«Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ
ՄԱՐՏԻ 7–13
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 1 ՍԱՄՈՒԵԼ 12–13
«Հանդգնությունը անարգանք է բերում»
Ամբարտավանությունը անարգանքի է բերում
17 Առաջին հայացքից Սավուղի արարքը կարող է արդարացի թվալ։ Չէ՞ որ Աստծո ժողովուրդը «նեղութեան մէջ» էր, «տագնապուած», և, անհուսալի կացության մեջ գտնվելով, դողում էր (Ա Թագաւորաց 13։6, 7)։ Իհարկե, հարկ եղած դեպքում նախաձեռնություն վերցնելը ինքնին սխալ չէ։ Սակայն չմոռանանք, որ Եհովան կարդում է սրտերը և տեսնում անգամ մեր ամենածածուկ շարժառիթները (Ա Թագաւորաց 16։7)։ Ուստի, ըստ ամենայնի, նա Սավուղի մեջ որոշ հատկություններ էր տեսել, որոնց մասին Աստվածաշնչում ուղղակիորեն արձանագրված չէ։ Օրինակ, Եհովան կարող էր տեսած լինել, որ Սավուղի անհամբերությունը նրա հպարտությունից էր բխում։ Գուցե Սավուղը ծայր աստիճան բարկացած էր, որ ինքը՝ Իսրայելի թագավորը, ստիպված է սպասել իր կարծիքով մի ծեր ու դանդաղկոտ մարգարեի։ Ինչևիցե, փաստն այն է, որ Սավուղի կարծիքով Սամուելի ուշացումը իրեն իրավունք էր տալիս ամեն բան իր ձեռքը վերցնել և արհամարհել տրված կոնկրետ հրահանգները։ Արդյունքն ի՞նչ եղավ։ Սամուելը չողջունեց Սավուղի նախաձեռնությունը. ընդհակառակը, նախատեց նրան՝ ասելով. «Քո թագաւորութիւնը հաստատ չէ լինելու.... որովհետեւ դու չ’պահեցիր ինչ որ Տէրը քեզ պատուիրել էր» (Ա Թագաւորաց 13։13, 14)։ Այս դեպքում ևս ամբարտավանությունը անարգանքի բերեց։
Եհովան գնահատում է քո հնազանդությունը
8 Այն, թե որքան կարևոր է հնազանդությունը, ցույց է տալիս Սավուղ թագավորի մասին Աստվածաշնչի արձանագրությունը։ Երբ Սավուղը սկսեց թագավորել, նա մի համեստ ու խոնարհ կառավարիչ էր և իր «աչքերին փոքր էր երեւում»։ Ավելի ուշ, սակայն, հպարտությունն ու սխալ մտածելակերպը սկսեցին տիրապետել նրա որոշումների վրա (Ա Թագաւորաց 10։21, 22; 15։17)։ Մի անգամ Սավուղը պետք է պատերազմի դուրս գար փղշտացիների դեմ։ Սամուելը պատվիրել էր թագավորին սպասել իրեն, որպեսզի ինքը գար ու զոհեր մատուցեր Եհովային, նաև հետագա գործողությունների համար ուղղություն տար նրան։ Սակայն Սամուելը նրա ակնկալածից ավելի ուշ եկավ, և մարդիկ սկսեցին ցրվել։ Տեսնելով դա՝ Սավուղը «ինքը մատուցրեց ողջակէզը»։ Այդ բանը դուր չեկավ Եհովային։ Երբ վերջապես Սամուելը եկավ, թագավորը սկսեց արդարացնել իր անհնազանդ արարքը՝ պատճառաբանելով, որ քանի որ մարգարեն ուշացավ, ինքը «իրեն ստիպելով» ողջակեզ մատուցեց Եհովայի հաճությունը ստանալու համար։ Սավուղ թագավորի համար այդ ողջակեզը մատուցելը ավելի կարևոր էր, քան Սամուելի պատվիրանին հնազանդվելը։ Ուստի Սամուելն ասաց նրան. «Դու յիմարութիւն արիր, չ’պահեցիր քո Տէր Աստուծոյ պատուիրանքը, որ նա քեզ պատուիրել է»։ Եհովային չհնազանդվելու հետևանքները ծանր էին. նա կորցրեց թագավորելու իրավունքը (Ա Թագաւորաց 10։8; 13։5–13)։
Հոգևոր գանձեր
Կհետևե՞ս Եհովայի սիրառատ առաջնորդությանը
15 Եթե նրանք մտածում էին, թե որպես թագավոր՝ մարդն ավելի իրական է և հուսալի, քան Եհովան, ապա նրանք «ունայն» բաների հետևից էին գնում։ Նրանք հայտնվել էին բազում այլ պատրանքների հետևելու վտանգի մեջ, որոնց հեղինակը Սատանան է։ Թագավորները հեշտությամբ կարող էին ժողովրդին դրդել կռապաշտության։ Կուռքերի երկրպագողները մտածում են, թե շոշափելի առարկաները՝ փայտից կամ քարից պատրաստված աստվածները, ավելի իրական են, ավելի հուսալի, քան անտեսանելի Աստվածը՝ Եհովան, որը ստեղծել է ամեն բան։ Սակայն կուռքերը, ինչպես Պողոս առաքյալն է գրում, «ոչինչ են» (1 Կորնթ. 8։4)։ Նրանք չեն կարող տեսնել, լսել, խոսել կամ որևէ բան անել։ Թեև դրանք տեսանելի են ու շոշափելի, բայց դրանց երկրպագելով՝ հետևած կլինես ունայն՝ անիրական բաների, փուչ պատրանքների, որոնք միայն կործանման են տանում (Սաղ. 115։4–8)։
ՄԱՐՏԻ 14–20
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 1 ՍԱՄՈՒԵԼ 14–15
«Հնազանդությունը զոհից լավ է»
Եհովան գնահատում է քո հնազանդությունը
4 Լինելով Արարիչը՝ Եհովան արդեն ունի այն ամենը, ինչը որ մենք նյութական տեսքով ունենք։ Այդ դեպքում կա՞ մի բան, որ մենք կարող ենք տալ նրան։ Այո, մենք կարող ենք նրան մի շատ թանկարժեք բան տալ։ Ի՞նչ է դա։ Պատասխանը կարող ենք գտնել հետևյալ հորդորում. «Որդեակս, իմաստուն եղիր եւ սիրտս ուրախացրու, որ ես կարողանամ պատասխան տալ ինձ անարգողին» (Առակաց 27։11)։ Մենք կարող ենք մեր հնազանդությունը տալ Աստծուն։ Թեպետ մեր հանգամանքները տարբեր են, և մենք տարբեր ծագում ունենք, սակայն հնազանդ լինելով՝ մեզանից յուրաքանչյուրը կարող է պատասխան տալ Բանսարկու Սատանայի այն չարամիտ պնդմանը, թե մարդիկ հավատարիմ չեն մնա Աստծուն, երբ փորձությունների մեջ հայտնվեն։ Ինչպիսի՜ պատիվ է դա մեզ համար։
it-2, էջ 521, պրբ. 2
Հնազանդություն
Ոչինչ չի կարող փոխարինել հնազանդությանը։ Առանց դրա հնարավոր չէ Աստծու հաճությունը ստանալ։ Սամուելն ասաց Սավուղ թագավորին. «Մի՞թե ողջակեզներն ու զոհերը Եհովային ավելի են ուրախացնում, քան Եհովայի ձայնին հնազանդվելը [շամա բառի մի ձև]։ Հնազանդությունը [բառացի՝ լսելը] զոհից լավ է, և ականջ դնելը՝ խոյերի ճարպից» (1Սմ 15։22)։ Չհնազանդվել Եհովային նշանակում է նրա խոսքը գետնով տալ, չվստահել ու չհավատալ նրան (1Սմ 15։23; համեմատիր Հռ 6։16)։ Եթե մարդ պարզապես համաձայնվում է, սակայն չի անում այն, ինչ ակնկալվում է իրենից, նրա համաձայնությունը արժեք չունի։ Գործերի բացակայությունը վկայում է հավատի ու հարգանքի պակասի մասին (Մթ 21։28–32)։ Նրանք, ովքեր լսում են և ընդունում Աստծու ասածները, բայց չեն վարվում դրանց համաձայն, սխալ դատողություններով իրենք իրենց խաբում են և չեն օրհնվում (Հկ 1։22–25)։ Աստծու Որդին հստակ ասաց, որ նույնիսկ եթե մարդը անում է այնպիսի գործեր, ինչպիսին Աստված է պահանջում, բայց սխալ մղումներով ու սխալ ձևով, կմերժվի և երբեք չի մտնի Աստծու Թագավորություն (Մթ 7։15–23)։
Հոգևոր գանձեր
it, «Կարեկցանք», պրբ. 5
Կարեկցանք
Աստծու կամքին հակառակ կարեկցանք դրսևորելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, նույնիսկ եթե դա արվում է ճնշման ներքո։ Սավուղ թագավորի հետ պատահած դեպքը պարզ ցույց է տալիս դա։ Երբ ժամանակը եկավ, որ Աստծու դատավճիռը իրագործվի ամաղեկացիների դեմ, որոնք առաջին ազգն էին, որ հարձակվեցին իսրայելացիների վրա, երբ նրանք դուրս եկան Եգիպտոսից, Սավուղին պատվեր տրվեց, որ կարեկցանք ցույց չտա նրանց հանդեպ։ Սակայն իր հպատակների կողմից ճնշման ենթարկվելով՝ նա ամբողջությամբ չկատարեց Եհովայի պատվերը։ Այդ պատճառով Աստված մերժեց Սավուղին՝ որպես թագավորի (1Սմ 15։2–24)։ Եթե անհատը խոր համոզվածություն ունենա, որ Եհովայի ճանապարհները ճիշտ են, և նրա հանդեպ իր նվիրվածությունը ամեն ինչից վեր դասի, մեղք չի գործի ու չի կորցնի Աստծու հավանությունը, ինչպես եղավ Սավուղի պարագայում։
ՄԱՐՏԻ 21–27
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 1 ՍԱՄՈՒԵԼ 16–17
«Պատերազմը Եհովայինն է»
wp16.5, էջ 11, պրբ. 2–3
«Պատերազմը Եհովայինն է»
Սավուղի վստահությունն ամրացնելու համար Դավիթը պատմեց, թե ինչպես է կռվել առյուծի ու արջի դեմ։ Արդյոք նա պարծենո՞ւմ էր։ Ամենևի՛ն։ Դավիթը գիտեր՝ ում շնորհիվ է կարողացել հաղթել այդ գիշատիչներին։ Նա ասաց. «Եհովան, որն ազատեց ինձ առյուծի և արջի ճանկերից, այս փղշտացու ձեռքից էլ կազատի»։ Դա լսելով՝ Սավուղը տեղի տվեց և ասաց. «Գնա՛, և թող Եհովան քեզ հե՛տ լինի» (1 Սամուել 17։37)։
Հավանաբար, կցանկանայիր Դավթի պես՝ ամուր հավատ ունենալ։ Դավիթը կուրորեն չէր հավատում և անիրականանալի երազանքներ չէր փայփայում։ Նրա հավատը հիմնված էր իր կյանքում տեղի ունեցած դեպքերի և այն ամենի վրա, ինչ նա գիտեր Եհովայի մասին։ Նա գիտեր, որ Եհովան սիրառատ հոր պես պաշտպանում է իր ծառաներին և իր խոստումները երբեք չի դրժում։ Եթե ուզում ենք, որ մեր հավատն էլ այդպես ամուր լինի, պետք է շարունակենք Աստվածաշնչից գիտելիքներ ձեռք բերել Աստծու մասին։ Եվ երբ մեր կյանքում կիրառենք այն, ինչ սովորում ենք, հիանալի արդյունքներ կտեսնենք, ինչը նույնպես կամրացնի մեր հավատը (Եբրայեցիներ 11։1)։
wp16.5, էջ 11–12
«Պատերազմը Եհովայինն է»
Դավիթը խրոխտ ձայնով ասաց Գողիաթին. «Դու ինձ վրա սրով, նիզակով ու տեգով ես գալիս, բայց ես քեզ վրա գալիս եմ Զորքերի Տեր Եհովայի անունով՝ Իսրայելի զորքերի Աստծու, որին դու ծաղրում ես»։ Խիզախ պատանու այս պատասխանը ամուր հավատի դրսևորում էր, որը մինչ օրս հիացնում է մարդկանց։ Դավիթը լավ գիտեր, որ մարդկային ուժն ու զենքերը մեծ դեր չէին խաղում այդ կռվում։ Գողիաթը անհարգալից վերաբերմունք էր դրսևորել Եհովա Աստծու հանդեպ, ուստի Եհովան էր պատասխան տալու նրան։ Դավիթը համոզվածությամբ ասաց. «Պատերազմը Եհովայինն է» (1 Սամուել 17։45–47)։
Դավիթը տեսնում էր Գողիաթի վիթխարի չափերը և զենքերը, բայց այդ ամենը նրան չէր վախեցնում։ Նա չուներ այն սխալ մտածելակերպը, որ ունեին Սավուղն ու նրա զինվորները. նա Գողիաթին համեմատում էր ոչ թե իր հետ, այլ Եհովայի։ Ճիշտ է, Գողիաթը իր՝ գրեթե երեք մետր հասակով անհամեմատ բարձր էր մյուս բոլոր մարդկանցից, բայց Տիեզերքի Գերիշխանի հետ համեմատած՝ նա, ինչպեսև ցանկացած մարդ, ընդամենը մի միջատ էր, այս դեպքում՝ միջատ, որին Եհովան շուտով ոչնչացնելու էր։
wp16.5, էջ 12, պրբ. 4
«Պատերազմը Եհովայինն է»
Ներկայումս Աստծու ծառաները բառացի պատերազմների չեն մասնակցում։ Այդ ժամանակներն անցել են (Մատթեոս 26։52)։ Բայց այսօր նույնպես անհրաժեշտ է, որ Դավթի պես՝ հավատ դրսևորենք։ Նրա նման՝ մենք պետք է վստահ լինենք, որ Եհովան իրական անձնավորություն է, և որ նա միակ Աստվածն է, ում պետք է ծառայենք և ակնածանքով վերաբերվենք։ Երբեմն գուցե մեծ խնդիրների բախվենք ու մեզ անզոր զգանք դրանց առջև։ Այդ ժամանակ պետք է հիշենք, որ Եհովայի անսահման զորության համեմատ այդ խնդիրները շատ փոքր են։ Եթե մենք ծառայում ենք Եհովային՝ որպես մեր Աստծու, և Դավթի պես՝ անսասան հավատ ունենք նրա հանդեպ, ապա ոչ մի դժվարություն, ոչ մի խնդիր չի կարող վախեցնել մեզ, որովհետև չկա մի բան, որ հնարավոր չլինի հաղթահարել Եհովայի անսահման զորությամբ։
Հոգևոր գանձեր
it-2, էջ 871–872
Սավուղ
Այս դեպքերից և Դավթի՝ Իսրայելի ապագա թագավոր օծվելուց հետո, Եհովայի ոգին լքեց Սավուղին։ Այդուհետ «Եհովայից մի չար ոգի սկսեց ահաբեկել նրան»։ Իր ոգին Սավուղի վրայից վերցնելով՝ Եհովան թույլ տվեց, որ մի չար ոգի իջնի նրա վրա։ Այդ ոգին խաթարել էր Սավուղի խաղաղությունը և տակնուվրա արել նրա զգացմունքները, մտքերն ու երևակայությունը։ Անհնազանդությունը ջրի երես հանեց Սավուղի մտքի ու սրտի չար հակումները, որոնցից Աստծու ոգին արդեն չէր պաշտպանում նրան, և որոնց դեմ այլևս չէր օգնում պայքարել։ Բայց քանի որ Եհովան թույլ տվեց, որ «չար ոգին» փոխարինի Իր ոգուն և ահաբեկի Սավուղին, կարելի է ասել, որ այդ չար ոգին Եհովայից էր, ուստի Սավուղի ծառաները այն անվանեցին «Աստծուց մի չար ոգի»։ Իր ծառաներից մեկի խորհրդի համաձայն՝ Սավուղը կանչեց Դավթին, որ նվագելով հանգստացնի իրեն, երբ «չար ոգին» կրկին գա իր վրա (1Սմ 16։14–23; 17։15)։
ՄԱՐՏԻ 28–ԱՊՐԻԼԻ 3
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 1 ՍԱՄՈՒԵԼ 18–19
«Խոնարհ մնա, երբ հաջողության ես հասնում»
Ապավինիր Աստծո ոգուն, երբ քո կյանքում փոփոխություններ են լինում
4 Շուտով այս պատանի հովվի անունը հռչակվելու էր ամբողջ երկրով մեկ։ Նրան կանչեցին ծառայելու թագավորին ու նվագելու նրա համար։ Նա սպանեց Գողիաթին՝ մի ահարկու, հսկա ռազմիկի, որից վախենում էին նույնիսկ փորձառու իսրայելացի զինվորները։ Դավիթը նշանակվեց զորավար ու հաղթեց փղշտացիներին։ Ժողովուրդը սիրեց նրան։ Մարդիկ երգ ձոնեցին Դավիթին։ Ավելի վաղ Սավուղ թագավորի խորհրդականներից մեկը երիտասարդ Դավիթի մասին ասել էր, որ նա ոչ միայն «քնար ածել գիտէ», այլև «քաջ, զօրաւոր, պատերազմող, ճարտասան, եւ գեղեցիկ տեսքով մարդ է» (Ա Թագաւորաց 16։18; 17։23, 24, 45–51; 18։5–7)։
Տես Աստծուն ծառայողի ու չծառայողի տարբերությունը
6 Ոմանց համար հպարտանալու պատճառ կարող է դառնալ իրենց գեղեցկությունը, ուժը, երաժշտական ընդունակությունները, ճանաչումը կամ բարձր դիրքը։ Դավիթն ուներ այս ամենը, սակայն իր ողջ կյանքում խոնարհ մնաց։ Օրինակ՝ այն բանից հետո, երբ նա սպանեց Գողիաթին և Սավուղ թագավորից առաջարկ ստացավ ամուսնանալու նրա աղջկա հետ, ասաց. «Ո՞վ եմ ես, և ովքե՞ր են իմ ազգականները՝ իմ հոր տոհմը Իսրայելում, որ ես թագավորի փեսան դառնամ» (1 Սամ. 18։18)։ Ի՞նչն օգնեց Դավթին խոնարհ մնալ։ Նա գիտակցում էր, որ այդպիսի հատկություններ, ունակություններ և առանձնաշնորհումներ ուներ այն բանի շնորհիվ, որ Աստված խոնարհվել էր և իրեն ուշադրություն դարձրել (Սաղ. 113։5–8)։ Դավիթը շատ լավ հասկանում էր, որ իր ունեցած բոլոր լավ բաները Եհովայից է ստացել (համեմատիր 1 Կորնթացիներ 4։7)։
7 Այսօր Եհովայի ժողովուրդը ձգտում է Դավթի պես խոնարհ լինել։ Մենք ակնածանքով ենք լցվում՝ իմանալով, որ Եհովան՝ տիեզերքի մեծագույն Անձնավորությունը, դրսևորում է այդ գրավիչ հատկությունը (Սաղ. 18։35)։ Մենք սրտանց ընդունում ենք Աստծու ներշնչմամբ գրված հետևյալ խորհուրդը. «Հագեք խոր կարեկցանքը, բարությունը, խոնարհամտությունը, մեղմությունը և համբերատարությունը» (Կող. 3։12)։ Նաև գիտենք, որ սերը «չի պարծենում, չի հպարտանում» (1 Կորնթ. 13։4)։ Երբ մենք խոնարհություն ենք դրսևորում, հնարավոր է՝ դա մարդկանց ձգի դեպի Եհովան։ Ինչպես որ ամուսինները կարող են առանց խոսքի շահվել իրենց կանանց վարքով, այնպես էլ հնարավոր է՝ ուրիշները մղվեն մտերմանալու Աստծու հետ՝ տեսնելով նրա ժողովրդի դրսևորած խոնարհությունը (1 Պետ. 3։1)։
Հոգևոր գանձեր
it-2, էջ 695–696
Մարգարե
Այն, որ մարգարեները նշանակվում էին Եհովայի ոգով, չէր նշանակում, որ նրանք անդադար Աստծու ներշնչմամբ էին խոսում։ Աստծու ոգին ժամանակ առ ժամանակ էր իջնում նրանց վրա՝ հայտնելով այն լուրը, որ պետք է հռչակեին (Եզկ 11։4, 5; Մք 3։8)։ Դա խոր ազդեցություն էր ունենում նրանց վրա՝ մղելով խոսել (1Սմ 10։10; Եր 20։9; Ամս 3։8)։ Նրանք աչքի էին ընկնում ոչ միայն արտասովոր գործերով։ Մարգարեների վարքագծի ու խոսելաձևի մեջ գերբնական զգացմունքներ էին արտացոլվում։ Սա մասամբ բացատրում է, թե ինչ է նշանակում այն, որ ոմանք «իրենց մարգարեների պես էին պահում» (1Սմ 10։6–11; 19։20–24; Եր 29։24–32; համեմատիր Գրծ 2։4, 12–17; 6։15; 7։55)։ Քանի որ մարգարեները ամբողջությամբ կենտրոնացած էին ծառայության վրա և եռանդորեն ու քաջաբար էին կատարում իրենց հանձնարարությունը, երբեմն գուցե այնպես պահեին իրենց, որ մյուսների մոտ տարօրինակ կամ խելագար մարդու տպավորություն թողնեին։ Հենց այդպիսի տպավորություն զորագլուխների վրա թողեց այն մարգարեն, ով եկել էր Հեուին օծելու։ Սակայն երբ նրանք իմացան, որ նա մարգարե է, լրջորեն մոտեցան նրա հայտնած լուրին (2Թգ 9։1–13; համեմատիր Գրծ 26։24, 25)։ Երբ Սավուղը Դավթին հետապնդելու ժամանակ ոգու ազդեցությամբ «իրեն մարգարեի պես պահեց», իր վրայից հանեց հանդերձները «և այդ ամբողջ օրն ու ամբողջ գիշերը մերկ վիճակում ընկած մնաց գետնին»։ Այդ ընթացքում Դավթին հաջողվեց փախչել (1Սմ 19։18–20։1)։ Սակայն այս օրինակից չպետք է եզրակացնենք, որ մարգարեները հաճախ էին մերկ քայլում։ Աստվածաշնչում այդպիսի ընդամենը երեք դեպք կա։ Մյուս երկու դեպքերում մարգարեն իր հռչակած մարգարեության վրա ուշադրություն հրավիրելու նպատակով մերկ քայլեց (Ես 20։2–4; Մք 1։8–11)։ Մենք հստակ չգիտենք, թե ինչու Սավուղը մերկ վիճակում գետնին ընկած մնաց, բայց հնարավոր է՝ դա ցույց էր տալիս, որ առանց թագավորական հանդերձների նա սովորական մարդ էր կամ որ անզոր էր Եհովայի թագավորական իշխանության դեմ (կամ էլ մեկ այլ անհայտ պատճառով)։
ԱՊՐԻԼԻ 4–10
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 1 ՍԱՄՈՒԵԼ 20–22
«Ինչպես լավ ընկեր լինել»
Մինչ վերջը մոտենում է, իսկական ընկերներ ձեռք բեր
18 Այսօր մեր եղբայրներն ու քույրերը տարատեսակ դժվարությունների են բախվում։ Օրինակ՝ շատերը զրկանքներ են կրում բնական աղետների կամ պատերազմների պատճառով։ Նման դեպքերում մեզանից ոմանք գուցե կարողանան իրենց տանը հյուրընկալել այդ հավատակիցներին, ոմանք էլ գուցե հնարավորություն ունենան ֆինանսապես օգնելու նրանց։ Բայց կա մի բան, ինչը բոլո՛րս կարող ենք անել՝ աղոթել Եհովային, որ նրանց զորավիգ լինի։ Երբ տեսնում ենք, որ մեր եղբայրը կամ քույրը վհատված է, հնարավոր է՝ չիմանանք, թե ինչպես սփոփենք կամ աջակցենք նրան։ Սակայն բոլորս էլ շատ բան կարող ենք անել նման իրավիճակներում։ Օրինակ՝ կարող ենք ժամանակ հատկացնել մեր այդ ընկերոջը, կարեկցանքով լսել, նրա համար Աստվածաշնչից կարդալ մեր սիրած մխիթարական խոսքերը (Ես. 50։4)։ Ամենակարևորն այն է, որ ընկերոջդ կողքին լինես, երբ նա քո կարիքն ունենա (կարդա Առակներ 17։17)։
Քայլիր Եհովայի ճանապարհներով
7 Աստված ակնկալում է, որ մենք միմյանց համար վստահելի ընկերներ լինենք (Առակ. 17։17)։ Սավուղ թագավորի որդի Հովնաթանը ընկերացավ Դավթի հետ։ Երբ Հովնաթանը լսեց, որ Դավիթը սպանել է Գողիաթին, «Յովնաթանի սիրտը կապուեցաւ Դաւիթի սրտի հետ. եւ Յովնաթանը նորան իր անձի պէս սիրեց» (Ա Թագ. 18։1, 3)։ Նա նույնիսկ զգուշացրեց Դավթին, որ Սավուղը ուզում է սպանել նրան։ Դավիթը փախավ։ Հետո Հովնաթանը հանդիպեց նրան և ուխտ կապեց նրա հետ։ Հովնաթանը իր կյանքը վտանգեց՝ Սավուղի հետ խոսելով Դավթի մասին։ Երկու ընկերները կրկին հանդիպեցին և վերահաստատեցին իրենց մտերմությունը (Ա Թագ. 20։24–41)։ Վերջին հանդիպման ժամանակ Հովնաթանը «նորա ձեռքը Աստուծով զօրացրեց» (Ա Թագ. 23։16–18)։
w09 10/15, էջ 19, պրբ. 11
Մի՛ կորցրու ընկերներիդ
11 Հավատարիմ եղիր։ «Ամեն ժամանակ սիրող է բարեկամը, եւ եղբայրը նեղ օրուան համար է ծնուած»,— գրեց Սողոմոնը (Առակ. 17։17)։ Այս խոսքերը գրելով՝ նա գուցե նկատի ուներ այն ընկերությունը, որ կար իր հոր՝ Դավթի և Հովնաթանի միջև (Ա Թագ. 18։1)։ Հովնաթանի հայր Սավուղ թագավորը ուզում էր, որ ի՛ր որդին ժառանգի գահը։ Սակայն Հովնաթանը շատ լավ գիտեր, որ Եհովան Դավթին է ընտրել որպես թագավոր։ Ի տարբերություն Սավուղի՝ նա չէր նախանձում Դավթին։ Երբ իր ընկերը փառքի արժանացավ, Հովնաթանը չբարկացավ և ոչ էլ հավատաց այն բամբասանքներին, որ Սավուղը տարածել էր Դավթի մասին (Ա Թագ. 20։24–34)։ Հովնաթանի նմա՞ն ես։ Երբ ընկերներդ առանձնաշնորհումներ են ստանում, ուրախանո՞ւմ ես։ Իսկ երբ դժվարությունների են բախվում, սփոփո՞ւմ և աջակցո՞ւմ ես նրանց։ Երբ բամբասանքներ ես լսում ընկերոջդ մասին, հավատո՞ւմ ես դրանց։ Թե՞ Հովնաթանի նման հավատարմորեն պաշտպանում ես ընկերոջդ։
Հոգևոր գանձեր
Ուշագրավ մտքեր «Ա Թագաւորաց» գրքից
21։12, 13. Եհովան մեզանից ակնկալում է, որ մենք գործի դնենք մեր մտային կարողություններն ու հմտությունները կյանքի ծանր իրավիճակները հաղթահարելու համար։ Նա մեզ շնորհել է իր ներշնչյալ Խոսքը, որը մեզ տալիս է խորագիտություն, գիտելիքներ և «մտածելու ունակություն» (ՆԱ) (Առակաց 1։4)։ Նաև, մենք կարող ենք օգնություն ստանալ նշանակված քրիստոնյա երեցներից։
ԱՊՐԻԼԻ 18–24
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 1 ՍԱՄՈՒԵԼ 23–24
«Համբերատարորեն սպասիր Եհովային»
Ապավինիր Աստծո ոգուն, երբ քո կյանքում փոփոխություններ են լինում
8 Դավիթը չցանկացավ վնասել Սավուղին։ Դրսևորելով հավատ ու համբերություն՝ նա անտրտունջ հարցի լուծումը թողեց Եհովային։ Երբ թագավորը դուրս եկավ քարայրից, Դավիթը կանչեց նրա ետևից ու ասաց. «Տէրը դատաստան անէ իմ ու քո մէջ, եւ Տէրը իմ վրեժը քեզանից առնէ. բայց իմ ձեռքը քեզ վերայ չի լինիլ» (Ա Թագաւորաց 24։13)։ Թեև Դավիթը գիտեր, որ Սավուղն իր հանդեպ ճիշտ չէր վարվում, այնուամենայնիվ նա վրեժխնդիր չեղավ նրանից և ոչ էլ անարգալից կերպով խոսեց նրա հետ կամ նրա մասին։ Դավիթին ուրիշ առիթներ էլ ներկայացան վրեժ լուծելու, սակայն նա խուսափեց դրանից. նա իր հույսը դրեց Եհովայի վրա (Ա Թագաւորաց 25։32–34; 26։10, 11)։
Արդյո՞ք հանգամանքներդ են իշխում քո կյանքի վրա
Երրորդ դասն այն է, որ մենք չպետք է դիմենք ոչ սուրբգրային միջոցների՝ մեր հանգամանքները փոխելու համար, այլ դրա փոխարեն՝ սպասենք Եհովային։ Հակոբոս աշակերտը գրել է. «Համբերութիւնը թող կատարեալ գործ ունենայ. որ կատարեալ եւ ամբողջ լինիք, եւ ոչ մի բանի պակասութիւն չ’ունենաք» (Յակոբոս 1։4)։ Պետք է թույլ տալ, որ համբերությունը «կատարեալ գործ ունենայ», այսինքն՝ թողնել, որ փորձությունը իր հունով գնա, և դրան արագորեն վերջ դնելու համար չդիմել հակասուրբգրային միջոցների։ Այդպիսով մեր հավատը կփորձվի, կզտվի, և կբացահայտվի, թե որքան զորեղ է այն։ Հովսեփն ու Դավիթը այսպիսի համբերություն են դրսևորել։ Նրանք չէին փորձում այնպիսի լուծում հնարել, որը կարող էր տհաճություն պատճառել Եհովային։ Փոխարենը՝ նրանք ձգտում էին իրենց իրավիճակում անել լավագույնը։ Նրանք սպասեցին Եհովային և որքա՜ն օրհնվեցին այդպես վարվելու համար։ Եհովան նրանց միջոցով ազատեց և առաջնորդեց իր ժողովրդին (Ծննդոց 41։39–41; 45։5; Բ Թագաւորաց 5։4, 5)։
Գուցե մենք էլ հայտնվենք որոշ իրավիճակներում և կանգնենք ոչ սուրբգրային լուծումներ փնտրելու գայթակղության առաջ։ Օրինակ՝ վհատվա՞ծ ես, քանի որ դեռ չես գտել համապատասխան կողակից։ Եթե այո, ապա խուսափիր ցանկացած գայթակղությունից, որը քեզ կմղի չհնազանդվել Եհովայի՝ ‘միայն Տերով’ ամուսնանալու խորհրդին (Ա Կորնթացիս 7։39)։ Ընտանիքում խնդիրնե՞ր ունես։ Ուրեմն աշխարհի ոգու ազդեցությանը տրվելու փոխարեն, որը քաջալերում է բաժանումն ու ամուսնալուծությունը՝ ձգտիր կողակցիդ հետ միասին հաղթահարել դժվարությունները (Մաղաքիա 2։16; Եփեսացիս 5։21–33)։ Դժվարանո՞ւմ ես ընտանիքիդ հոգ տանել տնտեսական ծանր պայմանների պատճառով։ Եհովային սպասել նշանակում է խուսափել դրամ ձեռք բերելու համար կասկածելի կամ անօրինական գործեր անելուց (Սաղմոս 37։25; Եբրայեցիս 13։18)։ Այո՛, մենք բոլորս էլ պետք է աշխատենք մեր հանգամանքներում անել լավագույնը և ջանքեր գործադրենք՝ այդպիսով թույլ տալով Եհովային օրհնել մեզ։ Եկեք այդպես վարվենք ու վճռենք սպասել Եհովային ու տեսնել նրա տված լավագույն լուծումը (Միքիա 7։7)։
Հոգևոր գանձեր
Թող ոչինչ չզրկի ձեզ մրցանակից
11 Եթե մեր մեջ սեր ու բարություն զարգացնենք, դժվար թե սկսենք նախանձել ուրիշներին։ Աստվածաշունչն ասում է. «Սերը համբերատար է ու բարի։ Սերը նախանձոտ չէ» (1 Կորնթ. 13։4)։ Մենք չպետք է թույլ տանք, որ նախանձը արմատներ գցի մեր սրտում, ուստի պետք է ձգտենք ամեն ինչին նայել Աստծու տեսանկյունից և մեր եղբայրներին ու քույրերին համարենք նույն մարմնի անդամներ։ Դա կօգնի, որ միաբան ու համերաշխ լինենք, ինչպես խորհուրդ է տալիս Սուրբ Գիրքը. «Եթե մեկ անդամը փառավորվում է, մյուս բոլոր անդամներն էլ են ուրախանում նրա հետ» (1 Կորնթ. 12։16–18, 26)։ Երբ ուրիշները օրհնություններ ստանան, մենք ոչ թե կնախանձենք նրանց, այլ կուրախանանք։ Նկատի առնենք Սավուղ թագավորի որդու՝ Հովնաթանի օրինակը։ Նա նախանձով չլցվեց, երբ Դավիթը գահաժառանգ նշանակվեց, այլ ընդհակառակը՝ քաջալերեց նրան (1 Սամ. 23։16–18)։ Կարո՞ղ ես Հովնաթանի պես բարի ու սիրագորով լինել։
ԱՊՐԻԼԻ 25–ՄԱՅԻՍԻ 1
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 1 ՍԱՄՈՒԵԼ 25–26
«Հապճե՞պ ես գործում»
Նա խոհեմությամբ վարվեց
10 Իսկ ինչպե՞ս էին Դավթի ռազմիկները վարվում Նաբաղի հովիվների հետ։ Ինչ խոսք, նրանք կարող էին գողանալ նրանց ոչխարները, բայց այդպես չէին անում։ Ընդհակառակը՝ պաշտպանում էին Նաբաղի ծառաներին և ոչխարներին (կարդա՛ 1 Սամուել 25։15, 16)։ Սովորաբար հովիվները շատ դժվարություններ էին դիմագրավում ոչխարների հոտը հսկելու ժամանակ, քանի որ ամենուր գիշատիչ կենդանիներ կային։ Բացի այդ, Իսրայելի հարավային սահմանը մոտ էր, և այդ պատճառով մյուս կողմից ավազակախմբերը հաճախ էին հարձակվում։
11 Կարելի է պատկերացնել, թե որքան դժվար էր 600 տղամարդկանց սննդով ապահովել անապատում։ Այդ պատճառով մի օր Դավիթը իր մարդկանցից տասը հոգու ուղարկեց Նաբաղի մոտ։ Նա ճիշտ ժամանակ էր ընտրել Նաբաղից օգնություն խնդրելու համար, քանի որ ոչխարներին խուզելու ժամանակն էր, երբ, համաձայն սովորության, մարդիկ առատաձեռնություն էին դրսևորում և խնջույքներ կազմակերպում։ Բացի դրանից, Դավիթը, հաշվի առնելով Նաբաղի տարիքը, պատվիրել էր իր մարդկանց, որ նրա հետ բարեհամբույր լինեն ու հարգալից խոսքերով ասեն. «Խնդրում եմ, ինչ որ ձեռքդ գտնի, տուր քո ծառաներին ու քո որդի Դավթին»։ Ինչպե՞ս արձագանքեց Նաբաղը (1 Սամ. 25։5–8)։
12 Նաբաղը կոպիտ ու անարգալից ձևով խոսեց։ Նա «կշտամբանքներ տեղաց» նրանց վրա։ Այդ ժլատ մարդը սկսեց բարձրաձայն դժգոհել և ասել, որ չի կարող իր հացը, ջուրը և մորթած անասունի միսը տալ անծանոթ մարդկանց։ Նույնիսկ ծաղրեց Դավթին որպես անարժեք մի մարդու և համեմատեց նրան իր տիրոջից փախած ծառայի հետ։ Սավուղի պես՝ այս մարդը նույնպես ատելություն ցույց տվեց Դավթի հանդեպ։ Ո՛չ Սավուղը, ո՛չ էլ Նաբաղը չունեին Եհովայի տեսակետը։ Եհովան սիրում էր Դավթին ու նրան համարում էր ոչ թե անհնազանդ ծառա, այլ Իսրայելի ապագա թագավոր (1 Սամ. 25։10, 11, 14)։
Նա խոհեմությամբ վարվեց
18 Աբիգեան մեղքն իր վրա վերցրեց և ներողություն խնդրեց։ Նա ընդունեց, որ իր ամուսինը անմիտ է։ Այդպիսով Աբիգեան հավանաբար ուզում էր ասել, որ Դավթի արժանապատվությունից ցածր կլինի նման անհատին պատժել։ Նա նաև ցույց տվեց, որ վստահում է նրան՝ որպես Աստծու ներկայացուցչի, որը մղում է նրա պատերազմները։ Բացի այդ, Աբիգեան գիտեր Դավթի և նրա թագավորության վերաբերյալ Եհովայի խոստումների մասին, քանի որ ասաց. «Եհովան.... քեզ Իսրայելի վրա առաջնորդ կդնի»։ Դեռ ավելին, հորդորեց քայլեր չձեռնարկել և արյունապարտ չդառնալ, ինչը հետագայում կարող էր «գայթակղության քար» լինել, այսինքն՝ նրա խիղճը կտանջեր (կարդա՛ 1 Սամուել 25։24–31)։
Հոգևոր գանձեր
Նա խոհեմությամբ վարվեց
16 Արդյո՞ք Աբիգեան ոտնահարեց իր ամուսնու գլխավորությունը։ Ո՛չ։ Նաբաղը Եհովայի օծյալի հանդեպ արհամարհական վերաբերմունք էր դրսևորել, ինչի արդյունքում մահանալու էին անմեղ մարդիկ։ Եթե Աբիգեան անմիջապես գործի չանցներ, գուցե մեղսակից դառնար։ Այդ խոհեմ կինը առավել հնազանդվեց Աստծուն, քան իր ամուսնուն։