«Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ
ՄԱՐՏԻ 1–7
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԹՎԵՐ 7–8
«Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե ինչպես էր կազմակերպված իսրայելացիների ճամբարը»
it-1, էջ 497, պրբ. 3
Ժողով
Իսրայելում ժողովրդի անունից որպես ներկայացուցիչներ հաճախ հանդես էին գալիս պատասխանատվություններ ունեցող տղամարդիկ (Եզր 10։14)։ Օրինակ՝ խորանը կանգնեցնելուց հետո «ցեղերի տոհմապետները» ընծաներ բերեցին (Թվ 7։1–11)։ Նաև Նեեմիայի օրերում ժողովրդի անունից տրված «անխախտ համաձայնությունը» հաստատվեց «իշխանների, ղևտացիների և քահանաների կնիքով» (Նեմ 9։38–10։27)։ Անապատում իսրայելացիների դեգերումների ժամանակ ժողովրդի տոհմապետներ կային, որոնք «ժողովի կանչվողներ և անվանի մարդիկ» էին։ Նրանցից 250-ը միացան Կորխին, Դաթանին, Աբիրոնին, Օնին և հավաքվեցին Մովսեսի ու Ահարոնի դեմ (Թվ 16։1–3)։ Աստծու հրահանգներին հետևելով՝ Մովսեսը ժողովրդի երեցներից 70 մարդ ընտրեց (նրանք նաև ժողովրդի գլխավորներ էին), որ օգնեն կրել իր բեռը՝ ժողովրդին, որն այլևս անկարող էր մենակ տանել (Թվ 11։16, 17, 24, 25)։ Ղևտական 4։15-ում հիշատակվում է «ժողովրդի երեցների» մասին. ակներևաբար ազգը ներկայացնող տղամարդիկ ժողովրդի երեցներ էին, դատավորներ, գլուխներ և գլխավորներ (Թվ 1։4, 16; Հս 23։2; 24։1)։
it-2, էջ 796, պրբ. 1
Ռուբեն
Իսրայելի ճամբարում Ռուբենյանները հանգրվանում էին խորանի հարավային կողմում՝ Շմավոնի և Գադի ցեղերի մեջտեղում։ Ճանապարհ ընկնելիս այս եռցեղ ստորաբաժանումը Ռուբենի ցեղի գլխավորությամբ գնում էր Հուդայի, Իսաքարի և Զաբուղոնի եռցեղ ստորաբաժանման հետևից (Թվ 2։10–16; 10։14–20)։ Այս նույն հերթականությամբ էլ նրանք խորանի նվիրման ժամանակ բերեցին իրենց ընծաները (Թվ 7։1, 2, 10–47)։
Ուշագրավ մտքեր «Թուոց» գրքից
8։25, 26։ Հարգելով տարեց ղևտացիների տարիքը, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ ղևտական ծառայությունը պետք է հարկ եղած ձևով կատարվեր՝ այդ ղևտացիներին պատվիրված էր պաշտոնաթող լինել պարտադիր ծառայությունից։ Այդուհանդերձ, նրանք կարող էին կամավորապես օժանդակել մյուս ղևտացիներին։ Թեպետ մեր օրերում նախատեսված չէ «պաշտոնաթողություն» Թագավորության քարոզչի ծառայությունից, այս օրենքում պարփակված սկզբունքը մեզ կարևոր բան է սովորեցնում. եթե տարիքի պատճառով քրիստոնյան այլևս ի վիճակի չէ կատարել որոշ պարտականություններ, ապա նա գուցե կարողանա կատարել այնպիսի ծառայություն, որն իր ուժերից վեր չէ։
Հոգևոր գանձեր
it-1, էջ 835
Անդրանիկ, առաջնեկ
Քանի որ իսրայելացիների առաջնեկները դառնալու էին ընտանիքի գլուխներ, նրանք ներկայացնում էին ողջ ազգը։ Ըստ էության, Եհովան ողջ ազգն էր համարում իր «անդրանիկը»։ Այդ ազգը Աբրահամի ուխտի հիման վրա դարձել էր Աստծու անդրանիկը (Ելք 4։22)։ Հաշվի առնելով այն, որ Եգիպտոսում Եհովան պահպանեց իսրայելացիների առաջնեկների կյանքը, նա պատվիրեց. «Ինձ համար Իսրայելի որդիների միջից սրբացրու ամեն արու առաջնեկի, ինչպես մարդկանց միջից, այնպես էլ անասունների» (Ելք 13։2)։ Հետևաբար իսրայելացիների առաջնեկ որդիները Եհովային էին պատկանում։
ՄԱՐՏԻ 8–14
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԹՎԵՐ 9–10
«Եհովան ինչպե՞ս է առաջնորդում իր ժողովրդին»
it-1, էջ 398, պրբ. 3
Ճամբար
Այն, թե Իսրայելի ահռելի ճամբարը ինչ ձևով էր մի վայրից մյուսը տեղափոխվում (Թվեր 33-րդ գլխում Մովսեսը այդպիսի 40 բանակատեղ է նշում) նույնպես վկայում էր այնտեղ տիրող կազմակերպվածության մասին։ Քանի դեռ ամպը մնում էր խորանի (վկայության վրան) վերևում, ճամբարը տեղից չէր շարժվում։ Բայց երբ ամպը բարձրանում էր վրանից, ճամբարը ճանապարհ էր ընկնում։ «Եհովայի կարգադրությամբ Իսրայելի որդիները ճանապարհ էին ընկնում ու Եհովայի կարգադրությամբ ճամբար էին դնում» (Թվ 9։15–23)։ Եհովայի այս կարգադրությունները որջ ճամբարին հաղորդում էին երկու արծաթյա կոփած փողերի միջոցով (Թվ 10։2, 5, 6)։ Երբ տատանվող ազդանշան էր հնչում, նշանակում էր՝ ճամբարը պետք է ճանապարհ ընկներ։ Իսրայելի ճամբարը այս կարգով առաջին անգամ ճանապարհ ընկավ «երկրորդ տարում [1512 մ. թ. ա.], երկրորդ ամսում՝ ամսվա քսաներորդ օրը»։ Առջևից տարան ուխտի տապանակը, հետո ճանապարհ ընկավ առաջին եռցեղ (Հուդա, Իսաքար և Զաբուղոն) ստորաբաժանումը՝ Հուդայի ցեղի գլխավորությամբ։ Նրանցից հետո ճանապարհ ընկան Գերսոնյաններն ու Մերարիյանները՝ իրենց հետ տանելով խորանի մասերը։ Հաջորդը գնաց մյուս եռցեղ (Ռուբեն, Շմավոն և Գադ) ստորաբաժանումը՝ Ռուբենի ցեղի գլխավորությամբ։ Նրանցից հետո ճանապարհ ընկան Կահաթյանները՝ տանելով սրբարանի այն մասերը, որ իրենց էին հանձնարարված։ Ապա շարժվեց մյուս եռցեղ (Եփրեմ, Մանասե և Բենիամին) ստորաբաժանումը՝ Եփրեմի ցեղի գլխավորությամբ։ Ի վերջո ճանապարհ ընկավ նաև վերջին եռցեղ (Դան, Ասեր և Նեփթաղիմ) ստորաբաժանումը՝ Դանի ցեղի գլխավորությամբ։ Այսպիսով՝ ամենից մարդաշատ և հզոր ստորաբաժանումներից մեկը գնում էր երթի առջևից, իսկ մյուսը՝ հետևից (Թվ 10։11–28)։
Տեսնո՞ւմ ես Եհովայի առաջնորդությունը
Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ գնահատում ենք Աստծու առաջնորդությունը։ Պողոս առաքյալը ասաց. «Հնազանդվեք ու հպատակվեք նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում ձեր մեջ» (Եբր. 13։17)։ Այդպես վարվելը գուցե երբեմն դժվար լինի։ Օրինակ՝ պատկերացրու, թե ապրում ես Մովսեսի օրերում։ Դու էլ իսրայելացի ես և դուրս ես եկել Եգիպտոսից։ Բոլորի պես՝ դու հետևում ես ամպի սյանը։ Հանկարծ այն կանգ է առնում։ Որքա՞ն այն կմնա նույն տեղում՝ մեկ օ՞ր, մեկ շաբա՞թ, թե՞ մի քանի ամիս։ Դու մտածում ես. «Արժե՞ բոլոր իրերը հանել կապոցներից, թե՞ ոչ»։ Սկզբում բացում ես միայն այն կապոցները, որոնց մեջ ամենաանհրաժեշտ իրերն ես դրել։ Այնուհետև՝ մի քանի օր անց, կապոցներիդ մեջ ինչ-որ իր փնտրելուց հոգնած՝ սկսում ես բացել բոլորը։ Ու երբ ամեն ինչ արդեն հանել ու դասավորել ես, հանկարծ տեսնում ես, որ սյունը բարձրացել է։ Ստիպված ես նորից ամեն ինչ հավաքել ու պատրաստվել ճանապարհ ընկնելու։ Ինչ խոսք, դա ո՛չ հեշտ է, ո՛չ էլ հարմար։ Այդուհանդերձ, իսրայելացիները պետք է «անմիջապես ճանապարհ ընկնեին» (Թվեր 9։17–22)։
Իսկ ինչպե՞ս ենք մենք վարվում, երբ առաջնորդություն ենք ստանում Աստծու կողմից։ Ջանո՞ւմ ենք «անմիջապես» հետևել դրան, թե՞ շարունակում ենք անել այնպես, ինչպես որ միշտ ենք արել։ Գիտե՞նք, թե այսօր ինչ առաջնորդություն է տրվում այնպիսի հարցերում, թե ինչպես, օրինակ, Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն անցկացնել, օտարախոս մարդկանց քարոզել, կանոնավորաբար ընտանեկան երկրպագություն անցկացնել, համագործակցել Հիվանդանոցների հետ կապի կոմիտեի հետ և պատշաճ վարվելակերպ դրսևորել համաժողովների ժամանակ։ Մենք Աստծու առաջնորդության հանդեպ մեր գնահատանքը ցույց կտանք նաև այն բանով, թե ինչպես ենք խորհուրդներ ընդունում։ Երբ կարևոր որոշման առաջ ենք կանգնած, մենք չենք ապավինի մեր իմաստությանը, այլ կջանանք իմանալ, թե ինչ առաջնորդություն են տալիս Եհովան և իր կազմակերպությունը։ Ինչպես որ երեխան է իր ծնողի պաշտպանությանը դիմում, երբ փոթորիկ է սկսվում, այնպես էլ մենք կդիմենք Եհովայի կազմակերպության պաշտպանությանը, երբ խնդիրները սև ամպերի պես կուտակվեն մեր գլխին։
Հոգևոր գանձեր
it-1, էջ 199, պրբ. 3
Հավաքույթ
Միասին հավաքվելու կարևորությունը։ Այն, թե որքան կարևոր է ներկա լինել բոլոր հանդիպումներին, որոնք Եհովան նախատեսել է իր ծառաներին հոգևորապես ամրացնելու համար, երևում է Պասեքի տարեկան տոնակատարությանն առնչվող հրահանգներից։ Եթե որևէ տղամարդ ծիսականորեն մաքուր էր և ճամփորդության մեջ չէր, բայց Պասեքը չէր նշում, մահվան էր մատնվում (Թվ 9։9–14)։ Երբ Եզեկիա թագավորը Հուդայի և Իսրայելի բնակիչներին Պասեքը նշելու համար հրավիրեց Երուսաղեմ, ասաց. «Ո՛վ Իսրայելի որդիներ, դարձեք դեպի.... Եհովան.... համառ մի՛ եղեք, ինչպես որ ձեր հայրերն էին։ Հնազանդ եղեք Եհովային և եկեք նրա սրբարանը, որը նա ընդմիշտ սրբացրեց, ու ծառայեք ձեր Աստված Եհովային, որպեսզի իր սաստիկ բարկությունը հետ դարձնի ձեզանից.... Չէ՞ որ ձեր Աստված Եհովան գթառատ է ու ողորմած, և նա ձեզանից երես չի թեքի, եթե դուք հետ դառնաք նրա մոտ» (2Տգ 30։6–9)։ Առանց հիմնավոր պատճառի հանդիպումներից բացակայելը վկայում էր այն մասին, որ մարդը թողել է Աստծուն։ Թեև քրիստոնյաները չեն նշում Պասեքն ու մյուս տոները, սակայն Պողոս առաքյալը նրանց հորդորեց չբացակայել այն հավաքույթներից, որոնց կանոնավորաբար մասնակցում է Աստծու ժողովուրդը։ Նա ասաց. «Եվ եկեք ուշադիր լինենք միմյանց հանդեպ, որ սիրո ու բարի գործերի մղենք իրար, և բաց չթողնենք մեր հավաքույթները, ինչպես սովոր են անել ոմանք, այլ քաջալերենք միմյանց, առավել ևս որ տեսնում ենք՝ օրը մոտենում է» (Եբ 10։24, 25; տես ԺՈՂՈՎ)։
ՄԱՐՏԻ 15–21
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԹՎԵՐ 11–12
«Ինչո՞ւ պետք է զգուշանանք տրտնջալու հակումից»
Մի՛ եղեք մոռացկոտ լսողներ
20 Քրիստոնյաների ճնշող մեծամասնությունը ոչ մի դեպքում անձնատուր չի լինում սեռային անբարոյությանը։ Այդուհանդերձ, մենք պետք է ուշադիր լինենք, որ թույլ չտանք մեզ այնպիսի ընթացք բռնելու, որը տանում է դեպի տրտնջկոտ դառնալուն։ Իսկ դա իր հերթին կարող է Աստծո տհաճությունը առաջ բերել։ Պողոսը հորդորում է. «Եւ չփորձենք Տիրոջը, ինչպէս փորձեցին [իսրայելացիներից] ոմանք եւ կոտորուեցին օձերից։ Եւ չտրտնջանք, ինչպէս տրտնջացին նրանցից ոմանք եւ կորստեան մատնուեցին մահուան հրեշտակից [«սատակչի ձեռովը», ԱԹ]» (Ա Կորնթացիս 10։9, 10)։ Իսրայելացիները տրտնջացին Մովսեսի և Ահարոնի դեմ, այո՛, նույնիսկ Աստծո դեմ՝ գանգատվելով հրաշքով տրվող մանանայից (Թուոց 16։41; 21։5)։ Բայց արդյոք նրանց տրտնջոցը ավելի թո՞ւյլ վիրավորանք էր Եհովայի հասցեին, քան կատարած պոռնկությունը։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ բազմաթիվ տրտնջացողներ սպանվեցին օձերից (Թուոց 21։6)։ Իսկ ավելի վաղ 14 700-ից ավել ապստամբ տրտնջացողներ կործանվեցին (Թուոց 16։49)։ Ուստի, եկեք չփորձենք Եհովայի համբերությունը՝ անհարգալից վերաբերվելով այն ամենին, ինչ որ նա տալիս է մեզ։
Խուսափի՛ր տրտնջալուց
7 Որքա՜ն էր փոխվել իսրայելացիների մտավիճակը։ Երբ Եհովան ազատեց նրանց Եգիպտոսից և փրկեց՝ անցկացնելով Կարմիր ծովով, երախտագիտությունը մղեց նրանց երգով փառաբանելու Եհովային (Ելից 15։1–21)։ Սակայն բախվելով անապատային կյանքի դժվարություններին և վախենալով քանանացիներից՝ Աստծու ժողովուրդը, երախտագիտության փոխարեն, սկսեց դժգոհության ոգի դրսևորել։ Փոխանակ Եհովային շնորհակալություն հայտնելու ստրկությունից իրենց ազատելու համար՝ նրանք Աստծուն անհիմն կերպով մեղադրում էին զրկանքներ պատճառելու մեջ։ Նրանց տրտունջը վկայում էր երախտագիտության բացակայության մասին, այն դեպքում երբ Եհովան շատ բարիքներ էր արել նրանց համար։ Զարմանալի չէ, որ Աստված ասաց. «Մինչեւ ե՞րբ այս չար ժողովքին համբերեմ, որ ինձ դէմ տրտնջում են» (Թուոց 14։27; 21։5)։
it-2, էջ 719, պրբ. 4
Վեճ
Տրտունջ։ Տրտունջը վհատության մեջ է գցում և վիրավորում է զգացմունքները։ Եգիպտոսից դուրս գալուց կարճ ժամանակ անց իսրայելացիները տրտնջացին Եհովայի դեմ՝ քննադատելով առաջնորդությունը, որ նա տալիս էր Մովսեսի և Ահարոնի միջոցով (Ելք 16։2, 7)։ Ժամանակի ընթացքում նրանց բողոքները այնքան վհատեցրին Մովսեսին, որ նա ուզում էր մեռնել (Թվ 11։13–15)։ Տրտունջը կարող է մահու չափ վտանգավոր լինել տրտնջացողի համար։ Այն, ինչ տրտնջացողները ասացին Մովսեսին, Եհովան համարեց իր երկնային առաջնորդության դեմ ուղղված բողոք՝ ապստամբություն (Թվ 14։26–30)։ Այդ քննադատական ոգու պատճառով շատերը կորցրին իրենց կյանքը։
Հոգևոր գանձեր
it-2, էջ 309
Մանանա
Նկարագրություն։ Մանանան գինձի սերմի պես սպիտակ էր։ Այն նման էր քարախնկի (քարախնկենու անուշահոտ խեժ), մոմանման թափանցիկ կաթիլների, որոնք մարգարիտ էին հիշեցնում։ «Դրա համը մեղրաբլիթի» կամ «յուղով պատրաստված քաղցր բլիթի» համի էր նման։ Մանանան «երկանքներով աղում կամ սանդի մեջ ծեծում էին, հետո խաշում էին կամ դրանից բլիթներ էին պատրաստում» (Ելք 16։23, 31; Թվ 11։7, 8)։
ՄԱՐՏԻ 22–28
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԹՎԵՐ 13–14
«Հավատն ինչպե՞ս է քաջ դարձնում մեզ»
Քաջ՝ շնորհիվ հավատի և աստվածավախության
5 Սակայն հետախույզներից երկուսը՝ Հեսուն և Քաղեբը, լի էին Ավետյաց երկիր մտնելու ցանկությամբ։ Ուստի նրանք ասացին. «[Քանանացիները] մեր կերակուրն են, նորանց պաշտպանութիւնը գնացել է իրանց վերայից, ու Եհովան մեզ հետ է. նորանցից մի վախենաք» (Թուոց 14։9)։ Գուցե Հեսուի և Քաղեբի կողմից հիմարությո՞ւն էր այդքան լավատես լինելը։ Ո՛չ։ Ինչպես և Իսրայել ազգի մյուս բոլոր անդամները, նրանք տեսել էին, թե ինչպես Եհովան տասը պատուհասների միջոցով նվաստացրեց հզոր Եգիպտոսին և նրա աստվածներին։ Այնուհետև տեսել էին, թե ինչպես Եհովան փարավոնին ու նրա զինված ուժերին խորտակեց Կարմիր ծովում (Սաղմոս 136։15)։ Ուստի տասը հետախույզները և այն մարդիկ, ովքեր լսել էին նրանց, ոչ մի հիմք չունեին վախենալու։ Եհովան արտահայտեց իր խորը վիրավորանքը՝ ասելով. «Մինչեւ ե՞րբ պիտի չ’հաւատան ինձ՝ իրանց մէջ արած բոլոր հրաշքներովս էլ» (Թուոց 14։11)։
6 Եհովան պարզ ցույց տվեց, թե որն էր իսրայելացիների վախկոտության պատճառը. նրանք հավատ չունեին։ Այո՛, հավատը և քաջությունը սերտորեն կապված են իրար, և դա հստակ երևում է Հովհաննես առաքյալի խոսքերից։ Քրիստոնեական ժողովի ու նրա վարած հոգևոր պատերազմի վերաբերյալ նա գրեց. «Սա է յաղթութիւնն, որ աշխարհքին յաղթեց, այսինքն մեր հաւատքը» (Ա Յովհաննէս 5։4)։ Այսօր ավելի քան վեց միլիոն Եհովայի վկաներ՝ երիտասարդ թե ծեր, ուժեղ թե թույլ, հավատ ցուցաբերելով Հեսուի և Քաղեբի նման, Թագավորության բարի լուրը քարոզում են ամբողջ աշխարհում։ Ոչ մի թշնամի չի կարողացել լռեցնել այս զորավոր և քաջ բանակին (Հռովմայեցիս 8։31)։
Հոգևոր գանձեր
it-1, էջ 740
Իսրայելին Աստծու կողմից տրված երկիրը
Երկիրը, որ Աստված տվեց Իսրայելին, շատ լավն էր։ Մովսեսը մարդիկ ուղարկեց Ավետյաց երկիրը հետախուզելու և դրա պտուղներից բերելու։ Այդ մարդիկ վերադարձան՝ իրենց հետ բերելով թուզ, նուռ և խաղողի այնպիսի մեծ ողկույզ, որը երկու տղամարդ ձողի վրա դրած էին բռնել։ Թեև հետախույզները հավատի պակասի պատճառով վախով էին բռնվել, սակայն նրանք ընդունեցին, որ այդ երկրում իրոք «կաթ ու մեղր է հոսում» (Թվ 13։23, 27)։
ՄԱՐՏԻ 29–ԱՊՐԻԼԻ 4
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԹՎԵՐ 15–16
«Զգուշացիր հպարտությունից և չափից դուրս ինքնավստահությունից»
Եհովան ճանաչո՞ւմ է քեզ
12 Սակայն երբ Իսրայել ժողովուրդը Ավետյաց երկիր գնալու ճանապարհին էր, Կորխը կարծեց, թե ժողովրդին սխալ ձևով է առաջնորդություն տրվում, և ուզեց փոփոխություն անել։ Ժողովրդից 250 առաջնորդություն վերցնող մարդիկ Կորխի կողմն անցան։ Թե՛ Կորխը, թե՛ այդ մարդիկ վստահ էին, որ Եհովայի հետ լավ փոխհարաբերություններ ունեն։ Նրանք ասացին Մովսեսին. «Բավակա՛ն է։ Ժողովի մեջ բոլորն էլ սուրբ են, և Եհովան նրանց մեջ է» (Թվեր 16։1–3)։ Ինչպիսի՜ մեծամտություն և հպարտություն։ Մովսեսն ասաց նրանց. «Եհովան կիմացնի, թե ով է իրեն պատկանում» (կարդա՛ Թվեր 16։5)։ Հաջորդ օրվա վերջում Կորխը և ապստամբության մեջ նրա կողմն անցած մարդիկ մահվան մատնվեցին (Թվեր 16։31–35)։
Եհովան ճանաչո՞ւմ է քեզ
11 Մովսեսն ու Կորխը Եհովայի առաջնորդությունն ու որոշումները հարգելու հարցում իրար հակապատկեր էին։ Նրանց գործերից կարելի է հասկանալ, թե Եհովան ինչ կարծիք ուներ նրանց մասին։ Կորխը ղևտացի էր՝ Կահաթյանների տոհմից, և շատ առանձնաշնորհումներ ուներ։ Հավանաբար նա ականատես է եղել, թե ինչպես է Իսրայելը անցել Կարմիր ծովի միջով, մասնակցել է Սինա լեռան մոտ անհնազանդ իսրայելացիների դեմ Եհովայի դատաստանը իրագործելուն և առանձնաշնորհում է ունեցել օգնելու ուխտի տապանակը տեղափոխել (Ելք 32։26–29; Թվեր 3։30, 31)։ Ակներևաբար, տարիներ շարունակ նա նվիրված է եղել Եհովային և Իսրայելում վայելել է շատերի հարգանքը։
Հոգևոր գանձեր
Համոզվիր, որ առաջնահերթությունը տալիս ես կարևորին
Եհովան այս հարցին բավականին լուրջ էր մոտենում։ «Եհովան,— տեղեկացնում է Աստվածաշունչը,— ասեց Մովսէսին. Այն մարդը անպատճառ պիտի մեռցնուի» (Թուոց 15։35)։ Ինչո՞ւ Աստված այդ աստիճանի խստությամբ արձագանքեց կատարվածին։
Ժողովրդի տրամադրության տակ վեց օր կար փայտ հավաքելու, կերակուր, հագուստեղեն պատրաստելու և նույնիսկ ապաստարան կառուցելու համար, իսկ յոթերորդ օրը նվիրված էր հոգևոր կարիքները հոգալուն։ Փայտ հավաքելն ինքնին սխալ չէր. Եհովայի երկրպագությանը հատկացված ժամանակը դրա վրա վատնելն էր սխալ։ Թեև քրիստոնյաներն այսօր Մովսիսական օրենքի տակ չեն, սակայն այս դեպքը դաս չէ՞ մեզ համար, որ հարկավոր է այսօր էլ ճիշտ առաջնահերթություն սահմանել (Փիլիպպեցիս 1։10)։
ԱՊՐԻԼԻ 5–11
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԹՎԵՐ 17–19
«Ես եմ քո.... ժառանգությունը»
Թույլ տալի՞ս ես, որ Եհովան քո բաժինը լինի
9 Հիշիր ղևտացիներին, ովքեր կալվածք չժառանգեցին։ Քանի որ նրանց համար գլխավոր տեղում մաքուր երկրպագությունն էր, նրանք պետք է վստահ լինեին, որ Եհովան, որն ասել էր՝ «ես եմ քո բաժինը», կապահովեր իրենց ապրուստի միջոցներով (Թվեր 18։20)։ Թեև, ի տարբերություն քահանաների ու ղևտացիների, մենք չենք ծառայում բառացի տաճարում, կարող ենք ընդօրինակել նրանց՝ վստահ լինելով, որ Եհովան կհոգա մեր կարիքները։ Մինչ վերջին օրերը մոտենում են իրենց ավարտին, ավելի ու ավելի կարևոր է դառնում Աստծուն ապավինելը և վստահելը, որ նա ի զորու է հոգալու մեր կարիքները (Հայտն. 13։17)։
Եհովան է իմ բաժինը
4 Ի՞նչ իմաստով էր Եհովան ղևտացիների բաժինը։ Կալվածքի փոխարեն՝ որպես ժառանգություն՝ նրանց ծառայության անգին առանձնաշնորհում վստահվեց։ Ղևտացիների ժառանգությունը «Եհովային քահանայություն անելն էր» (Հեսու 18։7)։ Թվեր 18։20-ի համատեքստը ցույց է տալիս, որ նրանք աղքատության մեջ չէին ապրելու (կարդա՛ Թվեր 18։19, 21, 24)։ Ղևտացիներին տրվելու էր «Իսրայելում իբրև ժառանգություն ամեն տասներորդ մասը.... որպես փոխհատուցում նրանց կատարած ծառայության» դիմաց։ Նրանք ստանալու էին Իսրայելի բերքի և ծնված ընտանի կենդանիների 10 տոկոսը։ Իրենց հերթին ղևտացիները պետք է ստացածի տասներորդ մասը՝ «լավագույններից», նվիրաբերեին քահանայությանը աջակցելու համար (Թվեր 18։25–29)։ Քահանաներին էին պատկանում նաև «բոլոր սուրբ նվիրաբերությունները», որոնք Իսրայելի որդիները երկրպագության վայրում մատուցում էին Աստծուն։ Այսպիսով՝ քահանաները հիմքեր ունեին հավատալու, որ Եհովան հոգ կտանի իրենց մասին։
Հոգևոր գանձեր
g02 6/8, էջ 14, պրբ. 2
Աղ. թանկ նյութ
Աղը նաև դարձավ կայունության և մշտատևության խորհրդանիշ։ Ուստի Աստվածաշնչում որոշ ուխտեր երբեմն կոչվում էին նաև «աղի ուխտ»։ Սովորաբար այդպիսի ուխտ կնքելու համար կողմերը միասին աղով համեմված ճաշատեսակ էին ուտում (Թվեր 18։19)։ Մովսիսական օրենքի համաձայն՝ զոհասեղանի վրա մատուցվող զոհերը հարկավոր էր աղով համեմել։ Դա խորհրդանշում էր մի բան, ինչը կանխում է փտումն ու հոտումը։
ԱՊՐԻԼԻ 12–18
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԹՎԵՐ 20–21
«Հեզ մնա անգամ ճնշման ներքո»
Որոնիր հեզություն և արժանացիր Եհովայի բարեհաճությանը
19 Եթե հեզ լինենք, ավելի քիչ կսխալվենք։ Կրկին անդրադառնանք Մովսեսին։ Տասնամյակներ շարունակ նա հեզ մնաց և հաճեցրեց Եհովային։ Բայց երբ անապատում իսրայելացիների դեգերումները մոտենում էին ավարտին, Մովսեսը մի պահ կորցրեց հեզությունը։ Նրա քույրը, ով Եգիպտոսում օգնել էր փրկել իր կյանքը, նոր էր մահացել, ու նրան թաղել էին Կադեսում։ Եվ այժմ իսրայելացիները կրկին բողոքում էին, որ իրենց մասին ինչպես հարկն է հոգ չի տարվում։ Նրանք «վիճում էին Մովսեսի հետ» ջուր չունենալու պատճառով։ Չնայած այն բոլոր հրաշքներին, որ Եհովան գործել էր այդ մարդու միջոցով, և չնայած այն բանին, որ Մովսեսը այդ բոլոր տարիների ընթացքում անձնուրացաբար առաջնորդել էր իսրայելացիներին՝ նրանք, միևնույնն է, սկսեցին տրտնջալ։ Նրանք դժգոհում էին ոչ միայն ջրի բացակայությունից, այլև Մովսեսից, իբր նրա մեղքով էր, որ իրենք ծարավ էին մնացել (Թվեր 20։1–5, 9–11)։
Որոնիր հեզություն և արժանացիր Եհովայի բարեհաճությանը
20 Զայրույթից կուրացած՝ Մովսեսը կորցրեց իր հեզությունը։ Նա ոչ միայն չասաց ժայռին, որ ջուր տա, ինչպես որ Եհովան էր պատվիրել, այլև դառնությամբ խոսեց ժողովրդի հետ և իրեն վերագրեց այն հրաշքը, որ շուտով կատարվելու էր։ Ապա երկու անգամ հարվածեց ժայռին, և դրանից շատ ջուր դուրս եկավ։ Հպարտությունն ու բարկությունը մի պահ այնպես համակեցին Մովսեսին, որ նա ցավալի սխալ գործեց (Սաղ. 106։32, 33)։ Քանի որ նա մի պահ կորցրեց իր հեզությունը, նրան թույլ չտրվեց մտնել Ավետյաց երկիր (Թվեր 20։12)։
21 Այս դրվագից արժեքավոր դասեր ենք քաղում։ Առաջին՝ հեզ մնալու համար շարունակական ջանքեր են հարկավոր։ Եթե անգամ մի պահ անտեսենք դա, հպարտությունը գլուխ կբարձրացնի, և դրա պատճառով կսկսենք անխոհեմ բաներ ասել ու անել։ Երկրորդ՝ սթրեսը կարող է մեզ խոցելի դարձնել, ուստի առավել ևս նման իրավիճակներում պետք է ջանքեր թափենք, որ հեզ լինենք՝ անկախ այն բանից, թե որքան լարված ենք։
w09 9/1, էջ 19, պրբ. 5
Աստված արդարացիորեն է դատում
Առաջին՝ Աստված չէր պատվիրել Մովսեսին խոսել նրանց հետ, ոչ էլ ասել էր, որ նրանց դատապարտի որպես ըմբոստների։ Երկրորդ՝ Մովսեսն ու Ահարոնը փառքը Եհովային չվերագրեցին։ Նա ասաց. «Իսրայէլի որդկանց աչքերի առաջին չփառաւորեցիք [ինձ]» (համար 12)։ Մովսեսը, «ջուր հանե՞նք ձեզ համար» ասելով, ուզում էր ցույց տալ, թե ինքն ու Ահարոնն են հրաշքով ջուր հանելու, ոչ թե Աստված։ Երրորդ՝ այս դատավճիռը համապատասխանում էր անցյալում կայացրած դատավճիռներին։ Եհովան թույլ չէր տվել ըմբոստների սերնդին մտնել Քանան, ուստի նա նույնկերպ վարվեց Մովսեսի ու Ահարոնի հետ (Թուոց 14։22, 23)։ Չորրորդ՝ Մովսեսն ու Ահարոնը Իսրայելի առաջնորդներն էին։ Իսկ Աստված ում շատ պատասխանատվություններ է վստահում, շատ էլ պահանջում է (Ղուկաս 12։48)։
Հոգևոր գանձեր
Եհովայի աչքերո՞վ ես նայում մարդկանց թուլություններին
12 Այս դեպքերից յուրաքանչյուրում Եհովան կարող էր անմիջապես պատժել Ահարոնին։ Բայց նա գիտեր, որ Ահարոնը վատ մարդ չէ և որ տեղի ունեցածի համար հիմնականում նա չէ մեղավորը։ Ըստ ամենայնի, Ահարոնը թույլ էր տվել, որ հանգամանքները կամ շրջապատը շեղեն իրեն ճիշտ ընթացքից։ Իսկ երբ նրան հանդիմանեցին, նա պատրաստակամորեն ընդունեց իր սխալները և թիկունք կանգնեց Եհովայի որոշումներին (Ելք 32։26; Թվեր 12։11; 20։23–27)։ Եհովան կենտրոնացավ Ահարոնի հավատի և զղջամտության վրա։ Դարեր անց Ահարոնի և նրա սերունդների մասին Աստծու Խոսքում գրվեց, որ նրանք աստվածավախ մարդիկ էին (Սաղ. 115։ 10–12; 135։19, 20)։
ԱՊՐԻԼԻ 19–25
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԹՎԵՐ 22–24
«Եհովան անեծքը օրհնության է վերածում»
Ինչպես էր քարոզվում «Հիսուսի մասին բարի լուրը»
5 Մեր օրերում նույնպես ոչ ոք չկարողացավ լռեցնել Աստծու ծառաներին։ Հալածանքի պատճառով քրիստոնյաները երբեմն բանտ են ընկել կամ փախել են ուրիշ երկրներ։ Բայց դա միայն նպաստել է Թագավորության գործին, քանի որ այլ վայրերում ապրող մարդիկ հնարավորություն են ստացել լսելու բարի լուրը։ Օրինակ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Եհովայի վկաները կարողացան հիանալի վկայություն տալ համակենտրոնացման ճամբարներում։ Ահա թե ինչ է պատմում մի հրեա. «Եհովայի վկա բանտարկյալների հաստատակամությունը ինձ օգնեց հասկանալու, որ նրանց հավատը հիմնված է Աստվածաշնչի վրա, և ես որոշեցի Վկա դառնալ»։
it-2, էջ 291
Խելագարություն
Խելագարություն է հակառակվել Եհովային։ Բաղաամ մարգարեն հիմարաբար որոշեց մարգարեանալ Իսրայելի դեմ, որ մովաբացիների Բաղակ թագավորից փող ստանա, բայց Եհովան ի չիք դարձրեց նրա ջանքերը։ Պետրոս առաքյալը Բաղաամի մասին գրեց, որ «անխոս էշը, մարդու ձայնով խոսելով, փորձեց կանգնեցնել մարգարեին, որ անխելքությամբ չվարվի»։ Այստեղ «անխելքություն» բառով թարգմանվել է առաքյալի կողմից օգտագործված պարաֆրոնիա բառը, որը բառացիորեն նշանակում է «լինել բանականությունից դուրս» (2Պտ 2։15, 16; Թվ 22։26–31)։
Հոգևոր գանձեր
Ուշագրավ մտքեր «Թուոց» գրքից
22։20–22— Ինչո՞ւ Եհովայի բարկությունը բորբոքվեց Բաղաամի դեմ։ Եհովան Բաղաամ մարգարեին ասել էր, որ չանիծի իսրայելացիներին (Թուոց 22։12)։ Սակայն այդ մարգարեն գնաց Բաղակի մարդկանց հետ՝ լիովին տրամադրված անիծելու Իսրայելին։ Բաղաամն ուզում էր Մովաբի թագավորի բարեհաճությանն արժանանալ ու նրանից «վարձք» ստանալ (Բ Պետրոս 2։15, 16; Յուդա 11)։ Նույնիսկ երբ Բաղաամը անիծելու փոխարեն ստիպված էր օրհնել Իսրայելին, նա շարունակեց փնտրել թագավորի հաճությունը՝ առաջարկելով նրան, որ Բահաղի երկրպագու կանայք օգտագործվեն գայթակղեցնելու համար իսրայելացի տղամարդկանց (Թուոց 31։15, 16)։ Այսպիսով՝ Բաղաամի անամոթ ագահությունն էր պատճառը, որ Աստված բարկացավ նրա վրա։
ԱՊՐԻԼԻ 26–ՄԱՅԻՍԻ 2
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԹՎԵՐ 25–26
«Մի ծաղկով գարուն կգա՞»
Փախիր սեռական անբարոյությունից
ՁԿՆՈՐՍԸ գնում է այնպիսի վայր, որտեղ կարող է բռնել իր ուզած ձուկը։ Նա ընտրում է խայծը, ամրացնում կարթին և այն ջուրն է նետում։ Հետո համբերությամբ սպասում է, և երբ ձուկը կուլ է տալիս խայծը, նա կտրուկ շարժումով կարթը մխրճում է ձկան բերանը և ապա թելը փաթաթելով՝ դուրս բերում իր որսը։
2 Նույն կերպով կարող են ծուղակն ընկնել նաև մարդիկ։ Այդպես եղավ, օրինակ, իսրայելացիների հետ։ Նրանք արդեն հասել էին Ավետյաց երկրի շեմին ու ճամբար էին դրել Մովաբի հարթավայրերում։ Մովաբի թագավորը Բաղաամ անունով մի մարդու խոստացավ շատ փող տալ, եթե նա անիծի Իսրայելին։ Բաղաամը այդ հարցում հաջողության չհասավ, ուստի այլ միջոց գտավ. նա այնպես արեց, որ իսրայելացիները իրենք իրենց վրա անեծք բերեն։ Նա լավ մտածված մի խայծ ընտրեց. երիտասարդ մովաբացի կանանց ուղարկեց իսրայելացիների ճամբար՝ տղամարդկանց գայթակղելու (Թվեր 22։1–7; 31։15, 16; Հայտնություն 2։14)։
Փախիր սեռական անբարոյությունից
4 Ինչո՞ւ այդ իսրայելացիները ընկան Բաղաամի լարած թակարդը։ Նրանք եսասիրաբար մտածում էին միայն իրենց հաճույքի մասին և մոռացել էին այն ամենը, ինչ Եհովան արել էր իրենց համար։ Նրանք Եհովային նվիրված մնալու շատ պատճառներ ունեին։ Նա ազատել էր իրենց Եգիպտոսի ստրկությունից, կերակրել անապատում ու ապահով հասցրել Ավետյաց երկրի սահմանին (Եբրայեցիներ 3։12)։ Այնինչ նրանք տրվեցին սեռական անբարոյություն գործելու գայթակղությանը։ Ուստի Պողոս առաքյալը քրիստոնյաներին այսպիսի հորդոր է տալիս. «Թող որ պոռնկությամբ չզբաղվենք, ինչպես որ նրանցից ոմանք պոռնկություն գործեցին» (1 Կորնթացիներ 10։8)։
Հոգևոր գանձեր
it-1, էջ 359, պրբ. 1–2
Սահման
Ըստ ամենայնի, երկու գործոն ազդեց այն բանի վրա, թե Ավետյաց երկրի տարածքը ինչպես բաժանվեց ցեղերի միջև։ Առաջին գործոնը վիճակ գցելն էր, երկրորդը՝ ցեղի մեծությունը։ Վիճակով որոշվում էր, թե ամեն ցեղի ժառանգական կալվածքը մոտավորապես որտեղ պետք է լինի՝ հյուսիսում, հարավում, արևելքում, թե արևմուտքում, պետք է լինի ծովափնյա հարթավայրում, թե լեռնային շրջանում։ Վիճակով կայացված որոշումները Եհովայից էին, ուստի այդ փաստը ցեղերի միջև նախանձի ու վեճերի տեղ չէր թողնում (Առ 16։33)։ Բացի այդ՝ վիճակ գցելու միջոցով Աստված այնպես արեց, որ ամեն ցեղ ստանա այն տարածքը, որի մասին, համաձայն Ծննդոց 49։1–33 համարների, մահվան անկողնում մարգարեացել էր Հակոբ նահապետը։
Ամեն ցեղի աշխարհագրական դիրքը վիճակի միջոցով որոշելուց հետո անհրաժեշտ էր երկրորդ գործոնի, այսինքն՝ ցեղի մեծության հիման վրա սահմանել ցեղերի հողաբաժինների չափերը։ «Վիճակ գցելով՝ այդ երկիրը բաժանեք ձեր տոհմերի միջև։ Բազմամարդ տոհմի ժառանգությունը ավելացրեք, իսկ սակավաթիվ տոհմի ժառանգությունը պակասեցրեք։ Որ տեղը որ վիճակով ընկնի նրանցից մեկին, այն էլ կլինի նրա ժառանգությունը» (Թվ 33։54)։ Ցեղերի աշխարհագրական դիրքին վերաբերող որոշումը, որը վիճակ գցելով էր կայացվում, փոփոխման ենթակա չէր, մինչդեռ ցեղերին հատկացվող հողաբաժինների չափերը կարելի էր փոփոխել։ Ուստի երբ պարզվեց, որ Հուդայի ցեղին բաժին ընկած տարածքը չափազանց մեծ է, այն կրճատեցին և դրա մի մասը տվեցին Շմավոնի ցեղին (Հս 19։9)։