ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ
Հպարտության, գոռոզության և մեծամտության բացակայություն, խոնարհամտություն։ Խոնարհությունը թուլություն չէ, այն Եհովային հաճելի մտավիճակ է։
Եբրայերեն Գրվածքներում գործածված «խոնարհություն» բառը ծագում է անա բառարմատից, որը նշանակում է «լինել կեղեքված, ցածրացված, հարստահարված»։ Այս արմատից կազմված բառերը թարգմանվել են «խոնարհություն», «հեզություն», «տառապանք», «չարչարանք», «կեղեքում», «նեղություն» և այլն։ Մյուս երկու եբրայերեն բայերը, որոնք խոնարհության իմաստ են փոխանցում, կանա բայն է (բռց.՝ «ենթարկեցնել [ինքդ քեզ]») և շաֆել բայը (բռց.՝ «ցածր լինել» կամ «ցածր դառնալ»)։ Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում գործածված «խոնարհություն» և «խոնարհամտություն» բառերը թարգմանվել են տապեյնոֆրոսինե բառից։ Այն ծագել է տապեյնոո՝ «ցածրացնել» և ֆրեն՝ «միտք» բառերից։
Անհատը կարող է խոնարհություն զարգացնել, եթե Աստվածաշնչի լույսի ներքո խորհրդածի Աստծու և դրացու հետ ունեցած հարաբերությունների շուրջ և կիրառի սովորած սկզբունքները։ Առակներ 6։3-ում գործածված «խոնարհեցրու քեզ» արտահայտությունը թարգմանվել է եբրայերեն հիթրապպես բառից, որը բառացի նշանակում է «տրորիր ինքդ քեզ»։ Հենց դա նկատի ուներ «Առակներ» գրքի իմաստուն գրողը, երբ տվեց հետևյալ խորհուրդը. «Որդի՛ս, եթե երաշխավոր ես դարձել դրացուդ համար.... եթե խոսքերդ քեզ ծուղակն են գցել, ապա.... դրացուդ ձեռքն ես ընկել. խոնարհեցրու քեզ [տրորիր ինքդ քեզ] և թախանձագին աղերսիր դրացուդ.... Ազատիր ինքդ քեզ» (Առ 6։1-5)։ Այլ խոսքերով՝ մի կողմ դիր հպարտությունդ, ընդունիր սխալդ, շտկիր իրավիճակը և ձգտիր ներում ստանալ։ Հիսուսը հորդորեց երեխայի նման խոնարհեցնել սեփական անձը և ծառայել եղբայրներին՝ փոխանակ փորձելու մյուսներից կարևոր երևալ (Մթ 18։4; 23։12)։
Բացի այդ՝ կյանքի հանգամանքները կարող են ստիպել մարդուն խոնարհություն սովորել։ Եհովան իսրայելացիներին ասաց, որ խոնարհություն է սովորեցրել նրանց՝ 40 տարիների ընթացքում տանելով անապատի միջով, որպեսզի ստուգի նրանց և իմանա, թե ինչ կա նրանց սրտում, և որպեսզի նրանք հասկանան, որ «մարդ միայն հացով չի ապրում, այլ Եհովայի բերանից դուրս եկող ամեն խոսքով» (2Օր 8։2, 3)։ Անկասկած, շատ իսրայելացիներ օգուտներ քաղեցին այդ ընթացքում իրենց կրած լուրջ դժվարություններից և խոնարհություն զարգացրին (հմմտ. Ղև 26։41; 2Տգ 7։14; 12։6, 7)։ Եթե որևէ անհատ կամ ազգ չի ցանկանում խոնարհ դառնալ կամ չի ընդունում խրատը, որի նպատակն է խոնարհություն սովորեցնել նրան, վաղ թե ուշ կնվաստանա (Առ 15։32, 33; Ես 2։11; 5։15)։
Հաճելի է Աստծուն։ Խոնարհությունը մեծ արժեք ունի Եհովայի աչքում։ Թեև Աստված որևէ պարտավորություն չունի մարդկանց հանդեպ, բայց իր անզուգական բարության շնորհիվ պատրաստ է գթասիրտ և բարեհաճ լինել նրանց նկատմամբ, ովքեր խոնարհեցնում են իրենց նրա առաջ։ Այդպիսի մարդիկ ցույց են տալիս, որ չեն ապավինում սեփական անձին և չեն պարծենում իրենց ունակություններով ու ձեռքբերումներով, այլ խորհուրդների համար Աստծուն են դիմում և ցանկանում են կատարել նրա կամքը։ Հակոբոսն ու Պետրոսը սուրբ ոգու ներշնչմամբ գրեցին. «Աստված հակառակվում է գոռոզներին, բայց խոնարհների հանդեպ անզուգական բարություն է դրսևորում» (Հկ 4։6; 1Պտ 5։5)։
Եհովան լսում է նույնիսկ այն մարդկանց աղոթքները, ովքեր անցյալում ծանր մեղքեր են գործել, եթե նրանք իսկապես խոնարհեցնում են իրենց նրա առաջ և նրա գթասրտությունն են աղերսում։ Օրինակ՝ Հուդայի Մանասե թագավորը երկրում առաջ տարավ կեղծ պաշտամունքը և «Հուդային ու Երուսաղեմի բնակիչներին շեղեց ճիշտ ճանապարհից՝ դրդելով նրանց ավելի վատ բաներ անելու, քան այն ազգերը, որոնց Եհովան բնաջնջել էր իսրայելացիների առաջից»։ Բայց այն բանից հետո, երբ Եհովան թույլ տվեց, որ Ասորեստանի թագավորը գերի տանի Մանասեին, վերջինս «անչափ խոնարհեցրեց իրեն իր նախահայրերի Աստծու առաջ»։ Մանասեն շատ աղոթեց Աստծուն, և Աստված լսեց նրա աղաչանքը։ «Նա լսեց իր բարեհաճությունը ստանալու Մանասեի խնդրանքը և նրան վերադարձրեց Երուսաղեմ՝ իր թագավորական իշխանությանը։ Այդ ժամանակ Մանասեն հասկացավ, որ Եհովան է ճշմարիտ Աստվածը»։ Այդպես Մանասեն խոնարհություն սովորեց (2Տգ 33։9, 12, 13; հմմտ. 1Թգ 21։27-29)։
Օգնում է գնալ ճիշտ ճանապարհով։ Այն մարդը, ով խոնարհեցնում է իրեն Աստծու առաջ, կարող է ակնկալել, որ նա կուղղորդի իրեն ճիշտ ճանապարհով։ Եզրասը լուրջ պատասխանատվություն ուներ. նա պետք է առաջնորդեր Բաբելոնից Երուսաղեմ վերադարձող ավելի քան 1 500 տղամարդկանց՝ չհաշված քահանաներին, տաճարի սպասավորներին, կանանց ու երեխաներին։ Բացի այդ՝ Երուսաղեմում գտնվող տաճարը վերականգնելու համար ժողովուրդը մեծ քանակությամբ ոսկի ու արծաթ էր տանում իր հետ։ Հետևաբար ճամփորդության ընթացքում նրանք պաշտպանության կարիք ունեին։ Բայց Եզրասը չէր ցանկանում Պարսկաստանի թագավորից պահակազոր խնդրել, քանի որ այդպես տպավորություն կստեղծեր, թե մարդու զորությանն է ապավինում։ Նաև ավելի վաղ նա ասել էր թագավորին. «Մեր Աստվածն աջակցում է բոլոր նրանց, ովքեր ապավինում են իրեն»։ Ուստի Եզրասը ծոմ հայտարարեց, որ ժողովուրդը խոնարհությամբ խնդրի Եհովային առաջնորդել իրենց ճամփորդությունը։ Նրանք աղոթեցին Աստծուն, և ի պատասխան՝ նա պաշտպանեց նրանց թշնամիներից ու դարանակալ ավազակներից, և նրանք հաջողությամբ ավարտեցին իրենց վտանգավոր ճամփորդությունը (Եզր 8։1-14, 21-32)։ Բաբելոնում գերության մեջ գտնվող Դանիել մարգարեն խոնարհեցրեց իրեն Աստծու առաջ, քանի որ ցանկանում էր հասկացողություն ձեռք բերել և ուղղորդվել նրա կողմից։ Ի նշան իր բարեհաճության՝ Աստված մի հրեշտակ ուղարկեց և տեսիլք տվեց նրան (Դն 10։12)։
Խոնարհությունը անհատին ուղղորդում է ճիշտ ճանապարհով և փառք է բերում նրան, քանի որ Աստված է մեկին պատվի արժանացնում, մյուսին ցածրացնում (Սղ 75։7)։ «Անկումից առաջ մարդու սիրտը հպարտանում է, իսկ փառքին խոնարհությունն է նախորդում» (Առ 18։12; 22։4)։ Ուստի նա, ով մեծամտորեն փառք է փնտրում, չի հասնի իր ուզածին, ինչպես որ Հուդայի Օզիա թագավորը, ով հանդուգն դարձավ և փորձեց անել մի բան, ինչի իրավունքը միայն քահանաներն ունեին։ «Երբ Օզիան հզորացավ, նրա սիրտը հպարտացավ, և հենց դա էլ կործանեց նրան։ Նա անհավատարմությամբ վարվեց իր Աստված Եհովայի հանդեպ՝ մտնելով Եհովայի տաճար, որպեսզի խնկարկության սեղանի վրա խունկ ծխեցնի»։ Երբ Օզիան քահանաների վրա զայրացավ իրեն նախատելու համար, Աստված նրան բորոտությամբ հարվածեց (2Տգ 26։16-21)։ Խոնարհության պակասը սխալ ճանապարհի վրա կանգնեցրեց Օզիային և կործանման տարավ նրան։
Օգնում է դժվարությունների ժամանակ։ Խոնարհությունը օգնում է հաղթահարել դժվարին իրավիճակները։ Երբ մարդը նեղության մեջ է հայտնվում, խոնարհությունը օգնում է նրան չընկճվել, դիմանալ ու շարունակել ծառայել Աստծուն։ Դավիթ թագավորը շատ դժվարությունների միջով անցավ։ Թեև Սավուղ թագավորը տարիներ շարունակ հետապնդում էր նրան, և նա ստիպված էր թաքնվել նրանից, սակայն երբեք չտրտնջաց Աստծու դեմ և իրեն Եհովայի օծյալից բարձր չդասեց (1Սմ 26։9, 11, 23)։ Երբ Դավիթը մեղք գործեց Եհովայի դեմ՝ Բերսաբեի հետ անբարոյականություն անելով ու հետո սպանություն գործելով, նա խիստ խրատ ստացավ Նաթան մարգարեի կողմից և խոնարհեցրեց իրեն Աստծու առաջ (2Սմ 12։9-23)։ Դավիթը խոնարհություն դրսևորեց նաև, երբ Բենիամինի ցեղից Սեմեի անունով մի մարդ բոլորի առաջ սկսեց անիծել նրան։ Դավթի զորագլուխ Աբեսսան ցանկացավ սպանել նրան՝ թագավորին անարգելու համար, բայց Դավիթը Աբեսսային ասաց. «Եթե իմ հարազատ որդին է ուզում ինձ սպանել, ով իմ միսն ու արյունն է, էլ ի՞նչ կարող եմ սպասել Բենիամինյանից.... Գուցե Եհովան տեսնի իմ թշվառ վիճակը, և գուցե Սեմեիի՝ այսօրվա անեծքների փոխարեն Եհովան ինձ բարիքով հատուցի» (2Սմ 16։5-13)։ Հետագայում Դավիթը Եհովայի կամքին հակառակ հաշվառում կատարեց։ Գրված է. «Հաշվառում անցկացնելուց հետո Դավթի սիրտը սկսեց դատապարտել իրեն։ Ուստի նա ասաց Եհովային. «Ես ծանր մեղք եմ գործել՝ այդ բանն անելով.... Մեծ հիմարություն եմ արել»» (2Սմ 24։1, 10)։ Թեև Դավիթը պատիժ կրեց, սակայն չկորցրեց թագավորի իր դիրքը. նրա խոնարհությունը մեծ դեր ունեցավ Եհովայի բարեհաճությունը վերագտնելու հարցում։
Աստծու հատկանիշներից մեկը։ Խոնարհությունը Եհովա Աստծու հատկանիշներից է, սակայն դա չի նշանակում, որ նա ստորադաս է կամ ենթակա է ինչ-որ մեկին։ Նա խոնարհ է այն առումով, որ գթասրտություն և մեծ կարեկցանք է դրսևորում մեղավոր մարդկանց հանդեպ։ Այն փաստը, որ նա առհասարակ առնչվում է անկատար մարդկանց հետ և իր Որդուն որպես փրկագին է տվել մարդկության մեղքերի համար, վկայում է նրա խոնարհության մասին։ Եհովա Աստված թույլ է տվել, որ չնայած Ադամի գործած մեղքին՝ առաջ գա մարդկային սերունդը, և մոտ 6 000 տարի է՝ հանդուրժում է չարությունը։ Այդպիսով նա անզուգական բարություն ու գթասրտություն է դրսևորել Ադամի սերունդների հանդեպ և հավիտենական կյանքի հնարավորություն ընձեռել նրանց (Հռ 8։20, 21)։ Այս ամենը Աստծու խոնարհության, ինչպես նաև նրա մյուս հիասքանչ հատկությունների դրսևորումն է։
Դավիթ թագավորը գիտակցում էր, որ Աստված խոնարհությունից մղված էր անզուգական բարություն դրսևորում իր հանդեպ, և թանկ էր գնահատում նրա այդ հատկանիշը։ Եհովայի օգնությամբ ազատվելով իր բոլոր թշնամիներից՝ նա երգեց. «Քո փրկարար վահանով դու ինձ պաշտպանում ես, և քո խոնարհությամբ ինձ բարձրացնում ես» (2Սմ 22։36; Սղ 18։35)։ Թեև Եհովան մեծափառ է և ամենաբարձր դիրքն է զբաղեցնում երկինքների երկնքում՝ նրա մասին ասվում է. «Ո՞վ է նման Եհովային՝ մեր Աստծուն, նրան, ով բարձունքներում է բնակվում։ Նա խոնարհվում է, որ նայի երկնքին ու երկրին, հողից բարձրացնում է խեղճին, մոխրի միջից հանում է չքավորին, որ մեծամեծների հետ նստեցնի՝ իր ժողովրդի մեծամեծների» (Սղ 113։5-8)։
Հիսուս Քրիստոսի խոնարհությունը։ Որպես Աստծու ծառա՝ Հիսուս Քրիստոսը մեծագույն օրինակն է թողել խոնարհություն դրսևորելու հարցում։ Իր մահվանը նախորդող երեկոյան նա սրբիչը գոտկատեղին կապեց, լվաց 12 առաքյալներից յուրաքանչյուրի ոտքերը և սրբիչով չորացրեց, թեև սովորաբար ծառաներն ու ստրուկներն էին դա անում (Հվ 13։2-5, 12-17)։ Նախքան դա Հիսուսն ասել էր աշակերտներին. «Ով բարձրացնում է իրեն, կխոնարհեցվի, իսկ ով խոնարհեցնում է իրեն, կբարձրացվի» (Մթ 23։12; Ղկ 14։11)։ Պետրոս առաքյալը, ով ներկա էր այդ երեկո և տեսավ, թե ինչպես Հիսուսն իր խոսքերը գործով փաստեց, երբեք չմոռացավ խոնարհություն դրսևորելու հարցում նրա թողած հրաշալի օրինակը։ Հետագայում նա իր հավատակիցներին հորդորեց. «Բոլորդ միմյանց հետ խոնարհությամբ վարվեք [բռց.՝ «խոնարհամտությամբ գոտևորվեք»].... Ուրեմն խոնարհվեք Աստծու հզոր ձեռքի տակ, որպեսզի ճիշտ ժամանակին նա բարձրացնի ձեզ» (1Պտ 5։5, 6, ծնթ.)։
Պողոս առաքյալը քրիստոնյաներին հորդորեց ունենալ նույնպիսի մտածելակերպ, ինչպիսին Հիսուս Քրիստոսն ուներ։ Նա նշեց, որ իր մինչմարդկային գոյության ժամանակ Աստծու Որդին երկնքում էր՝ իր Հայր Եհովայի հետ, և բարձր դիրք էր զբաղեցնում։ Հիսուսը հոժարակամորեն զրկեց իրեն ամեն ինչից, դարձավ ծառայի նման մեկը, դարձավ մարդ։ Պողոսն ավելացրեց. «Դեռ ավելին՝ մարդ դառնալուց հետո էլ [Հիսուսը] խոնարհեցրեց իրեն և հնազանդ եղավ ընդհուպ մինչև մահ, այն էլ մահ՝ տանջանքի սյան վրա»։ Հիսուսի ասած այն միտքը, որ խոնարհություն դրսևորելը վարձատրություն է բերում, ամբողջովին իրականացավ իր պարագայում, ինչը երևում է առաքյալի հետագա խոսքերից. «Հենց այդ պատճառով Աստված առավել բարձր դիրքի արժանացրեց նրան և սիրով տվեց այնպիսի հեղինակություն, որը վեր է մյուս բոլորի հեղինակությունից» (Փպ 2։5-11)։
Առավել ուշագրավ է այն, որ Քրիստոսը, ով գործադրում է «երկնքում և երկրի վրա [իրեն տրված] ողջ իշխանությունը» (Մթ 6։10; 28։18), չնայած իր բարձր դիրքին՝ Հազարամյակի ավարտին կշարունակի խոնարհություն դրսևորել։ Աստվածաշունչն ասում է. «Երբ ամեն բան հպատակեցվի Որդուն, այդ ժամանակ Որդին ինքն էլ կհպատակվի ամեն բան իրեն հպատակեցնողին՝ Աստծուն, որպեսզի Աստված ամեն ինչ լինի ամենքի համար» (1Կթ 15։28)։
Հիսուս Քրիստոսն ասաց. «[Ես] հեզ եմ ու սրտով խոնարհ» (Մթ 11։29)։ Երբ նա ներկայացավ Երուսաղեմի բնակիչներին որպես նրանց Թագավոր, կատարեց իր մասին ասված հետևյալ մարգարեությունը. «Ահա քո թագավորը քեզ մոտ է գալիս։ Նա արդար է և փրկություն է բերում, խոնարհ է և գալիս է՝ ավանակ հեծած, քուռակ՝ ավանակի ձագ հեծած» (Զք 9։9; Հվ 12։12-16)։ Երբ Հիսուսը, երկնային բարձր դիրք ունենալով, դուրս գա Աստծու թշնամիների դեմ, կկատարի հետևյալ մարգարեական հրամանը. «Դեպի հաղթանակ սլացիր քո փառքով, արշավիր հանուն խոնարհների, հանուն ճշմարտության ու արդարության» (Սղ 45։4)։ Հետևաբար խոնարհ մարդիկ կարող են ուրախանալ՝ չնայած հպարտ ու գոռոզ մարդկանց ճնշումներին և վատ վերաբերմունքին։ Հետևյալ խոսքերը մխիթարական են նրանց համար. «Փնտրե՛ք Եհովային, ո՛վ երկրի բոլոր հեզեր, որ իրագործում եք նրա արդար վճիռները։ Ձգտեք արդարությամբ վարվել, հեզություն դրսևորել ու հնարավոր է՝ պատսպարված լինեք Եհովայի բարկության օրը» (Սփ 2։3)։
Երուսաղեմի կործանումից առաջ Իսրայելին ուղղված Եհովայի խոսքերը նախազգուշական և միևնույն ժամանակ մխիթարական էին խոնարհների համար։ Դրանցից պարզ էր դառնում, որ Աստված ի վերջո գործելու էր նրանց օգտին։ Գրված է. «Այդ ժամանակ ես քո միջից կհեռացնեմ մեծամիտ պարծենկոտներին, և դու այլևս ամբարտավանությամբ չես վարվի իմ սուրբ լեռան վրա։ Ես քո մեջ կթողնեմ խոնարհ ու հեզ մարդկանց, և նրանց համար Եհովայի անունը ապաստան կլինի» (Սփ 3։11, 12)։ Խոնարհություն դրսևորելու արդյունքում շատերը կփրկվեն, ինչպես որ գրված է. «Խոնարհ մարդկանց դու փրկում ես, բայց գոռոզներին բարեհաճությամբ չես նայում ու նրանց ցածրացնում ես» (2Սմ 22։28)։ Ուստի մենք համոզված ենք, որ Թագավոր Հիսուս Քրիստոսը, ով ձի է հեծել հանուն խոնարհների, հանուն ճշմարտության ու արդարության, կփրկի իր ժողովրդին, որն իրեն խոնարհեցնում է իր և իր Հոր՝ Եհովայի առաջ։
Քրիստոնյաները պետք է խոնարհություն զարգացնեն։ Երբ Պողոս առաքյալը հորդորեց իր հավատակիցներին հագնել «նոր անձնավորությունը, որը ճշգրիտ գիտելիքների միջոցով շարունակ նորոգվում է, որ արտացոլի իր Ստեղծողի պատկերը», ասաց. «Որպես Աստծու կողմից ընտրվածներ, սուրբ ու սիրելի մարդիկ՝ հագեք ջերմ կարեկցանքը, բարությունը, խոնարհամտությունը, մեղմությունը և համբերատարությունը» (Կղ 3։10, 12)։ Քրիստոսի հրաշալի օրինակը հիշատակելիս նա խորհուրդ տվեց. «Խոնարհամիտ եղեք և ուրիշներին [Աստծու ծառաներին] ձեզանից բարձր համարեք» (Փպ 2։3)։ Նա նաև կոչ արեց. «Ուրիշների հանդեպ ունեցեք այն նույն վերաբերմունքը, որ ունեք ինքներդ ձեր հանդեպ։ Մի՛ մեծամտացեք, այլ խոնարհամիտ եղեք։ Ինքներդ ձեզ չափազանց խելացի մի՛ համարեք» (Հռ 12։16)։
Նույն ոգով Պողոսն ասաց Կորնթոս քաղաքի քրիստոնյաներին. «Թեև ես ոչ մի մարդու ոչինչ պարտական չեմ, սակայն բոլորի ծառան դարձա, որպեսզի կարողանամ հնարավորինս շատ մարդկանց օգնել։ Հրեաների համար եղա ինչպես հրեա, որ հրեաներին օգնեմ։ Օրենքի տակ լինողների համար եղա ինչպես Օրենքի տակ լինող մարդ, որ Օրենքի տակ լինողներին օգնեմ, թեև ինքս Օրենքի տակ չեմ։ Նրանց համար, ովքեր չեն ապրում Օրենքի համաձայն, եղա ինչպես օրենք չունեցող մարդ, որ Օրենք չունեցողներին օգնեմ, թեև Աստծու աչքին ես առանց օրենքի չեմ, այլ Քրիստոսի օրենքի տակ եմ։ Թույլերի համար եղա ինչպես թույլ մեկը, որ թույլերին օգնեմ։ Ամեն տեսակ մարդկանց համար ամեն ինչ եղա, որ ամեն հնարավոր ձևով մի քանիսին փրկեմ» (1Կթ 9։19-22)։ Իսկական խոնարհություն է պետք նման կերպ վարվելու համար։
Նպաստում է խաղաղությանը։ Խոնարհ մարդը խաղաղարար է։ Նա չի պայքարում իր քրիստոնյա եղբայրների դեմ, որ հաստատի իր «իրավունքները»։ Պողոս առաքյալն ասաց, որ թեև ազատություն ունի անելու իր ուզածը, սակայն կանի միայն այն բաները, որոնք զորացնում են մյուսներին, իսկ եթե իր որևէ արարքի պատճառով եղբոր խիղճը վնասվի, նա կհրաժարվի դրանից (Հռ 14։19-21; 1Կթ 8։9-13; 10։23-33)։
Բացի այդ՝ խոնարհ մարդը նպաստում է խաղաղությանը՝ ներելով իր դեմ մեղք գործած անհատին և այդպիսով կիրառելով Հիսուսի խորհուրդը (Մթ 6։12-15; 18։21, 22)։ Եթե մեկը վիրավորում է մյուսին, նրանից խոնարհություն է պահանջվում, որ հնազանդվի Հիսուսի պատվերին՝ գնա այդ անհատի մոտ, ընդունի իր սխալը ու ներում խնդրի (Մթ 5։23, 24)։ Իսկ եթե վիրավորված անհատն է մոտենում, սերն ու խոնարհությունը կմղեն վիրավորողին ընդունելու իր սխալը և անմիջապես շտկելու իրավիճակը (Մթ 18։15; Ղկ 17։3; հմմտ. Ղև 6։1-7)։ Խոնարհության բերած արդյունքները բազմակի անգամ գերազանցում են նվաստացման զգացումը։ Այդ հատկությունը ոչ միայն ներքին խաղաղություն է տալիս, այլև նպաստում է կազմակերպության մեջ տիրող խաղաղությանը։ Դեռ ավելին, խոնարհություն դրսևորելով, անհատը է՛լ ավելի է զարգացնում ու ամրապնդում այդ հրաշալի հատկությունը։
Կենսական է ժողովի միասնության համար։ Խոնարհությունն օգնում է քրիստոնյային գոհանալ իր ունեցածով և պահպանել ուրախությունն ու հավասարակշռությունը։ Ինչպես երևում է 1 Կորնթացիներ 12-րդ գլխում գրված Պողոսի խոսքերից՝ քրիստոնեական ժողովում հավատակիցների միասնությունն ու համագործակցությունը կախված են հնազանդությունից, խոնարհությունից և Աստծու կազմակերպությանը հպատակվելուց։ Այդ պատճառով, թեև ժողովի տղամարդկանց ասվում է, որ եթե «ձգտում են ծառայել որպես վերակացու, լավ գործի են ձգտում», սակայն նաև զգուշացվում է, որ փառասիրական նկատառումներով չձգտեն ժողովում պատասխանատվություններ ստանձնելու, օրինակ՝ ուսուցիչ լինելու, քանի որ ուսուցանողները «ավելի խիստ չափանիշներով են դատվելու» (1Տմ 3։1; Հկ 3։1)։
Ե՛վ տղամարդիկ, և՛ կանայք պետք է հպատակվեն առաջնորդող եղբայրներին և սպասեն, որ Եհո՛վան իրենց պատասխանատվություն կամ հանձնարարություն տա, քանի որ ցանկացած նշանակում նրանից է (Սղ 75։6, 7)։ Ղևտացի Կորխի որդիներից ոմանք ասացին. «Գերադասում եմ իմ Աստծու տան շեմին կանգնել, քան անօրենների վրաններում ապրել» (Սղ 84։10)։ Իրական խոնարհություն զարգացնելու համար ժամանակ է հարկավոր։ Նշելով այն որակները, որոնք պետք է ունենա վերակացուի նշանակում ստացողը՝ Սուրբ Գիրքը կոնկրետ ասում է, որ նորահավատ տղամարդը չպետք է ծառայի որպես վերակացու, որպեսզի «հանկարծ հպարտությամբ չլցվի ու չարժանանա այնպիսի դատավճռի, ինչպիսին Բանսարկուի համար է կայացվել» (1Տմ 3։6)։
Կեղծ խոնարհություն։ Քրիստոնյաներին զգուշացում է տրվում, որ թույլ չտան՝ իրենց խոնարհությունը արտաքուստ լինի։ Ցանկացած մարդ, ում հաճելի է կեղծ խոնարհությունը, գուցե սկսի «անհիմն հպարտանալ իր մարմնավոր մտածելակերպով»։ Նա, ով իսկապես խոնարհ է, կգիտակցի, որ Աստծու թագավորությունը կամ այդ թագավորություն մտնելը կապ չունի ո՛չ ինչ-որ բան ուտելու կամ խմելու հետ, ո՛չ էլ ինչ-որ բան ուտելուց կամ խմելուց հրաժարվելու հետ։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ անհատը թերևս որոշի ուտել կամ խմել որոշակի բաներ կամ հրաժարվի դրանցից՝ ելնելով իր առողջական վիճակից կամ խղճի թելադրանքից։ Բայց եթե նա մտածում է, որ Աստծու բարեհաճությունն ունենալը կախված է այն բանից, թե ինչ է ինքը ուտում, խմում կամ ինչին է դիպչում, կամ կախված է որոշակի կրոնական օրեր պահելուց, ուրեմն չի գիտակցում, որ թեև իր գործերը «գուցե իմաստուն թվան, բայց ոչ մի արժեք չունեն մարմնի ցանկությունների դեմ պայքարում»։ Ինչպես ասում է Պողոսը, «այդ ամենը մարդկանց հորինած պաշտամունքի ձև է, կեղծ խոնարհության դրսևորում է և տանջահար է անում մարմինը» (Կղ 2։18, 23; Հռ 14։17; Գղ 3։10, 11)։
Կեղծ խոնարհությունը կարող է ի վերջո մեծամտացնել մարդուն, քանի որ նա գուցե հակված լինի մտածելու, թե ինքն արդար է, և դա սեփական արժանիքը համարի։ Հնարավոր է՝ նա այն զգացողությունն ունենա, որ միշտ հասնում է իր ուզածին, բայց չգիտակցի, որ չի կարող խաբել Եհովային։ Եթե գոռոզությունը արմատներ գցի նրա մեջ, ժամանակի ընթացքում նա իր համար տհաճ ձևով կխոնարհեցվի։ Նա կցածրացվի, և դա թերևս նրան կործանման կտանի (Առ 18։12; 29։23)։