Բերզելի. մարդ, որը գիտակցում էր իր սահմանափակ կարողությունները
«ԻՆՉՈ՞Ւ քեզ համար բեռ դառնամ»,— այս խոսքերը Իսրայելի Դավիթ թագավորին ասաց 80–ամյա մի ծերունի։ Նրա անունն էր Բերզելի։ Աստվածաշունչն ասում է, որ նա «շատ մեծ մարդ էր»՝ ըստ երևույթին, նկատի ունենալով նրա մեծ հարստությունը (Բ Թագաւորաց 19։32, 35)։ Բերզելին ապրել է Գաղաադում՝ Հորդանան գետից արևելք ընկած լեռնային շրջանում (Բ Թագաւորաց 17։27; 19։31)։
Ի՞նչ հանգամանքներում Բերզելին Դավթին ասաց այդ խոսքերը։ Իսկ ինչո՞ւ այս ծեր մարդն այդպիսի խոսքեր ասաց։
Ապստամբություն թագավորի դեմ
Դավիթը վտանգի մեջ էր։ Նրա որդին՝ Աբիսողոմը, «գողացել էր Իսրայելի մարդկանց սրտերը» և զավթել գահը։ Պարզ էր, որ Աբիսողոմը չէր խնայի ոչ մեկի, ով իր հոր կողմը կլիներ։ Ուստի Դավիթն ու նրա ծառաները Երուսաղեմից հեռացան (Բ Թագաւորաց 15։6, 13, 14)։ Երբ Դավիթը եկավ Մանայիմ՝ Հորդանանից արևելք ընկած մի վայր, Բերզելին օգնության հասավ նրան։
Բերզելին և երկու ուրիշ մարդիկ Դավթին առատաձեռնորեն տվեցին բազմաթիվ անհրաժեշտ բաներ։ Այս երեք հավատարիմ հպատակները ցույց տվեցին, որ հասկանում են, թե ինչ ծանր իրավիճակում է նա գտնվում։ Դա երևում է այն խոսքերից, որ նրանք ասացին. «Ժողովուրդը անապատումը սոված, յոգնած եւ ծարաւ կ’լինի»։ Բերզելին, Սոբին և Մաքիրը ամեն բան արեցին, որ բավարարեին Դավթի ու նրա ծառաների կարիքները՝ նրանց ապահովելով անկողիններով, ցորենով, գարիով, ալյուրով, հեղիով (աղանձով), բակլայով, ոսպով, մեղրով, կարագով, ոչխարներով և այլն (Բ Թագաւորաց 17։27–29)։
Դավթին օգնելը շատ վտանգավոր էր։ Անհավանական է, որ Աբիսողոմը անպատիժ թողներ այն մարդուն, ով կաջակցեր օրինական թագավորին։ Ուստի Բերզելիից մեծ քաջություն էր պահանջվում Դավթի հանդեպ նվիրվածություն դրսևորելու համար։
Իրավիճակը կտրուկ փոխվում է
Շուտով Աբիսողոմի ապստամբ հետևորդների և Դավթի մարդկանց միջև բախում տեղի ունեցավ Եփրեմի անտառում՝ հավանաբար, Մանայիմի մոտակայքում։ Աբիսողոմի բանակը պարտվեց, և «շատ մեծ կոտորած եղաւ այն օրը»։ Աբիսողոմը փորձեց փախչել, բայց ի վերջո սպանվեց (Բ Թագաւորաց 18։7–15)։
Դավիթը կրկին դարձավ Իսրայելի թագավոր։ Այլևս կարիք չկար, որ նրա հետևորդները փախստականի կյանքով ապրեին։ Իրենց նվիրվածության շնորհիվ նրանք արժանացան Դավթի հարգանքին ու երախտագիտությանը։
Երբ Դավիթը վերադառնում էր Երուսաղեմ, «Գաղաադացի Բերզելին իջաւ Ռովգելիմից եւ անցաւ թագաւորի հետ Յորդանանովը, որ նորան Յորդանանովը ճանապարհ դնէ»։ Այդ ժամանակ Դավիթը տարեց Բերզելիին առաջարկեց. «Դու եկ ինձ հետ, եւ ես քեզ կերակրեմ ինձ հետ Երուսաղէմում» (Բ Թագաւորաց 19։15, 31, 33)։
Անշուշտ, Դավիթը բարձր էր գնահատում Բերզելիի օգնությունը։ Ըստ ամենայնի, թագավորը, ասելով այդ խոսքերը, ուզում էր պարգևատրել Բերզելիին և ոչ թե պարզապես նյութականով փոխհատուցել նրա արած բարությունը։ Բերզելին հարուստ էր և այդպիսի օժանդակության կարիք չուներ։ Դավիթը թերևս ցանկանում էր, որ Բերզելին լիներ արքունիքում, քանի որ վերջինս հրաշալի հատկություններ ուներ։ Բերզելիի համար մեծ պատիվ կլիներ ապրել պալատում և վայելել թագավորի ընկերակցությունը։
Համեստ և իրատես
Բերզելին թագավորի հրավերին արձագանքեց՝ ասելով. «Ո՞րքան են իմ կեանքի տարիների օրերը, որ ես թագաւորի հետ վեր գնամ Երուսաղէմ։ Ես այսօր ութսուն տարեկան մարդ եմ. մի՞թէ կարող եմ լաւը վատից ջոկել. կամ ծառադ կերածիս խմածիս հա՞մը կառնեմ. կամ էլ կ’լսե՞մ երգիչների եւ երգչուհիների ձայնը» (Բ Թագաւորաց 19։34, 35)։ Այսպիսով Բերզելին հարգալից կերպով մերժեց առաջարկը և հրաժարվեց պատվաբեր առանձնաշնորհումից։ Բայց ինչո՞ւ։
Պատճառներից մեկը կարող էր լինել այն, որ Բերզելին տարեց էր։ Նա գուցե զգում էր, որ երկար չի ապրելու (Սաղմոս 90։10)։ Բերզելին ամեն բան արել էր Դավթին աջակցելու համար, բայց նաև գիտակցում էր, որ տարիքի պատճառով իր հնարավորությունները սահմանափակ են։ Նա թույլ չտվեց, որ դիրք ու հեղինակություն ունենալու միտքը իրեն խանգարի իրատեսորեն գնահատելու իր կարողությունները։ Ի տարբերություն փառասեր Աբիսողոմի՝ Բերզելին իմաստնորեն համեստություն դրսևորեց (Առակաց 11։2)։
Մյուս պատճառն էլ գուցե այն էր, որ նա չէր ուզում, որ իր հնարավորությունների սահմանափակության պատճառով Աստծու կողմից նշանակված թագավորի գործերի ընթացքը ինչ–որ կերպ դանդաղեր։ Բերզելին ասաց. «Ի՞նչու համար ծառադ իմ տէր թագաւորին բեռ դառնայ» (Բ Թագաւորաց 19։35)։ Թեև նա շարունակեց օգնել Դավթին, սակայն, ըստ ամենայնի, վստահ էր, որ երիտասարդ անձնավորությունն ավելի արդյունավետ կարող է կատարել հանձնարարությունները։ Հավանաբար իր որդուն ի մտի ունենալով՝ Բերզելին ասաց. «Ահա թող Քամաամ ծառադ անցնէ իմ տէր թագաւորի հետ. եւ նորան արա ինչ որ բարի է քո աչքին»։ Դավիթը չվիրավորվեց, այլ ընդունեց նրա առաջարկը։ Հորդանանն անցնելուց առաջ Դավիթը «համբուրեց Բերզելիին եւ օրհնեց նորան» (Բ Թագաւորաց 19։37–39)։
Անհրաժեշտ է լինել հավասարակշռված
Բերզելիի օրինակն ընդգծում է հավասարակշռված լինելու կարևորությունը։ Մի կողմից՝ մենք չպետք է խուսափենք ծառայության առանձնաշնորհում ստանձնելու առաջարկն ընդունելուց կամ դրան ձգտելուց այն պատճառով, որ ուզում ենք հանգիստ կյանք վարել կամ մեզ անընդունակ ենք զգում նման պատասխանատվություն ստանձնելու։ Եթե զորություն և իմաստություն ստանալու համար ապավինենք Աստծուն, ապա նա կարող է լրացնել մեր բացը (Փիլիպպեցիներ 4։13; Հակոբոս 4։17; 1 Պետրոս 4։11)։
Մյուս կողմից՝ պետք է գիտակցենք մեր սահմանափակ կարողությունները։ Ենթադըրենք՝ քրիստոնյան արդեն իսկ խիստ զբաղված է հոգևոր գործունեությամբ։ Նա հասկանում է, որ լրացուցիչ առանձնաշնորհում ընդունելով՝ հնարավոր է՝ անտեսի, օրինակ, իր ընտանիքին հոգ տանելու սուրբգրային պարտականությունը։ Այդ դեպքում մի՞թե համեստության և խոհեմության դրսևորում չի լինի, եթե նա տվյալ ժամանակ հրաժարվի ծառայության լրացուցիչ առանձնաշնորհումից (Փիլիպպեցիներ 4։5; 1 Տիմոթեոս 5։8)։
Բերզելին հիանալի օրինակ է մեզ համար, և լավ կլինի խորհել նրա օրինակի շուրջ։ Նա հավատարիմ էր, քաջ, առատաձեռն ու համեստ։ Իսկ որ ամենակարևորն է, Բերզելին վճռել էր Աստծու շահերը իր շահերից վեր դնել (Մատթեոս 6։33)։
[Քարտեզ 15–րդ էջի վրա]
(Ամբողջական տեքստի համար տե՛ս հրատարակությունը)
Ութսունամյա Բերզելին հոգնեցուցիչ ճանապարհորդություն կատարեց Դավթին օգնելու համար
ԳԱՂԱԱԴ
Ռովգելիմ
Սոկքովթ
Մանայիմ
Հորդանան գետ
Գաղգաղա
Երիքով
Երուսաղեմ
ԵՓՐԵՄ
[նկար 13–րդ էջի վրա]
Ինչո՞ւ Բերզելին մերժեց Դավթի առաջարկը