Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • fy գլ. 3 էջ 27–38
  • Հարատև ամուսնության երկու բանալիները

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հարատև ամուսնության երկու բանալիները
  • Ընտանեկան երջանկության գաղտնիքը
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԱՌԱՋԻՆ ԲԱՆԱԼԻՆ
  • ԵՐԿՐՈՐԴ ԲԱՆԱԼԻՆ
  • ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՆՄԱՆ ՔՐԻՍՏՈՍԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ
  • ԿՆՈՋԸ ՎԱՅԵԼ ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ
  • ԼԱՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
  • Ինչպե՞ս կարող է ընտանիքդ երջանիկ լինել (մաս 1)
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Մի՛ բաժանեք այն, ինչ Աստված միավորեց մեկ լծի տակ
    2007 Դիտարան
  • Քո ընտանիքը կարող է երջանիկ լինել
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Ինչպես ունենալ հաջող ամուսնություն
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
Ընտանեկան երջանկության գաղտնիքը
fy գլ. 3 էջ 27–38

ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ

Հարատև ամուսնության երկու բանալիները

1, 2. ա) Որքա՞ն պետք է տևեր ամուսնությունը։ բ) Ինչպե՞ս է դա հնարավոր։

ԱՌԱՋԻՆ տղամարդուն և կնոջը ամուսնական կապով միացնելիս Աստված ոչ մի ակնարկ չարեց այն մասին, թե այդ կապը ժամանակավոր էր լինելու։ Ադամն ու Եվան միասին էին լինելու իրենց ողջ կյանքի ընթացքում (Ծննդոց 2։24)։ Ըստ Աստծո չափանիշների՝ պատվավոր ամուսնությունը մեկ տղամարդու և մեկ կնոջ միությունն է։ Իսկ միակ պատճառը, որ հիմք է հանդիսանում ամուսնալուծվելու և կրկին ամուսնանալու, համաձայն Աստվածաշնչի, ամուսիններից մեկի կամ երկուսի սեռական անբարոյությունն է (Մատթէոս 5։32)։

2 Արդյոք հնարավո՞ր է, որ երկու անձնավորություն երկար ժամանակ համատեղ կյանք վարեն և միաժամանակ երջանիկ լինեն։ Այո՛, հնարավոր է շնորհիվ այն երկու կարևոր ազդակների կամ բանալիների, որոնց վրա ուշադրություն է հրավիրում Աստվածաշունչը։ Եթե ամուսինը և կինը միացյալ ուժերով գործի դնեն այդ բանալիները, ապա նրանց առջև երջանկության ու բազում օրհնությունների դուռ կբացվի։ Իսկ որո՞նք են այդ երկու բանալիները։

ԱՌԱՋԻՆ ԲԱՆԱԼԻՆ

նկար 28–րդ էջի վրա

Փոխադարձ սերն ու հարգանքը երջանիկ ամուսնության հիմքն են

3. Սիրո ո՞ր երեք տեսակները պետք է զարգացնեն ամուսինները իրենց փոխհարաբերություններում։

3 Առաջին բանալին սերն է։ Հետաքրքրական է, որ Աստվածաշունչը մատնացույց է անում սիրո մի քանի տեսակներ։ Դրանցից մեկը անձնական ջերմ կապվածությունն է որևէ մեկի հանդեպ. սիրո այս տեսակը դրսևորվում է մտերիմ ընկերների միջև (Յովհաննէս 11։3)։ Մյուսը՝ հարազատների միջև գոյություն ունեցող սերն է (Հռովմայեցիս 12։10)։ Սիրո երրորդ տեսակը այն ռոմանտիկ զգացումն է, որ միմյանց հանդեպ տածում են տղամարդն ու կինը (Առակաց 5։15–20)։ Ինչ խոսք, կարևոր է, որ ամուսինները սիրո այս երեք տեսակներն էլ զարգացնեն իրենց փոխհարաբերություններում։ Բայց գոյություն ունի սիրո մեկ այլ տեսակ ևս, որը շատ ավելի կարևոր է, քան առաջին երեքը։

4. Ո՞րն է սիրո չորրորդ տեսակը։

4 Քրիստոնեական Հունարեն Գրությունների բնագիր լեզվում սիրո այս չորրորդ տեսակը կոչվում է ագա՛պե։ Այս բառը հանդիպում է Ա Յովհաննէս 4։8 համարում, որտեղ կարդում ենք. «Աստուած սէր է»։ Արդարև, մենք պետք է «սիրէնք.... որովհետեւ առաջ [Աստված] սիրեց մեզ» (Ա Յովհաննէս 4։19)։ Սիրո այս տեսակը քրիստոնյան մշակում է նախ՝ Եհովա Աստծո, ապա՝ իր մերձավորների հանդեպ (Մարկոս 12։29–31)։ Ագա՛պե բառն օգտագործվում է նաև Եփեսացիս 5։2 համարում, որտեղ ասվում է. «Սէրով գնացէք, ինչպէս որ Քրիստոսն էլ մեզ սիրեց, եւ իր անձը մեզ համար մատնեց»։ Հիսուսի խոսքերի համաձայն՝ սիրո այս տեսակը իր ճշմարիտ հետևորդներին բնորոշող հատկությունն էր լինելու։ «Սորանով կ’գիտենան ամենքը թէ իմ աշակերտներն էք, եթէ իրար վերայ սէր [ագա՛պե] ունենաք»,— ասել է նա (Յովհաննէս 13։35)։ Ուշադրություն դարձրեք նաև, թե ինչպես է ագա՛պե բառն օգտագործված Ա Կորնթացիս 13։13–ում. «Ուրեմն մնում է հաւատք, յոյս, սէր. այս երեքը, եւ սորանցից մեծը սէրն է [ագա՛պե]»։

5, 6. ա) Ի՞նչ առումով է սերն ավելի մեծ, քան հույսը և հավատը։ բ) Ի՞նչ պատճառներից ելնելով կարելի է ասել, որ սիրո շնորհիվ ամուսնական կապը հարատև կլինի։

5 Ի՞նչ առումով է ագա՛պե սերն ավելի մեծ, քան հույսը և հավատը։ Այս սերը դրսևորվում է՝ ելնելով որոշակի սկզբունքներից, և այն էլ Աստծո Խոսքում ամփոփված արդար սկզբունքներից (Սաղմոս 119։105)։ Ագա՛պե–ն անշահախնդիր հոգատարության դրսևորումն է։ Դա նշանակում է՝ վարվել ուրիշների հետ այնպես, ինչպես արդար և ճիշտ է Աստծո տեսանկյունից, անկախ այն բանից՝ արժանի է դիմացինն այդ վերաբերմունքին, թե՝ ոչ։ Այս սերը ամուսիններին օգնում է հետևել աստվածաշնչյան հետևյալ խորհրդին. «Իրար համբերե[ցեք] եւ իրար ներե[ցեք]. եթէ մէկը միւսի դէմ տրտունջ ունենայ, ինչպէս Քրիստոսն էլ [«Եհովան», ՆԱ] ձեզ ներեց, այնպէս էլ դուք» (Կողոսացիս 3։13)։ Սիրող ամուսինները «սրտանց սէր [ագա՛պե]» ունեն միմյանց հանդեպ և շարունակում են այդ զգացումը զարգացնել իրենց մեջ, «վասնզի սէրը մեղքերու բազմութիւնը կը ծածկէ» (Ա Պետրոս 4։8, ԱԱ)։ Նկատի առեք՝ սերը ծածկում է սխալները և չի փորձում վերացնել դրանք, քանի որ ոչ մի անկատար մարդ չի կարող զերծ լինել սխալներից (Սաղմոս 130։3, 4; Յակոբոս 3։2)։

6 Երբ ամուսնացած զույգերը իրենց մեջ նման սեր են մշակում Աստծո, ինչպես նաև միմյանց հանդեպ, ապա երջանիկ կլինեն և նրանց համատեղ կյանքը չի լինի կարճատև, քանի որ Աստվածաշունչն ասում է. «Սէրը երբէք չի վերջանալ» (Ա Կորնթացիս 13։8)։ Սերը «միասնության կատարյալ կապն է» (Կողոսացիս 3։14, ՆԱ)։ Եթե ամուսնացած ես, ապա ինչպե՞ս կարող եք դու և քո կողակիցը նման սեր զարգացնել։ Միասին կարդացեք Աստծո Խոսքը և զրուցեք դրա շուրջ։ Քննեցեք Հիսուսի թողած սիրո օրինակը և ջանացեք հետևել նրան՝ մտածել և վարվել Հիսուսի պես։ Բացի այդ, հաճախեք քրիստոնեական հանդիպումներին, որտեղ ուսուցանվում է Աստծո Խոսքը։ Ի վերջո՝ խնդրեք Աստծուն օգնել ձեզ զարգացնելու սիրո այս գերազանց տեսակը, որ նրա սուրբ ոգու պտուղը կազմող հատկություններից մեկն է (Առակաց 3։5, 6; Յովհաննէս 17։3; Գաղատացիս 5։22; Եբրայեցիս 10։24, 25)։

ԵՐԿՐՈՐԴ ԲԱՆԱԼԻՆ

7. Ի՞նչ է նշանակում հարգել, և ո՞վ պետք է հարգանք դրսևորի ընտանիքում։

7 Եթե ամուսինները սիրում են իրար, ապա նրանք նաև կհարգեն միմյանց, որն էլ հենց երջանիկ ամուսնության երկրորդ բանալին է։ Հարգել՝ նշանակում է «հաշվի առնել ուրիշին, պատվել նրան»։ Աստծո Խոսքը բոլոր քրիստոնյաներին, այդ թվում նաև ամուսիններին և կանանց հետևյալ հորդորն է տալիս. «Պատիւ տալու մէջ իրար առաջ անցէք» (Հռովմայեցիս 12։10)։ Պետրոս առաքյալը գրում է. «Մարդիկ, իմաստութիւնով բնակուեցէք նորանց [ձեր կանանց] հետ. ինչպէս տկար անօթի՝ կանանց պատիւ տալով» (Ա Պետրոս 3։7)։ Աստվածաշունչն ասում է, որ «ամեն կին պետք է հարգի իր ամուսնուն» (Եփեսացիս 5։33, ԱՆԹ)։ Երբ պատվել ենք ուզում որևէ մեկին, բարությամբ ենք վերաբերվում նրան, հարգում ենք նրա արժանապատվության զգացումը, հայացքները և պատրաստ ենք կատարելու նրա բոլոր ողջամիտ խնդրանքները։

8-10. Ինչպե՞ս կարող է հարգանքն օգնել ամուսնական կապը է՛լ ավելի ամուր ու երջանիկ դարձնել։

8 Երջանիկ ամուսնական կյանք ունենալու համար հարկավոր է հարգանք ցուցաբերել կողակցի հանդեպ ոչ թե իրենց «անձերուն շահը [փնտրելով] հապա ամէն մէկը իր ընկերինն ալ» (Փիլիպպեցիս 2։4, ԱԱ)։ Պետք է մտածել ոչ թե միայն սեփական անձի բարօրության մասին, որ եսասիրություն է, այլ նաև կողակցի։ Ինչ խոսք, կողակցի շահերը պետք է կյանքում առաջին տեղը դնել։

9 Հարգանքը կարող է օգնել ամուսիններին ընդունել այն իրողությունը, որ իրենք կարող են տարբեր կարծիքներ ունենալ։ Խելամիտ չի լինի կարծել, թե երկու մարդիկ ամեն ինչին պետք է միևնույն տեսանկյունից նայեն։ Այն, ինչ կարևոր է համարում ամուսինը, կարող է կնոջ համար այնքան էլ կարևոր չլինել, և այն, ինչ սիրում է կինը, գուցե ամուսինը չսիրի։ Սակայն ամուսինը և կինը պետք է հարգեն միմյանց տեսակետներն ու նախասիրությունները, քանի դեռ դրանք չեն խախտում Եհովայի օրենքներն ու սկզբունքները (Ա Պետրոս 2։16; համեմատի՛ր Փիլիմոն 14)։ Այդ ամենից բացի՝ յուրաքանչյուրը պետք է հարգի մյուսի արժանապատվության զգացումը և ծաղրանքի խոսքերով կամ կատակներով չնվաստացնի նրան ո՛չ ուրիշների ներկայությամբ, ո՛չ էլ առանձին։

10 Այո՛, սերն Աստծո և միմյանց հանդեպ, ինչպես նաև փոխադարձ հարգանքը երջանիկ ամուսնական կյանքի երկու կարևոր բանալիներն են։ Իսկ ինչպե՞ս կարելի է դրանք կիրառել ընտանեկան կյանքի որոշ կարևոր ոլորտներում։

ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՆՄԱՆ ՔՐԻՍՏՈՍԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ

11. Ըստ Աստվածաշնչի՝ ո՞վ է ընտանիքի գլուխը։

11 Աստվածաշունչը հայտնում է, որ տղամարդը ստեղծվել էր որոշակի հատկություններով, որոնք օգնելու էին նրան ընտանիքը հաջողությամբ գլխավորելու։ Որպես այդպիսին՝ տղամարդը պատասխանատվություն էր կրելու Եհովայի առջև իր կնոջ ու երեխաների հոգևոր և ֆիզիկական կարիքները բավարարելու հարցում։ Նա պետք է հավասարակշռված որոշումներ կայացներ, որոնցում կարտացոլվեր Եհովայի կամքը, և իր ցուցաբերած աստվածահաճո վարքով օրինակ ծառայեր մյուսներին։ «Կանայք, հնազանդեցէք ձեր մարդկանցը ինչպէս Տիրոջը։ Մարդը կնոջ գլուխն է՝ ինչպէս Քրիստոս էլ եկեղեցու գլուխը» (Եփեսացիս 5։22, 23)։ Սակայն Աստվածաշունչը նաև ասում է, որ ամուսինը նույնպես «գլուխ» ունի՝ իրենից վեր կանգնած հեղինակավոր Մեկին։ Պողոս առաքյալը գրել է. «Կամենում եմ որ դուք գիտենաք, թէ ամեն մարդի գլուխը Քրիստոսն է, եւ կնկայ գլուխը՝ մարդը, եւ Քրիստոսի գլուխն՝ Աստուած» (Ա Կորնթացիս 11։3)։ Իմաստուն ամուսինը սովորում է, թե ինչպես կարելի է իր գլխավորությունը գործադրել՝ ընդօրինակելով իր հանդեպ գլխավորություն դրսևորող Հիսուս Քրիստոսին։

12. Ի՞նչ հիանալի օրինակ է թողել Հիսուսը ինչպես հնազանդվելու, այնպես էլ գլխավորելու հարցում։

12 Հիսուսը նույնպես ունի «գլուխ»՝ Եհովա Աստծուն, որին և հարկ եղած ձևով հնազանդվում է։ Ահա թե ինչ է ասել նա. «Իմ կամքը չեմ որոնում, այլ ինձ ուղարկող Հօր կամքը» (Յովհաննէս 5։30)։ Ի՜նչ հրաշալի օրինակ։ Հիսուսը «բոլոր ստեղծուածներուն անդրանիկն է» (Կողոսացիս 1։15, ԱԱ)։ Նա եղավ Մեսիան։ Ավելի ուշ օծյալ քրիստոնյաների ժողովի Գլուխն էր լինելու և Աստծո Թագավորության ընտրյալ Թագավորը՝ զբաղեցնելով բոլոր հրեշտակներից ավելի բարձր դիրք (Փիլիպպեցիս 2։9–11; Եբրայեցիս 1։4)։ Չնայած այդ բարձր դիրքին և վեհ հեռանկարներին՝ որպես մարդ ծնված Հիսուսը կոպիտ ու համառ չէր, և ոչ էլ չափից դուրս պահանջկոտ։ Նա չէր բռնանում իր աշակերտների վրա՝ շարունակ նրանց հիշեցնելով, թե պարտավոր են ենթարկվել իրեն։ Հիսուսը սիրալիր էր ու կարեկից հատկապես հարստահարված մարդկանց հանդեպ։ «Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կ’տամ ձեզ,— ասաց նա։— Ձեզ վերայ առէք իմ լուծը եւ ինձանից սովորեցէք. որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեր անձերի համար հանգստութիւն կ’գտնէք։ Որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթեւ» (Մատթէոս 11։28–30)։ Հիսուսի հետ շփումը մեծ հաճույք էր պատճառում մարդկանց։

13, 14. Ինչպե՞ս կարող է սիրող ամուսինը գլխավորություն գործադրել՝ հետևելով Հիսուսի օրինակին։

13 Երջանիկ ընտանեկան կյանքի ձգտող ամուսինը խելացի է վարվում, եթե ուշադրություն է դարձնում Հիսուսի հրաշալի հատկություններին։ Լավ ամուսինը չի լինում կոպիտ ու բռնակալ և չի չարաշահում իր գլխավորությունը՝ գործածելով այն ինչպես մահակ, որով կարելի է վախեցնել կնոջը։ Ընդհակառակը՝ նա սիրում ու պատվում է իր կնոջը։ Եթե Հիսուսն էր «սրտով խոնարհ», ապա առավել ևս ամուսինը պետք է խոնարհ լինի, քանի որ ի տարբերություն Հիսուսի՝ նա սխալներ է թույլ տալիս։ Տվյալ պարագայում ամուսինը ուզում է, որ կինը ըմբռնումով մոտենա։ Հետևաբար խոնարհ ամուսինը ընդունում է իր սխալները, նույնիսկ եթե նրա համար դժվար է ասել. «Ներիր, դու ճիշտ ես»։ Կնոջ համար շատ ավելի հեշտ է հարգել համեստ ու խոնարհ, քան թե գոռոզ ու համառ ամուսնու գլխավորությունը։ Իր հերթին՝ ամուսնուն հարգող կինը նույնպես ներողություն կխնդրի թույլ տված սխալների համար։

14 Կնոջը ստեղծելիս Աստված նրան օժտել է հիանալի հատկություններով, որոնք նա կարող է գործի դնել ի նպաստ ընտանեկան երջանկության։ Իմաստուն ամուսինը կընդունի դա և իր կնոջ առջև արգելքներ չի դնի։ Շատ կանանց հատուկ է կարեկցանքն ու զգայունությունը. հատկություններ, որոնք անհրաժեշտ են ընտանիքի կարիքները հոգ տանելու և մարդկանց հետ փոխհարաբերություններ զարգացնելու համար։ Սովորաբար կինը ավելի հեշտ է կողմնորոշվում տունը ավելի հարմարավետ ու հաճելի դարձնելու հարցում։ Առակաց 31–րդ գլխում նկարագրված «առաքինի կինը» բազմաթիվ գովելի հատկություններ ու ընդունակություններ ուներ, որոնք բարիք էին բերում իր ընտանիքին։ Ինչո՞ւ. որովհետև «նորա վերայ վստահ է իր մարդի սիրտը» (Առակաց 31։10, 11)։

15. Ինչպե՞ս կարող է ամուսինը նույն սերն ու հարգանքը դրսևորել կնոջ հանդեպ, ինչպես որ Քրիստոսը դրսևորեց իր հետևորդների հանդեպ։

15 Որոշ մշակույթներում ամուսնու գլխավորությանը չափից դուրս մեծ նշանակություն է տրվում, այն աստիճան, որ նույնիսկ նրան հարցով դիմելը դիտվում է որպես ոչ հարգալից վերաբերմունք։ Նա կարող է կնոջ հետ վարվել գրեթե ինչպես ստրկուհու։ Գլխավորության այսպիսի սխալ կիրառման պատճառով վատանում է ոչ միայն իր և կնոջ, այլև իր և Աստծո միջև փոխհարաբերությունները (համեմատի՛ր Ա Յովհաննէս 4։20, 21)։ Սակայն չարժե ընկնել մեկ ուրիշ ծայրահեղության մեջ։ Կան ամուսիններ, որոնք բոլորովին էլ մտադիր չեն գլխավորությունն իրենց ձեռքը վերցնելու և թույլ են տալիս, որ ընտանիքում իշխեն կանայք։ Պատշաճ կերպով Քրիստոսին ենթարկվող ամուսինը չի շահագործի կնոջը և չի զրկի նրան արժանապատվության զգացումից, փոխարենը՝ անձնուրաց սեր դրսևորելու մեջ կընդօրինակի Հիսուսին և կհետևի Պողոսի խորհրդին. «Մարդիկ, սիրեցէք ձեր կանանցը, ինչպէս Քրիստոսն էլ սիրեց եկեղեցուն եւ իր անձը մատնեց նորա համար» (Եփեսացիս 5։25)։ Քրիստոս Հիսուսը այնքան ուժգին էր սիրում իր հետևորդներին, որ իր կյանքը զոհեց հանուն նրանց։ Լավ ամուսինը պետք է ձգտի ընդօրինակել Հիսուսի այդ անձնազոհ ոգին՝ ջանալով ոչ թե պահանջկոտ լինել կնոջ հանդեպ, այլ ամեն բան անել նրա բարօրության համար։ Երբ ամուսինը ենթարկվում է Քրիստոսին և ցույց է տալիս այնպիսի սեր ու հարգանք, ինչպիսին որ ցույց է տվել Հիսուսը, ապա նրա կինը, տեսնելով դա, կցանկանա ենթարկվել իր ամուսնուն (Եփեսացիս 5։28, 29, 33)։

ԿՆՈՋԸ ՎԱՅԵԼ ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ

16. Ինչպիսի՞ հատկություններ պետք է ցուցաբերեր կինը իր ամուսնու հանդեպ։

16 Ադամին ստեղծելուց որոշ ժամանակ անց «Եհովայ Աստուածն ասեց, Լաւ չէ որ մարդը մինակ լինի. նորա նման մի օգնական շինեմ իրան յարմար [«որպես լրացում», ՆԱ]» (Ծննդոց 2։18)։ Աստված Եվային ստեղծեց ոչ թե որպես մրցակից, այլ որպես «լրացում» Ադամի համար։ Ամուսնությունը չպետք է նման լիներ մի նավի, որտեղ իրար կողքի՝ ղեկի մոտ կանգնած են երկու մրցակցող նավապետներ։ Ամուսինը պետք է սիրով գլխավորեր, իսկ կինը՝ սեր ու հարգանք ցուցաբերեր և պատրաստակամորեն հնազանդվեր նրան։

17, 18. Ինչպե՞ս կարող է կինը իսկական օգնական լինել իր ամուսնուն։

17 Բայցևայնպես, լավ կինը ավելին է անում, քան միայն իր ամուսնուն հնազանդվելը. նա ձգտում է իսկական օգնական լինել՝ նեցուկ կանգնելով նրան, երբ վերջինս որոշումներ է կայացնում։ Ինչ խոսք, կնոջ համար ավելի հեշտ է դա անել, եթե նա համաձայն է այդ որոշումներին։ Բայց նույնիսկ այն դեպքում, երբ կինը համամիտ չէ ամուսնու հետ, նրա աջակցության շնորհիվ ամուսնու որոշումները ավելի հաջող ավարտ կարող են ունենալ։

18 Կինը նաև այլ կերպերով կարող է օգնել ամուսնուն ընտանիքի լավ գլուխ լինելու։ Այդ կերպերից մեկն այն է, որ կինը գովի իր ամուսնուն գլխավորություն դրսևորելու մեջ վերջինիս ներդրած ջանքերի համար, և ոչ թե քննադատի կամ զգալ տա, որ ամուսինը չի կարողանում բավարարել նրա կարիքները։ Ամուսնու հանդեպ դրական մտածելակերպ դրսևորելով՝ կինը պետք է հիշի, որ ‘հեզ և հանդարտ հոգին’ բարձր է գնահատում ոչ միայն իր ամուսինը, այլև Աստված (Ա Պետրոս 3։3, 4; Կողոսացիս 3։12)։ Իսկ ինչպե՞ս վարվել, եթե ամուսինը չունի միևնույն կրոնական համոզմունքները։ Անկախ այն բանից՝ հավատացյալ է ամուսինը, թե՝ ոչ, բոլոր կանանց Աստվածաշունչը հորդորում է «լինել այրասէր եւ որդեսէր, խոհեմ, մաքուր, անարատ, բարեգործ, իրանց մարդկանց հնազանդ, որ Աստուծոյ խօսքը չ’հայհոյուի» (Տիտոս 2։4, 5)։ Այնպիսի իրավիճակներում, երբ կնոջ խիղճը թույլ չի տալիս այս կամ այն բանն անելու, անհավատ ամուսինը, ամենայն հավանականությամբ, կհարգի կնոջ որոշումը, եթե կինը ամեն բան «հեզութեամբ եւ երկիւղածութեամբ» բացատրի։ Նրանցից ոմանք «կանանց վարքով առանց խօսքի [են շահվել], տեսնելով [նրանց] երկիւղածութեամբ պարկեշտ վարքը» (Ա Պետրոս 3։1, 2, 15; Ա Կորնթացիս 7։13–16)։

19. Ինչպե՞ս կարող է վարվել կինը, երբ ամուսինը պահանջում է նրանից անել մի բան, որը խախտում է Աստծո օրենքը։

19 Իսկ ինչպե՞ս վարվել, երբ ամուսինը կնոջից պահանջում է անել մի բան, որն Աստծո տեսանկյունից սխալ է։ Նման դեպքերում կինը պետք է հիշի, որ իր գերագույն Ղեկավարը Աստված է։ Ուստի նա կարող է հետևել առաքյալների օրինակին։ Երբ իշխանությունները պահանջեցին նրանցից ոտնահարել Աստծո օրենքը, «Պետրոսը եւ առաքեալները պատասխանելով ասեցին. Աստուծոյ պէտք է աւելի հնազանդել քան թէ մարդկանց» (Գործք 5։29)։

ԼԱՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

20. Ամուսնական կյանքի ո՞ր կարևոր ոլորտում պետք է սեր ու հարգանք դրսևորել։

20 Սերը և հարգանքը կարևոր են նաև ամուսնական կյանքի մեկ այլ ոլորտում՝ հաղորդակցության մեջ։ Սիրող ամուսինը իր կնոջ հետ խոսում է նրա գործերի, նրան անհանգստացնող խնդիրների և տարբեր հարցերի շուրջ նրա հայացքների մասին։ Կանայք զգում են դրա կարիքը։ Այն ամուսինը, որ ժամանակ է հատկացնում կնոջը՝ նրա հետ զրուցելու, և իրոք լսում է նրան, ցույց է տալիս իր սերն ու հարգանքը նրա հանդեպ (Յակոբոս 1։19)։ Որոշ կանայք գանգատվում են, որ իրենց ամուսինները շատ քիչ են խոսում իրենց հետ, ինչը, անշուշտ, ցավալի է։ Ճիշտ է, մեր այս ծանր ժամանակներում ամուսինները գուցե ստիպված են լինում շատ աշխատել և հետևաբար տնից երկար բացակայել։ Տնտեսական ծանր պայմանների հետևանքով կանանց մի մասը ևս ստիպված է լինում աշխատել։ Բայց չնայած այս հանգամանքին՝ ամուսինները պետք է ձգտեն ժամանակ գտնել իրար համար, այլապես կարող են իրարից օտարանալ։ Եվ եթե կողակիցները հարկադրված են մտերմիկ ընկերակցություն փնտրել ընտանեկան շրջանակներից դուրս, ապա դա կարող է լուրջ խնդիրներ առաջ բերել։

21. Ինչպե՞ս կարող է տեղին ասված խոսքը նպաստել ամուսնական կյանքում երջանիկ լինելուն։

21 Անչափ կարևոր է այն, թե ինչպես են հաղորդակցվում կինը և ամուսինը։ «Վայելուչ խօսքը, քաղցր է հոգիին, եւ բժշկութիւն՝ ոսկորներին» (Առակաց 16։24)։ Անկախ այն բանից՝ ընդունում է կողակիցդ քո կրոնական համոզմունքները, թե՝ ոչ, աստվածաշնչյան հետևյալ խորհուրդը մնում է ուժի մեջ. «Ձեր խօսքը ամեն ժամանակ շնորհքով՝ աղով համեմած լինի», այսինքն՝ տեղը տեղին (Կողոսացիս 4։6)։ Ծանր օրվա վերջում ասված մեկ–երկու քաջալերական ու բարի խոսքը իրոք որ տեղին կլինի կողակցիդ համար։ «Մէկ յարմար ժամանակին խօսուած խօսքը ոսկի խնձորներ են արծաթի զարդերի մէջ» (Առակաց 25։11)։ Խոսելիս շատ կարևոր է ուշադրություն դարձնել ձայնի տոնին և բառերի ընտրությանը։ Օրինակ՝ բոլորովին դժվար չէ զայրացած, հրամայական տոնով բղավել՝ դուռը փակի՛ր։ Բայց որքան ավելի լավ կլիներ խոսքը «աղով համեմել» և հանդարտ ձայնով ասել. «Ծածկիր, խնդրում եմ, դուռը»։

22. Ինչպե՞ս պետք է ամուսինները վերաբերվեն իրար նկատմամբ՝ ընտանիքում լավ հաղորդակցություն պահպանելու համար։

22 Ամուսինների շփումը դառնում է ավելի ջերմ, եթե այն ուղեկցվում է սիրալիր խոսքերով, ջերմ հայացքներով, սիրո թեթևակի ժեստերով և բարության, հասկացողության ու մեղմության դրսևորումներով։ Ամեն ջանք գործադրելով չկորցնել լավ հաղորդակցությունը՝ երկուսն էլ՝ թե՛ կինը, թե՛ ամուսինը, անհարմար չեն զգա իրենց կարիքների մասին խոսելու, իսկ հիասթափություն կամ սթրես ապրելիս միմյանց համար մխիթարության ու օգնության աղբյուր կլինեն։ «Հուսադրեցե՛ք վհատվածներին»,— հորդորում է Աստծո Խոսքը (Ա Թեսաղոնիկեցիս 5։14, ԱՆԹ)։ Լինում են պահեր, երբ ամուսինն է դրա կարիքը զգում, իսկ երբեմն էլ կինն է նման իրավիճակի մեջ ընկնում։ Այդպիսի ծանր րոպեներին ամուսինները կարող են մխիթարել ու քաջալերել միմյանց (Հռովմայեցիս 15։2)։

23, 24. Ինչպե՞ս կարող են սերն ու հարգանքը օգնել ամուսինների միջև տարաձայնություններ առաջ գալիս։ Բերե՛ք օրինակ։

23 Միմյանց սիրող ու հարգող ամուսինները ցանկացած անհամաձայնություն չեն համարի բարդ խնդիր։ Նրանք ամեն բան կանեն, որպեսզի չդառնացնեն իրար (Կողոսացիս 3։19)։ Երկուսն էլ պետք է հիշեն, որ «մեղմ պատասխանը կ’հանգստացնէ բարկութիւնը» (Առակաց 15։1)։ Զգույշ եղիր, որ պատահմամբ չնվաստացնես կամ չդատապարտես կողակցիդ, երբ նա սիրտը բաց է անում քո առջև։ Սովորաբար երբ դիմացինդ արտահայտում է իր զգացմունքները, դու հնարավորություն ես ունենում ավելի լավ հասկանալու նրա տեսակետը։ Աշխատեցեք միացյալ ուժերով վերջ դնել տարաձայնություններին և մեկ ընդհանուր հայտարարի գալ։

24 Եկեք հիշենք այն միջադեպը, երբ Սարրան իր ամուսնուն՝ Աբրահամին, մի խնդրի լուծման վերաբերյալ խորհուրդ տվեց, իսկ վերջինիս դուր չեկավ այդ խորհուրդը։ Սակայն Աստված ասաց Աբրահամին. «Նորա խօսքը լսիր» (Ծննդոց 21։9–12)։ Աբրահամն այդպես էլ վարվեց և արդյունքում օրհնվեց։ Նմանապես, երբ կինը որևէ նոր միտք է առաջարկում, ամուսինը պետք է գոնե մինչև վերջ լսի նրան։ Իր հերթին կինն էլ չպետք է խոսակցության մեջ նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի, այլ պետք է լսի, թե ինչ է ուզում ասել իր ամուսինը (Առակաց 25։24)։ Եթե ամուսիններից յուրաքանչյուրը շարունակում է իրենը պնդել, ապա դա նշան է սիրո և հարգանքի բացակայության։

25. Ինչպե՞ս կարող է լավ հաղորդակցությունը նպաստել ամուսինների երջանկությանը իրենց ինտիմ կյանքում։

25 Լավ հաղորդակցությունը կարևոր է նաև ամուսնական զույգի սեռական կյանքում։ Ամուսնության այս ամենաինտիմ փոխհարաբերությունը կարող է վնասվել եսասիրության ու զսպվածության պակասի պատճառով։ Այս հարցում կարևոր է ազատ հաղորդակցվել ու համբերություն դրսևորել։ Դժվար թե որևիցե լուրջ խնդիր առաջանա սեռական հարաբերություններում, եթե զույգերից յուրաքանչյուրը անկեղծորեն մտածի կողակցի բարօրության մասին։ Այս և մնացած այլ հարցերում թող «ոչ ով միայն իր անձի օգուտը չ’որոնէ, այլ ամեն մէկն իր ընկերինն էլ» (Ա Կորնթացիս 7։3–5; 10։24)։

26. Թեև բոլոր ընտանիքներում էլ վերելքներ ու վայրէջքներ լինում են, ինչպե՞ս կարող է Աստծո Խոսքին լսելով՝ ամուսնական զույգը երջանկություն գտնել։

26 Ի՜նչ հրաշալի խորհուրդներ է մեզ տալիս Աստծո Խոսքը։ Ինչ խոսք, բոլոր ընտանիքներում էլ վերելքներ ու վայրէջքներ լինում են։ Սակայն եթե յուրաքանչյուր հարցում ամուսիններն ընդունեն Աստվածաշնչում ամփոփված Եհովայի տեսակետը և իրենց փոխհարաբերությունները կառուցեն սկզբունքներով առաջնորդվող սիրո և հարգանքի վրա, ապա կարող են վստահ լինել, որ հարատև ու երջանիկ ամուսնական կյանք կունենան։ Այդպիսով նրանք կպատվեն ոչ միայն իրար, այլև ամուսնության Հիմնադիր Եհովա Աստծուն։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՕԳՆԵԼ...ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԶՈՒՅԳԻՆ ՀԱՐԱՏԵՎ ՈՒ ԵՐՋԱՆԻԿ ԿՅԱՆՔ ՎԱՐԵԼ

Ճշմարիտ քրիստոնյաները սիրում են միմյանց (Յովհաննէս 13։35)։

Քրիստոնյաները պատրաստ են իրար ներելու (Կողոսացիս 3։13)։

Գոյություն ունի գլխավորության ճիշտ հաջորդականություն (Ա Կորնթացիս 11։3)։

Խոսելիս կարևոր է ճիշտ բառերը ճիշտ ձևով օգտագործել (Առակաց 25։11)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը