Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwbr18 հունիս էջ 2–5
  • «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ
  • «Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկի» հղումները (2018)
  • Ենթավերնագրեր
  • Հունիսի 4–10
  • Հունիսի 11–17
  • Հունիսի 18–24
  • Հունիսի 25–հուլիսի 1
  • Փնտրենք հոգևոր գանձեր
«Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկի» հղումները (2018)
mwbr18 հունիս էջ 2–5

«Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ

Հունիսի 4–10

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՄԱՐԿՈՍ 15, 16

«Հիսուսի վրա իրականացան մի շարք մարգարեություններ»

nwtsty Մկ 15։24, 29-ի լրացուցիչ տեղեկությունները

նրա վերնազգեստները բաժանեցին. Հվ 19։23, 24 համարները լրացուցիչ մանրամասներ են պարունակում, որոնց մասին Մատթեոսը, Մարկոսը և Ղուկասը չեն նշում։ Այնտեղ նշված է, որ հռոմեացի զինվորները ակներևաբար վիճակ գցեցին թե՛ նրա վերնահագուստի, թե՛ այն զգեստի վրա, որը նա տակից էր հագնում, զինվորները նրա վերնահագուստները «չորս մասի բաժանեցին, ամեն մի զինվորին՝ մի մաս», նրանք չցանկացան պատռել նրա ներքնազգեստը, ուստի վիճակ գցեցին դրա վրա, և այդ ամենով կատարվեց Սղ 22։18-ում գրված մարգարեությունը։ Դահիճները, ամենայն հավանականությամբ, սովորություն ունեին զոհի հանդերձանքը իրենց պահել։ Այդ պատճառով նախքան հանցագործին մահապատժի ենթարկելը հանում էին նրա զգեստները և վերցնում նրա կրած իրերը, ինչը ավելի նվաստացուցիչ էր դարձնում նրա իրավիճակը։

գլուխները շարժելով. այս ժեստը, որը սովորաբար ուղեկցվում էր խոսքերով, արտահայտում էր ծաղրանք, արհամարհանք ու քամահրանք։ Անցորդները ակամա կատարեցին Սղ 22։7-ում արձանագրված մարգարեությունը։

nwtsty Մկ 15։43-ի լրացուցիչ տեղեկությունը

Հովսեփը. Հովսեփի մասին ավետարանագիրների նշած տարբեր մանրամասնություններից երևում է նրանց անհատականությունը։ Մաքսահավաք Մատթեոսը ասում է, որ նա «հարուստ մարդ» էր։ Մարկոսը, որը գրում էր հռոմեացիների համար, նշում է, որ նա «Խորհրդի պատվարժան անդամ էր» և սպասում էր Աստծու Թագավորությանը։ Կարեկից բժիշկ Ղուկասն ասում է, որ Հովսեփը «բարի ու արդար մարդ էր» և թիկունք չէր կանգնել Հիսուսի դեմ Խորհրդի մտադրությանը։ Միայն Հովհաննեսն է հայտնում, որ նա «գաղտնի [աշակերտ] էր.... քանի որ վախենում էր հրեաներից» (Մկ 15։43–46; Ղկ 23։50–53; Հվ 19։38–42)։

Փնտրենք հոգևոր գանձեր

nwtsty Մկ 15։25-ի լրացուցիչ տեղեկությունը

Երրորդ ժամն էր. այսինքն՝ առավոտյան մոտ ժ. 9։00։ Ոմանք նշում են, թե հակասություն կա այս արձանագրության և Հվ 19։14–16-ի միջև, որտեղ ասվում է, որ «մոտավորապես վեցերորդ ժամն էր», երբ Պիղատոսը Հիսուսին հանձնեց նրան մահապատժի ենթարկողների ձեռքը։ Թեև Աստվածաշնչում լիարժեք կերպով չի բացատրվում այդ տարբերության պատճառը, սակայն կան մի քանի գործոններ, որոնք հարկավոր է նկատի առնել. Հիսուսի երկրային կյանքի վերջին օրվա իրադարձությունների ժամանակի հարցում ավետարանագիրների արձանագրությունները հիմնականում համընկնում են։ Բոլոր չորս արձանագրությունները նշում են, որ լույսը բացվելուն պես քահանաներն ու երեցները հավաքվեցին և հետո Հիսուսին տարան հռոմեացի կուսակալ Պոնտացի Պիղատոսի մոտ (Մթ 27։1, 2; Մկ 15։1; Ղկ 22։66–23։1; Հվ 18։28)։ Մատթեոսը, Մարկոսը և Ղուկասը տեղեկացնում են, որ երբ Հիսուսն արդեն ցցի վրա էր, խավար իջավ ամբողջ երկրի վրա «վեցերորդ ժամին.... և տևեց մինչև իններորդ ժամը» (Մթ 27։45, 46; Մկ 15։33, 34; Ղկ 23։44)։ Հիսուսի մահապատժի ժամանակին առնչվող գործոններից մեկը հետևյալն է. ոմանք համարում են, որ խարազանումը, կամ՝ մտրակումը մահապատժի ենթարկելու պրոցեսի մի մասն էր։ Երբեմն զոհին այնքան ուժգին էին խարազանում, որ նա մահանում էր։ Հիսուսին դաժանորեն էին խարազանել, քանի որ երբ նա վերցրեց իր տանջանքի ցիցը և սկսեց գնալ, կարիք առաջացավ, որ մեկ ուրիշը տանի այն (Ղկ 23։26; Հվ 19։17)։ Հետաքրքիր է, որ Մթ 27։26-ում և Մկ 15։15-ում ասվում է, որ երբ Հիսուսին խարազանեցին (մտրակեցին), դրանից անմիջապես հետո Պիղատոսը նրան հանձնեց մարդկանց ձեռքը, որ ցցին գամեն։ Եթե խարազանումը համարվում էր մահապատժի ենթարկելու պրոցեսի սկիզբը, ապա պետք է որ որոշ ժամանակ անցած լիներ նախքան Հիսուսին տանջանքի ցցին գամելը։ Հետևաբար տարբեր մարդիկ մահապատժի ժամանակի հետ կապված տարբեր ժամեր կարող էին նշել՝ կախված այն բանից, թե երբ էին համարում այդ պրոցեսի սկիզբը։ Թերևս դա է պատճառը, որ Պիղատոսը զարմացավ, երբ իմացավ, որ Հիսուսը ցցին գամվելուց հետո այդքան շուտ էր մահացել. նա թերևս մտածում էր, որ նրան հենց նոր էին մահապատժի ենթարկել (Մկ 15։44)։ Բացի այդ, Աստվածաշունչը գրողների արձանագրություններում հաճախ կարելի է նկատել այն ժամանակ ընդունված մի սովորություն, համաձայն որի՝ թե՛ գիշերվա, թե՛ ցերեկվա ժամանակահատվածը բաժանում էին չորս մասի՝ յուրաքանչյուրը երեք ժամ տևողությամբ։ Օրվա այդպիսի բաժանումը օգնում է հասկանալու, թե ինչու է հաճախ հիշատակվում երրորդ, վեցերորդ և իններորդ ժամերի մասին, որոնք հաշվում էին սկսած արևածագից, այսինքն՝ մոտ ժ. 6։00-ից (Մթ 20։1–5; Հվ 4։6; Գրծ 2։15; 3։1; 10։3, 9, 30)։ Բացի այդ, մարդիկ չունեին ժամանակի չափման ճշգրիտ սարքեր, այդ պատճառով օրվա ժամի մասին հաճախ օգտագործում էին «մոտավորապես», «մոտ» բառերը (Մթ 27։46; Ղկ 23։44; Հվ 4։6; 19։14; Գրծ 10։3, 9)։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ Մարկոսը մահապատժի մեջ թերևս ներառել է և՛ խարազանումը, և՛ ցցին գամելը, իսկ Հովհաննեսը՝ միայն ցցին գամելը։ Երկու գրողներն էլ թերևս կլորացրած են նշել ժամերը. Մարկոսը նշել է օրվա առաջին մասի վերջին ժամը (այսինքն՝ առավոտյան մոտ ժ. 9։00), իսկ Հովհաննեսը նշել է օրվա երկրորդ մասի վերջին ժամը (այսինքն՝ կեսօրվա մոտ ժ. 12։00) և գործածել է «մոտավորապես» բառը։ Այս գործոններով է թերևս պայմանավորված արձանագրությունների միջև եղած տարբերությունը։ Եվ ի վերջո, այն փաստը, որ Հովհաննեսը, որը այդ դեպքերը գրի է առել տասնամյակներ անց, նշել է Մարկոսի նշած ժամից տարբերվող ժամ, ցույց է տալիս, որ նա պարզապես չի կրկնօրինակել Մարկոսի գրածները։

nwtsty Մկ 16։8-ի լրացուցիչ տեղեկությունը

որովհետև վախով էին լցվել. ըստ Մարկոսի Ավետարանի վերջին հատվածի վերաբերյալ առկա ամենավաղ ձեռագրերի՝ Ավետարանն ավարտվում է 8-րդ համարի խոսքերով։ Ոմանք պնդում են, որ այդպիսի ավարտը շատ կտրուկ է և չի կարող գրքի ավարտը լինել։ Սակայն հաշվի առնելով Մարկոսի հակիրճ գրելաոճը՝ այդ պնդումը հիմնավոր չէ։ Բացի այդ, չորրորդ դարի աստվածաբաններ Հերոնիմոսն ու Եվսեբիոսը այն կարծիքին էին, որ բնագրում Մարկոսի արձանագրությունն իսկապես ավարտվում է «որովհետև վախով էին լցվել» խոսքերով։

Մի շարք հունարեն ձեռագրերում և այլ լեզուներով թարգմանություններում 8-րդ համարին հաջորդում է կա՛մ երկար, կա՛մ կարճ եզրափակում։ Երկար եզրափակմանը (բաղկացած է 12 համարներից) կարելի է հանդիպել Ալեքսանդրյան, Եփրեմյան և Բեզայի ձեռագրերում (Քեմբրիջյան ձեռագիր). այդ բոլոր ձեռագրերը թվագրվում են մ. թ. հինգերորդ դարով։ Այն նաև հանդիպում է լատիներեն «Վուլգատայում», ասորերեն «Քյուրթոնյան թարգմանության» մեջ և ասորերեն «Պեշիթոյում»։ Սակայն երկար եզրափակումը չի հանդիպում ավելի վաղ՝ չորրորդ դարով թվագրված երկու հունարեն ձեռագրերում՝ Սինայական ձեռագրում և Վատիկանյան ձեռագրում, չորրորդ կամ հինգերորդ դարով թվագրված Սինայական ձեռագրում, ասորերեն Սինայական ձեռագրում կամ Մարկոս Ավետարանի՝ հինգերորդ դարով թվագրված սայիդյան ղպտիերեն ամենավաղ ձեռագրում։ Մարկոս Ավետարանի հայերեն և վրացերեն ամենահին ձեռագրերը նույնպես ավարտվում են 8-րդ համարով։

Ավելի ուշ շրջանի որոշ հունարեն ձեռագրեր և այլ լեզուներով թարգմանություններ պարունակում են կարճ եզրափակում (բաղկացած է ընդամենը մի քանի նախադասությունից)։ Իսկ մ. թ. ութերորդ դարով թվագրված Թագավորական ձեռագրում հանդիպում են երկու եզրափակումները. սկզբում՝ կարճը, հետո՝ երկարը։ Յուրաքանչյուր եզրափակումից առաջ նշվում է, որ տվյալ հատվածը հանդիպում է որոշ աղբյուրներում, սակայն ակնհայտ է, որ ձեռագիրը այդ եզրափակումներից և ոչ մեկը վստահարժան չի համարում։

Հունիսի 11–17

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՂՈՒԿԱՍ 1

Փնտրենք հոգևոր գանձեր

nwtsty Ղկ 1։69-ի լրացուցիչ տեղեկությունը

փրկության եղջյուր. կամ՝ «զորեղ փրկիչ»։ Աստվածաշնչում կենդանիների եղջյուրները հաճախ ներկայացնում են զորություն, նվաճում և հաղթանակ (1Սմ 2։1; Սղ 75։4, 5, 10; 148։14)։ Բացի այդ, եղջյուրները խորհրդանշում են թե՛ արդար և թե՛ ամբարիշտ կառավարիչներին ու իշխող դինաստիաներին, իսկ նրանց հաղթանակները նմանեցվում են ժողովուրդներին եղջյուրներով հետ մղելուն (2Օր 33։17; Դն 7։24; 8։2–10, 20–24)։ Այս համատեքստում «փրկության եղջյուր» արտահայտությունը վերաբերում է Մեսիային, որը փրկելու զորություն ունի՝ զորեղ փրկչին։

nwtsty Ղկ 1։76-ի լրացուցիչ տեղեկությունը

դու Եհովայի առջևից կքայլես. Հովհաննես Մկրտիչը «Եհովայի առջևից քայլելու» էր այն իմաստով, որ Հիսուսի նախակարապետն էր լինելու, իսկ Հիսուսը ներկայացնելու էր իր Հորը և գալու էր իր Հոր անունով (Հվ 5։43; 8։29; տես այս համարում գործածված Եհովայի բառի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունը)։

Հունիսի 18–24

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՂՈՒԿԱՍ 2, 3

«Երեխանե՛ր, հոգևորապես առաջադիմո՞ւմ եք»

nwtsty Ղկ 2։41-ի լրացուցիչ տեղեկությունը

Նրա ծնողները սովորություն ունեին. Օրենքը չէր պահանջում, որ կանայք ներկա լինեին Պասեքի տոնակատարությանը։ Սակայն Մարիամը սովորություն ուներ ուղեկցելու Հովսեփին, երբ նա ամեն տարի գնում էր Երուսաղեմ՝ նշելու այդ տոնը (Ելք 23։17; 34։23)։ Նրանք ամեն տարի իրենց մեծացող ընտանիքի հետ ճամփորդում էին Երուսաղեմ՝ գնալու և հետ գալու համար անցնելով գրեթե 300 կմ (190 մղ)։

nwtsty Ղկ 2։46, 47-ի լրացուցիչ տեղեկությունները

հարցեր էր տալիս. ինչպես երևում է Հիսուսի ունկնդիրների արձագանքից, նա այնպիսի հարցեր չէր տալիս, որ տալիս է երեխան՝ պարզապես իր հետաքրքրասիրությունը բավարարելու համար (Ղկ 2։47)։ «Հարցեր էր տալիս» արտահայտությամբ թարգմանված հունարեն բառը որոշ համատեքստերում վերաբերում է դատական գործի քննության ժամանակ հարցաքննություն և խաչաձև հարցաքննություն անելուն (Մթ 27։11; Մկ 14։60, 61; 15։2, 4; Գրծ 5։27)։ Պատմաբաններն ասում են, որ տոներից հետո որոշ առաջադեմ կրոնական առաջնորդներ սովորաբար մնում էին տաճարում և սովորեցնում էին ընդարձակ նախասրահներից մեկում։ Մարդիկ նստում էին նրանց ոտքերի մոտ, լսում էին ու հարցեր տալիս։

հիանում էին. այստեղ «հիանալ» բառով թարգմանված հունարեն բայի ձևը կարող է ցույց տալ շարունակական կամ կրկնվող հիացմունք։

nwtsty Ղկ 2։51-ի լրացուցիչ տեղեկությունը

շարունակում էր ենթարկվել. կամ՝ «շարունակում էր հպատակվել», «հնազանդ էր մնում»։ Հունարեն այս բայի շարունակական ձևը ցույց է տալիս, որ այն բանից հետո, երբ Հիսուսը տաճարում Աստծու Խոսքի վերաբերյալ իր ունեցած գիտելիքներով զարմացրեց ուսուցիչներին, գնաց տուն և խոնարհաբար շարունակեց ենթարկվել իր ծնողներին։ Այդ հնազանդությունը շատ ավելի մեծ նշանակություն ուներ, քան ցանկացած այլ երեխայի դրսևորած հնազանդությունը, քանի որ դրանով ևս նա ամենայն մանրամասնությամբ կատարեց Մովսիսական օրենքը (Ելք 20։12; Գղ 4։4)։

Փնտրենք հոգևոր գանձեր

nwtsty Ղկ 2։14-ի լրացուցիչ տեղեկությունները

և խաղաղությո՜ւն երկրի վրա նրա բարեհաճությունն ունեցող մարդկանց մեջ. որոշ ձեռագրերում այս խոսքերը այնպես են փոխանցված, որ կարելի է թարգմանել «և խաղաղությո՜ւն երկրի վրա, բարեհաճություն մարդկանց հանդեպ»։ Աստվածաշնչի որոշ թարգմանություններում հանդիպում է հենց այս տարբերակը։ Սակայն «Նոր աշխարհ թարգմանության» տարբերակը հիմնված է ավելի հին և ավելի վստահարժան ձեռագրերի վրա։ Հրեշտակների այս խոսքերը չեն նշանակում, որ Աստված իր բարեհաճությունն արտահայտում է բոլոր մարդկանց հանդեպ՝ անկախ նրանց վերաբերմունքից և արարքներից։ Իրականում, այդ խոսքերը վերաբերում են նրանց, ովքեր ստանում են Աստծու բարեհաճությունը նրա հանդեպ անկեղծ հավատ դրսևորելու և նրա Որդու հետևորդը դառնալու համար (տես այս համարի՝ բարեհաճությունն ունեցող մարդկանց արտահայտության վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունը)։

բարեհաճությունն ունեցող մարդկանց. հրեշտակների ասած այս խոսքերում «բարեհաճություն» բառը ակներևաբար վերաբերում է Աստծու և ոչ թե մարդկանց կողմից դրսևորվող բարեհաճությանը։ Հունարեն էուդոկիա բառը կարող է նաև թարգմանվել «հաճություն», «բարյացակամություն», «հավանություն»։ Դրան ցեղակից էուդոկեո բայը գործածված է Մթ 3։17, Մկ 1։11 և Ղկ 3։22-ում (տես Մթ 3։17; Մկ 1։11-ի լրացուցիչ տեղեկությունները), որտեղ Աստված դիմում է իր Որդուն նրա մկրտությունից անմիջապես հետո։ Հիմնականում այն փոխանցում է հետևյալ իմաստները՝ «հավանություն տալ», «բարեհոժար լինել», «բարյացակամորեն վերաբերվել», «հաճել»։ Այս գործածությանը ներդաշնակ՝ «բարեհաճությունն ունեցող մարդկանց» արտահայտությունը (անթրոպոյս էուդոկիաս) վերաբերում է այն մարդկանց, ովքեր ունեն Աստծու հավանությունն ու բարեհաճությունը, և կարող է նաև թարգմանվել «մարդիկ, որոնց նա հավանություն է տալիս», «մարդիկ, որոնց հանդեպ նա բարյացակամ է»։ Ուստի հրեշտակների խոսքերը վերաբերում էին ոչ թե առհասարակ բոլոր մարդկանց հանդեպ Աստծու ցուցաբերած բարեհաճությանը, այլ նրանց հանդեպ, ովքեր հաճեցնում են իրեն՝ անկեղծ հավատ դրսևորելով իր նկատմամբ և դառնալով իր Որդու հետևորդը։ Թեև որոշ համատեքստերում հունարեն էուդոկիա բառը կարող է վերաբերել մարդկանց ցուցաբերած բարեհաճությանը (Հռ 10։1; Փպ 1։15), սակայն հաճախ այն գործածվում է Աստծու ցուցաբերած բարեհաճության, կամ՝ բարյացակամության առնչությամբ, կամ նրա կողմից հավանության արժանացած ընթացքի առնչությամբ (Մթ 11։26; Ղկ 10։21; Եփ 1։5, 9; Փպ 2։13; 2Թղ 1։11)։ «Յոթանասնից»-ում՝ Սղ 51։18-ում [50։20, LXX], էուդոկիա բառը վերաբերում է Աստծու «բարեհաճությանը»։

Հունիսի 25–հուլիսի 1

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՂՈՒԿԱՍ 4, 5

«Հիսուսի պես՝ դիմադրիր գայթակղություններին»

nwtsty Ղկ 4։9-ի մուլտիմեդիան

Տաճարի պարիսպը

Հնարավոր է, որ Սատանան Հիսուսին բառացիորեն էր կանգնեցրել «տաճարի պարսպի [կամ՝ «տաճարի ամենաբարձր կետի»]» վրա և ասել, որ ցած նետի իրեն։ Սակայն հայտնի չէ, թե Հիսուսը կոնկրետ որտեղ էր կանգնել։ Քանի որ «տաճար» բառը այստեղ կարող է վերաբերել տաճարի ողջ համալիրին, Հիսուսը գուցե կանգնած է եղել տաճարի տարածքի հարավարևելյան անկյունում (1)։ Կամ հնարավոր է՝ նա կանգնել է տաճարի համալիրի մեկ այլ անկյունում։ Այդ տեղերից յուրաքանչյուրից ընկնելու դեպքում մահն անխուսափելի կլիներ, եթե Եհովան չմիջամտեր։

Փնտրենք հոգևոր գանձեր

nwtsty Ղկ 4։17-ի լրացուցիչ տեղեկությունը

Եսայիա մարգարեի գիրքը. «Եսայիա» գրքի տեքստը պարունակող Մեռյալ ծովի ձեռագիրը բաղկացած է իրար կպցված մագաղաթյա 17 թերթերից։ Այդ փաթույթի երկարությունը 7,3 մ (24 ֆտ) է, և այն կազմված է 54 սյունակներից։ Հնարավոր է, որ Նազարեթի ժողովարանում գործածվող գրքի փաթույթը նույն երկարությունն ուներ։ Առաջին դարում տեքստը բաժանված չէր գլուխների ու համարների, և Հիսուսը պետք է փնտրեր այն հատվածը, որ ցանկանում էր կարդալ։ Բայց այն փաստը, որ նա գտավ այն տեղը, որտեղ գրված էին մարգարեական խոսքերը, ցույց է տալիս, թե որքան քաջածանոթ էր նա Աստծու Խոսքին։

nwtsty Ղկ 4։25-ի լրացուցիչ տեղեկությունը

երեք տարի ու վեց ամիս. ըստ 1Թգ 18։1-ի՝ Եղիան հայտնեց երաշտի ավարտի մասին «երրորդ տարում»։ Այդ պատճառով ոմանք ասում են, թե Հիսուսի խոսքերը հակասում են «1 Թագավորներ» գրքի խոսքերին։ Սակայն Եբրայերեն Գրությունների արձանագրությունը ցույց չի տալիս, որ երաշտը երեք տարուց քիչ է տևել։ «Երրորդ տարում» արտահայտությունը ակներևաբար վերաբերում է այն ժամանակահատվածին, որը սկսվեց, երբ Եղիան առաջին անգամ Աքաաբին հայտնեց երաշտի մասին (1Թգ 17։1)։ Հավանաբար, այդ մասին լուրը նա հայտնեց այն ժամանակ, երբ արդեն սկսվել էր չոր եղանակը, որը սովորաբար տևում էր մինչև վեց ամիս, բայց որը, հնարավոր է, տևեց սովորականից ավելի երկար։ Բացի այդ, երաշտը չավարտվեց անմիջապես այն բանից հետո, երբ Եղիան «երրորդ տարում» կրկին գնաց Աքաաբի մոտ։ Այն ավարտվեց Կարմեղոս լեռան վրա տեղի ունեցած դեպքից հետո (1Թգ 18։18–45)։ Ուստի այստեղ արձանագրված Հիսուսի խոսքերը, ինչպես նաև Հկ 5։17-ում գրված նրա եղբայր Հակոբոսի խոսքերը ներդաշնակ են 1Թգ 18։1-ի ժամանակագրության հետ։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը