«Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ
ՀՈՒՆՎԱՐԻ 3–9
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 15–16
«Դավաճանություն. ստոր արարք»
Դավաճանություն. նշան, որ ապրում ենք վերջին օրերում
4 Նախ նկատի առ նենգ Դալիլային, որին սիրահարվել էր Սամսոն դատավորը։ Վերջինս նպատակ ուներ հանուն Աստծու ժողովրդի կռվել փղշտացիների դեմ։ Փղշտացիների հինգ կառավարիչները, հավանաբար իմանալով, որ Դալիլան չի սիրում և նվիրված չէ Սամսոնին, նրան մեծ կաշառք առաջարկեցին, որ բացահայտի նրա գերմարդկային զորության գաղտնիքը, քանի որ ուզում էին սպանել նրան։ Շահատենչ Դալիլան ընդունեց առաջարկը, բայց Սամսոնի գաղտնիքն իմանալու նրա փորձերը երեք անգամ ձախողվեցին։ Դրանից հետո «նա իր խոսքերով շարունակ նեղում էր նրան ու համոզում»։ Ի վերջո Սամսոնի «հոգու համար անտանելի դարձավ՝ մինչև մահվան աստիճան»։ Ուստի նա Դալիլային պատմեց, որ իր մազերը երբեք չեն կտրել ու եթե կտրեն, նա կկորցնի իր զորությունը։ Երբ կինն իմացավ դա, մարդ կանչեց, որը ածիլեց Սամսոնի գլուխը, երբ վերջինս քնած էր իր ծնկների վրա։ Հետո նա Սամսոնին հանձնեց թշնամիների ձեռքը, որ նրա հետ անեն այն, ինչ ուզում են (Դատ. 16։4, 5, 15–21)։ Որքա՜ն ստոր էր նրա արարքը։ Ագահության պատճառով Դալիլան դավաճանեց նրան, ով սիրում էր իրեն։
Ուշագրավ մտքեր «Դատաւորաց» գրքից
14։16, 17; 16։16. Լացի ու նվնվոցի միջոցով ճնշում գործադրելը կարող է վնասել փոխհարաբերությունները (Առակաց 19։13; 21։19)։
w12 4/15, էջ 11–12, պրբ. 15–16
Դավաճանություն. նշան, որ ապրում ենք վերջին օրերում
15 Ամուսնացածներն ինչպե՞ս կարող են նվիրված մնալ իրենց կողակցին։ Աստծու Խոսքն ասում է. «Ուրախացիր քո երիտասարդության կնոջ [կամ ամուսնու] հետ» և «կյանք վայելիր քո սիրած կնոջ [կամ ամուսնու] հետ» (Առակ. 5։18; Ժող. 9։9)։ Տարիների ընթացքում երկու կողակիցներն էլ պետք է թե՛ ֆիզիկապես, թե՛ էմոցիոնալ առումով «լիովին ներկա լինեն» իրենց հարաբերություններում։ Դա նշանակում է, որ նրանք պետք է ուշադիր լինեն իրար հանդեպ, ժամանակ անցկացնեն իրար հետ, ավելի մտերիմ դառնան իրար։ Նրանք պետք է կենտրոնանան իրենց ամուսնությունը և Եհովայի հետ ունեցած փոխհարաբերությունները պահպանելու վրա։ Իսկ դրա համար հարկավոր է, որ զույգերը միասին ուսումնասիրեն Աստվածաշունչը, միասին կանոնավորաբար ծառայեն ու միասին աղոթեն Եհովայի օրհնությունը ստանալու համար։
ՆՎԻՐՎԱԾ ՄՆԱ ԵՀՈՎԱՅԻՆ
16 Ժողովի որոշ անդամներ լուրջ մեղք են գործել ու «խստությամբ հանդիմանվել» են, որպեսզի «առողջ լինեն հավատի մեջ» (Տիտոս 1։13)։ Ոմանք իրենց վարքի պատճառով զրկվել են ընկերակցությունից։ Խրատը օգնել է «դրանով կրթվածներին» վերականգնելու իրենց հոգևոր առողջությունը (Եբր. 12։11)։ Ինչպե՞ս կվարվենք, եթե ընկերակցությունից զրկվի մեր հարազատը կամ մտերիմ ընկերը։ Այստեղ արդեն Աստծու հանդեպ մեր նվիրվածության հարցն է և ոչ թե այդ մարդու։ Եհովան նայում է, որ տեսնի, թե արդյոք կհետևենք իր պատվերին՝ շփում չունենալ ընկերակցությունից զրկված ցանկացած մարդու հետ (կարդա՛ 1 Կորնթացիներ 5։11–13)։
Հոգևոր գանձեր
Եհովայի զորությամբ Սամսոնը հաղթանակ է տանում
Սամսոնը ուշադրությունն ամբողջովին կենտրոնացրել էր իր նպատակի վրա, այն է՝ պատերազմել փղշտացիների դեմ։ Հենց դրա համար էլ նա մնաց Գազայում՝ մի պոռնիկ կնոջ տանը։ Սամսոնին ընդամենը գիշերելու տեղ էր հարկավոր թշնամու քաղաքում, և նա մնաց այնտեղ։ Իրականում Սամսոնը ոչ մի անբարո նպատակ չէր հետապնդում։ Կեսգիշերին նա դուրս եկավ այդ կնոջ տանից, վերցրեց քաղաքի դարպասները իրենց երկու սեմերով և տարավ Քեբրոնի մոտակայքում գտնվող մի լեռան գագաթը, որը մոտ 60 կիլոմետր հեռու է Գազայից։ Սա տեղի ունեցավ Աստծու հավանությամբ և Նրա զորությամբ (Դատաւորաց 16։1–3)։
ՀՈՒՆՎԱՐԻ 10–16
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 17–19
«Աստծու օրենքներին չհնազանդվելը խնդիրներ է բերում»
it-2, էջ 390–391
Միքա
1. Միքան Եփրեմի ցեղից էր։ Խախտելով տասը պատվիրաններից ութերորդը (Ելք 20։15)՝ նա թաքուն իր մորից 1 100 կտոր արծաթ վերցրեց։ Երբ նա խոստովանեց ու հետ վերադարձրեց դրանք, նրա մայրն ասաց. «Այս արծաթը իմ ձեռքով անպայման Եհովային պիտի նվիրեմ որդուս համար, որպեսզի քանդակված կուռք ու մի ձուլածո արձան շինվի, և հիմա ես այն քեզ եմ տալիս»։ Ապա մայրը 200 կտոր արծաթը տվեց արծաթագործին, որը «քանդակված կուռք ու մի ձուլածո արձան շինեց», և դրանք ի վերջո դրվեցին Միքայի տանը։ Վերջինս, ով «աստվածների տուն ուներ», մի եփուդ ու թերափիմ շինեց և իր որդիներից մեկին լիազորություն տվեց, որ իր համար քահանա ծառայի։ Թեև այս ամենը արվել էր իբրև ի պատիվ Եհովայի, իրականում դա կռապաշտությունն արգելող օրենքի կոպիտ խախտում էր (Ելք 20։4–6)։ Այդպիսով Միքան նաև արհամարհեց խորանի ու քահանայության վերաբերյալ Եհովայի սահմանած կարգը (Դտ 17։1–6; 2Օր 12։1–14)։ Հետագայում Միքան իր տուն բերեց երիտասարդ ղևտացի Հովնաթանին, որը Մովսեսի որդի Գերսամի սերնդից էր, և վարձեց նրան, որ իր համար քահանա լինի (Դտ 18։4, 30)։ Սխալ եզրակացություն անելով՝ Միքան ասաց. «Հիմա ես գիտեմ, որ Եհովան ինձ բարիք կանի» (Դտ 17։7–13)։ Բայց Հովնաթանը Ահարոնի սերնդից չէր, ուստի քահանայական ծառայություն մատուցելու իրավունք չուներ, ինչն ավելի էր ծանրացնում Միքայի մեղքը (Թվ 3։10)։
it-2, էջ 391, պրբ. 2
Միքա
Դրանից կարճ ժամանակ անց Միքան մի խումբ մարդկանց հետ ընկավ Դանի որդիների հետևից և հասավ նրանց։ Դանի որդիները հարցրին, թե ինչ է նրա ուզածը։ Ի պատասխան՝ Միքան ասաց. «Իմ շինած աստվածներին ու քահանային վերցրել և գնում եք։ Էլ ի՞նչ մնաց ինձ։ Ինչպե՞ս եք ասում ինձ, թե՝ «ի՞նչ է պատահել քեզ»»։ Դանի որդիները զգուշացրին, որ կհարձակվեն Միքայի վրա, եթե վերջինս շարունակի հետապնդել և հակառակվել իրենց։ Տեսնելով, որ Դանի որդիները իրենցից ավելի ուժեղ են՝ Միքան և իր հետ եղող մարդիկ վերադարձան տուն (Դտ 18։22–26)։ Դրանից հետո Դանի որդիները կոտորեցին Լայիսի բնակիչներին և հրի մատնեցին քաղաքը։ Դրա տեղում նրանք մեկ այլ քաղաք կառուցեցին և այն Դան կոչեցին։ Հովնաթանը և նրա որդիները Դանի ցեղի քահանաները դարձան, իսկ «այն քանդակված կուռքը, որ շինել էր Միքան, [Դանի որդիները] իրենց մոտ պահեցին այն բոլոր օրերում, քանի դեռ ճշմարիտ Աստծու տունը [խորանը] Սելովում էր» (Դտ 18։27–31)։
Հոգևոր գանձեր
Աստծու Խոսքի կենդանի թարգմանություն
6 Աստծու անունը Աստվածաշնչում պահպանելու համար այսօր ավելի շատ հիմքեր ունենք, քան առաջ։ «Նոր աշխարհ» թարգմանության 2013 թ. վերահրատարակության մեջ Աստծու անունը հանդիպում է 7 216 անգամ՝ 1984 թ. հրատարակությունից 6-ով ավել։ Հինգ լրացուցիչ համարներում՝ 1 Սամուել 2։25; 6։3; 10։26; 23։14, 16-ում, Աստծու անունը վերականգնվել է այն պատճառով, որ այն հանդիպում է Մեռյալ ծովի ձեռագրերում, որոնք եբրայերեն մասորեթական տեքստից ավելի քան 1 000 տարով հին են։ Վեցերորդ համարում՝ Դատավորներ 19։18-ում, անունը նույնպես ավելացվել է հեղինակավոր հին ձեռագրերի ուսումնասիրության արդյունքում։
ՀՈՒՆՎԱՐԻ 17–23
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 20–21
«Շարունակ հարցրու Եհովային»
Դժվարությունների բախվելիս կընդօրինակե՞ս Փենեհեսին
Այն բանից հետո, երբ Բենիամինի ցեղին պատկանող Գաբաա քաղաքի տղամարդիկ բռնաբարեցին մի ղևտացու հարճի, ինչի պատճառով վերջինս մահացավ, մյուս ցեղերը պատրաստվեցին պատերազմելու Բենիամինյանների դեմ (Դատ. 20։1–11)։ Կռվի դուրս գալուց առաջ նրանք օգնության համար աղոթեցին Եհովային, բայց երկու անգամ պարտություն կրեցին՝ մեծ զոհեր տալով (Դատ. 20։14–25)։ Եզրակացրի՞ն, որ Աստված չի լսում իրենց աղոթքները։ Գուցե Եհովան չէ՞ր ուզում, որ վրեժխնդիր լինեին։
Դժվարությունների բախվելիս կընդօրինակե՞ս Փենեհեսին
Ի՞նչ դաս ենք սովորում այս դրվագից։ Չնայած երեցների գործադրած մեծ ջանքերին ու աղոթքներին՝ որոշ խնդիրներ ժողովում հնարավոր է՝ չլուծված մնան։ Լավ կլինի, որ նրանք հիշեն Հիսուսի խոսքերը. «Շարունակեք խնդրել [կամ՝ աղոթել], և կտրվի ձեզ, շարունակեք փնտրել և կգտնեք, շարունակեք թակել, և կբացվի ձեր առջև» (Ղուկ. 11։9)։ Նույնիսկ եթե թվում է, թե աղոթքի պատասխանը ուշանում է, վերակացուները կարող են վստահ լինել, որ Եհովան պատեհ ժամանակին կպատասխանի։
Հոգևոր գանձեր
Գիտեի՞ք արդյոք
Ինչպե՞ս էին հնում պարսատիկներ օգտագործում պատերազմների ժամանակ
Պարսատիկը այն զենքն է, որով Դավիթը սպանեց հսկա Գողիաթին։ Ակներևաբար, Դավիթը սովորել էր այն գործածել հովվություն անելու տարիներին (1 Սամուել 17։40–50)։
Աստվածաշնչյան ժամանակների թե՛ եգիպտական և թե՛ ասորեստանյան արվեստում պատկերված է պարսատիկ։ Այն կաշվե կամ կտորի լայնացող միջնամաս ունեցող զենք էր, որի երկու ծայրերին պարան կամ թել էր ամրացված։ Պարսատիկ նետողը այդ միջնամասում հարթ կամ կլոր քար էր դնում, որի տրամագիծը 5–7,5 սանտիմետր էր, և որը թերևս կշռում էր 250 գրամ։ Պարսատիկը թափով պտտեցնելով գլխավերևում, ապա մի ծայրը բաց թողնելով՝ նա քարը նետում էր մեծ ուժով ու ճշգրտությամբ։
Մերձավոր Արևելքում արված պեղումների ժամանակ մեծ քանակությամբ պարսաքարեր են գտնվել, որոնք օգտագործվել են հին ժամանակներում մղվող պատերազմներում։ Հմուտ ռազմիկները քարեր են նետել 160–240 կիլոմետր ժամ արագությամբ։ Գիտնականները համաձայնության չեն գալիս այն հարցում, թե արդյոք պարսաքարը կարող է նույն տարածությունը անցնել, ինչ նետը, բայց ինչ խոսք, այն նույնչափ մահացու է (Դատավորներ 20։16)։
ՀՈՒՆՎԱՐԻ 24–30
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀՌՈՒԹ 1–2
«Շարունակիր նվիրված սեր դրսևորել»
Ընդօրինակիր Եհովայի մտերիմ ընկերներին
5 Հռութը կարող էր մտածել, որ իր ընտանիքը Մովաբում էր։ Մայրը և մյուս ազգականները կօգնեին իրեն և հոգ կտանեին իր մասին։ Ի վերջո, Մովաբը իր ծննդավայրն էր։ Այնտեղի մշակույթը իր մշակույթն էր, լեզուն իր լեզուն էր, ժողովուրդն էլ իր ժողովուրդն էր։ Իսկ Նոեմին չէր կարող երաշխավորել, որ Բեթլեհեմում նա իրեն օտար չի զգա։ Ուստի խորհուրդ տվեց նրան մնալ Մովաբում։ Նա վախենում էր, որ չի կարող օգնել հարսին ունենալու ամուսին և տուն։ Ի՞նչ կաներ Հռութը։ Կցանկանա՞ր վերադառնալ «իր ժողովրդի ու իր աստվածների մոտ», ինչպես Օրփան (Հռութ 1։9–15)։ Հռութը չհետևեց նրա օրինակին։
Ընդօրինակիր Եհովայի մտերիմ ընկերներին
6 Հռութը Եհովա Աստծու մասին թերևս լսել էր իր ամուսնուց կամ Նոեմիից։ Եհովան նման չէր Մովաբի աստվածներին։ Հռութը գիտակցում էր, որ Եհովան արժանի է, որ իրեն սիրեն ու երկրպագեն։ Սակայն այս ամենն իմանալը բավարար չէր։ Հռութը պետք է որոշում կայացներ։ Արդյոք կընտրե՞ր Եհովային որպես իր Աստծու։ Նա Նոեմիին ասաց. «Քո ժողովուրդը իմ ժողովուրդը կլինի, և քո Աստվածը իմ Աստվածը կլինի» (Հռութ 1։16)։ Սկեսրոջ հանդեպ Հռութի սերը սիրտ է ջերմացնում, բայց կարևորն այն է, որ նա սիրում էր Եհովային։ Հետագայում Բոոսը, որը Նոեմիի ամուսնու ազգականներից էր, գովեց Հռութին այն բանի համար, որ Եհովայի թևերի տակ է ապաստան գտել, ինչպես թռչնի թևերի տակ ապաստան է գտնում ձագուկը (կարդա Հռութ 2։12; Սաղ. 36։7; 91։1–4)։ Եհովան հոգատար հայր դարձավ Հռութի համար։ Վերջինիս հավատը վարձատրվեց, և նա երբեք չափսոսաց, որ այդպիսի որոշում է կայացրել։
Հոգևոր գանձեր
Ուշագրավ մտքեր «Հռութ» գրքից
1։13, 21 — Արդյո՞ք Եհովան դառնացրել էր Նոեմիի կյանքը ու դժբախտություններ բերել նրան։ Ոչ։ Նոեմին չէր մեղադրում Աստծուն ինչ–որ սխալ բան անելու մեջ։ Այնուամենայնիվ, տեսնելով, թե ինչեր անցան իր գլխով՝ նա խորհեց, թե Եհովան իր դեմ է։ Նա դառնացած ու հիասթափված էր։ Բացի այդ, այն օրերում որովայնի պտուղը համարվում էր օրհնություն Աստծուց, իսկ ամլությունը՝ անեծք։ Չունենալով թոռներ ու կորցրած լինելով երկու որդիներին՝ Նոեմին գուցե մտածում էր, որ դրանով Եհովան նվաստացնում է իրեն։
ՀՈՒՆՎԱՐԻ 31–ՓԵՏՐՎԱՐԻ 6
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀՌՈՒԹ 3–4
«Լավ անուն ձեռք բեր և պահպանիր այն»
«Առաքինի կին»
Բոոսը ասաց Հռութին. «Թող Եհովան օրհնի քեզ, աղջի՛կս։ Սիրառատ բարությունը, որ հիմա ցուցաբերեցիր, առաջինից ավելի մեծ է, քանի որ աղքատ կամ հարուստ երիտասարդների հետևից չգնացիր» (Հռութ 3։10)։ Նրա խոսքերը, մեղմ ու հանդարտ ձայնը, անշուշտ, հանգստացրին Հռութին։ Հռութը սիրառատ բարություն էր դրսևորել՝ Նոեմիի հետ Իսրայել գալով և նրա մասին հոգ տանելով։ Իսկ իր այս վերջին արարքով նա ավելի մեծ սիրառատ բարություն դրսևորեց։ Բոոսը նշեց, որ Հռութը, լինելով երիտասարդ կին, կարող էր իր համար ամուսին ընտրել երիտասարդ տղամարդկանցից՝ հարուստ կամ աղքատ։ Սակայն Հռութն ուզում էր բարի լինել ոչ միայն Նոեմիի, այլև իր մահացած ամուսնու հանդեպ, որպեսզի վերջինիս անունը չմոռացվի Իսրայելում։ Դժվար չէ հասկանալ, թե Բոոսն ինչու էր տպավորված այս երիտասարդ կնոջ նվիրվածությամբ։
«Առաքինի կին»
Որքա՜ն հաճելի էր Հռութին մտածել Բոոսի խոսքերի շուրջ, որ մարդիկ իրեն ճանաչում են որպես «առաքինի կին»։ Ինչ խոսք, Եհովա Աստծուն ճանաչելու և նրան ծառայելու ձգտումը մեծ դեր էր ունեցել այդպիսի համբավ ձեռք բերելու մեջ։ Նա նաև մեծ բարություն ու նրբանկատություն էր դրսևորել Նոեմիի ու նրա ժողովրդի հանդեպ՝ հոժարակամորեն ընդունելով նրանց վարքն ու բարքը։ Ընդօրինակելով Հռութի հավատը՝ հարգանքով կվերաբերվենք ուրիշներին ու նրանց սովորություններին։ Այդպես վարվելով՝ մենք նույնպես առաքինի մարդու համբավ կունենանք։
«Առաքինի կին»
Բոոսն ամուսնացավ Հռութի հետ։ Այնուհետև Հռութի մասին կարդում ենք. «Եհովան նրան հղիություն շնորհեց, և նա մի որդի ծնեց»։ Բեթլեհեմի կանայք օրհնում էին Նոեմիին և գովում Հռութին, որ նա իր սկեսրոջ համար յոթ որդուց էլ լավ է։ Հետագայում Հռութի որդին դարձավ Դավիթ թագավորի նախահայրը (Հռութ 4։11–22)։ Իսկ Դավթի շառավղից սերեց Հիսուս Քրիստոսը (Մատթեոս 1։1)։
Հոգևոր գանձեր
Ուշագրավ մտքեր «Հռութ» գրքից
4։6 — Ինչպե՞ս կարող էր ազգականը իր ժառանգությունը ‘խանգարել’՝ կատարելով ազգականության պարտավորությունը։ Նախ և առաջ եթե մեկը աղքատացել էր ու վաճառել իր ժառանգական հողերը, ապա նրա մոտ ազգականը պետք է գներ այդ հողերը այն գնով, որը որոշվելու էր մինչև հաջորդ Հոբելյան տարին մնացած տարիների թվով (Ղեւտացոց 25։25–27)։ Այդպես անելով՝ ազգականը կնվազեցներ իր նյութական կարողության չափը։ Բացի այդ, եթե Հռութը տղա ծներ, ապա վերագնված հողը կժառանգեր այդ որդին և ոչ թե ազգականի հարազատները։
ՓԵՏՐՎԱՐԻ 7–13
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 1 ՍԱՄՈՒԵԼ 1–2
«Սիրտդ բացիր Եհովայի առաջ»
Նա իր սիրտը բացեց Աստծու առաջ
12 Աղոթելու հարցում Աննան հրաշալի օրինակ է Աստծու բոլոր ծառաների համար։ Եհովա Աստված հրավիրում է իր առջև բացելու մեր սիրտը և պատմելու մեր բոլոր մտահոգությունները, ինչպես որ երեխան է վստահում իր սիրելի ծնողին ու նրան ամեն ինչ պատմում (կարդա՛ Սաղմոս 62։8; 1 Թեսաղոնիկեցիներ 5։17)։ Պետրոս առաքյալը, սուրբ ոգուց ներշնչված, հետևյալ մխիթարական խոսքերը գրեց. «Ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին» (1 Պետ. 5։7)։
Ինչպես Աննան սրտի խաղաղություն գտավ
Ի՞նչ կարող ենք սովորել այս ամենից։ Երբ մեզ հուզող հարցերի մասին աղոթում ենք Եհովային, կարող ենք մեր սիրտը բացել նրա առջև՝ պատմելով մեր զգացմունքների մասին։ Մենք պետք է խնդիրը հանձնենք Աստծուն այն բանից հետո, երբ ամեն ինչ արել ենք այն լուծելու համար, սակայն արդյունքների չենք հասել։ Ավելի ճիշտ վարվելակերպ չկա (Առակաց 3։5, 6)։
Հոգևոր գանձեր
Ուշագրավ մտքեր «Ա Թագաւորաց» գրքից
2։10 — Ինչո՞ւ Աննան աղոթեց, որ Եհովան ‘ուժ տա իր թագավորին’, այն դեպքում երբ Իսրայելում նշանակված թագավոր չկար։ Այն, որ իսրայելացիները թագավոր էին ունենալու, կանխագուշակվել էր Մովսիսական օրենքում (Բ Օրինաց 17։14–18)։ Մահվան անկողնում Հակոբը մարգարեացել էր. «Չ’պակասէ իշխողութիւնը Յուդայից» (Ծննդոց 49։10)։ Բացի այդ, իսրայելացիների նախամայր Սարրայի մասին Եհովան ասել էր. «Ժողովուրդների թագաւորներ կ’լինին նորանից» (Ծննդ. 17։16)։ Ուստի կարող ենք ասել, որ Աննան աղոթում էր ապագա ինչ–որ թագավորի մասին։
ՓԵՏՐՎԱՐԻ 14–20
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 1 ՍԱՄՈՒԵԼ 3–5
«Եհովան նրբանկատ ու հոգատար է»
Ամենակարող, բայց նրբանկատ ու հոգատար
3 Սամուելը վաղ տարիքից խորանում ծառայում էր Եհովային (1 Սամ. 3։1)։ Մի գիշեր, երբ նա պառկել էր քնելու, շատ արտասովոր բան տեղի ունեցավ (կարդա 1 Սամուել 3։2–10)։ Նա մի ձայն լսեց, որը կանչում էր իրեն։ Մտածելով, թե դա տարեց Հեղի քահանայապետի ձայնն է՝ Սամուելը վազեց նրա մոտ ու ասաց. «Ահա այստե՛ղ եմ, կանչե՞լ ես ինձ»։ Հեղին պատասխանեց, որ չի կանչել։ Երբ նույն բանը ևս երկու անգամ կրկնվեց, Հեղին հասկացավ, որ Աստված էր կանչում Սամուելին։ Ուստի տղային ասաց, թե ինչ պատասխանի, երբ նորից լսի այդ ձայնը։ Սամուելը նրա ասածի պես արեց։ Սակայն հարց է ծագում. Եհովան ինչո՞ւ հենց սկզբից իր հրեշտակի միջոցով Սամուելին չասաց, որ կանչողը ինքն է։ Աստվածաշունչը չի պատասխանում այդ հարցին։ Սակայն դեպքերի զարգացումից կարող ենք եզրակացնել, որ Եհովան, հոգատարությունից դրդված, հաշվի առավ պատանի Սամուելի զգացմունքները։
Ամենակարող, բայց նրբանկատ ու հոգատար
4 Կարդա 1 Սամուել 3։11–18։ Եհովայի Օրենքը երեխաներին պատվիրում էր հարգել տարեցներին, հատկապես նրանց, ովքեր իշխանություն ունեին (Ելք 22։28; Ղևտ. 19։32)։ Սամուելի համար հեշտ կլինե՞ր առավոտյան գնալ Հեղիի մոտ և համարձակորեն հայտնել Աստծու դատաստանական լուրը։ Դժվար թե։ Աստվածաշունչն ասում է, որ «Սամուելը վախեցավ տեսիլքի մասին պատմել Հեղիին»։ Սակայն քանի որ Եհովան Հեղիին հասկացրել էր, որ ինքն է ձայն տալիս Սամուելին, Հեղին իր մոտ կանչեց տղային և պատվիրեց ամեն ինչ պատմել։ «Աստված թող քեզ այսպես ու սրանից ավելին անի, եթե քեզ ասած խոսքերից մի խոսք անգամ թաքցնես ինձանից»,— ասաց քահանայապետը։ Ուստի Սամուելը «բոլոր խոսքերը հայտնեց նրան»։
Հոգևոր գանձեր
Ուշագրավ մտքեր «Ա Թագաւորաց» գրքից
3։3 — Սամուելն իրո՞ք քնում էր Սրբությունների Սրբությունում։ Ոչ, նա չէր քնում այնտեղ։ Սամուելը Կահաթյանների ոչ քահանայական ընտանիքից սերող ղևտացի էր (Ա Մնացորդաց 6։33–38)։ Ուստի նա իրավունք չուներ ‘սուրբ բաները տեսնելու համար ներս մտնել’ (Թուոց 4։17–20)։ Սրբարանի միակ մասը, որտեղ Սամուելը մուտք ուներ, խորանի գավիթն էր։ Ըստ ամենայնի, նա հենց այնտեղ էր քնում։ Հեղին նույնպես, ակներևաբար, գավիթի որևէ մասում էր քնում։ «Ուր որ Աստուծոյ տապանակն էր» արտահայտությունը ամենայն հավանականությամբ վերաբերում է խորանի տարածքին։
ՓԵՏՐՎԱՐԻ 21–27
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 1 ՍԱՄՈՒԵԼ 6–8
«Ո՞վ է քո թագավորը»
it-2, էջ 163, պրբ. 1
Աստծու Թագավորություն
Մարդկանց միջից թագավոր են պահանջում։ Եգիպտոսից դուրս գալուց մոտ 400 տարի և Աբրահամի հետ Աստծու կնքած ուխտից ավելի քան 800 տարի հետո իսրայելացիները ցանկացան թագավոր ունենալ, ինչպես մյուս ազգերը։ Այդ պահանջով նրանք մերժում էին Եհովային որպես իրենց թագավոր (1Սմ 8։4–8)։ Իրականում, ժողովուրդը հիմքեր ուներ ակնկալելու, որ Աստված, Աբրահամին ու Հակոբին տված իր խոստման համաձայն, մի թագավորություն կհիմնի։ Նման հույս ունենալու պատճառներից էին նաև Հուդայի վերաբերյալ Հակոբի մարգարեությունը՝ ասված մահվան անկողնում (Ծն 49։8–10), Եգիպտոսից դուրս գալուց հետո իսրայելացիներին ասված Եհովայի խոսքերը (Ելք 19։3–6), Օրենքի ուխտի որոշ դրույթներ (2Օր 17։14, 15) և նույնիսկ Բաղաամ մարգարեի խոսքերը, որ Աստված դրեց նրա բերանում (Թվ 24։2–7, 17)։ Այդ հույսը նաև իր աղոթքում արտահայտեց Սամուելի մայրը՝ աստվածավախ Աննան (1Սմ 2։7–10)։ Այնուամենայնիվ, այդ ժամանակ Եհովան դեռ ամբողջովին չէր հայտնել Թագավորության վերաբերյալ իր «սրբազան գաղտնիքը», չէր նշել, թե կոնկրետ երբ է այն հիմնվելու, ինչ կառուցվածք է ունենալու և ինչպիսին է լինելու՝ երկրային, թե երկնային։ Ուստի մարդկանց միջից թագավոր պահանջելը հանդգնություն էր ժողովրդի կողմից։
Հիասթափությունները չդառնացրին նրա սիրտը
Երբ Սամուելը ժողովրդի պահանջը ներկայացրեց Եհովային՝ աղոթելով նրան, Աստված հետևյալ խոսքերն ասաց. «Լսի՛ր ժողովրդի ձայնին և արա՛ այն ամենը, որ ասացին քեզ, որովհետև նրանք ոչ թե քեզ են մերժում, այլ ինձ, որ նրանց վրա թագավոր չլինեմ»։ Թեև այս խոսքերով Աստված հանգստացրեց Սամուելին, սակայն իրականում իսրայելացիների պահանջը խիստ վիրավորական էր Ամենակարող Աստծու համար։ Նա ասաց իր մարգարեին, որ զգուշացնի ժողովրդին, թե ինչպիսին է լինելու նրանց կյանքը թագավորի իշխանության ներքո։ Չնայած այդ նախազգուշացումներին՝ ժողովուրդը շարունակեց համառորեն պահանջել. «Ո՛չ, թող մեզ վրա թագավոր լինի»։ Հնազանդվելով Աստծուն՝ Սամուելը գնաց և թագավոր օծեց նրան, ում Եհովան ընտրեց (1 Սամուել 8։7–19)։
Եհովան կարդարացնի իր գերիշխանությունը
9 Եհովայի խոսքերն իրականացան։ Իրենց ընտրության պատճառով իսրայելացիները ահավոր դժվարություններ կրեցին։ Խնդիրներն ավելի անտանելի էին դառնում հատկապես այն ժամանակ, երբ թագավորներից որևէ մեկը անհավատարիմ էր գտնվում։ Այո՛, մարդկային իշխանությունը երբեք տևական օգուտներ չի բերել։ Նույնն էլ այսօր։ Որոշ քաղաքական գործիչներ խնդրում են Աստծուն օրհնել իրենց ջանքերը, որ հասնեն խաղաղության և ապահովության։ Բայց մի՞թե Աստված կօրհնի այն մարդկանց, ովքեր չեն հնազանդվում իր իշխանությանը (Սաղ. 2։10–12)։
Հոգևոր գանձեր
Ինչո՞ւ է պետք մկրտված լինել
13 Որպես Եհովայի վկա մկրտվելուց առաջ պետք է փոխենք մեր ընթացքը։ Դա կամավոր մի քայլ է, որը կարող են կատարել այն մարդիկ, ովքեր ամբողջ սրտով որոշել են հետևել Հիսուս Քրիստոսին։ Այդ անհատները հրաժարվում են իրենց նախկին ընթացքից և վճռում են անել այն, ինչ ճիշտ է Աստծո տեսանկյունից։ «Ընթացքը փոխել» արտահայտության համար օգտագործված բայերը Եբրայերեն և Հունարեն գրություններում կրում են ետ դառնալու, ամբողջովին փոխվելու իմաստ։ Այս քայլը կատարել՝ նշանակում է սխալ ճանապարհից Աստծուն դառնալ (Գ Թագաւորաց 8։33, 34)։ Ընթացքը փոխելու համար «ապաշխարութեան արժանի գործեր» են հարկավոր (Գործք 26։20)։ Այսինքն՝ մենք պետք է մերժենք կեղծ երկրպագությունը, գործենք Աստծո պատվիրաններին ներդաշնակ և Եհովայի հանդեպ բացարձակ նվիրվածություն ցուցաբերենք (Բ Օրինաց 30։2, 8–10; Ա Թագաւորաց 7։3)։ Ընթացքի փոփոխությունը մեր մտածելակերպի, նպատակների և անձնավորության փոփոխման հետևանք է (Եզեկիէլ 18։31)։ Մենք ‘դարձի ենք գալիս’՝ Աստծուն ոչ հաճելի հատկությունները մեր միջից վերացնելով և նոր անձնավորություն մշակելով (Գործք 3։19; Եփեսացիս 4։20–24; Կողոսացիս 3։5–14)։
ՓԵՏՐՎԱՐԻ 28–ՄԱՐՏԻ 6
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 1 ՍԱՄՈՒԵԼ 9–11
«Սկզբում Սավուղը խոնարհ ու համեստ էր»
Խոնարհությամբ և համեստությամբ քայլիր քո Աստծու հետ
11 Ուշադրություն դարձնենք Սավուղ թագավորի օրինակին։ Սկզբում նա մի համեստ երիտասարդ էր, ով գիտակցում էր, որ իր հնարավորությունները սահմանափակ են, և վարանում էր ավելի շատ պատասխանատվություններ ստանձնել (1 Սամ. 9։21; 10։20–22)։ Սակայն թագավոր դառնալուց կարճ ժամանակ անց նա հանդուգն դարձավ։ Մի անգամ նա համբերություն չդրսևորեց, երբ Սամուել մարգարեն ուշանում էր։ Սավուղը համեստությամբ չվարվեց և չվստահեց Եհովային, որ նա հոգ կտանի ժողովրդի մասին։ Նա ողջակեզ մատուցեց, ինչն անելու իրավունքը չուներ։ Արդյունքում կորցրեց Եհովայի հավանությունը, իսկ հետագայում՝ նաև թագավորությունը (1 Սամ. 13։8–14)։ Եթե իմաստուն լինենք, դասեր կքաղենք այս նախազգուշական օրինակից և հանդգնորեն չենք վարվի։
Պահպանիր անձնազոհ ոգիդ
8 Իսրայելի Սավուղ թագավորի վատ օրինակից տեսնում ենք, թե եսասիրությունն ինչպես կարող է ժանգի պես ուտել անձնազոհ ոգին։ Սավուղը, երբ սկսեց թագավորել, համեստ ու խոնարհ մարդ էր (1 Սամ. 9։21)։ Նա չկամեցավ պատժել այն իսրայելացիներին, ովքեր Աստծուց ստացած իր իշխանության դեմ էին խոսել, չնայած որ բոլոր հիմքերն ուներ այդպես վարվելու (1 Սամ. 10։27)։ Սավուղը, հետևելով Աստծու ոգու առաջնորդությանը, հաջողության հասավ ամմոնացիների դեմ պատերազմում։ Նա խոնարհաբար ընդունեց, որ Եհովայի շնորհիվ է հաղթել (1 Սամ. 11։6, 11–13)։
w95 12/15, էջ 10, պրբ. 1
Ամմոնացիներ. ժողովուրդ, որ բարությանը թշնամությամբ հատուցեց
Կրկին անգամ ամմոնացիները թշնամությամբ հատուցեցին Եհովայի բարությանը։ Եհովան աչք չփակեց նրանց դաժան սպառնալիքի վրա։ Երբ Սավուղը լսեց Նաասի խոսքերը, «Աստծու ոգին սկսեց ներգործել նրա վրա, և նրա բարկությունը սաստիկ բորբոքվեց»։ Եհովայի ոգու առաջնորդությամբ Սավուղը 330 000 պատերազմող մարդկանցից զորք հավաքեց և այնպես կոտորեց ամմոնացիներին, որ «նրանցից երկու մարդ միասին չմնաց» (1 Սամուել 11։6, 11)։
Հոգևոր գանձեր
Ուշագրավ մտքեր «Ա Թագաւորաց» գրքից
9։9 — Ի՞նչ է նշանակում «այսօրուայ մարգարէն առաջուց տեսանող էր ասվում» արտահայտությունը։ Այս խոսքերը գուցե նշանակում են այն, որ քանի որ Սամուելի օրերում, իսկ այնուհետև թագավորների օրերում մարգարեները սկսեցին ավելի ու ավելի հայտնի լինել, «տեսանող» բառը աստիճանաբար փոխարինվեց «մարգարե» բառով։ Սամուելը մարգարեների շարքում առաջինն է համարվում (Գործք 3։24)։