Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwbr23 նոյեմբեր էջ 1–12
  • «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ
  • «Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկի» հղումները (2023)
  • Ենթավերնագրեր
  • ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-12
  • ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-19
  • ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-26
  • ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3
  • ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-10
  • ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-17
  • ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-24
  • ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-31
«Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկի» հղումները (2023)
mwbr23 նոյեմբեր էջ 1–12

«Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ

© 2023 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania

ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-12

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀՈԲ 13-14

«Եթե մարդը մահանա, մի՞թե դարձյալ կապրի»

w99 10/15, էջ 3, պրբ. 1-3

Երկարակեցության հետքերով

ԱՅՍՕՐ էլ շատերը կհամաձայնվեն այս խոսքերի հետ, որոնք գրվել են մոտ 3500 տարի առաջ, քանի որ կյանքը հիմա էլ է կարճ ու վաղանցիկ։ Մարդիկ դժվարանում են համակերպվել այն իրողության հետ, որ դեռ կյանքի ծաղկուն շրջանը չվայելած՝ ծերանում են ու մահանում։ Դա է պատճառը, որ ողջ պատմության ընթացքում մարդիկ կյանքը երկարացնելու բազմաթիվ կերպեր են փնտրել։

Հոբի օրերում եգիպտացիները երիտասարդանալու համար կենդանիների ամորձիներ էին ուտում։ Միջնադարում ալքիմիկոսների գլխավոր նպատակներից էր ստանալ այնպիսի դեղամիջոց, որը կերկարացներ մարդկանց կյանքը։ Նրանցից շատերը հավատում էին, որ քիմիական տարբերակով ստացված ոսկին կարող է անմահություն պարգևել, իսկ ոսկյա ափսեներից սնվելը՝ երկար կյանք։ Հին Չինաստանում դաոսականները կարծում էին, որ մեդիտացիայի, շնչառական վարժությունների, սննդակարգի միջոցով կարող էին փոխել մարդու մարմնի քիմիական կառուցվածքը և այդպիսով անմահություն ձեռք բերել։

Իսպանացի հետազոտող Խուան Պոնսե դե Լեոն հայտնի է երիտասարդության աղբյուրի անհագ որոնումներով։ 18-րդ դարում մի բժիշկ իր գրքում (Hermippus Redivivus) առաջարկում էր գարնանը երիտասարդ կույսերին պահել մի փոքրիկ սենյակում, հետո նրանց արտաշնչած օդը հավաքել շշերում և օգտագործել որպես կյանքը երկարացնող միջոց։ Բնականաբար, այս մեթոդներից և ոչ մեկը հաջողություն չունեցավ։

w15 4/15, էջ 32, պրբ. 1-2

Կարո՞ղ է կտրված ծառը դարձյալ շիվեր տալ

ԼԻԲԱՆԱՆԻ վեհաշուք մայրիների հետ համեմատած՝ տձև ու ծուռումուռ ձիթենին այդքան էլ տպավորիչ տեսք չունի։ Սակայն այդ ծառը զարմանալի կերպով դիմանում է եղանակային փոփոխություններին։ Ձիթենու որոշ տեսակներ, ըստ հաշվարկների, 1000 տարեկան են։ Ձիթենու տարածվող արմատային համակարգը կարող է վերականգնվել, նույնիսկ երբ ծառի բունը ոչնչացել է։ Քանի դեռ արմատները կան, ծառը նորից շիվեր կտա։

Հոբ նահապետը համոզված էր, որ եթե նույնիսկ մահանա, նորից կկենդանանա (Հոբ 14։13-15)։ Նա ծառի, հավանաբար ձիթենու օրինակով արտահայտեց իր համոզվածությունը, որ Աստված ի զորու է հարություն տալու իրեն։ «Նույնիսկ ծառի համար հույս կա,— ասաց նա։— Եթե այն կտրվի, դարձյալ շիվեր կտա»։ Եթե երաշտի ժամանակ տեղատարափ անձրև գա, ձիթենու չոր բունը կարող է կրկին շիվեր տալ, որոնք, բարձրանալով արմատից, «նոր տունկի պես ճյուղ կարձակեն» (Հոբ 14։7-9)։

w11 3/1, էջ 22, պրբ. 5

«Դու կկարոտես»

Հոբի խոսքերն օգնում են մեզ հասկանալու, թե որքան գթառատ է Եհովան։ Աստված խորը կապվածություն է զգում Հոբի նման մարդկանց հանդեպ, ովքեր թույլ են տալիս, որ նա իր ափերի մեջ առնի իրենց ու ձևավորի այնպես, որ հաճելի անձնավորություններ դառնան իր աչքում (Եսայիա 64։8)։ Եհովան թանկ է գնահատում իր հավատարիմ երկրպագուներին։ Նա «կարոտում է» իր այն ծառաներին, ովքեր մահացել են։ Այստեղ գործածված եբրայերեն բառը, ինչպես ասում է մի գիտնական, «անառարկելիորեն, ամենաազդու բառերից մեկն է, որն օգտագործվում է մեծ փափագ արտահայտելու համար»։ Այո՛, Եհովան ոչ միայն հիշում է իր երկրպագուներին, այլև փափագում է կյանքի վերադարձնել նրանց։

Հոգևոր գանձեր

it-1, էջ 191

Մոխիր

Մոխիր բառը օգտագործվում է նաև անկարևոր կամ անարժեք բաներ ցույց տալու համար։ Մի անգամ Եհովայի հետ խոսելիս Աբրահամն ասաց, որ ինքը «փոշի ու մոխիր» է (Ծն 18։27; տես նաև Ես 44։20; Հոբ 30։19)։ Հոբն էլ իր կեղծ մխիթարիչների ասածները նմանեցրեց «մոխրե առակների» (Հոբ 13։12)։

ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-19

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀՈԲ 15-17

«Եղիփազ. մխիթարողի վատ օրինակ»

w05 9/15, էջ 26, պրբ. 4-5

Պայքարի՛ր սխալ մտածելակերպի դեմ

Իր երեք ելույթներում Եղիփազը առաջ էր քաշում այն գաղափարը, թե Աստված այնքան պահանջկոտ է, որ ինչ էլ անեն իր ծառաները, իր համար ոչ մի նշանակություն չունի։ «Ահա, Նա իր ծառաներին չէ հաւատում,— ասաց Եղիփազը Հոբին,— եւ իր հրեշտակների վերայ պակասութիւն է գտնում» (Յոբ 4։18, ծնթ.)։ Այդ զրույցի ժամանակ Եղիփազն Աստծու մասին ավելացրեց. «Ահա՝ Նա իր սրբերին էլ չէ հաւատում, եւ երկինքն էլ մաքուր չէ նորա աչքի առաջին» (Յոբ 15։15)։ Հետո նա հարցրեց. «Ամենակարողին հաճութի՞ւն կ’լինի, եթէ արդար լինիս» (Յոբ 22։3)։ Բաղդադը նույնպես համաձայնվեց այս տեսակետի հետ, քանի որ ասաց. «Մինչեւ անգամ լուսինն էլ լուսաւոր չէ, եւ աստղերը մաքուր չեն նորա [Աստծու] աչքի առաջին» (Յոբ 25։5)։

Մենք պետք է զգուշանանք, որպեսզի չընկնենք այսպիսի մտածելակերպի ազդեցության տակ։ Այն կարող է մղել մեզ մտածելու, թե Աստված չափազանց շատ բան է պահանջում մեզանից։ Այսպիսի մտածելակերպը վնասում է Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունները։ Դեռ ավելին, եթե չպայքարենք այսպիսի մտածելակերպի դեմ, ապա ինչպե՞ս կարձագանքենք, երբ տեղին խրատ ստանանք։ Մեզ տրված խորհուրդները համեստորեն ընդունելու փոխարեն՝ մեր սիրտը կարող է ‘տրտնջալ Եհովայի դեմ’, և գուցե ընդվզենք նրա դեմ (Առակաց 19։3)։ Որքա՜ն մեծ հոգևոր վնաս այն կարող է հասցնել մեզ։

w15 2/15, էջ 9, պրբ. 16

Ընդօրինակիր Հիսուսի խոնարհությունն ու գորովանքը

16 Մեր գորովալից խոսքերը։ Գորովանքը մղում է մեզ «սփոփելու վհատված հոգիներին» (1 Թեսաղ. 5։14)։ Ի՞նչ կարող ենք ասել վհատված մարդկանց քաջալերելու համար։ Արտահայտելով մեր անկեղծ հոգատարությունն ու հետաքրքրվածությունը՝ թև կտանք նրանց։ Անկեղծորեն գովելով՝ կօգնենք տեսնելու իրենց լավ հատկություններն ու ունակությունները։ Կարող ենք նաև հիշեցնել, որ Եհովան ձգել է նրանց դեպի իր Որդին, ուստի նրանք շատ թանկ են իր աչքում (Հովհ. 6։44)։ Ինչպեսև վստահեցնել վհատվածներին, որ Եհովան մեծապես հետաքրքրված է իր այն ծառաներով, որոնք «սրտով կոտրված» են և «ոգով փշրված» (Սաղ. 34։18)։ Կարեկցանք արտահայտող մեր խոսքերը բուժիչ ազդեցություն կարող են ունենալ մխիթարության կարիք ունեցողների վրա (Առակ. 16։24)։

Հոգևոր գանձեր

w06 3/15, էջ 14, պրբ. 10

Ուշագրավ մտքեր «Յոբ» գրքից

7։9, 10; 10։21; 16։22— Արդյո՞ք այս խոսքերից կարելի է եզրակացնել, որ Հոբը չէր հավատում հարությանը։ Այդ խոսքերը վերաբերում էին Հոբի անմիջական ապագային։ Ի՞նչ ի նկատի ուներ Հոբը։ Հնարավոր է, նա նկատի ուներ այն, որ եթե ինքը մահանար, ապա իր ժամանակակիցներից ոչ մեկն այլևս չէր տեսնելու իրեն։ Վերջիններիս տեսանկյունից՝ Հոբը ‘ետ չէր դառնալու իր տունը, և իր տեղը իրեն չէր ճանաչելու’, մինչև որ գար Աստծու նշանակած ժամանակը։ Նաև, Հոբը գուցե նկատի ուներ, որ ոչ ոք ինքնուրույն չի կարող վերադառնալ «շեոլից» (ՆԱ)՝ մարդկության ընդհանուր գերեզմանից։ Այն, որ Հոբը հավատում էր ապագա հարությանը, պարզ երևում է Յոբ 14։13–15-ից։

ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-26

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀՈԲ 18-19

«Երբեք մի՛ թող հավատակիցներիդ»

w22.01, էջ 16, պրբ. 9

Դեպքեր, երբ Հիսուսն արտասվեց. ի՞նչ ենք սովորում

9 Դու կարող ես աջակցել նրանց, ովքեր սգում են իրենց հարազատի մահը։ Հիսուսը ոչ միայն արտասվեց Մարթայի ու Մարիամի հետ, այլև լսեց ու մխիթարեց նրանց։ Նույնը մենք կարող ենք անել նրանց համար, ովքեր սգում են իրենց հարազատի մահը։ Դեն անունով մի երեց, ով ապրում է Ավստրալիայում, ասում է. «Կնոջս մահից հետո ես աջակցության կարիք ունեի։ Մի քանի ամուսնական զույգ պատրաստ էին օր ու գիշեր լսել ինձ։ Նրանք անհարմար չէին զգում, երբ ես արտասվում էի և արտահայտում վիշտս։ Նրանք նաև օգնում էին ինձ առօրյա գործերում։ Օրինակ, երբ ի վիճակի չէի լինում, լվանում էին ավտոմեքենաս, մթերք էին գնում և ճաշ պատրաստում։ Բացի այդ՝ հաճախ աղոթում էին ինձ հետ։ Նրանք փաստեցին, որ իսկական ընկերներ են և եղբայրներ՝ «նեղ օրվա համար ծնված»» (Առակ. 17։17)։

w21.09, էջ 30, պրբ. 16

Երբ հարազատդ թողնում է Եհովային

16 Շարունակիր աջակցել ընկերակցությունից զրկված անհատի ընտանիքի անդամներին։ Հատկապես հիմա նրանք քո սիրո և քաջալերանքի կարիքն ունեն (Եբր. 10։24, 25)։ Երբեմն նրանց մոտ կարող է այնպիսի զգացում լինել, ասես իրենք էլ են զրկվել ժողովի ընկերակցությունից։ Մենք չպետք է թույլ տանք, որ նման բան լինի։ Հատկապես այն երեխաները, որոնց ծնողը թողել է ճշմարտությունը, գովեստի և քաջալերանքի կարիք ունեն։ Մարիան, ում ամուսինը զրկվել էր ընկերակցությունից և լքել ընտանիքը, ասում է. «Ընկերներիցս ոմանք գալիս էին իմ տուն, ճաշ պատրաստում և օգնում երեխաներիս հետ ուսումնասիրություն անցկացնել։ Նրանք կիսում էին իմ ցավը և լաց լինում ինձ հետ։ Բացի այդ՝ նրանք պաշտպանում էին ինձ, երբ մարդիկ վատ բաներ էին ասում իմ մասին։ Ընկերներս իսկական քաջալերանքի աղբյուր էին ինձ համար։ Նրանք ինձ թև էին տալիս» (Հռոմ. 12։13, 15)։

w90 9/1, էջ 22, պրբ. 20

Ձգտո՞ւմ ես պատասխանատվությունների

20 Երեցների խորհուրդը պետք է հասկանա, որ երբ որևէ երեց կամ ծառայող օգնական կորցնում է իր նշանակումը, հնարավոր է սթրես ապրի, նույնիսկ եթե ինքն է հրաժարվել դրանից։ Եթե նա չի զրկվել ընկերակցությունից, ու երեցները նկատում են, որ նա վհատվել է, պետք է սիրառատ կերպով հոգևորապես աջակցեն նրան (1 Թեսաղոնիկեցիներ 5։14)։ Նրանք պետք է օգնեն այդ եղբորը հասկանալ, որ ժողովում իր կարիքը կա։ Անգամ եթե խորհուրդ տալու կարիք է եղել, գուցե շատ երկար ժամանակ չպահանջվի, որ խոնարհ ու երախտագետ մարդը ժողովում նորից լրացուցիչ պատասխանատվություններ ստանա։

Հոգևոր գանձեր

w94 10/1, էջ 32

Բարի խոսքի ուժը

Երբ Հոբն ուներ քաջալերանքի կարիք, Եղիփազն ու իր ընկերները բարի խոսքեր չասացին։ Նրանք մեղադրեցին Հոբին իր թշվառության համար՝ ակնարկելով, թե նա գաղտնի սխալներ է գործել (Հոբ 4։8)։ Մի աշխատության մեջ ասվում է. «Հոբը պարզապես կարեկից սրտի կարիք ուներ։ Բայց դրա փոխարեն նա լսեց մի շարք գեղեցիկ կրոնական «ճշմարտություններ» և ստացավ բարոյական խրատներ» (The Interpreter’s Bible)։ Հոբն այնքան էր վհատվել Եղիփազի ու նրա ընկերների խոսքերից, որ աղաղակեց. «Մինչև ե՞րբ եք հոգիս վրդովեցնելու և խոսքերով ինձ ջախջախելու» (Հոբ 19։2)։

Թող որ երբեք չասենք անմտածված ու աննրբանկատ խոսքեր, որոնց պատճառով մեր հավատակիցը վհատության մեջ կընկնի ու կաղաղակի Աստծուն (համեմատիր 2 Օրենք 24։15)։ Աստվածաշնչյան մի առակում ասվում է. «Մահն ու կյանքը լեզվի իշխանության տակ են, և նրան սիրողը նրա պտղից կուտի» (Առակներ 18։21)։

ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀՈԲ 20-21

«Արդար լինելը հարստությամբ չի որոշվում»

w07 8/1, էջ 29, պրբ. 12

Դու «հարո՞ւստ ես Աստծու աչքին»

12 Հիսուսը Աստծու աչքին հարուստ լինելը հակադրեց սեփական անձի համար գանձեր դիզելուն։ Դրանով նա ուզում էր ասել, որ կյանքում մեր գլխավոր մտահոգությունը չպետք է լինի հարստություն կուտակելը կամ ունեցվածքը վայելելը։ Փոխարենը՝ պետք է մեր միջոցներն օգտագործենք այնպես, որ հարստացնենք, այսինքն՝ բարելավենք ու ամրապնդենք մեր փոխհարաբերությունները Եհովայի հետ։ Վարվելով այդպես՝ մենք, անշուշտ, հարուստ կլինենք Աստծու աչքին։ Ի՞նչ է դա նշանակում։ Աստված առատորեն կօրհնի մեզ։ Սուրբ Գրություններն ասում են. «Տիրոջ օրհնութիւնն է հարստացնում, եւ չարչարուիլը մի բան չէ աւելացնում նորա վերայ [«ու անոր հետ տրտմութիւն չի խառներ», ԱԱ]» (Առակաց 10։22)։

Հոգևոր գանձեր

w95 1/1, էջ 9, պրբ. 19

Հաղթանակ Սատանայի ու նրա գործերի դեմ

19 Աստծու ծառա Հոբը ստիպված էր պայքարել «անհանգիստ մտքերի» դեմ, որոնք Եղիփազի ու Սոֆարի միջոցով Սատանան էր հաղորդել (Հոբ 4։13-18; 20։2, 3)։ «Տառապանքի» պատճառով Հոբը անսանձ խոսքեր ասաց իր միտքը ճնշող «սարսափների» վերաբերյալ (Հոբ 6։2-4; 30։15, 16)։ Եղիուսը համբերատարորեն լսեց Հոբին և անկեղծորեն օգնեց նրան իրավիճակին Եհովայի՝ ամենաիմաստուն անձնավորության տեսանկյունից նայել։ Այսօր էլ խորաթափանց երեցները հոգատարություն են դրսևորում տառապանքների միջով անցնողների հանդեպ՝ նրանց վրա չավելացնելով ավելորդ «ճնշում»։ Եղիուսի պես նրանք համբերատարորեն լսում են նրանց ու հետո օգտագործում են Աստծու Խոսքի թեթևացում բերող ու մխիթարող յուղը (Հոբ 33։1-3, 7; Հակոբոս 5։13-15)։ Իսկ նրանք, ովքեր իրական կամ թվացյալ խնդիրների պատճառով զգացական ճնշումներ են կրում, ովքեր Հոբի նման տանջվում են «երազների և տեսիլքների» պատճառով, կարող են սուրբգրային մխիթարություն գտնել ժողովում (Հոբ 7։14; Հակոբոս 4։7)։

ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

g 5/09, էջ 12-13

Աստված ուզո՞ւմ է՝ հարուստ լինես

«Աստված ինձ նոր օր է պարգևել։ Ես միլիոն վաստակելու ճանապարհին եմ»։

«Ես ուզում եմ հարստանալ, քանի որ երկինքներն էլ են դա կամենում»։

«Աստված մեզ հնարավորություն և կարողություն է տվել, որ հարուստ լինենք»։

«Ես հաջողակ եմ Գրքի [Աստվածաշնչի] շնորհիվ»։

ԱՅՍ արտահայտությունները արտացոլում են որոշ կրոնական ուղղությունների տեսակետները, ըստ որոնց՝ հարստությունը կապված է Աստծու օրհնության հետ։ Նրանք քարոզում են, որ եթե անենք աստվածահաճո գործեր, Աստված հոգ կտանի, որ օգտվենք և՛այս, և՛ ապագա կյանքի բարիքներից։ Այս գաղափարը լայն տարածում ունի, ու այն արծարծող գրքերը ամենաշատն են վաճառվում։ Բայց «հաջողակ լինելու այս տեսությունը» ներդաշնա՞կ է Աստվածաշնչին։

Անկասկած, մեր Արարիչը, ով, համաձայն Աստվածաշնչի, «երջանիկ Աստված» է, ուզում է, որ երջանիկ լինենք ու հաջողության հասնենք կյանքում (1 Տիմոթեոս 1։11; Սաղմոս 1։1-3)։ Դեռ ավելին, նա օրհնում է նրանց, ովքեր հաճեցնում են իրեն (Առակներ 10։22)։ Բայց այսօր նրա օրհնությունը միայն նյութական հարստությա՞մբ է դրսևորվում։ Պատասխանը գտնելու համար պետք է հասկանանք, թե ինչ ժամանակներում ենք ապրում՝ Աստծու նպատակների իրականացման որ փուլում ենք։

Հարստանալու ժամանա՞կն է

Հնում Եհովա Աստված իր ծառաներից ոմանց օրհնել էր նյութական հարստությամբ, օրինակ՝ Հոբ նահապետին և Սողոմոն թագավորին (1 Թագավորներ 10։23; Հոբ 42։12)։ Սակայն աստվածավախ այլ մարդիկ էլ բավարարվում էին նյութական քիչ միջոցներով, օրինակ՝ Հովհաննես Մկրտիչն ու Հիսուս Քրիստոսը (Մարկոս 1։6; Ղուկաս 9։58)։ Ի՞նչ է սա նշանակում։ Ըստ Աստվածաշնչի՝ Աստված իր ծառաների հետ վարվում է տվյալ ժամանակահատվածում նրանց հետ կապված իր նպատակի համաձայն (Ժողովող 3։1)։ Մեր պարագայում ինչպե՞ս է այս սկզբունքը գործում։

Աստվածաշնչյան մարգարեությունից իմանում ենք, որ ապրում ենք «աշխարհի վախճանի» շրջանում, կամ՝ այսօրվա աշխարհի «վերջին օրերում»։ Այս շրջանը բնորոշվելու էր պատերազմներով, հիվանդություններով, սովերով, երկրաշարժերով և մարդկանց որակական անկումով։ Այս ամենը մարդկության գլխին թափվեց աննախադեպ քանակով 1914 թվականից (Մատթեոս 24։3; 2 Տիմոթեոս 3։1-5; Ղուկաս 21։10, 11; Հայտնություն 6։3-8)։ Այլ խոսքով՝ այս աշխարհը նման է վնասված նավի, որն ուր որ է կխորտակվի։ Հաշվի առնելով այս ամենը՝ ողջամի՞տ է ակնկալել, որ Աստված կօրհնի իր բոլոր ծառաներին հարստությամբ, թե՞ նա այլ բաներ է մեզ համար առաջնահերթ համարում։

Հիսուսը մեր օրերը համեմատեց Նոյի օրերի հետ։ Նա ասաց. «Ինչպես որ այն օրերում՝ ջրհեղեղից առաջ, մարդիկ ուտում էին ու խմում, կին էին առնում ու մարդու գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապանը մտավ, և ուշադրություն չդարձրին, մինչև որ ջրհեղեղը եկավ ու սրբեց նրանց բոլորին, այնպես էլ կլինի մարդու Որդու ներկայության ժամանակ» (Մատթեոս 24։37-39)։ Հիսուսը մեր օրերը նաև համեմատեց Ղովտի օրերի հետ։ Սոդոմում ու Գոմորում Ղովտի հարևանները «ուտում, խմում, առնում, ծախում, տնկում ու կառուցում էին»։ Հիսուսն ասաց. «Բայց այն օրը, երբ Ղովտը դուրս եկավ Սոդոմից, երկնքից կրակ ու ծծումբ տեղաց և կործանեց նրանց բոլորին»։ Հետո ավելացրեց. «Նույն ձևով էլ կլինի այն օրը, երբ մարդու Որդին իրեն հայտնի դարձնի» (Ղուկաս 17։28-30)։

Իհարկե վատ բան չկա ուտելու, խմելու, ամուսնանալու, առնելու ու ծախելու մեջ։ Բայց վտանգը այս գործերով տարվելն ու մեր ապրած ժամանակաշրջանին ուշադրություն չդարձնելն է։ Մտածենք. «Աստված կօրհնի՞ մեզ այն բանով, ինչը կշեղի ճշմարտության ճանապարհից»։ Իրականում, այդպես նա կվնասի մեզ։ Աստված սեր է, ուստի նա այդպես չի վարվի (1 Տիմոթեոս 6։17; 1 Հովհաննես 4։8)։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-10

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀՈԲ 22-24

«Կարո՞ղ է արդյոք մարդը օգտակար լինել Աստծուն»

w05 9/15, էջ 27, պրբ. 1-3

Պայքարի՛ր սխալ մտածելակերպի դեմ

Այն գաղափարը, թե Աստված չափազանց խստապահանջ է, կապված է այն մտքի հետ, թե նա մարդ արարածին անպիտան է համարում։ Եղիփազի երրորդ ելույթն իր մեջ հարց է պարունակում. «Մի՞թէ մարդս Աստուծոյ համար օգտակար է. այլ միայն իրան է օգտակար խելացին» (Յոբ 22։2)։ Եղիփազն ի նկատի ուներ, թե մարդը օգուտ չի կարող տալ Աստծուն։ Բաղդատը նույնպես առարկեց. «Ի՞նչպէս կ’արդարանայ մարդ Աստուծոյ մօտ, կամ ի՞նչ մաքուր կ’լինի կնկանից ծնուածը» (Յոբ 25։4)։ Ելնելով նման դատողություններից՝ ինչպե՞ս կարող էր Հոբը՝ այդ հասարակ մահկանացու մարդը, երբևէ համարձակվել ինքն իրեն արդար համարել Աստծու առաջ։

Այսօր որոշ մարդիկ հակված են իրենք իրենց նկատմամբ բացասական զգացումներ ունենալ։ Այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ ընտանեկան դաստիարակությունը, կյանքի ճնշումները դիմագրավելը, ռասայական կամ էթնիկական խտրականության զոհ դառնալը կարող են այդպիսի մտածելակերպի պատճառ լինել։ Բայց Սատանան և իր դևերը հաճույք են ստանում մարդկանց նվաստացնելուց։ Եթե նրանք կարողանան անհատի վրա այնպիսի ազդեցություն թողնել, որ վերջինս սկսի մտածել, թե ինչ բարի բան էլ անի, միևնույն է, ոչ մի նշանակություն չի ունենա Ամենակալ Աստծու համար, ապա այդ մարդը հեշտությամբ կարող է խոցելի դառնալ ու վհատության գիրկն ընկնել։ Ժամանակի ընթացքում այդպիսի անհատը կարող է շեղվել ճանապարհից և նույնիսկ հեռանալ կենդանի Աստծուց (Եբրայեցիս 2։1; 3։12)։

Ծերությունն ու առողջական խնդիրները նույնպես կարող են սահմանափակումներ դնել մեզ վրա։ Թագավորության ծառայության գործի մեջ մեր մասնակցությունը գուցե շատ փոքր թվա, համեմատած այն բանի հետ, թե ինչեր էինք մենք անում, երբ ավելի երիտասարդ էինք, ավելի առողջ և ավելի ուժեղ։ Որքա՜ն կարևոր է գիտակցել, որ Սատանան և իր դևերը ուզում են, որ մենք մտածենք, թե ինչ էլ անենք, չենք կարող Աստծուն գոհացնել։ Մենք պետք է պայքարենք նման մտածելակերպի դեմ։

w95 2/15, էջ 27, պրբ. 6

Խնդիրները հաղթահարելու օրինակ

Հոբի երեք ընկերները ավելի վհատեցրին Հոբին, քանի որ Աստծու իմաստությամբ առաջնորդվելու փոխարեն իրենց սեփական գաղափարներն արտահայտեցին։ Օրինակ՝ Եղիփազը նույնիսկ ասաց, որ Աստված «իր ծառաներին էլ չի հավատում», և նրա համար միևնույն էր՝ Հոբը արդար էր, թե ոչ (Հոբ 4։18; 22։2, 3)։ Սրանից ավելի հուսահատեցնող կամ կեղծ պնդում դժվար է պատկերացնել։ Զարմանալի չէ, որ Եհովան այս անարգալից խոսքերի համար հետո հանդիմանեց Եղիփազին ու նրա ընկերներին։ Նա ասաց. «Իմ ծառա Հոբի պես ճշմարտությունը չխոսեցիք իմ մասին» (Հոբ 42։7)։ Բայց ամենասարսափելի անարգանքը դեռ առջևում էր։

w03 4/15, էջ 14-15, պրբ. 10-12

Պատանիներ, որոնք ուրախացնում են Եհովայի սիրտը

10 Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Սատանան հարց առաջ քաշեց ոչ միայն Հոբի նվիրվածության վերաբերյալ, այլև Աստծուն ծառայություն մատուցող մյուս բոլոր անհատների, այդ թվում՝ քո։ Նա, փաստորեն, նկատի ուներ առհասարակ բոլոր մարդկանց, երբ Եհովային ասաց. «Մարդս [ոչ թե կոնկրետ Հոբը, այլ ցանկացած մարդ] իր բոլոր ստացուածքն իր անձի տեղ կ’տայ» (Յոբ 2։4)։ Զգո՞ւմ ես արդյոք, որ դու էլ ես ներգրավված այս հույժ կարևոր հարցում։ Ինչպես Առակաց 27։11–ում է գրված, Եհովան ասում է, որ կա մի բան, որը դու կարող ես տալ իրեն, և այդ դեպքում նա հիմքեր կունենա՝ պատասխան տալու իրեն անարգողին՝ Սատանային։ Կարո՞ղ ես պատկերացնել. Տիեզերքի Գերիշխանը առաջարկում է քեզ մասնակցություն ունենալ բոլոր ժամանակների կարևորագույն հարցին պատասխան տալու մեջ։ Ի՜նչ մեծ պատասխանատվություն և ինչպիսի՜ պատիվ։ Կարո՞ղ ես անել այն, ինչ Եհովան խնդրում է քեզնից։ Հոբը կարողացավ (Յոբ 2։9, 10)։ Այդպես արեցին նաև Հիսուսը և անցյալում ապրած անհամար ուրիշներ, այդ թվում՝ շատ երիտասարդներ (Փիլիպպեցիս 2։8; Յայտնութիւն 6։9)։ Դու էլ կարող ես։ Սա այնպիսի հարց է, որ հնարավոր չէ չեզոք մնալ։ Քո գործերով դու ցույց ես տալիս, որ կա՛մ նպաստում ես, որ Սատանան անարգի Եհովային, կա՛մ էլ՝ որ Աստված պատասխան տա նրան։ Ի՞նչը կընտրես։

Եհովան հոգում է քո մասին

11 Իսկապե՞ս Եհովայի համար նշանակություն ունի, թե ինչ ընտրություն կանես։ Մի՞թե արդեն բավական թվով մարդիկ չեն ապացուցել իրենց հավատարմությունն Աստծո հանդեպ, ինչի շնորհիվ նա կարող է արժանի պատասխան տալ Սատանային։ Ճիշտ է, Բանսարկուն պնդել էր, թե Եհովայի երկրպագուներից և ոչ մեկը չի ծառայում Աստծուն սիրուց մղված. պնդում, որի սուտ լինելն արդեն փաստվել է։ Սակայն Եհովան ուզում է, որ գերիշխանության հարցում դու նրա կողմը բռնես, քանի որ նա քո մասին անհատապես հոգ է տանում։ Հիսուսն ասաց. «Ձեր Հայրը՝ որ երկնքումն է, չէ կամենում, որ այս փոքրներից մէկը կորչի» (Մատթէոս 18։14)։

12 Պարզ է, որ Եհովային հետաքրքրում է քո ընտրած ճանապարհը։ Ավելին՝ քո քայլերով դու կարող ես ազդել նրա վրա։ Աստվածաշնչում հստակ ասվում է, որ Եհովան խոր զգացմունքներ ունի և անտարբեր չի մնում մարդկանց լավ կամ վատ գործերի հանդեպ։ Օրինակ՝ երբ իսրայելացիներն անընդհատ հակառակվում էին Եհովային, վերջինս իրեն ‘նեղացած’ էր զգում (Սաղմոս 78։40, 41)։ Նոյի օրերում տեղի ունեցած Ջրհեղեղից առաջ, երբ «շատացել էր մարդկանց չարութիւնը», Եհովան «իր սրտի մէջ տրտմեց» (Ծննդոց 6։5, 6)։ Մի պահ մտածիր, թե ինչ է դա նշանակում։ Եթե դու սխալ ընթացք բռնեիր, ապա քո Ստեղծիչին ցավ կպատճառեիր։ Սա չի նշանակում, թե Աստված թույլ է կամ էլ զգացմունքների ազդեցության տակ է գործում։ Ոչ, պարզապես նա սիրում է քեզ և հետաքրքրված է քո բարօրությամբ։ Եվ երբ ճիշտ քայլեր ես անում, Եհովայի սիրտը ուրախությամբ է լցվում։ Նա ուրախ է ոչ միայն այն պատճառով, որ ևս մեկ պատասխան ունի տալու Սատանային, այլ նաև, որ այժմ կարող է պարգևատրել քեզ, և նա ուզում է դա անել (Եբրայեցիս 11։6)։ Ի՜նչ սիրառատ Հայր ունես դու հանձին Եհովա Աստծո։

Հոգևոր գանձեր

w04 7/15, էջ 21-22

Հոգևոր նպատակների միջոցով փառաբանիր քո Արարչին

Քննենք, թե Եհովան ինչպես ավարտին հասցրեց տիեզերքի արարման գործը։ «Իրիկուն եւ առաւօտ եղաւ» խոսքերով Եհովան նշում էր արարչագործության հաջորդական ժամանակահատվածները (Ծննդոց 1։5, 8, 13, 19, 23, 31)։ Արարչագործական յուրաքանչյուր ժամանակահատվածի սկզբում նա հստակ գիտեր, թե որն է իր նպատակը այդ օրվա համար։ Եվ Աստված իրականացրեց արարչության իր նպատակը (Յայտնութիւն 4։11)։ Հոբ նահապետի խոսքերով՝ «[Եհովան] սրտին ուզածն անում է», այսինքն՝ նա ցանկություն ունի և կատարում է իր այդ ցանկությունը (Յոբ 23։13)։ Ինչպիսի՜ բավականություն պետք է որ ապրած լիներ Եհովան՝ տեսնելով ‘բոլորն, ինչ որ արել էր’, և դրանց մասին ասելով, որ «շատ բարի» է (Ծննդոց 1։31)։

Որպեսզի մեր նպատակներն իրականանան, մենք նույնպես պետք է շատ ցանկանանք հասնել դրանց։ Ի՞նչը մեզ կօգնի զարգացնել այդպիսի ուժեղ ցանկություն։ Նույնիսկ երբ դեռ երկիրն անձև ու դատարկ էր, Եհովան կարողացավ կանխատեսել վերջնական արդյունքը՝ այն, որ երկիրը կդառնա տիեզերքի «մարգարիտը», որը փառք ու պատիվ կբերի նրան։ Նմանապես, մեր նպատակն իրականացնելու ցանկությունը կմեծանա, եթե մտածենք դրան հասնելու արդյունքում ստացած օգուտների մասին։ 19 տարեկան Տոնին հենց այդպես էլ վարվեց։ Նա չէր մոռանում այն առաջին տպավորությունը, որ ստացել էր՝ այցելելով Եհովայի վկաների՝ Արևմտյան Եվրոպայի մասնաճյուղերից մեկը։ Այդ պահից սկսած՝ Տոնիի միտքը մի հարց էր զբաղեցնում. «Ի՜նչ լավ կլիներ, եթե ապրեի ու ծառայեի այդպիսի վայրում»։ Տոնին երբեք չէր դադարում մտածել մասնաճյուղում ծառայելու հնարավորության մասին և շարունակում էր ձգտել այդ նպատակին։ Որքա՜ն ուրախացավ նա, երբ մի քանի տարի հետո ստացավ մասնաճյուղում ծառայելու իր դիմումի պատասխանը։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-17

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀՈԲ 25-27

«Անարատությունը կատարելություն չի պահանջում»

it, «Անարատություն», պրբ. 7

Անարատություն

Հոբ. Հոբի մասին, հորն ակներևաբար ապրել է Հովսեփի մահանալու և Մովսեսի ծառայության սկզբի միջև ընկած ժամանակահատվածում, ասվում է, որ նա «անարատ [եբր.՝ տամ] և ուղղամիտ մարդ էր, վախենում էր Աստծուց ու հեռանում չարից» (Հոբ 1։1; տես ՀՈԲ)։ Այն, որ մարդկանց անարատությունը Սատանայի բարձրացրած վիճաբանական հարցի մաս է կազմում, հստակ երևում է Հոբի մասին զրույցից, որ տեղի ունեցավ Եհովա Աստծու և նրա Հակառակորդի միջև, երբ վերջինս եկավ Աստծու հետ հրեշտակների հանդիպմանը։ Սատանան վատ մղումներ վերագրեց Հոբին՝ պնդելով, որ նա շահից դրդված է ծառայում Աստծուն և ոչ թե անկեղծ նվիրվածությունից մղված։ Այդպիսով նա կասկածի ենթարկեց Հոբի անարատությունը։ Թեև Աստված Սատանային թույլ տվեց, որ զրկի Հոբին մեծ ունեցվածքից և անգամ երեխաներից, Սատանան չկարողացավ ստիպել այդ հավատարիմ մարդուն զիջումների գնալ անարատության հարցում (Հոբ 1։6–2։3)։ Այնուհետև Սատանան հայտարարեց, որ Հոբը եսասիրաբար պատրաստ է համակերպվելու իր ունեցվածքի ու երեխաների կորստին, քանի դեռ իր կյանքին ոչինչ չի սպառնում (Հոբ 2։4, 5)։ Ու թեև Հոբը տառապեց տանջալից, հյուծող հիվանդության պատճառով, կինը իր խոսքերով փորձեց դրդել նրան ուրանալ Աստծուն, ընկերները վհատեցնող ակնարկներ արեցին, քննադատեցին ու մեղադրեցին նրան՝ Աստծու չափանիշներն ու մտադրությունները սխալ լույսի ներքո ներկայացնելով (Հոբ 2։6–13; 22։1, 5–11), սակայն նույնիսկ այդ ժամանակ Հոբը չհրաժարվեց իր անարատությունից։ Նա ասաց. «Մինչև մեռնելս չե՛մ թողնի անարատությունս։ Ես իմ արդարությունից եմ կառչած և թույլ չեմ տա, որ այն հեռանա, սիրտս ինձ չի նախատի իմ օրերից և ոչ մեկի համար» (Հոբ 27։5, 6)։ Պահելով իր անարատությունը՝ Հոբը փաստեց, որ Աստծու Հակառակորդը ստախոս է։

w19.02, էջ 3, պրբ. 3-5

Մի՛ թող անարատությունդ

3 Երբ «անարատություն» բառը կիրառվում է Աստծու ծառայի առնչությամբ, ապա նշանակում է, որ այդ մարդը ամբողջ սրտով սիրում է Եհովային և անմնացորդ նվիրված է նրան, ուստի իր բոլոր որոշումներում առաջին հերթին նրա կամքն է հաշվի առնում։ Քննենք, թե այս բառը Աստվածաշնչում ինչպես է կիրառվում։ «Անարատություն» թարգմանված եբրայերեն բառը նշանակում է «պակասություն կամ թերություն չունեցող, առողջ, անաղարտ, ամբողջական»։ Օրինակ՝ Մովսիսական օրենքում ասվում էր, որ Եհովային զոհաբերվող կենդանիները պետք է անարատ լինեն (Ղևտ. 22։21, 22)։ Այսինքն՝ չէր կարելի որպես զոհ մատուցել կույր, կաղ, անականջ կամ հիվանդ կենդանի։ Եհովայի համար շատ կարևոր էր, որ զոհաբերվող կենդանին թերություն չունենար և առողջ լիներ (Մաղ. 1։6–9)։ Դժվար չէ հասկանալ, թե Աստված ինչու էր ուզում, որ զոհաբերվող կենդանին այդպիսին լիներ։ Չէ՞ որ երբ մի բան ենք գնում, ասենք՝ միրգ, ինչ-որ սարք կամ գիրք, մենք էլ ենք ուզում, որ այն լավ որակի լինի, օրինակ՝ մրգի վրա փչացած տեղեր չլինեն, սարքի բոլոր դետալները տեղում լինեն, գրքից էջեր պակաս չլինեն։ Մենք ուզում ենք, որ մեր գնած իրը կամ միրգը թերություն չունենա, լինի առողջ և ամբողջական։ Եհովան էլ է ուզում, որ մեր սերն ու հավատարմությունը այդպիսին լինեն։

4 Արդյո՞ք սա նշանակում է, որ անարատ լինելու համար պետք է կատարյալ լինենք։ Ի վերջո, գաղտնիք չէ, որ բոլորս էլ սխալներ ենք անում և հեռու ենք անթերի լինելուց։ Քննենք երկու պատճառ, թե ինչու մեզանից կատարելություն չի ակնկալվում։ Առաջին՝ Եհովան շատ լավ գիտի, որ մենք անկատար, մեղավոր մարդիկ ենք։ Նա չի կենտրոնանում մեր սխալների ու թերությունների վրա և մեծահոգաբար ներում է մեզ (Սաղ. 86։5)։ Նրա Խոսքում ասվում է. «Եթե դու, ո՛վ Յահ, անօրենությունները զննես, Եհո՛վա, ո՞վ կարող է կանգնել» (Սաղ. 130։3)։ Երկրորդ՝ Աստված գիտի, որ մենք սահմանափակ կարողություններ ունենք և երբեք մեզանից ավելին չի ակնկալում, քան կարող ենք անել (կարդա Սաղմոս 103։12–14)։ Այդ դեպքում ի՞նչ իմաստով պետք է Եհովայի աչքում պակասություն չունենանք, ամբողջական և անաղարտ լինենք։

5 Մենք չենք կարող անարատ լինել, եթե սրտանց չսիրենք Աստծուն։ Նրա հանդեպ մեր սերն ու նվիրվածությունն է, որ պետք է ամբողջական, անթերի և անաղարտ լինի։ Եթե մեր սերն այդպիսին է մնում, անգամ երբ փորձվում ենք, նշանակում է՝ անարատ ենք (1 Տար. 28։9; Մատթ. 22։37)։ Եկեք նորից անդրադառնանք հոդվածի սկզբում նշված երեք Վկաներին։ Ինչո՞ւ նրանք զիջումների չգնացին։ Մի՞թե մեր քույրը չի սիրում զվարճանալ, մի՞թե երիտասարդ եղբայրը հաճույք է ստանում, երբ իրեն ծաղրում են, կամ մի՞թե ընտանիք ունեցող եղբոր համար մեկ է՝ կկորցնի իր աշխատանքը, թե ոչ։ Պատասխանը պարզ է։ Սակայն նրանք գիտեն, որ Եհովան արդար չափանիշներ ունի, և նրանց համար ամենակարևորը իրենց երկնային Հորը հաճեցնելն է։ Եհովայի հանդեպ սիրուց մղված՝ նրանք որոշումներ կայացնելիս նախ նրա կամքն են հաշվի առնում և այդպես փաստում են, որ անարատ են։

Հոգևոր գանձեր

w16.11, էջ 9, պրբ. 3

Կազմակերպված՝ Աստծու Խոսքին ներդաշնակ

3 Ստեղծագործությունը փաստում է, որ Աստված կարգուկանոն սիրող Աստված է։ Աստվածաշունչը ասում է. «Եհովան իմաստությամբ հիմնեց երկիրը։ Նա խորաթափանցությամբ հաստատեց երկինքը» (Առակ. 3։19)։ Մենք միայն տեղյակ ենք «[Աստծու] ճանապարհների եզրերին, և ընդամենը շշուկ է լսվում նրա մասին» (Հոբ 26։14)։ Չնայած քիչ բան գիտենք մոլորակների, աստղերի և գալակտիկաների մասին, բայց հասկանում ենք, որ այդ երկնային մարմինները հրաշալի կերպով են կազմակերպված (Սաղ. 8։3, 4)։ Գալակտիկաները կազմված են միլիոնավոր աստղերից, որոնք շարժվում են մեծ ճշգրտությամբ և կարգուկանոնով։ Նույնիսկ մեր Արեգակնային համակարգի մոլորակները իրենց ուղեծրով այնպես են պտտվում արևի շուրջը, կարծես թե հետևում են երթևեկության կանոններին։ Այս զարմանահրաշ կազմակերպվածությունը ցույց է տալիս այն, որ Եհովան, ով «իմաստությամբ է ստեղծել» երկինքն ու երկիրը, արժանի է, որ փառաբանենք, երկրպագենք և նվիրված լինենք նրան (Սաղ. 136։1, 5–9)։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-24

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀՈԲ 28-29

«Ունե՞ս այնպիսի հեղինակություն, ինչպիսին Հոբն ուներ»

w02 5/15, էջ 22, պրբ. 19

Ողորմություն ցույց տվեք կարիքի մեջ եղողներին

19 Մեր քննարկած աստվածաշնչյան պատմությունները նաև շեշտում են, որ պետք է ողորմություն ցույց տանք այն մարդկանց, ովքեր չեն կարող ինքնուրույն բավարարել իրենց կարիքները։ Աբրահամն իր ընտանեկան շառավիղը շարունակելու համար կարիք ուներ, որ Բաթուելն ընդառաջեր իրեն։ Հակոբը Հովսեփի օգնության կարիքն ուներ, որպեսզի թաղվեր Քանանում։ Իսկ Նոեմին հետնորդ ունենալու համար Հռութի աջակցության կարիքն ուներ։ Ոչ Աբրահամը, ոչ Հակոբը և ոչ էլ Նոեմին չէին կարող ինքնուրույն բավարարել իրենց այդ կարիքները։ Նմանապես այսօր, ողորմություն պետք է ցույց տանք հատկապես կարիքի մեջ եղողներին (Առակաց 19։17)։ Մենք պետք է նմանվենք Հոբ նահապետին, որը հոգատարություն ցույց տվեց «աղաղակող տնանկին, նաեւ որբին եւ անօգնականին» ու «կորածին»։ Հոբը նաև «որբեւայրիի սիրտը ուրախացնում [էր]» ու դարձավ ‘աչքեր կույրի’ համար և ‘ոտքեր՝ կաղի’ համար (Յոբ 29։12–15)։

it-1, էջ 655, պրբ. 10

Հագուստ

Հագուստի վերաբերյալ խորհրդանշական բազմաթիվ այլ հիշատակումներ կան։ Ինչպես համազգեստն է բացահայտում, թե անհատը ինչ կազմակերպության կամ շարժման է աջակցում, այնպես էլ Աստվածաշնչում խորհրդանշական կերպով օգտագործված հագուստն է բացահայտում մարդու ինքնությունը, դիրքորոշումը և դրան համապատասխան գործերը. այդպիսի օրինակ է հարսանեկան հագուստի վերաբերյալ Հիսուսի պատմած առակը (Մթ 22։11, 12)։ Հայտնություն 16։14, 15 համարներում Տեր Հիսուս Քրիստոսը զգուշացնում է, որ հոգևոր քնի մեջ չընկնենք և չհանենք մեր հոգևոր հագուստը, որը բնորոշում է մեզ որպես ճշմարիտ Աստծու հավատարիմ վկա։ Սա կարող է աղետալի լինել «Ամենակարող Աստծու մեծ օրվա պատերազմի» նախօրեին։

w09 2/1, էջ 15, պրբ. 3-4

Անուններ. ի՞նչ իմաստ են դրանք կրում

Մենք չենք ընտրում մեր անունը։ Բայց մեզնից է կախված, թե ինչ անուն կամ համբավ կունենանք կյանքում (Առակաց 20։11)։ Հարցրու ինքդ քեզ. «Հիսուսը կամ առաքյալները, իմ աչքի ընկնող հատկությունը կամ համբավը հաշվի առնելով, ի՞նչ անուն կտային ինձ»։

Այս հարցին արժե լրջորեն վերաբերվել, որովհետև իմաստուն Սողոմոն թագավորն ասաց. «Անունը աւելի ընտիր է շատ հարստութիւնից» (Առակաց 22։1)։ Եթե մենք լավ անուն կամ համբավ ունենք, դա արժեքավոր ձեռքբերում է մեզ համար։ Սակայն եթե լավ անուն ունենանք Աստծու մոտ, ինչն ավելի կարևոր է, մենք անսահման օրհնություններ կստանանք։ Աստված խոստանում է, որ «յիշատակի գրքում» կգրի բոլոր իրենից վախեցողների անունները, և կշնորհի նրանց հավիտյան կյանք (Մաղաքիա 3։16; Հայտնություն 3։5; 20։12-15)։

Հոգևոր գանձեր

g00 7/8, էջ 11, պրբ. 3

Ժպիտը կարևոր է

Ժպիտն իսկապե՞ս կարևոր է։ Հիշո՞ւմ ես մի դեպք, երբ ինչ-որ մեկի ժպիտը թեթևացում կամ անդորր է բերել, կամ երբ ժպիտի բացակայությունը նյարդայնացրել, անգամ վիրավորել է քեզ։ Այո՛, ժպիտն իսկապես կարևոր է։ Այն ազդում է թե՛ ժպտացողի, թե՛ նրա վրա, ում ժպտում են։ Աստվածաշնչյան կերպարներից մեկը՝ Հոբը, իր հակառակորդների մասին ասել է. «Ես ժպտում էի նրանց, ու նրանք չէին հավատում և իմ երեսի լույսը չէին հանգցնում» (Հոբ 29։24)։ Հոբի երեսի «լույսը» հավանաբար վերաբերում է նրա խանդավառությանն ու ուրախությանը։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-31

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀՈԲ 30-31

«Հոբն ինչպե՞ս կարողացավ բարոյապես մաքուր մնալ»

w10 4/15, էջ 21, պրբ. 8

Մի՛ նայիր ունայն բաներին

8 Ճշմարիտ քրիստոնյաների վրա նույնպես կարող են ազդել «աչքերի ցանկությունն» ու «մարմնի ցանկությունը»։ Այդ պատճառով Աստծու Խոսքը քաջալերում է մեզ, որ ինքնատիրապետում մշակենք (1 Կորնթ. 9։25, 27; կարդա՛ 1 Հովհաննես 2։15–17)։ Արդար մարդ Հոբը գիտակցում էր, որ սերտ կապ գոյություն ունի տեսնելու և ցանկանալու միջև։ Ահա թե ինչ ասաց նա. «Ուխտ արի աչքերիս հետ, որ կոյսի վերայ չ’մտածեմ» (Յոբ 31։1)։ Հոբը ոչ միայն մերժեց անմաքուր նպատակներով դիպչել որևէ կնոջ, այլև թույլ չտվեց, որ իր գլխում անգամ նման միտք ծագի։ Հիսուսը նույնպես նշեց, որ հարկավոր է միտքը մաքուր պահել, երբ ասաց. «Յուրաքանչյուր ոք, ով շարունակում է նայել որևէ կնոջ այնպես, որ իր մեջ կրքեր են արթնանում նրա հանդեպ, նա արդեն շնություն գործեց նրա հետ իր սրտում» (Մատթ. 5։28)։

w08 9/1, էջ 11, պրբ. 4

Նախ մտածիր, հետո գործիր

Նախքան որևէ բան ձեռնարկելը հարցրու ինքդ քեզ. «Ո՞ւր է այս քայլը տանում ինձ»։ Միայն հետևանքների մասին մտածելը բավական է, որպեսզի դու չանես այնպիսի բան, որի համար հետագայում կզղջաս։ ՁԻԱՀ–ը և սեռական ճանապարհով փոխանցվող այլ հիվանդությունները, անցանկալի հղիությունը, արհեստական վիժումը, վնասված հարաբերությունները և մեղքի զգացումը վնաս են հասցնում այն մարդկանց, ովքեր անտեսում են Աստծու զգուշացումները։ Պողոս առաքյալը հստակ ցույց տվեց, թե ինչ է սպասվում անբարոյություն գործող անհատներին։ Նրանք «Աստծու թագավորությունը չեն ժառանգելու» (1 Կորնթացիներ 6։9, 10)։

w10 11/15, էջ 5-6, պրբ. 15-16

Պատանինե՛ր, առաջնորդվեք Աստծու Խոսքով

15 Ի՞նչ ես կարծում, ե՞րբ է Աստծու հանդեպ քո նվիրվածությունը ավելի շատ փորձվում, երբ ուրիշների հե՞տ ես, թե՞ երբ մենակ ես։ Իրականում, դպրոցում կամ աշխատավայրում ավելի զգոն ես լինում հնարավոր հոգևոր վնասների նկատմամբ։ Բայց պիտի հիշես, որ բարոյական չափանիշները պահելու հարցում ավելի խոցելի ես դառնում, երբ հանգստանում ես և թուլացնում ես զգոնությունդ։

16 Ինչո՞ւ պետք է ցանկանաս հնազանդվել Եհովային, երբ մենակ ես։ Հիշիր հետևյալը. դու կարող ես կա՛մ տխրեցնել, կա՛մ ուրախացնել Եհովայի սիրտը (Ծննդ. 6։5, 6; Առակ. 27։11)։ Աստված անտարբեր չէ քո արարքների հանդեպ, քանի որ «հոգ է տանում քո մասին» (1 Պետ. 5։7)։ Նա ցանկանում է, որ լսես իրեն, որպեսզի օգուտներ ստանաս (Ես. 48։17, 18)։ Երբ հին Իսրայելում Եհովայի որոշ ծառաներ արհամարհեցին նրա տված խորհուրդը, նա ցավ զգաց (Սաղ. 78։40, 41)։ Սակայն մյուս կողմից՝ Եհովան խոր սեր էր տածում Դանիել մարգարեի նկատմամբ, և դա երևում է այն բանից, որ հրեշտակը նրան անվանեց «թանկագին մարդ» (Դան. 10։11)։ Իսկ ինչո՞ւ։ Քանի որ Դանիելը նվիրված մնաց Աստծուն ոչ միայն մարդկանց մեջ, այլև երբ մենակ էր (կարդա՛ Դանիել 6։10)։

Հոգևոր գանձեր

w05 11/15, էջ 11, պրբ. 3

Սիրով լսելու արվեստը

Կարելի է ասել, որ Հոբին մխիթարելու եկած մարդիկ մոտավորապես տասը ելույթ լսեցին վերջինիս կողմից։ Բայց նա, միևնույն է, ասաց. «Երանի՜ ....թէ մէկը ինձ լսէր» (Յոբ 31։35)։ Ինչո՞ւ էր Հոբն այդպես մտածում։ Բանն այն է, որ նրան լսող մարդիկ չմխիթարեցին իրեն։ Նրանք ո՛չ հոգ էին տանում Հոբի մասին, ո՛չ էլ ցանկանում էին հասկանալ վերջինիս զգացմունքները։ Ակնհայտ է, որ այդ մարդիկ դիմացինին կարեկցանքով լսելու ունակություն չունեին։ Պողոս առաքյալը այսպիսի խորհուրդ է տալիս. «Ամենդ համամիտ, կարեկից, եղբայրասէր, բարեսիրտ, քաղցրաբարոյ եղէք» (Ա Պետրոս 3։8)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք կարեկցանք դրսևորել։ Ձևերից մեկն այն է, որ հաշվի առնենք դիմացինի զգացմունքները և փորձենք հասկանալ դրանք։ Մեր հոգատարությունը կարող ենք ցույց տալ կարեկցանք արտահայտող խոսքերով։ Կարող ենք, օրինակ, ասել՝ «երևի թե շատ տխրեցիր» կամ՝ «երևի քեզ թվաց, թե ոչ ոք քեզ չի հասկանում»։ Մեկ ուրիշ ձև է մարդու պատմածը մեր խոսքերով վերարտադրելը։ Այդպես ցույց կտանք, որ հասկացել ենք նրան։ Սիրով լսել նշանակում է նաև ուշադիր լինել ոչ միայն մարդու խոսքերի հանդեպ, այլև նկատել, թե ինչ զգացմունքներ են թաքնված դրանց ետևում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը