«Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ
ՓԵՏՐՎԱՐԻ 3–9
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԾՆՆԴՈՑ 12–14
«Ուխտ, որը քեզ էլ է առնչվում»
w89 7/1, էջ 3, պրբ. 4
Ինչո՞ւ է կարևոր իմանալ ճշմարտությունը Աբրահամի մասին
Սա իսկապես որ ապշեցուցիչ խոստում էր, և առնվազն երկու այլ առիթներով Աբրահամը կրկին լսեց այդ խոսքերը (Ծննդոց 18։18; 22։18)։ Այն իրականացնելու համար Աստված նույնիսկ հարություն է տալու վաղուց արդեն մահացած գերդաստանների բազմաթիվ ներկայացուցիչների։ Հարություն առած այդ մարդկանց համար կյանքն իսկական օրհնություն է լինելու, քանի որ մեծ մասը հարություն է առնելու երկրի վրա այնպիսի պայմաններում, ինչպիսիք որ կային առաջին մարդու կորցրած դրախտում։ Հետո նրանք կուսուցանվեն, որպեսզի իմանան, թե ինչ է հարկավոր անել մեկ այլ հրաշալի օրհնություն ստանալու համար՝ հավիտենական կյանքը (Ծննդոց 2։8, 9, 15–17; 3։17–23)։
it-2, էջ 213, պրբ. 3
Օրենք
Այս հարցին առնչվող պատմական փաստերի հիման վրա՝ որոշ գիտնականներ կարծում են, որ հողատարածքը գնորդին հանձնելիս հարմար դիտակետից նրան ցույց էին տալիս այդ հողատարածքը՝ իր հստակ սահմաններով։ Երբ գնորդն ասում էր՝ «տեսնում եմ», դրանով իրավականորեն հաստատում էր, որ վերցնում է այդ հողատարածքը։ Երբ Եհովան Աբրահամին խոստացավ, որ վերջինս կստանա Քանանի երկիրը, նախևառաջ Աբրահամին ասաց, որ նայի բոլոր չորս ուղղություններով։ Աբրահամը «տեսնում եմ» չասաց թերևս այն պատճառով, որ Աստված ասել էր, որ այդ Խոստացյալ երկիրը ավելի ուշ նրա սերնդի՛ն էր տալու (Ծն 13։14, 15)։ Մովսեսին՝ Իսրայել ազգի իրավական ներկայացուցչին, ասվեց, որ «նայի», կամ՝ «տեսնի» երկիրը, և եթե գիտնականների վերոնշյալ տեսակետը ճիշտ է, ապա դա նշանակում էր, որ այդ երկիրը օրինականապես հանձնվում էր Իսրայելին, ու նրանք Հեսուի առաջնորդությամբ տիրելու էին դրան (2Օր 3։27, 28; 34։4; նկատի առ նաև Սատանայի առաջարկը Հիսուսին՝ գրված Մթ 4։8-ում)։ Մեկ այլ գործողություն, որն, ըստ ամենայնի, նմանատիպ իրավական նշանակություն ուներ, երկրին տիրանալու համար դրա երկարությամբ ու լայնությամբ շրջելն էր կամ այնտեղ մտնելը (Ծն 13։17; 28։13)։ Իսկ որոշ հին փաստաթղթերում առքուվաճառքի յուրաքանչյուր գործարքի ժամանակ հիշատակվում էր տվյալ հողատարածքում եղած ծառերի քանակը (համեմատիր Ծն 23։17, 18)։
Փնտրենք հոգևոր գանձեր
it-2, էջ 683, պրբ. 1
Քահանա
Մելքիսեդեկը՝ Սաղեմի թագավորը, բացառիկ քահանա էր (կոհեն)։ Աստվածաշնչում չկա ոչ մի արձանագրություն նրա նախնիների, նրա ծննդյան կամ մահվան մասին։ Նա իր քահանայությունը ժառանգաբար չէր ստացել և այդ պաշտոնի մեջ չուներ ո՛չ նախորդներ, ո՛չ հաջորդներ։ Մելքիսեդեկը և՛ թագավոր էր, և՛ քահանա։ Նրա քահանայությունը շատ ավելի մեծ էր քան ղևտացիներինը, չէ՞ որ Ղևին, ըստ էության, տասանորդ վճարեց Մելքիսեդեկին. նա դեռ իր նախահայր Աբրահամի «երանքում» էր, երբ վերջինս տասանորդ տվեց Մելքիսեդեկին, և օրհնվեց նրա կողմից (Ծն 14։18–20; Եբ 7։4–10)։ Այս բոլոր առումներով Մելքիսեդեկը հանդիսանում էր Հիսուս Քրիստոսի նախապատկերը, ուստի Հիսուսի մասին ասվում է, որ նա «հավիտենական քահանա է՝ Մելքիսեդեկի կարգի պես» (Եբ 7։17)։
ՓԵՏՐՎԱՐԻ 10–16
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԾՆՆԴՈՑ 15–17
«Ինչո՞ւ Եհովան փոխեց Աբրամի և Սարայի անունները»
it-1, էջ 817
Հանցանք, հանցանք գտնել
Մարդկանց վարվելակերպն ու արարքները շատ հաճախ սխալ ու հանցավոր են լինում։ Բոլոր մարդիկ էլ մեղք ու սխալականություն են ժառանգել Ադամից (Հռ 5։12; Սղ 51։5)։ Բայց Եհովան, անձամբ լինելով անսխալական, «լավ գիտի մեր կազմությունը, հիշում է, որ հող ենք մենք», և ողորմած է մեր հանդեպ (Սղ 103։13, 14)։ Նա իր հավատարիմ ու հնազանդ ծառային՝ Նոյին, համարեց «անարատ.... իր ժամանակակիցների մեջ» (Ծն 6։9)։ Իսկ Աբրահամին նա այսպիսի պատվեր տվեց. «Քայլիր իմ առաջ և անարատ եղիր» (Ծն 17։1)։ Թեև այս երկու մարդիկ էլ անկատար էին և ի վերջո մահացան, բայց Եհովան, ով մարդկանց «սիրտն է տեսնում», նրանց անարատ՝ հանցանքից զերծ համարեց (1Սմ 16։7; համեմատիր 2Թգ 20։3; 2Տգ 16։9)։ Եհովան Իսրայելին պատվիրեց. «Անարատ եղիր քո Աստված Եհովայի առաջ» (2Օր 18։13; 2Սմ 22։24)։ Նա ոչ մի հանցանք չունեցող իր անարատ Որդուն (Եբ 7։26) տվեց որպես փրկանք ու դրա հիման վրա կարող է բոլոր իրեն հավատացող ու հնազանդվող մարդկանց «արդար», կամ՝ առանց հանցանքի համարել, ու միևնույն ժամանակ մնալ արդար ու անմեղադրելի Դատավոր (Հռ 3։25, 26; տես ԱՆԱՐԱՏՈՒԹՅՈՒՆ; ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆ)։
it-1, էջ 31, պրբ. 1
Աբրահամ
Ժամանակն անցնում էր։ Նրանք արդեն մոտ տասը տարի էր, ինչ Քանանում էին, բայց Սառան դեռ ամուլ էր։ Այդ պատճառով Սառան առաջարկեց, որ իր եգիպտացի աղախինը՝ Հագարը, հարաբերություն ունենա Աբրահամի հետ. նա ուզում էր այդպես՝ Հագարի միջոցով, երեխա ունենալ։ Աբրահամը համաձայնվեց։ Մ. թ. ա. 1932 թ.-ին, երբ Աբրահամը 86 տարեկան էր, ծնվեց Իսմայելը (Ծն 16։3, 15, 16)։ Անցավ ևս մի քանի տարի։ Մ. թ. ա. 1919 թ.-ին, երբ Աբրահամը 99 տարեկան էր, Եհովան, որպես իր ու Աբրահամի մեջ եղած ուխտի նշան կամ կնիք, պատվիրեց, որ Աբրահամի տան բոլոր արական սեռի անդամները թլփատվեն։ Հենց այդ ժամանակ էր նաև, որ Եհովան Աբրամի անունը փոխեց Աբրահամ՝ ասելով նրան. «Որովհետև քեզ բազում ազգերի հայր եմ դարձնելու» (Ծն 17։5, 9–27; Հռ 4։11)։ Դրանից շատ չանցած՝ նյութական մարմին հագած երեք հրեշտակներ, որոնց Աբրահամը սրտանց հյուրընկալեց որպես Եհովայի ներկայացուցիչների, խոստացան, որ Սառան անձամբ որդի կծնի, և դա լինելու էր հենց գալիք տարում (Ծն 18։1–15)։
Փնտրենք հոգևոր գանձեր
it-1, էջ 460–461
Ժամանակագրություն
Եհովան ասաց Աբրամին (Աբրահամին). «Ստույգ իմացիր, որ քո հետնորդները պանդուխտ պիտի լինեն մի երկրում, որն իրենցը չէ, և նրանք պիտի ծառայեն այնտեղի մարդկանց, ու այդ մարդիկ չորս հարյուր տարի պիտի չարչարեն նրանց» (Ծն 15։13; տես նաև Գրծ 7։6, 7)։ Այս խոսքերը ասվել էին նախքան խոստացված ժառանգի, կամ՝ «հետնորդի»՝ Իսահակի ծնվելը։ Մ. թ. ա. 1932 թ.-ին եգիպտացի աղախին Հագարը Աբրահամի համար լույս աշխարհ բերեց Իսմայելին, իսկ մ. թ. ա. 1918-ին ծնվեց Իսահակը (Ծն 16։16; 21։5)։ Եթե Եգիպտոսից իսրայելացիների դուրս գալուց, որով վերջ էր գտնելու «չարչարելը» (Ծն 15։14), 400 տարի հետ հաշվենք, ապա դա մեզ կբերի մ. թ. ա. 1913 թ.։ Այդ ժամանակ Իսահակը մոտ հինգ տարեկան էր։ Ըստ երևույթին, նա արդեն կաթից կտրվել էր և, լինելով «պանդուխտ» մի երկրում, որն իրենը չէր, սկսեց իր վրա զգալ մարգարեացված չարչարանքները, ինչը դրսևորվում էր նրանով, որ Իսմայելը, ով այդ ժամանակ մոտ 19 տարեկան էր, «ծաղրում էր նրան» (Ծն 21։8, 9)։ Թեև մեր ժամանակներում Աբրահամի ժառանգի հանդեպ Իսմայելի դրսևորած այդ ծաղրական վերաբերմունքը էական նշանակություն ունեցող բան չէր համարվի, սակայն այդպես չէր նահապետական ժամանակներում։ Դա երևում է Սառայի արձագանքից, ով պահանջեց, որ Հագարն ու նրա որդին՝ Իսմայելը, վռնդվեն, ինչպես նաև այն բանից, որ Աստված հավանություն տվեց դրան (Ծն 21։10–13)։ Հենց միայն այն փաստը, որ այս եղելությունը ամենայն մանրամասնությամբ արձանագրվել է Աստծու Խոսքում, նույնպես ցույց է տալիս, որ այն էական նշանակություն ուներ, և որ դրանով սկսվեցին 400-ամյա չարչարանքները, որոնք վերջ էին գտնելու, երբ իսրայելացիները դուրս գային Եգիպտոսից (Գղ 4։29)։
ՓԵՏՐՎԱՐԻ 17–23
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԾՆՆԴՈՑ 18–19
Փնտրենք հոգևոր գանձեր
w88 5/15, էջ 23, պրբ. 4–5
Որևէ մարդ երբևէ տեսե՞լ է Աստծուն
Այժմ հասկանալի է, թե ինչու Աբրահամը նյութական մարմին հագած հրեշտակին՝ Աստծու պատգամաբերին, դիմեց այնպես, ասես անձամբ Եհովա Աստծուն էր դիմում։ Քանի որ այդ հրեշտակը ասաց ճիշտ և ճիշտ այն, ինչ Աստված էր ուզում ասել Աբրահամին, և քանի որ հանդիսանում էր Աստծու ներկայացուցիչը, այդ պատճառով Աստվածաշնչում իրավամբ կարող էր ասվել, որ «Եհովան հայտնվեց նրան [Աբրահամին]», թեև հայտնվողը հրեշտակն էր (Ծննդոց 18։1)։
Կարևոր է նաև հիշել, որ Աստծու պատգամաբեր հրեշտակը կարող էր Նրա խոսքերը հաղորդել նույնպիսի ճշգրտությամբ, ինչպիսի ճշգրտությամբ այսօր հեռախոսը կամ ռադիոն կարող են մեր խոսքերը հաղորդել ուրիշ մարդկանց։ Հետևաբար հասկանալի է, թե ինչու էին Աբրահամը, Մովսեսը, Մանուեն և ուրիշներ նյութական մարմին հագած հրեշտակների հետ խոսում այնպես, ասես Աստծու հետ էին խոսում։ Թեև այս մարդիկ տեսան այդ հրեշտակներին ու Եհովայի փառքը, որ արտացոլված էր այդ հրեշտակների մեջ, բայց նրանք չէին կարող տեսնել Աստծուն։ Ուստի այս ամենը ոչ մի առումով չի հակասում Հովհաննես առաքյալի գրած հետևյալ ճշմարտությանը. «Ոչ մի մարդ երբևէ չի տեսել Աստծուն» (Հովհաննես 1։18)։ Այս մարդիկ տեսել են միայն Աստծուն ներկայացնող հրեշտակներին, բայց ոչ անձամբ Աստծուն։
ՓԵՏՐՎԱՐԻ 24–ՄԱՐՏԻ 1
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԾՆՆԴՈՑ 20–21
Փնտրենք հոգևոր գանձեր
w89 7/1, էջ 20, պրբ. 9
Աբրահամ. օրինակ բոլոր նրանց համար, ովքեր ուզում են Աստծու ընկերը լինել
9 Ի պատասխան՝ Աբրամը հավատի մեկ այլ գործ արեց. Աստվածաշնչյան արձանագրության մեջ կարդում ենք. «Նա զոհասեղան շինեց Եհովայի համար» (Ծննդոց 12։7)։ Ըստ ամենայնի, դա ներառում էր նաև կենդանի զոհաբերելը, քանի որ «զոհասեղան» թարգմանված եբրայերեն բնագրային բառը նշանակում է «զոհ մատուցելու տեղ»։ Ավելի ուշ Աբրամը հավատի այս նույն գործերը արեց նաև այդ երկրի՝ Քանանի այլ մասերում։ Բացի այդ, նա «սկսեց կանչել Եհովայի անունը» (Ծննդոց 12։8; 13։18; 21։33)։ «Կանչել անունը» թարգմանված եբրայերեն արտահայտությունը նաև նշանակում է «հռչակել [քարոզել] անունը»։ Աբրամի ողջ գերդաստանը, ինչպես նաև քանանացիները անկասկած լսել են, թե ինչպես էր այդ հավատարիմ մարդը խիզախորեն հռչակում իր Աստծու՝ Եհովայի անունը (Ծննդոց 14։22–24)։ Բոլոր նրանք, ովքեր ուզում են Աստծու ընկերը լինել, պետք է, Աբրամի նման, հավատով կանչեն Աստծու անունը։ Դա կնշանակի նաև մասնակցել Աստծու մասին հանրորեն քարոզելու գործին՝ նրան «գովաբանության զոհ մատուցելով, այսինքն՝ շուրթերի պտուղը, որոնք հրապարակորեն հռչակում են նրա անունը» (Եբրայեցիներ 13։15; Հռոմեացիներ 10։10)։