«Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ
© 2023 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
ՀՈՒԼԻՍԻ 3-9
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵԶՐԱՍ 4-6
«Մի՛ խանգարեք Աստծու տան աշխատանքներին»
Տեսնո՞ւմ ես այն, ինչ Զաքարիան տեսավ
13 Տաճարի շինարարությունը դեռ արգելքի տակ էր, սակայն նշանակված տղամարդիկ՝ քահանայապետ Հեսուան (Հեսու) և կառավարիչ Զորաբաբելը, «սկսեցին վերակառուցել Աստծու տունը» (Եզր. 5։1, 2)։ Որոշ հրեաների կարծիքով՝ նման բան անելը անմտություն էր, քանի որ շինարարական աշխատանքները հնարավոր չէր թաքցնել թշնամիներից, որոնք ամեն գնով կփորձեին խոչընդոտել շինարարությանը։ Այս պատասխանատու տղամարդիկ՝ Հեսուն և Զորաբաբելը, կարիք ունեին հավաստիանալու, որ Եհովան իրենց աջակցում է։ Եվ նրանք ստացան այդ հավաստիացումը։ Ինչպե՞ս։
w86 2/1, էջ 29, շրջանակ, պրբ. 2-3
Եհովայի «աչքը հրեաների երեցների վրա էր»
Երբ հրեաների մնացորդը վերադարձավ Բաբելոնից, կարճ ժամանակ անց սկսեց անգործության մի ժամանակահատված, որը տևեց 16 տարի։ Անգե և Զաքարիա մարգարեները ժողովրդին արթնացրին հոգևոր քնից, և արդյունքում Եհովայի տաճարի շինարարությունը վերսկսվեց։ Բայց շատ չանցած՝ պարսից պաշտոնյաները խափանեցին շինարարությունը։ Հակառակորդներն ասացին. «Ո՞վ է ձեզ հրաման տվել, որ կառուցեք այս տունը» (Եզրաս 5։1-3)։
Այս հարցին տրված պատասխանը վճռորոշ էր լինելու։ Եթե երեցները տեղի տային վախերին, տաճարի վերակառուցումը անմիջապես կանգ կառներ, իսկ եթե հակառակվեին պաշտոնյաներին, գործի վրա անհապաղ արգելք կդրվեր։ Ուստի երեցները (անկասկած կառավարիչ Զորաբաբելի և քահանայապետ Հեսուի գլխավորությամբ) նրբանկատ ու խելամիտ պատասխան տվեցին։ Նրանք պաշտոնյաներին հիշեցրին Կյուրոսի վաղուց մոռացված հրովարտակի մասին, ըստ որի՝ թագավորը հրեաներին թույլ էր տվել շինարարություն սկսել։ Պաշտոնյաները գիտեին, որ ըստ պարսկական օրենքի՝ արդեն իսկ հաստատված որևէ հրաման փոփոխման ենթակա չէ, ուստի նախընտրեցին չհակառակվել թագավորական որոշմանը։ Հրեաները կարողացան շարունակել վերակառուցման գործը, մինչև որ ավելի ուշ Դարեհ թագավորը ուղարկեց իր պաշտոնական թույլտվությունը (Եզրաս 5։11-17; 6։6-12)։
Տեսնո՞ւմ ես այն, ինչ Զաքարիան տեսավ
7 Շուտով մի փոփոխություն եղավ, որը մեծ թեթևացում բերեց տաճարը կառուցողներին։ Ի՞նչ փոփոխություն էր դա։ Պարսկաստանի թագավոր Դարեհ I-ը իր իշխանության երկրորդ տարում՝ մ. թ. ա. 520 թ.-ին, պարզեց, որ տաճարի շինարարության վրա դրված արգելքը անօրինական էր։ Ուստի հրաման արձակեց ավարտին հասցնել շինարարական աշխատանքները (Եզր. 6։1-3)։ Այս որոշումը զարմացրեց բոլորին։ Բայց թագավորը ոչ միայն թույլատրեց վերսկսել աշխատանքները, այլև հրամայեց, որ շրջակա ազգերը այլևս չխոչընդոտեն վերակառուցման աշխատանքներին։ Նա անգամ պատվիրեց նրանց, որ տաճարի շինարարության համար գումար և այլ անհրաժեշտ բաներ տրամադրեն (Եզր. 6։7-12)։ Արդյունքում մ. թ. ա. 515 թ.-ին հրեաները ավարտեցին տաճարի վերակառուցումը, որը տևեց չորս տարուց մի փոքր ավել (Եզր. 6։15)։
Տեսնո՞ւմ ես այն, ինչ Զաքարիան տեսավ
16 Եհովան առաջնորդում է մեզ նաև «հավատարիմ և իմաստուն ծառայի» միջոցով (Մատթ. 24։45)։ Հնարավոր է՝ երբեմն ծառան այնպիսի առաջնորդություն տա, որն ամբողջությամբ չհասկանանք։ Օրինակ՝ գուցե հատուկ հրահանգներ ստանանք, թե ինչպես պատրաստ լինենք այնպիսի բնական աղետի, որը, մեր կարծիքով, քիչ հավանական է, որ կլինի մեր տարածքում։ Կամ էլ մտածենք, որ ծառան անտեղի զգուշություն է ցուցաբերում համավարակի ընթացքում։ Ի՞նչ պետք է անենք, եթե կարծում ենք, որ տրված հրահանգները գործնական չեն։ Այդ դեպքում կարող ենք մտածել, թե ինչ օգուտներ քաղեցին իսրայելացիները, երբ հետևեցին Հեսուի և Զորաբաբելի տված խորհրդին։ Մենք կարող ենք նաև մտածել աստվածաշնչյան այլ դրվագների մասին։ Երբեմն Աստծու ժողովուրդը այնպիսի առաջնորդություն է ստացել, որը մարդկային տեսանկյունից տրամաբանական չի եղել, բայց արդյունքում կյանքեր են փրկվել (Դատ. 7։7; 8։10)։
Հոգևոր գանձեր
w93 6/15, էջ 32, պրբ. 3-5
Կարո՞ղ ես վստահել Աստվածաշնչին
Մետաղադրամը պատրաստվել է Տարսոնում, որը ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան տարածքում գտնվող քաղաք է։ Այն պատրաստվել է մ. թ. ա. 4-րդ դարում՝ պարսից կառավարիչ Մազաուսի իշխանության օրոք։ Մետաղադրամի վրա արված գրությունից հասկանում ենք, որ նա «Գետի [այսինքն՝ Եփրատի] այն կողմում» գտնվող գավառի կառավարիչն էր։
Իսկ ինչո՞ւ է այդ գրությունը ուշագրավ։ Քանի որ նման ձևակերպում գտնում ենք նաև Աստվածաշնչում։ Եզրաս 5։6-6։13 համարներից իմանում ենք, որ պարսից թագավոր Դարեհի և Թաթանա անունով կառավարչի միջև նամակագրություն է եղել։ Նամակն այն մասին էր, որ հրեաները վերակառուցում են Երուսաղեմում գտնվող տաճարը։ Եզրասը Աստծու Օրենքի հմուտ արտագրող էր, ուստի ակնկալում ենք, որ նա որևէ բան արձանագրելիս պետք է հավաստի ու ճշգրիտ տեղեկություններ փոխանցեր։ Եզրաս 5։6 և 6։13 համարներում նա նշում է Թաթանայի մասին՝ որպես «Գետի այն կողմի կառավարչի»։
Եզրասը սա գրի է առել մ. թ. ա. մոտ 460 թ.-ին՝ վերոնշյալ մետաղադրամի հատումից մոտ 100 տարի առաջ։ Ոմանք գուցե մտածեն, որ հնում ապրած կառավարչի մասին այդ տեղեկությունը անկարևոր է։ Բայց մի՞թե մեր վստահությունը չի ավելանում Աստվածաշունչը գրողների փոխանցած տեղեկության հանդեպ, երբ տեսնում ենք, թե անգամ նման փոքր հարցերում ինչ ճշգրտություն են նրանք պահպանել։
ՀՈՒԼԻՍԻ 10-16
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵԶՐԱՍ 7-8
«Եզրասի վարքը պատիվ բերեց Եհովային»
Ուսումնասիրություն՝ հաճելի և առատապես վարձատրող
8 Այո՛, Եհովայի Խոսքի հանդեպ սերը պետք է բխի մեր սրտից, որտեղից ծնունդ են առնում մեր բոլոր զգացմունքները։ Ժամանակ առ ժամանակ որոշ մտքերի հանդիպելիս կանգ առնելն ու մտորելը պետք է որ մեզ բավականություն պատճառի։ Հարկավոր է մտովի թափանցել դեպի հոգևոր խորությունները և քննության ենթարկել այդ ամենը։ Իսկ դրա համար պետք է լուռ խորհրդածել և աղոթել։ Մենք էլ Եզրասի նման պետք է մեր սիրտը պատրաստենք Աստծո Խոսքը կարդալու և ուսումնասիրելու համար։ Եզրասը «պատրաստել էր իր սիրտը որ Տիրոջ օրէնքը խնդրէ եւ կատարէ, եւ Իսրայէլի մէջ սովորեցնէ օրէնք եւ դատաստան» (Եզրաս 7։10)։ Ուշադրություն դարձրեք նրա հետապնդած երեք նպատակներին. ուսումնասիրել, անձամբ կիրառել և սովորեցնել։ Լավ կլինի, որ մենք էլ մեր հերթին հետևենք նրա օրինակին։
Աստվածաշնչի գիրք համար 13. 1 Տարեգրություն
5 Այս վավերական և ճշգրիտ պատմությունը կարող էր կազմել Եզրասը, «որովհետև [նա] պատրաստել էր իր սիրտը, որպեսզի քննի Եհովայի օրենքը, կատարի այն և Իսրայելում կանոններ ու արդարադատություն սովորեցնի» (Եզր. 7։10)։ Եհովան իր սուրբ ոգով օժանդակեց նրան այդ գործում։ Պարսկաստանի թագավորը Եզրասի մեջ Աստծու իմաստությունը տեսավ և նրան մեծ լիազորություններ և իրավունքներ տալով՝ ուղարկեց Հուդայի գավառ (Եզր. 7։12-26)։ Թագավորից իշխանություն ստանալով, իսկ Աստծուց՝ զորություն, ինչպես նաև հնարավորություն ունենալով օգտվել ճշգրիտ պատմական փաստաթղթերից՝ Եզրասը կարող էր տարեգրություն կազմել։
it, «Խոնարհություն», պրբ. 7
Խոնարհություն
Օգնում է ճիշտ առաջնորդություն ստանալ։ Նա, ով խոնարհվում է Աստծու առաջ, կարող է ակնկալել, որ կունենա նրա առաջնորդությունը։ Եզրասը լուրջ պատասխանատվություն ուներ. նա պետք է առաջնորդեր Բաբելոնից Երուսաղեմ վերադարձող ավելի քան 1500 տղամարդկանց՝ չհաշված քահանաներին, նաթանայիմներին, ինչպես նաև կանանց ու երեխաներին։ Բացի այդ, Երուսաղեմում գտնվող տաճարը գեղեցկացնելու համար ժողովուրդը մեծ քանակությամբ ոսկի ու արծաթ էր տանում իր հետ։ Հետևաբար ճանապարհորդության ընթացքում պաշտպանության կարիք ուներ։ Բայց Եզրասը չցանկացավ Պարսկաստանի թագավորից պահակազոր խնդրել, քանի որ այդպես ցույց կտար, որ մարդու զորությանն է ապավինում։ Նաև ավելի վաղ նա թագավորին ասել էր. «Աստծու ձեռքը բոլոր իրեն փնտրողների վրա է, որ նրանց բարիք անի»։ Ուստի Եզրասը ծոմ հայտարարեց, որ ժողովուրդը խոնարհվի Եհովայի առաջ։ Նրանք աղոթեցին Աստծուն, և նա լսեց ու ճանապարհին պաշտպանեց թշնամու դարաններից, և նրանք հաջողությամբ ավարտեցին իրենց վտանգավոր ճանապարհորդությունը (Եզր 8։1-14, 21-32)։ Իսկ Դանիել մարգարեին Աստված, որպես իր բարեհաճության դրսևորում, մի հրեշտակ ուղարկեց ու տեսիլք տվեց, քանի որ Բաբելոնում գերության մեջ գտնվելիս մարգարեն խոնարհվեց Աստծու առաջ՝ փնտրելով նրանից առաջնորդություն ու հասկացողություն (Դն 10։12)։
Հոգևոր գանձեր
Ուշագրավ մտքեր «Եզրաս» գրքից
7։28-8։20 — Ինչո՞ւ Բաբելոնում գտնվող շատ հրեաներ չցանկացան Եզրասի հետ ‘վեր գնալ’ Երուսաղեմ։ Թեպետ ավելի քան 60 տարի էր անցել այն օրվանից, երբ հրեաների առաջին խումբը վերադարձել էր հայրենիք, Երուսաղեմը սակավաթիվ բնակչություն ուներ։ Վերադառնալ Երուսաղեմ նշանակում էր՝ նոր կյանք կառուցել ոչ հարմարավետ և վտանգավոր պայմաններում։ Այն ժամանակվա Երուսաղեմը նյութական առումով չէր գրավում այն հրեաներին, որոնք Բաբելոնում գուցե բարեկեցիկ կյանքով էին ապրում։ Բացի այդ, ճանապարհորդությունը վտանգավոր էր։ Վերադարձողները պետք է ունենային ամուր հավատ Եհովայի հանդեպ, նախանձախնդրություն ճշմարիտ երկրպագության համար, ինչպես նաև խիզախություն՝ այդ ճանապարհը գնալու։ Նույնիսկ ինքը Եզրասը Աստծու կողմից զորություն ստանալու կարիք ուներ։ Եզրասի հորդորին 1 500 ընտանիք արձագանքեց՝ մոտ 6 000 մարդ։ Նրա ձեռնարկած լրացուցիչ ջանքերի շնորհիվ նրանց միացան նաև 38 ղևտացիներ և 220 նաթանայիմներ։
ՀՈՒԼԻՍԻ 17-23
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵԶՐԱՍ 9-10
«Անհնազանդության դառը հետևանքները»
Ուշագրավ մտքեր «Եզրաս» գրքից
9։1, 2 — Որքանո՞վ էր վտանգավոր ամուսնանալ օտարազգիների հետ։ Վերականգնված ժողովուրդը պետք է Եհովայի երկրպագությունը պահպաներ մինչև Մեսիայի գալը։ Օտարազգիների հետ ամուսնությունները իրական վտանգ էին ներկայացնում ճշմարիտ երկրպագության համար։ Քանի որ ոմանք ամուսնացել էին կռապաշտ մարդկանց հետ, ամբողջ ազգն ի վերջո գուցե ձուլվեր հեթանոս ազգերին։ Մաքուր երկրպագությունը կարող էր անհետանալ երկրի երեսից։ Այդ դեպքում ո՞ւմ մոտ պիտի գար Մեսիան։ Զարմանալի չէ, որ Եզրասն ապշել էր՝ տեսնելով, թե ինչ է տեղի ունեցել։
w09 10/1, էջ 10, պրբ. 6
Ի՞նչ է Եհովան խնդրում մեզնից
Մեր հոժարակամ հնազանդությունը օրհնություններ կբերի։ Մովսեսը գրեց. «Պատուիրանքները պահիր, ....որ քեզ համար լաւ լինի» (համար 13)։ Այո՛, ցանկացած պատվիրան, որ տալիս է Եհովան, և ցանկացած բան, որ նա խնդրում է մեզնից, մեր բարիքի համար է։ Այլ կերպ չէր կարող լինել։ Աստվածաշունչն ասում է. «Աստված սեր է» (1 Հովհաննես 4։8)։ Ուստի Եհովան տալիս է միայն այնպիսի պատվիրաններ, որոնք ծառայում են մեր օգտին (Եսայիա 48։17)։ Դրանք կպաշտպանեն մեզ այսօր շատ վտանգներից, իսկ Աստծու Թագավորության ժամանակ անվերջ օրհնություններ կբերեն մեզ։
Հոգևոր գանձեր
Ուշագրավ մտքեր «Եզրաս» գրքից
10։3, 44 — Ինչո՞ւ մայրերի հետ ‘դուրս արեցին’ նաև նրանց երեխաներին։ Եթե երեխաները մնային, ապա հավանականությունը կմեծանար, որ ‘դուրս արված’ կանայք նրանց պատճառով վերադառնային։ Բացի այդ, փոքր երեխաները սովորաբար մայրական խնամքի կարիք են զգում։
ՀՈՒԼԻՍԻ 24-30
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՆԵԵՄԻԱ 1-2
«Ես իսկույն աղոթեցի»
Եհովային «դիր քո առաջ ամեն ժամանակ»
5 Ժամանակ առ ժամանակ գուցե հայտնվենք այնպիսի իրավիճակներում, երբ հարկավոր է օգնության համար անհապաղ աղոթել Աստծուն։ Մի անգամ Պարսկաստանի Արտաշես թագավորը նկատեց, որ իր մատռվակը՝ Նեեմիան, տխուր է։ «Ի՞նչ է քո ուզածը»,— հարցրեց թագավորը։ Նեեմիան «անմիջապես աղոթեց երկնքի Աստծուն» (ՆԱ)։ Նեեմիան, որ, ըստ ամենայնի, լուռ աղոթեց, չէր կարող երկար աղոթք անել։ Այդուհանդերձ, Աստված պատասխանեց նրան. Նեեմիան ստացավ թագավորի աջակցությունը՝ Երուսաղեմի պարիսպը վերակառուցելու համար (կարդա՛ Նէեմիա 2։1-8)։ Այո՛, Եհովան լսում է նույնիսկ կարճ, մտքում ասված աղոթքները։
Ազատ խոսք
Ի՞նչ կարող ես անել, երբ ստիպված ես հանպատրաստից բացատրություններ տալ համոզմունքներիդ մասին, ընդ որում դա անես արժանավայել կերպով։ Կարող ես վարվել Նեեմիայի պես. նա նախքան Արտաշես թագավորի հարցին պատասխանելը մտքում աղոթեց Եհովային (Նէեմ. 2։4)։ Այնուհետև արագորեն մտքումդ պլան կազմիր։ Հիմնական քայլերդ հետևյալը կարող են լինել. 1) ընտրիր մեկ կամ երկու միտք, որոնց վերաբերյալ ուզում ես խոսել (կարելի է օգտվել «Քննարկման նյութեր՝ աստվածաշնչյան թեմաներով» գրքույկից)։ 2) Որոշիր թե այդ մտքերին ինչ սուրբգրային համարներ են թիկունք կանգնելու։ 3) Մտածիր, թե ինչպես սկսել բացատրությունը, որ հարց տվող անձնավորությունը ցանկանա լսել։ Այս ամենից հետո սկսիր խոսել։
Հոգևոր գանձեր
w86 2/15, էջ 25
Ճշմարիտ երկրպագության հաղթանակը
Ո՛չ։ Երբ Նեեմիան իմացավ, որ Երուսաղեմը ավերված վիճակում է, սկսեց «օր ու գիշեր» անդադար աղոթել դրա մասին (Նեեմիա 1։4, 6)։ Իսկ երբ հնարավորություն ստեղծվեց Արտաքսերքսես թագավորին հայտնելու Երուսաղեմի պարիսպները վերակառուցելու իր ցանկության մասին, Նեեմիան նորից աղոթեց, մի բան, ինչը նա մինչ այդ անդադար արել էր։ Եհովան պատասխանեց այդ աղոթքին, և Նեեմիան թույլտվություն ստացավ վերակառուցելու քաղաքի պարիսպը։
Ի՞նչ ենք սովորում։ Նեեմիան առաջնորդության համար Եհովային դիմեց։ Երբ կանգնում ենք լուրջ որոշման առաջ, լավ կլինի, որ մենք էլ «աղոթքում հարատևենք» և Եհովայի տված առաջնորդության համաձայն վարվենք (Հռոմեացիներ 12։12)։
ՀՈՒԼԻՍԻ 31-ՕԳՈՍՏՈՍԻ 6
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՆԵԵՄԻԱ 3-4
«Ֆիզիկական գործ անելը պատվիցդ ցա՞ծր է»
Ուշագրավ մտքեր «Նէեմիա» գրքից
3։5, 27. Ճշմարիտ երկրպագության համար արվող ֆիզիկական աշխատանքը չպետք է մեր պատվից ցածր համարենք, ինչպես որ վարվեցին թեկուացի ‘երևելիները’։ Մենք պետք է ընդօրինակենք հասարակ թեկուացիներին, որոնք պատրաստ էին իրենց անձը տրամադրել գործին։
Եհովան քեզ ի՞նչ կդարձնի
11 Աբիգեայի օրերից դարեր անց էլ եղել են նվիրված կանայք, որոնց միջոցով Եհովան իրականացրել է իր կամքը։ Նրանցից էին, օրինակ, Սեղումի դուստրերը, որոնք մասնակցեցին Երուսաղեմի պարսպի վերակառուցման աշխատանքներին (Նեեմ. 2։20; 3։12)։ Չնայած որ այս աղջիկների հայրը իշխան էր, նրանք հոժար սրտով լծվեցին այդ դժվար ու վտանգներով լի գործին (Նեեմ. 4։15-18)։ Որքա՜ն էին նրանք տարբերվում թեկուեցիների միջի անվանի մարդկանցից, որոնք «իրենց վիզը չծռեցին, որ ծառայեն իրենց տերերին» (Նեեմ. 3։5)։ Պատկերացրու, թե ինչ մեծ ցնծություն ապրեցին Սեղումի աղջիկները, երբ ընդամենը 52 օրում հաջողվեց պարսպի վերակառուցումն ավարտին հասցնել (Նեեմ. 6։15)։ Մեր ժամանակներում էլ բազմաթիվ քույրեր հոժար կամքով և մեծ ուրախությամբ մասնակցում են սուրբ ծառայության տարբեր ձևերի, այդ թվում՝ աստվածապետական շինությունների կառուցման ու նորոգման աշխատանքներին։ Խանդավառությամբ լի այս անձնվեր հմուտ քույրերը շատ մեծ դեր են ունենում այդ նախագծերի իրականացման գործում։
Զարգացրու Քրիստոսի տեսակետը մեծության վերաբերյալ
16 Բոլոր քրիստոնյաները՝ տարեց թե երիտասարդ, պետք է ջանք թափեն, որ Քրիստոսի տեսակետն ունենան մեծության վերաբերյալ։ Ժողովում անհրաժեշտ է լինում ամենատարբեր հանձնարարություններ կատարելու։ Երբեք մի՛ դժգոհիր, եթե քեզ խնդրում են կատարել մի հանձնարարություն, որը գուցե թվա, թե նվաստացուցիչ է (Ա Թագաւորաց 25։41; Դ Թագաւորաց 3։11)։ Ծնողնե՛ր, քաջալերո՞ւմ եք ձեր զավակներին, որ ուրախությամբ կատարեն ցանկացած գործ, որ նրանց տրվում է՝ լինի դա Թագավորության սրահում թե համաժողովի անցկացման վայրում։ Տեսնո՞ւմ են նրանք ձեզ «նվաստացուցիչ» աշխատանք անելիս։ Մի եղբայր, որն այժմ ծառայում է Եհովայի վկաների գլխավոր վարչությունում, շատ լավ հիշում է իր ծնողների օրինակը։ Նա ասում է. «Այն, թե ինչ տեսակետ նրանք ունեին Թագավորության սրահը կամ համաժողովի վայրը մաքրելու վերաբերյալ, ինձ հուշում էր, որ նրանք դա կարևոր էին համարում։ Ծնողներս հաճախ կամավոր գործեր էին անում ժողովի կամ քույր-եղբայրների համար՝ անկախ այն բանից, թե դրանք ինչքան աննշան կարող էին լինել։ Նրանց այդ տրամադրվածությունն օգնեց ինձ, որ Բեթելում ծառայելիս սիրով անեի ցանկացած գործ»։
Հոգևոր գանձեր
Ուշագրավ մտքեր «Նէեմիա» գրքից
4։17, 18 — Ինչպե՞ս էր հնարավոր պարսպի վերաշինման գործը կատարել միայն մեկ ձեռքով։ Դա խնդիր չէր բեռնակիրների համար։ Քանի որ բեռը դրվում էր նրանց գլխին կամ ուսերին, ապա նրանք կարող էին մեկ ձեռքով հեշտությամբ պահել այն, իսկ ‘մյուս ձեռքով բռնել զենքը’։ Շինարարները, որոնք իրենց գործը անելու համար երկու ձեռքերի կարիքն էլ ունեին, «ամեն մէկը սուրը մէջքին կապած բան էր անում»։ Եթե թշնամին հարձակվեր, նրանք պատրաստ կլինեին դիմադրելու։
ՕԳՈՍՏՈՍԻ 7-13
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՆԵԵՄԻԱ 5-7
«Նեեմիան չէր ուզում, որ իրեն ծառայեին, այլ ուզում էր ինքը ծառայել»
Ճշմարիտ երկրպագության աջակիցները. այսօր և անցյալում
Իր ժամանակն ու կազմակերպչական հմտությունները ներդնելուց բացի, ճշմարիտ երկրպագությանը աջակցելու համար Նեեմիան օգտագործեց նաև իր նյութական միջոցները։ Նա իր փողով հրեա եղբայրներին ետ գնեց ստրկությունից։ Նաև պարտքով գումար տվեց՝ առանց տոկոսի։ Նեեմիան երբեք ‘ծանրություն չտվեց’ հրեաներին՝ նրանցից որպես իշխան հարկ գանձելով. մի բան, որի իրավունքը ուներ։ Փոխարենը՝ նրա սեղանից հաց էին ուտում «հարիւր յիսուն Հրէայ եւ ոստիկան եւ.... շրջակայքում եղող ազգերից [նրանց] մօտ եկողներ»։ Ամեն օր իր հյուրերի համար նրա տանը պատրաստում էին «մէկ արջառ, վեց ընտիր ոչխար, եւ թռչուններ»։ Բացի այդ, տաս օրը մեկ նա տալիս էր «ամեն տեսակ գինի առատութեամբ». և այս ամենը՝ իր ծախսերով (Նէեմիա 5։8, 10, 14-18)։
«Թևաթափ մի՛ եղիր»
16 Եհովայի աջակցությամբ Նեեմիան ու նրա հետ եղողները զորացրին իրենց ձեռքերը բարի գործի համար։ Նրանք վերականգնեցին Երուսաղեմի պարիսպը և ընդամենը 52 օրում ավարտեցին աշխատանքները (Նեեմ. 2։18; 6։15, 16)։ Նեեմիան ոչ թե պարզապես վերահսկում էր գործը, այլ անձամբ մասնակցում էր պարսպի վերականգնմանը (Նեեմ. 5։16)։ Այսօր էլ բազմաթիվ սիրառատ երեցներ ընդօրինակում են Նեեմիային՝ թիկունք կանգնելով շինարարական նախագծերին, բարվոք վիճակում պահելով Թագավորության սրահները և մասնակցելով դրանց մաքրությանը։ Հավատակիցների հետ ծառայելով, ինչպես նաև հովվական այցեր անելով՝ նրանք նաև ամրացնում են բոլոր նրանց թույլ ձեռքերը, ովքեր «անհանգիստ սիրտ» ունեն (կարդա Եսայիա 35։3, 4)։
Ի՞նչ իմաստով Եհովան կհիշի քեզ
Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ Աստված «հիշում է» այն իմաստով, որ գործում է հօգուտ որևէ մեկի։ Օրինակ, երբ արդեն 150 օր էր, ինչ երկիրը ծածկված էր Ջրհեղեղի ջրերով, «Աստված հիշեց Նոյին.... երկրի վրա քամի բերեց, ու ջրերը սկսեցին նվազել» (Ծննդոց 8։1)։ Դարեր անց, երբ փղշտացիները կուրացրել ու շղթաներով կապել էին Սամսոնին, վերջինս աղոթեց. «Եհովա, հիշի՛ր ինձ, խնդրում եմ, զորացրո՛ւ ինձ վերջին անգամ»։ Եհովան հիշեց Սամսոնին՝ տալով գերբնական ուժ, որ նա կարողանար Աստծու թշնամիներից վրեժ լուծել (Դատավորներ 16։28-30)։ Իսկ ինչ վերաբերում է Նեեմիային, Եհովան օրհնեց նրա ջանքերը, ու ճշմարիտ երկրպագությունը վերականգնվեց Երուսաղեմում։
Հոգևոր գանձեր
«Շարունակիր բարիո՛վ հաղթել չարին»
15 Երրորդ՝ թշնամիները մի դավաճանի՝ իսրայելացի Սեմայիայի միջոցով փորձեցին այնպես անել, որ Նեեմիան խախտի Աստծու Օրենքը։ Սեմայիան նրան ասաց. «Գնանք միասին Աստուծոյ տունը՝ տաճարը եւ տաճարի դռները գոցենք. որովհետեւ գալիս են որ քեզ սպանեն»։ Նա ասաց, որ Նեեմիային ուր որ է կսպանեն, բայց եթե նա թաքնվի տաճարում, կկարողանա փրկվել։ Նեեմիան քահանա չէր, ուստի մեղք գործած կլիներ, եթե թաքնվեր Աստծու տանը։ Կխախտե՞ր նա Աստծու Օրենքը, որպեսզի փրկեր իր կյանքը։ Նեեմիան Սեմայիային պատասխանեց. «Մի՞թէ ինձ նման մարդը կ’փախչի. եւ ինձ նման ո՞րը կ’գնայ տաճարը որ ողջ մնայ. ես չեմ գնալ»։ Ինչո՞ւ նա չընկավ այն ծուղակը, որ լարել էին իր համար։ Որովհետև գիտեր, որ թեև Սեմայիան իսրայելացի է, սակայն «Աստուած չէր նորան ուղարկել»։ Ի վերջո, ճշմարիտ մարգարեն երբեք նրան խորհուրդ չէր տա խախտել Աստծու Օրենքը։ Կրկին Նեեմիան թույլ չտվեց, որ չար հակառակորդները հաղթեն իրեն։ Կարճ ժամանակ անց նա կարողացավ ասել. «Եւ պարիսպը լրացաւ Իլուլի քսանեւհինգին՝ յիսունեւերկու օրուայ մէջ» (Նէեմիա 6։10-15; Թուոց 1։51; 18։7)։
ՕԳՈՍՏՈՍԻ 14-20
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՆԵԵՄԻԱ 8-9
«Եհովայի ուրախությունը ձեր ամրոցն է»
Ինչ ենք սովորում ղևտացիների աղոթքից
2 Վերոհիշյալ հավաքույթից մեկ ամիս առաջ հրեաները ավարտել էին Երուսաղեմի պարսպի շինարարությունը (Նեեմ. 6։15)։ Նրանք այն ավարտեցին ընդամենը 52 օրում։ Աստծու ժողովուրդը դրանից հետո հատուկ ուշադրություն դարձրեց իր հոգևոր կարիքներին։ Տիշրիի 1-ին նրանք հավաքվեցին հրապարակում՝ լսելու Եզրասին և մյուս ղևտացիներին, որոնք բարձրաձայն կարդալու և բացատրելու էին Աստծու Օրենքը (նկար 1)։ Ամբողջ ընտանիքներ, բոլոր նրանք, «ովքեր կարող էին իրենց լսածը հասկանալ», «լուսաբացից մինչև կեսօր» կանգնած լսում էին։ Նրանք լավ օրինակ են մեզ համար։ Հնարավոր է՝ մենք ժողովի հանդիպումները անցկացնում ենք հարմարավետ Թագավորության սրահում։ Եղե՞լ է այնպես, որ հանդիպման ժամանակ միտքդ թափառել է, սկսել ես մտածել պակաս կարևոր բաների մասին։ Եթե այո, ապա իսրայելացիների այս օրինակը կարող է շատ օգտակար լինել քեզ համար։ Նրանք այնքան ուշադիր էին լսում, որ լսած խոսքը հասավ իրենց սրտին, և սկսեցին լաց լինել՝ հասկանալով, որ իրենց ազգը չի հնազանդվել Աստծու Օրենքին (Նեեմ. 8։1-9)։
«Կշարունակե՞ս ընթանալ ոգով»
9 Ուրախությունը սրտի բերկրալից վիճակն է։ Եհովան ուրախ, «երջանիկ» Աստված է (1 Տիմոթեոս 1։11; Սաղմոս 104։31)։ Որդին հաճույքով է կատարում իր Հոր կամքը (Սաղմոս 40։8; Եբրայեցիներ 10։7-9)։ «Տիրոջ ուրախութիւնը [մեր] զօրութիւնն է» (Նէեմիա 8։10)։
10 Եթե կատարում ենք Աստծու կամքը, ապա աստվածատուր ուրախություն և խոր բավականություն ենք զգում, նույնիսկ երբ բախվում ենք դժվարությունների, վշտի ու հալածանքի։ Ի՜նչ մեծ ուրախություն է տալիս «Աստուծոյ գիտութիւնը» (Առակաց 2։1-5)։ Աստծու հետ մեր փոխհարաբերությունները, որից ուրախություն ենք ստանում, հիմնված են ճշգրիտ գիտելիքների, Հիսուսի քավիչ զոհաբերության և Աստծու հանդեպ հավատի վրա (1 Հովհաննես 2։1, 2)։ Միջազգային ճշմարիտ եղբայրության մաս կազմելը ուրախության մեկ այլ աղբյուր է (Սոփոնիա 3։9; Անգէ 2։7)։ Բարի լուրը հռչակելու մեծ առանձնաշնորհումը, ինչպես նաև հույսը, որ Աստծու Թագավորությունը կիշխի երկրի վրա, մեր սիրտը լցնում են ցնծությամբ (Մատթեոս 6։9, 10; 24։14)։ Հավիտենական կյանքի հույսը նույնպես ուրախացնում է մեզ (Հովհաննես 17։3)։ Ունենալով այսպիսի հույս՝ մենք պետք է ուրախ լինենք (Բ Օրինաց 16։15)։
Հոգևոր գանձեր
it-1, էջ 145, պրբ. 2
Արամերեն
Հրեաների՝ բաբելոնյան գերությունից վերադառնալուց մի քանի տարի անց Եզրաս քահանան Երուսաղեմում հավաքված ժողովրդի առաջ կարդում էր Օրենքի գիրքը, իսկ մյուս ղևտացիները բացատրում էին կարդացածը։ Նեեմիա 8։8-ում նշվում է. «Նրանք բարձրաձայն կարդում էին գրքից՝ ճշմարիտ Աստծու օրենքից՝ բացատրելով ու պարզաբանելով դրա իմաստը, և օգնում էին ժողովրդին հասկանալ կարդացածը»։ «Բացատրել» բառը կարող է ցույց տալ, որ ղևտացիները եբրայերեն տեքստը փոխանցում էին արամերենով։ Իսրայելացիները Բաբելոնում եղած ժամանակ հավանաբար որդեգրել էին արամերենը։ Անկասկած, ղևտացիները բացատրում էին նաև այն իմաստով, որ օգնում էին հրեաներին խորությամբ ընկալել կարդացածի նշանակությունը, անգամ եթե նրանք հասկանում էին եբրայերեն։
ՕԳՈՍՏՈՍԻ 21-27
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՆԵԵՄԻԱ 10-11
«Նրանք զոհողություններ արեցին Եհովայի համար»
Երուսաղեմ, որ համապատասխանում է իր անվանը
13 Նեեմիայի օրերում կնքված «հաստատ ուխտը» Աստծու վաղեմի ժողովրդին նախապատրաստեց Երուսաղեմի պարսպի հանդիսավոր բացմանը։ Բայց մի ուրիշ անհրաժեշտ հարց ևս ուշադրության արժանի էր։ Երուսաղեմը, շրջապատված 12 դարպասներից կազմված մեծ պարսպով, ավելի շատ բնակչության կարիք ուներ։ Թեև այնտեղ թվով քիչ իսրայելացիներ էին ապրում, սակայն «քաղաքը ընդարձակ եւ մեծ էր, բայց միջի ժողովուրդը քիչ էր» (Նէեմիա 7։4)։ Այս խնդիրը լուծելու համար իսրայելացիները «վիճակ գցեցին, որ ժողովրդի մի տասներորդը բերեն Երուսաղէմ սուրբ քաղաքումը բնակուելու»։ Այս հարցում պատրաստակամություն ցուցաբերելը ժողովրդին մղեց, որպեսզի օրհնեն «այն ամեն մարդկանց, որ յօժարութեամբ համաձայնեցին բնակուել Երուսաղէմումը» (Նէեմիա 11։1, 2)։ Ի՜նչ հոյակապ օրինակ է ճշմարիտ երկրպագուների համար այսօր, որոնք, թերևս, ի վիճակի են տեղափոխվելու այնպիսի վայրեր, որտեղ հասուն քրիստոնյաների ավելի մեծ կարիք է զգացվում։
w86 2/15, էջ 26
Ճշմարիտ երկրպագության հաղթանակը
Ժառանգական կալվածք թողնելն ու Երուսաղեմ տեղափոխվելը կապված էր որոշ ծախսերի ու կորուստների հետ։ Բացի այդ՝ Երուսաղեմում ապրողները հավանաբար տարբեր վտանգների կարող էին ենթարկվել։ Այդ ամենը հաշվի առնելով՝ մյուս իսրայելացիները կամավորներին գովեստի արժանի համարեցին ու, անշուշտ, Եհովային աղոթքով խնդրեցին, որ օրհնի նրանց։
Հավատարմությունը բերում է Աստծու հավանությունը
15 Երբ մեր կյանքը նվիրեցինք Եհովային, խոստացանք կատարել նրա կամքը անվերապահորեն։ Այն ժամանակ մենք արդեն իսկ գիտակցում էինք, որ այդ խոստման համաձայն ապրելը պահանջում է անձնազոհություն։ Սակայն մեր պատրաստակամությունը փորձի է ենթարկվում, երբ մեզանից պահանջվում է անել մի բան, ինչը մեր սրտով չէ։ Նման իրավիճակում կփաստենք մեր հավատարմությունը, եթե զոհողություններ անենք և ծառայենք Աստծուն նրա ուզած ձևով, ոչ թե ինչպես մեզ է հարմար։ Որքան էլ որ դժվար լինի զոհողությունների գնալը, հիշենք, որ արդյունքում ստացած օրհնությունները միշտ գերակշռում են դրանց (Մաղ. 3։10)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել Հեփթայեի աղջկա մասին։
Հոգևոր գանձեր
Ուշագրավ մտքեր «Նէեմիա» գրքից
10։34 — Ինչո՞ւ էր մարդկանցից պահանջվում, որ փայտ մատակարարեն։ Մովսիսական օրենքով չէր պատվիրված փայտ մատակարարել։ Այդ պահանջը բխում էր զուտ կարիքից։ Մեծ քանակությամբ փայտ էր անհրաժեշտ զոհաբերություններն այրելու համար։ Ըստ ամենայնի, տաճարում չկային բավական թվով նաթանայիմներ՝ ոչ իսրայելացի ծառաներ։ Այդ իսկ պատճառով վիճակ գցեցին, որպեսզի որոշեն, թե ինչ հերթականությամբ են փայտ բերելու։
ՕԳՈՍՏՈՍԻ 28-ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՆԵԵՄԻԱ 12-13
«Ընկերներ ընտրելիս նվիրված մնա Եհովային»
it, «Ամմոնացիներ», պրբ. 20
Ամմոնացիներ
Այն բանից հետո, երբ Տուբիան տաճարի տարածքից վռնդվեց, ժողովրդի առաջ կարդացվեց 2 Օրենք 23։3-6-ում արձանագրված Աստծու օրենքը, որը ամմոնացիներին ու մովաբացիներին արգելում էր մտնել Իսրայելի ժողով։ Մարդիկ սկսեցին կիրառել այդ օրենքը (Նեմ 13։1-3)։ Այս արգելքը դրվել էր այդ դեպքերից մոտ 1 000 տարի առաջ, քանի որ ամմոնացիներն ու մովաբացիները հրաժարվել էին իսրայելացիներին օգնելուց, երբ նրանք դեռ չէին մտել Ավետյաց երկիր։ Թերևս դրա համաձայն՝ այդ ազգերի ներկայացուցիչները չէին կարող դառնալ Իսրայել ազգի լիիրավ անդամ և օգտվել այն բոլոր իրավունքներից ու արտոնություններից, որ տալիս էր այդ անդամակցությունը։ Դա չէր նշանակում, որ ամմոնացիներից և մովաբացիներից ոչ ոք չէր կարող շփում ունենալ իսրայելացիների հետ կամ բնակվել նրանց հետ և այդպիսով օգտվել այն օրհնություններից, որ Աստված տալիս էր իր ժողովրդին։ Օրինակ՝ Աստվածաշնչում հիշատակվում է Դավթի քաջ զինվոր ամմոնացի Սելեկի (որի մասին արդեն խոսվեց), ինչպես նաև մովաբացի Հռութի մասին (Հռթ 1։4, 16-18)։
«Սրբացվեցիք»
5 Կարդա՛ Նեեմիա 13։4-9։ Հեշտ չէ սուրբ մնալ, երբ շրջապատված ենք այնպիսի մարդկանցով, որոնք կարող են անմաքուր ազդեցություն թողնել մեզ վրա։ Ելիասիբը քահանայապետ էր, իսկ Տուբիան ամմոնացի էր և հավանաբար պարսկական իշխանության մանր պաշտոնյա էր Հրեաստանում։ Տուբիան և նրա ընկերները փորձում էին խանգարել Նեեմիային վերակառուցելու Երուսաղեմի պարիսպը (Նեեմ. 2։10)։ Ամմոնացիներին արգելված էր մտնել տաճարի տարածք (2 Օրենք 23։3)։ Ուստի հարց է առաջանում. քահանայապետն ինչո՞ւ էր Տուբիայի նման մարդուն տեղ հատկացրել տաճարի ճաշասրահում։
6 Տուբիան դարձել էր Ելիասիբի մտերիմը։ Տուբիան և նրա որդին՝ Հովհանանը, ամուսնացել էին հրեա կանանց հետ, և շատ հրեաներ լավ բաներ էին խոսում Տուբիայի մասին (Նեեմ. 6։17-19)։ Ելիասիբի թոռներից մեկը ամուսնացել էր Սամարիայի կառավարիչ Սանաբաղատի աղջկա հետ. Սանաբաղատը Տուբիայի ամենամտերիմ ընկերներից մեկն էր (Նեեմ. 13։28)։ Այս կապերն էին հավանաբար պատճառը, որ քահանայապետ Ելիասիբը թույլ էր տվել այլադավան և հակառակորդ մարդուն ազդել իր վրա։ Բայց Նեեմիան Եհովայի հանդեպ իր հավատարմությունը ցույց տվեց նրանով, որ Տուբիայի ամբողջ կահույքը ճաշասրահից դուրս շպրտեց։
w96 3/15, էջ 16, պրբ. 6
Նվիրվածության փորձություն
6 Եթե մենք նվիրված ենք Եհովա Աստծուն, չենք ընկերանա նրանց հետ, ովքեր նրա թշնամիներն են։ Հենց այդ պատճառով էլ Հակոբոս աշակերտը գրել է. «Շնացողնե՛ր, մի՞թե չգիտեք, որ աշխարհի հետ ընկերությունը թշնամություն է Աստծու դեմ։ Ուստի եթե մեկը ցանկանում է աշխարհի ընկերը լինել, Աստծու թշնամին է դառնում» (Հակոբոս 4։4)։ Ուզում ենք ունենալ այնպիսի նվիրվածություն, ինչպիսին ուներ Դավիթ թագավորը, որն ասել է. «Մի՞թե քեզ ատողներին ես չեմ ատում, ո՛վ Եհովա, և մի՞թե քո դեմ ապստամբողները զզվելի չեն ինձ համար։ Կատարյալ ատելությամբ ատում եմ նրանց։ Նրանք իսկական թշնամիներ են դարձել ինձ համար» (Սաղմոս 139։21, 22)։ Մենք չենք ուզում մտերմանալ նրանց հետ, ովքեր դիտավորյալ մեղք են գործում, չէ՞ որ ոչ մի ընդհանուր բան չունենք նրանց հետ։ Աստծու հանդեպ նվիրվածությունը հետ կպահի մեզ Եհովայի թշնամիների հետ մտերմանալուց, լինի դա կենդանի շփման, հեռուստատեսության, թե մեդիայի միջոցով։
Հոգևոր գանձեր
it, «Երաժշտություն», պրբ. 15
Երաժշտություն
Տաճարում երգեցողությանը մեծ կարևորություն էր տրվում։ Դա երևում է այն բանից, որ Աստվածաշնչում երգիչների մասին շատ անգամ է հիշատակվում, ինչպես նաև այն բանից, որ «նրանք ազատված էին մյուս պարտականություններից», որ անում էին ղևտացիները, որպեսզի կարողանային լիարժեքորեն նվիրվել իրենց ծառայությանը (1Տգ 9։33)։ Այն, որ նրանք Բաբելոնի գերությունից հետո էլ շարունակեցին մնալ ղևտացիների հատուկ խումբ, երևում է նրանից, որ երբ թվարկվում էին Բաբելոնի գերությունից վերադարձածները, նրանց մասին առանձին նշվեց (Եզր 2։40, 41)։ Պարսից Արտաքսերքսես (Երկայնաբազուկ) թագավորը նույնիսկ հրաման արձակեց, որ նրանք և ուրիշ հատուկ խմբեր ազատված լինեն «հարկ, տուրք կամ մաքս» վճարելուց (Եզր 7։24)։ Ավելի ուշ թագավորը հրաման տվեց, որ «ամեն օր հաստատված կարգով բավարարվեն երգիչների կարիքները»։ Թեպետ այս կարգադրությունը վերագրվում է Արտաքսերքսեսին, շատ հավանական է, որ այն արել է Եզրասը, որին Արտաքսերքսեսը լիազորություն էր տվել (Նեմ 11։23; Եզր 7։18-26)։ Այսպիսով՝ պարզ է դառնում, թե ինչու է Աստվածաշունչը երգիչների մասին խոսելիս նրանց առանձին նշում՝ «երգիչներ ու ղևտացիներ», թեև բոլոր երգիչները ղևտացիներ էին (Նեմ 7։1; 13։10)։