որ դուր էին գալիս աստվածաշնչյան ճշմարտություններն ու բարձր բարոյական չափանիշները, որ սովորեցնում էին Վկաները։ Հատկապես հոգևորականներն իրենց տեղը չէին գտնում՝ տեսնելով, թե որքան շատ մարդիկ են արձագանքում։ Եղբայր Ռուակաբուբուն հիշում է. «Շատերը, որոնք ակտիվ կաթոլիկներ, բողոքականներ և ադվենտիստներ էին եղել, հրաժարական նամակներ էին ուղարկում իրենց նախկին եկեղեցիներին։ Մի եղբայր ասում էր, որ քարոզչական գործի արդյունքում երկրում ընդունված կրոններն ասես հրի մատնված լինեին։ Կիգալիի ժողովն այցելողների թիվը շուտով անցավ 200-ը։ Սկզբում հոգևորականները առանձնապես ուշադրություն չէին դարձնում մեզ, քանի որ քիչ էինք։ Բայց երբ շատացանք, ոմանք մեղադրեցին մեզ՝ ասելով, թե երկրի համար վտանգ ենք ներկայացնում։ Ուշագրավ է այն, որ այդ ժամանակ Ռուանդայի կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոսը՝ Վենսան Նսենգիյումվան, դարձավ ղեկավար կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ։
Քանի որ մեր թիվը արագորեն աճում էր, անհրաժեշտ էր պետական գրանցում ստանալ, որպեսզի միսիոներներ գային երկիր, Թագավորության սրահներ կառուցվեին և մեծ համաժողովներ անցկացվեին։ Քենիայի մասնաճյուղը Բելգիայից Էռնեստ Հոյսին նշանակեց կապ հաստատելու բարձր պաշտոնյաների հետ՝ պետական գրանցում ստանալու համար, բայց նրա ջանքերը ապարդյուն անցան։ Ավելի ուշ՝ 1982-ին, Քենիայի մասնաճյուղը խորհուրդ տվեց մեզ նամակ պատրաստել՝ ուղղված արդարադատության և ներքին գործերի նախարարներին՝ պետական գրանցում ստանալու նպատակով։ Ես ու երկու հատուկ ռահվիրա եղբայրներ ստորագրեցինք դիմումը։ Սակայն ոչ մի պատասխան չստացանք»։
Միևնույն ժամանակ մեծանում էր հակառակությունը։ Անտուան Ռուգվիզան՝ մեղմ ու հարգված մի եղբայր, հիշում է, որ ազգային ռադիոյով նախագահը հայտարարեց, որ չի հանդուրժի նրանց, ովքեր արատավորում են «ռուանդական հավատը»։ Բոլորն էլ հասկանում էին, որ նա ակնարկում է Եհովայի վկաներին։ Այդ դեպքից հետո եղբայրներին արգելեցին միասին հավաքվել։ Լուրեր էին պտտվում, թե ձերբակալություններ են սպասվում։ Եղբայր Ռուակաբուբուն երկու անգամ կանչվեց Ազգային անվտանգության վարչություն՝ հարցաքննության։
Այնուհետև 1982թ. նոյեմբերին Կիալա Մվանգոն և նրա կինը՝ Իլեյնը, Նայրոբիից ուղարկվեցին՝ վերահսկելու Բուտարեում, Գիսենիում և Կիգալիում անցկացվող շրջանային համաժողովները։ Եղբայր Ռուակաբուբուն այդ համաժողովների նախագահողն էր։ Կիգալիում համաժողովը նոր էր ավարտվել, երբ նրան երրորդ անգամ կանչեցին Ազգային անվտանգության վարչություն։ Սակայն այս անգամ նա չվերադարձավ։ Չորս օրվա մեջ այն երկու հատուկ ռահվիրաները, որոնք ստորագրել էին պետական գրանցում ստանալու դիմումը, նույնպես ձերբակալվեցին։ Երեքն էլ բանտարկվեցին՝ առանց դատավարության և իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորության։ Ձերբակալությունները շարունակվեցին։ Թագավորության սրահը փակվեց, դռները կողպվեցին։ Հետո արդարադատության նախարարը նամակներ ուղարկեց պրեֆեկտուրաներ, որ արգելքի տակ դնեն Եհովայի վկաների գործունեությունը։
Ի վերջո, 1983թ. հոկտեմբերին դատավարություն սկսվեց այն երեք եղբայրների դեմ, որոնք ստորագրել էին պետական գրանցում ստանալու դիմումը։ Դատարանը մեղադրեց նրանց դրամաշորթության և խաբեության մեջ. երկու մեղադրանքներն էլ լիովին անհիմն էին։ Դատավարության ընթացքում չներկայացվեց ոչ մի փաստաթուղթ, և ոչ մի վկա հանդես չեկավ՝ ապացուցելու ներկայացված մեղադրանքները։ Այդուհանդերձ, երեք եղբայրներն էլ դատապարտվեցին երկու տարվա ազատազրկման։ Երբ համաներում եղավ, այս հավատարիմ եղբայրներին պահեցին բանտում, իսկ մարդասպանության համար դատապարտված հանցագործներին ազատ արձակեցին։ Գիսենիում ուրիշ հինգ Վկաներ գրեթե երկու տարի բանտում անցկացրին, թեև նրանց դեմ դատավճիռ չէր կայացվել և դատարանի կողմից օրինական հրաման չէր արձակվել։
ԿՅԱՆՔԸ ԲԱՆՏՈՒՄ
Կյանքը բանտում անտանելի էր։ Օրը մեկ անգամ էին ճաշ տալիս, և այն բաղկացած էր մանիոկայից ու լոբուց։ Ճաշացուցակում միսը մոտավորապես ամիսը մեկ անգամ էր լինում։ Քանի որ բանտախցերը լիքն էին մարդկանցով, շատերը հատակին էին քնում, իսկ մահճակալների մեջ փայտոջիլ կար։ Լվացվելու ջուր հազվադեպ էր լինում։ Եղբայրներն ապրում էին դաժան հանցագործների հետ կողք կողքի։ Հաճախ բանտապահները կոպիտ էին, բայց նրանցից մեկը՝ Ժան Ֆատակին, լավ էր վերաբերվում եղբայրներին։ Նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել, մկրտվեց ու մինչ օրս հավատարմորեն ռահվիրա է ծառայում։
Եղբայր Ռուակաբուբուն հիշում է. «Երբ բանտում էինք, արքեպիսկոպոսը պատարագ արեց այնտեղ։ Նա իր ունկնդիրներին ասաց, որ զգուշանան Եհովայի վկաներից։ Այդ պատարագին ներկա գտնվող կաթոլիկներից ոմանք հետո հարցրին մեզ, թե ինչու արքեպիսկոպոսն այդպես արտահայտվեց, քանի որ տեսնում էին, որ Եհովայի վկաները վտանգավոր չեն»։
Այդ ժամանակ էր, որ Ռոժե և Նոելա Փուլսերը Բելգիայից եկան Կիգալի։ Ռոժեն աշխատանքային պայմանագիր ուներ։ Երեք եղբայրները դեռևս բանտում էին, այդ պատճառով Ռոժեն արդարադատության նախարարից ընդունելություն խնդրեց, որպեսզի բացատրի մեր հավատալիքներն ու հարգանքով հարցնի, թե կառավարությունն ինչ ունի Եհովայի վկաների դեմ։ Նախարարը կտրեց զրույցը՝ ասելով. «Բավակա՛ն է, պարո՛ն Փուլս։ Դուք հաջորդ ինքնաթիռով կվերադառնաք Բրյուսել։ Դուք վտարված եք այս երկրից»։
Այն երեք եղբայրները չվախեցան ու հաստատուն մնացին։ Ուստի պետք է կլոր երկու տարի բանտում անցկացնեին։ Բարեբախտաբար, երկրորդ տարում նրանց ուրիշ բանտ տեղափոխեցին, որտեղ պայմանները շատ ավելի լավն էին։ 1984թ. նոյեմբերին նրանք ազատ արձակվեցին։
ՀԱԼԱԾԱՆՔՆ ՈՒԺԳՆԱՆՈՒՄ Է
Հալածանքները շարունակվեցին։ Ռադիոյով հայտարարվեց, որ Եհովայի վկաները լավ մարդիկ չեն ու ծայրահեղական են։ 1986թ. մարտին ամբողջ երկրով մեկ ձերբակալությունները սովորական բան էին դարձել։ Ձերբակալվածներից էր Օգուեստա Մուրային, որը քրիստոնեական չեզոքության համար հեռացվել էր տարրական ու միջնակարգ կրթության նախարարությունում զբաղեցրած բարձր պաշտոնից։ Թերթերը և ավելի շատ ռադիոն նրան քննադատության էին ենթարկել ու պախարակել։
Երկրի տարբեր մասերում քույրերն ու եղբայրները, նույնիսկ հղի քույրերը փոքր երեխաների հետ ձերբակալվում էին։ 1986թ. վերջում նրանց տեղափոխեցին Կիգալիում գտնվող կենտրոնական բանտ, որպեսզի սպասեն դատավարությանը։ Քանի որ եղբայրները հայրենասիրական երգեր չէին երգում, նախագահական անվանաքարտ չէին կրում և կուսակցական տոմս չէին գնում, մարդիկ սխալ եզրակացություններ արեցին, թե Եհովայի վկաները հակառակվում են կառավարությանը և փորձում են տապալել այն։
Ֆոկաս Հակիզումվամին ժպիտով հիշում է. «Նյաբիսինդուի ժողովի եղբայրները առաջիններից էին, որ ձերբակալվեցին։ Քանի որ սպասում էինք, որ վաղ թե ուշ մեզ էլ կբանտարկեն, հասկանում էինք, որ մեր քարոզչական տարածքը շուտով փոխվելու է՝ այսուհետ քարոզելու ենք ոչ թե բանտից դուրս, այլ բանտի ներսում։ Ուստի որոշեցինք նախևառաջ մեծ քարոզարշավ անել «դրսի» տարածքում։ Մենք գնում էինք շուկաներ և բազմաթիվ ամսագրեր ու գրքեր բաժանում։ Աղոթում էինք Եհովային, որ օգնի մեզ մինչև բանտարկվելը քարոզելու ողջ տարածքում։ Եվ նա իրոք օգնեց մեզ։ 1985թ. հոկտեմբերի 1-ին ավարտեցինք մեր տարածքը ու յոթ օր անց ձերբակալվեցինք»։
Հաջորդ տարի Ազգային անվտանգության ծառայողները ձերբակալեցին Պալատին Նսանզուրվիմոյին ու նրա կին Ֆատումային։ Ութ ժամ հարցաքննելուց և տունը մանրազնին խուզարկելուց հետո երեք երեխաների հետ միասին նրանց բանտ տարան։ Պալատինի փոքր եղբայրը մինչև բանտ նրանց հետևից գնաց։ Նա իր խնամքի տակ վերցրեց նրանց հինգ տարեկան որդուն ու չորս տարեկան աղջկան։ Պալատինին ու Ֆատումային իրենց 14 ամսական երեխայի հետ միասին բանտարկեցին։ Որոշ ժամանակ անց Ֆատումային մեկ ուրիշ բանտ տեղափոխեցին։ Նա ազատ արձակվեց միայն ինը ամիս հետո։
Այդ ժամանակ Ժան Չիթեայի չորս երեխաներին հեռացրին դպրոցից։ Մի օր, երբ նա տուն վերադարձավ, տեսավ, որ տունը խուզարկել են, իսկ կնոջը՝ ձերբակալել՝ երեխաներին տանը մենակ թողնելով։ Շատ չանցած՝ եղբայր Չիթեային էլ ձերբակալեցին և ուղարկեցին Բուտարեի բանտ, որտեղ նրա կինն էր և ուրիշ եղբայրներ։ Հետո Բուտարեում եղող բոլոր Վկա բանտարկյալներին տեղափոխեցին Կիգալիի կենտրոնական բանտ։ Այդ ընթացքում Կիգալիում բնակվող եղբայրները հոգ տարան Չիթեայի երեխաների մասին։
Եղբայր Չիթեան հիշում է. «Երբ այլ բանտերից քույրերին ու եղբայրներին բերում էին Կիգալիի կենտրոնական բանտ, նրանք ուրախ ողջունում էին իրար՝ ասելով՝ կոմե՛րա, ինչը նշանակում է «քա՛ջ եղիր»։ Երբ բանտապահներից մեկը լսեց դա, ասաց. «Խելքներդ թռցրե՛լ եք։ Մարդն ինչպե՞ս կարող է քաջ լինել բանտում»»։
Չնայած այս ձերբակալություններին՝ ազնվասիրտ մարդիկ չէին վհատվում, ու հաճախ հալածանքը դրական արդյունքներ էր բերում։ Օդետ Մուկանդեկեզին, որը եռանդուն, մարդամոտ քույր է, նրանցից մեկն է, ում ձերբակալեցին այդ ժամանակ։ Նա պատմում է. «Եղբայրներին ձերբակալում էին ու ծեծի ենթարկում։ Մի օր անցնում էինք Ժոզեֆին անունով փոքր աղջկա կողքով, որը արածեցնում էր անասունների։ Նա Աստվածաշունչ ուներ և այնտեղից իմացել էր, որ առաջին դարի քրիստոնյաներին զրպարտել, հալածել, խարազանել ու բանտարկել են։ Քանի որ աղջիկը գիտեր, որ Վկաներին հալածում են, եզրակացրել էր, որ նրանք ճշմարիտ քրիստոնյաներ են, ուստի խնդրեց, որ իր հետ Աստվածաշունչ ուսումնասիրենք։ Այժմ նա մկրտված քույր է»։
Արգելքի ժամանակ Գասպար Նյոնգիրան բեռնատար ավտոմեքենայի վարորդ էր և հաճախ էր լինում Նայրոբիում (Քենիա)։ Հատուկ արկղով, որը ամրացված էր իր մեքենային, նա թաքուն գրականություն էր բերում Ռուանդա։ Արկղի մեջ վեց տուփ գրականություն էր տեղավորվում։ Իսկ Հենրի Սենյոնգան, որն Ուգանդայի արևմուտքից էր, իր մոտոցիկլետով կանոնավորաբար պարբերագրեր էր անցկացնում սահմանով։
Ժողովի հանդիպումներն անցկացվում էին փոքր խմբերով։ Եթե իշխանությունները կասկածեին, որ Եհովայի վկաները հանդիպումներ են անցկացնում, խուզարկություն կանեին։ Եղբայր Նյոնգիրան հիշում է. «Ես իմ տանը կից կառույց ունեի, որտեղ գաղտնի հանդիպումներ էինք անցկացնում։ Մեր գրականությունը պոլիէթիլենային տոպրակներով դնում էինք գետնի տակ և ծածկում փայտածուխով»։
Երբ ձերբակալությունների ալիք բարձրացավ, Ժան-Մարի Մուտեզինտարեն, որն այդ ժամանակ նոր էր մկրտվել, 1985թ. դեկտեմբերին այցելեց Նայրոբիում անցկացվող «Անարատություն պահողները» խորագրով միջազգային հատուկ համաժողովը։ Վերադառնալուց առաջ նա և Իսայի Սիբոմանան Ուգանդայի արևմուտքում ապրող եղբայրներից պարբերագրեր հավաքեցին Ռուանդա տանելու համար։ Սակայն սահմանապահները գտան պարբերագրերը, ձերբակալեցին եղբայրներին, շղթայեցին ձեռքերը, հարցաքննեցին և ցուրտ գիշերը պահեցին բանտախցում։ Շուտով եղբայրներին տեղափոխեցին Կիգալիի կենտրոնական բանտ։ Այնտեղ նրանք հանդիպեցին մոտ 140 ձերբակալված եղբայրների ու քույրերի, որոնք ուրախացան, երբ այդ եղբայրներից լսեցին Նայրոբիում անցկացված համաժողովում հնչած մտքերը։ Իսկապես, այն, ինչ նրանք պատմեցին, քաջալերեց ու զորացրեց եղբայրներին։
Բանտում եղբայրները հանդիպումներ էին անցկացնում և կազմակերպում էին քարոզչական գործը։ Քարոզելուց բացի, որոշ բանտարկյալների նրանք գրել-կարդալ էին սովորեցնում։ Նաև Աստվածաշունչ էին ուսումնասիրում հետաքրքրվող անհատների հետ և բազում նոր քարոզիչների պատրաստում էին մկրտության։ Նրանցից ոմանք նախքան ձերբակալվելն էին սկսել ուսումնասիրել, մյուսներն էլ բանտում էին իմացել ճշմարտությունը։
ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՑՈՒՆ «ԱՅՑԵԼՈՒՄ Է» ԲԱՆՏ
Եղբայրներից մեկը նկարագրում է 1986-ին Կիգալիի բանտում կատարվող դեպքերը. «Այնտեղ շատ եղբայրներ կային։ Մենք հանդիպում անցկացրինք՝ տեսնելու, թե ինչպես կարող ենք օգնել դրսում եղողներին։ Որոշեցինք նամակով քաջալերել նրանց։ Գրեցինք, որ երբ ավարտենք մեր քարոզչական տարածքը բանտում, կվերադառնանք տուն։ Քարոզում էինք մահճակալից մահճակալ և աստվածաշնչյան ուսումնասիրություններ անցկացնում։ Հետո, երբ իմացանք, որ շրջանային վերակացուն այցելում է դրսի ժողովները, ուզեցինք, որ մեզ էլ այցելի, ուստի այդ մասին աղոթեցինք Եհովային։ Դրանից կարճ ժամանակ անց եղբայր Ռուակաբուբուն, որը շրջանային վերակացու էր, բանտարկվեց երկրորդ անգամ։ Նրա բանտարկությունը համարեցինք շրջանային վերակացուի այցելություն»։
Հալածանքի ժամանակ միայն մի եղբայր փոխզիջման գնաց։ Երբ նա կրեց քաղաքական անվանաքարտը, ոչ Վկա բանտարկյալները ծեծեցին նրան, աքացի տվեցին և անպատվեցին՝ վախկոտ անվանելով։ Նրա կինը, որը Աստվածաշունչ էր ուսումնասիրում, հարցրեց նրան, թե ինչու հավատարիմ չմնաց։ Հետագայում նա նամակ գրեց դատավորներին՝ ասելով, որ սխալ է գործել և դեռ Եհովայի վկա է։ Անգամ գրեց Քենիայի մասնաճյուղ և ներողություն խնդրեց։ Այժմ նա նորից հավատարմորեն ծառայում է Եհովային։
ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԴՐՍՈՒՄ
Ովքեր ազատության մեջ էին, շարունակում էին նախանձախնդրորեն քարոզել, միջին հաշվով՝ ամսական մոտ 20 ժամ։ Ալֆրեդ Սեմալին հիշում է. «Թեև ինձ այդպես էլ չձերբակալեցին, ես պատրաստ էի դրան։ Թագավորության սրահը փակ էր, ուստի հանդիպում էինք փոքր խմբերով և շարունակում էինք քարոզել։ Գրականությունս պահում էի խակի գույնի ծրարի մեջ, քաղաք էի գնում՝ իբրև թե աշխատանք որոնելու և առիթներ էի փնտրում, որ գրականություն առաջարկեմ ու աստվածաշնչյան թեմաների շուրջ խոսեմ։
1986-ին մեր եղբայրներից և հետաքրքրվող անհատներից շատերը բանտարկվեցին, նույնիսկ նրանք, ովքեր նոր էին սկսել Աստվածաշունչ ուսումնասիրել։ Եղբայրները և անգամ նորերը զարմանալի կերպով ամուր մնացին։ Այդ ընթացքում շատ երկրներից Վկաները նամակներ գրեցին Ռուանդայի նախագահին՝ բողոքելով անարդարացի վերաբերմունքի համար։ Ռադիոյով հայտնեցին, որ նա ամեն օր հարյուրավոր նամակներ է ստանում։ Սա լավ արդյունք տվեց։ Հաջորդ տարի մեր եղբայրներն ու քույրերը և հետաքրքրվող անհատները նախագահի հրամանով ազատ արձակվեցին։ Մենք ուրախությունից ցնծում էինք»։ Կարճ ժամանակ հետո երեցները մկրտություն կազմակերպեցին Կիգալիում, որտեղ 36 հոգի մկրտվեց, և նրանցից 34-ը անմիջապես ենթառահվիրայության դիմում լրացրեց։
1986-ին, երբ հալածանքն իր գագաթնակետին էր հասել, միջինը 435 քարոզիչ էր հաշվետվություն հանձնում, որոնցից մոտ 140-ը բանտարկված էր։ Այս Վկաները Ռուանդայում Եհովայի կազմակերպության հիմքը կազմեցին։ Նրանց «փորձված հավատը» զորեղ էր (Հակ. 1։3)։
Ի վերջո, 1980-ականների դժվարին տարիներն անցան, և Ռուանդայի ժողովներում համեմատաբար խաղաղ ժամանակներ սկսվեցին, ու նրանց թիվն աճեց։ Բայց ի՞նչ էր սպասում նրանց ապագայում։ Արդյոք նորերը կփաստեի՞ն, որ աշակերտներ են՝ կառուցված հրակայուն նյութերից (1 Կորնթ. 3։10–15)։ Նրանց հավատը առջևում սպասվող փորձությունների ժամանակ ամուր կմնա՞ր։ Միայն ժամանակը ցույց կտար։
ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1990-ին Ռուանդայում կար մոտ 1000 ակտիվ քարոզիչ։ Այդ ժամանակ քաղաքական իրավիճակն անկայուն էր դառնում։ Հոկտեմբերին Ռուանդայի հայրենասիրական ճակատի (ՌՀՃ) զինված խմբավորումները հարևան Ուգանդայից ներխուժեցին Ռուանդայի հյուսիս։
Ֆերդինան Մուգարուրան՝ մի համարձակ եղբայր, որը երկու անգամ բանտարկվել էր հավատի համար, ապրում էր Ռուհենգերիում, երբ խմբավորումները ներխուժեցին։ Նա հիշում է. «Ատելությունն ու ցեղապաշտությունը տարածում էին գտել։ Սակայն Եհովայի վկաները չեզոք մնացին՝ չմիանալով ոչ մի քաղաքական խմբակցության և զերծ մնալով էթնիկական նախապաշարումներից։ Քանի որ եղբայրները փոխզիջումների չգնացին, նրանցից ոմանք ստիպված եղան փախչելու իրենց տներից, ոմանք էլ կորցրին աշխատանքը»։
Մի այրի քույր, որը ուսուցչուհի էր և ուներ երեք երեխա, հրաժարվեց բանակի համար նվիրաբերություն անելուց։ Տնօրենը նրա մասին հայտնեց զինվորական իշխանություններին, և նրան երկրորդ անգամ բանտ գցեցին. առաջին անգամ բանտարկվել էր 1980-ականներին։ Երբ զինված խմբավորումները հասան այն քաղաքը, որտեղ նա բանտարկված էր, բանտի դռները կոտրելով բացեցին, և բոլոր բանտարկյալները փախան։ Սակայն նրանց հետ փախչելու փոխարեն՝ քույրը մնաց բանտում։ Երբ այդ խմբավորումները հեռացան, նա կրկին ձերբակալվեց և տեղափոխվեց Կիգալիի կենտրոնական բանտ։ Այնտեղ քույրը աղոթեց, որ ինչ-որ կերպ իմանա Հիշատակի երեկոյի օրը, քանի որ չէր ուզում բաց թողնել այն։ Ի զարմանս նրա՝ հենց Հիշատակի երեկոյի օրը ազատ արձակվեց։ Չեզոքություն պահելու համար նա կորցրեց իր տունը, աշխատանքը, բայց փոխարենը՝ դարձավ եռանդուն ռահվիրա։
Միջազգային միջամտությամբ Ուգանդայից ներխուժումը ժամանակավորապես կանգ առավ։ 1991-ին քայլեր ձեռնարկվեցին, որ երկրում բազմակուսակցական համակարգ ստեղծվի։ Մի քանի գլխավոր կուսակցություններ և փոքր կուսակցություններ կազմավորվեցին, ինչը ցեղապաշտական ոգի առաջ բերեց։ Որոշ կուսակցություններ ռազմավարական և ծայրահեղական նպատակներ էին հետապնդում, որոշներն էլ չափավոր հայացքներ ունեին։ Առաջին անգամ Եհովայի վկաների չեզոք դիրքը ողջունվեց։ Քանի որ նրանք ոչ մի քաղաքական ու ցեղային խմբակցության կողմնակից չէին, ընդհանուր առմամբ իշխանությունները և մարդիկ նրանց այլևս թշնամիներ չէին համարում։
1991թ. սեպտեմբերին եղբայրների միջազգային պատվիրակությունը ռուանդացի երկու եղբայրների՝ Գասպար Ռուակաբուբուի և Թարսիս Սեմինիգայի ուղեկցությամբ այցելեց Կիգալիի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանք խոսեցին արդարադատության նոր նախարարի հետ, որը սիրալիր կերպով լսեց նրանց։ Եղբայրները շնորհակալություն հայտնեցին արդեն ձեռնարկված դրական քայլերի համար և խնդրեցին, որ աջակցի իրենց պետական գրանցում ստանալու հարցում։
1992թ. հունվարին՝ նախքան պետական գրանցում ստանալը, եղբայրները մարզային համաժողով անցկացրին Կիգալիում։ Գադֆրի և Ջենի Բինթերը հիշում են. «Այդ ժամանակ մենք ծառայում էինք Ուգանդայում և զարմացանք, երբ Քենիայի մասնաճյուղից նամակ ստացանք, որում մեզ խնդրում էին երեք շաբաթով Ռուանդա գնալ՝ աջակցելու համաժողովի կազմակերպմանը և ներկայացման ձայնագրությանը։ Եղբայրները չափազանց հյուրասեր էին, ամեն օր տարբեր ընտանիքներ մեզ ճաշի էին հրավիրում։ Նրանք ֆուտբոլի մարզադաշտ էին վարձել, ու երբ մենք ժամանեցինք, նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել էին։ Ներկայացման ձայնագրության համար եղբայրներն ամեն ինչ նախապես ծրագրել էին, և այն շատ լավ ստացվեց՝ չնայած քիչ սարքավորումներին։ Թեև երկրի հյուսիսում ապրող եղբայրներից շատերը չկարողացան թույլտվություն ստանալ ճանապարհորդելու համար, իսկ Բուրունդիի և Ուգանդայի սահմանն էլ փակ էր, կիրակի օրը ներկա էր 2079 մարդ, և 75 հոգի մկրտվեց»։
ՎԵՐՋԱՊԵՍ ԳՐԱՆՑՈՒՄ
Մի քանի ամիս հետո՝ 1992թ. ապրիլի 13-ին, Ռուանդայում վերջապես Եհովայի վկաների գործունեությունը օրինականորեն գրանցվեց։ Անցյալում մնացին արգելքների ներքո, ագրեսիայի և բանտարկությունների վտանգի տակ բարի լուրը քարոզելու համար մղվող պայքարները։ Եղբայրները կարող էին առաջ նայել՝ աստվածապետական աճի և զարգացման նոր ժամանակաշրջանին։
Կառավարիչ մարմինը, առանց ժամանակ կորցնելու, միսիոներներ նշանակեց Ռուանդա։ Հենկ վան Բուսելը, որը նախկինում ծառայել էր Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում և Չադում, ինչպես նաև Գադֆրի և Ջենի Բինթերը, որոնք նախկինում ծառայել էին Զաիրում (այժմ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) և Ուգանդայում, առաջին միսիոներներն էին, որ ստացան կացության վիզա։ Երկրի կոմիտե նշանակվեց քարոզչական գործունեությունը վերահսկելու համար։
Եղբայր Բինթը պատմում է, թե ինչ տեղի ունեցավ, երբ նրանք Հենկ վան Բուսելի հետ ժամանեցին. «Մենք մի հարմարավետ տուն գտանք, որը կարող էր ծառայել որպես միսիոներական տուն և շատ մոտ էր Թագավորության սրահին։ Անմիջապես սկսեցինք սովորել կինյառուանդա լեզուն։ Մեզ համար էլ էր այն շատ դժվար, ինչպես այն առաջին հատուկ ռահվիրաների համար, որոնք եկել էին 1970-ին։ Դասագրքերից մեկում ասվում էր. «CW տառերը միասին արտասանվում են TCHKW [«չը»]»։ Նաև հիշում ենք, որ քույրը, որը սովորեցնում էր մեզ, ասաց. ««Isi nshya» [«իսի նչը»] բառի մեջ, որը նշանակում է «նոր երկիր», առանց ժպտալու չեք կարողանա «shy»-ն [«չը»-ն] ճիշտ արտասանել»»։
Այդ տարի՝ ավելի ուշ, քարոզիչների նոր բարձրագույն թիվ գրանցվեց՝ 1665, իսկ 1993թ. հունվարին ևս մեկ մարզային համաժողով անցկացվեց Կիգալիում։ Այս անգամ ներկա էին 4498 հոգի, և 182-ը մկրտվեց։ Կիալա Մուանգոն Քենիայի մասնաճյուղի ներկայացուցիչն էր։ Այդ ժամանակ ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ համաժողովի համար վարձված մարզադաշտի դիմացի հողատարածքում 2006թ.-ին մասնաճյուղ կառուցված կլինի։
Թեև հյուսիսից զինված խմբավորումները նորից ներխուժեցին, քարոզչական գործը չդանդաղեց։ 1993-ին այդ զորքերը գրեթե հասան Կիգալի։ Ուգանդայի սահմանը փակ էր, և մայրաքաղաքում բլուրների մյուս կողմից լսվում էր թնդանոթների կրակոցների ձայնը։ Մոտ մեկ միլիոն մարդ փախավ երկրի հյուսիսից։ Նրանց թվում էին 381 եղբայր և քույր, որոնց մասին հոգացին Կիգալիում և շրջակայքում ապրող եղբայրները։ Սակայն Արուշայում (Տանզանիա) ընթացած բանակցությունների շնորհիվ զինադադար հայտարարվեց, բուֆերային գոտի հաստատվեց, և իշխանությունները համաձայնվեցին ղեկավարել երկիրը այդ խմբավորումների և մի շարք մեծ ու փոքր քաղաքական կուսակցությունների հետ։
ՄԵԿՕՐՅԱ ՇԱՏ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Այդ տարի ծրագրվեց մեկօրյա հատուկ համաժողով անցկացնել Կիգալիի մարզադաշտերից մեկում։ Սակայն մարզադաշտի տնօրինությունը ևս մեկ պայմանավորվածություն ուներ այդ օրվա համար՝ ցերեկվա ժամը 3-ին ֆուտբոլային հանդիպում պետք է տեղի ունենար։ Եղբայրները ներկա եղան առավոտյան ծրագրին, բայց մինչ կսկսեր հետճաշյա ծրագիրը, ֆուտբոլի երկրպագուները սկսեցին գալ, և ոստիկանությունը չկարողացավ կանգնեցնել նրանց։ Մարզադաշտի մենեջերը ասաց, որ ֆուտբոլային հանդիպումը կտևի մինչև ժամը 6-ը։ Ուստի եղբայրները հեռացան ու վերադարձան ժամը 6-ին՝ լսելու ծրագրի մնացած մասը։
Սակայն քանի որ երկրում պարետային ժամ էր սահմանված, որոշ եղբայրներ մտահոգվել էին։ Թույլ չէր տրվում, որ երեկոյան ժամը 6-ից հետո փոխադրամիջոցներ աշխատեին, իսկ ժամը 9-ից հետո մարդիկ չէին կարող դրսում լինել։ Բայց մոտ ժամը 7-ին ռադիոյով հայտարարվեց, որ պարետային ժամը կսկսվի ժամը 11-ին։ Բացի այդ, էլեկտրական հոսանքի մատակարարման խնդիրներ կային։ Քանի որ տնօրինությունը չէր հետևել մարզադաշտի վարձակալության պայմաններին, Կիգալիի քաղաքագլուխը հոգ տարավ էլեկտրականության մասին։ Նա նույնիսկ կազմակերպեց, որ ծրագրից հետո եղբայրներին անվճար տրանսպորտ տրամադրվի։ Այդպիսով նրանք կարողացան անցկացնել համաժողովի ողջ ծրագիրը։ Պատկերացրեք, թե ինչքան զարմացան, երբ դուրս գալով մարզադաշտից՝ տեսան, որ բազմաթիվ ավտոբուսներ իրենց են սպասում։
Գյունտեր Ռեշկեն, որը Ռուանդա էր եկել 1993թ. սեպտեմբերի վերջին, հիշում է. «Քենիայի մասնաճյուղն ինձ ուղարկել էր Կիգալի՝ եղբայր Ռուակաբուբուի հետ դասավանդելու Թագավորական ծառայության դպրոցում։ Ռուանդայում այդ ժամանակ միայն 63 երեց կար, թեև քարոզիչների թիվը հասել էր 1881-ի։ Երկրում լարված իրավիճակ էր, և լուրեր էին պտտվում, թե հյուսիսում կռիվներ են գնում։ Իհարկե, ոչ ոք չէր սպասում, որ առջևում սարսափելի ժամանակներ են լինելու։ Դպրոցում ստացած հոգևոր կերակուրը ճիշտ ժամանակին էր։ Ծրագիրը զորացրեց երեցների հավատը, պատրաստեց նրանց հովվի գործը ավելի լավ կատարելու, ինչը շատ անհրաժեշտ էր, քանի որ պատերազմի սև ու մութ ամպերը հավաքվում էին»։
ԳՐԱՍԵՆՅԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ԾՐԱԳՐԵՐ
1994թ. մարտի վերջին Լենըրդ Էլլիսը և նրա կինը՝ Նենսին, Նայրոբիից եկան մասնակցելու մեկօրյա հատուկ համաժողովներին և օգնելու թարգմանչական գրասենյակին։ Նայրոբիի մասնաճյուղը առաջարկել էր միավորել Ռուանդայի միսիոներական տունը և թարգմանչական գրասենյակը։ Երկուշաբթի՝ ապրիլի 4-ին, «Դիտարանի» ուսումնասիրությանը մասնակցեցին մեծացած թարգմանչական խումբը, Երկրի կոմիտեն, միսիոներներն ու եղբայր և քույր Էլլիսները։ Հուզիչ ժամանակներ էին՝ ընդլայնման սկիզբը։
Ավարտելով իրենց գործը՝ եղբայր և քույր Էլլիսները հեռացան։ Նրանք Կիգալիից մեկնեցին վերջին չվերթով։ Դրանից հետո ամիսներ շարունակ չվերթներ չեղան։ Հաջորդ օրը՝ կեսօրին, եղբայր Ռուակաբուբուն զանգահարեց միսիոներական տուն՝ ասելու, որ Ռուսաստանի դեսպանատունը հրաժարվել է այն հողակտորի հայցից, որտեղ նպատակ ունեինք գրասենյակ կառուցել։ Այժմ այն կարող էր տրամադրվել Եհովայի վկաներին։ Հաջորդ առավոտ՝ հինգշաբթի օրը՝ ապրիլի 7-ին, մենք պետք է պաշտոնյաների հետ հանդիպեինք, որ խոսեինք այդ մասին։ Սակայն հանդիպումը չկայացավ։
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է
Ապրիլի 6-ին՝ չորեքշաբթի երեկոյան, մի ինքնաթիռ էր պայթեցվել ու այրվող բեկորները ընկել էին Կիգալիի մոտակայքում։ Ինքնաթիռում Ռուանդայի և Բուրունդիի նախագահներն էին եղել։ Ինքնաթիռում եղող բոլոր մարդիկ մահացել էին։ Երեկոյան արդեն մի քանի մարդ տեղյակ էր կատարվածի մասին, բայց ռադիոյով ոչ մի պաշտոնական հայտարարություն չհնչեց։
Երեք միսիոներները՝ Բինթերը և Հենկը, երբեք չեն մոռանա դրան հաջորդած օրերը։ Եղբայր Բինթը պատմում է. «Ապրիլի 7-ին՝ վաղ առավոտյան, մենք արթնացանք հրազենի և նռնակների պայթյունի ձայնից։ Դա անսովոր բան չէր, քանի որ վերջին ամիսներին քաղաքական իրավիճակը երկրում շատ անկայուն էր դարձել։ Սակայն մինչ պատրաստվում էինք նախաճաշելու, հեռախոսը զանգեց։ Էմմանուել Նգիրենտեն էր՝ թարգմանչական գրասենյակից։ Նա ասաց, որ ռադիոյով հայտարարել են, որ երկու նախագահները մահացել են ավիավթարից։ Պաշտպանության նախարարությունը զգուշացրել էր, որ Կիգալիում ոչ ոք դուրս չգա տնից։
Առավոտյան մոտ ժամը իննին լսեցինք, թե ինչպես են կողոպտիչները ներխուժում հարևանի տուն։ Նրանք գողացան նրանց մեքենան և սպանեցին մորը։
Քիչ անց մեր տանը մոտեցան զինվորներ ու կողոպտիչներ։ Նրանք հարվածեցին երկաթյա դարպասին և զանգ տվեցին։ Մենք լռություն պահպանեցինք, ու ոչ ոք դուրս չեկավ պատասխանելու։ Չգիտենք, թե ինչու, նրանք չփորձեցին բացել դարպասը և գնացին ուրիշ տներ։ Շուրջբոլորը ավտոմատի կրակոցներ և պայթյուններ էին լսվում. փախչելու ոչ մի հնարավորություն չկար։ Հրազենի ձայներն ավելի բարձր էին լսվում և ավելի էին մոտենում, ուստի գնացինք միջանցք, որտեղ կարող էինք պաշտպանվել հրազենի թռչող գնդակներից։ Հասկացանք, որ այս ամենը շուտ չի վերջանա, հետևաբար որոշեցինք մթերքը բաշխել այնպես, որ օրը մեկ անգամ միասին ճաշենք։ Հաջորդ օրը, երբ նոր էինք ճաշել և ռադիոյով լսում էինք միջազգային լուրերը, Հենկը բղավեց. «Նրանք բարձրանում են մեր ցանկապատի վրա»։
Քիչ ժամանակ ունեինք մտածելու։ Մենք մտանք լոգասենյակ և կողպեցինք դուռը։ Հետո միասին աղոթեցինք՝ խնդրելով Եհովային, որ օգնի տոկալու, ինչ էլ պատահի։ Նախքան աղոթքն ավարտելը լսեցինք, որ զինվորներն ու կողոպտիչները ջարդում են պատուհաններն ու դռները։ Մի քանի րոպե հետո նրանք արդեն ներսում էին. գոռգոռում էին և շուռ տալիս կահույքը։ Մոտ քառասուն հոգի էին։ Բացի զինվորներից, կային նաև այլ տղամարդիկ, կանայք ու երեխաներ։ Լսվում էին կրակոցներ, քանի որ նրանք կռվում էին իրար հետ այն իրերի համար, որ գտնում էին։
Մոտ 40 րոպե էր անցել, բայց դա մեզ հավիտենություն թվաց։ Նրանք փորձեցին բացել լոգասենյակի դուռը։ Բայց քանի որ այն կողպված էր, սկսեցին ջարդել այն։ Այժմ հասկանում էինք, որ պետք է դուրս գանք։ Տղամարդիկ խելագարված էին և թմրանյութերի ազդեցության տակ։ Նրանք սպառնացին մեզ մաչետեներով և դանակներով։ Ջենին բարձրաձայն աղաղակում էր Եհովային։ Մի տղամարդ թափահարեց իր մաչետեն և բութ կողմով հարվածեց Հենկի վզին։ Նա ընկավ լոգարանի մեջ։ Մի կերպ փող գտա և տվեցի այդ մարդկանց։ Նրանք սկսեցին կռվել դրա համար։
Հանկարծ նկատեցինք, որ մի երիտասարդ ուշադիր մեզ է նայում։ Թեև մենք չճանաչեցինք նրան, բայց նա մեզ ճանաչեց. հնարավոր է՝ հանդիպել էինք ծառայության ժամանակ։ Նա բռնեց մեզ, հետ հրեց լոգասենյակ և ասաց, որ փակենք դուռը։ Ասաց նաև, որ կփրկի մեզ։
Կողոպտիչների ձայները լսվեցին ևս մոտ 30 րոպե, ինչից հետո լռություն տիրեց։ Վերջապես երիտասարդը վերադարձավ՝ ասելով, որ կարող ենք դուրս գալ։ Նա պնդեց, որ անմիջապես հեռանանք, և օգնեց մեզ դուրս գալու։ Մենք ոչինչ չվերցրինք մեզ հետ։ Սարսափելի էր տեսնել մեր հարևաններից ոմանց դիակները։ Կառավարական զորքից երկու զինվոր ուղեկցեցին մեզ մոտակայքում գտնվող մի սպայի տուն։ Հետո սպան ուղեկցեց մեզ Միլ Քոլին հյուրանոց, որտեղ շատերն էին ապաստան գտել։ Ի վերջո, ապրիլի 11-ին բազում անհանգիստ ժամերից և ռազմական լարված գործողություններից հետո ուրիշ ճանապարհով քաղաքից մեզ տեղափոխեցին օդանավակայանի հետևի կողմը, որտեղից էլ էվակուացրին Քենիա։ Թափթփված շորերով ու գզգզված մազերով մենք մտանք Նայրոբիի Բեթելի ընդունարան։ Հենկը, որին էվակուացիայի ժամանակ առանձնացրել էին մեզնից, եկավ մի քանի ժամ հետո։ Բեթելի ընտանիքը ջերմորեն ընդունեց մեզ, սիրառատ կերպով հոգաց մեր մասին և օգնություն ցույց տվեց»։
ՓՐԿՎՈՒՄ ԵՆ ՓՈՔՐԻԿ ԱՂՋԿԱ ԱՂՈԹՔԻ ՇՆՈՐՀԻՎ
Ռուանդայի և Բուրունդիի նախագահների սպանության հաջորդ օրը վեց զինվորներ գնացին եղբայր Ռուակաբուբուի տուն։ Նրանց աչքերը արնակալած էին, բերաններից խմիչքի հոտ էր գալիս, և նրանց պահվածքից հասկանալի էր, որ թմրանյութ են օգտագործել։ Նրանք պահանջեցին, որ եղբայրը զենք տա իրենց։ Սակայն վերջինս ասաց, որ ինքն ու իր ընտանիքի անդամները Եհովայի վկաներ են և զենք չունեն։
Զինվորները գիտեին, որ Եհովայի վկաները չեզոքություն են պահում, հրաժարվում են իշխանություններին աջակցելուց և բանակի համար նվիրաբերություններ չեն անում։ Դա զայրացրեց նրանց։ Գասպար ու Մելանի Ռուակաբուբուները տուտսիներ չեն, բայց ծայրահեղական հուտուներից բաղկացած Ինտերահամվեի ջոկատները սպանում էին ոչ միայն տուտսիներին, այլև չափավորական հուտուներին, հատկապես եթե կասկածում էին, որ լավ են տրամադրված տուտսիների կամ Ռուանդայի հայրենասիրական ճակատի (ՌՀՃ) հանդեպ։
Գասպարին ու Մելանիին փայտերով հարվածելուց հետո զինվորները նրանց հինգ երեխաների հետ տարան ննջարան, ապա հանեցին անկողնու սավանները և դրանցով սկսեցին ծածկել նրանց։ Ոմանց ձեռքին նռնակներ կային, ուստի նրանց մտադրությունը պարզ էր։ Գասպարը հարցրեց. «Կարո՞ղ ենք աղոթել»։
Զինվորներից մեկը արհամարհանքով մերժեց խնդրանքը։ Բայց որոշ քննարկումներից հետո դժկամորեն թույլ տվեցին։ «Լա՛վ,— ասացին նրանք,— ձեզ երկու րոպե ենք տալիս»։
Նրանք անձայն աղոթեցին, բայց Դեբորա Ռուակաբուբուն, որը վեց տարեկան էր, բարձրաձայն խնդրեց. «Եհո՛վա, նրանք ուզում են սպանել մեզ, բայց ինչպե՞ս կարող ենք նորից գնալ այն մարդկանց տուն, որոնց պապայի հետ քարոզել ենք ու որոնց ես հինգ պարբերագիր եմ թողել։ Նրանք սպասում են մեզ, նրանք պետք է իմանան ճշմարտությունը։ Ես քեզ խոսք եմ տալիս, եթե մեզ չսպանեն, ես քարոզիչ կդառնամ, կմկրտվեմ ու ռահվիրա կծառայեմ։ Եհո՛վա, փրկի՛ր մեզ»։
Լսելով դա՝ զինվորները շատ զարմացան։ Ի վերջո, նրանցից մեկն ասաց. «Այս փոքրիկ աղջկա աղոթքի շնորհիվ մենք ձեզ չենք սպանի։ Եթե ուրիշ մարդիկ գան, ասեք, որ մենք արդեն եղել ենք այստեղ»b։
ԻՐԱՎԻՃԱԿԸ ՎԱՏԹԱՐԱՆՈՒՄ Է
Աստիճանաբար պատերազմը սաստկացավ, քանի որ զինված խմբավորումները (Ռուանդայի հայրենասիրական ճակատը) առաջ շարժվեցին դեպի մայրաքաղաք Կիգալի։ Դա դրդեց հանդուգն Ինտերահամվեի զինվորներին ավելի շատ մարդկանց կյանքեր խլելու։
Զինվորները, Ինտերահամվեի զինված ջոկատները, ինչպես նաև բնակիչները բոլոր ճանապարհները արգելափակեցին և պահակակետեր դրեցին, որպեսզի բացահայտեն և սպանեն տուտսիներին։ Բոլոր ամրակազմ տղամարդկանց ստիպում էին Ինտերահամվեի հետ գիշեր-ցերեկ հսկել պահակակետերում։
Քանի որ երկրով մեկ սպանությունները շարունակվում էին, հարյուր հազարավոր ռուանդացիներ լքեցին իրենց տները։ Նրանցից շատերը, այդ թվում Եհովայի վկաները ապաստան փնտրեցին հարևան Կոնգոյում և Տանզանիայում։
ԿԱՆԳՆԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒ ՄԱՀՎԱՆ ԱՌԱՋ
Հաջորդ էջերում կարող ես կարդալ դեպքեր, որոնք տեղի են ունեցել մեր եղբայրների ու քույրերի հետ, որոնց գլխին աշխարհն ասես փուլ էր եկել։ Հիշիր, որ 1980-ականներին Եհովայի վկաները Ռուանդայում կրակե փորձությունների միջով էին անցել, փորձություններ, որոնք ամրացրել ու զտել էին նրանց հավատը և ավելի համարձակ դարձրել։ Այդ եղբայրների հավատը օգնեց իրենց չլինելու «աշխարհի մի մասը»։ Նրանք հրաժարվեցին ընտրություններին, ռազմական գործողություններին և քաղաքական գործերին մասնակցելուց (Հովհ. 15։19)։ Նրանց քաջությունը օգնեց, որ կրեն չեզոքություն պահպանելու հետևանքները՝ արհամարհանք, բանտարկություն, հալածանք և մահ։ Փորձված այս հատկությունների, ինչպեսև Աստծու և մերձավորի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ Եհովայի վկաները ոչ միայն չմասնակցեցին ցեղասպանությանը, այլև իրենց կյանքերը վտանգեցին իրար պաշտպանելու համար։
Ինչ խոսք, բազմաթիվ դեպքեր կան, որոնք ընդգրկված չեն այստեղ։ Շատ եղբայրներ գերադասում են մոռանալ այդ սարսափելի մանրամասները, քանի որ չեն ցանկանում վրեժխնդիր լինել։ Հուսով ենք, որ նրանց հավատի մասին այս պատմությունը կմղի բոլորիս իրար հանդեպ լիարժեք սեր դրսևորելու, ինչը Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտներին բնորոշող նշանն է (Հովհ. 13։34, 35)։
ԺԱՆԻ ՈՒ ՉԱՆՏԱԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Ժան դը Դյո Մուգաբոն, որը կենսուրախ, հոգատար եղբայր է, 1982թ.-ին Եհովայի վկաների օգնությամբ սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը։ Մինչև իր մկրտությունը՝ 1984թ., նա երեք անգամ բանտարկվել էր որպես Եհովայի վկա։ Նրա կինը՝ Չանտալը, նույնպես մկրտվել էր 1984-ին, և 1987-ին նրանք ամուսնացան։ Երբ ցեղասպանությունը սկսվեց, ամուսինները երեք երեխա ունեին՝ բոլորը աղջիկ։ Երկու մեծ աղջիկները տատիկի ու պապիկի մոտ էին մնում, որոնք ապրում էին քաղաքից դուրս, իսկ փոքրիկը, որը վեց ամսական էր, Ժանի ու Չանտալի մոտ էր։
Ցեղասպանության առաջին օրը՝ 1994թ. ապրիլի 7-ին, զինվորներն ու Ինտերահամվեն սկսեցին հարձակվել բոլոր տուտսիների տների վրա։ Ժանին ձերբակալեցին ու մահակներով ծեծեցին, բայց նա կարողացավ փախչել ու միանալով մեկ ուրիշ եղբոր՝ վազելով գնաց մոտակա Թագավորության սրահ։ Չանտալը, չիմանալով, թե ինչ է եղել իր ամուսնուն, խելահեղ կերպով փորձում էր փոքրիկի հետ դուրս գալ քաղաքից, որ գնա իրենց մյուս երկու երեխաների մոտ։
Ժանը պատմում է, թե ինչ եղավ իր հետ. «Թագավորության սրահը նախկինում հացի փուռ էր եղել, որի մեծ ծխնելույզը մնացել էր։ Մեկ շաբաթ ես ու այդ եղբայրը թաքնվեցինք սրահում։ Երբ անվտանգ էր, հուտու մի քույր մեզ ուտելիք էր բերում։ Հետո ստիպված էինք թաքնվել տանիքում՝ երկաթե ծածկի ու առաստաղի միջև, որտեղ արևը ցերեկը սարսափելի այրում էր։ Չկարողանալով ավելի լավ տեղ գտնել՝ մենք հանեցինք ծխնելույզի մի քանի աղյուս ու մտանք դրա մեջ։ Ավելի քան մեկ ամիս կռացած դիրքում թաքնվեցինք այնտեղ։
Մոտակայքում պահակակետ կար, և Ինտերահամվեի զինվորները հաճախ էին մտնում Թագավորության սրահ՝ խոսելու կամ անձրևից պաշտպանվելու համար։ Վերևից լսում էինք նրանց զրույցը։ Քույրը շարունակում էր մեզ ուտելիք բերել, երբ հնարավոր էր։ Երբեմն ինձ թվում էր, որ այլևս ի վիճակի չեմ դիմանալու, բայց մենք շարունակաբար աղոթում էինք, որ կարողանանք տոկալ։ Ի վերջո, մայիսի 16-ին քույրը եկավ ու ասաց, որ Ռուանդայի հայրենասիրական ճակատը քաղաքի այդ մասը իր հսկողության տակ է վերցրել և որ մենք կարող ենք դուրս գալ»։
Իսկ ի՞նչ էր եղել Ժանի կնոջը։ Չանտալը պատմում է. «Ապրիլի 8-ին կարողացա մեր փոքրիկի հետ փախչել տնից։ Երկու քրոջ գտա՝ Իմակուելեին, որի փաստաթղթերում գրված էր, որ նա հուտու է, և Սյուզանին, որը տուտսի է։ Ուզում էինք Բուգեսերա հասնել, որը մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։ Այնտեղ էին երկու երեխաներս ու ծնողներս։ Սակայն լսեցինք, որ քաղաքից դուրս եկող բոլոր ճանապարհներին պահակակետեր կան, ուստի որոշեցինք գնալ մոտակա գյուղ, որը Կիգալիի արվարձաններում է։ Այնտեղ Իմակուելեն Գահիսի անունով ազգական ուներ, որը նույնպես Եհովայի վկա էր։ Գահիսին, որը հուտու էր, սրտանց ընդունեց մեզ ու չնայած հարևանների սպառնալիքներին՝ իր ձեռքից եկածն արեց, որ օգնի մեզ։ Երբ զինվորներն ու Ինտերահամվեն իմացան, որ Գահիսին պաշտպանել է տուտսիների, սպանեցին նրան։
Գահիսիին սպանելուց հետո զինվորները մեզ տարան գետի մոտ, որ սպանեն։ Մենք սարսափահար սպասում էինք մեր վերջին։ Հանկարծ թեժ վեճ ծագեց զինվորների միջև, ու նրանցից մեկն ասաց. «Կանանց մի՛ սպանեք։ Դա վատ նշան է։ Այս անգամ միայն տղամարդկանց ենք սպանում»։ Եղբայրներից մեկը՝ Անդրե Թվահիրան, որը մի շաբաթ առաջ էր մկրտվել, հետևում էր մեզ։ Նա մեզ իր տուն տարավ՝ չնայած հարևանների առարկությանը։ Հաջորդ օրը նա ուղեկցեց մեզ Կիգալի, որտեղ հուսով էր, որ ապահով վայր կգտնի։ Անդրեն օգնեց մեզ անցնելու ծայրահեղ վտանգավոր պահակակետերով։ Երեխաս Իմակուելեի գրկում էր։ Այդպես էինք արել, որ եթե մեզ կանգնեցնեին, գոնե երեխան կենդանի մնար։ Ես ու Սյուզանը պատռել էինք մեր փաստաթղթերը՝ փորձելով թաքցնել մեր ինքնությունը։
Պահակակետերից մեկում Ինտերահամվեն հարվածեց Իմակուելեին ու հարցրեց. «Ինչո՞ւ ես ճանապարհորդում այս տուտսիների հետ»։ Նրանք թույլ չտվեցին, որ ես ու Սյուզանը անցնենք։ Իմակուելեն և Անդրեն գնացին եղբայր Ռուակաբուբուի տուն։ Վտանգելով իրենց կյանքը՝ Անդրեն ու երկու ուրիշ եղբայրներ՝ Սիմոնն ու Մաթյասը, օգնեցին մեզ անցնելու վերջին պահակակետը։ Ինձ տարան եղբայր Ռուակաբուբուի տուն, իսկ Սյուզանը գնաց իր բարեկամներից մեկի մոտ։
Սակայն ինձ համար անչափ վտանգավոր էր եղբայր Ռուակաբուբուի տանը մնալը, ուստի մեծ դժվարությամբ եղբայրները ինձ տարան Թագավորության սրահ, որտեղ ուրիշ Վկաներ էին թաքնված։ Տասը տուտսի եղբայրներ ու քույրեր և ուրիշ մարդիկ, ովքեր փախուստի էին դիմել, արդեն այնտեղ էին։ Իմակուելեն այնքան հավատարիմ էր, որ ինձ մենակ չթողեց։ Նա ասաց. «Եթե քեզ սպանեն, իսկ ես կենդանի մնամ, կփրկեմ քո երեխային»c։
Այդ ժամանակ հարևանությամբ ապրող մի եղբայր՝ Վեդաստ Բիմենյիմանան, որը տուտսի կին ուներ, հենց նոր էր իր ընտանիքին տարել ապահով մի վայր։ Այնուհետև վերադարձել էր, որ օգնի Թագավորության սրահում մնացածներին ապահով տեղ փնտրելու։ Բարեբախտաբար, բոլորը կենդանի մնացին։
Ցեղասպանությունից հետո Ժանն ու Չանտալը իմացան, որ իրենց ծնողներն ու երկու և հինգ տարեկան աղջիկները սպանվել են։ Բացի նրանցից, սպանվել էին ամուսինների հարազատներից մոտ 100 հոգի։ Ի՞նչ ապրումներ նրանք ունեցան։ «Սկզբում ցավն անտանելի էր,— ասում է Չանտալը,— իսկ հետո ասես անզգայացած լինեինք։ Ավելի շատ մարդիկ մահացան, քան կարելի էր պատկերացնել։ Մենք միայն կարող էինք ամեն բան Եհովայի ձեռքը հանձնել՝ փայփայելով այն հույսը, որ նորից կտեսնենք մեր երեխաներին հարության ժամանակ»։
ԹԱՔՆՎԱԾ՝ 75 ՕՐ
Թարսիս Սեմինիգան մկրտվել է 1983-ին Կոնգոյում։ Ցեղասպանության ժամանակ նա ապրում էր Բուտարեում (Ռուանդա)՝ Կիգալիից մոտ 120 կիլոմետր հեռու։ Թարսիսն ասում է. «Կիգալիում նախագահական ինքնաթիռի հետ պատահածից հետո մենք լսեցինք, որ հրաման է դուրս եկել սպանել բոլոր տուտսիներին։ Երկու եղբայր փորձեցին կազմակերպել մեր փախուստը Բուրունդիով, բայց բոլոր ճանապարհներն ու արահետները հսկվում էին Ինտերահամվեի կողմից։
Մենք մեր տանն էինք բանտարկված և չգիտեինք՝ ուր գնալ։ Չորս զինվոր իրենց տեսադաշտում էին պահում մեր տունը, նրանցից մեկը 180 մետր հեռավորության վրա ավտոմատ հրազեն էր տեղադրել տան ուղղությամբ։ Եհովային ջերմեռանդորեն աղոթելիս աղաղակեցի. «Եհո՛վա, մենք ոչինչ չենք կարող անել, որ փրկենք մեր կյանքը։ Միայն դու կարող ես փրկել»։ Երեկոյան մի եղբայր վազելով մոտեցավ մեր տանը։ Նա վախեցած էր, քանի որ մտածում էր, թե արդեն մահացել ենք։ Զինվորականները թույլ տվեցին նրան տուն մտնել և մի քանի րոպե մնալ։ Նա ասես շունչ առավ, երբ մեզ կենդանի տեսավ, և կարողացավ մեր երեխաներից երկուսին իր տուն տանել։ Հետո նա տեղյակ պահեց երկու եղբայրների՝ Ժուեստան Ռուագատորեին և Ժոզեֆ Նդուայեսուին, որ իմ ընտանիքը թաքնվում է և որ մենք իրենց օգնության կարիքն ունենք։ Նրանք գիշերով եկան ու չնայած դժվարություններին և վտանգներին՝ մեզ տարան Ժուեստանի տուն։
Ժուեստանի տանը կարճ ժամանակ մնացինք, քանի որ հաջորդ օրն արդեն մարդիկ իմացել էին, որ այդտեղ ենք թաքնված։ Նույն օրը Վենսան անունով մի մարդ եկավ զգուշացնելու, որ Ինտերահամվեն պատրաստվում է հարձակվել ու սպանել մեզ։ Այդ մարդու հետ Ժուեստանը Աստվածաշունչ էր ուսումնասիրել, սակայն նա ճշմարտության կողմը դիրք չէր բռնել։ Վենսանը առաջարկեց, որ սկզբում թաքնվենք Ժուեստանի տան մոտ գտնվող մացառուտներում։ Իսկ մութն ընկնելուց հետո տարավ մեզ իր տուն։ Նա թաքցրեց մեզ կլոր մի հյուղակում, որտեղ այծեր էին պահում։ Այն ցեխից պատրաստված պատեր ուներ, հողե հատակ և ծղոտե տանիք, պատուհաններ չկային։
Երկար օրեր ու գիշերներ անցկացրինք այդ հյուղակում, որը գտնվում էր խաչմերուկի մոտ՝ մի քանի մետր հեռու այդ տեղանքի ամենաաշխույժ շուկայից։ Այստեղ լսվում էր անցորդների զրույցները։ Նրանք պատմում էին, թե ինչ են արել այդ օրը, ինչպես նաև զարհուրելի պատմություններ իրենց կատարած սպանությունների և ապագայում ունեցած նպատակների մասին։ Այդ մթնոլորտը ավելի շատ էր մեզ վախով համակում, ուստի շարունակ աղոթում էինք, որ փրկվենք։
Վենսանն ամեն ինչ արեց, որ հոգ տանի մեր կարիքների մասին։ Այդտեղ մնացինք մեկ ամիս։ Մայիսի վերջին այդ վայրը չափազանց վտանգավոր դարձավ, քանի որ եկել էին Կիգալիից փախած Ինտերահամվեի զինվորները։ Եղբայրները որոշեցին տեղափոխել մեզ մի եղբոր տուն, որը նկուղ ուներ։ Նա երեք եղբայրների էր թաքցնում այնտեղ։ Այդ տունը հասնելու համար գիշերը մենք չորս ու կես ժամ ոտքով վտանգավոր ճանապարհ անցանք։ Հորդ անձրև էր գալիս, բայց դա օրհնություն էր, քանի որ այն պաշտպանեց մեզ մարդասպաններից։
Այս նոր թաքստոցը 1,5 մետր խորությամբ փոս էր։ Մի տախտակ ծառայում էր որպես դուռ։ Փոսը մտնելու համար պետք է իջնեինք սանդուղքով, կռացած անցնեինք թունելով, որ հասնեինք մի սենյակ, որը մոտ 2 քառակուսի մետր էր։ Բորբոսի հոտ էր գալիս, և լույսի ընդամենը մի փոքր շողք էր ներս ընկնում։ Ես, կինս՝ Չանտալը, մեր հինգ երեխաները, ինչպես նաև երեք ուրիշ մարդիկ այդ սենյակում էինք մնում։ Տասը հոգով վեց շաբաթ մնացինք այդ փոսում, որի պատճառով տառապում էինք կլաուստրոֆոբիայով։ Մենք չէինք համարձակվում մոմ վառել, քանի որ դա կմատներ մեզ։ Սակայն այս բոլոր դժվարությունների ու տառապանքների մեջ Եհովան աջակցում էր մեզ։ Եղբայրները, վտանգելով իրենց կյանքը, սնունդ ու դեղորայք էին բերում և քաջալերական խոսքեր ասում։ Երբեմն կարողանում էինք ցերեկը մեկ մոմ վառել, որ Աստվածաշունչ, «Դիտարան» կամ օրվա խոսքը կարդանք»։
Թարսիսը շարունակում է. «Ամեն մի պատմություն իր ավարտն ունի։ Այս պատմությունն իր ավարտին հասավ 1994թ. հուլիսի 5-ին։ Վենսանը տեղեկացրեց, որ ՌՀՃ-ի զինված խմբավորումները գրավել են Բուտարեն։ Երբ նկուղից դուրս եկանք, շատերը չիմացան, որ մենք ռուանդացի ենք, քանի որ մեր մաշկը գունատվել էր արևի լույսի բացակայության պատճառով։ Բացի այդ, որոշ ժամանակ չէինք կարողանում բարձրաձայն խոսել, միայն շշուկով էինք խոսում։ Շաբաթներ անցան, մինչև որ ուշքի եկանք։
Այս բոլոր իրադարձությունները խոր ազդեցություն թողեցին կնոջս վրա, որը դրանից առաջ տասը տարի շարունակ հրաժարվում էր Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրելուց։ Սակայն այժմ նա սկսեց ուսումնասիրել։ Երբ մարդիկ հարցնում էին, թե ինչու որոշեց ուսումնասիրել, կինս պատասխանում էր. «Այդ քայլին ինձ մղեցին եղբայրների սերը, որ ցույց տվեցին մեր հանդեպ, և այն զոհողությունները, որ արեցին մեզ փրկելու համար։ Ես նաև զգացի Եհովայի հզոր ձեռքը, որը փրկեց մեզ մարդասպանների մաչետեներից»։ Նա նվիրեց իր կյանքը Եհովային և մկրտվեց պատերազմից հետո անցկացված առաջին համաժողովին։
Անչափ պարտական ենք մեր այն բոլոր եղբայրներին ու քույրերին, որոնք իրենց գործերով և սրտաբուխ աղոթքներով նպաստեցին, որ կենդանի մնանք։ Մենք զգացինք նրանց խոր ու անկեղծ սերը, որը հաղթահարեց էթնիկական արգելքները»։
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՆՐԱՆ, ՈՎ ՕԳՆԵԼ ԷՐ
Եղբայր Սեմինիգայի ընտանիքին օգնած եղբայրներից մեկը՝ Ժուեստան Ռուագատորեն, հետագայում ինքը օգնության կարիք ունեցավ։ 1986-ին նա բանտարկվել էր, քանի որ հրաժարվել էր ղեկավարող իշխանությունների քաղաքականությանը մասնակցելուց։ Եղբայր Սեմինիգայի ընտանիքին փրկելուց տարիներ անց Ժուեստանը մի քանի եղբայրների հետ նորից ձերբակալվեց չեզոքություն պահելու համար։ Եղբայր Սեմինիգան այն եղբայրների թվում էր, որոնք գնացին տեղի իշխանությունների մոտ, որ բացատրեն Եհովայի վկաների դիրքորոշումը քաղաքական հարցերում։ Նա բացատրեց, որ Ժուեստանը մեծապես նպաստել է իր ընտանիքի փրկությանը։ Արդյունքում՝ բոլոր եղբայրները ազատ արձակվեցին բանտից։
Ցեղասպանության ընթացքում եղբայրների դրսևորած վարքը շատերին մղեց ընդունելու ճշմարտությունը։ Սյուզան Լիզինդեն, որը կաթոլիկ էր, տեսավ, թե ինչպես է իր եկեղեցին աջակցում ցեղասպանությանը։ Սակայն իր տարածքում ապրող Եհովայի վկաների վարքը և այն սերը, որ կար նրանց մեջ, մղեցին նրան հոգևորապես արագորեն առաջադիմելու։ Սյուզանը մկրտվեց 1998թ. հունվարին ու երբեք բաց չթողեց ժողովի հանդիպումները, թեև 5 կիլոմետր ոտքով անցնում էր բլուրներով։ Նա իր ընտանիքին էլ օգնեց իմանալու ճշմարտությունը։ Այսօր նրա տղաներից մեկը ծառայում է երեց, իսկ թոռներից մեկը ծառայող օգնական է։
ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐԱՎՈՐՆԵՐ ՓԱԽՈՒՍՏԻ ԵՆ ԴԻՄՈՒՄ
1994թ. ապրիլին Ռուանդայից Քենիա էվակուացվելուց հետո Հենկ վան Բուսելը, որը 1992-ին միսիոներ էր նշանակվել Ռուանդա, գնաց Գոմա (Արևելյան Կոնգո), որ մասնակցի Ռուանդայի փախստականներին աջակցելու ծրագրին։ Կոնգոյի սահմանից եղբայրները՝ ձեռքներին աստվածաշնչյան գրականություն պահած, կանգնում էին սահմանի բոլոր անցակետերի մոտ և երգում կամ սուլում էին Թագավորության երգերը, որպեսզի Ռուանդայից եկող Վկաները ճանաչեն իրենց եղբայրներին։
Մարդիկ ամենուրեք խուճապի մեջ էին։ Քանի որ դեռ շարունակվում էր պատերազմը կառավարական զորքերի և Ռուանդայի հայրենասիրական ճակատի միջև, հարյուր հազարավորներ փախչում էին Կոնգո և Տանզանիա։ Գոմա փախչող եղբայրների հանդիպման վայրը Թագավորության սրահն էր։ Հետագայում փախստականների ճամբար դրվեց քաղաքից դուրս, որը ապաստան դարձավ ավելի քան 2000 հոգու համար. դա բացառապես Եհովայի վկաների, նրանց երեխաների և հետաքրքրվող անհատների համար էր։ Եղբայրները նմանատիպ ճամբարներ դրեցին Արևելյան Կոնգոյի այլ վայրերում։
Փախուստի դիմող մարդիկ հիմնականում հուտուներ էին, որոնք վախենում էին վրեժխնդրությունից, մինչդեռ եղբայրները, որոնք միասին էին փախչում, թե՛ հուտու էին, թե՛ տուտսի։ Տուտսիներին Գոմայի սահմանն անցկացնելը անչափ վտանգավոր էր, քանի որ դեռ շարունակվում էր նրանց սպանությունը։ Մի պահ եղավ, որ տուտսի եղբայրներին գաղտնի երկրից հանելը արժեցավ 100 ամերիկյան դոլար մեկ անձի համար։
Կոնգո ժամանած եղբայրները ցանկանում էին միասին մնալ։ Նրանք ոչ մի ընդհանուր բան չէին ուզում ունենալ Ինտերահամվեի հետ, որը ակտիվ գործունեություն էր ծավալել Միավորված ազգերի կազմակերպության դրած ճամբարներում։ Ավելին, ոչ Վկա փախստականներից շատերը համակրում էին այն իշխանությանը, որը հետապնդվում էր։ Նրանք, հատկապես Ինտերահամվեն չէին սիրում Եհովայի վկաներին, քանի որ իրենց չէին միացել։ Եղբայրներն ուզում էին առանձին լինել, որ կարողանան նաև պաշտպանել տուտսի եղբայրներին։
Քանի որ Ռուանդայից փախած մարդիկ թողել էին իրենց ունեցվածքը, նրանք օգնության կարիք ունեին։ Այդ օգնությունը գալիս էր Բելգիայի, Կոնգոյի, Ֆրանսիայի, Քենիայի և Շվեյցարիայի Եհովայի վկաներից։ Ստանում էին փող, դեղորայք, սնունդ և հագուստ։ Գալիս էին նաև բժիշկներ և բուժքույրեր։ Երբ առաջին օգնություններից մեկը տեղ հասավ, նրանք բազմաթիվ փոքր վրաններ ստացան, որոնք ուղարկել էր Ֆրանսիայի մասնաճյուղը։ Հետո Բելգիայի մասնաճյուղը ուղարկեց այնպիսի վրաններ, որոնց տակ կարող էր մի ամբողջ ընտանիք ապրել։ Ուղարկվեցին նաև ծալովի մահճակալներ և փչովի ներքնակներ։ Քենիայի մասնաճյուղը ուղարկեց ավելի քան երկու տոննա հագուստ և ավելի քան 2000 վերմակ։
ԽՈԼԵՐԱ Է ԲՌՆԿՎՈՒՄ
Ռուանդայից փախչելուց հետո ավելի քան 1000 Վկաներ և հետաքրքրվող անհատներ մնում էին Գոմայի Թագավորության սրահում և կից հողատարածքում։ Դժբախտաբար, քանի որ փախստականների թիվը շատ մեծ էր, Գոմայում խոլերա բռնկվեց։ Կոնգոյի (Կինշասա) մասնաճյուղը արագ դեղորայք ուղարկեց համաճարակի դեմ պայքարելու համար։ Եղբայր Հենկ վան Բուսելը Նայրոբիից ժամանեց Գոմա՝ իր հետ բերելով ևս 60 արկղ դեղորայք։ Թագավորության սրահը ժամանակավորապես օգտագործվում էր որպես հոսպիտալ։ Հիվանդներին ձգտում էին մեկուսացնել։ Բժիշկներ Լոիկ Դոմալեն և մեկ ուրիշ եղբայր, նաև ռուանդացի Էմաբլե Հաբիմանան, որը բժշկի օգնական էր, տքնաջան աշխատում էին։ Եղբայր Ամըլը, որը Ֆրանսիայից էր, մեծ օգնություն ցույց տվեց այս դժվար ժամանակներում։ Նաև շատ եղբայրներ ու քույրեր, որոնք բժշկության բնագավառում փորձ ունեին, եկան որպես կամավորներ՝ հիվանդներին խնամելու համար։
Թեև մեծ ջանքեր ներդրվեցին հիվանդությունը կանխելու համար, ավելի քան 150 եղբայրներ և հետաքրքրվող անհատներ վարակվեցին, և մոտ 40-ը մահացավ։ Հետագայում մի մեծ հողատարածք վարձվեց, որը ծառայեց որպես փախստականների ճամբար Եհովայի վկաների համար։ Հարյուրավոր փոքր վրաններ կանգնեցվեցին, իսկ Քենիայից ուղարկված մի մեծ վրան ծառայեց որպես հոսպիտալ։ Ամերիկայից ժամանած առողջապահության աշխատակիցները շատ էին տպավորվել ճամբարի մաքրությամբ ու կարգուկանոնից։
1994թ. օգոստոսի սկզբին Գոմայի օգնության կոմիտեն հոգ էր տանում 2274 փախստականների՝ Վկաների, նրանց երեխաների և հետաքրքրվող անհատների մասին։ Շատ փախստական եղբայրներ կային նաև Արևելյան Կոնգոյի Բուկավու և Ուվիրա քաղաքներում ու Բուրունդիում։ 230 հոգի էլ Տանզանիայի փախստականների ճամբարում էին։
Երբ Կիգալիի թարգմանչական գրասենյակի եղբայրները փախան Գոմա, մի տուն վարձեցին, որ կարողանան շարունակել թարգմանչական գործը։ Դա հնարավոր դարձավ այն բանի շնորհիվ, որ եղբայրները պատերազմի ժամանակ կարողացել էին մի համակարգիչ ու մի գեներատոր պահպանել և տեղափոխել Կիգալիից Գոմա։
Գոմայում հեռախոսային և փոստային ծառայություններ, կարելի է ասել, չկային։ Սակայն օդանավակայանում աշխատող Վկաների օգնությամբ եղբայրները ամեն շաբաթ թարգմանչական նյութը և փոստը Գոմա-Նայրոբի չվերթով ուղարկում էին Քենիա։ Այնտեղի մասնաճյուղի եղբայրները նույն ճանապարհով հետ էին ուղարկում փոստը։
Էմմանուել Նգիրենտեն և երկու ուրիշ թարգմանիչներ շարունակեցին թարգմանել՝ անելով իրենց լավագույնը, թեև դժվարին հանգամանքներում էին։ Պատերազմի պատճառով նրանք ստիպված եղան բաց թողնել «Դիտարանի» որոշ հոդվածներ, բայց դրանք հետագայում թարգմանվեցին և հրատարակվեցին առանձին գրքույկներում, որոնք եղբայրները ուսումնասիրեցին ժողովի Գրքի ուսումնասիրության ժամանակ։
ԿՅԱՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՃԱՄԲԱՐՈՒՄ
Քանի որ մարդիկ դեռ շարունակում էին փախչել Կիգալիից, Ֆրանսինը, որը Գոմա էր փախել իր ամուսնու՝ Անանիի սպանությունից հետո, տեղափոխվեց Վկաների ճամբարներից մեկը։ Նա նկարագրում է, թե ինչպիսին էր կյանքը ճամբարում. «Ամեն օր մի քանի եղբայր և քույր նշանակվում էին կերակուր պատրաստելու։ Մենք համեստ նախաճաշ էինք պատրաստում՝ կորեկի կամ եգիպտացորենի շիլա։ Պատրաստում էինք նաև կեսօրվա ճաշը։ Մեր պարտականությունները կատարելուց հետո մասնակցում էինք քարոզչական ծառայությանը։ Հիմնականում վկայություն էինք տալիս մեր ճամբարում գտնվող ընտանիքների անդամներին, որոնք Վկաներ չէին, նաև նրանց, ովքեր ճամբարից դուրս էին ապրում։ Որոշ ժամանակ անց, սակայն, Ինտերահամվեի մարդիկ, որոնք մյուս ճամբարներում էին, զայրացան, երբ տեսան, որ Վկաները առանձին ճամբարներում են։ Իրավիճակը վտանգավոր դարձավ»։
1994թ. նոյեմբերին պարզ դարձավ, որ եղբայրների համար Ռուանդա վերադառնալը անվտանգ է։ Իրականում, խորհուրդ էր տրվում դա անել, քանի որ Կոնգոյում՝ ոչ Վկաների ճամբարներում, ապահով չէր։ Սակայն դժվար կլիներ վերադառնալ։ Ինտերահամվեն հույս ուներ վերախմբավորվել ու հարձակվել Ռուանդայի վրա։ Ցանկացած մեկին, ով կհեռանար Կոնգոյից ու կվերադառնար Ռուանդա, նրանք դասալիք էին համարում։
Եղբայրները Ռուանդայի իշխանություններին տեղեկացրին, որ Եհովայի վկաները, որոնք չեզոք դիրք էին բռնել պատերազմում և չէին մասնակցել տուտսիների ցեղասպանությանը, ցանկանում են հայրենադարձվել։ Իշխանությունները նրանց խորհուրդ տվեցին բանակցել Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱՓԳ) հետ, որը կարող էր փոխադրամիջոցներ տրամադրել վերադառնալ ցանկացողներին տեղափոխելու համար։ Սակայն քանի որ Ինտերահամվեն կարող էր խանգարել, եղբայրները ստիպված էին այլ կերպ վարվել։
Նրանք հայտարարեցին, որ Գոմայում մեկօրյա հատուկ համաժողով է լինելու, և պատրաստեցին համաժողովի խորագրերը։ Հետո գաղտնի տեղեկացրին Վկաներին, որ վերադառնալու են Ռուանդա։ Կասկած չհարուցելու համար եղբայրներին խնդրեցին, որ իրենց բոլոր իրերը թողնեն ճամբարներում և վերցնեն միայն Աստվածաշնչերն ու երգարանները, որ տպավորություն ստեղծվի, թե գնում են համաժողով։
Ֆրանսինը հիշում է, որ մի քանի ժամ քայլելուց հետո վերջապես հասան այն բեռնատար մեքենաներին, որոնք սպասում էին իրենց, որ հասցնեն սահման։ Ռուանդայի սահմանին ՄԱՓԳ-ը կազմակերպեց նրանց տեղափոխությունը Կիգալի և հետո նրանց բնակավայրեր։ Այդպիսով՝ 1994թ. դեկտեմբերին եղբայրներից շատերը, նրանց ընտանիքներն ու հետաքրքրվող անհատները վերադարձան Ռուանդա։ Բելգիական «Սուաղ» թերթի 1994թ. դեկտեմբերի 3-ի համարում գրվեց. «1500 ռուանդացի փախստականներ որոշեցին հեռանալ Զաիրից [Կոնգո], քանի որ կարծում էին, թե իրենց անվտանգությունը երաշխավորված չէ։ Նրանք Եհովայի վկաներ են, որոնք իրենց ճամբարն էին դրել Կատալեի ճամբարի վերևում։ Եհովայի վկաները հալածվել են նախկին կառավարության կողմից հատկապես այն պատճառով, որ հրաժարվել են զենք վերցնելուց և քաղաքական ցույցերին մասնակցելուց» (Le Soir)։
Ռուանդա վերադառնալուց հետո Ֆրանսինը ներկա եղավ մարզային համաժողովին Նայրոբիում։ Իր ամուսնու մահից հետո մխիթարված և եղբայրների ու քույրերի ընկերակցությունից քաջալերված՝ նա վերադարձավ թարգմանչական գրասենյակ, որը կրկին հիմնվել էր Կիգալիում։ Հետագայում Ֆրանսինը ամուսնացավ Էմմանուել Նգիրենտեի հետ, և նրանք շարունակում են ծառայել մասնաճյուղում։
Ինչպե՞ս Ֆրանսինը կարողացավ հաղթահարել իր բացասական զգացմունքները պատերազմի տարիներին։ Նա պատմում է. «Այդ ժամանակ միայն մի բանի մասին էինք մտածում՝ տոկալ մինչև վերջ։ Որոշել էինք չկենտրոնանալ տեղի ունեցող սարսափելի բաների վրա։ Հիշում եմ, որ ինձ անչափ մխիթարում էին Ամբակում 3։17–19 խոսքերը, որոնցում խոսվում է դժվարին իրավիճակներում ուրախություն գտնելու մասին։ Եղբայրներն ու քույրերը ինձ շատ էին քաջալերում։ Ոմանք էլ նամակներ էին գրում։ Դա օգնում էր ինձ հոգևոր տրամադրվածություն պահպանելու։ Ես չէի մոռանում, որ Սատանան բազում հնարքներ ունի։ Եթե թույլ տանք, որ այս կամ այն խնդիրն ազդի մեզ վրա, հեշտությամբ կդառնանք մեկ այլ խնդրի զոհը։ Եթե զգոն չլինենք, ապա հնարավոր է՝ կոտրվենք»։
ՎԵՐԱԴԱՐՁ ՌՈՒԱՆԴԱ
Եղբայր Հենկ վան Բուսելը մեծապես աջակցեց վերադարձած եղբայրներին։ Նա պատմում է. «Մենք սկսեցինք «ռեստարտ» ծրագիր, որ օգնենք եղբայրներին պատերազմից հետո ոտքի կանգնելու և հոգալու իրենց ընտանիքի կարիքները, նաև նրանց, ովքեր մնացել էին Ռուանդայում և կորցրել էին գրեթե ամեն ինչ։ Նշանակված եղբայրներ այցելում էին յուրաքանչյուր ժողով՝ տեսնելու, թե ինչ կարիքներ ունեն եղբայրները։ Ընտանիքներ և առանձին անհատներ մթերքի կապոցներ էին ստանում՝ ըստ կարիքի։ Եղբայրները հասկանում էին, որ երեք ամիս հետո անձամբ պետք է հոգ տանեն իրենց մասին»։
Ինչ խոսք, ուշադրություն էր դարձվում նաև եղբայրների հոգևոր կարիքներին։ Թարգմանչական խումբը վերադարձավ իր նախկին աշխատավայրը Կիգալիում։ Եղբայր Հենկը հիշում է, որ գրասենյակի շենքի պատերը փամփուշտներից ասես մաղ դարձած լինեին, բայց պահեստում եղած գրքերի մեծ մասը տեղում էր։ Ամիսներ շարունակ փամփուշտներ էին գտնում գրականության արկղերում։ Թարգմանիչներից մեկը նույնիսկ մի նռնակ գտավ այգում։ Հաջորդ տարի՝ մոտավորապես 1995թ. հոկտեմբերին, թարգմանչական խումբը տեղափոխվեց ավելի ընդարձակ և հարմարավետ շենք քաղաքի մյուս կողմում։ Այս վարձված շինությունը ծառայեց որպես գրասենյակ և բնակելի տարածք մինչև 2006 թ.-ին նորակառույց մասնաճյուղ տեղափոխվելը։
«ԴԱ ՆՄԱՆ ԷՐ ՀԱՐՈՒԹՅԱՆ»
1994թ. դեկտեմբերին եղբայրներից շատերը արդեն վերադարձել էին Կոնգոյից։ Հենց այդ ժամանակ մարզային համաժողով էր անցկացվելու, որի խորագիրը՝ «Աստվածավախություն», շատ ժամանակահարմար էր։ Այն ծրագրված էր անցկացնել Կիգալիի Թագավորության սրահներից մեկում։ Ֆրանսիայից, Քենիայից և Ուգանդայից եղբայրներ էին եկել։ Ուրբաթ առավոտյան սրահը լցված էր պատվիրակներով։ Մի քույր հիշում է. «Սիրտս լցվում էր, երբ տեսնում էի եղբայրներին ու քույրերին գրկախառնվելիս՝ արցունքներն աչքերին։ Սա առաջին անգամ էր, որ պատերազմից հետո տեսնում էին իրար։ Նրանք հանդիպում էին այն ընկերներին, որոնց մահացած էին կարծել»։ Մեկ ուրիշ քույր ասում է. «Դա նման էր հարության»։
Քենիայից եկած եղբայրների թվում էր Գյունտեր Ռեշկեն։ Նա ասում է. «Ի՜նչ մեծ ուրախություն էր այդ բոլոր դժվարություններից հետո կրկին հանդիպել և տեսնել նրանց, ովքեր կենդանի էին մնացել։ Սակայն մի խնդիր կար։ Իշխանություններին մտահոգում էր այն, որ այդքան շատ մարդիկ են հավաքվել։ Կեսօրին զինված զինվորներ եկան ու ասացին, որ անվտանգության նկատառումներով համաժողովը հարկավոր է ընդհատել։ Անմիջապես պետք է հեռանայինք։ Որոշ ժամանակ հատկացրինք, որ քաջալերենք մեր ընկերներին։ Բայց հետո ստիպված էինք վերադառնալ Նայրոբի։ Մենք տխուր էինք, որ եղբայրները չկարողացան վայելել համաժողովի ծրագիրը։ Այդուհանդերձ հասկանում էինք, որ հեռանալուց առաջ արել ենք ամեն ինչ, որ քաջալերենք եղբայրներին շարունակել մնալ հավատի մեջ, ու հեռացանք՝ համոզված լինելով, որ նրանք վճռականությամբ են լցված հենց այդպես վարվելու»։
Քանի որ երկրում համեմատաբար խաղաղություն էր տիրում, շատ ռուանդացիներ, որոնք ապրում էին այլ երկրներում, որոշեցին վերադառնալ։ Վերադարձան նաև նրանք, ովքեր ծնվել էին Ռուանդայից դուրս, երբ իրենց ծնողները 1950-ականների վերջերին ու 1960-ականներին փախել էին էթնիկական ընդհարումների և քաղաքական հեղաշրջման պատճառով։ Ներգաղթյալների թվում կային մարդիկ, ովքեր իմացել էին ճշմարտությունը ուրիշ երկրներում։ Օրինակ՝ Ջեյմս Մունյաբուրանգան և իր ընտանիքը ընդունել էին ճշմարտությունը Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում։ Ռուանդայի նոր իշխանությունը պետական աշխատանք էր առաջարկում հայրենադարձներին, և եղբայր Մունյաբուրանգան այդպիսի առաջարկ ստացավ։ Սակայն Ռուանդա վերադառնալուց հետո նա հակառակության ու ծաղրանքի ենթարկվեց բարեկամների և աշխատակիցների կողմից, քանի որ ապրում էր քրիստոնեական սկզբունքներով։ Ի վերջո, եղբայրը խնդրեց, որ իրեն շուտ թոշակի ուղարկեն, և դարձավ ընդհանուր ռահվիրա։ Հիմա նա աջակցում է Եհովայի վկաներին իրավաբանական հարցերում։
Նգիրաբակունսի Մասարիկին ճշմարտությունն իմացել է Արևելյան Կոնգոյում։ Նա ասում է. «Քանի որ տուտսի եմ, տարիներ շարունակ խտրականության զոհ եմ եղել։ Երբ սկսեցի շփվել Եհովայի վկաների հետ, ինձ թվում էր, թե նոր մոլորակի վրա եմ հայտնվել։ Ասես հրաշք լիներ լուրջ մարդկանց հետ ընկերակցելը, որոնք ապրում էին այն ամենի համաձայն, ինչ սովորեցնում էին։ Այդ սերն ավելի ակնհայտ դարձավ 1994թ. տուտսիների ցեղասպանության ժամանակ։ Եղբայրները թաքցրին ու պաշտպանեցին իմ ընտանիքին։ 1998-ին ես Բեթելում ծառայելու հրավեր ստացա, որտեղ ծառայում եմ կնոջս՝ Էմերանսի հետ։ Անհամբերությամբ սպասում եմ նոր աշխարհին, որտեղ նախապաշարումն ու խտրականությունը անցյալի գրկում կլինեն, և երկիրը լցված կլինի մարդկանցով, որոնք կանչում են Եհովայի անունը և ապրում միասնության մեջ»։
ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԵՐՍԿՍՎՈՒՄ Է
1994թ. մարտին՝ պատերազմից առաջ, Ռուանդայում 2500 քարոզիչ կար։ 1995թ. մայիսին քարոզիչների բարձրագույն թիվ գրանցվեց՝ 2807, չնայած որ շատ քարոզիչներ սպանվել էին ցեղասպանության ժամանակ։ Անկեղծ մարդիկ հորդում էին դեպի Եհովայի կազմակերպությունը։ Մի հատուկ ռահվիրա քույր, օրինակ, անցկացնում էր ավելի քան 20 աստվածաշնչյան ուսումնասիրություն, և դեռ շատերն էլ նրա ցուցակում էին ու սպասում էին իրենց հերթին։ Շրջանային վերակացուներից մեկը նշեց. «Պատերազմն օգնեց մարդկանց գիտակցելու, որ նյութական բաներին հետամուտ լինելը անիմաստ է»։
1996թ. հունվարին եղբայրներն անցկացրին «Ուրախ փառաբանողներ» մարզային համաժողովը։ Ի՜նչ ուրախալի միջոցառում էր։ Քանի որ նախորդ տարվա համաժողովը ընդհատվել էր, դա առաջինն էր, որ անցկացվեց պատերազմից հետո։ Ականատեսներից մեկը պատմում է. «Մարդիկ արտասվում և գրկախառնվում էին, հատկապես ազդեցիկ էր այն, որ հուտու և տուտսի եղբայրներն ու քույրերը գրկում էին իրար»։ Ներկաների բարձրագույն թիվը 4424 էր, և 285-ը մկրտվեց։ Եղբայր Ռեշկեն հիշում է. «Անչափ հուզիչ էր լսել, թե ինչպես են թեկնածուները մկրտության երկու հարցերին բարձրաձայն պատասխանում՝ յե՛գո (այո՛)։ Նրանք հերթ էին կանգնել՝ սպասելով մկրտվելուն, և թրջվել էին ուժեղ անձրևից։ Սակայն դա նրանց չէր անհանգստացնում, քանի որ մտածում էին՝ «մեկ է՝ թրջվելու ենք»»։
Հենկ վան Բուսելը վերադարձավ Ռուանդա։ Գյունտեր Ռեշկեն, որը եկել էր օգնելու, որ վերսկսվի քարոզչական գործը, այժմ այնտեղ մշտական ծառայելու նշանակում է ստացել։ Կարճ ժամանակ հետո Գադֆրի և Ջենի Բինթերը նույնպես վերադարձան Ռուանդա։
ՆՐԱՆՑ ՈՐԴԻՆ ԿՈՐԵԼ ԷՐ ԵՎ ԳՏՆՎԵՑ
Տարիների ընթացքում ընտանիքների անդամները, որոնք իրարից բաժանվել էին պատերազմի պատճառով, միավորվեցին։ Օրինակ՝ 1994-ին, երբ Կիգալիում երկու մարտնչող բանակների միջև կռիվը թեժացավ, ողջ բնակչությունը փախուստի դիմեց, և ընդհանուր խուճապի և իրարանցման մեջ Օրեստե Մուրինդան կորցրեց իր կնոջը և երկուսուկես տարեկան տղայի հետ փախավ Գիտարամա։ Մի օր, երբ Օրեստեն գնաց սնունդ հայթայթելու, կրկին կռիվ բռնկվեց, և խառնաշփոթի մեջ նա կորցրեց որդուն։
Պատերազմից հետո Օրեստեն և նրա կինը գտան իրար, բայց նրանց որդին այդպես էլ կորած մնաց։ Նրանք եզրակացրին, թե նա սպանվել է։ Սակայն ավելի քան երկու տարի հետո մի գյուղացի մարդ, որը Եհովայի վկա չէր, եկավ Կիգալի՝ աշխատելու։ Նա հանդիպեց մի քանի եղբայրների և մի օր խոսքի մեջ ասաց, որ Գիսենիում ապրող իր հարևանը պատերազմի ժամանակ կորցրել է իր երեխաներին, բայց հետո մի որբ երեխա է գտել ու հոգ է տանում նրան։ Այդ երեխան հիշում էր իր հոր անունը և ասել էր, որ ծնողները Եհովայի վկա են։ Եղբայրներին ծանոթ էր այդ անունը, ու նրանք կապ հաստատեցին ծնողների հետ, որոնք այդ մարդուն ցույց տվեցին իրենց որդու նկարները։ Այո՛, դա նրանց որդին էր։ Օրեստեն անմիջապես գնաց, որ հետ բերի տղային։ Պատերազմից երկուսուկես տարի հետո ծնողներն ու երեխան կրկին միասին էին։ Այդ տղան այժմ մկրտված քարոզիչ է։
Ուշագրավ է այն, որ եղբայրները հոգ էին տանում բոլոր երեխաների մասին, որոնք կորցրել էին իրենց Վկա ծնողներին։ Ոչ մի երեխա մանկատուն չուղարկվեց։ Կային եղբայրներ, որ հոգում էին նաև իրենց ազգականների կամ հարևանների որբ երեխաների մասին։ Մի զույգ, որը տասը երեխա ուներ, իր խնամակալության տակ վերցրեց տասը որբի։
ՀՅՈՒՍԻՍՈՒՄ ԿՐԿԻՆ ԱՆՀԱՆԳԻՍՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ ԵՆ
1996թ. վերջերին Կոնգոյում քաղաքացիական պատերազմի պատճառով չափազանց դժվար էր անվտանգություն ապահովել փախստականների ճամբարներում, որտեղ դեռ մեկ միլիոնից ավել ռուանդացիներ էին մնացել։ Նոյեմբերին փախստականներին ստիպեցին կա՛մ վերադառնալ Ռուանդա, կա՛մ փախչել Կոնգոյի խոնավ անտառներ։ Շատերը վերադարձան, այդ թվում այն եղբայրները, որոնք 1994թ. դեկտեմբերին չէին վերադարձել։ Անմոռանալի տեսարան էր. մարդիկ՝ մեծ թե փոքր, հոծ բազմությամբ քայլում էին Կիգալիի փողոցներով՝ աֆրիկյան հողից կեղտոտված շորերով, գլխներին՝ կապոցներ։ Այս բոլոր փախստականները պետք է վերադառնային իրենց հայրենի «բլուրները»՝ համայնքները, որ վերագրանցվեն։ Հսկողությունը որոշ ժամանակով շատ խստացավ։
Դժբախտաբար, հայրենադարձների մեջ բազում վատ մարդիկ կային, այդ թվում Ինտերահամվեի որոշ զինվորներ, որոնք փորձում էին շարունակել իրենց գործունեությունը երկրի հյուսիս-արևմուտքում։ Զորք ուղարկվեց այնտեղ անվտանգությունը վերականգնելու համար։ Մեր եղբայրներից շատերը ապրում էին այդ տարածքում, ու նրանց համար շատ դժվար էր չեզոքություն պահել։ 1997–1998թթ.-ին ավելի քան 100 քարոզիչ կորցրեց իր կյանքը և հիմնականում այն պատճառով, որ հավատարմորեն պահեց իր քրիստոնեական չեզոքությունը։ Շրջանային վերակացուների համար չափազանց վտանգավոր էր կանոնավորաբար այցելել այնտեղի ժողովները։
ՀԱՄԱՐՁԱԿ ԶՈՒՅԳԸ
Թեոբալդ Մունյամպունդուն և նրա կինը՝ Բերանսիլը, այն մի քանի շրջագայող զույգերից էին, որ այցելում էին այդ վտանգավոր տարածքի ժողովները։ Նրանք սովոր էին վտանգավոր իրավիճակների։ Թեոբալդը մկրտվել էր 1984-ին և երկու տարի անց շատ եղբայրների ու քույրերի հետ բանտարկվել էր և դաժան ծեծի ենթարկվել։ Բացի դրանից, նա և իր կինը վտանգել էին իրենց կյանքը՝ թաքցնելով մարդկանց տուտսիների ցեղասպանության ժամանակ։ Մի պատանու կյանքը փրկելուց հետո, որի մայրը սպանվել էր, նրանք գնացել էին Տանզանիա։ Այնտեղ՝ Բենակո գյուղում և Կարագվե մարզում, Թեոբալդը այցելում էր փախստականների երկու ճամբարներ՝ քաջալերելու եղբայրներին, թեև ճամբարից ճամբար գնալը ծայրահեղ վտանգավոր էր, քանի որ ճանապարհին ավազակներ կային։
Ռուանդա վերադառնալուց հետո Թեոբալդն ու նրա կինը դարձյալ վտանգի ենթարկեցին իրենց կյանքը։ Նրանք սկսեցին այցելել Վկաներին երկրի հյուսիսարևմտյան մասում, որտեղ լարված իրավիճակ էր։ «Երբեմն այն ժողովները, որոնք այցելում էինք, հեռու էին,— պատմում է Թեոբալդը։— Քանի որ վտանգավոր էր, չէինք կարող գիշերել այդ վայրերում։ Հիշում եմ, որ անձրևային եղանակներին մի այցի ժամանակ հեղեղի տակ ամեն օր չորս ժամ քայլում էինք, որ այցելենք եղբայրներին, ու չորս ժամ հետ էինք գալիս։ Տեղ էինք հասնում միայն երեկոյան»։
Այդ տարածքում մի մեկուսի խումբ այցելելիս Թեոբալդը հանդիպեց մի եղբոր, որի մասին պատմում է. «Ժան-Պիերը կույր է, ու ես շատ զարմացա, երբ Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ նա վեր կացավ, որպեսզի կատարի Աստվածաշնչի ընթերցանությունը։ Իրեն հանձնարարված մասը նա անգիր էր ասում՝ առանց սխալների, նույնիսկ ճիշտ կետադրությամբ։ Նա լավ ընթերցող մի եղբոր խնդրել էր, որ նախօրոք իր համար ընթերցի այդ հատվածը, որպեսզի անգիր անի։ Նրա վճռականությունը ինձ իսկապես քաջալերեց»։
Անդրադառնալով իր բովանդակալից, երբեմն էլ վտանգներով լի կյանքին՝ Թեոբալդը ասում է. «Այդ դժվարին ժամանակներում մենք ապավինում էինք Եհովային և հաճախ էինք մտածում Եբրայեցիներ 13։6-ի շուրջ. «Եհովան է իմ օգնականը, ես չեմ վախենա։ Ի՞նչ կարող է ինձ անել մարդը»»։ Այդ ամուսինները երկար տարիներ հավատարմորեն անցկացրին շրջանային ու մարզային ծառայության մեջ։ Այժմ, չնայած առողջական խնդիրներին, նրանք ծառայում են որպես հատուկ ռահվիրա։
ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՍՐԱՀԻ ՆԱԽԱԳԻԾ
Վկաների թիվն ավելանում էր, և Կիգալիում ավելի ու ավելի դժվար էր դառնում համաժողովների համար հարմար վայր գտնելը։ 1996թ. դեկտեմբերին մի մարզադաշտում անցկացվեց «Աստվածային խաղաղության լրաբերները» մարզային համաժողովը։ Մոտակայքում գտնվող բանտի կեղտաջրերը դուրս էին հոսում և գարշահոտությամբ լցնում տարածքը՝ տհաճություն պատճառելով համաժողովի պատվիրակներին։ Եղբայրները գանգատվում էին հոտից, իսկ ծնողները անհանգստանում էին երեխաների առողջության համար։ Հակահիգիենիկ պայմանները հաշվի առնելով՝ Երկրի կոմիտեն միաձայն որոշեց, որ այդ մարզադաշտում այլևս համաժողով չեն անցկացնի։ Բայց որտե՞ղ պիտի անցկացնեին համաժողովները։
Տարածքների բաշխման նախարարությունը մի հողատարածք տրամադրեց Կիգալիի ժողովներից մեկին, որ Թագավորության սրահ կառուցեն։ Տարածքը բավականին ընդարձակ էր սրահ կառուցելու համար, ու եթե եղբայրները միայն ծրագրեին Թագավորության սրահ կառուցել, նախարարությունը հավանաբար հողատարածքի մի մասը հետ կվերցներ ու կհատկացներ ուրիշի։ Ուստի Եհովային ապավինելով՝ նրանք Թագավորության սրահ և Համաժողովների պարզ սրահ կառուցելու նախագծեր ներկայացրին և ծրագրեցին հետագայում էլ երկրորդ Թագավորության սրահը կառուցել։ Տեղի իշխանությունները հավանություն տվեցին նախագծերին։
Եղբայրները հարթեցրին և ցանկապատեցին հողատարածքը։ Հարյուրավոր կամավորներ տարածքը մաքրեցին մացառներից և խոր արտաքնոցներ փորեցին։ Այժմ նրանց տրամադրության տակ էր մի գեղեցիկ հողակտոր, որը փոքր զառիթափ ուներ. համաժողովներ անցկացնելու հրաշալի վայր։
Հաջորդող ամիսներին այդ վայրում երկու համաժողով և մեկ հատուկ հանդիպում անցկացվեց, բայց ուժեղ քամին ու անձրևը ստիպեցին, որ ներկաները մտնեն անջրանցիկ բրեզենտների և անձրևանոցների տակ։ Այդ պատճառով Կառավարիչ մարմնից եղբայրները թույլտվություն խնդրեցին կառուցելու առանց պատերի Համաժողովների սրահ։
1998թ. մարտին Կառավարիչ մարմինը թույլ տվեց կառուցել Համաժողովների սրահը։ Նախնական աշխատանքներն արագ սկսվեցին։ Շինարարության ընթացքում եղբայրներն ու քույրերը ընտանիքներով միասին աշխատում էին՝ փոսեր էին փորում հենասյուների համար։ Բոլորն ուս ուսի աշխատում էին։ 1999թ. մարտի 6-ին Շվեյցարիայի մասնաճյուղից Ժան-Ժուել Գիյուն ներկայացրեց այս նոր գեղեցիկ շինության նվիրման ելույթը։
1999-ին ողջ երկրում կրկին ամեն ինչ խաղաղ էր։ Այդ տարվա փետրվարին Ռալֆ և Ջենիֆեր Ջոնս միսիոներները նշանակվեցին Ռուանդայի գրասենյակ, և Բեթելի ընտանիքի անդամների թիվը դարձավ 21։
Երկու ռուանդացի եղբայր ավարտեցին Ծառայության կատարելագործման դպրոցը (այժմ՝ Աստվածաշնչյան դպրոց ամուրի եղբայրների համար) Կինշասայում (Կոնգո), որը մոտ 1600 կիլոմետր հեռու է։ Սակայն քանի որ Կոնգոյում պատերազմ էր, ավելի ու ավելի դժվար էր դառնում ռուանդացիների համար Կինշասա գնալը։ Դա հաշվի առնելով՝ Կառավարիչ մարմինը թույլ տվեց, որ Ծառայության կատարելագործման դպրոցը անցկացվի Կիգալիում։ 2000թ. դեկտեմբերին առաջին դասարանն ավարտեցին Բուրունդիից, Կոնգոյից և Ռուանդայից եկած 28 եղբայրներ։
2000թ. մայիսին Ռուանդայի գրասենյակը դարձավ մասնաճյուղ, և դրանից կարճ ժամանակ անց եղբայրները գտան մի հարմար տարածք, որ կառուցեն մասնաճյուղի շենքերը և հոգ տանեն արագորեն ընդլայնվող քարոզչական գործին։ 2001թ. ապրիլին նրանք գնեցին 2 հեկտար հողատարածք։ Կիգալիում շատ եղբայրներ դեռ երկար կհիշեն, թե ինչ տքնաջան աշխատանքներ տարվեցին տարիներ շարունակ բարձիթողի վիճակում մնացած տարածքը մացառներից մաքրելու համար։
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԿՈՆԳՈՅՈՒՄ ՀՐԱԲՈՒԽ Է ԺԱՅԹՔՈՒՄ
2002թ. հունվարի 17-ին արթնացավ Նյիրագոնգո հրաբուխը, որը գտնվում է Արևելյան Կոնգոյում՝ Գոմայից մոտ 16 կիլոմետր հեռավորության վրա, և այդ տարածքի բնակիչների մեծ մասը ստիպված եղավ փախչել տներից։ 1600 քարոզիչներից շատերը իրենց երեխաների և հետաքրքրվող անհատների հետ անցան սահմանը ու եկան Գիսենի (Ռուանդա), որտեղ նրանց ուղարկեցին մոտակա Թագավորության սրահներ։
Հաջորդ օրը Ռուանդայի մասնաճյուղի եղբայրները երեք տոննա տարողությամբ բեռնատարով անհրաժեշտ իրեր, այդ թվում սննդամթերք, վերմակներ և դեղորայք ուղարկեցին։ Օգնությունը արագ հասցրին Կոնգոյի սահմանի մոտ գտնվող տարածքի վեց Թագավորության սրահներ։
Անվտանգության նկատառումներով Ռուանդայի կառավարությունը վախեցավ թույլ տալ, որ այդքան շատ Կոնգոյի քաղաքացիներ մնան Թագավորության սրահներում, և պահանջեց, որ նրանց տեղավորեն փախստականների ճամբարներում։ Ռուանդայի մասնաճյուղի կոմիտեից որոշ եղբայրներ Գոմայում հանդիպում ունեցան Կոնգոյի մասնաճյուղի կոմիտեի երկու անդամների և Գոմայի ժողովների երեցների հետ՝ որոշելու, թե ինչ անեն։ Կոնգոացի եղբայրները ասացին, որ չեն ուզում, որ իրենց եղբայրները գնան Ռուանդայի փախստականների ճամբարներ։ «1994-ին մենք հոգ էինք տանում ավելի քան 2000 ռուանդացի եղբայրների, նրանց ընտանիքների ու հետաքրքրվող անհատների մասին,— ասացին նրանք։— Ուստի թող մեր եղբայրները չգնան ճամբարներ, այլ վերադառնան Գոմա։ Մենք հոգ կտանենք նրանց մասին, ինչպես որ հոգ տարանք ռուանդացի եղբայրների մասին»։
Կոնգոացի եղբայրների արածը սիրո և հյուրասիրության դրսևորում էր, քանի որ իրենց մոտ վերցրին իրենց հայրենակից եղբայրներին և տեղավորեցին հավատակիցների տներում՝ թույլ չտալով, որ ապրեն ոչ Վկաների կազմակերպությունների կողմից կանգնեցված ճամբարներում։ Այդպիսով եղբայրներն ու իրենց ընտանիքները վերադարձան Գոմա, որտեղ նրանց կացարանով ապահովեցին։ Դրանից հետո Բելգիայից, Ֆրանսիայից ու Շվեյցարիայից մեծ օգնություն ուղարկվեց, այդ թվում անջրանցիկ բրեզենտներ։ Եղբայրները մնացին Գոմայում, մինչև որ նրանց համար նոր տներ կառուցեցին։
ԱՍՏՎԱԾԱՊԵՏԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ
Նոր մասնաճյուղի համար Հարավաֆրիկյան Հանրապետության տարածաշրջանային ինժեներական բաժինը նախագծեր մշակեց և շինարարության համար կապալառու վարձեց։ Միջազգային կամավորները օգնեցին նախագիծն իրագործելու, և տեղի Վկաներից շատերը որպես կամավորներ մասնակցեցին կանաչապատմանը և մյուս ավարտական աշխատանքներին։ Չնայած որոշ դժվարություններ եղան և գործը ձգձգվեց, 2006թ. մարտին Բեթելի ընտանիքը տեղափոխվեց նոր մասնաճյուղ։ Ավելի ուշ՝ այդ տարի, Կառավարիչ մարմնից Գայ Փիրսը կնոջ հետ եկավ նվիրման հատուկ ծրագրին, որը տեղի ունեցավ 2006թ. դեկտեմբերի 2-ին։ Ծրագրին ներկա էին 553 եղբայրներ ու քույրեր, այդ թվում 15 երկրներից 112 պատվիրակներ։
Ջիմ և Ռեյչլ Հոմզերը, որոնք Կանադայից էին, մասնակցում էին շինարարական նախագծի աշխատանքներին։ Նրանք գիտեին ամերիկյան ժեստերի լեզուն, ուստի առաջարկեցին երկուշաբթի օրերին՝ Բեթելի՝ «Դիտարանի» ընտանեկան ուսումնասիրությունից հետո, սովորեցնել ցանկացողներին։ Վեց հոգի արձագանքեց, և նրանք այնքան լավ տիրապետեցին այդ լեզվին, որ շատ շուտով ժեստերի լեզվով խումբ կազմավորվեց։
2007թ. հունիսին Քեվին Ռապը, որը Շվեյցարիայում ավարտել էր Ծառայության կատարելագործման դպրոցը, որպես միսիոներ եկավ Ռուանդա՝ օգնելու ժեստերի լեզվով խոսող դաշտին։ Կարճ ժամանակ անց այդ դաշտում փորձ ունեցող կանադացի մի միսիոներական զույգ ժամանեց Ռուանդա։ 2008թ. հուլիսին կազմավորվեց ժեստերի լեզվով ժողով։ Շուտով ավելի շատ խմբեր կազմավորվեցին։
Որքա՜ն հուզված էին եղբայրները, երբ 2007թ. մարզային համաժողովին հայտարարվեց, որ ավարտվել է Քրիստոնեական Հունարեն Գրությունների թարգմանությունը կինյառուանդա լեզվով։ Միացյալ աստվածաշնչային ընկերությունները 1956-ին լույս էին ընծայել ամբողջ Աստվածաշունչը կինյառուանդայով։ Թեև այս թարգմանությունը կատարողները անկեղծորեն ջանացել էին թարգմանել Աստվածաշունչը տեղի լեզվով և նույնիսկ Եբրայերեն Գրություններում յոթ անգամ օգտագործել էին «Եհովա» անունը, սակայն «Նոր աշխարհ թարգմանությունը» մատչելի է բոլորին, հատկապես նրանց, ովքեր համեստ միջոցներ ունեն։ Այս նոր թարգմանությունը ճշգրիտ է և դյուրընթեռնելի շնորհիվ թարգմանիչների փութաջան աշխատանքի, որոնք համագործակցել են Նյու Յորքի թարգմանչական խմբերի սպասարկման բաժնի հետ։ Սիրտ ջերմացնող է տեսնել, թե ինչպես են գրեթե բոլոր երեխաները բարձրացնում ձեռքերը, որ կարդան Հունարեն Գրությունների իրենց օրինակից, երբ ժողովի հանդիպմանը եղբայրը խնդրում է սուրբգրային համար ընթերցել։
ՆՈՐ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ
1992-ին պետական գրանցում ստանալուց ի վեր եղբայրները, թեև վայելել են կրոնական ազատություն, քրիստոնեական չեզոքություն պահելու համար անդադար խնդիրների են բախվել։ Անցած 15 տարիների ընթացքում հարյուրավոր եղբայրներ բանտարկվել են, քանի որ գիշերները չեն մասնակցել պարեկային ծառայությանը։ Սակայն երբ եղբայրներից կազմված մի քանի պատվիրակություններ հանդիպեցին պաշտոնյաների հետ, նրանք համաձայնվեցին թույլ տալ եղբայրներին այլընտրանքային ծառայություն կատարելու։
Վերջին տարիներին 215 ուսուցիչներ կորցրին իրենց աշխատանքը, քանի որ հրաժարվեցին քաղաքական ուղղվածություն ունեցող սեմինարների մասնակցելուց։ Հետո 118 աշակերտներ հեռացվեցին դպրոցներից, քանի որ հրաժարվեցին ազգային հիմնը երգելուց։ Մասնաճյուղի ներկայացուցիչները հանդիպեցին իշխանությունների հետ, որ բացատրեն չեզոքության հարցում մեր դիրքորոշումը։ Շատ ամիսներ անց երեխաների մեծ մասին թույլ տվեցին վերադառնալ դպրոց։ Անդրադառնալով Ռուանդայի պատմությանը՝ եղբայրները նշում են, որ 1986-ին Եհովայի վկաներին բանտարկում էին չեզոքություն պահելու համար, մինչդեռ 1994-ին չեզոքություն պահելը գլխավոր պատճառներից մեկն էր, թե ինչու նրանք չմասնակցեցին ցեղասպանությանը (Հովհ. 17։16)։
Եհովայի Վկաները հնազանդվում են պետության օրենքներին և քաղաքական հարցերում չեզոքություն են պահում, անկախ այն բանից, թե ինչ կառավարություն է իշխում։ Օրինակ՝ 1986-ին Ֆրանսուա-Գզավիե Հակիզիմանան 18 ամսով բանտարկվեց չեզոքություն պահելու համար։ Երբ ցեղասպանությունից հետո կառավարությունը փոխվեց, 1997-ին և 1998-ին նա նորից բանտարկվեց նույն բանի համար։ Այսպիսի օրինակները ցույց են տալիս, որ Եհովայի վկաները միշտ էլ պահում են իրենց չեզոքությունը, և դա ընդդիմություն չէ որևէ կառավարության հանդեպ։ Քրիստոնեական չեզոքությունը հիմնված է Սուրբ Գրքի սկզբունքների վրա։
Չնայած շարունակվող դժվարություններին՝ եղբայրները ազատորեն վայելում են շաբաթական հանդիպումները և համաժողովները, ինչպես նաև իրավունք ունեն քարոզելու և հանդիպումներ անցկացնելու շատ բանտերում, որտեղ բավականին բանտարկյալներ ընդունել են ճշմարտությունը։ Բացի այդ, 2009 ծառայողական տարում վեց դատավճիռներ են կայացվել Ռուանդայում Եհովայի ժողովրդի օգտին։
ԱՊԱԳԱՆ ՊԱՅԾԱՌ Է
Ռուանդայի մասին պատմությունը կիսատ կլինի, եթե չնշենք մեծ հաջողությամբ ընթացող Թագավորության սրահների շինարարության ծրագրի մասին։ Քանի որ 1999-ին սահմանափակ միջոցներ ունեցող երկրներում Թագավորության սրահների շինարարության նոր ծրագիր սկսվեց, այնտեղ կամավորները մոտ 290 համեստ, բայց գեղեցիկ Թագավորության սրահներ կառուցեցին։
Տեղի քարոզիչների եռանդուն աջակցությամբ սրահների մեծ մասի շինարարությունը տևում է երեք ամիս։ Քանի որ ողջ երկրում Թագավորության սրահներն արագ են կառուցվում, ականատեսները իրենց զարմանքն են արտահայտում, և դա վկայություն տալու լավ առիթներ է ստեղծում Եհովայի ժողովրդի համար։ Բացի Կիգալիի Համաժողովների սրահից, եղբայրները կառուցել են տասը ավելի փոքր և ավելի պարզ, առանց պատերի Համաժողովների սրահներ, որոնք հնարավորություն են տալիս քարոզիչներին ներկա լինելու համաժողովներին՝ առանց լեռնային շրջաններով երկար ճանապարհ անցնելու։ Բացի այդ, եղբայրները կառուցել են շարժական պատերով չորս Թագավորության սրահներ, որտեղ նույնպես հնարավոր է համաժողովներ անցկացնել։
Ամեն տարվա առաջին մի քանի ամիսներին բոլոր ժողովները աշխուժորեն մասնակցում են չնշանակված կամ հազվադեպ մշակվող տարածքներում վկայություն տալու գործին։ Քարոզիչները իրենց միջոցներով երբեմն երկար տարածություն են անցնում, որ ծառայեն այդ վայրերում։ Ավելի հեռավոր տարածքներ երեք ամսով ուղարկվում են ժամանակավոր հատուկ ռահվիրաներ։ Արդյունքում կազմավորվում են նոր խմբեր, որոնք ապագա ժողովների հիմքն են։ Օրինակ՝ 2010թ. հունվարից մարտ տևող քարոզարշավի ընթացքում հարյուրավոր աստվածաշնչյան ուսումնասիրություններ սկսվեցին և ինը նոր խմբեր կազմավորվեցին։ Բացի դրանից, այդ ընթացքում 30 ժամանակավոր հատուկ ռահվիրաներ 15 նոր խմբեր կազմավորեցին։
ԱՅԼ ՆՎԱՃՈՒՄ ՌՈՒԱՆԴԱՅՈՒՄ
2009թ. «Արթո՛ւն մնացեք» մարզային համաժողովին Ռուանդայի եղբայրները ցնծացին, երբ իմացան, որ լույս է տեսել նոր երգարան, ու լսեցին կինյառուանդա լեզվով նոր երգերի ընտրանին։ Նոր երգարանը արագ թարգմանվել էր կինյառուանդա լեզվով, և ժողովները ժամանակին ստացան այն, որ 2010թ. հունվարից համաշխարհային եղբայրության հետ հանդիպումների ժամանակ երգեն նոր երգերը։
Հասկանալի է, որ այն բանից հետո, երբ 2007-ին «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» լույս տեսավ կինյառուանդա լեզվով, շատերն էին ուզում իմանալ, թե երբ է ամբողջ Աստվածաշունչը թարգմանվելու։ Մինչ մոտենում էր 2010թ. մարզային համաժողովը, հայտարարվեց, որ օգոստոսին Կիգալիում անցկացվելիք համաժողովի օրերին Ռուանդա է այցելելու Գայ Փիրսը՝ Կառավարիչ մարմնի անդամներից մեկը։ Համաժողովը տեղի էր ունենալու մասնաճյուղի զուգահեռ փողոցում գտնվող մարզադաշտում։ Բոլորը սպասողական վիճակում էին. որքա՜ն հրաշալի էր, երբ եղբայր Փիրսը հայտարարեց, որ լույս է տեսել «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» կինյառուանդա լեզվով։ 7149 ներկաները ուրբաթ առավոտյան ստացան նոր Աստվածաշնչի իրենց անձնական օրինակը։ Կիրակի օրը ներկա էր 11355 հոգի, քանի որ Ռուանդայի մյուս մարզերից նույնպես եղբայրներ էին եկել։ Համաժողովի ժամանակ զինվորները, որոնք դուրս էին եկել երթավարժանքի, խնդրեցին, որ իրենց էլ տան նոր Աստվածաշնչից, և նրանց 180 օրինակ բաժանվեց։ Կիգալիի քաղաքագլուխը, ոստիկանապետը և սպորտի նախարարության պաշտոնյաները նույնպես երախտագիտությամբ վերցրին այդ գրքից։
Ռուանդայում բարի լուրի սերմերը սկսեցին ցանել երեք քարոզիչներ 1970-ին։ Հիմա երկրում կա մոտ 20000 քարոզիչ։ Նրանք ամեն ամիս անցկացնում են մոտ 50000 աստվածաշնչյան ուսումնասիրություն։ 2011թ. ապրիլին Հիշատակի երեկոյին ներկա էր 87010 մարդ։ Ռուանդայի եղբայրները նախանձախնդիր քարոզիչների համբավ ունեն։ Քարոզիչների մոտ 25 տոկոսը լիաժամ ծառայության որևէ ձևի մեջ է, իսկ մնացածը ամեն ամիս միջինը 20 ժամ է տրամադրում ծառայությանը։ Մեր եղբայրները «հնձի Տիրոջ» հետ ծառայում են այս պտղաբեր դաշտում և մտադիր չեն դանդաղելու։ Քանի որ Եհովան շարունակում է օրհնել քարոզչական գործը, մենք անհամբերությամբ ուզում ենք տեսնել, թե ինչքան մարդիկ են դեռ հորդելու դեպի Եհովայի մաքուր երկրպագության լեռը այս Հազարավոր բլուրների երկրում (Մատթ. 9։38; Միք. 4։1, 2)։
[ծանոթագրություններ]
a Սովորաբար կոչվում է Կոնգո կամ Կոնգո (Կինշասա), որպեսզի տարբերվի հարևան Կոնգոյից (Բրազավիլ)։ Այսուհետ կօգտագործենք Կոնգո անունը։
b Դեբորան քարոզիչ դարձավ, տասը տարեկանում մկրտվեց և այժմ իր մոր հետ ռահվիրա է ծառայում։
c Այդ երեխան այժմ մկրտված քույր է։
[մեջբերում 178-րդ էջի վրա]
Նա ասաց իր ունկնդիրներին, որ զգուշանան Եհովայի վկաներից
[մեջբերում 181-րդ էջի վրա]
Նրանք ողջունում էին իրար՝ ասելով՝ կոմե՛րա, ինչը նշանակում է «քա՛ջ եղիր»
[մեջբերում 218-րդ էջի վրա]
«Եհո՛վա, մենք ոչինչ չենք կարող անել, որ փրկենք մեր կյանքը։ Միայն դու կարող ես փրկել»
[շրջանակ/նկար 166-րդ էջի վրա]
Ընդհանուր տեղեկություններ
Ռուանդան հյուսիսից հարավ ընդամենը 177 կիլոմետր է, իսկ արևելքից արևմուտք՝ 233։ Աֆրիկայի ամենախիտ բնակեցված երկիրն է։ Բնակչության թիվը կազմում է ավելի քան 11000000։ Մայրաքաղաքը՝ Կիգալի։
Բնակչությունը։
Կազմված է հուտու, տուտսի և տվա էթնիկական խմբերից։ Բնակվում են նաև փոքրաթիվ ասիացիներ ու եվրոպացիներ։ Ժողովրդի կեսից ավելին կաթոլիկ է։ Ավելի քան մեկ քառորդը բողոքականներ են, այդ թվում ադվենտիստներ։ Մնացածը մուսուլմաններ են կամ տեղի տարբեր դավանանքների հետևորդներ։
Լեզուն։
Պաշտոնական լեզուներն են՝ կինյառուանդա, անգլերեն և ֆրանսերեն։ Սվահիլին հարևան երկրների հետ արտաքին առևտրի լեզուն է։
Տնտեսությունը։
Հիմնականում մարդիկ զբաղվում են հողագործությամբ։ Քանի որ մեծ մասամբ հողը բերրի չէ, շատերը միայն իրենց ընտանիքի համար են մշակում։ Աճում է թեյ, սուրճ, պիրետրում (միջատասպան բույս)։ Սուրճը արտահանվող գլխավոր կուլտուրան է։
Սնունդը։
Հիմնական կերակուրն է՝ կարտոֆիլ, բանան և լոբի։
Կլիման։
Թեև Ռուանդան մոտ է հասարակածին, սակայն կլիման հիմնականում մեղմ է։ Բարձրադիր գոտիներում միջին ջերմաստիճանը 21°C է, տարեկան տեղումները՝ մոտ 114 սանտիմետր։
[շրջանակ/նկար 185-րդ էջի վրա]
«Եհովան մեր հետևից կընկնի»
ԷՄՄԱՆՈՒԵԼ ՆԳԻՐԵՆՏԵ
ԾՆՎԵԼ Է՝ 1955թ.
ՄԿՐՏՎԵԼ Է՝ 1982թ.
ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ. Ռուանդայի մասնաճյուղի կոմիտեի անդամ է և թարգմանչական բաժնի վերակացուն։
◼ 1989թ.-ին ես ռահվիրա էի ծառայում Ռուանդայի արևելքում։ Տարվա վերջում թարգմանչական գրասենյակում ծառայելու նշանակում ստացա։ Քանի որ այդ բնագավառում փորձ չունեի, շփոթվել էի ու մտածում էի, որ չեմ կարողանա անել այդ գործը։ Այդուհանդերձ, սկսեցի երեք հրատարակություններ թարգմանել։ Մի տուն վարձեցինք ու մի քանի բառարան ձեռք բերեցինք։ Երբեմն ամբողջ գիշեր աշխատում էի։ Սուրճ էի խմում, որ կարողանայի արթուն մնալ։
Երբ 1990թ. հոկտեմբերին երկիր ներխուժեցին զինված խմբավորումները, որոշ մարդիկ կասկածեցին, որ Եհովայի վկաները ներգրավված են դրանց մեջ։ Անվտանգության աշխատակիցները սկսեցին ստուգումներ անել։ Քանի որ ես տանն էի աշխատում, նրանց թվաց, թե գործազուրկ եմ, ուստի ցանկացան իմանալ, թե ինչ եմ անում։ Մի օր նրանք խուզարկեցին տունը։ Ամբողջ գիշեր տպագրել էի։ Առավոտյան ժամը հինգին փորձեցի քնել։ Հանկարծ ինձ կանչեցին՝ մասնակցելու համայնքի աշխատանքներին։
Իմ բացակայության ժամանակ տեղի իշխանությունները խուզարկել էին տունս։ Երբ վերադարձա, հարևաններս ասացին, որ մի ոստիկան ու այդ տեղանքի պաշտոնյաներից մեկը մի ժամ կարդացել են իմ թարգմանած բոլոր թղթերը։ Դրանցում անընդհատ խոսվում էր Եհովայի մասին։ Ի վերջո, նրանք ասել էին. «Գնանք այս տնից, թե չէ Եհովան մեր հետևից կընկնի»։
[շրջանակ/նկար 194-րդ էջի վրա]
100 օրում 1000000 մարդ սպանվեց
«1994թ.-ին Ռուանդայում տեղի ունեցած կոտորածը ժամանակակից պատմության մեջ ցեղասպանության տիպիկ օրինակ է։ Այդ տարվա ապրիլի սկզբից մինչև հուլիսի կեսը Կենտրոնական Աֆրիկայում գտնվող այդ փոքր պետությունում մեծամասնություն կազմող հուտու էթնիկական խմբի անդամները կազմակերպված ձևով սպանում էին տուտսի էթնիկական փոքրամասնությանը։ Հուտուների ծայրահեղական ռեժիմը, վախենալով, որ կկորցնի իր իշխանությունը ժողովրդավարական շարժման ու քաղաքացիական պատերազմի պատճառով, ծրագրեց ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր, իրենց կարծիքով, կարող էին սպառնալ իշխանությանը, այսինքն՝ վերացնել տուտսիներին և չափավորական հուտուներին։ Ցեղասպանությանը վերջ դրվեց այն բանից հետո միայն, երբ հիմնականում տուտսի ապստամբներից կազմված բանակը իր հսկողության տակ առավ երկիրը և վերջ դրեց ցեղասպանությունն իրականացնող ռեժիմին։ Ընդամենը հարյուր օրում մեկ միլիոն մարդ սպանվեց ցեղասպանության ու պատերազմի պատճառով։ Ռուանդական ջարդը պատմության մեջ արձանագրված ամենամեծ կոտորածներից մեկն է» (Encyclopedia of Genocide and Crimes Against Humanity)։
Ցեղասպանության ժամանակ մոտ 400 Եհովայի վկաների արյուն թափվեց։ Նրանց թվում կային հուտու Վկաներ, ովքեր սպանվեցին իրենց տուտսի եղբայրներին ու քույրերին պաշտպանելու համար։ Ոչ մի Վկա չի սպանվել իր հավատակցի ձեռքով։
[նկար]
Փախստականները հեռանում են Ռուանդայից
[շրջանակ/նկար 197-րդ էջի վրա]
«Մահվան սենյակներ»
«Ցեղասպանության կազմակերպիչները կիրառում էին պատմությունից եկած սրբավայրի գաղափարը։ Պաշտպանելու կեղծ խոստումներ տալով՝ նրանք խաբում էին տասնյակ հազարավոր տուտսիների, որ մտնեն եկեղեցիներ։ Այնուհետև հուտուների ռազմականացված խմբավորումներն ու զինվորները կազմակերպված կերպով կոտորում էին եկեղեցիներում ու դպրոցներում պատսպարված դժբախտ ժողովրդին։ Նրանք գնդակահարում էին, նրանց վրա նռնակներ էին գցում ու մաչետեներով, էտոցներով և դանակներով վերջ էին տալիս կենդանի մնացածներին.... Եկեղեցու մասնակցությունը, սակայն, չէր սահմանափակվում միայն նրանով, որ այդ շինությունները տրամադրում էր որպես մահվան սենյակներ։ Որոշ համայնքներում հոգևորականները, կատեխիստները և եկեղեցու այլ սպասավորներ, իմանալով, թե իրենց տեղանքի բնակիչներից ովքեր են տուտսիներ, հայտնում էին այդ մասին, որպեսզի նրանց վերացնեն։ Եղել են դեպքեր, երբ եկեղեցականները ակտիվորեն մասնակցել են սպանություններին» (Christianity and Genocide in Rwanda)։
«[Կաթոլիկ] եկեղեցու գլխավոր սխալն այն էր, որ նա այլևս նվիրված չէր տուտսի էլիտային, այլ նպաստեց հուտուների հեղաշրջմանը և այդպիսով աջակցեց, որ Հաբյարիմանան իշխանության գա հիմնականում հուտուներով բնակեցված պետությունում։ Քննադատները մեկ անգամ ևս նշում են, որ եկեղեցին անմիջական պատասխանատվություն է կրում այն հարցում, որ ատելություն է հրահրել և պատսպարել է ոճրագործներին, իսկ իր պատերում ապաստան փնտրողներին պաշտպանություն չի տվել։ Կան նաև մարդիկ, ովքեր կարծում են, որ որպես Ռուանդայի բնակչության մեծ մասի հոգևոր առաջնորդ՝ եկեղեցին բարոյական պատասխանատվություն է կրում այն բանի համար, որ հնարավոր ոչ մի միջոց չի ձեռնարկել սպանություններին վերջ դնելու համար» (Encyclopedia of Genocide and Crimes Against Humanity)։
[շրջանակ/նկար 201-րդ էջի վրա]
«Ինչպե՞ս կարող ենք սպանել մեկին, ում համար բոլորը աղերսում են»
ԺԱՆ-ՄԱՐԻ ՄՈՒՏԵԶԻՆՏԱՐԵ
ԾՆՎԵԼ Է՝ 1959թ.
ՄԿՐՏՎԵԼ Է՝ 1985թ.
ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ. Մասնագիտությամբ՝ շինարար։ Ժպտերես հավատարիմ այս եղբայրը 1986թ.-ին՝ իր մկրտությունից կարճ ժամանակ անց, ութ ամսով բանտարկվեց։ 1993թ.-ին ամուսնացավ Ժաննայի հետ։ Այժմ Կիգալիի Համաժողովների սրահի կոմիտեի նախագահողն է։
◼ ԱՊՐԻԼԻ 7-ին ես, կինս՝ Ժաննան, ու մեր մեկ ամսական աղջիկը՝ Ջեմիման, արթնացանք կրակոցի ուժգին ձայնից։ Սկզբում կարծեցինք, որ պարզապես քաղաքական իրարանցում է, բայց շուտով իմացանք, որ Ինտերահամվեն սկսել է կազմակերպված ձևով սպանել բոլոր տուտսիներին։ Քանի որ մենք տուտսի ենք, չհամարձակվեցինք տնից դուրս գալ։ Ջերմեռանդորեն աղոթեցինք Եհովային, որ օգնի մեզ իմանալու՝ ինչ անել։ Այդ ժամանակ էր, որ երեք խիզախ հուտու եղբայրներ՝ Աթանազը, Չարլզն ու Էմմանուելը, վտանգի ենթարկելով իրենց կյանքը, մեզ համար ուտելիք բերեցին։
Մոտ մեկ ամիս ես ու կինս ստիպված էինք թաքնվել տարբեր եղբայրների տներում։ Հետապնդումը սաստկացել էր, և մի օր Ինտերահամվեի զինվորները դանակներով, նիզակներով ու մաչետեներով եկավ այն վայրը, որտեղ թաքնվում էի։ Տեսնելով նրանց՝ հնարավորինս արագ վազեցի, որ թաքնվեմ թփերի մեջ, բայց նրանք բռնեցին ինձ։ Մի խումբ զինված մարդիկ շրջապատեցին ինձ։ Ես աղերսագին ձայնով ասացի, որ Եհովայի վկա եմ, բայց նրանք ասացին. «Դու ապստա՛մբ ես»։ Նրանք ոտքով խփեցին ինձ, գետին գցեցին և սկսեցին մահակներով ու հրացանի կոթով հարվածել։ Այդ ժամանակ մեր շուրջը մի ամբոխ հավաքվեց, որի մեջ մի մարդ կար, ում ես քարոզել էի։ Նա խիզախորեն բղավեց. «Ողորմե՛ք նրան»։ Այդ ժամանակ տեսադաշտում երևաց հուտու եղբայրներից մեկը՝ Չարլզը։ Տեսնելով ինձ՝ արյունլվա գետին ընկած՝ նրա կինն ու երեխաները սկսեցին լաց լինել։ Մարդասպանները կամազուրկ եղան ու բաց թողեցին ինձ՝ ասելով. «Ինչպե՞ս կարող ենք սպանել մեկին, ում համար բոլորը աղերսում են»։ Չարլզը դարձյալ ինձ իր տուն տարավ ու մշակեց վերքերս։ Զինվորները զգուշացրին մեզ, որ եթե փախչեմ, իմ փոխարեն Չարլզին կսպանեն։
Ինձ բաժանել էին Ժաննայից ու փոքրիկից։ Մի սարսափելի հարձակման ժամանակ Ժաննային նույնպես ծեծի էին ենթարկել, ու նա հազիվ էր փրկվել։ Ավելի ուշ նրան ասել էին, որ ինձ սպանել են։ Նրան նույնիսկ խնդրել էին, որ սավաններ գտնի մարմինս փաթաթելու համար։
Երբ Աթանազի տանը տեսանք իրար, ուրախությունից արտասվեցինք։ Այնուհանդերձ, սպասում էինք, որ հաջորդ օրը մեզ կսպանեն։ Դա սարսափի ու մղձավանջի մեկ ուրիշ օր էր։ Մենք անընդհատ փոխում էինք մեր թաքնվելու վայրը։ Հիշում եմ, թե ինչպես Եհովայից օգնություն աղերսեցի. «Դու երեկ օգնեցիր մեզ։ Խնդրում եմ, նորից օգնիր։ Մենք ուզում ենք մեծացնել մեր երեխային ու շարունակել քեզ ծառայել»։ Երեկոյան կողմ երեք հուտու եղբայրներ, իրենց կյանքը մեծ ռիսկի ենթարկելով, կարողացան մոտ 30 տուտսիներից կազմված խմբով մեզ ապահով անցկացնել վտանգավոր պահակակետերով։ Այդ խմբից վեց հոգի ընդունեց ճշմարտությունը։
Հետագայում իմացանք, որ Չարլզն ու իր խումբը շարունակել էին օգնել տասնյակ տուտսիների, սակայն Ինտերահամվեն բացահայտել էր դա և ցասումով էր լցվել։ Նրանք բռնել էին Չարլզին և Լեոնար անունով մեկ ուրիշ հուտու քարոզչի։ Չարլզի կինը լսել էր, որ նրանք ասել էին. «Դու պետք է մեռնես, որովհետև օգնել ես տուտսիներին փրկվելու»։ Ու երկուսին էլ սպանել էին։ Դա հիշեցնում է ինձ Հիսուսի խոսքերը. «Ոչ ոք սրանից ավելի մեծ սեր չունի, քան այն մեկը, որն իր հոգին տալիս է իր ընկերների համար» (Հովհ. 15։13)։
Պատերազմից առաջ, երբ ես ու Ժաննան պլանավորում էինք ամուսնանալ, որոշել էինք, որ մեզնից մեկը ռահվիրա է ծառայելու։ Սակայն պատերազմից հետո, քանի որ մեր հարազատներից շատերը սպանվել էին, մեր խնամքի տակ առանք վեց որբերի, թեև արդեն երկու երեխա ունեինք։ Այդուհանդերձ, Ժաննան կարողացավ ռահվիրայություն սկսել, և 12 տարի է՝ լիաժամ է ծառայում։ Մենք ևս երկու երեխա ունեցանք։ Մեր բոլոր խորթ երեխաները, որոնց ծնողները Եհովայի վկա չէին, այժմ մկրտված են։ Երեք տղաները ծառայող օգնական են, իսկ աղջիկներից մեկը ամուսնու հետ ծառայում է Բեթելում։ Մեր երկու ավագ դուստրերը նույնպես մկրտված են։
[նկար]
Եղբայր և քույր Մուտեզինտարեները իրենց երկու երեխաների և հինգ որբերի հետ
[շրջանակ/նկար 204-րդ և 205–րդ էջերի վրա]
«Ճշմարտության շնորհիվ կարողացանք պահել մեր հավասարակշռությունը»
Վալերի Մուսաբյիմանան ու Անժելին Մուսաբվեն հարազատ քույրեր են։ Նրանք մեծացել են կաթոլիկ ընտանիքում։ Նրանց հայրը ծխական խորհրդի նախագահող էր։ Վալերին չորս տարի սովորեց, որ դառնա միանձնուհի։ Սակայն տեսնելով քահանաներից մեկի վարքը՝ հիասթափվեց ու 1974թ.-ին դադարեցրեց իր ուսումը։ Հետագայում նա Եհովայի վկաների օգնությամբ ուսումնասիրեց Աստվածաշունչը, մկրտվեց ու 1979թ.-ին ռահվիրայություն սկսեց։ Նրա քույր Անժելինը նույնպես ուսումնասիրեց Աստվածաշունչը ու մկրտվեց։ Միասին հատուկ ռահվիրա ծառայելով՝ երկու քույրերը շատերին են օգնել իմանալու ճշմարտությունը։
Ցեղասպանության ժամանակ Վալերին ու Անժելինը ապրում էին Կիգալիում և ինը մարդու թաքցրին իրենց տանը, այդ թվում երկու հղի կանանց, որոնցից մեկի ամուսնուն նոր էին սպանել։ Որոշ ժամանակ անց այդ կինը ծննդաբերեց։ Քանի որ տնից դուրս գալը շատ վտանգավոր էր, քույրերը օգնեցին նրան ծննդաբերելու։ Հարևաններն, իմանալով այդ մասին, ուտելիք և ջուր բերեցին։
Երբ Ինտերահամվեն իմացավ, որ Վալերին ու Անժելինը տուտսիների են թաքցնում, եկան ու ասացին. «Մենք եկել ենք, որ սպանենք տուտսի Եհովայի վկաներին»։ Բայց քանի որ քույրերի վարձած տունը պատկանում էր սպայի, մարդասպանները չհամարձակվեցին ներս մտնելd։ Տանը եղող բոլոր մարդիկ ողջ մնացին։
Երբ պատերազմը սաստկացավ ու անդադար փամփուշտների տարափ էր տեղում, Անժելինն ու Վալերին ստիպված էին հեռանալ այդ տարածքից։ Մյուս Վկաների հետ նրանք փախան Գոմա, որտեղ կոնգոացի եղբայրները սրտաբաց ընդունեցին նրանց։ Այդ քրիստոնյաները շարունակեցին քարոզել այնտեղ ու Աստվածաշնչի բազմաթիվ ուսումնասիրություններ անցկացրին։
Ինչպե՞ս էին նրանք հաղթահարում դառը զգացումները։ Վալերին տխուր ասում է. «Ես կորցրի իմ հոգևոր երեխաներից շատերին, այդ թվում Օեժան Նտաբանային ու նրա ընտանիքին։ Սակայն ճշմարտության շնորհիվ կարողացանք պահել մեր հավասարակշռությունը։ Գիտենք, որ Եհովան կդատի չարագործներին»։
[ծանոթագրություն]
d Պատերազմից հետո տանտերը սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Թեև նա մահացավ, նրա կինն ու երկու երեխաները Վկաներ դարձան։
[շրջանակ/նկար 206-րդ էջի վրա]
Նրանք պատրաստ էին մահանալու մեզ համար
ԱԼՖՐԵԴ ՍԵՄԱԼԻ
ԾՆՎԵԼ Է՝ 1964թ.
ՄԿՐՏՎԵԼ Է՝ 1981թ.
ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ. Կնոջ՝ Ժորժետի հետ ապրում էր Կիգալիի արվարձաններում։ Ալֆրեդը, որը սիրող ամուսին և հայր է, այժմ Կիգալիում Հիվանդանոցների հետ կապի կոմիտեի անդամ է։
◼ ԵՐԲ սկսվեց ցեղասպանությունը, հուտու եղբայրներից մեկը՝ Աթանազը, որն ապրում էր մեզ մոտ, նախազգուշացում ուղարկեց. «Նրանք սպանում են բոլոր տուտսիներին։ Ձեզ էլ կսպանեն»։ Աթանազը պնդեց, որ գնանք իր տուն։ Պատերազմից առաջ գետնի տակ նա մոտ 3,5 մետր խորություն ունեցող մի խուց էր փորել և առաջարկեց մեզ թաքնվել այնտեղ։ Ես առաջինը պետք է իջնեի նրա շինած աստիճաններով։ Աթանազը մեզ ուտելիքով ու դոշակներով ապահովեց։ Իսկ այդ ընթացքում ամենուրեք կոտորած էր։
Թեև Աթանազի հարևանները կասկածում էին, որ թաքնված ենք նրա տանը, ու սպառնացին այրել այն, նա և իր ընտանիքը շարունակեցին թաքցնել մեզ։ Հստակ էր, որ նրանք պատրաստ էին մահանալու մեզ համար։
Երեք օր անց այդ տարածքում կատաղի մարտեր ընթացան։ Աթանազն ու իր ընտանիքը մեզ մոտ իջան։ Այժմ 16 հոգով էինք խցում։ Անթափանցելի խավարի մեջ էինք, քանի որ չէինք համարձակվում ինչ-որ կերպ լուսավորել խուցը։ Յուրաքանչյուրիս ամենօրյա սննդի բաժինը կազմում էր մի գդալ հում բրինձ՝ շաքարաջրի մեջ թրջած։ Սակայն տասը օրից դա էլ սպառվեց։ 13-րդ օրը մենք ահավոր սոված էինք։ Ի՞նչ կարող էինք անել։ Աստիճանի վերևից հազիվ նշմարվում էր, թե ինչ է կատարվում դրսում, ու մենք նկատեցինք, որ իրավիճակը փոխվել է։ Այլ համազգեստով զինվորներ տեսանք։ Քանի որ Աթանազի ընտանիքը պաշտպանել էր ինձ, մտածեցի, որ հիմա իմ հերթն է կյանքս վտանգի տակ դնելու։ Որոշեցի վերև բարձրանալ, որ կերակուր փնտրեմ։ Աթանազի պատանի որդին ինձ հետ էր։ Բայց նախևառաջ բոլորս աղոթեցինք։
Մոտ 30 րոպե անց վերադարձանք ու հայտնեցինք նորությունը. այժմ տարածքը Ռուանդայի հայրենասիրական ճակատի հսկողության տակ էր գտնվում։ Մեզ հետ որոշ զինվորներ եկան, ու ես ցույց տվեցի մեր թաքստոցը։ Նրանք չէին հավատում, որ թաքնվել ենք այնտեղ, մինչև որ բոլոր եղբայրներն ու քույրերը մեկը մյուսի հետևից սկսեցին դուրս գալ անցքից։ Ժորժետն ասում է, որ երբեք չի մոռանա այդ պահը. «Մենք կեղտոտ դուրս էինք գալիս։ Մոտ երեք շաբաթ գետնի տակ էինք եղել, ո՛չ կարողացել էինք լվացվել, ո՛չ էլ լվանալ մեր շորերը»։
Զինվորներն ապշեցին, երբ տեսան, որ երկու էթնիկական խմբերին պատկանող մարդիկ միասին այդ խցում են մնացել։ «Մենք Եհովայի վկաներ ենք,— բացատրեցի ես,— և ռասայական խտրականություն չենք դնում»։ Նրանք զարմացած ասացին. «Խցից դուրս եկած այս մարդկանց ուտելիք ու շաքար տվեք»։ Մեզ տարան մի շինություն, որը ժամանակավոր կացարան էր դարձել մոտ 100 մարդու համար։ Դրանից հետո մի քույր պնդեց, որ բոլոր 16 հոգիս իր ընտանիքի հետ մնանք։
Մենք շնորհակալ ենք մեր փրկության համար։ Ցավոք, եղբայրս, քույրս ու նրանց ընտանիքները, որոնք բոլորն էլ Եհովայի վկաներ էին, սպանվեցին, ինչպեսև մեր ծանոթներից շատերը։ Մեզ համար դա մեծ կորուստ է, բայց գիտակցում ենք, որ «ժամանակ և պատահար բոլորի[ս] է լինում»։ Ժորժետը մեր զգացմունքներն այսպես է նկարագրում. «Մենք կորցրինք բազում քույրերի ու եղբայրների, շատերն էլ զարհուրելի օրեր անցկացրին՝ փախուստի դիմելով ու թաքնվելով։ Սակայն աղոթքի միջոցով ամրացրինք Եհովայի հետ ունեցած փոխհարաբերությունները ու տեսանք, թե որքան հզոր է նրա ձեռքը։ Եհովան մխիթարեց մեզ՝ ճիշտ ժամանակին իր կազմակերպության միջոցով օգնություն ուղարկելով, ինչի համար մենք անչափ երախտապարտ ենք։ Եհովան առատորեն օրհնել է մեզ» (Ժող. 9։11)։
[շրջանակ/նկարներ 208-րդ էջի վրա]
Եհովան օգնեց մեզ այդ սարսափելի ժամանակներում
ԱԼԲԵՐՏ ԲԱՀԱՏԻ
ԾՆՎԵԼ Է՝ 1958թ.
ՄԿՐՏՎԵԼ Է՝ 1980թ.
ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ. Հուտու ցեղից է, հանգիստ բնավորության տեր եղբայր։ Ամուսնացած է, ունի երեք երեխա, երեց է։ Կինն ու ավագ դուստրը ընդհանուր ռահվիրաներ են։ Որդին ծառայող օգնական է։ Երբ 1977-ին Ալբերտը սկսեց հաճախել ժողովի հանդիպումներին, երկրում մոտ 70 քարոզիչ կար։ 1988թ.-ին նրան բանտարկեցին ու ծեծի ենթարկեցին։ Երբ նա հրաժարվեց քաղաքական կուսակցության անվանաքարտ կրելուց, հարևանը, որը զինվորական էր, ամրակի ասեղը նրա մարմնի մեջ խրեց ու քմծիծաղով ասաց. «Հիմա դու կրում ես անվանաքարտ»։
◼ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ մահից հետո որոշ ազգականներ, հարևաններ և հոգևոր եղբայրներ իմ տուն փախան։ Սակայն ես անհանգիստ էի երկու տուտսի քույրերի՝ Գորետիի ու Սյուզանի համար, որոնք մեզ հետ չէին։ Թեև չափազանց վտանգավոր էր, գնացի նրանց փնտրելու։ Մարդիկ փախուստի էին դիմում։ Գտնելով Գորետիին ու նրա երեխաներին՝ իմ տուն տարա, քանի որ գիտեի, որ այն վայրում, ուր գնում էին, պահակակետ կա, ու նրանց անպայման կսպանեն։
Մի քանի օր անց Սյուզանը հինգ այլ անհատների հետ կարողացավ մեզ միանալ։ Մեր տանը ավելի քան 20 մարդ կար, և բոլորիս մեծ վտանգ էր սպառնում։
Ինտերահամվեն առնվազն երեք անգամ եկավ մեր տուն։ Մի անգամ նրանք պատուհանից տեսան կնոջս՝ Վեստինին, և դուրս կանչեցին։ Նա տուտսի է։ Ես կանգնեցի մարդասպանների ու կնոջս միջև և ասացի. «Եթե պիտի սպանեք նրան, առաջինը ինձ սպանեք»։ Որոշ քննարկումներից հետո նրանք կնոջս թույլ տվեցին, որ տուն վերադառնա։ Նրանցից մեկն ասաց. «Չեմ ուզում կնոջ սպանել, ուզում եմ տղամարդ սպանել»։ Եվ իրենց ուշադրությունը դարձրին կնոջս եղբոր վրա։ Երբ նրան դուրս էին տանում, ես գցեցի ինձ նրանց ու երիտասարդի միջև և աղերսեցի. «Աստծո՛ւ սիրուն, թողե՛ք նրան»։
«Ես Աստծու համար չեմ աշխատում»,— հակաճառեց նրանցից մեկը և արմունկով հարվածեց ինձ։ Սակայն փափկեց ու ասաց. «Դե լա՛վ, տա՛ր նրան»։ Այդպիսով՝ աներձագս փրկվեց։
Մոտ մեկ ամիս անց երկու եղբայր եկան։ Նրանք ուտելիք էին փնտրում։ Քանի որ լոբու պաշար ունեի, մի քիչ տվեցի։ Բայց երբ ուղեկցում էի նրանց, որ ապահով արահետ ցույց տամ, կրակոցի ձայն լսեցի ու կորցրի գիտակցությունս։ Կոտորակառումբի գնդակը վնասել էր աչքս։ Հարևաններիցս մեկն օգնեց ինձ, որ հիվանդանոց հասնեմ, բայց այդ աչքիս տեսողությունը կորցրի։ Սակայն ամենավատն այն էր, որ չէի կարող տուն վերադառնալ։ Երբ պատերազմը ուժգնացավ, շատ վտանգավոր էր մեր տանը մնալը, ուստի բոլորը փախան մյուս եղբայրների տները, որոնք իրենց կյանքը վտանգի ենթարկեցին, որ պաշտպանեն նրանց։ Այդպես շարունակվեց մինչև 1994թ. հունիսը։ Մինչև հոկտեմբեր չկարողացա միանալ կնոջս ու ընտանիքիս։ Շնորհակալ եմ Եհովային, որ օգնեց մեզ այդ սարսափելի ժամանակներում։
[նկար]
Ալբերտ Բահատին իր ընտանիքի և նրանց հետ, որոնց թաքցրել էր
[շրջանակ/նկար 210–212-րդ էջերի վրա]
«Սա է ճանապարհը»
ԳԱՍՊԱՐ ՆՅՈՆԳԻՐԱ
ԾՆՎԵԼ Է՝ 1954թ.
ՄԿՐՏՎԵԼ Է՝ 1978թ.
ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ. Ճշմարտության անվախ պաշտպան։ Ժպտերես ու դրական տրամադրվածություն ունեցող եղբայր։ Ամուսնացած է, ունի երեք դուստր։ Այժմ Ռուանդայի մասնաճյուղի կոմիտեի անդամ է։
◼ ԱՊՐԻԼԻ 7-ի վաղ առավոտյան սկսված կրակոցներից հետո տեսա, որ տուտսիներին պատկանող մոտ 15 տուն, այդ թվում մեր եղբայրների 2 տները այրվում են։ Մի՞թե մեր տունը հաջորդն էր լինելու։ Վախից ասես խելագարված լինեի, քանի որ չգիտեի, թե ինչ կպատահի կնոջս, որը տուտսի է, ու երկու երեխաներիս։
Չէի պատկերացնում, թե ինչ պետք է անենք։ Ամենուրեք խառնաշփոթ էր, մարդիկ խուճապի էին մատնված, նաև ասեկոսեներ ու սուտ տեղեկություններ էին տարածվում։ Մտածեցի, որ կնոջս ու երեխաներիս համար ապահով կլինի, եթե գնան մոտակայքում ապրող եղբոր տուն, իսկ ես ավելի ուշ կմիանամ նրանց։ Երբ իմ այնտեղ գնալը անվտանգ դարձավ, իմացա, որ կնոջս ստիպել են փախչել մի մեծ դպրոց։ Կեսօրին հարևաններից մեկը եկավ ու ասաց. «Դպրոցում ապաստան գտած բոլոր տուտսիներին կոտորելու են»։ Անմիջապես վազեցի այնտեղ, գտա կնոջս ու երեխաներիս, հավաքեցի ևս մոտ 20 մարդու, այդ թվում քույրերի ու եղբայրների և ասացի, որ վերադառնան իրենց տները։ Հեռանալիս տեսանք, որ ոստիկանները մարդկանց քաղաքից դուրս են տանում։ Այնտեղ նրանք սպանեցին ավելի քան 2000 տուտսիների։
Հարևաններից մեկի կինը դպրոցում ծննդաբերել էր։ Երբ Ինտերահամվեն նռնակ գցեց այնտեղ, նրա ամուսինը նորածնի հետ դուրս փախավ։ Խուճապահար եղած մայրը այլ ուղղությամբ վազեց։ Թեև հայրը տուտսի էր, ձեռքերում գրկած փոքրիկի շնորհիվ կարողացավ անցնել պահակակետերով ու վազելով գալ մեր տուն։ Նա խնդրեց ինձ, որ փորձեմ երեխայի համար կաթ հայթայթել։ Երբ ռիսկի դիմեցի, պատահականորեն հայտնվեցի մի պահակակետում։ Կարծելով, թե տուտսիների կողմից եմ, քանի որ գնում էի տուտսի երեխայի համար կաթ բերելու, զինվորներն ասացին. «Եկեք սպանենք նրան»։ Նրանցից մեկը հրացանի կոթով հարվածեց ինձ, ու ես կորցրի գիտակցությունս։ Քթիցս ու դեմքիցս արյուն էր հոսում։ Մտածելով, թե մահացել եմ՝ ինձ քարշ տվեցին մոտակա տան հետևի կողմը։
Այնտեղ մեր հարևաններից մեկը ճանաչեց ինձ ու ասաց. «Պետք է հեռանաս այստեղից, թե չէ նրանք կվերադառնան ու վերջդ կտան»։ Նա օգնեց ինձ, որ տուն հասնեմ։
Թեև ուժեղ ցավերի մեջ էի, այդ պատահարը պաշտպանեց ինձ հաջորդ օրը։ Քանի որ շրջապատում գիտեին, որ վարորդ եմ, հինգ մարդ եկան, որ ստիպեն ինձ լինել բարձրաստիճան զինվորականներից մեկի վարորդը։ Տեսնելով վերքերս՝ նրանք չպնդեցին, նաև չփորձեցին ստիպել ինձ Ինտերահամվեի հետ պարեկային հերթապահություն իրականացնել։
Դրանց հաջորդեցին վախի, անորոշության ու սովի դաժան օրեր։ Մի անգամ մի տուտսի կին իր երկու փոքր երեխաների հետ վազեց մեր տուն։ Մենք նրան թաքցրինք խոհանոցի պահարանում, իսկ երկու երեխաներին իմ երեխաների հետ միասին՝ սենյակում։ Երբ Ռուանդայի հայրենասիրական ճակատը (ՌՀՃ) շարունակեց ռազմական գործողությունները և լուրեր տարածվեցին, թե Ինտերահամվեն սկսել է սպանել բոլոր այն հուտուներին, որոնց կանայք տուտսի են, մեր ողջ ընտանիքը պատրաստվեց նորից փախուստի դիմելու։ Սակայն ՌՀՃ-ն արդեն իր հսկողության տակ էր առել այդ տարածքը, ուստի տուտսիներին այլևս վտանգ չէր սպառնում։ Հիմա իմ կյանքն էր վտանգի տակ։
Մի խումբ հարևանների հետ գնացի պահակակետ, որն այժմ ՌՀՃ-ի զինվորներն էին վերահսկում։ Գլխիս վիրակապ էր դրված, ու երբ նրանք տեսան ինձ՝ հուտուիս, կարծեցին, թե Ինտերահամվեից եմ։ Հարևաններիս ու ինձ ձայն տվեցին՝ ասելով. «Ձեր մեջ մարդասպաններ ու կողոպտիչներ կան, ու մի հատ էլ օգնությո՞ւն եք խնդրում։ Ձեզնից ո՞վ է թաքցրել կամ պաշտպանել տուտսիների»։ Ես նրանց ցույց տվեցի այն կնոջն ու երեխաներին, որոնց թաքցրել էի։ Մի կողմ տանելով երեխաներին՝ այդ մարդիկ հարցրին. «Ո՞վ է վիրակապով այս մարդը»։ Նրանք պատասխանեցին. «Նա Ինտերահամվեի հետ չէ, նա Եհովայի վկա է ու լավ մարդ»։ Ես փրկել էի տուտսի կնոջ ու նրա երկու երեխաներին, հիմա էլ նրանք փրկեցին ինձ։
Զինվորներին բավարարեց նրանց պատասխանը, ու մեզ տարան Կիգալիից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ճամբար, որտեղ 16000 մարդիկ էին հավաքված։ Այնտեղ հանդիպեցինք 14 ժողովներից մոտ 60 քույրերի ու եղբայրների։ Ժողովի հանդիպումներ կազմակերպեցինք, և առաջին հանդիպմանը ներկա եղավ 96 հոգի։ Շատ դժվար ժամանակներ էին. լսում էինք լուրեր, որ մեր ընկերները սպանվել են, իսկ քույրերը՝ բռնաբարվել։ Այնտեղ միակ երեցը ես էի։ Շատ եղբայրներ ու քույրեր Աստվածաշնչից մխիթարության ու օգնության կարիք ունեին։ Ես լսում էի հավատակիցներիս սրտաճմլիկ պատմությունները ու վստահեցնում, որ Եհովան սիրում է նրանց ու հասկանում նրանց ցավը։
Բազում շաբաթներ սարսափի մեջ անցկացնելուց հետո հուլիսի 10-ին, ի վերջո, կարողացանք տուն վերադառնալ։ Հիշում եմ, որ երբ համակված էի վախով ու վտանգի մեջ էի, հաճախ մտածում էի «Սա է ճանապարհը» երգի խոսքերի շուրջ, որոնք ինձ շատ քաջալերեցին. «Երբեք չթեքվենք ճիշտ ուղուց աջ ու ձախ, այլ մենք ընթանանք այդ ճամփով անհապաղ»։
[շրջանակ/նկար 223-րդ էջի վրա]
Ինչ-որ մեկը անունս էր տալիս
ՀԵՆԿ ՎԱՆ ԲՈՒՍԵԼ
ԾՆՎԵԼ Է՝ 1957թ.
ՄԿՐՏՎԵԼ Է՝ 1976թ.
ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ. Ծառայել է Նիդերլանդների Բեթելում մինչև 1984թ.-ին «Գաղաադ» գնալը։ Նշանակվել է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն, Չադ և 1992թ. սեպտեմբերին՝ Ռուանդա։ Այժմ կնոջ՝ Բերտի հետ ծառայում է Ռուանդայի մասնաճյուղում։
◼ ՌՈՒԱՆԴԱՅՈՒՄ առաջին ժողովը, որտեղ նշանակվեցի, «Կիգալի Սուեդն» էր։ Այնտեղ շատ երեխաներ կային։ Քույրերն ու եղբայրները ջերմ և հյուրասեր էին։ 1992թ.-ին երկրում քիչ ժողովներ կային և մոտ 1500 քարոզիչ։ Իշխանությունները դեռևս չէին վստահում մեզ, այդ պատճառով ժամանակ առ ժամանակ ոստիկանությունը կանգնեցնում էր մեզ քարոզչական ծառայության ժամանակ, որ ստուգի անձը հաստատող փաստաթղթերը։
Երբ սկսվեց ցեղասպանությունը, ստիպված էի հեռանալ երկրից։ Սակայն շատ չանցած՝ խնդրեցին օգնել Արևելյան Կոնգոյում եղող փախստականներին։ Նայրոբիից գնացի Գոմա, որը գտնվում է Ռուանդայի սահմանին։ Քանի որ երբեք չէի եղել այնտեղ ու միայն մի երեցի անուն գիտեի, մտածում էի, թե ինչպես եմ գտնելու նրան։ Երբ տեղ հասա, հարցուփորձ արի տաքսու վարորդին։ Նա հարցրեց մյուս վարորդներին. 30 րոպե անց կանգնած էի այդ երեցի դռան առաջ։ Ռուանդայի Երկրի կոմիտեից երկու եղբայր կարողացան անցնել սահմանը ու գալ Գոմա։ Ես նրանց տվեցի Քենիայի մասնաճյուղից ստացած փողը, որը նախատեսված էր Ռուանդայի եղբայրներին օգնելու համար։
Հիշում եմ, որ երբ երկրորդ անգամ Նայրոբիից Գոմա մեկնեցի, ոտքով գնացի դեպի Ռուանդայի սահմանը։ Թեև մեծ տարածություն չէի անցնելու, երկար ժամանակ պահանջվեց, որ տեղ հասնեմ, քանի որ անցնում էի փախստականների հսկայական ամբոխների միջով, որոնք գալիս էին Ռուանդայից։
Հանկարծ ինչ-որ մեկը անունս տվեց. «Նդո՛ւգու (եղբայր) Հենկ։ Նդո՛ւգու Հենկ»։ Երբ շրջվեցի, որ տեսնեմ, թե ով է ձայն տալիս, հայացքս հանդիպեց Ալֆոնսինի աչքերին։ Նա մոտ 14 տարեկան աղջիկ էր ու Կիգալիի այն նույն ժողովից էր, որում ես ծառայել էի։ Ալֆոնսինին բաժանել էին մորից։ Միասին անցանք այդ հոծ բազմության միջով։ Ես նրան տարա այն Թագավորության սրահը, որտեղ հավաքվում էին բազում փախստական քույրեր ու եղբայրներ։ Աղջկա մասին հոգ տարավ Կոնգոյից մի ընտանիք, իսկ հետո նրա ժողովից մի փախստական քույր իր խնամքի տակ առավ նրան։ Հետագայում Ալֆոնսինը Կիգալիում գտավ իր մորը։
[նկար]
Հենկը կնոջ՝ Բերտի հետ
[շրջանակ/նկար 235-րդ էջի վրա]
Եհովան զարմանահրաշ ու մեծամեծ բաներ է անում
ԳՅՈՒՆՏԵՐ ՌԵՇԿԵ
ԾՆՎԵԼ Է՝ 1937թ.
ՄԿՐՏՎԵԼ Է՝ 1953թ.
ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ. 1958թ.-ին սկսել է ռահվիրայություն անել ու սովորել է «Գաղաադի» 43-րդ դասարանում։ 1967թ.-ից ծառայել է Գաբոնում, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում ու Քենիայում։ Շրջագայական ծառայության ընթացքում այցելել է մի շարք այլ երկրներ։ Այժմ ծառայում է Ռուանդայի մասնաճյուղի կոմիտեում։
◼ ԱՌԱՋԻՆ անգամ Ռուանդա այցելեցի 1980թ.-ին։ Որպես մարզային վերակացու՝ Քենիայից ինձ ուղարկեցին այնտեղ։ Այդ ժամանակ երկրում կային ընդամենը յոթ ժողով ու 127 քարոզիչ։ Երբ Ռուանդայում առաջին անգամ անցկացվեց Ռահվիրայական ծառայության դպրոցը, ես երկու դասավանդողներից մեկն էի։ Այդ դասարանի 22 ռահվիրաներից շատերը դեռևս լիաժամ ծառայության մեջ են։ Քենիա վերադարձա թանկ հիշողություններով այն մասին, թե որքան նախանձախնդիր էին եղբայրները ծառայության մեջ ու որքան էին գնահատում ճշմարտությունը։
1996թ.-ին Քենիայի մասնաճյուղից նամակ ստացա, որում ասվում էր, որ հրավիրվում եմ Ռուանդա։ 18 տարի էր, ինչ Քենիայում էի, ու ինձ դուր էր գալիս այնտեղ։ Երբ եկա Ռուանդա, իրավիճակը դեռևս անկայուն էր։ Գիշերը հաճախ էին կրակոցներ լսվում։ Բայց շուտով սկսեցի ուրախություն ստանալ իմ նշանակումից, հատկապես երբ տեսա, որ Եհովան օրհնում է այնտեղի ծառայությունը։
Համաժողովի վայրերը խղճուկ ու հասարակ էին։ Եղբայրները հաճախ նստում էին գետնին ու քարերին, սակայն երբեք չէին գանգատվում։ Մկրտության ավազանները մեծ փոսեր էին, որոնց ներսը վրանի պաստառով էր պատված։ Մինչև հիմա երկրի ներքին շրջաններում այդպիսի վայրերում են համաժողովներ անցկացվում։ Ժամանակի ընթացքում առանց պատերի մի քանի պարզ սրահներ են կառուցվել, ինչպես նաև շարժական պատերով Թագավորության սրահներ։
Եղբայրները նախանձախնդրությամբ էին քարոզում բարի լուրը։ Կիգալիում ժողովի հանդիպումները շաբաթ-կիրակի օրերին շատ շուտ էին սկսվում։ Հետո քարոզիչները գնում էին ծառայության և տուն էին վերադառնում, երբ արդեն մութ էր։
Միշտ ժամանակ էի հատկացնում ժողովի պատանիներին՝ ապագա քարոզիչներին, որոնք հետագայում կարող էին շատ պատասխանատվություններ ստանձնել։ Որքա՜ն հաճելի էր տեսնել, որ շատերը, չնայած փոքր տարիքին, անվախորեն պաշտպանեցին իրենց հավատը՝ ցույց տալով, որ Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություններ ունեն։
Օրինակ՝ հարավում ապրող 11 տարեկան Լյուքին մի անգամ դասարանում ասացին, որ երգի ազգային հիմնը։ Նա հարգալից տոնով հարցրեց, թե արդյոք փոխարենը կարող է երգել Թագավորության երգերից մեկը։ Ուսուցիչը թույլ տվեց, ու երբ Լյուքը երգեց, բոլորը ծափահարեցին։ Այն, որ նա գիտեր ոչ միայն երաժշտությունը, այլև երգի բառերը, ցույց է տալիս, թե ինչ մեծ հաճույքով էր փառաբանում իր Արարչին։ Այսպիսի դեպքերը քաջալերում էին ինձ։ Ես նաև հանդիպեցի մի քրոջ, որը մի քանի տարի առաջ բանտարկվել էր բարի լուրը քարոզելու համար։ Բանտում նա տղա էր ունեցել ու նրան անվանել Շիկամա Հոդարի (սվահիլի լեզվով նշանակում է «հաստատուն մնա»)։ Շիկաման իր անվան համաձայն է ապրում։ Վերջերս նա մասնակցեց Ամուրի եղբայրների դպրոցին։ Նա ծառայող օգնական է և հատուկ ռահվիրա։
Երկար տարիներ Ռուանդայի մեր եղբայրները ծայրահեղ դժվարություններ են տեսել, այդ թվում արգելքներ, քաղաքացիական պատերազմ ու ցեղասպանություն։ Ես միշտ հուզվել եմ՝ տեսնելով ծառայության մեջ նրանց նախանձախնդրությունն ու հավատարմությունը, ու մեծ առանձնաշնորհում եմ համարում նրանց հետ միասին ծառայելը։ Նաև միշտ զգացել եմ Եհովայի օրհնությունը, պաշտպանությունն ու աջակցությունը, և այդ ամենն ավելի է մտերմացրել ինձ նրա հետ։ Իսկապես, Եհովան զարմանահրաշ ու մեծամեծ բաներ է անում (Սաղ. 136։4)։
[գծապատկեր/նկարներ 254–րդ և 255–րդ էջերի վրա]
ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ՍԱՆԴՂԱԿ. Ռուանդա
1970
1970 Առաջին քարոզիչները հաշվետվություն են հանձնում։
1975 Ռուանդացի առաջին ընտանիքը վերադառնում է Կոնգոյից։
1976 «Թագավորության այս բարի լուրը» գրքույկը լույս է տեսնում կինյառուանդա լեզվով։
1978 Կինյառուանդա լեզվով ամիսը մեկ անգամ լույս է տեսնում «Դիտարանը»։
1980
1982 Գործունեությունը արգելվում է, պատասխանատու եղբայրները բանտարկվում են։
1986 Քարոզիչների մեկ երրորդը բանտարկված է։
1990
1990 Երկրի հյուսիսում պատերազմ է բռնկվում։
1992 Անցկացվում է առաջին մարզային համաժողովը ամբողջ երկրի համար։
Գործունեությունը օրինականացվում է։
Միսիոներներ են գալիս։
1994 Տուտսիների ցեղասպանությունը։
1996 Միսիոներները վերադառնում են։
Ծառայողական բաժին է հիմնվում։
1998 Կինյառուանդա լեզվով «Դիտարանը» լույս է տեսնում անգլերենին զուգահեռ։
1999 Կիգալիում տեղի է ունենում առանց պատերի Համաժողովների սրահի նվիրումը։
2000
2000 Մասնաճյուղ է հիմնվում։
Սկսում է գործել Թագավորության սրահների շինարարության բաժինը։
2001 Նոր մասնաճյուղի համար հողատարածք է ձեռք բերվում։
2006 Տեղի է ունենում մասնաճյուղի նոր շենքերի նվիրումը։
2007 Կինյառուանդա լեզվով լույս է տեսնում «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը»։
2010
2010 Ամբողջությամբ լույս է տեսնում «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը»։
[գծապատկեր/նկար 234–րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Քարոզիչների թիվը
Ռահվիրաների թիվը
20000
15000
10000
5000
1985 1990 1995 2000 2005 2010
[քարտեզներ 167–րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
ՈՒԳԱՆԴԱ
ԿՈՆԳՈՅԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Նյիրագոնգո հրաբուխ
Գոմա
ԲՈՒՐՈՒՆԴԻ
ՏԱՆԶԱՆԻԱ
ՌՈՒԱՆԴԱ
ԿԻԳԱԼԻ
ՎԻՐՈՒՆԳԱ ԼԵՌՆԵՐ
Կարիսիմբի հրաբուխ
Ռուհենգերի (այժմ՝ Մուսանզե)
Գիսենի (այժմ՝ Ռուբավու)
Կիվու լիճ
Բուկավու
Կանոմբե
Մասակա
Գիտարամա (այժմ՝ Մուհանգա)
Բուգեսերա
Նյաբիսինդու (այժմ՝ Նյանզա)
Սավե
Բուտարե (այժմ՝ Հույե)
Հասարակած
[նկար 164–րդ և 165-րդ էջերի վրա]
Ձկնորսություն Կիվու լճում
[նկարներ 169-րդ էջի վրա]
Օդեն և Էնեա Մվիսոբաներ
[նկար 170-րդ էջի վրա]
Գասպար Ռուակաբուբուն իր դստեր՝ Դեբորայի և կնոջ՝ Մելանիի հետ
[նկար 171-րդ էջի վրա]
«Թագավորության այս բարի լուրը» կինյառուանդա լեզվով
[նկար 172-րդ էջի վրա]
Ժուեստան Ռուագատորե
[նկար 172-րդ էջի վրա]
Ֆերդինան Մուգարուրա
[նկար 173-րդ էջի վրա]
Լեոպոլդ Հարերիմանան, Պիեր Թուագիրայեզուն և Էմմանուել Բազատսինդան մկրտվեցին 1976-ին
[նկար 174-րդ էջի վրա]
Գրականություն կինյառուանդա լեզվով
[նկար 179-րդ էջի վրա]
Ֆոկաս Հակիզումվամի
[նկար 180-րդ էջի վրա]
Պալատին Նսանզուրվիմոն ու իր կինը (աջ կողմում) իրենց երեխաների հետ
[նկար 181-րդ էջի վրա]
Օդետ Մուկանդեկեզի
[նկար 182-րդ էջի վրա]
Հենրի Սենյոնգան իր մոտոցիկլետով
[նկար 188-րդ էջի վրա]
Գրանցման վկայականը (13 ապրիլի, 1992թ.)
[նկար 190-րդ էջի վրա]
Եղբայրները տեղափոխում են բեմը, որ տեղի ունենա ֆուտբոլային հանդիպումը
[նկար 192-րդ էջի վրա]
Լենըրդ և Նենսի Էլլիսները (կենտրոնում) Ռուակաբուբու և Սոմբ ընտանիքների հետ
[նկար 193-րդ էջի վրա]
Կիգալիի մոտ ընկած ինքնաթիռի բեկորները
[նկար 199-րդ էջի վրա]
Կիբուեում (այժմ՝ Կարոնգի) գրություն կաթոլիկ եկեղեցու վրա՝ «Մեզ մոտ եղբայրություն չկար»
[նկար 214-րդ էջի վրա]
Ձախից աջ՝ (հետևում) Անդրե Թվահիրան, Ժան դը Դյոն, Իմակուելեն, Չանտալը (երեխայի հետ), Սյուզանը, (առջևում) Մուգաբո երեխաները՝ Ժան-Լյուկը և Ագապեն
[նկար 216-րդ էջի վրա]
Վեդաստ Բիմենյիմանան Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելիս
[նկար 217-րդ էջի վրա]
Թարսիս Սեմինիգան կնոջ՝ Չանտալի հետ
[նկար 218-րդ էջի վրա]
Թարսիսն ու Ժուեստանը այն հյուղակի մոտ, որտեղ Թարսիսն ու իր ընտանիքը թաքնվել են մեկ ամիս
[նկարներ 226-րդ էջի վրա]
Վերևում՝ փախստականների ճամբար ռուանդացի Վկաների համար, ներքևում՝ փախստականների ճամբար Վկաների և ուրիշների համար
Գոմա (Կոնգո)
Բենակո (Տանզանիա)
[նկարներ 229-րդ էջի վրա]
Թագավորության սրահը ծառայում էր որպես հոսպիտալ
[նկար 238-րդ էջի վրա]
Օրեստեն ընտանիքի հետ, 1996թ.
[նկար 240-րդ էջի վրա]
Թեոբալդ և Բերանսիլ Մունյամպունդուներ
[նկարներ 241-րդ էջի վրա]
Տուտսի և հուտու եղբայրներն ու քույրերը մաքրում են նոր Համաժողովների սրահի տարածքը
[նկար 242-րդ էջի վրա]
Առանց պատերի Համաժողովների սրահ Կիգալիում, 2006թ.
[նկար 243-րդ էջի վրա]
Ծառայության կատարելագործման դպրոց Կիգալիում, 2008թ.
[նկար 246-րդ էջի վրա]
Ժեստերի լեզվի սեկցիան մեկօրյա հատուկ համաժողովին Գիսենիում, 2011թ.
[նկար 248-րդ էջի վրա]
Ֆրանսուա-Գզավիե Հակիզիմանա
[նկարներ 252-րդ և 253–րդ էջերի վրա]
Եղբայրներն ու քույրերը «հնձի Տիրոջ» հետ ծառայում են այս պտղաբեր դաշտում և մտադիր չեն դանդաղելու