«Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ
ՀՈՒՆՎԱՐԻ 6–12
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԾՆՆԴՈՑ 1–2
«Եհովան երկրի վրա կյանք է ստեղծում»
it-1, էջ 527–528
Արարչագործություն
Երբ առաջին օրը Աստված ասաց՝ «թող լույս լինի», ըստ ամենայնի, ցրված լույսը սկսեց ներթափանցել ամպերի շերտի միջով, թեև լույսի աղբյուրները դեռևս տեսանելի չէին երկրի մակերևույթից։ Հավանաբար այդ պրոցեսը տեղի է ունեցել աստիճանաբար, ինչպես երևում է Ջ. Ու. Ուոթսի կատարած թարգմանությունից. «Եվ աստիճանաբար լույս եղավ» (Ծն 1։3, «A Distinctive Translation of Genesis»)։ Աստված բաժանեց լույսը խավարից և լույսը կոչեց Ցերեկ, իսկ խավարը՝ Գիշեր։ Սա ցույց է տալիս, որ արեգակի շուրջը պտույտ կատարելիս երկիրը պտտվում էր նաև իր առանցքի շուրջ, ինչի շնորհիվ երկու կիսագնդերում՝ արևմտյան և արևելյան, լույսի և խավարի հերթափոխ էր լինում (Ծն 1։3, 4)։
Երկրորդ օրը Աստված ստեղծեց տարածություն, որ դրա միջոցով «ջրերը բաժանվեն ջրերից»։ Ջրերի մի մասը մնաց երկրի վրա, բայց մեծ քանակությամբ ջուր բարձրացվեց երկրի մակերևույթից վեր, և այդ երկու ջրերի միջև տարածություն առաջացավ։ Աստված այդ տարածությունը կոչեց Երկինք, բայց այդ «Երկինքը» տիեզերքը չէր, այլ վերաբերում էր միայն երկրի շրջակայքին, քանի որ ոչ մի տեղ չի ասվում, որ այդ տարածության վերևում եղող ջրերը ընդգրկում էին աստղերը կամ մյուս երկնային (տիեզերական) մարմինները (Ծն 1։6–8; տես ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ)։
Երրորդ օրը Աստծու հրաշագործ զորությամբ երկրի վրայի ջրերը մեկտեղ հավաքվեցին, ու սկսեց երևալ ցամաքը, որն Աստված կոչեց Երկիր։ Նաև այդ օրվա ընթացքում էր, որ ոչ թե պատահականությամբ կամ էվոլյուցիայի միջոցով, այլ Աստծու հզոր ձեռքով անկենդան մատերիայի ատոմների մեջ կյանք «դրվեց», ու այդպիսով ստեղծվեց երկրի բուսականությունը՝ խոտաբույսերը, պտղատու ծառերը և այլն։ Բուսականության այս ընդհանուր տիպերից յուրաքանչյուրում բույսերն ունակ էին բազմանալու «ըստ իրենց տեսակի» (Ծն 1։9–13)։
it-1, էջ 528, պրբ. 5–8
Արարչագործություն
Ուշագրավ է, որ Ծննդոց 1։16-ում «ստեղծել» բառի համար չի օգտագործվում եբրայերեն բարա բայը, որը վերաբերում է բառացի «ստեղծելուն», այլ օգտագործվում է ասահ բայը, որ նշանակում է «անել»։ Ծննդոց 1։1-ում հիշատակված «երկինքը» ներառում է նաև արևը, լուսինը և աստղերը, հետևաբար դրանք չորրորդ օրից շատ ժամանակ առաջ էին ստեղծվել։ Չորրորդ օրը Եհովան այդ երկնային մարմինները «ստեղծեց» այն իմաստով, որ այնպես «արեց», որ դրանք նոր դեր կատարեն երկրի մակերևույթի և դրա վերևում եղող տարածության հետ կապված։ Երբ ասվում է, որ «Աստված նրանց [լուսատուները] դրեց երկնքի տարածությունում՝ երկիրը լուսավորելու», դա ցույց է տալիս, որ այդ ժամանակ դրանք արդեն սկսեցին տեսանելի լինել երկրի մակերևույթից, ասես թե գտնվում էին երկնքի տարածության մեջ։ Նաև այդ լուսատուները պետք է ծառայեին «որպես նշան» ու ցույց տային «տարվա եղանակները, օրերն ու տարիները», այսինքն՝ տարբեր առումներով ուղեցույց լինեին մարդկանց համար (Ծն 1։14)։
Հինգերորդ արարչագործական օրը նշանավորվեց առաջին կենդանի արարածների ստեղծումով։ Աստծու զորությամբ ոչ թե ընդամենը մեկ արարած ստեղծվեց, որը հետո պետք է էվոլյուցիայի ենթարկվեր՝ առաջացնելով այլ տեսակներ, այլ ստեղծվեցին բազմաթիվ կենդանի արարածներ։ Աստվածաշնչում ասվում է. «Աստված ստեղծեց ծովային հսկա կենդանիներ և ամեն շարժվող կենդանի հոգի՝ ըստ իրենց տեսակների, որոնցով ծփացին ջրերը, ինչպես նաև ամեն թռչուն՝ ըստ իր տեսակի»։ Աստված, հավանություն տալով իր ստեղծածներին, օրհնեց նրանց և, պատկերավոր ասած, պատվիրեց, որ «բազմանան, շատանան», ինչը հնարավոր էր, քանի որ տարբեր ընտանիքի պատկանող այդ կենդանի արարածները Աստծու կողմից օժտված էին վերարտադրողական ֆունկցիայով՝ ըստ իրենց տեսակի բազմանալու ունակությամբ (Ծն 1։20–23)։
Վեցերորդ օրը «Աստված ստեղծեց երկրի գազաններին՝ ըստ իրենց տեսակի, ընտանի կենդանիներին՝ ըստ իրենց տեսակի, և երկրի մյուս բոլոր կենդանիներին՝ ըստ իրենց տեսակի», և դրանց մասին նույնպես ասաց, որ «լավ է», ինչպես ասել էր իր մյուս բոլոր ստեղծածների մասին (Ծն 1։24, 25)։
Վեցերորդ արարչագործական օրվա վերջերում Աստված կյանքի կոչեց բոլորովին նոր մի արարածի, որը անհամեմատ գերազանցում էր կենդանիներին, թեև ցածր էր հրեշտակներից։ Դա մարդն էր՝ ստեղծված Աստծու պատկերով ու նրա նմանությամբ։ Ծննդոց 1։27-ում կարճ նկարագրվում է, որ Աստված «տղամարդ և կին ստեղծեց նրանց», իսկ զուգահեռ արձանագրության մեջ՝ Ծննդոց 2։7–9-ում, ասվում է, որ Աստված «մարդուն ստեղծեց հողի փոշուց ու նրա քթանցքների մեջ կյանքի շունչ փչեց, և մարդը կենդանի հոգի դարձավ»։ Եվ Աստված նրան տվեց դրախտային բնակավայր ու առատ սնունդ։ Առաջին մարդուն՝ Ադամին արարելիս Եհովան օգտագործեց հողում եղած տարրերը, իսկ հետո, երբ նա արդեն ստեղծված էր, Եհովան ստեղծեց կնոջը՝ որպես հիմք օգտագործելով Ադամի կողոսկրերից մեկը (Ծն 2։18–25)։ Կնոջ արարումով մարդը՝ որպես առանձին տեսակ, ամբողջական դարձավ (Ծն 5։1, 2)։
Փնտրենք հոգևոր գանձեր
it-2, էջ 52
Հիսուս Քրիստոս
Արարչակից չէ։ Սակայն այն, որ Որդին մասնակցել է արարման աշխատանքներին, չի նշանակում, որ նա արարչակից է՝ իր Հոր նման՝ Արարիչ։ Արարելու զորությունը Աստծուց էր գալիս՝ նրա սուրբ ոգու՝ գործուն ուժի միջոցով (Ծն 1։2; Սղ 33։6)։ Ու քանի որ Եհովան է ամեն տեսակ կյանքի Աղբյուրը, բոլոր կենդանի արարածները՝ տեսանելի թե անտեսանելի, իրենց կյանքով նրան են պարտական (Սղ 36։9)։ Ուրեմն Որդին ոչ թե արարչակից էր, այլ միջնորդ կամ օգնական, որի միջոցով գործել է Արարիչը՝ Եհովան։ Հիսուսն ինքն էլ Աստծուն էր համարում ամեն բանի Ստեղծողը, և նույն միտքը հստակ ընդգծվում է նաև ողջ Աստվածաշնչում (Մթ 19։4–6; տես ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ)։
ՀՈՒՆՎԱՐԻ 13–19
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԾՆՆԴՈՑ 3–5
«Առաջին ստի կործանարար հետևանքները»
it-2, էջ 186
Երկունքի ցավեր
Դժվարություններ ու ցավեր, որ լինում են ծննդաբերության ժամանակ։ Երբ առաջին կինը՝ Եվան, մեղք գործեց, Աստված ասաց նրան, թե դա ինչպես կանդրադառնա նրա որդեծնության վրա։ Եթե նա անհնազանդություն դրսևորած չլիներ, կշարունակեր վայելել Աստծու օրհնությունը, և երեխա լույս աշխարհ բերելը նրան միմիայն ուրախություն կպատճառեր, քանի որ «Եհովայի օրհնությունն է հարստացնում, և նա ցավ չի ավելացնում դրան» (Առ 10։22)։ Բայց մեղք գործելուց հետո կնոջ օրգանիզմը, որպես կանոն, արդեն անկատար ձևով էր գործելու, ինչը ցավեր էր առաջ բերելու։ Ուստի Աստված ասաց (ինչպես որ հաճախ նաև այլ բաների մասին է ասվում, թե Աստված է անում, սակայն իրականում նա պարզապես թույլ է տալիս). «Խիստ պիտի շատացնեմ քո հղիության ցավերը, և ցավերով երեխաներ կծնես» (Ծն 3։16)։
Փնտրենք հոգևոր գանձեր
it-2, էջ 192, պրբ. 5
Ղամեք
Իր կանանց համար Ղամեքի շարադրած բանաստեղծության մեջ արտացոլված է այդ ժամանակներում տիրող դաժանությունը (Ծն 4։23, 24)։ Ղամեքի բանաստեղծությունը այսպես էր հնչում. «Լսե՛ք իմ ձայնին, ո՛վ Ղամեքի կանայք, ակա՛նջ դրեք իմ ասածներին։ Մի մարդ սպանեցի ինձ վիրավորելու համար, մի երիտասարդ՝ ինձ հարվածելու համար։ Եթե Կայենի համար պետք է յոթնապատիկ վրեժ առնվի, ապա Ղամեքի համար՝ յոթանասունյոթ անգամ»։ Ըստ ամենայնի, Ղամեքը ինքնապաշտպանության դեպք էր պատմում և ուզում էր ցույց տալ, որ իր արարքը դիտավորյալ սպանություն չէր, ինչպիսին Կայենն էր արել։ Ղամեքը նկարագրում է, որ իրեն պաշտպանելու համար ինքը սպանել էր մի մարդու, ով հարվածել ու վիրավորել՝ վնասել էր իրեն։ Եվ այդ բանաստեղծությունը, ըստ էության, անձեռնմխելիություն ստանալու խնդրագիր էր, որ իր վրա հարձակված մարդու սպանության համար վրեժ լուծել ցանկացող ոչ մեկը չկարողանար վնասել իրեն։
ՀՈՒՆՎԱՐԻ 27–ՓԵՏՐՎԱՐԻ 2
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԾՆՆԴՈՑ 9–11
«Ամբողջ երկրի լեզուն մեկ էր»
it-1, էջ 239
Մեծ Բաբելոն
Հին Բաբելոնի առանձնահատկությունները։ Քաղաքը հիմնադրվել է Սենաար կոչվող հարթավայրային շրջանում այն նույն ժամանակահատվածում, ինչ սկսել է Բաբելոնի աշտարակի կառուցումը (Ծն 11։2–9)։ Աշտարակը կառուցողների նպատակը, ինչպես հայտնի է, ոչ թե Աստծու անունը մեծարելն էր, այլ իրենց համար «հռչակավոր անուն» ստեղծելը։ «Զիկկուրատ» կոչվող աշտարակները, որոնք հայտնաբերվել են ոչ միայն Հին Բաբելոնի ավերակներում, այլև Միջագետքի այլ տարածքներում, գլխավորաբար կրոնական բնույթ են կրել, ինչը փաստում է, որ սկզբնական աշտարակը, անկախ նրանից, թե կոնկրետ ինչ ձև կամ ոճ է ունեցել, նույնպես եղել է կրոնական բնույթի։ Այդ տաճար-աշտարակի շինարարության դեմ Եհովա Աստծու ձեռնարկած վճռական քայլերը հստակ ցույց են տալիս, որ նա դատապարտում էր այն՝ որպես կեղծ կրոնական կառույց։ Քաղաքի եբրայերեն անվանումը՝ «Բաբել», նշանակում է «խառնաշփոթություն», մինչդեռ շումերերեն անվանումը (Կադինգիռա) և աքքադերեն անվանումը (Բաբիլու) երկուսն էլ նշանակում են «Աստծու դարպաս»։ Փաստորեն՝ նրանք, ովքեր մնացել էին քաղաքում, փոխել էին դրա անվան արտասանությունը, որպեսզի այն այլևս չհիշեցնի Աստծու բերած դատաստանի մասին։ Այդուհանդերձ, քաղաքի փոփոխված անվանումից էլ է երևում կրոնի հետ կապը։
it-2, էջ 202, պրբ. 2
Լեզու
«Ծննդոց» գրքի արձանագրության մեջ պատմվում է, որ Ջրհեղեղից հետո մարդկային ընտանիքի մի մասը որոշեց համախմբել իր ջանքերը ու դեմ գնալ Աստծու կամքին, որը նա հստակ ասել էր Նոյին ու նրա որդիներին (Ծն 9։1)։ Փոխանակ տարածվելու երկրով մեկ ու լցնելու այն՝ այդ մարդիկ որոշեցին մարդկային ողջ հասարակությունը համախմբել մեկ տեղում ու բնակվել ընդարձակ մի հարթավայրում, որը հայտնի դարձավ «Սենաար» անունով (Միջագետք)։ Ըստ ամենայնի, այդ բնակավայրը նաև պետք է դառնար կրոնական կենտրոն, որը ունենալու էր պաշտամունքային նշանակություն ունեցող մի աշտարակ (Ծն 11։2–4)։
it-2, էջ 202, պրբ. 3
Լեզու
Աստված խոչընդոտեց նրանց հանդուգն ծրագրի իրագործումը՝ խաթարելով նրանց միասնականությունը. նա խառնեց նրանց լեզուն։ Այլևս չկարողանալով փոխհամաձայնեցված գործել ու իրականացնել այդ ծրագիրը՝ նրանք ցրվեցին երկրագնդով մեկ։ Լեզուների խառնակումը նաև հետագայում էլ կխոչընդոտեր կամ կդժվարացներ սխալ ուղղությամբ՝ Աստծու կամքին հակառակ միջոցներ ձեռնարկելը, քանի որ մարդկանց համար ավելի դժվար կլիներ համախմբել իրենց մտային ու ֆիզիկական ներուժը՝ եսասիրական, փառատենչ ծրագրեր իրականացնելու համար, ու դժվար կլիներ օգտվել տարբեր լեզվական խմբերի մարդկանց հավաքած գիտելիքներից, գիտելիքներ, որոնք ձեռք էին բերվելու ոչ թե Աստծու առաջնորդությամբ, այլ մարդկային փորձի ու ուսումնասիրությունների արդյունքում (համեմատիր Ժղ 7։29; 2Օր 32։5)։ Այսպիսով՝ թեև մարդկանց լեզուների խառնակումը մարդկությանը պառակտող գործոն էր, բայց այն նաև ծառայեց մարդկային հասարակության բարօրությանը՝ դժվարացնելով վտանգավոր ու աղետաբեր ծրագրերի իրականացումը (Ծն 11։5–9; համեմատիր Ես 8։9, 10)։ Բավական է միայն մտածել հենց մեր ժամանակներում մարդկանց կուտակած գիտելիքների ու դրանց սխալ օգտագործման մի շարք աղետալի հետևանքների մասին, որպեսզի հասկանանք, թե ապագան տեսնող Աստված ինչից է մեզ պաշտպանել՝ դարեր առաջ խաթարելով Բաբելոնի բնակիչների ծրագիրը, ու թե ինչ կլիներ, եթե նա չաներ դա։
it-2, էջ 472
Ազգեր
Յուրաքանչյուր լեզվական խումբ, չկարողանալով հաղորդակցվել մյուսների հետ ու տարանջատվելով, ձևավորեց իր ուրույն մշակույթը, արվեստը, սովորույթները, առանձնահատկություններն ու կրոնը, իր ուրույն նիստուկացն ու ապրելակերպը (Ղև 18։3)։ Աստծուց օտարացած՝ այդ բոլոր ազգերն ու ժողովուրդները իրենց համար բազմաթիվ առասպելական աստվածություններ հորինեցին և ստեղծեցին դրանց պատկերող կուռքեր (2Օր 12։30; 2Թգ 17։29, 33)։
Փնտրենք հոգևոր գանձեր
it-1, էջ 1023, պրբ. 4
Քամ
Հնարավոր է, որ Քանանը անձամբ է ներգրավված եղել կատարվածի մեջ, և նրա հայրը՝ Քամը, չի ուղղել նրան։ Կամ թերևս Նոյը, ներշնչված լինելով Աստծուց, մարգարեաբար կանխատեսեց, որ Քամի վատ հակումները, որ գուցե արդեն դրսևորվում էին նաև նրա որդու՝ Քանանի մեջ, ժառանգաբար փոխանցվելու էին Քանանի սերունդներին։ Նոյի անեծքը մասամբ իրականացավ, երբ Սեմից սերած իսրայելացիները հպատակեցրին քանանացիներին։ Վերջիններից նրանք, ում իսրայելացիները չոչնչացրին (օրինակ՝ գաբաոնացիները [Հս 9]), դարձան Իսրայելի ծառաները։ Դարեր անց անեծքը շարունակեց կատարվել, երբ Քամի որդի Քանանի սերունդները ընկան Հաբեթի սերունդների հիմնած աշխարհակալ ուժերի՝ Մարա-Պարսկաստանի, Հունաստանի և Հռոմի տիրապետության տակ։
it-2, էջ 503
Նեբրովթ
Նեբրովթի թագավորությունը իր հիմնադրման սկզբում ներառում էր Բաբելոն, Արեք, Աքքադ և Քալանե քաղաքները, որոնք բոլորն էլ գտնվում էին Սենաար երկրում (Ծն 10։10)։ Հետևաբար, ըստ ամենայնի, նրա կարգադրությամբ էր սկսվել Բաբելոնի և դրա աշտարակի շինարարությունը։ Այս եզրակացությունը ներդաշնակ է նաև հրեաների ավանդական հայացքներին։ Հովսեպոսը գրում է. «[Նեբրովթը] հետզհետե իշխանությունը իր ձեռքը վերցրեց՝ հաստատելով բռնապետություն. նա համոզված էր, որ մարդկանց Աստծու հանդեպ վախից ձերբազատելու միակ միջոցն այն է, որ նրանց շարունակաբար կախման մեջ պահի իր իշխանությունից։ Նա սպառնում էր վրեժ լուծել Աստծուց, եթե նա կամենար կրկին ջրհեղեղ բերել երկրի վրա։ Նա կառուցելու էր մի աշտարակ, որն այնքան բարձր կլիներ, որ ջրերը չէին կարողանա հասնել դրան, ու այդպիսով առնելու էր իրենց նախահայրերի կործանման վրեժը։ Մարդիկ խանդավառությամբ հետևում էին [Նեբրովթի] գաղափարախոսությանը և Աստծուն ենթարկվելը ստրկություն էին համարում, ուստիև սկսեցին կառուցել աշտարակը.... և այն վեր էր խոյանում այնպիսի արագությամբ, որ գերազանցում էր բոլոր սպասելիքները» (Jewish Antiquities, I, 114, 115 (iv, 2, 3))։