«Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկի» հղումները
Հունվարի 2–8
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵՍԱՅԻԱ 24–28
«Եհովան հոգ է տանում իր ժողովրդի մասին»
ip-1, էջ 272, պրբ. 5
Եհովան բարձրացնում է իր ձեռքը
5 Թեև Եհովայի թշնամիները սարսափում են նրանից, սակայն իրեն ծառայող հեզ ու խոնարհ մարդկանց համար նա ապաստարան է։ Ինչ էլ որ անեն կրոնական և քաղաքական դաժան գործիչները՝ Եհովայի երկրպագուների հավատը տապալելու համար, նրանք հաջողության չեն հասնի, քանի որ Աստծու ծառաները անվերապահորեն վստահում են նրան։ Նա լռեցնում է իր հակառակորդներին՝ ասես ամպի ստվերով մեղմելով անապատի տապը և պարսպի պես պաշտպանելով փոթորկից (կարդա Եսայիա 25։4, 5)։
ip-1, էջ 273, պրբ. 6, 7
Եհովան բարձրացնում է իր ձեռքը
Խնջույք՝ բոլոր ժողովուրդների համար
6 Սիրառատ հոր պես՝ Եհովան ոչ միայն պաշտպանում է իր զավակներին, այլև կերակրում, հատկապես հոգևոր առումով։ 1919 թ.-ին իր ժողովրդին ազատագրելուց հետո Եհովան հաղթանակի առթիվ նրանց համար մի ճոխ խնջույք կազմակերպեց՝ առատ հոգևոր սնունդ տրամադրելով. «Զորքերի Տեր Եհովան այս լեռան վրա բոլոր ժողովուրդների համար խնջույք է կազմակերպելու յուղոտ կերակրատեսակներով, խնջույք՝ նստվածք ունեցող գինով, ոսկրածուծով լի յուղոտ կերակրատեսակներով, նստվածք ունեցող ու զտված գինով» (Եսայիա 25։6)։
7 Խնջույքը կազմակերպվում է Եհովայի «լեռան» վրա։ Ի՞նչ է խորհրդանշում այս լեռը։ Սա «Եհովայի տան լեռն» է, դեպի ուր «վերջին օրերում» հորդում են բոլոր ազգերը։ Սա Եհովայի «սուրբ լեռն» է, որտեղ նրա հավատարիմ երկրպագուները չեն վնասում իրար և ոչինչ չեն ավերում (Եսայիա 2։2; 11։9)։ Երկրպագության այս բարձր վայրում Եհովան ճոխ խնջույք է կազմակերպում իր հավատարիմ ծառաների համար։ Եվ այս հոգևոր բարիքները, որ Եհովան առատորեն տալիս է մեզ այսօր, նախապատկերն են այն ֆիզիկական բարիքների, որ նա կտա այն ժամանակ, երբ Աստծու Թագավորությունը դառնա մարդկության միակ կառավարությունը։ Սով այլևս չի լինի։ «Ցորենի առատություն կլինի երկրի վրա, նույնիսկ սարերի գլուխների վրա» (Սաղմոս 72։8, 16)։
ip-1, էջ 273, 274, պրբ. 8, 9
Եհովան բարձրացնում է իր ձեռքը
8 Նրանք, ովքեր այսօր մասնակցում են Աստծու կազմակերպած հոգևոր խնջույքին, հիանալի հեռանկար ունեն։ Ուշադրություն դարձրեք Եսայիայի խոսքերին։ Նա մեղքն ու մահը համեմատում է շնչահեղձ անող «պաստառի» կամ «ծածկոցի» հետ և ասում. «Այս լեռան վրա նա [Եհովան] կուլ կտա այն ծածկոցը, որը ծածկում է բոլոր ժողովուրդներին, նաև պաստառը, որը բոլոր ազգերի վրա է։ Նա կկլանի մահը հավիտյան, և Գերիշխան Տեր Եհովան կսրբի արտասուքը բոլորի երեսից» (Եսայիա 25։7, 8ա)։
9 Այո՛, այլևս մեղք ու մահ չի լինի (Հայտնություն 21։3, 4)։ Բացի այդ, Եհովան կջնջի ստերի վրա հիմնված նախատինքը, որ իր ծառաները կրում են հազարամյակներ շարունակ։ «Նա ամբողջ երկրից կհեռացնի իր ժողովրդի նախատինքը, որովհետև Եհովան է դա ասել» (Եսայիա 25։8բ)։ Ինչպե՞ս նա կանի դա։ Եհովան կվերացնի Սատանային ու նրա սերնդին, որոնք այդ նախատինքի աղբյուրն են (Հայտնություն 20։1–3)։ Ուստի զարմանալի չէ, որ Աստծու ժողովուրդը կբացականչի. «Ահա՛ մեր Աստվածը։ Մենք նրան հուսացինք, և նա կփրկի մեզ։ Ահա՛ Եհովան։ Մենք նրան հուսացինք։ Եկեք ուրախանանք ու ցնծանք նրա տված փրկությամբ» (Եսայիա 25։9)։
Հունվարի 9–15
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵՍԱՅԻԱ 29–33
«Թագավորը կթագավորի հանուն արդարադատության»
ip-1, էջ 332–334, պրբ. 7, 8
Թագավորը և նրա իշխանները
7 Երբ Հիսուսն իր մարգարեության մեջ նկարագրեց «աշխարհի վախճանն» ու դրա բերած ցավերը, նա ասաց. «Տեսեք, որ չսարսափեք» (Մատթեոս 24։3–8)։ Ինչո՞ւ Հիսուսի հետևորդները չեն սարսափում՝ տեսնելով աշխարհում տիրող ահավոր վիճակը։ Պատճառներից մեկն այն է, որ «իշխանները», անկախ այն բանից՝ նրանք օծյալներ են, թե պատկանում են «ուրիշ ոչխարների» խմբին, հավատարմորեն պաշտպանում են հոտը (Հովհաննես 10։16)։ Նրանք անվախորեն հոգ են տանում իրենց եղբայրների ու քույրերի մասին, նույնիսկ այնպիսի աղետների ժամանակ, ինչպիսիք են ազգամիջյան պատերազմներն ու ցեղասպանությունը։ Հոգևորապես սպառված այս աշխարհում նրանք հոգ են տանում այն մասին, որ վհատված հոգիները թարմություն գտնեն՝ լսելով Աստծու Խոսքի՝ Աստվածաշնչի քաջալերիչ ճշմարտությունները։
8 Վերջին 50 տարիների ընթացքում «իշխանների» դերը ավելի բացահայտ է դարձել։ Ուրիշ ոչխարների խմբին պատկանող «իշխանները» կրթություն են ստանում՝ կազմելով ձևավորման փուլում գտնվող «իշխան» դասակարգը, որպեսզի մեծ նեղությունից հետո նրանցից ոմանք, ովքեր համապատասխան որակներ կունենան, պատրաստ լինեն ծառայելու «նոր երկրի» կառավարման հետ կապված նշանակումներում (Եզեկիել 44։2, 3; 2 Պետրոս 3։13)։ Նրանք ծառայության մեջ նախաձեռնություն են ցուցաբերում, հոգևոր առաջնորդություն են ապահովում և թարմություն տալիս, այդպիսով «մեծ ապառաժի ստվերի պես» են դառնում՝ երկրպագության հարցերում օգնելով հոտին։
ip-1, էջ 334, 335, պրբ. 10, 11
Թագավորը և նրա իշխանները
Ուշադիր են աչքերով, ականջներով ու սրտով
10 Մեծ բազմությունն ինչպե՞ս է արձագանքել Եհովայի հաստատած աստվածապետական կարգին։ Մարգարեության մեջ ասվում է. «Տեսնողների աչքերը չեն փակվի, և լսողների ականջները ուշադիր կլինեն» (Եսայիա 32։3)։ Տարիներ շարունակ Եհովան հոգ է տանում, որ իր թանկագին ծառաները կրթվեն և հասուն դառնան։ Աստվածապետական ծառայության դպրոցն ու Եհովայի վկաների ժողովներում անցկացվող մյուս հանդիպումները, մարզային համաժողովները, երկրի մասշտաբով անցկացվող և միջազգային համաժողովները, ինչպես նաև «իշխանների» ստացած հատուկ կրթությունը, որի նպատակն է սովորեցնել հոտը սիրով ու հոգատարությամբ հովվել, նպաստում են համաշխարհային եղբայրության ձևավորմանը, որը միավորում է միլիոնավոր մարդկանց։ Որտեղ էլ որ ծառայեն այս հովիվները, նրանց ականջներն ուշադիր են այն վերաճշտումների նկատմամբ, որ կատարվում են աստիճանաբար բացվող ճշմարտության խոսքի հասկացողության մեջ։ Նրանք Աստվածաշնչով դաստիարակված խիղճ ունեն, ուստի միշտ պատրաստ են լսելու և հնազանդվելու (Սաղմոս 25։10)։
11 Այնուհետև մարգարեությունը նախազգուշացնում է. «Շտապողների սիրտը կխորհի գիտելիքների շուրջ, և կակազողների լեզուն սահուն ու պարզ կխոսի» (Եսայիա 32։4)։ Թող ոչ ոք չշտապի եզրակացություններ անել այն մասին, թե ինչն է ճիշտ, և ինչը՝ սխալ։ Աստվածաշունչն ասում է. «Տեսե՞լ ես իր խոսքերում շտապող մարդու։ Հիմարից ավելի շատ հույս կա, քան նրանից» (Առակներ 29։20; Ժողովող 5։2)։ 1919 թ.-ից առաջ նույնիսկ Եհովայի ժողովուրդն էր աղտոտված բաբելոնյան գաղափարներով։ Սակայն այդ թվականից սկսած՝ Եհովան իր ծառաներին օգնում է, որ ավելի հստակ հասկանան իր նպատակները։ Նրանք գիտակցում են, որ Եհովան աստվածաշնչյան ճշմարտությունները բացահայտում է առանց շտապելու, լավ մտածված կերպով։ Այժմ նրանք անվստահությունից չեն կակազում, այլ համոզվածությամբ եմ խոսում։
Հունվարի 16–22
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵՍԱՅԻԱ 34–37
«Եզեկիան վարձատրվեց իր հավատի համար»
ip-1, էջ 386–388, պրբ. 7–14
Թագավորը վարձատրվեց իր հավատի համար
Ռաբսակը փաստարկներ է բերում
7 Սենեքերիմը ռաբսակին (սա զինվորական կոչում է, ոչ թե անձնանուն) երկու այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ուղարկում է Երուսաղեմ՝ պահանջելու, որ քաղաքը հանձնվի (2 Թագավորներ 18։17)։ Քաղաքի պարիսպներից դուրս նրանց հետ հանդիպում են Եզեկիայի երեք ներկայացուցիչները՝ Եղիակիմը՝ Եզեկիայի տան վերակացուն, Սեբնա քարտուղարը և Ասափի որդի Հովաք արձանագրիչը (Եսայիա 36։2, 3)։
8 Պարզ է, թե ռաբսակն ինչ նպատակ ունի. նա ուզում է համոզել, որ Երուսաղեմը հանձնվի առանց կռվի։ Եբրայերեն խոսելով՝ նա սկզբում գոչում է. «Այդ ինչի՞ն ես դու ապավինում.... Այդ ո՞ւմ ես ապավինում, որ ապստամբել ես իմ դեմ» (Եսայիա 36։4, 5)։ Այնուհետև ռաբսակը ծաղրում է ահաբեկված հրեաներին՝ հիշեցնելով, որ նրանք լիովին մենակ են։ Նրանք ո՞ւմ կարող են ապավինել։ Այդ «ջախջախված եղեգի՞ն»՝ Եգիպտոսի՞ն (Եսայիա 36։6)։ Տվյալ ժամանակաշրջանում Եգիպտոսն իրոք որ նման է ջախջախված եղեգի։ Այդ նախկին աշխարհակալ տերությունը ժամանակավորապես նվաճվել է Եթովպիայի կողմից, և Եգիպտոսի ներկայիս փարավոնը՝ Թարակա թագավորը, եթովպացի է, ոչ թե եգիպտացի։ Եվ շուտով Ասորեստանը կհաղթի նրան (2 Թագավորներ 19։8, 9)։ Եգիպտոսը նույնիսկ իրեն չի կարող փրկել, էլ ուր մնաց՝ Հուդան փրկի։
9 Այժմ ռաբսակը պնդում է, թե Եհովան չի կռվի իր ժողովրդի համար, որովհետև ժողովուրդը չունի նրա հաճությունը։ Ռաբսակն ասում է. «Եթե դու ինձ ասես՝ «մենք ապավինում ենք մեր Աստված Եհովային», ապա մի՞թե նրա բարձունքներն ու զոհասեղանները չէին, որ վերացրեց Եզեկիան» (Եսայիա 36։7)։ Իրականում, բարձունքներն ու զոհասեղանները վերացնելով՝ հրեաները ոչ թե մերժեցին Եհովային, այլ վերադարձան նրա մոտ։
10 Այնուհետև ռաբսակը հրեաներին հիշեցնում է, որ ռազմական տեսանկյունից ասորեստանցիները մեծապես գերազանցում են նրանց։ Նա մարտահրավեր է նետում նրանց՝ ասելով. «Ես քեզ երկու հազար ձի տամ, ու տեսնենք, թե դու կկարողանա՞ս դրանց վրա հեծնողներ նստեցնել» (Եսայիա 36։8)։ Սակայն իրականում մի՞թե նշանակություն ունի, թե որքան մեծ է Հուդայի հեծելազորը։ Ո՛չ, քանի որ Հուդայի փրկությունը կախված չէ նրա ռազմական ուժից։ Առակներ 21։31-ում ասվում է. «Ձին պատրաստված է ճակատամարտի օրվա համար, բայց փրկությունը Եհովայից է»։ Դրանից հետո ռաբսակը հայտարարում է, որ Եհովան օրհնում է ոչ թե հրեաներին, այլ ասորեստանցիներին։ Իր ասածը հիմնավորելու համար նա պնդում է, թե ասորեստանցիները չէին կարողանա ներխուժել Հուդայի տարածք և այդքան առաջ գնալ, եթե չունենային Եհովայի օրհնությունը (Եսայիա 36։9, 10)։
11 Եզեկիայի ներկայացուցիչները անհանգստանում են, թե ռաբսակի փաստարկներն ինչպես կազդեն քաղաքի պարսպի վրա կանգնած մարդկանց վրա։ Հրեա պաշտոնյաները ասում են նրան. «Խնդրում ենք, քո ծառաների հետ ասորերեն խոսիր, որովհետև մենք հասկանում ենք այդ լեզուն. պարսպի վրա եղող մարդկանց ներկայությամբ մեզ հետ հրեաների լեզվով մի՛ խոսիր» (Եսայիա 36։11)։ Սակայն ռաբսակը մտադիր չէ ասորերեն խոսել։ Նա ցանկանում է կասկածներ ու վախ սերմանել հրեաների սրտերում, որպեսզի նրանք հանձնվեն, և Երուսաղեմը նվաճվի առանց կռվի (Եսայիա 36։12)։ Ուստի ասորեստանցին շարունակում է խոսել «հրեաների լեզվով»։ Նա զգուշացնում է Երուսաղեմի բնակիչներին. «Թույլ մի՛ տվեք, որ Եզեկիան խաբի ձեզ, որովհետև նա չի կարող ազատել ձեզ»։ Դրանից հետո նա փորձում է գայթակղել նրանց՝ նկարագրելով, թե ինչպիսին կլինի հրեաների կյանքը Ասորեստանի իշխանության ներքո. «Հանձնվեք և դուրս եկեք ինձ մոտ, և թող ձեզանից ամեն մեկն իր որթատունկից ու իր թզենուց ուտի և իր ջրամբարից ջուր խմի, մինչև որ գամ, ձեզ վերցնեմ ու տանեմ մի երկիր, որը ձեր երկրի նման է. ցորենի և նոր գինու երկիր, հացի ու խաղողի այգիների երկիր» (Եսայիա 36։13–17)։
12 Այս տարի հրեաները բերք չեն ունենալու, քանի որ ասորեստանցիների ներխուժման պատճառով նրանք ոչինչ չեն կարողացել ցանել։ Խաղող ուտելու և սառը ջուր խմելու հնարավորությունը կարող է գրավել պարսպի վրա կանգնած մարդկանց։ Սակայն սրանով ռաբսակի փաստարկները չեն վերջանում. նա դեռ շարունակելու է ջանքեր թափել հրեաների հավատը թուլացնելու համար։
13 Ռաբսակը իր զինանոցից մի ուրիշ զենք էլ է հանում։ Նա հրեաներին զգուշացնում է, որ չհավատան Եզեկիայի խոսքերին, եթե նա ասի. «Եհովան կազատի մեզ»։ Ռաբսակը հրեաներին հիշեցնում է, որ Սամարիայի աստվածները չկարողացան տասցեղ թագավորությունը փրկել ասորեստանցիների ձեռքից, որոնք նվաճեցին այն։ Իսկ ի՞նչ կարելի է ասել Ասորեստանի նվաճած մյուս ազգերի աստվածների մասին։ «Ո՞ւր են Եմաթի ու Արփադի աստվածները,— հարցնում է ռաբսակը,— ո՞ւր են Սեֆարուիմի աստվածները։ Ազատեցի՞ն նրանք Սամարիան իմ ձեռքից» (Եսայիա 36։18–20)։
14 Ինչ խոսք, կեղծ աստվածների երկրպագող ռաբսակը չի հասկանում, որ մեծ տարբերություն կա հավատուրաց Սամարիայի և Եզեկիայի իշխանության տակ գտնվող Երուսաղեմի միջև։ Սամարիայի կեղծ աստվածները ի զորու չէին փրկելու տասցեղ թագավորությունը (2 Թագավորներ 17։7, 17, 18)։ Սակայն Եզեկիայի իշխանության տակ գտնվող Երուսաղեմը հրաժարվել է կեղծ աստվածներից և նորից սկսել է ծառայել Եհովային։ Ինչևէ, Հուդայի երեք ներկայացուցիչները չեն փորձում սա բացատրել ռաբսակին։ «Նրանք լռում էին և ոչինչ չէին պատասխանում, քանի որ թագավորը պատվիրել էր. «Չպատասխանե՛ք նրան»» (Եսայիա 36։21)։ Եղիակիմը, Սեբնան ու Հովաքը վերադառնում են Եզեկիայի մոտ՝ պաշտոնապես զեկուցելու ռաբսակի ասած խոսքերի մասին (Եսայիա 36։22)։
ip-1, էջ 389–391, պրբ. 15–17
Թագավորը վարձատրվեց իր հավատի համար
Եզեկիան որոշում է կայացնում
15 Այժմ Եզեկիա թագավորը պետք է որոշում կայացնի։ Երուսաղեմը պետք է հանձնվի ասորեստանցիների՞ն, Եգիպտոսի հետ դաշի՞նք կապի, թե՞ դիմակայի ու պայքարի։ Եզեկիան շատ ծանր դրության մեջ է։ Նա գնում է Եհովայի տաճար, իսկ Եղիակիմին ու Սեբնային ավագ քահանաների հետ ուղարկում է Եսայիա մարգարեի մոտ, որ վերջինս դիմի Եհովային (Եսայիա 37։1, 2)։ Քուրձ հագած՝ թագավորի պատվիրակները գնում են Եսայիայի մոտ ու ասում. «Այս օրը նեղության, կշտամբանքի և նախատինքի օր է.... Թերևս քո Աստված Եհովան լսի ռաբսակի խոսքերը, որին իր տերը՝ Ասորեստանի թագավորն է ուղարկել՝ կենդանի Աստծուն ծաղրելու, ու թերևս նրանից հաշիվ պահանջի այն խոսքերի համար, որոնք քո Աստված Եհովան լսեց» (Եսայիա 37։3–5)։ Այո՛, ասորեստանցիները մարտահրավեր են նետում կենդանի Աստծուն։ Եհովան ուշադրություն կդարձնի՞ նրանց ծաղրանքներին։ Եսայիայի միջոցով նա հավաստիացնում է հրեաներին. «Մի՛ վախեցիր քո լսած խոսքերից, որոնցով Ասորեստանի թագավորի սպասավորները վիրավորեցին ինձ։ Նրա մեջ ես մի ոգի կդնեմ, և նա լուր կլսի ու կվերադառնա իր երկիրը։ Այնպես կանեմ, որ նա սրով ընկնի իր երկրում» (Եսայիա 37։6, 7)։
16 Այդ ընթացքում ռաբսակը հետ է կանչվում Սենեքերիմի կողքին լինելու համար, որը պատերազմում է Լեբնայի դեմ։ Սենեքերիմը Երուսաղեմի հետ հաշիվ կմաքրի ավելի ուշ (Եսայիա 37։8)։ Ինչևէ, ռաբսակի հեռանալը թեթևացում չի բերում Եզեկիային։ Սենեքերիմը սպառնալից նամակներ է ուղարկում՝ ասելով, թե ինչ է սպասում Երուսաղեմի բնակիչներին, եթե նրանք հրաժարվեն հանձնվելուց. «Դու ինքդ ես լսել, թե Ասորեստանի թագավորներն ինչ են արել բոլոր երկրներին՝ կործանման մատնելով դրանց։ Իսկ դու պիտի ազատվե՞ս։ Մի՞թե այն ազգերի աստվածները, որոնց բնաջնջեցին իմ նախահայրերը, ազատեցին այդ ազգերին.... Ո՞ւր են Եմաթի ու Արփադի թագավորները, Սեֆարուիմի թագավորը, Անա և Իվա քաղաքների թագավորը» (Եսայիա 37։9–13)։ Ըստ էության, ասորեստանցին ասում է, որ դիմադրելն անիմաստ է. դա միայն կվատթարացնի իրավիճակը։
17 Խիստ անհանգստանալով, թե ինչ հետևանքների կհանգեցնի իր կայացրած որոշումը՝ Եզեկիան գնում է տաճար և Սենեքերիմի նամակը փռում Եհովայի առաջ (Եսայիա 37։14)։ Թախանձագին աղոթելով Եհովային՝ նա աղաչում է նրան ականջ դնել ասորեստանցու սպառնալիքներին՝ իր աղոթքն ավարտելով հետևյալ խոսքերով. «Եվ հիմա, ո՛վ մեր Աստված Եհովա, փրկի՛ր մեզ նրա ձեռքից, որ երկրի բոլոր թագավորություններն իմանան, որ դո՛ւ, ո՛վ Եհովա, միայն դո՛ւ ես Աստված» (Եսայիա 37։15–20)։ Սա հստակ ցույց է տալիս, որ Եզեկիան գլխավորապես մտահոգված է ոչ թե իր փրկությամբ, այլ նրանով, որ Եհովայի անվանը կարող է նախատինք բերվել, եթե Ասորեստանը նվաճի Երուսաղեմը։
ip-1, էջ 391–394, պրբ. 18–22
Թագավորը վարձատրվեց իր հավատի համար
18 Եհովան Եզեկիայի աղոթքին պատասխանում է Եսայիայի միջոցով։ Երուսաղեմը չպետք է հանձնվի ասորեստանցիներին, այլ պետք է դիմակայի։ Ասես դիմելով Սենեքերիմին՝ Եսայիան խիզախորեն հայտնում է այդ ասորեստանցուն ուղղված Եհովայի խոսքերը. «Սիոնի կույս դուստրը քեզ արհամարհեց, ծաղրեց քեզ։ Երուսաղեմի դուստրը քո հետևից գլուխը շարժեց» (Եսայիա 37։21, 22)։ Այնուհետև Եհովան, ըստ էության, ասում է նրան. «Ո՞վ ես դու, որ ծաղրում ես Իսրայելի Սրբին։ Ես գիտեմ քո գործերը։ Դու մեծ հավակնություններ ունես, շատ ես պարծենում։ Դու ապավինեցիր քո ռազմական ուժին ու շատ երկրներ նվաճեցիր։ Բայց անհաղթելի չես։ Ես կխափանեմ քո ծրագրերը և կհաղթեմ քեզ։ Հետո քեզ հետ կվարվեմ այնպես, ինչպես դու վարվեցիր ուրիշների հետ։ Ես կարթ կանցկացնեմ քո քթին ու քեզ հետ կտանեմ Ասորեստան» (Եսայիա 37։23–29)։
«Թող սա քեզ համար նշան լինի»
19 Եզեկիան ի՞նչ երաշխիք ունի, որ Եսայիայի մարգարեությունը կկատարվի։ Եհովան պատասխանում է. «Թող սա քեզ համար նշան լինի. այս տարի կուտեք ընկած հատիկից բուսածը, երկրորդ տարին՝ ինքնիրեն բուսածը։ Երրորդ տարին ցանեք ու հնձեք, խաղողի այգիներ տնկեք և նրանց պտուղը կերեք» (Եսայիա 37։30)։ Եհովան կկերակրի ծուղակն ընկած հրեաներին։ Թեև ասորեստանցիների ներխուժման պատճառով նրանք չեն կարող ցանք անել, սակայն կսնվեն այն հացահատիկով, որը կբուսնի անցած տարվա բերքահավաքի ժամանակ ընկած սերմերից։ Հաջորդ տարի, որը շաբաթ-տարի է, նրանք պետք է իրենց դաշտերն անմշակ թողնեն՝ չնայած ծանր դրությանը (Ելք 23։11)։ Եհովան խոստանում է, որ եթե ժողովուրդը հնազանդվի իրեն, դաշտերում բավականաչափ հացահատիկ կաճի, որպեսզի մարդիկ կարողանան սնվել։ Իսկ երրորդ տարում նրանք ցանք կանեն, ինչպես որ առաջ էին անում, և կվայելեն իրենց աշխատանքի պտուղները։
20 Այժմ Եհովան իր ժողովրդին համեմատում է բույսի հետ, որը հեշտությամբ արմատախիլ չի արվում. «Նրանք, ովքեր կփրկվեն Հուդայի տնից.... ներքևում արմատ կգցեն և վերևում պտուղ կտան» (Եսայիա 37։31, 32)։ Այո՛, նրանք, ովքեր ապավինում են Եհովային, վախենալու պատճառ չունեն։ Թե՛ նրանք, թե՛ նրանց սերունդը ամուր հաստատված կմնան այդ երկրում։
21 Ինչ վերաբերում է Երուսաղեմի դեմ ասորեստանցու հնչեցրած սպառնալիքներին, Եհովան ասում է. «Նա չի մտնելու այս քաղաքը և նետեր չի արձակելու այստեղ, նրա վրա վահանով դուրս չի գալու և նրա դեմ պատնեշ չի կանգնեցնելու։ Նա հետ է դառնալու իր եկած ճանապարհով և չի մտնելու այս քաղաքը» (Եսայիա 37։33, 34)։ Ասորեստանի ու Երուսաղեմի միջև ոչ մի մարտ տեղի չի ունենալու։ Զարմանալի է, բայց առանց կռվելու պարտվելու են ոչ թե հրեաները, այլ ասորեստանցիները։
22 Իր խոսքը կատարելով՝ Եհովան մի հրեշտակ է ուղարկում, որը սպանում է Սենեքերիմի բանակի ընտիր զինվորներին՝ 185 000 հոգի։ Դա, հավանաբար, տեղի է ունենում Լեբնայում։ Արթնանալով՝ Սենեքերիմը տեսնում է, որ իր զորքի առաջնորդները, զորապետները և զորավոր մարդիկ մեռած են։ Ամոթահար՝ նա վերադառնում է Նինվե, բայց չնայած իր կրած ջախջախիչ պարտությանը՝ շարունակում է նվիրված մնալ իր կեղծ աստծուն՝ Նեսրոքին։ Մի քանի տարի անց, երբ Սենեքերիմը երկրպագություն է մատուցում Նեսրոքի տաճարում, նրա երկու որդիները սպանում են նրան։ Եվս մեկ անգամ ակնհայտ է դառնում, որ անկենդան Նեսրոքը չի կարող փրկել (Եսայիա 37։35–38)։
Հունվարի 23–29
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵՍԱՅԻԱ 38–42
«Եհովան ուժ է տալիս հոգնածին»
ip-1, էջ 409, 410, պրբ. 23–25
«Մխիթարե՛ք իմ ժողովրդին»
«Ո՞վ է ստեղծել այս ամենը»
23 Մեկ ուրիշ պատճառ էլ կա, թե ինչու հրեա գերիները կարող են սրտապնդվել։ Նա, ով խոստանում է ազատագրել, ամեն բանի Ստեղծիչն է և հզոր ուժի Աղբյուրը։ Եհովան ուզում է ընդգծել, որ ինքը անսահման զորություն ունի, ուստի նրանց ուշադրությունը հրավիրում է իր կարողությունների վրա, որոնք հստակ երևում են արարչագործության մեջ. «Ո՞ւմ կնմանեցնեք ինձ, և ո՞վ կարող է հավասարվել ինձ,— ասում է Սուրբը։— Բարձրացրեք ձեր աչքերն ու նայեք։ Ո՞վ է ստեղծել այս ամենը։ Նա, ով աստղերի զորքը թվով է դուրս բերում և նույնիսկ անունով է կանչում նրանց բոլորին։ Նրա անսպառ հզոր ուժի և սաստիկ զորության շնորհիվ նրանցից ոչ մեկը չի կորչում» (Եսայիա 40։25, 26)։
24 Իսրայելի Սուրբը իր մասին է խոսում։ Եհովան ուզում է ցույց տալ, որ իրեն հավասարը չունի, ուստի կոչ է անում նայելու երկնքի աստղերին։ Ինչպես զորահրամանատարն է շարք կանգնեցնում իր զորքը, այնպես էլ Եհովան է հրամաններ տալիս աստղերին։ Եթե նա ցանկանա նրանց մեկտեղ հավաքել, «նրանցից ոչ մեկը չի կորչի»։ Թեև աստղերի թիվը շատ մեծ է, նա բոլորին անունով է կանչում, այսինքն՝ յուրաքանչյուրին առանձին անունով կամ անուն հիշեցնող բառով է կոչել։ Հնազանդ զինվորների պես՝ նրանք մնում են իրենց տեղերում և կարգուկանոն պահպանում, չէ՞ որ նրանց Առաջնորդը անսպառ «հզոր ուժի» և «սաստիկ զորության» տեր է։ Հետևաբար հրեա գերիները հիմքեր ունեն վստահելու նրան։ Ստեղծիչը, ով աստղերի հրամանատարն է, ի զորու է պաշտպանելու իր ծառաներին։
25 Աստծու հրավերը՝ արձանագրված Եսայիա 40։26-ում, չի կարող չգրավել մեր ուշադրությունը. «Բարձրացրեք ձեր աչքերն ու նայեք»։ Աստղագետների կատարած հայտնագործությունները ցույց են տալիս, որ մերօրյա դիտորդի համար աստղալի երկինքը շատ ավելի տպավորիչ է, քան Եսայիայի օրերում ապրած մարդկանց համար։ Աստղագետները, որոնք հզոր աստղադիտակներով հետազոտում են երկինքը, եկել են այն եզրակացության, որ տեսանելի տիեզերքում կա առնվազն 125 միլիարդ գալակտիկա։ Իսկ դրանցից միայն մեկում՝ Ծիր Կաթին գալակտիկայում, ըստ որոշ հաշվարկների, կա ավելի քան 100 միլիարդ աստղ։ Այս ամենն իմանալով՝ մենք պետք է ակնածանքով լցվենք մեր Արարչի հանդեպ և լիովին վստահենք նրա խոստումներին։
ip-1, էջ 413, պրբ. 27
«Մխիթարե՛ք իմ ժողովրդին»
27 Եսայիան գրում է Եհովայի խոսքերը, որոնք նկարագրում են Բաբելոնում՝ իրենց հայրենիքից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող գերիների զգացմունքները։ Նրանցից ոմանք մտածում են, թե իրենց Աստվածը չգիտի կամ չի տեսնում իրենց «ճանապարհը», այսինքն՝ դժվար կյանքը։ Նրանք կարծում են, թե Եհովան անտարբեր է այն անարդարության հանդեպ, որին իրենք բախվում են։ Եսայիան նրանց հիշեցնում է այն բաների մասին, որ իրենք պետք է իմանան, եթե ոչ սեփական փորձից, ապա առնվազն այն բանի շնորհիվ, որ շատ տեղեկություններ իրենց փոխանցվել են սերնդեսերունդ։ Եհովան կարող է և ցանկանում է ազատել իր ժողովրդին։ Նա հավիտենական Աստված է և ամբողջ երկրի Արարիչն է։ Ուստի նա հիմա էլ այնպիսի զորություն ունի, ինչպիսին որ գործի է դրել արարելիս, և նույնիսկ հզոր Բաբելոնը չի կարող նրա ձեռքից ազատվել։ Այսպիսի Աստվածը չի կարող հոգնել և հուսախաբ անել իր ծառաներին։ Նրանք չպետք է ակնկալեն, որ լիովին կհասկանան Եհովայի գործերը, քանի որ նրա իմաստությունը, այսինքն՝ նրա հասկացողությունը, խորաթափանցությունն ու ըմբռնողականությունը վեր են իրենց հասկացողությունից։
ip-1, էջ 413–415, պրբ. 29–31
«Մխիթարե՛ք իմ ժողովրդին»
29 Հոգնածին ուժ տալու մասին խոսելով՝ Եհովան, հնարավոր է, նկատի ունի այն դժվար ճանապարհորդությունը, որ պետք է կատարեն գերիները՝ հայրենիք վերադառնալու համար։ Նա իր ժողովրդին հիշեցնում է, որ իրեն բնորոշ է աջակցել ուժասպառ եղած մարդկանց, ովքեր իրենից օգնություն են խնդրում։ Նույնիսկ ամենաուժեղները՝ «պատանիներն» ու «երիտասարդները», կարող են հոգնել և ուժասպառ լինելով՝ սայթաքել ու ընկնել։ Սակայն Եհովան խոստանում է ուժ տալ իրեն ապավինողներին, որպեսզի առանց հոգնելու վազեն ու քայլեն։ Նա ուզում է ցույց տալ, թե ինչպես է զորացնում իր ծառաներին, ուստի բերում է արծվի՝ այդ ուժեղ թռչնի օրինակը, որը կարծես առանց ջանք թափելու կարող է ժամերով սավառնել երկնքում։ Քանի որ Աստված այսպիսի աջակցություն է խոստանում, հրեա գերիները հուսահատվելու պատճառ չունեն։
30 Եսայիա 40-րդ գլխի վերջին համարներում մխիթարական խոսքեր են գրված ճշմարիտ քրիստոնյաների համար, որոնք ապրում են այս չար աշխարհի վերջին օրերում։ Թեև մեզ ճնշող հանգամանքներն ու խնդիրները շատ են, որքա՜ն հուսադրող է, որ Աստված տեսնում է մեր կրած նեղությունները և մեզ ցավ պատճառող անարդարությունը։ Մենք կարող ենք վստահ լինել, որ ամեն ինչի Արարիչը՝ նա, ում «իմաստությունը սահման չունի», վերջ կդնի անարդարությանը իր որոշած ժամին և իր ուզած ձևով (Սաղմոս 147։5, 6)։ Իսկ մինչ այդ մենք մեր ուժերով չէ, որ պիտի համբերենք։ Եհովան՝ անսպառ զորության Աղբյուրը, փորձությունների ժամանակ կարող է իր ծառաներին ուժ տալ և նույնիսկ «սովորականին գերազանցող ուժ» (2 Կորնթացիներ 4։7)։
31 Այժմ պատկերացրու հրեա գերիներին, որոնք մ. թ. ա. վեցերորդ դարում բնակվում էին Բաբելոնում։ Նրանց հարյուրավոր կիլոմետրեր էին բաժանում իրենց սիրելի քաղաքից՝ ամայացած Երուսաղեմից, և ավերակների վերածված տաճարից։ Եսայիայի մարգարեությունը լույս էր նրանց համար. այն հույս էր տալիս և մխիթարում Եհովայի այն խոստմամբ, որ նրանք հայրենիք են վերադառնալու։ Մ. թ. ա. 537 թ.-ին Եհովան իր ժողովրդին առաջնորդեց դեպի տուն՝ ապացուցելով, որ ինքը միշտ կատարում է իր խոստումները։ Մենք նույնպես կարող ենք լիովին վստահել Եհովային։ Թագավորությանն առնչվող նրա խոստումները, որոնք գեղեցիկ լեզվով ներկայացված են Եսայիայի մարգարեության մեջ, իրականություն կդառնան։ Սա իրոք որ բարի լուր է՝ լույս ողջ մարդկության համար։
Հունվարի 30–փետրվարի 5
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵՍԱՅԻԱ 43–46
«Եհովան ճշգրիտ մարգարեություններ հայտնող Աստված է»
ip-2, էջ 71, 72, պրբ. 22, 23
Ճշմարիտ Աստված նախագուշակում է իր ժողովրդի ազատագրումը
22 Գուշակները, որոնք ներշնչված չեն Աստծուց, սովորաբար չեն համարձակվում չափազանց կոնկրետ կանխագուշակություններ անել՝ վախենալով, որ ժամանակը կբացահայտի իրենց սուտը։ Սակայն Եհովան Եսայիայի միջոցով հայտնում է նույնիսկ այն մարդու անունը, ում միջոցով իր ժողովրդին ազատագրելու է գերությունից, որպեսզի նրանք վերադառնան տուն և վերակառուցեն Երուսաղեմն ու տաճարը։ Նրա անունը Կյուրոս է։ Խոսքը պարսից Կյուրոս Մեծ թագավորի մասին է։ Եհովան նաև մանրամասնորեն նկարագրում է, թե ինչ ռազմավարություն է կիրառելու Կյուրոսը՝ Բաբելոնի հզոր ու բարդ պաշտպանիչ համակարգը ճեղքելու համար։ Բաբելոնը պաշտպանված է լինելու բարձր պարիսպներով, ինչպես նաև քաղաքի միջով ու շուրջն անցկացված ջրանցքներով։ Կյուրոսն օգտագործելու է այդ համակարգի գլխավոր բաղադրիչը՝ Եփրատ գետը։ Ըստ հին պատմիչներ Հերոդոտոսի և Քսենոփոնի՝ Կյուրոսը փոխել է Եփրատ գետի հունը, ինչի արդյունքում ջրի մակարդակն այնքան է իջել, որ նրա զինվորները կարողացել են անցնել։ Այդպիսով՝ հզոր Եփրատը գոլորշիացել է, այսինքն՝ չի կարողացել պաշտպանել Բաբելոն քաղաքը։
23 Իսկ ինչպե՞ս է կատարվելու այն խոստումը, որ Կյուրոսը ազատ է արձակելու Աստծու ժողովրդին և հոգ է տանելու, որ Երուսաղեմն ու տաճարը վերակառուցվեն։ Աստվածաշնչում պահպանվել է Կյուրոսի պաշտոնական հայտարարությունը. «Այսպես է ասում Պարսկաստանի Կյուրոս թագավորը. «Եհովան՝ երկնքի Աստվածը, ինձ է տվել երկրի բոլոր թագավորությունները և ինձ հանձնարարել է իր համար տուն կառուցել Երուսաղեմում, որը Հուդայում է։ Ձեզնից ով որ Աստծու ժողովրդից է, թող նրա Աստվածը նրա հետ լինի։ Թող նա գնա Երուսաղեմ, որը Հուդայում է, և վերակառուցի Իսրայելի Աստված Եհովայի՝ ճշմարիտ Աստծու տունը, որը Երուսաղեմում էր»» (Եզրաս 1։2, 3)։ Եսայիայի միջոցով Եհովայի ասած խոսքը ամբողջովին կատարվեց։
ip-2, էջ 77, 78, պրբ. 4–6
Եհովան «արդար Աստված է ու Փրկիչ»
4 Չնայած որ Եսայիայի ապրած ժամանակներում Կյուրոսը դեռ չէր էլ ծնվել, Եհովան մարգարեի միջոցով դիմում է նրան, ասես նա կենդանի է (Հռոմեացիներ 4։17)։ Քանի որ Եհովան Կյուրոսին նախապես նշանակում է հատուկ հանձնարարություն կատարելու, վերջինս կարող է կոչվել Աստծու «օծյալ»։ Աստված առաջնորդելու է նրան, և նա հպատակեցնելու է ազգերը՝ այնպես անելով, որ թագավորները թուլանան ու չկարողանան դիմադրել։ Այնուհետև, երբ Կյուրոսը հարձակվի Բաբելոնի վրա, Եհովան այնպես է անելու, որ քաղաքի դռները բաց մնան և ջարդված դարպասների պես անօգուտ լինեն։ Նա գնալու է Կյուրոսի առջևից և վերացնելու է բոլոր խոչընդոտները։ Ի վերջո Կյուրոսի զորքերը գրավելու են քաղաքը և տիրանալու «պահված գանձերին»՝ մութ նկուղներում պահվող հարստությանը։ Սա է նախագուշակում Եսայիան։ Կատարվո՞ւմ են արդյոք նրա խոսքերը։
5 Եսայիայի այս մարգարեության գրի առնվելուց մոտ 200 տարի անց՝ մ. թ. ա. 539 թ.-ին, Կյուրոսն իրոք մոտենում է Բաբելոնի պարիսպներին՝ քաղաքի վրա հարձակվելու նպատակով (Երեմիա 51։11, 12)։ Սակայն բաբելոնացիներին դա չի մտահոգում։ Նրանք կարծում են, թե իրենց քաղաքը անառիկ է։ Դրա պարիսպները վեր են խոյանում՝ ներքևում թողնելով Եփրատի ջրերով լցված խրամները, ինչը քաղաքի պաշտպանական համակարգի մասն է։ Ավելի քան հարյուր տարի է՝ ոչ մի թշնամի չի կարողացել գրոհով վերցնել քաղաքը։ Բաբելոնի կառավարիչը՝ Բաղդասարը, որի նստավայրը քաղաքում է, իրեն այնքան ապահով է զգում, որ իր պալատականների հետ խնջույք է անում (Դանիել 5։1)։ Հենց այդ գիշեր՝ հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը, Կյուրոսը ավարտին է հասցնում իր փայլուն մարտավարությունը։
6 Կյուրոսի ճարտարագետները Բաբելոնից վերև գետի ափը փորում են՝ մի կողմ տանելով նրա ջրերը, որ դրանք չհոսեն հարավ՝ դեպի քաղաք։ Շուտով Բաբելոնի ներսում և շուրջը ջրի մակարդակն այնքան է իջնում, որ Կյուրոսի զինվորները կարողանում են գետի հունով առաջանալ դեպի քաղաքի սիրտը (Եսայիա 44։27; Երեմիա 50։38)։ Զարմանալի է, բայց, ինչպես նախագուշակել է Եսայիան, քաղաքի դարպասները բաց են։ Կյուրոսի զինվորները ներխուժում են Բաբելոն, գրավում արքայական պալատը և սպանում Բաղդասար թագավորին (Դանիել 5։30)։ Մի գիշերվա մեջ քաղաքը նվաճվում է։ Ահա և Բաբելոնի անկումը. մարգարեությունը կատարվում է ամենայն մանրամասնությամբ։
ip-2, էջ 79, 80, պրբ. 8–10
Եհովան «արդար Աստված է ու Փրկիչ»
Ինչու Եհովան բարեհաճ կլինի Կյուրոսի հանդեպ
8 Ասելով, թե ով է նվաճելու Բաբելոնը և ինչպես է դա անելու՝ Եհովան բացատրում է, թե ինչու է Կյուրոսին հաղթանակ շնորհվելու։ Նա մարգարեական խոսքերով դիմում է Կյուրոսին՝ ասելով. «Որպեսզի իմանաս, որ ես Եհովան եմ՝ Նա, ով անունով է կանչում քեզ, Իսրայելի Աստվածը» (Եսայիա 45։3բ)։ Տեղին է, որ աստվածաշնչյան պատմության մեջ չորրորդ աշխարհակալ տերության ղեկավարը ընդունի, որ իր մեծագույն հաղթանակը տարել է Տիեզերքի Գերիշխանի՝ Եհովա Աստծու օգնությամբ՝ այն անձնավորության, ով մեծ է իրենից։ Կյուրոսը պետք է ընդունի, որ իրեն կանչողը, կամ՝ հանձնարարություն տվողը Եհովան է՝ Իսրայելի Աստվածը։ Ինչպես ցույց է տալիս աստվածաշնչյան արձանագրությունը, Կյուրոսն իսկապես ընդունել է, որ իր մեծ հաղթանակը Եհովայից էր (Եզրաս 1։2, 3)։
9 Եհովան երկրորդ պատճառն է նշում, թե ինչու է Կյուրոսին նվաճել տալիս Բաբելոնը. «Հանուն իմ ծառա Հակոբի և իմ ընտրյալ Իսրայելի քեզ անունով կանչեցի, պատվարժան անուն տվեցի քեզ, թեև ինձ չէիր ճանաչում» (Եսայիա 45։4)։ Բաբելոնի դեմ Կյուրոսի տարած հաղթանակը ցնցում է աշխարհը։ Այն նշանավորում է մի աշխարհակալ ուժի անկումն ու մյուսի վերելքը և իր հետքն է թողնում գալիք սերունդների կյանքում։ Սակայն շրջակա ազգերը, որոնք տագնապահար հետևում են դեպքերի զարգացմանը, հավանաբար կզարմանան՝ իմանալով, որ այդ ամենը տեղի է ունենում հանուն Բաբելոնում գտնվող մի քանի հազար «աննշան» գերիների՝ հանուն Հակոբի սերնդի՝ հրեաների։ Հին Իսրայել ազգից ողջ մնացած այդ մարդիկ Եհովայի աչքին բոլորովին էլ աննշան չեն։ Նրանք Եհովայի «ծառան» են, երկրի բոլոր ազգերից նրա «ընտրյալն» են։ Թեև Կյուրոսը նախկինում չէր էլ ճանաչում Եհովային, վերջինս նրան օգտագործում է որպես իր օծյալ՝ տապալելու այն քաղաքը, որը չուզեց ազատ արձակել գերիներին։ Աստծու նպատակն այն չէ, որ իր ընտրյալ ժողովուրդը հավիտյան տառապի օտար երկրում։
10 Երրորդ՝ շատ ավելի կարևոր պատճառ էլ կա, թե ինչու է Եհովան Կյուրոսի միջոցով տապալելու Բաբելոնը։ Նա ասում է. «Ես Եհովան եմ, և ուրիշը չկա։ Ինձանից բացի, Աստված չկա։ Ես կզորացնեմ քեզ, թեև դու ինձ չես ճանաչում, որպեսզի արևելքից մինչև արևմուտք մարդիկ իմանան, որ ինձանից բացի, մեկն էլ չկա։ Ես Եհովան եմ, և ուրիշը չկա» (Եսայիա 45։5, 6)։ Այո՛, բաբելոնյան աշխարհակալ ուժի անկումը ցույց է տալիս, որ Եհովան է Աստված. այն բոլորին ապացուցում է, որ միայն նա է արժանի երկրպագության։ Աստծու ժողովրդի ազատագրման շնորհիվ արևելքից արևմուտք բնակվող և բոլոր ազգերին պատկանող մարդիկ կընդունեն, որ Եհովան միակ ճշմարիտ Աստվածն է (Մաղաքիա 1։11)։
Փնտրենք հոգևոր գանձեր
ip-2, էջ 60, պրբ. 24
«Դուք եք իմ վկաները»
24 Սակայն նկատենք, որ Եհովան ողորմած է լինելու ոչ միայն այն պատճառով, որ Իսրայելը զղջալու է, այլև հանուն իր անվան։ Այո՛, այս հարցը կապ ունի Աստծու անվան հետ։ Եթե նա թողնի, որ Իսրայելը ընդմիշտ գերության մեջ մնա, իր անունը նախատինքի կենթարկվի նրանց կողմից, ովքեր կտեսնեն դա (Սաղմոս 79։9; Եզեկիել 20։8–10)։ Նմանապես և այսօր Եհովայի անվան սրբացումն ու նրա գերիշխանության արդարացումը ավելի կարևոր են, քան մարդկանց փրկությունը։ Այդուհանդերձ, Եհովան սիրում է նրանց, ովքեր առանց վերապահումների ընդունում են իր խրատը և իրեն երկրպագում են ոգով ու ճշմարտությամբ։ Նա իր սերն է դրսևորում նրանց հանդեպ՝ թե՛ օծյալների, թե՛ ուրիշ ոչխարների՝ ջնջելով նրանց մեղքերը Հիսուս Քրիստոսի զոհի հիման վրա (Հովհաննես 3։16; 4։23, 24)։