ԵՐԵՍ, ԴԵՄՔ
«Երես», «դեմք» թարգմանված եբրայերեն և հունարեն բառերը (եբր.՝ պանե, հուն.՝ պրոսոպոն) ունեն տարբեր իմաստներ, ինչպես որ հայերենում է։
Սովորաբար այդ բառերը բառացի իմաստով են գործածվում և վերաբերում են գլխի առջևի կողմին (Ծն 38։15; Մթ 6։16, 17; Հկ 1։23)։ Դրանք կարող են նաև մատնացույց անել որևէ բանի առաջամասը (Ելք 26։9; 2Սմ 10։9; Եզկ 2։9, 10; 41։21, որտեղ եբրայերեն «երես», «դեմք» նշանակություն ունեցող բառը թարգմանվել է «առջևի մաս», «առջև», «առաջ» և «դիմաց»), մակերեսը, մակերևույթը (Ծն 2։6; Հոբ 38։30; Ղկ 21։35) կամ արտաքինը, երևացող կողմը (Ղկ 12։56; Հկ 1։11, ԱԱ, ԷԹ)։
Վերաբերմունք։ Դեմքի արտահայտությունից շատ բան կարելի է իմանալ մարդու հոգեվիճակի և մտավիճակի մասին։ Ուստի «երես», «դեմք» բառերը հաճախ օգտագործվում են նկարագրելու համար տարբեր իրավիճակներում Աստծու կամ մարդկանց արձագանքը և որևէ անձի նկատմամբ Աստծու կամ ուրիշների վերաբերմունքը։ Ահա մի քանի օրինակ։
Երեսը փնտրել արտահայտությունը նշանակում է «հնարավորություն փնտրել ներկայանալու ինչ-որ մեկի, օրինակ՝ Աստծու կամ ղեկավարի առաջ՝ նրան աղերսելու համար, որ ուշադրություն դարձնի, բարեհաճություն ցույց տա կամ օգնության ձեռք մեկնի» (Սղ 24։6, ծնթ.; 27։8, 9, ծնթ.; 105։4, ծնթ.; Առ 29։26, ծնթ.; Օս 5։15, ծնթ.)։ Եբրայեցիները օգտագործում էին բարձրացնել մեկի երեսը արտահայտությունը, որ նշանակում է «հարգել ինչ-որ մեկին», «բարեհաճ լինել ինչ-որ մեկի հանդեպ» (Ես 9։15; տես ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ)։
Մեկի երեսը փափկացնել նշանակում է «մեկի բարկությունը մեղմել» կամ «արժանանալ մեկի հավանությանն ու բարեհաճությանը» (Ելք 32։11, ծնթ.; Սղ 119։58, ծնթ.)։
Երեսի լույսը շողացնել մարդու վրա նշանակում է «բարեհաճ լինել մարդու հանդեպ» (Թվ 6։25; հմմտ. Սղ 80։7, ԱԹ), իսկ ինչ-որ մեկին երեսի առաջ դնել նշանակում է «ուշադրություն դարձնել ինչ-որ մեկին» (Սղ 41։12, ծնթ.; հմմտ. Սղ 140։13)։
Երես առ երես արտահայտությունը կարող է վերաբերել մտերիմ հարաբերություններին կամ մտերմիկ զրույցին։ Օրինակ՝ Մովսեսն Աստծու հետ այդպիսի հարաբերություններ ուներ, և նրա միջոցով Աստված զորավոր գործեր էր արել, ուստի նրա մասին խոսվում է որպես մի մարգարեի, «որի հետ Եհովան այնքան մտերիմ էր, որ երես առ երես էր խոսում» (2Օր 34։10-12)։ Թեև Աստվածաշունչն ասում է, որ Մովսեսը տեսնում էր «Եհովայի հայտնվելը», և Եհովան նրա հետ «դեմ առ դեմ էր խոսում», սակայն այդ խոսքերը չեն նշանակում, որ Մովսեսը երբևէ բառացիորեն տեսել է Եհովայի երեսը։ Այլ համարներից պարզ է դառնում, որ Աստված Մովսեսի հետ ուղիղ հաղորդակցություն էր պահում իր ներկայացուցիչների՝ հրեշտակների միջոցով, ոչ թե տեսիլքների կամ երազների։ Դա է պատճառը, որ Աստվածաշունչը գործածում է վերոնշյալ արտահայտությունները (Թվ 12։6-8; Ելք 33։20; Գրծ 7։35, 38; Գղ 3։19; հմմտ. Ծն 32։24-30; Օս 12։3, 4)։ Իսրայելացիներին հիշեցնելով, որ Սինա լեռան մոտ նրանք իրենց հետ խոսող զորեղ ձայն լսեցին՝ Մովսեսն ասաց, որ Աստված «դեմ առ դեմ» խոսեց նրանց հետ, թեև նրանք երբևէ չէին տեսել Եհովային (2Օր 5։4; 4։11-15; Եբ 12։19)։
Հիսուսն իր մինչմարդկային գոյության ընթացքում Հոր կողքին էր եղել։ Նա ասաց, որ հրեշտակները՝ Աստծու ոգեղեն որդիները, որոնք ծառայում են նրա երկնային գավիթներում, նույնպես տեսնում են Աստծու «երեսը» (Հվ 1։18; 8։57, 58; Մթ 18։10; հմմտ. Ղկ 1։19)։ Բոլոր նրանք, ովքեր կանչված են լինելու Քրիստոսի ժառանգակիցները երկնքում, նույնպես կտեսնեն Եհովա Աստծուն, երբ գա ժամանակը (1Հվ 3։1-3)։
Պողոս առաքյալը «երես» բառը օգտագործեց մի համեմատության մեջ. առաջին դարի քրիստոնեական ժողովի անդամները որոշ չափով պատկերացում ունեին Աստծու նպատակի վերաբերյալ, սակայն երբ նրանք ստանային իրենց երկնային վարձատրությունը, ավելի խորությամբ կըմբռնեին այն, իսկ մարգարեությունների կատարմանը զուգընթաց ամբողջական իմացություն կունենային։ Համեմատելով այդ իրավիճակները՝ առաքյալն ասաց. «Հիմա մենք աղոտ պատկեր ենք տեսնում, ինչպիսին արտացոլվում է մետաղյա հայելու մեջ, բայց հետագայում հստակ կտեսնենք, ասես երես առ երես» (1Կթ 13։12; հմմտ. 2Կթ 3։18; 4։6)։
Մեկի երեսին մի բան ասելը կամ անելը ցույց է տալիս ուղղակիություն, բացահայտ ընդդիմություն (2Օր 7։10, ծնթ.; Մք 3։8) և կարող է փոխանցել հանդգնության ու անհարգալից վարմունքի միտք (Հոբ 1։11; Ես 65։3)։ Նման նշանակություն ունի նաև երեսի սաստում արտահայտությունը (Սղ 80։16, ԱԹ)։
Երեսը ուղղել [դեպի] կամ երեսը դարձնել [դեպի] արտահայտությունը նշանակում է «որոշակի նպատակ հետապնդել», «որևէ մտադրություն ունենալ» կամ «ձգտել որևէ ցանկություն իրագործել» (Ծն 31։21, ԱԹ; 1Թգ 2։15, ծնթ.; 2Թգ 12։17, ծնթ.)։ Այն փոխանցում է հաստատակամության և ամուր վճռականության միտք (2Տգ 20։3, ծնթ.; Դն 11։16-19, ԱԹ; Ղկ 9։51-53, ԱԹ)։ Դանիելը «դարձրեց իր երեսը դէպի Տէր Աստուծուն» այն իմաստով, որ ջերմեռանդորեն նրանից օգնություն խնդրեց (Դն 9։3, ԱԹ)։ Մարդու վճռական տրամադրվածությունը հաճախ երևում է նրա դեմքի արտահայտությունից՝ սեղմված շուրթերից և սևեռուն հայացքից։ Եսայիան իր «երեսը պնդացրել էր՝ դարձրել կայծքարի պես». նա վճռել էր թույլ չտալ հակառակորդներին հետ պահել իրեն իր ծառայությունը կատարելուց (Ես 50։7)։ Ըմբոստ հրեաները «իրենց երեսները ապառաժից կարծր դարձրին»՝ համառորեն չցանկանալով ընդունել խրատը (Եր 5։3)։ Երբ Եհովան իր արդար օրենքները խախտողների «դեմ է դարձնում իր երեսը [կամ՝ «դեմքը»]», նշանակում է, որ նա մերժում ու դատապարտում է նրանց, ինչի հետևանքով նրանց վրա աղետ է գալիս, կամ նրանք կործանվում են (Ղև 20։3-6, Նոր ԱԹ; Եր 21։10, Նոր ԱԹ; Եզկ 14։8, ԷԹ; հմմտ. 1Պտ 3։12, ծնթ.)։
Երեսը ծածկել, երեսը թաքցնել, երեսը շրջել և երեսը թեքել արտահայտությունները, կախված իրավիճակից, տարբեր իմաստներ ունեն։ Երբ Եհովա Աստված ծածկում էր իր երեսը, հաճախ դա նշանակում էր, որ ինչ-որ մեկին զրկում էր իր բարեհաճությունից և աջակցությունից։ Նա կարող էր այդպես վարվել, երբ մի մարդ կամ մարդկանց խումբ, օրինակ՝ Իսրայելի ազգը, անհնազանդ էր լինում (Հոբ 34։29; Սղ 13։1, ծնթ; Սղ 30։5-8; Ես 54։8; 59։2)։ Որոշ դեպքերում դա կարող էր նշանակել այն, որ Եհովան չէր գործում կամ պատասխան չէր տալիս, քանի որ սպասում էր ճիշտ ժամանակին (Սղ 13։1-3)։ Ասելով «իմ մեղքերից հայացքդ [բռց.՝ «երեսդ»] թեքիր»՝ Դավիթը խնդրում էր Աստծուն, որ ների իրեն և ջնջի իր հանցանքները (Սղ 51։9; հմմտ. Սղ 10։11)։
Եթե մարդը կամ հրեշտակն էր ծածկում երեսը, այդպիսով դրսևորում էր խոնարհություն կամ աստվածավախություն ու ակնածանք (Ելք 3։6; 1Թգ 19։13; Ես 6։2)։ Դա կարող էր նաև սգի նշան լինել (2Սմ 19։4)։ Եղիփազը Հոբին անարդարացիորեն մեղադրեց, որ հարստության պատճառով նա այնքան էր հպարտացել, որ ասես «դեմքը ճարպակալել էր» (Հոբ 15։27)։ Ուրիշի երեսը ծածկելը կարող էր լինել խայտառակության, գուցե նաև մահապատժի դատապարտվելու նշան, ինչպես երևում է Համանի օրինակից (Եսթ 7։8; հմմտ. Սղ 44։15, ԱԹ; Եր 51։51)։
Ինչ-որ մեկից երես դարձնել արտահայտությունը կարող է ցույց տալ վիրավորական անտարբերություն և արհամարհական վերաբերմունք (2Տգ 29։6, ծնթ.; Եր 2։27, ծնթ.; 32։33, ծնթ.)։ Աստված իր արհամարհանքը ցույց է տալիս իր խորհուրդները մերժողների հանդեպ՝ կործանման օրը «ծոծրակ ոչ թե երես ցույց տալով նրանց» (Եր 18։17, ծնթ.)։
Մարդու երեսին թքելը նրա հանդեպ չափազանց անարգական ու նվաստացուցիչ վերաբերմունքի դրսևորում էր (Թվ 12։14; 2Օր 25։9; Ես 50։6; Մթ 26։67)։
Անձնավորություն, ներկայություն։ Քանի որ ամենից շատ դեմքն է մարդուն առանձնակի, ինքնատիպ դարձնում և բնորոշում նրա անհատականությունը, երբեմն «երես» բառը գործածվում է փոխանվանաբար՝ նկատի ունենալով հենց մարդուն՝ նրա անձնավորությունը։ Այդ իմաստով է այն գործածված, օրինակ, 2 Սամուել 7։9; Եզկ 36։31 համարներում, որտեղ «քո առջև» և «ինքներդ ձեզ» արտահայտությունները եբրայերենում բառացի նշանակում են «քո երեսը» կամ «ձեր երեսը» (հմմտ. Գրծ 3։20, ԱԹ, ԱԱ)։ Այլ դեպքերում «երես» բառը կարող է վերաբերել ինչ-որ մեկի ներկայությանը (Նմ 1։5)։
Խորանում «Աստծու առաջ դրվող հացերը» եբրայերենում բառացի կոչվում էին «երեսի հացեր» (Ելք 25։30), այսինքն՝ դրանք Եհովայի ներկայությունը խորհրդանշող հացեր էին։ Այս արտահայտությունն ընդգծում էր այն, որ Եհովան սրբարանում էր և մոտ էր իր ժողովրդին։
Այլ կիրառություններ և բառեր։ «Երես», «դեմք» թարգմանված հունարեն բառը (պրոսոպոն) երբեմն մատնանշում է «արտաքին», «առերևույթ», «տեսանելի» բաները, որոնք ցույց են տալիս՝ մարդը հարուստ է, թե աղքատ, հասարակության մեջ բարձր դիրք ունի, թե ցածր, և նման բաներ (Մթ 22։16; 2Կթ 5։12; Գղ 2։6)։
Եբրայերեն աֆ բառը (նշանակում է «քիթ», «քթանցքեր») երբեմն վերաբերում է քթի շրջակա հատվածին, ուստի թարգմանվել է «երես» գլխավորապես այն համատեքստերում, որտեղ խոսքը խոնարհվելու մասին է (Ծն 3։19; 19։1, ծնթ.; 48։12, ԱԹ)։ Իսկ երբ խոսվում է այն մասին, որ Եհովան «երես առ երես» երևում էր իր ժողովրդին, գործածվում է եբրայերեն ային բառը (նշանակում է «աչք») (Թվ 14։14)։