«Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ
ՀՈՒՆՎԱՐԻ 4–10
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՂԵՎՏԱԿԱՆ 18–19
«Բարոյապես մաքուր մնա»
Ի՞նչ անենք, որ չընկնենք Սատանայի թակարդը
Թվարկելով հարևան ազգերի նողկալի բարքերը՝ Բարձրյալն իսրայելացիներին ասաց. «Մի՛ վարվեք այնպես, ինչպես վարվում է Քանանի երկիրը, ուր որ ձեզ տանում եմ.... Այդ երկիրը անմաքուր է, և նրա հանցանքի համար ես պատժելու եմ նրան»։ Իսրայելի սուրբ Աստծու համար քանանացիների վարքը այնքան պիղծ էր, որ նա նրանց երկիրը անմաքուր՝ ապականված էր համարում (Ղևտ. 18։3, 25)։
Եհովան է առաջնորդում իր ժողովրդին
13 Այս հավատարիմ թագավորները շատ էին տարբերվում մյուս ազգերի առաջնորդներից։ Վերջիններս մարդկային իմաստությամբ էին շարժվում և հաշվի չէին առնում, թե իրենց արածները ինչպես կանդրադառնան ժողովրդի վրա։ Օրինակ՝ քանանացիները իրենց առաջնորդների իշխանության ներքո արեցին շատ գարշելի բաներ, ինչպիսիք են արյունապղծությունը, համասեռամոլությունը, անասնապղծությունը, մանուկների ողջակիզումը և կռապաշտությունը (Ղևտ. 18։6, 21–25)։ Իսկ Բաբելոնում ու Եգիպտոսում հետևում էին հիգիենայի այնպիսի կանոնների, որոնք գիտական տեսակետից ողջամիտ չեն և բոլորովին տարբերվում էին այն կանոններից, որ Եհովան տվել էր իր ժողովրդին (Թվեր 19։13)։ Ուստի Աստծու ժողովուրդը կարող էր տեսնել, որ իրենց հավատարիմ առաջնորդները խրախուսում էին հոգևոր, բարոյական և ֆիզիկական մաքրություն։ Հստակ էր, որ Եհովան էր առաջնորդում այդ տղամարդկանց։
Վատ բաներ. ինչ կանի Աստված
Իսկ ի՞նչ կարելի է ասել այն մարդկանց մասին, ովքեր համառորեն հրաժարվում են իրենց ընթացքը փոխելուց և շարունակում են վատ բաներ անել։ Խորհիր այս հստակ խոստման շուրջ. «Ուղղամիտները կբնակվեն երկրի վրա, և անարատները կմնան նրա վրա։ Իսկ ամբարիշտները կվերանան երկրից, և անհավատարիմները բնաջինջ կլինեն նրանից» (Առակներ 2։21, 22)։ Ամբարիշտ մարդկանց ազդեցությունն այլևս չի լինի։ Այս խաղաղ պայմանների ներքո հնազանդ մարդիկ աստիճանաբար կազատվեն ժառանգած անկատարությունից (Հռոմեացիներ 6։17, 18; 8։21)։
Հոգևոր գանձեր
«Ո՜րքան եմ սիրում քո օրէնքը»
11 Մովսիսական օրենքի երկրորդ երեսակը, որ արտահայտում էր Եհովայի հետաքրքրվածությունը իր ժողովրդի բարօրությամբ, վերաբերում էր բերքի մնացորդներ հավաքելու իրավունքին։ Եհովան պատվիրել էր, որ իսրայելացի հողագործը, երբ իր դաշտի բերքը հավաքելու լիներ, թույլ տար կարիքավոր անձանց հավաքել բերքի մնացորդները։ Նա արտի եզերքը չպետք է մինչև վերջ հնձեր, ոչ էլ հավաքեր խաղողի և ձիթենու մնացորդը։ Հողագործը չպետք է վերադառնար դաշտում պատահաբար թողնված հացահատիկի խրձի ետևից։ Սա Աստծու կողմից հոգատարության դրսևորում էր աղքատների, պանդուխտների, որբերի և այրիների նկատմամբ։ Իհարկե, բերքի մնացորդներ հավաքելը հեշտ չէր, բայց դա հնարավորություն էր տալիս նրանց մուրացկանություն չանել (Ղեւտացոց 19։9, 10; Բ Օրինաց 24։19–22; Սաղմոս 37։25)։
ՀՈՒՆՎԱՐԻ 11–17
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՂԵՎՏԱԿԱՆ 20–21
«Եհովան աշխարհից զատում է իր ժողովրդին»
Դրախտում ապրելու հույսդ հիմնավո՞ր է
12 Սակայն, կա մի բան, որը չպետք է աչքաթող անենք։ Աստված հետևյալն ասաց իսրայելացիներին. «Պահեցէք այն ամեն պատուիրանքները, որ ես այսօր ձեզ պատուիրում եմ, որպէս զի զօրանաք, եւ մտնէք ժառանգէք այն երկիրը» (Բ Օրինաց 11։8)։ Նույն երկիրը հիշատակվում է նաև Ղեւտացոց 20։22, 24 համարներում։ Կարդում ենք. «Իմ բոլոր կանոնները եւ իմ բոլոր դատաստանները պահէք, եւ անէք նորանց որ դուրս չ’փսխէ ձեզ այն երկիրն ուր որ ձեզ պիտի տանեմ այնտեղ բնակուելու։ Եւ ասեցի ձեզ. Նորանց երկիրը դուք պիտի ժառանգէք, եւ ես այն ձեզ պիտի տամ ստացուածք լինելու համար՝ մի երկիր որ կաթ եւ մեղր է բղխում»։ Այո, Ավետյաց երկիրը ժառանգելը կախված էր Եհովա Աստծո հետ լավ հարաբերություններ ունենալուց։ Բայց քանի որ իսրայելացիները չհնազանդվեցին Աստծուն, նա բաբելոնացիներին թույլ տվեց նվաճել երկիրը և նրանց տեղահան անել իրենց բնակության վայրից։
it-1, էջ 1199
Ժառանգություն
Ունեցվածք, որը սեփականատիրոջ մահից հետո փոխանցվում է անմիջական ժառանգորդին կամ նրան, ով ժառանգության իրավունք ունի։ Նախածնողներից կամ պապերից ու տատերից ստացված ցանկացած բան (ոչ միայն նյութական)։ Հիմնականում եբրայերեն նախալ բայն է թարգմանվում «ժառանգել» բառով (գոյական՝ նախալա)։ Այն ունի ժառանգություն փոխանցելու կամ ստանալու իմաստ. ժառանգություն, որը սովորաբար ստանում են ժառանգության իրավունքով (Թվ 26։55; Եզկ 46։18)։ Երբեմն եբրայերեն յարաշ բայը ևս օգտագործում են ժառանգություն ստանալու իմաստով, սակայն հիմնականում այդ բառը կիրառվում է տիրանալու իմաստով (Ծն 15։3; Ղև 20։24)։ Այն ունի նաև ռազմական ուժ կիրառելով՝ «քշելու»՝ տեղահան անելու, «զավթելու» իմաստը (2Օր 2։12; 31։3)։ Հունարեն բառերը, որոնք կապ ունեն ժառանգություն բառի հետ, իմաստով մոտ են կլեռոս բառին, որը սկզբնականում կիրառվել է «վիճակ» իմաստով, սակայն ժամանակի ընթացքում ստացել է «բաժին» և ի վերջո՝ «ժառանգություն» իմաստները (Մթ 27։35; Գրծ 1։17; 26։18)։
it-1, էջ 317, պրբ. 2
Թռչուններ
Ջրհեղեղից հետո Նոյը «մաքուր թռչուններից» և մաքուր անասուններից զոհեր մատուցեց Աստծուն (Ծն 8։18–20)։ Դրանից հետո Աստված թույլ տվեց մարդկանց թռչունների միս ուտել, բայց այն պայմանով, որ միսը արյունով չուտեն (Ծն 9։1–4; համեմատիր Ղև 7։26; 17։13)։ Այդ ժամանակներում Աստված հավանաբար ինչ-որ ձևով հայտնել էր, թե որ թռչուններն է համարում «մաքուր»՝ պիտանի զոհաբերության համար։ Ինչ վերաբերում է թռչունների միսը սննդի մեջ օգտագործելուն, Աստվածաշնչից իմանում ենք, որ մինչև Մովսիսական օրենքի ի հայտ գալը, ոչ մի թռչուն չի համարվել ուտելու համար «անմաքուր» (Ղև 11։13–19, 46, 47; 20։25; 2Օր 14։11–20)։ Աստվածաշնչում հստակ նշված չէ, թե ինչի հիման վրա էին որոշ թռչուններ ծիսականորեն «անմաքուր» համարվում։ Սակայն անմաքուր համարվող թռչունների մեծ մասը գիշատիչ էին կամ դիակեր (տես ՀՈՊՈՊ)։ Նոր ուխտը հաստատվելուց հետո, ինչպես Աստված ցույց տվեց Պետրոսին, անմաքուր կենդանիների միսը սննդի մեջ օգտագործելու արգելքը հանվեց (Գրծ 10։9–15)։
Հոգևոր գանձեր
it-1, էջ 563
Կտրվածքներ
Աստծու Օրենքը արգելում էր մահացածի համար կտրվածքներ անել սեփական մարմնի վրա (Ղև 19։28; 21։5; 2Օր 14։1)։ Դա արգելված էր, քանի որ Իսրայելը Եհովայի համար սուրբ ժողովուրդ էր ու նրա հատուկ սեփականությունը (2Օր 14։2)։ Ուստի իսրայելացիները պետք է հեռու մնային կռապաշտության հետ կապ ունեցող ցանկացած արարողությունից։ Բացի այդ, վշտի այդպիսի ծայրահեղ դրսևորումը՝ ինքնախոշտանգումը, բացարձակապես անհարիր էր այն մարդկանց, որոնք շատ լավ գիտեին, թե ինչ վիճակում են գտնվում մահացածները և հարության հույս ունեին (Դն 12։13; Եբ 11։19)։ Ինքնախոշտանգման արգելքը նաև հիշեցնում էր իսրայելացիներին, որ հարկավոր է պատշաճ հարգանք դրսևորել Աստծու ստեղծագործության՝ մարդկային մարմնի նկատմամբ։
ՀՈՒՆՎԱՐԻ 18–24
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՂԵՎՏԱԿԱՆ 22–23
«Հին Իսրայելի եղանակային տոները ի՞նչ նշանակություն ունեն մեզ համար»
it-1, էջ 826–827
Անթթխմոր հացերի տոն
Անթթխմոր հացերի տոնի առաջին օրը հանդիսավոր հավաքույթ և շաբաթ էր համարվում։ Հաջորդ օրը՝ նիսանի 16-ին, քահանայի մոտ էին բերում գարու բերքի առաջին խուրձը։ Գարին Պաղեստինում ամենից շուտ հասնող մշակաբույսն էր։ Մինչ այդ տոնը արգելվում էր ուտել նոր հացահատիկ (լիներ թարմ, թե բոված) և դրանից պատրաստված հաց։ Նիսանի 16-ին Քահանան երերացնում էր գարու խուրձը, ինչը նշանակում էր, որ այն մատուցում է Եհովային։ Այդ ընթացքում Եհովայի համար որպես ողջակեզ մատուցում էին մինչև մեկ տարեկան անարատ խոյ, որպես հացի ընծա բերում էին յուղով խառնած բարձրորակ ալյուր, իսկ որպես ըմպելիքի ընծա՝ գինի (Ղև 23։6–14)։ Եհովան չէր ասել, որ բերված հացահատիկը կամ դրանից ստացված ալյուրը այրեն զոհասեղանի վրա, ինչպես հետագայում սկսեցին անել քահանաները։ Այդ տոնի ժամանակ գարու բերքի առաջին պտուղը բերվում էր ողջ ազգի անունից, սակայն Իսրայելում կալվածք ունեցող ամեն ընտանիք և մարդ նույնպես կարող էր շնորհակալական զոհ մատուցել Եհովային (Ելք 23։19; 2Օր 26։1, 2; տես ԱՌԱՋԻՆ ՊՏՈՒՂՆԵՐ)։
Նշանակությունը։ Այդ տոնի ընթացքում իսրայելացիները անթթխմոր հաց էին ուտում՝ համաձայն այն հրահանգների, որ Եհովան տվել էր Մովսեսին։ Դրանց մասին նշված է Ելք 12։14–20 համարներում։ 19-րդ համարում խիստ զգուշացում էր տրված. «Յոթ օր ձեր տներում թթխմոր չպետք է գտնվի»։ 2 Օրենք 16։3-ում անթթխմոր հացերը կոչվում են «նեղության հաց», դրանք հրեաներին տարեց տարի հիշեցնում էին, որ իրենք շտապելով էին դուրս եկել Եգիպտոսից (երբ իրենց ունեցած խմորը չէր հասցրել խմորվել [Ելք 12։34])։ Անթթխմոր հաց ուտելով՝ նրանք հիշում էին, թե իրենց ազգակիցները ինչպիսի նեղություններ էին կրել Եգիպտոսում ստրուկ եղած ժամանակ, և թե ինչից էր Եհովան ազատել նրանց։ Եհովան ինքն էլ ասաց. «Դա կօգնի, որ կյանքիդ բոլոր օրերում հիշես այն օրը, երբ դուրս եկար Եգիպտոսից»։ Ուստի տեղին էր, որ իրենց երեք մեծ տոներից առաջինի ժամանակ իսրայելացիները խորհրդածում էին այն մասին, թե ինչպես էին ազատագրվել և դարձել ազգ, և այն մասին, որ Եհովան էր իրենց Ազատարարը (2Օր 16։16)։
it-2, էջ 598, պրբ. 2
Պենտեկոստե
Ցորենի բերքի առաջին պտուղները այնպես չէին մատուցվում, ինչպես գարու բերքինը։ Ցորենի բարձրորակ ալյուրից՝ արդուի երկու տասներորդ չափով (4,4 լ / 4 քվարտա), երկու խմորված հաց էին թխում։ Դրանք «բնակատեղից էին բերում», ինչը նշանակում է, որ այդ հացերը սովորական տնական հացերի պես էին պատրաստում, ոչ թե այնպես, ինչպես սուրբ նպատակի համար նախատեսված հացերը (Ղև 23։17)։ Այդ հացերի հետ բերում էին նաև ողջակեզներ, մեղքի ընծա և խաղաղության զոհեր՝ երկու արու գառ։ Քահանան մի ափին դնում էր հացերը, մյուս ափին՝ երկու գառների որոշ մասերը, և դրանք, առաջ ու հետ տանելով, երերացնում էր, ինչը նշանակում էր, որ նա այդ ամենը տալիս է Եհովային։ Հացերն ու գառները Եհովային մատուցելուց հետո դրանք տրվում էին քահանային որպես ուտելիք, քանի որ խաղաղության զոհ էին հանդիսանում (Ղև 23։18–20)։
Համաքա՞յլ ես ընթանում Եհովայի կազմակերպության հետ
11 Եհովայի կազմակերպությունը գործում է հօգուտ մեզ, երբ հորդորում է ականջ դնել Պողոս առաքյալի հետևյալ խորհրդին. «Եկեք ուշադիր լինենք միմյանց հանդեպ, որ սիրո ու բարի գործերի մղենք իրար, և բաց չթողնենք մեր հավաքույթները, ինչպես սովոր են անել ոմանք, այլ քաջալերենք միմյանց, առավել ևս որ տեսնում ենք՝ օրը մոտենում է» (Եբր. 10։24, 25)։ Իսրայելացիների տարեկան տոները և երկրպագության հետ կապված մյուս հավաքույթները նրանց հոգևորապես կերտում էին։ Բացի այդ, դրանք ուրախալի հավաքույթներ էին, ինչպիսին որ Նեեմիայի օրերում տեղի ունեցած Տաղավարների տոնն էր (Ելք 23։15, 16; Նեեմ. 8։9–18)։ Մեզ համար այսպիսի հավաքույթներ են ժողովներն ու համաժողովները։ Եկեք լիովին օգտվենք այս միջոցներից. դրանք նպաստում են մեր երջանկությանը և հոգևոր առողջությանը (Տիտոս 2։2)։
Հոգևոր գանձեր
Մի՛ թող անարատությունդ
3 Երբ «անարատություն» բառը կիրառվում է Աստծու ծառայի առնչությամբ, ապա նշանակում է, որ այդ մարդը ամբողջ սրտով սիրում է Եհովային և անմնացորդ նվիրված է նրան, ուստի իր բոլոր որոշումներում առաջին հերթին նրա կամքն է հաշվի առնում։ Քննենք, թե այս բառը Աստվածաշնչում ինչպես է կիրառվում։ «Անարատություն» թարգմանված եբրայերեն բառը նշանակում է «պակասություն կամ թերություն չունեցող, առողջ, անաղարտ, ամբողջական»։ Օրինակ՝ Մովսիսական օրենքում ասվում էր, որ Եհովային զոհաբերվող կենդանիները պետք է անարատ լինեն (Ղևտ. 22։21, 22)։ Այսինքն՝ չէր կարելի որպես զոհ մատուցել կույր, կաղ, անականջ կամ հիվանդ կենդանի։ Եհովայի համար շատ կարևոր էր, որ զոհաբերվող կենդանին թերություն չունենար և առողջ լիներ (Մաղ. 1։6–9)։ Դժվար չէ հասկանալ, թե Աստված ինչու էր ուզում, որ զոհաբերվող կենդանին այդպիսին լիներ։ Չէ՞ որ երբ մի բան ենք գնում, ասենք՝ միրգ, ինչ-որ սարք կամ գիրք, մենք էլ ենք ուզում, որ այն լավ որակի լինի, օրինակ՝ մրգի վրա փչացած տեղեր չլինեն, սարքի բոլոր դետալները տեղում լինեն, գրքից էջեր պակաս չլինեն։ Մենք ուզում ենք, որ մեր գնած իրը կամ միրգը թերություն չունենա, լինի առողջ և ամբողջական։ Եհովան էլ է ուզում, որ մեր սերն ու հավատարմությունը այդպիսին լինեն։
ՀՈՒՆՎԱՐԻ 25–31
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՂԵՎՏԱԿԱՆ 24–25
«Հոբելյան տարին և մեր ապագա ազատագրումը»
it, «Ազատություն», պրբ. 3
Ազատություն
Ազատության Աստված։ Եհովան ազատության Աստված է։ Նա իսրայելացիներին ազատեց Եգիպտոսի ստրկությունից և ասաց, որ եթե հնազանդվեն իր պատվիրաններին, կարիքի մեջ չեն լինի (2Օր 15։4, 5)։ Դավիթը խոսեց Երուսաղեմի ամրոցների մեջ «հոգսերից ազատ լինելու» մասին (Սղ 122։6, 7)։ Օրենքում ասվում էր, որ եթե եբրայեցին աղքատանար, կարող էր վաճառել ինքն իրեն՝ դառնալով ծառա, որպեսզի հոգար իր և իր ընտանիքի կարիքները։ Սակայն ըստ Օրենքի՝ յոթերորդ տարում նա պետք է ազատ արձակվեր (Ելք 21։2)։ Հոբելյանին (լինում էր ամեն 50-րդ տարում) երկրում ազատություն էր հայտարարվում նրա բոլոր բնակիչներին։ Յուրաքանչյուր եբրայեցի ծառա ազատ էր արձակվում, և յուրաքանչյուր մարդ վերադառնում էր իր ժառանգական կալվածքը (Ղև 25։10–19)։
it-1, էջ 1200, պրբ. 2
Ժառանգություն
Քանի որ ամեն հողատարածք պատկանում էր մի ընտանիքի և փոխանցվում էր սերնդեսերունդ, այն հնարավոր չէր ընդմիշտ վաճառել։ Հողի վաճառքը, ըստ էության, վարձակալություն էր։ Վարձը սահմանում էին հողի տված բերքի արժեքով՝ հաշվի առնելով այն, թե քանի տարի է մնացել մինչև Հոբելյանը, որի ժամանակ բոլոր ժառանգական կալվածքները վերադարձվում էին դրանց նախորդ տերերին, եթե իհարկե դրանք մինչև Հոբելյանը հետ չէին գնվել (Ղև 25։13, 15, 23, 24)։ Այս օրենքը տարածվում էր նաև այն քաղաքների տների վրա, որոնք պարսպապատ չէին։ Այդպիսի տունը համարվում էր բաց դաշտի մի մասը։ Ինչ վերաբերում է պարսպապատ քաղաքներում գտնվող տների վաճառքին, եթե տան նախկին տերը մեկ տարվա ընթացքում հետ չէր գնում այն, ապա տունը ընդմիշտ մնում էր ներկայիս տիրոջը։ Այս օրենքը չէր տարածվում ղևտացիների վրա։ Նրանք միշտ կարող էին հետ գնել իրենց քաղաքներում գտնվող տները, քանի որ նրանց որպես ժառանգություն հողատարածք չէր տրվել (Ղև 25։29–34)։
it-2, էջ 122–123
Հոբելյան
Եթե Իսրայել ազգը հնազանդվեր Հոբելյան տարվա մասին օրենքին, ապա չէր հայտնվի տնտեսական խղճուկ վիճակում, ինչպիսին տիրում է ներկայիս բազմաթիվ երկրներում, որտեղ հասարակությունը, ըստ էության, բաժանված է երկու խավի՝ մեծահարուստների և ծայրաստիճան աղքատների։ Երբ հասարակության յուրաքանչյուր անդամ լավ է ապրում, ողջ ազգը բարգավաճում է։ Նման հասարակության մեջ չեն լինում ընչազուրկներ կամ այնպիսի մարդիկ, որոնք տնտեսական վատ պայմանների պատճառով չեն կարողանում լիարժեքորեն դրսևորել իրենց տաղանդներն ու հմտությունները, հակառակը՝ բոլորի արդյունավետ աշխատանքը նպաստում է ազգի բարգավաճմանը։ Եթե իսրայելացիները հնազանդվեին Եհովային, ապա նրանից եկած օրհնությունների՝ առատ բերքի և արդյունավետ կրթական համակարգի շնորհիվ կատարյալ կառավարություն կունենային և կբարգավաճեին այնպես, ինչպես միայն իսկական աստվածապետական իշխանության ներքո է հնարավոր (Ես 33։22)։
Հոգևոր գանձեր
Վրեժխնդիր լինե՞լ
Եթե իսրայելացին վնասում էր իր ազգակցի աչքը, Օրենքը պահանջում էր, որ վնասողը արդար հատուցում ստանա։ Սակայն ոչ թե տուժողը կամ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկն էր իրագործում օրենքը, այլ նշանակված դատավորները։ Այն բանի գիտակցումը, որ բռնություն կամ հանցանք գործողը պետք է նույն պատիժը ստանար, մարդուն հետ էր պահում վրեժխնդիր լինելուց։
ՓԵՏՐՎԱՐԻ 1–7
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՂԵՎՏԱԿԱՆ 26–27
«Ի՞նչ պետք է անենք, որ օրհնվենք Եհովայից»
Մերժենք «անարժեք բաները»
8 Ինչպե՞ս կարող է «Հարստությունը» աստված դառնալ։ Պատկերացնենք հին Իսրայելի ժամանակները։ Դաշտում ընկած է մի քար։ Այդ քարը կարող է օգտակար լինել տան կամ պարսպի շինարարության համար։ Բայց եթե «արձան» կամ «պատկերաւոր կոթող» պատրաստելու նպատակով օգտագործվի, ապա գայթակղության քար կդառնա Եհովայի ժողովրդի համար (Ղեւտ. 26։1)։ Նմանապես, փողը ինքնին վատ բան չէ։ Այն անհրաժեշտ է ապրելու, ինչպես նաև հանուն Թագավորության շահերի օգտագործելու համար (Ժող. 7։12; Ղուկ. 16։9)։ Սակայն եթե փողը մեզ համար ավելի կարևոր նշանակություն է ստանում, քան քրիստոնեական ծառայությունը, այն, փաստորեն, դառնում է մեր աստվածը (կարդա՛ 1 Տիմոթեոս 6։9, 10)։ Այս աշխարհում մարդիկ նյութական ձեռքբերումներին անչափ մեծ կարևորություն են տալիս։ Բայց մենք պետք է հավասարակշռված տեսակետ պահպանենք այս հարցում (1 Տիմոթ. 6։17–19)։
it-1, էջ 223, պրբ. 3
Ակնածանք
Եհովայի հետ ունեցած հատուկ փոխհարաբերությունների շնորհիվ Մովսեսը Իսրայելի աչքի առաջ ահարկու (եբրայերեն՝ մորա, որը կարող է թարգմանվել նաև «ակնածանք ներշնչող») գործեր էր անում (2Օր 34։10, 12; Ելք 19։9)։ Հավատով լի մարդիկ ակնածալից վախ ունեին Մովսեսի իշխանության հանդեպ։ Նրանք հասկանում էին, որ Աստված է խոսում Մովսեսի միջոցով։ Իսրայելացիները պետք է ակնածալից վախ ունենային նաև Եհովայի սրբարանի հանդեպ (Ղև 19։30; 26։2)։ Նրանք պետք է խոր հարգանքով վերաբերվեին սրբարանին, այսինքն՝ պետք է երկրպագեին Եհովային այնպես, ինչպես նա ասել էր, և պետք է պահեին նրա բոլոր պատվիրանները։
w91 3/1, էջ 17, պրբ. 10
Թող «Աստծու խաղաղությունը» պահպանի ձեր սրտերը
10 Եհովան ասաց Իսրայել ազգին. «Եթե շարունակեք հետևել իմ կանոններին, պահել իմ պատվիրաններն ու կատարել դրանք, ես ճիշտ ժամանակին ձեզ հորդառատ անձրևներ կտամ, ու երկիրն իր բերքը կտա, և դաշտի ծառերն իրենց պտուղը կտան։ Այդ երկրին ես խաղաղություն կտամ։ Դուք կպառկեք, ու ձեզ ոչ ոք չի վախեցնի։ Երկրից կվերացնեմ գիշատիչ գազաններին, և սուր չի անցնի ձեր երկրով։ Ես կքայլեմ ձեր մեջ ու ձեր Աստվածը կլինեմ, իսկ դուք իմ ժողովուրդը կլինեք» (Ղևտական 26։3, 4, 6, 12)։ Իսրայելացիները կարող էին խաղաղություն վայելել, քանի որ կարող էին պաշտպանված լինել թշնամիներից, նյութապես ապահովված լինել և մտերիմ փոխհարաբերություններ ունենալ Եհովայի հետ։ Բայց այս ամենը լիովին կախված էր այն բանից, թե նրանք որքանով կհնազանդվեին Եհովայի Օրենքին (Սաղմոս 119։165)։
Հոգևոր գանձեր
it-2, էջ 617
Համաճարակ
Աստծու Օրենքը խախտելու հետևանք։ Աստված իսրայելացիներին նախազգուշացրեց, որ եթե խախտեն նրանց հետ հաստատած իր ուխտը, նա «համաճարակ կուղարկի նրանց մեջ» (Ղև 26։14–16, 23–25; 2Օր 28։15, 21, 22)։ Աստվածաշնչում ասվում է, որ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր առողջությունը կապ ունի Աստծու օրհնության հետ (2Օր 7։12, 15; Սղ 103։1–3; Առ 3։1, 2, 7, 8; 4։21, 22; Հտն 21։1–4), իսկ հիվանդությունները կապ ունեն մեղքի ու անկատարության հետ (Ելք 15։26; 2Օր 28։58–61; Ես 53։4, 5; Մթ 9։2–6, 12; Հվ 5։14)։ Ուստի թեև Եհովան երբեմն որոշ մարդկանց վրա անձամբ է հիվանդություն բերել, ինչպես, օրինակ, եղավ Մարիամի, Օզիայի և Գեեզիի դեպքում, երբ նրանց բորոտությամբ հարվածեց (Թվ 12։10; 2Տգ 26։16–21; 2Թգ 5։25–27), սակայն շատ դեպքերում հիվանդություններն ու համաճարակները առանձին մարդկանց կամ ժողովուրդների գործած սխալ արարքների անխուսափելի հետևանքն էին։ Նրանք պարզապես հնձում էին այն, ինչ ցանել են. նրանց ֆիզիկական տառապանքները իրենց իսկ սխալ ընթացքի հետևանքն էին (Գղ 6։7, 8)։ Այն մարդկանց մասին, ովքեր խայտառակ անբարոյություն էին գործում, Պողոս առաքյալը ասաց, որ Աստված «նրանց մատնեց անմաքրության, որպեսզի նրանց մարմինները անարգվեն.... և [նրանք] իրենց անձերում ստանում էին ողջ հատուցումը, ինչը և արժան էր իրենց մոլորությանը» (Հռ 1։24–27)։
ՓԵՏՐՎԱՐԻ 8–14
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԹՎԵՐ 1–2
«Եհովան կազմակերպչական հրահանգներ է տալիս իր ժողովրդին»
w94 12/1, էջ 9, պրբ. 4
Մեր կյանքը պետք է պտտվի մաքուր երկրպագության շուրջ
4 Ի՞նչ կտեսնեիր, եթե վերևից նայեիր անապատում հանգրվանած Իսրայելի ճամբարին։ Կտեսնեիր բազմաթիվ վրաններ, որտեղ ավելի քան երեք միլիոն մարդ էր օթևանել։ Բայց այդ վրանները ոչ թե պարզապես սփռված էին ճամբարով մեկ, այլ շարքերով դասավորված էին. երեք ցեղ վրան էր դրել հյուսիսում, երեք ցեղ՝ հարավում, երեքական ցեղ էլ արևելքում և արևմուտքում։ Իսկ եթե փոքր ինչ ավելի մոտիկից նայեիր, կնկատեիր ևս չորս խումբ վրաններ, որոնք տեղակայված էին ճամբարի կենտրոնական մասում։ Դրանք Ղևիի ցեղի ընտանիքների վրաններն էին։ Իսկ ճամբարի հենց կենտրոնում մի յուրահատուկ կառույց կար, որը ցանկապատված էր կտավե վարագույրներով։ Դա «հանդիպման վրանն» էր, կամ՝ խորանը, որը Եհովայի նախագծով պատրաստել էին «սրտով իմաստուն» իսրայելացիները (Թվ 1։52, 53; 2։3, 10, 17, 18, 25; Ելք 35։10)։
it-1, էջ 397, պրբ. 4
Ճամբար
Իսրայելի ճամբարը ահռելի չափեր ուներ։ Ըստ հաշվառման տվյալների՝ այնտեղ 603 550 զինվոր կար՝ չհաշված կանանց, երեխաներին, տարեցներին, տկարներին, 22 000 ղևտացիներին և այն բազմազգ ժողովրդին, որ նրանց հետ դուրս էր եկել Եգիպտոսից։ Այսինքն՝ այդ ճամբարում ընդհանուր հաշվով 3 000 000 կամ ավելի մարդ կար (Ելք 12։38, 44; Թվ 3։21–34, 39)։ Դժվար է ասել, թե այդպիսի ճամբարը որքան տարածք էր զբաղեցնում. այս առումով բազմաթիվ ենթադրություններ կան։ Բայց, օրինակ, Աստվածաշնչում ասվում է, որ Երիքովի դիմաց՝ Մովաբի հարթավայրերում դրված ճամբարը Բեթ-Եսիմոթից ձգվում էր մինչև Աբել-Սատիմ (Թվ 33։49)։
Հոգևոր գանձեր
it-2, էջ 764
Գրանցում, հաշվառում
Հաշվառման ժամանակ սովորաբար նշվում էր մարդու անունը և այն, թե նա որ ցեղից էր և որ ընտանիքից։ Հաշվառումը պարզապես մարդահամար չէր։ Ազգի գրանցումները, որոնց մասին խոսվում է Աստվածաշնչում, տարբեր նպատակներով էին արվում, ինչպես օրինակ՝ հարկատու դարձնելու, զինվորական ծառայության նշանակելու կամ (ղևտացիների դեպքում) սրբարանում պարտականությունները բաշխելու համար։
ՓԵՏՐՎԱՐԻ 15–21
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԹՎԵՐ 3–4
«Ղևտացիների ծառայությունը»
it-2, էջ 683, պրբ. 3
Քահանա
Օրենքի ուխտի ներքո։ Երբ իսրայելացիները Եգիպտոսում ստրուկ էին, Եհովան իր համար սրբացրեց նրանց բոլոր առաջնեկ տղաներին, իսկ եգիպտացիների առաջնեկներին տասներորդ պատուհասի ժամանակ կործանեց (Ելք 12։29; Թվ 3։13)։ Հետևաբար, իսրայելացիների առաջնեկները այդուհետ Եհովային էին պատկանում, ուստի կարելի է ասել՝ նրանք բոլորը առանձնացված էին Եհովային սուրբ ծառայություն մատուցելու համար։ Եհովան կարող էր նրանց նշանակել, որ սրբարանում տարբեր պարտականություններ կատարեին կամ ծառայեին որպես քահանաներ։ Սակայն այդ նպատակի համար Եհովան որոշեց Ղևիի ցեղի տղամարդկանց ընտրել։ Դրա համար էլ թույլ տվեց, որ Ղևիի ցեղի տղամարդիկ փոխարինեն մյուս 12 ցեղերի առաջնեկներին (Հովսեփի որդիների՝ Եփրեմի ու Մանասեի սերունդները, երկու առանձին ցեղ էին կազմում)։ Մարդահամարից պարզ դարձավ, որ մյուս ցեղերի մեկ ամսական ու ավելի բարձ տարիքի առաջնեկ որդիների թիվը 273-ով գերազանցում էր Ղևիի ցեղի տղամարդկանց թվին, ուստի Աստված նրանցից յուրաքանչյուրի համար փրկագին սահմանեց՝ հինգ սիկղ ($11)։ Այդ գումարը պետք է տային Ահարոնին ու նրա որդիներին (Թվ 3։11–16, 40–51)։ Իսկ դրանից առաջ Եհովան Ղևիի ցեղից իր համար առանձնացրել էր Ահարոնի ընտանիքի տղամարդկանց, որ նրանք Իսրայելում ծառայեին որպես քահանաներ (Թվ 1։1; 3։6–10)։
it-2, էջ 241
Ղևտացիներ
Պարտականություններ։ Ղևիի ցեղը բաղկացած էր երեք գերդաստանից, որոնք սերել էին Ղևիի որդիներ Գերսոնից (Գերսամ), Կահաթից և Մերարիից (Ծն 46։11; 1Տգ 6։1, 16)։ Անապատում այդ գերդաստաններից յուրաքանչյուրը խորանի մոտ իր նշանակված տեղն ուներ։ Խորանի արևելյան կողմում իր վրաններն էր դնում Կահաթյանների գերդաստանից Ահարոնի ընտանիքը։ Մյուս Կահաթյանները իրենց վրանները դնում էին հարավային կողմում, Գերսոնյանները դնում էին արևմուտքում, իսկ Մերարիյանները՝ հյուսիսում (Թվ 3։23, 29, 35, 38)։ Ղևտացիներին հանձնարարված էր քանդել-հավաքել և տեղափոխել խորանը։ Երբ գալիս էր ճանապարհ ընկնելու ժամանակը, Ահարոնը և նրա որդիները հանում էին այն վարագույրը, որը Սրբությունը բաժանում էր Սրբությունների Սրբությունից, և դրանով ծածկում էին տապանակը, զոհասեղանը և մյուս սուրբ առարկաները ու պատկանելիքները։ Այդ ամենը տեղափոխում էին Կահաթյանները։ Գերսոնյանները տանում էին խորանի ծածկոցը, ծածկը, վարագույրները, գավիթի առագաստները, վրանի պարանները (հավանաբար հենց խորանի պարանները), իսկ Մերարիյանները՝ բոլոր շրջանակները, սյուները, դրանց ակոսավոր պատվանդանները, ցցերն ու պարանները (խորանի գավիթը շրջապատող պարանները) (Թվ 1։50, 51; 3։25, 26, 30, 31, 36, 37; 4։4–33; 7։5–9)։
it-2, էջ 241
Ղևտացիներ
Մովսեսի օրոք ղևտացիները 30 տարեկանից էին սկսում կատարել իրենց պարտականությունները։ Օրինակ, երբ Իսրայելի ճամբարը ճանապարհ էր ընկնում, նրանք տեղափոխում էին խորանը և դրա պատկանելիքները (Թվ 4։46–49)։ Կային որոշ պարտականություններ, որոնք ղևտացիները սկսում էին կատարել 25 տարեկանից, սակայն, ըստ երևույթին, այդ տարիքում նրանց ֆիզիկական ծանր աշխատանք, ինչպիսին խորանի տեղափոխությունն էր, չէին հանձնարարում (Թվ 8։24)։ Դավիթ թագավորի օրոք այդ տարիքային սահմանափակման մեջ փոփոխություն տեղի ունեցավ. այդուհետ ղևտացիները իրենց ծառայությունը պետք է սկսեին 20 տարեկանից։ Դավիթը դա բացատրեց նրանով, որ այլևս խորանը տեղափոխելու կարիք չէր լինելու (այն փոխարինվելու էր տաճարով)։ Ղևտացիները իրենց պարտադիր ծառայությունը ավարտում էին 50 տարեկանում (Թվ 8։25, 26; 1Տգ 23։24–26; տես՝ ՏԱՐԻՔ)։ Ղևտացիները պետք է լավ իմանային Օրենքը, քանի որ նրանց հաճախ էին խնդրում հանրության առաջ կարդալ այն և սովորեցնել հասարակ ժողովրդին (1Տգ 15։27; 2Տգ 5։12; 17։7–9; Նեմ 8։7–9)։
Հոգևոր գանձեր
Իմաստո՛ւն եղիր և վախեցի՛ր Եհովայից
13 Ծանր իրավիճակներում ստանալով Եհովայի օգնությունը՝ Դավիթը դարձավ է՛լ ավելի աստվածավախ և Աստծուն ապավինող անձնավորություն (Սաղմոս 31։22–24)։ Երեք դեպքում, սակայն, Դավիթը թերացավ աստվածավախություն ցուցաբերել, ինչը լուրջ հետևանքներ ունեցավ։ Առաջին դեպքն այն է, երբ նա Եհովայի Ուխտի տապանակը Երուսաղեմ բերեց կառքով։ Այնինչ, Աստծու Օրենքի համաձայն, տապանակը իրենց ուսերի վրա պետք է տեղափոխեին ղևտացիները։ Ոզան, որ քշում էր կառքը, երբ բռնեց Տապանակը՝ այն ուղղելու նպատակով, տեղում մահացավ իր «յանցանքի» համար։ Ճիշտ է, Ոզան էր ծանր մեղք գործողը, բայց, վերջիվերջո, այդ դժբախտությունը տեղի ունեցավ այն պատճառով, որ Դավիթը հարգանք չէր ցուցաբերել Աստծու Օրենքի հանդեպ։ Աստվածավախություն դրսևորել՝ նշանակում է ամեն ինչ անել Աստծու սահմանած կարգով (Բ Թագաւորաց 6։2–9; Թուոց 4։15; 7։9)
ՓԵՏՐՎԱՐԻ 22–28
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԹՎԵՐ 5–6
«Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել ուխտավորներին»
it-2, էջ 477
Ուխտավոր
Ուխտավորների առաջ երեք հիմնական սահմանափակում կար։ 1) Նրանք չպետք է ոգելից խմիչքներ խմեին, ինչպես նաև չպետք է ուտեին կամ խմեին որևէ բան, որը ստանում էին որթատունկից, օրինակ՝ խակ կամ հասած խաղող, խաղողի չորացրած հատիկներ, խաղողի թարմ հյութ, մաճառ, գինի կամ քացախ։ 2) Չպետք է կտրեին գլխի մազերը։ 3) Չպետք է դիպչեին դիակի, նույնիսկ եթե դա իրենց ամենամոտ հարազատի՝ հոր, մոր, եղբոր կամ քրոջ դին էր (Թվ 6։1–7)։
Հատուկ երդումներ։ Հատուկ երդում տված անձնավորությունը պետք է ոչ թե մարդկանց, այլ «Եհովայի առաջ ապրեր իբրև ուխտավոր [նշանակում է «նվիրված», «առանձնացված»]»։ Նա չպետք է դա ցուցադրաբար աներ, այսինքն՝ մոլեռանդ ճգնավորի կյանք վարեր մարդկանց կողմից գովասանքի արժանանալու համար։ Իր ուխտավորության բոլոր օրերին նա պետք է սուրբ լիներ Եհովայի համար (Թվ 6։2, 8; համեմատել Ծն 49։26)։
Ուխտավորների համար սահմանված պահանջները Եհովային մատուցվող երկրպագության մեջ յուրահատուկ նշանակություն և իմաստ ունեին։ Ուխտավորին արգելվում էր դիպչել անգամ ամենամոտ հարազատի դիակին, նույնը արգելվում էր քահանայապետին, որը ծառայում էր սուրբ վայրում։ Քահանայապետի և նրա հետ ծառայող մյուս քահանաների ուսերին լուրջ պատասխանատվություն էր դրված, ուստի Եհովայի առաջ իրենց սուրբ պարտականությունները կատարելիս նրանց արգելվում էր գինի կամ այլ ոգելից խմիչքներ օգտագործել (Ղև 10։8–11; 21։10, 11)։
Բացի այդ, ուխտավորը (եբրայերեն նազիր) «պետք է սուրբ լիներ՝ թողնելով, որ իր գլխի մազերը երկարեն» (Թվ 6։5)։ Այդպես բոլորը անմիջապես կհասկանային, որ նա ուխտավոր է։ Եբրայերեն նույն նազիր բառով էին կոչվում Հոբելյան տարում և Շաբաթ տարում չէտված որթատունկերը (Ղև 25։5, 11)։ Հետաքրքիր է նաև այն փաստը, որ քահանայապետի խույրի ճակատամասում ամրացված ոսկյա թիթեղը, որի վրա փորագրված էր «Սրբությունը պատկանում է Եհովային», կոչվում էր նաև «նվիրման նշան» [եբրայերեն նեզեր, որը նույն արմատից է, ինչ նազիր բառը] (Ելք 39։30, 31)։ Նեզեր բառով էր կոչվում նաև թագը, որ կրում էին Իսրայելի օծված թագավորները (2Սմ 1։10; 2Թգ 11։12; տես ՊՍԱԿ; ՆՎԻՐՈՒՄ)։ Դիմելով քրիստոնեական ժողովին՝ Պողոս առաքյալն ասաց, որ կնոջը երկար մազերը տրված են գլխի ծածկոցի փոխարեն։ Դա բնականից հիշեցնում է կնոջը, որ նա տղամարդու համեմատ այլ դիրք ունի. ըստ Աստծու նպատակի՝ նա պետք է հնազանդվի տղամարդուն։ Այսպիսով՝ մազերը չկտրելու (ինչը անբնական էր տղամարդու համար), գինի չխմելու, մաքուր մնալու և չպղծվելու վերաբերյալ կանոնները ուխտավորի համար որպես հիշեցում էին ծառայում, որ նա պարտավոր էր անձնուրաց լինել և լիարժեքորեն կատարել Եհովայի կամքը (1Կթ 11։2–16; տես ՄԱԶԵՐ; ԳԼՈՒԽԸ ԾԱԾԿԵԼ; ԲՆՈՒԹՅՈՒՆ)։
Հոգևոր գանձեր
Ընթերցողների հարցերը
Սամսոնը, սակայն, ուխտավոր էր ուրիշ իմաստով։ Նախքան նրա ծնվելը Եհովայի հրեշտակը նրա մորը ասել էր. «Ահա դու կ’յղանաս եւ մի որդի կ’ծնես, եւ նորա գլխի վերայ ածելի պիտի չ’գայ. նորա համար որ այն տղան արգանդից Աստուծոյ ուխտաւորը պիտի լինի, եւ նա սկսելու է Իսրայէլին ազատել Փղշտացիների ձեռքիցը» (Դատաւորաց 13։5)։ Սամսոնը ուխտավորի ուխտ չէր արել։ Աստված էր նրան ուխտավոր նշանակել, և Սամսոնը ուխտավոր պետք է լիներ ամբողջ կյանքում։ Դիակի դիպչելու արգելքը չէր կարող վերաբերել նրան։ Եթե վերաբերեր, ու եթե նա պատահականորեն դիպչեր մեռած մարմնի, ապա ինչպե՞ս կարող էր նորից սկսել իր՝ ամբողջ կյանքի համար նախատեսված ուխտավորությունը, որը սկսվել էր նրա ծննդով։ Ուստի ակնհայտ է, որ ամբողջ կյանքի համար նախատեսված ուխտավորության պահանջները որոշ հարցերում տարբերվում էին այն պահանջներից, որոնք դրվում էին կամավոր ուխտավորների առջև։