«Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-13
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 2 ԹԱԳԱՎՈՐՆԵՐ 5-6
«Մեզ հետ լինողներն ավելի շատ են, քան նրանց հետ լինողները»
Եհովայի հրե զորքը
Գիշերը ասորիները եկան Դոթայիմ։ Առավոտյան Եղիսեի ծառան վեր կացավ, դուրս գնաց ու տեսավ, որ քաղաքը շրջապատված է մեծ զորքով։ Նա սարսափահար բղավեց. «Եղիսե՛, ի՞նչ պիտի անենք»։ Եղիսեն ասաց նրան. «Մեզ հետ լինողներն ավելի շատ են, քան նրանց հետ լինողները»։ Այդ պահին Եհովան այնպես արեց, որ Եղիսեի ծառան տեսնի, որ քաղաքի շուրջը եղող լեռները լցված են ձիերով ու հրե մարտակառքերով։
Եղիսեն տեսավ հրե մարտակառքերը. իսկ դու տեսնո՞ւմ ես
Չնայած որ Դոթայիմում Եղիսեն շրջապատված էր թշնամիներով, նա խուճապի չմատնվեց։ Ինչո՞ւ։ Որովհետև ամուր հավատ էր զարգացրել Եհովայի հանդեպ։ Մենք էլ նման հավատի կարիք ունենք։ Դրա համար եկեք աղոթենք Եհովային, որ տա մեզ իր սուրբ ոգին, որպեսզի կարողանանք դրսևորել հավատ և ոգու պտղի մյուս հատկությունները (Ղուկ. 11։13; Գաղ. 5։22, 23)։
it-1, էջ 343, պրբ. 1
Կուրություն
Աստվածաշնչում ասվում է, որ Եղիսեի խոսքով ասորի զինվորները կուրացան, բայց դա ակներևաբար վերաբերում է մտային կուրությանը։ Եթե ողջ զորքը բառացի կուրացած լիներ, հարկավոր կլիներ նրանց բոլորին ձեռքից բռնած տանել։ Բայց Աստվածաշնչում կարդում ենք, որ Եղիսեն նրանց պարզապես ասաց. «Սա չէ ճանապարհը, և սա չէ քաղաքը։ Իմ հետևից եկեք»։ Այս երևույթի մասին Ուիլիամ Ջեյմսը իր՝ «Հոգեբանության սկզբունքները» գրքում նշում է. «Հետաքրքրական է, որ գլխուղեղի կեղևի ֆունկցիայի խանգարումներից մեկը դրսևորվում է մտային կուրությամբ։ Դա հիմնականում վերաբերում է ոչ թե օբյեկտների հանդեպ տեսողական անզգայությանը, այլ դրանք ընկալելու անկարողությանը։ Հոգեբանության տեսանկյունից դա բացատրվում է որպես տեսողական ընկալումների և դրանց նշանակության միջև կապի բացակայություն, տեսողական օրգանների և ընկալման կենտրոնների միջև եղած կապի ընդհատում» (Principles of Psychology, 1981, հատ. 1, էջ 59)։ Եհովան հավանաբար հենց այսպիսի կուրությունը վերացրեց, երբ ասորական զորքը հասավ Սամարիա (2Թգ 6։18-20)։ Սոդոմի մարդիկ էլ, ըստ ամենայնի, այսպիսի մտային կուրություն ունեցան, քանի որ Աստվածաշնչից տեսնում ենք, որ նրանք խուճապահար չէին եղել տեսողությունը կորցնելու պատճառով, այլ համառորեն փորձում էին գտնել Ղովտի դուռը (Ծն 19։11)։
Հոգևոր գանձեր
Ուշագրավ մտքեր «Դ Թագաւորաց» գրքից
5։15, 16 — Ինչո՞ւ Եղիսեն չընդունեց Նեեմանի ընծան։ Եղիսեն մերժեց ընծան, որովհետև հասկանում էր, որ ոչ թե ինքն է հրաշքով բուժել Նեեմանին, այլ Եհովան։ Նրա մտքով անգամ չէր անցնում շահ ստանալ այն պաշտոնից, որ իրեն Աստված էր տվել։ Եհովայի ճշմարիտ երկրպագուները չեն ձգտում իրենց ծառայությունից շահ ստանալ։ Նրանք միշտ հիշում են Հիսուսի հորդորը. «Ձրի առել էք, ձրի տուէք» (Մատթէոս 10։8)։
ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-20
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 2 ԹԱԳԱՎՈՐՆԵՐ 7-8
«Եհովան անսպասելին արեց»
it-1, էջ 716-717
Եղիսե
Ավելի ուշ Բենադադ II-ը ներխուժում է Իսրայելի տարածք։ Սակայն դա կողոպուտի նպատակով արված հերթական արշավանքներից չէ. այս անգամ նա բանակ է դնում Սամարիայի շուրջը ու պաշարում այն։ Պաշարումը սաստիկ է. թագավորին անգամ տեղեկացնում են (առնվազն մեկ դեպքի մասին), թե մի կին ինչպես է կերել իր որդուն։ Որպես Աքաաբի հետնորդ՝ «մարդասպանի որդի»՝ Հովրամ թագավորը երդվում է սպանել Եղիսեին, բայց չի կատարում հապճեպ տված իր երդումը։ Իր օգնականի հետ հասնելով մարգարեի տուն՝ Հովրամը ասում է, որ Եհովայից օգնություն ստանալու ոչ մի հույս չունի։ Եղիսեն վստահեցնում է թագավորին, որ հաջորդ օրը առատ սնունդ կունենան։ Թագավորի օգնականը ծաղրանքով է վերաբերվում դրան, ուստի Եղիսեն ասում է. «Քո աչքերով ես տեսնելու, բայց դրանցից չես ուտելու»։ Եհովան այնպես է անում, որ ասորիների բանակում աղմուկ է լսվում, ինչի հետևանքով նրանք կարծում են, թե մի հսկայական բանակ է գալիս իրենց վրա։ Ուստի փախչում են՝ ճամբարում թողնելով սննդի ողջ պաշարը։ Երբ թագավորը իմանում է ասորիների փախուստի մասին, իր օգնականին հանձնարարում է Սամարիայի դարպասների հսկողությունը։ Սակայն վերջինս, ոտնատակ լինելով, մահանում է, երբ սովահար իսրայելացիները շտապում են կողոպտել բանակատեղին։ Նա տեսնում է սնունդը, բայց դրանից չի ուտում (2Թգ 6։24-7։20)։
Հոգևոր գանձեր
it-2, էջ 195, պրբ. 7
Ճրագ
Դավթի շառավղի թագավորները։ Եհովա Աստված Դավթին թագավոր նշանակեց Իսրայելի վրա։ Դավիթը, հետևելով Աստծու առաջնորդությանը, իմաստուն ղեկավար եղավ ժողովրդի համար։ Այդ իսկ պատճառով նա կոչվեց «Իսրայելի ճրագը» (2Սմ 21։17)։ Դավթի հետ թագավորական ուխտ կնքելիս Եհովան խոստացավ. «Քո գահը դարեդար հաստատ պիտի մնա» (2Սմ 7։11-16)։ Ուստի Դավթի տոհմաբանական շառավիղը, որը շարունակվեց Սողոմոնի միջոցով, «ճրագ» էր Իսրայելի համար (1Թգ 11։36; 15։4; 2Թգ 8։19; 2Տգ 21։7)։
ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-27
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 2 ԹԱԳԱՎՈՐՆԵՐ 9-10
«Նա գործեց քաջությամբ, վճռականությամբ և նախանձախնդրությամբ»
Հեու. մաքուր երկրպագության ջատագով
Իսրայել ազգը դժվար ժամանակներում էր ապրում, երբ Հեուն առաջադրանք ստացավ։ Աքաաբ թագավորի մահից հետո նրա որդի Հովրամն էր թագավոր դարձել, սակայն երկիրը գտնվում էր վերջինիս մայր Հեզաբելի վատ ազդեցության տակ։ Նա դրդում էր ժողովրդին Եհովայի փոխարեն Բահաղին երկրպագելու, նաև սպանել էր տվել Աստծու մարգարեներին և ապականել էր երկիրը՝ այն լցնելով «պոռնկությամբ ու կախարդությամբ» (2 Թագ. 9։22; 1 Թագ. 18։4, 13)։ Ուստի Եհովան վճռեց բնաջինջ անել Աքաաբի ողջ տունը, այդ թվում նաև Հովրամին ու Հեզաբելին և այդ առաջադրանքը տվեց Հեուին։
Հեու. մաքուր երկրպագության ջատագով
Հեուի մոտ երկու պատգամաբերներ ուղարկեցին, սակայն նա չպատասխանեց նրանց հարցին։ Այնուհետև Հովրամ թագավորն ու նրա դաշնակից Օքոզիան՝ Հուդայի թագավորը, իրենց մարտակառքերով դուրս եկան նրան ընդառաջ։ Երբ Հովրամը հարցրեց՝ «խաղաղությունո՞վ է, Հեո՛ւ», վերջինս պատասխանեց. «Ի՞նչ խաղաղություն կարող է լինել, քանի դեռ քո մայր Հեզաբելը պոռնկությամբ ու կախարդությամբ է զբաղվում»։ Հեուի պատասխանից տագնապած՝ Հովրամը շրջվեց, որ փախչի, բայց չհասցրեց։ Հեուն, քաշելով աղեղը, արձակեց այն։ Աղեղն անցավ Հովրամի սրտի միջով, և նա մեռած ընկավ իր կառքի մեջ։ Օքոզիային հաջողվեց փախչել, սակայն հետո Հեուն հետապնդեց նրան ու սպանեց (2 Թագ. 9։22–24, 27)։
Աքաաբի տան մյուս անդամը, որ պիտի մահվան մատնվեր, Հեզաբել չար թագուհին էր։ Տեղին էր, որ Հեուն նրան «անիծված» անվանեց։ Երբ նա մտավ Հեզրայել, տեսավ, որ Հեզաբելը պալատի պատուհանից դուրս է նայում։ Առանց ավելորդ խոսքերի՝ Հեուն կարգադրեց պալատականներին նրան պատուհանից ցած նետել։ Հետո նրա ձիերը կոխկռտեցին Հեզաբելին, որն ապականել էր ողջ Իսրայելը։ Այնուհետև Հեուն ոչնչացրեց չար Աքաաբի տան մնացած բոլոր անդամներին (2 Թագ. 9։30–34; 10։1–14)։
Հեու. մաքուր երկրպագության ջատագով
Ճիշտ է, Հեուն շատ արյուն թափեց, սակայն Աստվածաշունչը նրան ներկայացնում է որպես քաջ մարդու, որը ազատեց Իսրայելին Հեզաբելի և նրա ընտանիքի հարստահարող տիրապետությունից։ Այդ առաջադրանքն անելու համար խիզախություն, վճռականություն և նախանձախնդրություն էր պահանջվում։ Աստվածաշնչյան մի բառարանում բացատրվում է. «Դա բավականին բարդ առաջադրանք էր, և [Հեուն] այդ գործն արեց առանց զիջումների գնալու և հիմնավորապես։ Ավելի մեղմ միջոցներ ձեռնարկելու դեպքում նրան չէր հաջողվի Իսրայելից արմատախիլ անել Բահաղի երկրպագությունը»։
Այսօր էլ քրիստոնյաները հայտնվում են այնպիսի իրավիճակներում, երբ հարկ է լինում դրսևորել Հեուին հատուկ հատկություններ։ Օրինակ՝ ինչպե՞ս կվարվենք, եթե կանգնած լինենք այնպիսի բան անելու գայթակղության առաջ, որը դատապարտում է Եհովան։ Մենք պետք է լինենք քաջ, նախանձախնդիր և չհապաղենք մերժել այն։ Լինելով Աստծուն նվիրված մարդիկ՝ չենք հանդուրժի նրա հետ որևէ մրցակցություն։
Հոգևոր գանձեր
Հեու. մաքուր երկրպագության ջատագով
Ըստ երևույթին, Հեուն կարծում էր, որ Հուդայից անկախ լինելու համար Իսրայելը պետք է կրոնական առումով առնչություն չունենա նրա հետ։ Ուստի այդ նպատակով նա, Իսրայելի նախկին թագավորների պես, առաջ տարավ հորթի երկրպագությունը։ Այդպիսով Հեուն ցույց տվեց, որ չէր վստահում Եհովային՝ նրան, ով իրեն թագավոր էր դարձրել։
Եհովան գովեց Հեուին այն բանի համար, որ նա «լավ վարվեց և արեց այն, ինչը ճիշտ էր իր աչքում»։ Այնուհանդերձ, Հեուն «չզգուշացավ, որ ամբողջ սրտով Իսրայելի Աստված Եհովայի օրենքի մեջ քայլեր» (2 Թագ. 10։30, 31)։ Քննելով նրա արած բոլոր գործերը՝ գուցե զարմանանք ու ափսոսանք, որ նա չպահեց իր ճիշտ ընթացքը։ Բայց մենք կարող ենք սովորել նրա օրինակից. երբեք չպետք է Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունները սովորական բան համարենք։ Հարկավոր է ամեն օր նվիրվածություն զարգացնել մեր երկնային Հոր հանդեպ՝ ուսումնասիրելով նրա Խոսքը, դրա շուրջ խորհելով և սրտանց աղոթելով։ Ուստի եկեք առավելագույնս զգույշ լինենք, որ ամբողջ սրտով քայլենք Եհովայի օրենքի մեջ (1 Կորնթ. 10։12)։
ՆՈՅԵՄԲԵՐԻ 28– ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 2 ԹԱԳԱՎՈՐՆԵՐ 11-12
«Փառասեր ու չար կինը անպատիժ չի մնում»
Հովիադայի քաջությունը
Հեզաբելը մի աղջիկ ուներ, որի անունը Գոթողիա էր։ Նա իր մոր պես չար էր։ Գոթողիան ամուսնացել էր Հուդայի թագավորի հետ։ Երբ նրա ամուսինը մահացավ, սկսեց թագավորել նրա որդին։ Սակայն երբ նրա որդին էլ մահացավ, նա սկսեց իշխել։ Այդ ժամանակ Գոթողիան փորձեց սպանել ամբողջ թագավորական սերնդին, այսինքն՝ բոլոր նրանց, ովքեր կարող էին իր փոխարեն թագավորել Հուդայում։ Գոթողիա թագուհին նույնիսկ իր թոռներին սպանեց։ Բոլորը վախենում էին նրանից։
Հովիադա քահանայապետն ու նրա կինը՝ Հովսաբեեն, գիտեին, որ այն, ինչ անում է Գոթողիան, շատ վատ է։ Նրանք, վտանգելով իրենց կյանքը, թաքցրին Գոթողիայի թոռներից մեկին՝ Հովասին, և նրան մեծացրին տաճարում։
Հովիադայի քաջությունը
Երբ Հովասը յոթ տարեկան էր, Հովիադան հավաքեց բոլոր տոհմապետներին ու ղևտացիներին և նրանց ասաց. «Պահպանեք տաճարի դռները և թույլ չտաք, որ որևէ մեկը ներս մտնի»։ Այնուհետև Հովիադան Հովասին դարձրեց Հուդայի թագավոր և նրա գլխին թագ դրեց։ Հուդայի ժողովուրդը բացականչեց. «Կեցցե՛ թագավորը»։
Գոթողիա թագուհին լսեց ժողովրդի ձայնը և անմիջապես գնաց տաճար։ Երբ նա տեսավ նոր թագավորին, բղավեց. «Դավադրությո՜ւն։ Դավադրությո՜ւն»։ Այդ ժամանակ տոհմապետները բռնեցին չար թագուհուն, տարան ուրիշ տեղ և սպանեցին նրան։ Իսկ ի՞նչ եղավ ժողովրդին, չէ՞ որ Գոթողիան վատ ազդեցություն էր թողել նրա վրա։
Հոգևոր գանձեր
it-1, էջ 1265-1266
Հովաս
Քանի դեռ քահանայապետ Հովիադան կենդանի էր և Հովասի համար հոր պես էր ու լավ խորհրդատու, երիտասարդ թագավորը հաջողություններ էր ունենում։ 21 տարեկանում նա արդեն երկու կին ուներ, որոնցից մեկի անունը Հովադան էր։ Այս կանանցից նա ունեցավ որդիներ և աղջիկներ։ Դրա շնորհիվ դեպի Մեսիան տանող Դավթի շառավիղը, որն այդ ժամանակ վերանալու վտանգի առաջ էր, նորից ամրապնդվեց (2Թգ 12։1-3; 2Տգ 24։1-3; 25։1)։
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-11
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 2 ԹԱԳԱՎՈՐՆԵՐ 13-15
«Եռանդուն ջանքերը առատ օրհնություններ են բերում»
Լիովին հետևո՞ւմ ես Քրիստոսին
11 Որպեսզի պատկերացնենք, թե որքան կարևոր է Աստծուն նախանձախնդրորեն ծառայելը, եկեք քննենք մի դեպք, որը տեղի է ունեցել Իսրայելի Հովաս թագավորի հետ։ Թագավորը խիստ մտահոգված էր Իսրայելի ճակատագրով, քանի որ վախենում էր, թե ասորիները պարտության կմատնեն իսրայելացիներին։ Ուստի նա լաց լինելով գնում է Եղիսե մարգարեի մոտ։ Մարգարեն պատվիրում է նրան նետ ու աղեղ վերցնել և նետեր արձակել Ասորիքի ուղղությամբ։ Դա խորհրդանշելու էր, որ նրանք Եհովայի օգնությամբ հաղթանակ պիտի տանեն։ Այս խոսքերն, ինչ խոսք, քաջալերում են թագավորին։ Այնուհետև Եղիսեն պատվիրում է վերցնել նետերը և «գետինը զարկել»։ Նա երեք անգամ է «զարկում», և դա զայրացնում է մարգարեին, քանի որ Հովասը հինգ կամ վեց անգամ պիտի զարկեր, որպեսզի «Ասորիները.... վերջանային»։ Ուստի թագավորը հիմա միայն երեք անգամ կարող էր հաղթել թշնամուն։ Հովասը, փաստորեն, նախանձախնդրություն չդրսևորեց և այդպիսով զրկվեց Աստծու օրհնությունը լիովին ստանալու հնարավորությունից (Դ Թագ. 13։14–19)։ Ի՞նչ դաս ենք սովորում այս դեպքից։ Եհովան մեզ առատապես կօրհնի միայն այն դեպքում, եթե կատարենք նրա գործը ամբողջ սրտով և նախանձախնդրորեն։
Նա «վարձատրում է նրանց, ովքեր ջանադրաբար փնտրում են իրեն»
Ո՞ւմ է վարձատրում Եհովան. «Նրանց, ովքեր ջանադրաբար փնտրում են իրեն»,— ասում է Պողոս առաքյալը։ Աստվածաշնչի թարգմանիչների համար նախատեսված մի աշխատության մեջ նշվում է, որ «ջանադրաբար փնտրել» թարգմանված հունարեն բառը չի նշանակում «դուրս գալ փնտրելու», այլ նշանակում է մոտենալ Աստծուն՝ նրան երկրպագելու։ Մեկ այլ աշխատության մեջ բացատրվում է, որ հունարեն այդ բայը կրում է ջանքեր գործադրելու իմաստ։ Այո՛, Եհովան վարձատրում է նրանց, ում հավատը մղում է սիրով լի սրտով և եռանդով երկրպագելու իրեն (Մատթեոս 22։37)։
Ինչպե՞ս է Եհովան վարձատրում իր հավատարիմ ծառաներին։ Նա խոստացել է հավիտենական կյանք դրախտ երկրի վրա, հրաշալի ապագայի խոստում, որն ընդգծում է նրա անհուն սերն ու առատաձեռնությունը (Հայտնություն 21։3, 4)։ Նույնիսկ հիմա այն մարդիկ, ովքեր ջանադրաբար փնտրում են Աստծուն, առատ օրհնություններ են վայելում։ Նրա սուրբ ոգու և իմաստության օգնությամբ նրանք բավականություն պատճառող կյանքով են ապրում (Սաղմոս 144։15; Մատթեոս 5։3)։
Հոգևոր գանձեր
Ուշագրավ մտքեր «Դ Թագաւորաց» գրքից
13։20, 21 — Արդյո՞ք այս հրաշքը թիկունք է կանգնում կրոնական մասունքներ պաշտելուն։ Ո՛չ, թիկունք չի կանգնում։ Աստվածաշնչում չի նշվում, թե մարդիկ Եղիսեի ոսկորները երբևէ պաշտել են։ Ինչպես և Եղիսեի կատարած բոլոր հրաշքները, այս հրաշքը նույնպես Աստծու զորությամբ տեղի ունեցավ։
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-18
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 2 ԹԱԳԱՎՈՐՆԵՐ 16-17
«Եհովայի համբերությունը սահմաններ ունի»
«Տիրոջ ճանապարհները» ուղիղ են
Սամարիան Իսրայելի տասցեղ թագավորության մայրաքաղաքն էր։ Սակայն այստեղ Սամարիա անվան տակ հասկացվում է տասցեղ թագավորության ողջ տարածքը (Գ Թագաւորաց 21։1)։ Ասորեստանի թագավոր Սաղմանասար V մ. թ. ա. 742 թ.–ին պաշարեց Սամարիա քաղաքը։ Երբ մ. թ. ա. 740–ին Սամարիան ի վերջո ընկավ, հայտնի շատ իսրայելացիներ աքսորվեցին Միջագետք և Մարաստան։ Հայտնի չէ՝ Սամարիան գրավել է Սաղմանասար V, թե՝ նրա հաջորդը՝ Սարգոն II (Դ Թագաւորաց 17։1–6, 22, 23; 18։9–12)։ Սակայն Սարգոնի արձանագրություններում նշվում է 27 290 իսրայելացիներին Եփրատի հյուսիսային շրջաններ և Մարաստան աքսորելու մասին։
«Խնդրում եմ, թույլ տուր վերադառնալ քեզ մոտ»
Ի՞նչ հանգամանքներում է Երեմիան գրել այս խոսքերը։ Մ. թ. ա. 740-ին՝ Երեմիայի օրերից տասնյակ տարիներ առաջ, Եհովան թույլ տվեց, որ Ասորեստանը Իսրայելի տասցեղ թագավորության բնակիչներին գերի տանի։ Այդ աղետը խրատ էր Աստծու կողմից, որովհետև իր ժողովուրդը սկսել էր ծանր մեղքեր գործել՝ արհամարհելով իր մարգարեների բազմաթիվ զգուշացումները (2 Թագավորներ 17։5–18)։ Արդյո՞ք իսրայելացիները, իրենց Աստծուց կտրված լինելով և հայրենիքից հեռու գտնվելով, զղջացին։ Եհովան իսպառ մոռացա՞վ նրանց։ Նա երբևէ հետ կընդունե՞ր զղջացողներին։
Եհովան երկայնամիտ Աստված է
Պատմությունը, այնուամենայնիվ, վկայում է, որ Աստծո երկայնամտությունը սահման ուներ։ Մ. թ. ա. 740–ին նա ասորեստանցիներին թույլ տվեց հաղթել Իսրայելի տասցեղյան թագավորությանը և նրա բնակիչներին գերության տանել (Դ Թագաւորաց 17։5, 6)։ Իսկ հաջորդ դարավերջին նա թույլ տվեց բաբելոնացիներին ներխուժել Հուդայի երկցեղյան թագավորություն և ավերել Երուսաղեմն իր տաճարի հետ միասին (Բ Մնացորդաց 36։16–19)։
Հոգևոր գանձեր
it-2, էջ 847
Սամարացի
«Սամարացիներ» բառը առաջին անգամ Սուրբ Գրքում օգտագործվել է Սամարիայի տասցեղ թագավորության նվաճումից՝ մ. թ. ա. 740-ից հետո։ Այդ անվանումը վերաբերում էր նրանց, ովքեր նախքան նվաճումը արդեն բնակվում էին հյուսիսային թագավորությունում։ Այդպես նրանք տարբերակվում էին այլազգիներից, որոնց ավելի ուշ բնակեցրել էին այնտեղ Ասորեստանի կայսրության տարբեր տարածքներից (2Թգ 17։29)։ Ակներևաբար ասորեստանցիները չտեղահանեցին բոլոր իսրայելացիներին։ Դա երևում է 2 Տարեգրություն 34։6-9-ի արձանագրությունից (համեմատիր 2Թգ 23։19, 20), ըստ որի՝ Հովսիա թագավորի օրոք երկրում դեռ իսրայելացիներ կային։ Ժամանակի ընթացքում «սամարացիներ» սկսեցին անվանել և՛ Սամարիայում մնացած իսրայելացիների սերունդներին, և՛ Ասորեստանից տեղափոխվածներին, հետևաբար նաև խառնամուսնություններից ծնվածներին։ Ավելի ուշ այդ անունը սկսեց հիմնականում կրել կրոնական, ոչ թե ռասայական կամ քաղաքական իմաստ։ «Սամարացիներ» անվանումը կիրառվել է նաև նրանց առնչությամբ, ովքեր պատկանում էին Սյուքեմում ու Սամարիայում բարգավաճող կրոնական ուղղությանը, որը հուդայականությունից բավականին տարբերվող ուսմունքներ ուներ (Հվ 4։9)։
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-25
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 2 ԹԱԳԱՎՈՐՆԵՐ 18-19
«Ինչպես են մեր հակառակորդները փորձում թուլացնել մեզ»
Ուշագրավ մտքեր «Դ Թագաւորաց» գրքից
18։19-21, 25 — Արդյոք Եզեկիան դաշի՞նք էր կնքել Եգիպտոսի հետ։ Ոչ։ Ռաբսակի մեղադրանքը կեղծ էր, ինչպես որ կեղծ էր նրա այն պնդումը, թե ինքը Եհովայի լիազորությամբ է եկել։ Հավատարիմ Եզեկիա թագավորը ապավինեց միայն Եհովային։
«Մի վախենար, ես կ’օգնեմ քեզ»
Ռաբսակը խորամանկության դիմեց, որ կասկածներ սերմանի ժողովրդի սրտում։ Նա ասաց. «Մի՞թէ [Եհովան] այն չէ որի բարձրաւանդակները եւ սեղանները Եզեկիան վերցրեց.... Եհովան ինձ ասեց. Գնա այն երկրի վերայ եւ նորան աւերիր» (Դ Թագ. 18։22, 25)։ Այսպիսով Ռաբսակը պնդում էր, որ Աստված չէր պայքարելու հանուն իր ժողովրդի, քանի որ նրանք կորցրել էին Աստծու հավանությունը։ Սակայն ճիշտ հակառակն էր։ Եզեկիան և հրեաները, որոնք դարձել էին դեպի ճշմարիտ երկրպագությունը, ունեին Եհովայի հավանությունը (Դ Թագ. 18։3–7)։
Ովքե՞ր են յոթ հովիվները և ութ իշխաններն այսօր
14 Ասորեստանի թագավորը ճամբար դրեց Լաքիսի մոտ՝ Երուսաղեմից հարավ-արևմուտք։ Նա երեք պատվիրակ ուղարկեց Երուսաղեմ, որպեսզի հրեաներից պահանջի հանձնվել։ Այդ նպատակով նրա խոսնակը (որի պաշտոնական կոչումը ռաբսակ էր) զանազան հնարքներ կիրառեց։ Խոսելով եբրայերեն՝ նա ժողովրդին կոչ արեց թողնել թագավորին ու ենթարկվել ասորեստանցիներին։ Ռաբսակը կեղծավորաբար խոստացավ, որ ժողովրդին կտանեն այնպիսի տեղ, որտեղ նրանք կապրեն հարմարավետ կյանքով (կարդա՛ 2 Թագավորներ 18։31, 32)։ Հետո ասաց, որ ինչպես որ ազգերի աստվածները չեն կարողացել պաշտպանել իրենց երկրպագուներին, այնպես էլ Եհովան չի կարողանա պաշտպանել հրեաներին։ Ժողովուրդը, իմաստություն դրսևորելով, ոչինչ չպատասխանեց նրա զրպարտչական խոսքերին։ Այսօր Եհովայի ծառաները նման իրավիճակներում հաճախ հենց այդպես են վարվում (կարդա՛ 2 Թագավորներ 18։35, 36)։
yb74, էջ 177, պրբ. 1
Մաս 2. Գերմանիա
Հետաքրքիր է, որ էսէսականները, ովքեր ամենաստոր միջոցներով փորձում էին դրդել ոմանց ստորագրել հրաժարագիրը, հաճախ ստորագրությունը ստանալուց հետո նրանց դեմ էին դուրս գալիս և սկսում նախկինից ավելի շատ տանջել։ Կարլ Քիրշթի խոսքերը դա են հաստատում. «Համակենտրոնացման ճամբարներում ամենաշատը Եհովայի վկաներին էին փորձում խաբեության զոհ դարձնել։ Նրանց նպատակն էր համոզել մեզ, որ ստորագրեինք հրաժարագիրը։ Մեզ անընդհատ անում էին այդ առաջարկը։ Ոմանք ստորագրեցին, բայց նրանց մեծամասնությունը առնվազն մեկ տարի հետո ազատ արձակվեց։ Այդ ընթացքում էսէսականները նրանց հանրորեն ստորացնում էին որպես կեղծավորների ու վախկոտների և ստիպում էին նախքան ճամբարը լքելը հրապարակայնորեն քայլել հավատարիմ եղբայրների առջև։
Հոգևոր գանձեր
it-1, էջ 155, պրբ. 4
Հնագիտություն
Աստվածաշնչում ասվում է, որ Ասորեստանի Սենեքերիմ թագավորին սպանել են իր երկու որդիները՝ Ադրամելեքն ու Սարասարը, որից հետո գահակալել է նրա մյուս որդին՝ Ասարհադոնը (2Թգ 19։36, 37)։ Սակայն մի բաբելոնյան արձանագրության մեջ ասվում է, որ թեբեթի 20-ին՝ ապստամբության ժամանակ, Սենեքերիմին սպանել է նրա որդիներից մեկը։ Այդ մասին նշել են նաև Բերոսոսը (քուրմ՝ Բաբելոնում, մ. թ. ա. 3-րդ դար) և Նաբոնիդը (Բաբելոնի թագավոր, մ. թ. ա. 6-րդ դար)։ Սակայն ավելի ուշ հայտնաբերված արձանագրության մեջ Սենեքերիմին հաջորդած թագավորը՝ նրա որդի Ասարհադոնը, հստակ նշում է, որ եղբայրները (հոգնակի թվով) խռովություն են կազմակերպել և սպանել իրենց հորը, ապա փախուստի դիմել։ Սրա վերաբերյալ Ֆիլիպ Բիբերֆելդն իր աշխատության մեջ նշում է. «Իրենց բաբելոնյան գրվածքներում Բերոսոսը և Նաբոնիդը սխալվել են։ Միայն Աստվածաշնչի տեղեկությունն է ճշգրիտ։ Դա են հաստատում Ասարհադոնի հաղորդած մանրամասն տեղեկությունները։ Փաստորեն, ասորա-բաբելոնական պատմության այս դեպքի հետ կապված տեղեկությունները Աստվածաշնչում ավելի ճշգրիտ են, քան հենց բաբելոնական աղբյուրներում։ Սա շատ կարևոր փաստ է, որն անհրաժեշտ է հաշվի առնել նույնիսկ դեպքերի կատարման ժամանակահատվածում գրված տեղեկությունների արժանահավատությունը որոշելիս, երբ դրանք տարբերվում են աստվածաշնչյան արձանագրությունից (Universal Jewish History, 1948, հատ. I, էջ 27)։
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26–ՀՈՒՆՎԱՐԻ 1
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 2 ԹԱԳԱՎՈՐՆԵՐ 20-21
«Եզեկիայի աղոթքը մղեց Եհովային գործելու»
ip-1, էջ 394, պրբ. 23
Թագավորի հավատը վարձատրվում է
23 Մոտավորապես այն ժամանակ, երբ Սենեքերիմն առաջին անգամ արշավեց Հուդայի դեմ, Եզեկիան ծանր հիվանդացավ։ Եսայիան նրան ասաց, որ շուտով մահանալու է (Եսայիա 38։1)։ 39-ամյա թագավորը հուսալքվեց ու վհատվեց։ Նրան մտահոգում էր ոչ միայն իր առողջությունը, այլև ժողովրդի ապագան։ Ասորեստանը հնարավոր է՝ ներխուժեր Երուսաղեմ և Հուդա։ Եթե նա մահանար, ո՞վ էր պատերազմում առաջնորդելու ժողովրդին։ Այդ ժամանակ թագաժառանգ չկար։ Եզեկիան ջերմեռանդորեն աղոթեց Եհովային, որ իր հանդեպ ողորմած լինի (Եսայիա 38։2, 3)։
Եհովային լիակատար սրտով ծառայիր
16 Հետագայում Եզեկիան մերձիմահ հիվանդացավ։ Նա աղերսեց Եհովային, որ հիշի, թե ինչպես է նրա առաջ քայլել (կարդա 2 Թագավորներ 20։1–3)։ Եհովան պատասխանեց նրա աղոթքին՝ բուժելով նրան։ Ինչ վերաբերում է մեր ժամանակներին, Աստվածաշնչից գիտենք, որ այսօր չենք կարող ակնկալել, որ Աստված հրաշքով կբուժի մեզ կամ կերկարացնի մեր կյանքը։ Սակայն Եզեկիայի պես՝ յուրաքանչյուրս կարող է ասել. «Քո առաջ հավատարմությամբ ու լիակատար սրտով եմ քայլել»։ Հավատո՞ւմ ես, որ Եհովան կարող է և ցանկանում է զորավիգ լինել քեզ հիվանդ ժամանակ (Սաղ. 41։3)։
g01 7/22, էջ 13, պրբ. 4
Աղոթքն ինչպե՞ս կարող է օգնել ինձ
Աստվածաշնչյան ժամանակներում հավատի տեր որոշ մարդիկ հրաշքի միջոցով են ստացել իրենց աղոթքի պատասխանը։ Օրինակ, երբ Եզեկիա թագավորը իմացավ, որ մահացու հիվանդություն ունի, Աստծուն աղերսեց, որ փրկի իր կյանքը։ Աստված պատասխանեց. «Ես լսեցի քո աղոթքը և տեսա քո արցունքները։ Ես կբուժեմ քեզ» (2 Թագավորներ 20։1-6)։ Աստվածավախ այլ տղամարդիկ ու կանայք էլ են տեսել Աստծու ուղղակի միջամտությունը (1 Սամուել 1։1-20; Դանիել 10։2-12; Գործեր 4։24-31; 10։1-7)։
Հոգևոր գանձեր
it-2, էջ 240, պրբ. 1
Հարթաչափ
Հարթաչափն օգտագործում են շենքը ճիշտ կառուցելու կամ որոշելու համար՝ այն քանդման ենթակա է, թե ոչ։ Եհովան նախազգուշացրել էր, որ համառ Երուսաղեմի նկատմամբ կկիրառի «այն չափման լարը, որն օգտագործեց Սամարիայի համար, և այն հարթաչափը, որն օգտագործեց Աքաաբի տան համար»։ Եհովան չափել էր Սամարիան և Աքաաբ թագավորի տունը ու պարզել, որ նրանք ուղիղ չէին կանգնած, քանի որ բարոյապես ապականվել էին, ինչն էլ նրանց կործանման տարավ։ Նմանապես Եհովան դատելու էր Երուսաղեմը և նրա ղեկավարներին՝ մերկացնելով նրանց չար գործերը և կործանման մատնելով այդ քաղաքը։ Դա տեղի ունեցավ մ. թ. ա. 607 թ.-ին (2Թգ 21։10-13; 10։11)։ Եհովան Եսայիայի միջոցով Երուսաղեմի չար ու պարծենկոտ մարդկանց և ղեկավարներին տեղեկացրել էր գալիք աղետի մասին՝ ասելով. «Ես արդարությունը չափման լար կդարձնեմ և արդարադատությունը՝ հարթաչափ»։ Եհովայի արդարության և արդարադատության չափանիշներով կերևար, թե ովքեր էին իրականում Աստծու ծառաները, և հետևաբար՝ ովքեր կփրկվեին կործանումից (Ես 28։14-19)։