Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Ո՞ւմ կհավատաք դուք
    2006 Արթնացե՛ք | հոկտեմբեր
    • Ո՞ւմ կհավատաք դուք

      «Ամեն տուն մէկից է շինվում. բայց նա որ ամենն արաւ՝ Աստուած է» (ԵԲՐԱՅԵՑԻՍ 3։4)։

      ՀԱՄԱՁԱ՞ՅՆ եք Աստվածաշնչի վերոհիշյալ խոսքերը շարադրողի հետ։ Այս խոսքերը գրի առնվելուց հետո մոտ 2000 տարի շարունակ մարդկությունը գիտական մեծ առաջընթաց է ապրել։ Կա՞ արդյոք որևէ մեկը, որ դեռ հավատում է, թե բնությունը ունի Նախագծող, այսինքն՝ Ստեղծիչ, Աստված։

      Նույնիսկ զարգացած երկրներում շատ մարդիկ կպատասխանեն՝ այո։ Օրինակ՝ 2005 թ.–ին Միացյալ Նահանգներում «Նյուսուիկ» շաբաթաթերթի կողմից անցկացված հարցումը ցույց տվեց, որ մարդկանց 80 տոկոսը «հավատում է, որ Աստված է ստեղծել տիեզերքը»։ Մի՞թե այս հավատը թերի կրթության արդյունք է։ Արդյոք որևէ գիտնական հավատո՞ւմ է Աստծուն։ 1997 թ.–ին գիտական մի պարբերագրում («Nature») գրվել էր, որ կենսաբանների, ֆիզիկոսների և մաթեմատիկոսների գրեթե 40 տոկոսը հավատում է, որ Աստված ոչ միայն գոյություն ունի, այլ նաև լսում և պատասխանում է աղոթքներին։

      Սակայն այլ գիտնականներ խիստ դեմ են այս կարծիքին։ Նոբելյան մրցանակի դափնեկիր դոկտոր Հերբերտ Հաութմանը վերջերս գիտական մի կոնֆերանսի ժամանակ ասաց, որ գերբնականի՝ հատկապես Աստծու հանդեպ հավատը անհամատեղելի է գիտության հետ։ Նա նշեց. «Այս տեսակ հավատը վնասակար է մարդկության բարեկեցության համար»։ Նույնիսկ այն գիտնականները, ովքեր հավատում են Աստծուն, չեն սովորեցնում, որ բարդ կառուցվածք ունեցող բույսերն ու կենդանիները Նախագծող ունեն։ Ինչո՞ւ։ Նշելով պատճառներից մեկը՝ Սմիթսոնյան ինստիտուտի պալեոկենսաբան Դուգլաս Էրվինը ասում է. «Գիտությունը հրաշքներ չի ընդունում»։

      Կարելի է ուրիշներին թույլ տալ, որ նրանք թելադրեն ձեզ, թե ինչպես մտածեք և ինչին հավատաք։ Կամ էլ կարող եք ինքներդ հետազոտել փաստերը և ձեր սեփական եզրակացություններն անել։ Հաջորդ էջերում գիտության վերջին հայտնագործությունների մասին կարդալիս հարցրեք ինքներդ ձեզ. «Տրամաբանակա՞ն է եզրակացնել, որ գոյություն ունի Ստեղծիչ»։

      [Մեջբերում 3–րդ էջի վրա]

      Ինքնե՛րդ հետազոտեք փաստերը

      [Շրջանակ 3–րդ էջի վրա]

      ԱՐԴՅՈ՞Ք ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ ԿՐԵԱՑԻՈՆԻՍՏՆԵՐ ԵՆ

      Եհովայի Վկաները հավատում են Աստվածաշնչի «Ծննդոց» գրքի՝ արարչագործության մասին արձանագրությանը։ Այնուհանդերձ, ոչ մի հիմք չկա մտածելու, որ Եհովայի Վկաները կրեացիոնիստներ են։ Ինչո՞ւ։ Պատճառներից մեկն այն է, որ կրեացիոնիստները հավատում են, թե տիեզերքը, երկիրը և նրա վրա գոյություն ունեցող կյանքը ստեղծվել են 24 ժամից բաղկացած վեց օրվա ընթացքում մոտ 10 000 տարի առաջ։ Սակայն Աստվածաշունչը նման բան չի սովորեցնում։a Կրեացիոնիստները նաև ընդունում են շատ ուսմունքներ, որոնք Աստվածաշնչի վրա հիմնված չեն։ Իսկ Եհովայի Վկաները իրենց կրոնական ուսմունքները հիմնում են միայն Աստծու Խոսքի վրա։

      Ավելին, որոշ երկրներում «կրեացիոնիստ» բառը օգտագործվում է որպես հոմանիշ՝ մատնանշելու ֆունդամենտալիստական խմբերին, որոնք ակտիվ մասնակցություն են ունենում քաղաքականության մեջ։ Այս խմբերը փորձում են ազդեցություն բանեցնել քաղաքական գործիչների, դատավորների և կրթության ոլորտում աշխատողների վրա, որպեսզի նրանք ընդունեն այնպիսի օրենքներ և ուսմունքներ, որոնք համապատասխանում են կրեացիոնիստների դավանանքին։

      Եհովայի վկաները չեզոք դիրք են բռնում քաղաքականության հարցում։ Նրանք հարգում են կառավարության՝ օրենքներ սահմանելու և գործադրելու իրավունքը (Հռովմայեցիս 13։1–7)։ Միևնույն ժամանակ նրանք լրջորեն են վերաբերվում Հիսուսի խոսքերին այն մասին, որ իրենք «այս աշխարհքիցը չեն» (Յովհաննէս 17։14–16)։ Իրենց քարոզչական ծառայությամբ նրանք հնարավորություն են ընձեռում մարդկանց սովորելու այն օգուտների մասին, որոնք կարող են ստանալ՝ ապրելով Աստծու չափանիշներով։ Սակայն նրանք չեն խախտում իրենց քրիստոնեական չեզոքությունը և չեն աջակցում ֆունդամենտալիստական խմբերին. վերջիններս փորձում են այնպիսի քաղաքացիական օրենքներ հաստատել, որոնք կստիպեն ուրիշներին ընդունել Աստվածաշնչի չափանիշները (Յովհաննէս 18։36)։

      [Ծանոթագրություն]

      a Տե՛ս «Աստվածաշնչի տեսակետը. գիտությունը հակասո՞ւմ է «Ծննդոց» գրքի արձանագրությանը» հոդվածը (էջ 18)։

  • Ի՞նչ է սովորեցնում բնությունը
    2006 Արթնացե՛ք | հոկտեմբեր
    • Ի՞նչ է սովորեցնում բնությունը

      «Հարցրու անասուններին, որ քեզ սովորեցնեն, եւ երկնքի թռչուններին, որ քեզ իմացնեն։ Կամ խօսիր երկրի հետ, եւ նա քեզ կ’սովորեցնէ, եւ քեզ կ’պատմեն ծովի ձկները» (ՅՈԲ 12։7, 8)։

      ՎԵՐՋԻՆ տարիներին գիտնականները և ինժեներները բառիս բուն իմաստով թույլ են տալիս, որ բույսերն ու կենդանիները սովորեցնեն իրենց։ Նրանք ուսումնասիրում են և կրկնօրինակում տարբեր ստեղծագործությունների կառուցվածքները։ Գիտության այս ճյուղը հայտնի է բիոնիկա անունով։ Հետևյալ օրինակները քննելիս հարցրեք ինքներդ ձեզ. «Իրականում ո՞վ է արժանի փառքի այսպիսի ստեղծագործությունների համար»։

      Սովորել կետի լողաթիակներից

      Ի՞նչ կարող են ինքնաթիռ նախագծողները սովորել սապատավոր կետից։ Շատ բան։ Սապատավոր կետը կշռում է մոտավորապես 30 տոննա, այնքան, որքան բեռնավորված բեռնատար մեքենան։ Մարմինը առաձգական չէ, իսկ լողաթիակները նման են թռչնի թևերի։ 12 մետր երկարություն ունեցող այս կենդանին ջրի տակ բավականին շարժուն է։ Օրինակ՝ երբ սապատավոր կետը ուտելիք է փնտրում, նա, խեցեմորթների կամ ձկների տակից գալարաձև պտույտներ կատարելով, լողում է դեպի վեր և այդ ամբողջ ընթացքում պղպջակներ է բաց թողնում։ Պղպջակների այս «ցանցը», որն ընդամենը 1,5 մետր տրամագիծ ունի, այդ կենդանիներին հավաքում է ջրի մակերեսի վրա։ Այնուհետև մի ակնթարթում կետը կուլ է տալիս հմտորեն բռնած իր որսը։

      Հետազոտողներին հատկապես հետաքրքրում էր այն, թե ոչ առաձգական մարմին ունեցող այս արարածը ինչպես է պտույտներ կատարում անհնարին թվացող փոքր տրամագծով։ Նրանք հայտնաբերեցին, որ գաղտնիքը կետի լողաթիակների կառուցվածքի մեջ է։ Լողաթիակների առջևի ծայրը հարթ չէ, ինչպես ինքնաթիռի թևը, այլ ատամնավոր է և նման է դուրս ցցված պալարների շարանի։

      Մինչ կետը ճեղքում է ջուրը, այդ պալարները մեծացնում են վերամբարձ ուժը և նվազեցնում ջրի դիմադրությունը։ Ինչպե՞ս։ Մի պարբերագրում բացատրվում է, որ նրա պալարների շնորհիվ ջուրը սկսում է առանց խոչընդոտի արագ շրջապտույտ կատարել լողաթիակների վերևի մասում նույնիսկ այն ժամանակ, երբ կետը ուղղաձիգ դեպի վեր է լողում («Natural History»)։ Սակայն եթե լողաթիակը հարթ լիներ և չունենար պալարներ, կետը չէր կարողանա, այդպիսի փոքրիկ պտույտներ կատարելով, կտրուկ վեր բարձրանալ, քանի որ ջուրը կսկսեր ձագարաձև պտտվել նրա լողաթիակների տակ և վերամբարձ ուժը կնվազեր։

      Գործնականում ի՞նչ օգուտ կարող է տալ այս հայտնագործությունը։ Եթե ինքնաթիռի թևերը կառուցվեն նման ձևով, օդի հոսքը փոխելու համար ավելի քիչ էլերոնների կամ այլ մեխանիկական սարքերի կարիք կլինի։ Այսպիսի թևերը ավելի անվտանգ կլինեն և դրանք սարքին վիճակում պահելը ավելի հեշտ կլինի։ Բիոմեխանիկայի մասնագետ Ջոն Լոնգը կարծում է, որ մոտ ապագայում «հնարավոր է տեսնենք, որ ցանկացած ռեակտիվ ինքնաթիռ սապատավոր կետի լողաթիակների նման թևեր ունի»։

      Կրկնօրինակել ծովային որորի թևերը

      Անկասկած, ինքնաթիռի թևերը արդեն իսկ կրկնօրինակում են թռչունների թևերը։ Սակայն վերջերս ինժեներներն այս կրկնօրինակումը այլ բարձունքի են հասցրել։ «Նյու սայենթիստ» հանդեսում ասվում է. «Ֆլորիդայի համալսարանի հետազոտողները ստեղծել են հեռակառավարվող ինքնաթիռի մոդել, որը ծովային որորի նման կարող է թռչել, կտրուկ իջնել և արագորեն վեր բարձրանալ»։

      Ծովային որորները իրենց տպավորիչ մանյովրները կատարում են՝ ծալելով թևերը արմունկների և ուսերի հատվածում։ Կրկնօրինակելով թևերի այս դյուրաթեք կառույցը՝ մասնագետները «24 դյույմաչափ ինքնաթիռի մոդելի համար գործածում են փոքր շարժիչ՝ կառավարելու մի շարք մետաղե ձողեր, որոնք շարժում են թևերը»,— նշվում է այդ պարբերագրում։ Իմաստնորեն նախագծված այս թևերը փոքր ինքնաթիռին հնարավորություն են տալիս թռչել բարձրահարկ շինությունների միջև և ուղղաձիգ վայրէջք կատարել։ ԱՄՆ–ի ռազմա–օդային ուժերը շահագրգռված են ստեղծելու այսպիսի ճկուն շարժումներ կատարող ինքնաթիռ, որը կարող է մեծ քաղաքներում քիմիական կամ կենսաբանական զենքեր փնտրել։

      Կրկնօրինակել գեկկոնի ոտքերը

      Ցամաքի վրա ապրող կենդանիներից նույնպես սովորելու շատ բան կա։ Օրինակ՝ գեկկոն կոչվող փոքր մողեսը կարողանում է մագլցել պատերը և կառչել առաստաղներից։ Նույնիսկ աստվածաշնչյան ժամանակներում մողեսը հայտնի էր իր այս զարմանալի կարողությամբ (Առակաց 30։28)։ Ո՞րն է գաղտնիքը, որ գեկկոնը չի ենթարկվում ձգողականության ուժին։

      Գեկկոնը կարողանում է կպչել նույնիսկ ապակու նման հարթ մակերեսներին՝ շնորհիվ իր ոտքերը ծածկող մանր մազմզուկների, որոնք կոչվում են խոզաններ։ Նրա ոտքերը սոսինձ չեն արտադրում, այլ օգտագործում են փոքր մոլեկուլային ուժ։ Երկու մակերեսների վրայի մոլեկուլները կպչում են իրար շատ թույլ քարշային ուժի շնորհիվ, որը հայտնի է վան դեր Վալսի ուժ անվանումով։ Սովորաբար ձգողականության ուժը հեշտությամբ ճնշում է այս ուժերին, որի պատճառով էլ մենք չենք կարողանում մագլցել պատերը՝ պարզապես մեր ձեռքերը հպելով դրանց։ Սակայն գեկկոնի փոքր խոզանները, կպչելով պատին, մեծացնում են մակերեսը։ Վան դեր Վալսի ուժի և գեկկոնի ոտքերի հազարավոր խոզանների միացումից առաջ է գալիս բավականաչափ կպչուն ուժ, որն էլ պահում է այդ փոքր մողեսին։

      Ի՞նչ օգուտ կարող է տալ այս հայտնագործությունը։ Սինթետիկ նյութերը, որոնք կկրկնօրինակվեն գեկկոնի ոտքերից, կարող են օգտագործվել որպես վելկրոյի համարժեք (սա նույնպես կրկնօրինակված է բնությունից)։a «Էկոնոմիստ» հանդեսում մեջբերված է հետազոտողներից մեկի խոսքերն այն մասին, որ գեկկոնի մոդելով պատրաստված նյութը կարող է օգտակար լինել «բժշկության մեջ, որտեղ չեն կարող օգտագործվել քիմիական կպչուն նյութեր»։

      Ո՞վ է արժանի փառքի

      ԱՄՆ–ի Աստղանավորդության և տիեզերական տարածության ուսումնասիրության ազգային վարչությունը ստեղծում է բազմոտանի ռոբոտ, որը քայլում է կարիճի նման, իսկ Ֆինլանդիայում ինժեներները արդեն ստեղծել են վեց անիվ ունեցող տրակտոր, որը կարող է հաղթահարել իր ճանապարհի վրա եղած արգելքները, ինչպես կաներ հսկա միջատը։ Այլ հետազոտողներ ստեղծել են այնպիսի կտոր, որը նման է սոճու բացվող և փակվող կոնաձև պտղին։ Ավտոմեքենաներ արտադրող մի ընկերություն այնպիսի մեքենաներ է արտադրում, որոնք կրկնօրինակված են շրջահոսուն ձև ունեցող ձկից։ Իսկ ուրիշ մասնագետներ ուսումնասիրում են փորոտանիների խեցիների հարվածամեղմիչ հատկանիշները, որպեսզի կարողանան ստեղծել ավելի թեթև և ավելի ամուր զրահ։

      Բնությունից այնքան շատ մտահղացումներ են փոխառվել, որ հետազոտողները հիմնել են տվյալների շտեմարան, որոնցում դասավորել են այդ բազմաթիվ կենսաբանական համակարգերը։ «Էկոնոմիստ» հանդեսում ասվում է, որ գիտնականները կարող են հետազոտել այդ շտեմարանները, որպեսզի «իրենց նախագծած սարքերի հետ կապված խնդիրները լուծելու բնական ձևեր» գտնեն։ Տվյալների շտեմարանում ընդգրկված կենսաբանական համակարգերը հայտնի են որպես «կենսաբանական արտոնագրեր»։ Սովորաբար արտոնագրի իրավունքը պատկանում է այն անհատին կամ ընկերությանը, որն օրինական կերպով գրանցում է նոր գաղափարը կամ մեխանիզմը։ Ուսումնասիրելով կենսաբանական արտոնագրի այս շտեմարանը՝ «Էկոնոմիստ» հանդեսն ասում է. «Բնությունից կրկնօրինակված հնարքները անվանելով ‘կենսաբանական արտոնագրեր’՝ հետազոտողները պարզապես ընդգծում են, որ այդ արտոնագրերի իսկական սեփականատերը բնությունն է»։

      Որտեղի՞ց է բնությունը ձեռք բերել այս բոլոր հրաշալի գաղափարները։ Շատ հետազոտողներ բնությունից կրկնօրինակված հնարքները վերագրում են միլիոնավոր տարիների էվոլյուցիոն փորձերին և սխալներին։ Սակայն ուրիշ հետազոտողներ այլ եզրահանգման են գալիս։ Մանրէակենսաբան Մայքլ Բիհին 2005 թ.–ին «Նյու Յորք Թայմզ» թերթում գրեց. «Ակնհայտ է, որ [բնությունը] նպատակային ձևով է ստեղծվել, և դա թույլ է տալիս բերել հետևյալ պարզ, բայց անվիճելի փաստարկը. եթե մի բան նման է բադի, քայլում է բադի նման, կռկռում է բադի նման և հակառակն ապացուցելու համար այլ փաստարկներ գոյություն չունեն, ապա հիմքեր կան եզրակացնելու, որ այդ կենդանին բադ է»։ Ի՞նչ եզրակացություն է անում նա։ «Եթե տվյալ բանի կառուցվածքն ակնհայտ է, այդ փաստը չպետք է անտեսել»։

      Այն ինժեները, որն ավելի անվտանգ և որակյալ ինքնաթիռի թև է նախագծում, ինչ խոսք, իր նախագծի համար, պատվի է արժանի։ Նմանապես, այն գյուտարարը, որը հնարել է ունիվերսալ վիրակապ, ավելի հարմարավետ գործվածք կամ ավելի որակյալ ավտոմեքենա, պատվի է արժանի իր նախագծի համար։ Իսկ այն ձեռնարկատերը, որը կրկնօրինակում է ուրիշի նախագիծը, սակայն չի ընդունում և պատվի չի արժանացնում նախագծողին, կարող է համարվել հանցագործ։

      Ուստի տրամաբանակա՞ն է արդյոք, որ ականավոր գիտնականները, որոնք փորձում են կրկնօրինակել բնության համակարգերը ինժեներական դժվար խնդիրներ լուծելու համար, բնօրինակի հանճարեղ նախագիծը վերագրում են բանականություն չունեցող էվոլյուցիային։ Եթե կրկնօրինակելու համար բանական նախագծող է պահանջվում, ապա ի՞նչ կարելի է ասել բնօրինակի մասին։ Իրականում ո՞վ է արժանի ավելի մեծ պատվի՝ վարպե՞տը, թե՞ աշակերտը, որը պարզապես կրկնօրինակում է նրա նախագիծը։

      Տրամաբանական եզրահանգում

      Ծանոթանալով այն փաստերին, որոնք վկայում են, որ բնությունը բանական Նախագծող է ունեցել, մտածող մարդկանցից շատերը ունենում են այն նույն զգացումները, որ ունեցավ սաղմոսերգուն, երբ գրեց հետևյալ խոսքերը. «Ո՜րքան մեծ են քո գործերը, ով Տէր. նորանց բոլորն իմաստութիւնով ես արել. երկիրը լիքն է քո ստեղծուածներովը» (Սաղմոս 104։24)։ Աստվածաշնչի գրողներից մեկը՝ Պողոսը, նույնպես այդպես էր մտածում։ Նա գրեց «Որովհետեւ [Աստծու] աներեւոյթ բաները աշխարհքի սկզբիցն ստեղծուածներովն իմացուելով տեսնվում են, որ է՝ նորա մշտնջենաւոր զօրութիւնը եւ Աստուածութիւնը» (Հռովմայեցիս 1։19, 20)։

      Սակայն բազում անկեղծ մարդիկ, ովքեր հարգանք ունեն Աստվածաշնչի հանդեպ և հավատում են Աստծուն, կարող են պնդել, որ Աստված էվոլյուցիայի միջոցով է ստեղծել բնության այս հրաշքները։ Ի՞նչ է այս մասին սովորեցնում Աստվածաշունչը։

      [Ծանոթագրություն]

      a Վելկրոն կպչող նյութ է, որը կրկնօրինակված է կռատուկի սերմերից։

      [Մեջբերում 5–րդ էջի վրա]

      Որտեղի՞ց է բնությունը ձեռք բերել այսքան շատ հրաշալի գաղափարներ

      [Մեջբերում 6–րդ էջի վրա]

      Ո՞ւմ է պատկանում բնության արտոնագիրը

      [Շրջանակ 7–րդ էջի վրա]

      Եթե կրկնօրինակի համար բանական նախագծող է պահանջվում, ապա ի՞նչ կարելի է ասել բնօրինակի մասին

      Ճկուն շարժումներ կատարող այս ինքնաթիռի թևերը կրկնօրինակված են ծովային որորի թևերից

      Գեկկոնի ոտքերը չեն կեղտոտվում և երբեք հետքեր չեն թողնում, դրանք կարող են կառչել ցանկացած մակերեսի, բացի տեֆլոնից, և առանց դժվարության կպչել ու պոկվել։ Հետազոտողները փորձում են կրկնօրինակել գեկկոնի ոտքերը

      Այս ձկան զարմանալիորեն շրջահոսուն ձևը տվեց ավտոմեքենայի որոշակի տեսակ ստեղծելու գաղափարը

      [Թույլտվությամբ]

      Airplane։ Kristen Bartlett/ University of Florida; gecko foot։ Breck P. Kent; box fish and car։ Mercedes-Benz USA

      [Շրջանակ/նկար 8–րդ էջի վրա]

      ԲՆԱԶԴՈՎ ԻՄԱՍՏՈՒՆ «ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՆԵՐԸ»

      Շատ կենդանիներ բնազդով «իմաստուն» են այն առումով, որ կարողանում են գտնել իրենց ճանապարհը Երկիր մոլորակի վրա (Առակաց 30։24, 25)։ Քննարկենք երկու օրինակ։

      ◼ Մրջյունների երթևեկության վերահսկումը։ Ինչպե՞ս են կեր հայթայթող մրջյունները գտնում իրենց տունդարձի ճանապարհը։ Միացյալ Թագավորության հետազոտողները հայտնաբերել են, որ որոշ մրջյուններ տունդարձի ճանապարհը հեշտությամբ գտնելու համար որպես նշան իրենց ետևից հոտ արձակող հատուկ նյութ են թողնում։ Բացի այդ, նրանք երկրաչափություն են օգտագործում, որպեսզի կարողանան արահետներ պատրաստել։ Օրինակ՝ մի պարբերագրում փարավոն կոչվող մրջյունների մասին ասվում է, որ նրանք «բնից դուրս գալիս արահետներ են գցում, որոնք 50–60 աստիճան անկյան տակ ճյուղավորվում են»։ («Նյու սայենթիստ») Իսկ ինչո՞վ է ուշագրավ այդ երևույթը։ Տունդարձի ճանապարհին մրջյունը հասնում է այնտեղ, որտեղ արահետները բաժանվում են, և բնազդաբար բռնում է ամենափոքր անկյուն ունեցող արահետը, որն անկասկած առաջնորդում է նրան դեպի իր բույնը։ Հոդվածում ասվում է. «Այդ արահետների երկրաչափական ձևը բավականին արդյունավետ է դարձնում արահետների ցանցի միջով մրջյունների անցուդարձը, հատկապես երբ նրանք քայլում են երկու ուղղությամբ։ Դրա շնորհիվ ամեն մի մրջյուն հեշտությամբ կարողանում է գտնել իր ճանապարհը՝ առանց ավելորդ էներգիա ծախսելու»։

      ◼ Թռչունների կողմնացույցը։ Շատ թռչուններ, անկախ նրանից, թե ինչպիսի եղանակ է, կատարյալ ճշգրտությամբ կարողանում են երկար տարածություններ կտրել–անցնել։ Ինչպե՞ս։ Թռչուններն ամենայն հավանականությամբ զգում են երկրի մագնիսական դաշտը։ Սակայն մի ամսագրում նշվում է, որ «երկրի մագնիսական դաշտը տարբեր տեղերում տարբեր է և ոչ միշտ է ցույց տալիս, թե իրականում որ կողմում է հյուսիսը» («Science»)։ Այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ չվող թռչունները չեն շեղվում ճիշտ ուղղությունից։ Հետազոտողները հայտնաբերել են, որ թռչունները ակներևաբար ամեն երեկո ճշտում են իրենց ներքին կողմնացույցը մայր մտնող արևի հետ։ Քանի որ արևի դիրքը մայր մտնելիս փոխվում է ըստ աշխարհագրական լայնության և տարվա եղանակի, գիտնականները կարծում են, որ այս թռչունները կարողանում են հարմարվել փոփոխություններին՝ շնորհիվ «կենսաբանական ժամացույցի, որը նրանց ցույց է տալիս տարվա ժամանակը»,— նշվում է վերոհիշյալ ամսագրում։

      Հետաքրքիր է, ո՞վ է ծրագրել այնպես, որ մրջյունը երկրաչափություն հասկանա։ Ո՞վ է տվել թռչուններին կողմնացույց, կենսաբանական ժամացույց, ինչպես նաև ուղեղ՝ ընդունակ ընկալելու այն տեղեկությունները, որոնք հնարավոր է ստանալ այս գործիքների միջոցով։ Բանականություն չունեցող էվոլյուցիա՞ն, թե՞ բանականությամբ օժտված Արարիչը։

      [Թույլտվությամբ]

      E.J.H. Robinson 2004

  • Արդյոք Աստված էվոլյուցիայի՞ միջոցով ստեղծեց կյանքը
    2006 Արթնացե՛ք | հոկտեմբեր
    • Արդյոք Աստված էվոլյուցիայի՞ միջոցով ստեղծեց կյանքը

      «Արժանի ես, Տէր, որ առնես փառքը, եւ պատիւը, եւ զօրութիւնը. որ դու ստեղծեցիր ամեն բաները եւ քո կամենալովը կան եւ ստեղծուեցան» (ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ 4։11)։

      ԵՐԲ Չարլզ Դարվինի էվոլյուցիոն տեսությունը հայտնի դարձավ, կարճ ժամանակ անց քրիստոնեություն դավանողներից շատերը սկսեցին միջոցներ փնտրել, որ Աստծու հանդեպ իրենց հավատը համաձայնեցնեն այդ տեսության հետ։

      Այսօր աշխարհի ամենահայտնի քրիստոնեական կրոններն ընդունում են, որ Աստված էվոլյուցիայի միջոցով է ստեղծել կյանքը։ Ոմանք սովորեցնում են, որ Աստված այնպես է ծրագրավորել տիեզերքը, որ կենդանի արարածներն անխուսափելիորեն զարգանան անկենդան քիմիական տարրերից, և դրա շնորհիվ ի վերջո առաջ գա մարդկությունը։ Այս ուսմունքի (թեիստական էվոլյուցիա) կողմնակիցները չեն կարծում, որ Աստված միջամտել է զարգացման ընթացքին այն սկսվելուց ի վեր։ Ուրիշներն էլ կարծում են, թե ընդհանուր առմամբ Աստված թույլ է տվել, որ էվոլյուցիան առաջ բերի բույսերի և կենդանիների շատ ընտանիքներ, բայց երբեմն միջամտել է, որպեսզի զարգացումը առաջընթաց ունենա։

      Ուսմունքների միաձուլում. արդյոք լրացնո՞ւմ են մեկը մյուսին

      Ներդաշնա՞կ է արդյոք էվոլյուցիոն տեսությունը Աստվածաշնչի ուսմունքներին։ Եթե էվոլյուցիոն տեսությունը ճիշտ լիներ, այդ դեպքում առաջին մարդու՝ Ադամի մասին աստվածաշնչյան արձանագրությունը լավագույն դեպքում կդիտվեր որպես մի պատմություն, որը չպետք է բառացի հասկանալ, և որից կարելի է պարզապես բարոյական դասեր քաղել (Ծննդոց 1։26, 27; 2։18–24)։ Մի՞թե Հիսուսը այդպիսի տեսակետ ուներ աստվածաշնչյան այս արձանագրության վերաբերյալ։ Նա ասաց. «Չէ՞ք կարդացել թէ նա որ սկզբիցն ստեղծեց, արու եւ էգ ստեղծեց նորանց, եւ ասեց. Սորա համար մարդ կ’թողէ հայրը եւ մայրը եւ իր կնոջը կ’յարի եւ երկուսը կ’լինին մէկ մարմին։ Որովհետեւ այլ եւս երկու չեն, այլ մէկ մարմին. արդ այն որ Աստուած միաւորեց, թող մարդը չ’բաժանէ» (Մատթէոս 19։4–6)։

      Այս խոսքերը Հիսուսը մեջբերեց «Ծննդոց» գրքի 2–րդ գլխից, որտեղ խոսվում է արարչագործության մասին։ Եթե Հիսուսը հավատար, որ առաջին ամուսնությունն առասպելական պատմություն էր, արդյոք նա մեջբերում կանե՞ր «Ծննդոց» գրքից, որպեսզի հիմնավորեր ամուսնության սրբության մասին իր ուսմունքը։ Իհարկե ո՛չ։ Հիսուսը նշեց «Ծննդոց» գրքի արձանագրությունը, որովհետև գիտեր, որ այն ճշգրիտ է (Յովհաննէս 17։17)։

      Հիսուսի աշակերտները նույնպես հավատում էին արարչագործության մասին «Ծննդոց» գրքի արձանագրությանը։ Օրինակ՝ Ղուկասի Ավետարանում նշվում է Հիսուսի ամբողջ տոհմաբանությունը՝ սկսած Ադամից (Ղուկաս 3։23–38)։ Եթե Ադամը առասպելական կերպար լիներ, մի՞թե այս տոհմաբանությունը, որը փաստ է, չէր վերածվի առասպելի։ Իսկ եթե այս տոհմաբանական ծառը առասպելական լիներ, որքանո՞վ վստահելի կլիներ Հիսուսի այն պնդումը, թե նա Դավթի շառավղից ծնված Մեսիան է (Մատթէոս 1։1)։ Ղուկաս ավետարանիչը գրում է, որ ինքը «սկզբիցը բոլոր բաներին ճշմարտութիւնով հետեւե[ց]»։ Պարզ է, որ նա հավատում էր արարչագործության մասին «Ծննդոց» գրքի արձանագրությանը (Ղուկաս 1։3)։

      Պողոս առաքյալի հավատը Հիսուսի հանդեպ սերտորեն կապված էր «Ծննդոց» գրքի արձանագրությանը վստահելու հետ։ Նա գրեց. «Որովհետեւ մարդով եղաւ մահը, եւ մարդով էլ մեռելների յարութիւնը. Քանզի ինչպէս Ադամով ամենը մեռնում են, այնպէս էլ Քրիստոսով ամենը կենդանանում են» (Ա Կորնթացիս 15։21, 22)։ Եթե Ադամը չլիներ ամբողջ մարդկության իրական նախահայրը, որի միջոցով «մեղքը մտաւ աշխարհքը, եւ այն մեղքովն էլ մահը», ապա ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ Հիսուսը մահանար՝ վերացնելու համար ժառանգված մեղքի հետևանքները (Հռովմայեցիս 5։12; 6։23)։

      Հավատ չընծայել արարչագործության մասին «Ծննդոց» գրքի արձանագրությանը նշանակում է քանդել քրիստոնեական հավատի բուն հիմքը։ Էվոլյուցիոն տեսությունը և Քրիստոսի ուսմունքները անհամատեղելի են։ Այս երկու հավատալիքների միաձուլումը կարող է միայն թույլ հավատ առաջ բերել, որը «երերուած ու տատանուած [է] վարդապետութեան ամեն քամուցը» (Եփեսացիս 4։14)։

      Հավատ՝ հիմնված ամուր հիմքի վրա

      Դարեր շարունակ Աստվածաշունչը ենթարկվել է քննադատության և հարձակումների։ Սակայն կրկին ու կրկին փաստվել է, որ այն ճշգրիտ է։ Ապացուցվել է, որ պատմության, առողջության կամ գիտության մասին Աստվածաշնչի արձանագրությունները վստահելի են։ Մարդկանց միջև փոխհարաբերությունների մասին նրա տված խորհուրդները արժանահավատ են և արդիական։ Մարդկային փիլիսոփայություններն ու տեսությունները խոտի պես աճում են և ի վերջո թառամում, իսկ Աստծու Խոսքը «կ’մնայ յաւիտեան» (Եսայիա 40։8)։

      Էվոլյուցիոն ուսմունքը միայն գիտական տեսություն չէ։ Այն մարդկային փիլիսոփայություն է, որը ծաղկել և տասնյակ տարիներ բարգավաճել է։ Սակայն վերջին տարիների ընթացքում Դարվինի էվոլյուցիոն ուսմունքը փոփոխվել է և «մուտացիայի» ենթարկվել, քանի որ մեծ ջանքեր են գործադրվել ժխտելու համար այն փաստը, որ բնությունը նախագծված է եղել։ Մենք հրավիրում ենք ձեզ քննել այս հարցը հաջորդ հոդվածներում։ Բացի այդ, գուցե ցանկանաք կարդալ այս էջում և 32–րդ էջում պատկերված հրատարակությունները։

      Ուսումնասիրելով այս թեման՝ դուք հավանաբար կհայտնաբերեք, որ ձեր վստահությունը այն ամենի հանդեպ, ինչ որ ասում է Աստվածաշունչը անցյալի մասին, կմեծանա։ Եվ որ ամենակարևորն է, ապագայի վերաբերյալ աստվածաշնչյան խոստումների հանդեպ ձեր հավատը կզորանա (Եբրայեցիս 11։1)։ Դուք նաև կմղվեք փառաբանելու Եհովային, «որ ստեղծեց երկինքն ու երկիրը» (Սաղմոս 146։6)։

      ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒ՛Ն

      Գիրք բոլորի համար։ Այս գրքույկում քննարկվում են կոնկրետ օրինակներ, որոնք փաստում են Աստվածաշնչի հեղինակավոր լինելը

      Գոյություն ունի՞ արդյոք հոգատար ստեղծիչ։ Կարող եք քննել գիտական շատ փաստեր և իմանալ, թե ինչու է հոգատար Աստված թույլ տալիս այսքան շատ տառապանք

      Ի՞նչ է սովորեցնում աստվածաշունչը իրականում։ «Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ» հարցի պատասխանը կարող եք գտնել այս գրքի 3–րդ գլխում

      [Մեջբերում 10–րդ էջի վրա]

      Հիսուսը հավատում էր արարչագործության մասին «Ծննդոց» գրքի արձանագրությանը։ Մի՞թե նա սխալվում էր։

      [Շրջանակ 9–րդ էջի վրա]

      Ի՞ՆՉ Է ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ

      Էվոլյուցիան մի բառարանում սահմանվում է որպես «փոփոխության պրոցես, որը կատարվում է որոշակի ուղղությամբ»։ Սակայն այս տերմինը գործածվում է մի քանի իմաստներով։ Այն կարող է նկարագրել անկենդան մարմիններում տեղի ունեցող մեծ փոփոխությունները, ինչպես օրինակ՝ տիեզերքի զարգացումը։ Բացի այդ, էվոլյուցիան նկարագրում է փոքր փոփոխությունները կենդանի մարմիններում՝ այն, թե ինչպես են բույսերն ու կենդանիները հարմարվում իրենց միջավայրին։ Սակայն այս բառը ավելի հաճախ գործածվում է բացատրելու համար այն տեսությունը, ըստ որի՝ կյանքը առաջ է եկել անկենդան քիմիական տարրերից, որոնք ձևավորվել են որպես ինքնավերարտադրվող բջիջներ և աստիճանաբար զարգացել ու դարձել են ավելի բարդ արարածներ, որոնցից բանականը մարդն է։ Այս հոդվածում «էվոլյուցիա» տերմինը գործածվում է երրորդ իմաստով։

      [Թույլտվությամբ]

      Space photo։ J. Hester and P. Scowen (AZ State Univ.), NASA

  • Հարցազրույց կենսաքիմիկոսի հետ
    2006 Արթնացե՛ք | հոկտեմբեր
    • Հարցազրույց կենսաքիմիկոսի հետ

      ՀԱԶԱՐ ինը հարյուր իննսունվեց թվականին Մայքլ Բիհին, որն այժմ Լիհայի համալսարանում (Փենսիլվանիա, ԱՄՆ) կենսաքիմիայի պրոֆեսոր է, հրատարակեց իր՝ «Դարվինի սև արկղը. բիոքիմիան մարտահրավեր է նետում էվոլյուցիոն տեսությանը» գիրքը (անգլ.)։ 1997թ. մայիսի 8–ի «Արթնացե՛ք»–ի համարում (ռուս., անգլ.) տպագրվել էին «Ինչպե՞ս ենք հայտնվել այստեղ. պատահականորե՞ն, թե՞ ինչ–որ մեկի նախագծման շնորհիվ» վերնագրով մի շարք հոդվածներ, որտեղ մեջբերումներ էին արվել Բիհիի գրքից։ Հաջորդ տասնամյակի ընթացքում էվոլյուցիոն տեսությանը թիկունք կանգնող գիտնականները ջանում էին հերքել Բիհիի բարձրացրած փաստարկները։ Քննադատները մեղադրում էին նրան՝ ասելով, որ նա թույլ է տալիս, որ իր կրոնական համոզմունքները, իսկ նա կաթոլիկ է, ազդեն իր գիտական դատողության վրա։ Ուրիշները պնդում են, որ նրա պատճառաբանությունները գիտական չեն։ «Արթնացե՛ք»–ը հարցազրույց է անցկացրել պրոֆեսոր Բիհիի հետ՝ իմանալու համար, թե ինչու են նրա գաղափարները նման հակառակություն առաջ բերել։

      «ԱՐԹՆԱՑԵ՛Ք». ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԿԱՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ, ՈՐ ԿՅԱՆՔԸ ԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ Է։

      ՊՐՈՖԵՍՈՐ ԲԻՀԻ. «Երբ մենք տեսնում ենք բարդ ֆունկցիոնալ համակարգեր, հետևություն ենք անում, որ նրանք նախագծված են։ Վերցրեք, օրինակ, առօրյայում օգտագործվող խոտ հնձող սարքը, ավտոմեքենան կամ նույնիսկ ավելի պարզ սարքեր։ Ինձ դուր է գալիս մկան թակարդի օրինակը։ Տեսնելով, թե դրա տարբեր մասերը ինչպես են դասավորված մուկ բռնելու համար՝ մենք եզրակացնում ենք, որ այն նախագծված է։

      Այժմ գիտությունը այնքան է զարգացել, որ բացահայտել է կյանքի սկզբնական մակարդակը։ Եվ ի զարմանս մեզ՝ գիտնականները բարդ ֆունկցիոնալ մեխանիզմներ են հայտնաբերել կյանքի մոլեկուլյար մակարդակում։ Օրինակ՝ կենդանի բջիջներում կան փոքրիկ «բեռնատարներ», որոնք բջջի մի ծայրից մյուսը պաշար են տեղափոխում։ Գոյություն ունեն շատ փոքր «ճանապարհային նշաններ», որոնք այս «բեռնատարներին» ասում են, որ նրանք թեքվեն աջ կամ ձախ։ Որոշ բջիջներ ունեն մոլեկուլային «կախովի շարժիչներ», որոնք հեղուկի միջով առաջ են մղում բջիջներին։ Ցանկացած այլ պարագաներում նման բարդ համակարգեր տեսնելիս մարդիկ կեզրակացնեին, որ դրանք նախագծված են եղել։ Մենք այլ կերպ չենք կարող բացատրել այս բարդությունը՝ չնայած Դարվինի էվոլյուցիոն տեսության պնդումներին։ Քանի որ մեր սեփական փորձերից գիտենք, որ նման բարդ համակարգերը նախագծման արդյունք են, ուստի իրավացիորեն կարող ենք մտածել, որ մոլեկուլային համակարգերը նույնպես բանական նախագծման արդյունք են»։

      «ԱՐԹՆԱՑԵ՛Ք». ԻՆՉՈ՞Ւ ՁԵՐ ԿՈԼԵԳԱՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ ԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՁԵՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ։

      ՊՐՈՖԵՍՈՐ ԲԻՀԻ. «Շատ գիտնականներ համաձայն չեն իմ եզրակացություններին, քանի որ հասկանում են, որ բանական նախագծման գաղափարը գիտական բացատրություններից վեր է և ֆիզիկական աշխարհից դուրս է։ Իսկ հակառակ եզրակացությունը նյարդայնացնում է շատերին։ Սակայն ինձ միշտ սովորեցրել են, որ գիտությունը պետք է գա այնպիսի եզրակացությունների, որոնց հանգեցնում են ապացույցները։ Իմ կարծիքով՝ չընդունել մի բան զուտ այն պատճառով, որ դա փիլիսոփայության տեսանկյունից ցանկալի չէ, վկայում է քաջության պակասի մասին»։

      «ԱՐԹՆԱՑԵ՛Ք». ԻՆՉՊԵ՞Ս ԵՔ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԱՅՆ ՔՆՆԱԴԱՏՆԵՐԻՆ, ՈՎՔԵՐ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ԹԵ ԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՈՂԻ ԳԱՂԱՓԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼԸ ՏԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ Է։

      ՊՐՈՖԵՍՈՐ ԲԻՀԻ. «Նախագծողի գոյությունը ընդունելը տգիտության նշան չէ։ Այն հիմնված չէ մի բանի վրա, որը մենք չգիտենք, այլ այն բանի վրա, որը մենք հաստատ գիտենք։ Երբ 150 տարի առաջ Դարվինը հրատարակեց իր՝ «Տեսակների ծագումը» գիրքը, կյանքը պարզ էր թվում։ Գիտնականները կարծում էին, թե բջիջը այնքան պարզ է, որ կարող է հանկարծակի առաջանալ ծովի տիղմից։ Բայց այդ ժամանակից ի վեր գիտությունը հայտնաբերել է, որ բջիջները անսահմանորեն բարդ են, շատ ավելի բարդ, քան 21–րդ դարի աշխարհի բոլոր սարքավորումները։ Բջիջների ֆունկցիոնալ բարդությունը վկայում է նպատակային նախագծման մասին»։

      «ԱՐԹՆԱՑԵ՛Ք». ԱՐԴՅՈՔ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԵՎԷ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՈՒՆԻ՞ ՓԱՍՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՈՐ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՐՈՂ ԷՐ ՍՏԵՂԾԵԼ ԱՅՆ ԲՈԼՈՐ ՄՈԼԵԿՈՒԼԱՅԻՆ ԲԱՐԴ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ՄԱՍԻՆ ԴՈՒՔ ՆՇԵՑԻՔ։

      ՊՐՈՖԵՍՈՐ ԲԻՀԻ. «Գիտական գրականությունը քննելով՝ դուք երբեք չեք տեսնի, որ որևէ մեկը լուրջ փորձեր է կատարել (փորձառական կամ գիտական) բացատրելու համար, թե ինչպես են այսպիսի մոլեկուլային մեխանիզմներն առաջ եկել դարվինյան պրոցեսում։ Չնայած դրան՝ իմ գիրքը թողարկվելուց հետո այս տաս տարիների ընթացքում շատ գիտական կազմակերպություններ, ինչպիսիք են Գիտությունների ազգային ակադեմիան և Գիտական առաջընթացի ամերիկյան ընկերությունը, դիմել են իրենց անդամներին, որպեսզի նրանք անհետաձգելիորեն իրենց ձեռքից եկածն անեն՝ մերժելու համար այն գաղափարը, որ կյանքը բանական նախագծման արդյունք է»։

      «ԱՐԹՆԱՑԵ՛Ք». ԻՆՉՊԵ՞Ս ԵՔ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ՄԱՏՆԱՑՈՒՅՑ ԵՆ ԱՆՈՒՄ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՅՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ, ԸՍՏ ԻՐԵՆՑ, ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ԼԱՎ ՉԵՆ ԶԱՐԳԱՑԱԾ։

      ՊՐՈՖԵՍՈՐ ԲԻՀԻ. «Միայն այն, որ մենք չգիտենք որևէ օրգանի առանձնահատկության պատճառը, դեռևս չի նշանակում, որ այդ օրգանը կարևոր դեր չի խաղում։ Օրինակ՝ մի ժամանակ կարծում էին, թե այսպես կոչված թերաճ օրգանները մարդու մարմնում և այլ կենդանի օրգանիզմներում վկայում են թերզարգացածության մասին։ Կարծիք կար, օրինակ, որ կույրաղիքը և նշագեղձերը թերաճ օրգաններ են, և դրանք առանց մտածելու հեռացնում էին։ Սակայն հետո հայտնաբերվեց, որ այդ օրգանները մեծ դեր են խաղում իմուն համակարգում, և դրանք այլևս չեն համարվում թերաճ օրգաններ։

      Մեկ ուրիշ հանգամանք, որ պետք է հիշենք, այն է, որ կենսաբանության մեջ որոշ բաներ իսկապես տեղի են ունենում պատահականորեն։ Սակայն միայն այն, որ իմ ավտոմեքենան փոս ընկած տեղ ունի կամ անվադողը իջած է, դեռ չի նշանակում, որ ավտոմեքենան կամ անվադողը նախագծված չի եղել։ Նմանապես, այն փաստը, որ որոշ բաներ կենսաբանության մեջ տեղի են ունենում պատահականորեն, չի նշանակում, որ կյանքի բարդ ու զարգացած մոլեկուլային մեխանիզմները պատահականորեն են առաջացել։ Այս փաստարկը պարզապես տրամաբանական չէ»։

      [Մեջբերում 12–րդ էջի վրա]

      «Իմ կարծիքով՝ չընդունել մի բան զուտ այն պատճառով, որ դա փիլիսոփայության տեսանկյունից ցանկալի չէ, վկայում է քաջության պակասի մասին»

  • Արդյոք էվոլյուցիան փա՞ստ է
    2006 Արթնացե՛ք | հոկտեմբեր
    • Արդյոք էվոլյուցիան փա՞ստ է

      «ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ այնքանով է փաստ, որքանով որ արևի ջերմությունը»,— ասում է պրոֆեսոր Ռիչարդ Դոքինսը՝ էվոլյուցիոն տեսության հայտնի գիտնականներից մեկը։ Իհարկե, փորձերը և ուղղակի դիտումները ապացուցում են, որ արևը ջերմության մեծ աղբյուր է։ Բայց արդյո՞ք դրանք նաև ապացուցում են, որ էվոլյուցիոն ուսմունքը փաստ է։

      Նախքան այս հարցին պատասխանելը նախ պետք է պարզել մի բան։ Շատ գիտնականներ նկատել են, որ ժամանակի ընթացքում կենդանի արարածների սերունդները թեթևակի փոփոխության են ենթարկվում։ Չարլզ Դարվինը այս պրոցեսը կոչեց «մոդիֆիկացիոն փոփոխականություն»։ Այդ փոփոխությունները նկատվել են, գրանցվել փորձերի արդյունքում, և շատ բուսաբույծներ ու անասնաբույծներ օգտվել են դրանցից։a Այդ փոփոխությունները կարող են համարվել փաստ։ Գիտնականները այդ աննշան փոփոխությունները անվանում են միկրոէվոլյուցիա։ Այդ անվանման նշանակությունը ցույց է տալիս այն, ինչ պնդում են շատ գիտնականներ. իբրև թե այդ չնչին փոփոխությունները փաստում են լիովին ուրիշ երևույթ, որին ոչ ոք ականատես չի եղել, և որը նրանք կոչում են մակրոէվոլյուցիա։

      Դարվինն ավելի հեռուն գնաց, քան թույլ են տալիս տեսանելի փոփոխությունները։ Իր հայտնի՝ «Տեսակների ծագումը» գրքում նա գրեց. «Ես դիտում եմ բոլոր արարածներին ոչ թե որպես հատուկ ստեղծագործությունների, այլ մի քանի արարածների սերունդների»։ Դարվինն ասում էր, որ ժամանակի ընթացքում այս նախնական «մի քանի արարածները» կամ այսպես կոչված կյանքի պարզ ձևերը աստիճանաբար փոխակերպվել են կյանքի միլիոնավոր ձևերի՝ շնորհիվ «չափազանց փոքր փոփոխությունների»։ Էվոլյուցիոն տեսության կողմնակիցներն ասում են, որ այդ փոքրիկ փոփոխությունները կուտակվել են և դարձել այն մեծ փոփոխությունների պատճառը, որոնք անհրաժեշտ էին, որպեսզի ձուկը վերածվեր երկկենցաղի, իսկ կապիկը՝ մարդու։ Այդ ենթադրյալ մեծ փոփոխություններն անվանում են մակրոէվոլյուցիա։ Այս երկրորդ պնդումը շատերին տրամաբանական է թվում։ Նրանք մտածում են այսպես. «Եթե տեսակների ներսում փոքր փոփոխություններ կարող են տեղի ունենալ, ուրեմն երկար տարիների ընթացքում էվոլյուցիան կարող էր մեծ փոփոխություններ առաջացնել»։b

      Մակրոէվոլյուցիոն ուսմունքը հիմնված է երեք հիմնական ենթադրությունների վրա

      1. մուտացիաները հումք են տալիս, որն անհրաժեշտ է նոր տեսակների ստեղծման համարc

      2. բնական ընտրության շնորհիվ նոր տեսակներ են առաջանում և

      3. հնէաբանական տվյալները փաստում են, որ բույսերի և կենդանիների օրգանիզմում մակրոէվոլյուցիա է տեղի ունեցել։

      Արդյո՞ք մակրոէվոլյուցիայի ապացույցներն այնքան հիմնավոր են, որ դրանք պետք է փաստ համարել։

      Կարո՞ղ են մուտացիաները նոր տեսակներ առաջ բերել

      Բույսի կամ կենդանու օրգանիզմի կառուցվածքը որոշվում է այն բազմաթիվ տեղեկություններով, որոնք պարունակվում են գենետիկական կոդում, որը գտնվում է յուրաքանչյուր բջջի կորիզում։d Հետազոտողները հայտնաբերել են, որ մուտացիաները՝ գենետիկական կոդում աննշան փոփոխությունները, կարող են փոփոխություններ մտցնել բույսերի և կենդանիների սերունդների մեջ։ 1946 թ.–ին Նոբելյան մրցանակի դափնեկիր և մուտացիոն գենետիկայի ուսումնասիրության հիմնադիր Հերման Մյուլլերը հայտարարեց. «Ոչ միայն այս շատ հազվադեպ պատահող, հիմնականում չնչին փոփոխությունների կուտակումն է բույսերի և կենդանիների արհեստական կատարելագործման գլխավոր պատճառը, այլ այն, թե ինչպես է սելեկցիայի շնորհիվ կատարվել բնական էվոլյուցիան»։

      Իրականում մակրոէվոլյուցիոն ուսմունքը հիմնված է այն բանի վրա, որ մուտացիաները կարող են առաջ բերել ոչ միայն նոր տեսակներ, այլև բույսերի և կենդանիների բոլորովին նոր ընտանիքներ։ Արդյո՞ք հնարավոր է փաստել այս համարձակ պնդումը։ Քննարկենք, թե ինչ է բացահայտվել գենետիկայի բնագավառում 100 տարվա ուսումնասիրությունների արդյունքում։

      1930–ականների վերջին գիտնականները ոգևորությամբ ընդունեցին այն միտքը, որ եթե բնական ընտրության արդյունքում մուտացիաներից առաջանան բույսերի նոր տեսակներ, ապա արհեստական կամ մարդու կողմից կատարած մուտացիաների ընտրությունը պետք է որ ավելի արդյունավետ լինի։ «Ընդհանուր առմամբ կենսաբանները և հատկապես գենետիկները, բուսաբույծները և անասնաբույծները մեծ ուրախություն էին ապրում»,— ասում է Վուլֆ Էկկեհարդ Լյոնիգը՝ Գերմանիայում բույսերի բուծման հետազոտության գծով Մաքս Փլանկ ինստիտուտի մի գիտնական «Արթնացե՛ք»–ին տրված հարցազրույցի ժամանակ։ Ո՞րն էր այդ ուրախության պատճառը։ Լյոնիգը, որը մոտ 28 տարի ուսումնասիրել է բույսերի գենային մուտացիաները, ասում է. «Այս հետազոտողները կարծում էին, որ եկել է ժամանակը փոխելու բույսերի և կենդանիների բուծման ավանդական մեթոդները։ Նրանք կարծում էին, որ ընտրողաբար մուտացիաներ կատարելով՝ կարող են ստանալ բույսերի և կենդանիների նոր և ավելի լավ տեսակներ»։e

      Միացյալ Նահանգների, Ասիայի և Եվրոպայի գիտնականները կազմեցին հարուստ հիմնադրամ ունեցող հետազոտության ծրագրեր՝ կիրառելով մեթոդներ, որոնք խոստանում էին արագացնել բույսերի և կենդանիների էվոլյուցիան։ Ինչպիսի՞ն եղան արդյունքները ավելի քան 40 տարվա լարված հետազոտություններից հետո։ Հետազոտող Պիտեր Զենգբուշը ասում է. «Չնայած ֆինանսական ահռելի ծախսերին՝ ճառագայթման միջոցով անընդհատ բազմացող տեսակներ ստեղծելու փորձերը ձախողվեցին»։ Լյոնիգը շարունակում է. «1980–ականներին գիտնականների հույսերն ի չիք դարձան, իսկ մեծ ուրախությունը վերացավ։ Որպես հետազոտության առանձին ճյուղ՝ Արևմտյան երկրներում մուտացիաներ կատարելը դադարեցվեց։ Գրեթե բոլոր մուտացիաները «սելեկցիայի առումով բացասական արժեքներ» ներկայացրեցին, այսինքն՝ նրանք մահացան, կամ ավելի թույլ էին, քան բնական պայմաններում առաջացող մուտացիաները։f

      Նույնիսկ այդ դեպքում ընդհանուր առմամբ 100 տարվա ընթացքում կատարված մուտացիոն հետազոտությունների և մասնավորապես 70 տարվա բույսերի և կենդանիների մուտացիաների տվյալները գիտնականներին հնարավորություն են տալիս եզրակացություններ անել նոր տեսակներ առաջ բերելու մուտացիաների կարողության վերաբերյալ։ Փաստերը քննելուց հետո Լյոնիգը եզրակացնում է. «Մուտացիաները չեն կարող [բույսերի և կենդանիների] սկզբնական տեսակները վերափոխել լիովին նոր տեսակների։ Այս եզրակացությունը համապատասխանում է մուտացիայի բնագավառում 20–րդ դարում կատարված բոլոր փորձերի և ստացված արդյունքների հետ, ինչպես նաև հավանականության օրենքների հետ։ Այսպիսով պարբերաբար առաջացող տարատեսակությունների օրենքը ենթադրում է, որ հստակ տարբերվող գեներով տեսակները ունեն իրական սահմաններ, որոնք չեն կարող ոչնչանալ կամ խախտվել պատահական մուտացիաների պատճառով»։

      Ուշադրություն դարձրեք վերոհիշյալ փաստերի նշանակության վրա։ Եթե բարձրաստիճան գիտնականները չեն կարող նոր տեսակներ առաջ բերել արհեստականորեն, այսինքն՝ իրենց ընտրությամբ մուտացիաներ կատարելով, արդյո՞ք հավանական է, որ այդ ոչ բանական երևույթը ինքնին նոր տեսակներ առաջ կբերի։ Եթե հետազոտությունները ցույց են տալիս, որ մուտացիաները չեն կարող վերածել բույսերի և կենդանիների սկզբնական տեսակները բոլորովին նոր տեսակների, ապա ինչպե՞ս պետք է տեղի ունեցած լիներ մակրոէվոլյուցիան։

      Արդյո՞ք բնական ընտրության շնորհիվ նոր տեսակներ են ստեղծվում

      Դարվինը հավատում էր, որ բնական ընտրությունը բարենպաստ կլիներ կյանքի այն ձևերի համար, որոնք կհարմարվեին իրենց շրջապատող պայմաններին, մինչդեռ կյանքի չհարմարվող ձևերը ի վերջո կմահանային։ Էվոլյուցիոնիստները սովորեցնում են, որ երբ տեսակները տարածվեցին և մեկուսացան, սելեկցիան ընտրեց այն տեսակները, որոնք իրենց գենային մուտացիաների շնորհիվ ավելի շատ էին հարմարվել նոր միջավայրին։ Հետևաբար էվոլյուցիոնիստները պնդում են, որ այս մեկուսացած խմբերն ի վերջո վերածվել են բոլորովին նոր տեսակների։

      Ինչպես նշվեց, հետազոտությունների արդյունքում ստացված ապացույցները պարզ ցույց են տալիս, որ մուտացիաները չեն կարող առաջ բերել բույսերի և կենդանիների բոլորովին նոր տեսակներ։ Այնուամենայնիվ, ի՞նչ ապացույցներ ունեն էվոլյուցիոնիստները՝ փաստելու համար այն պնդումը, որ սելեկցիան ընտրում է այնպիսի մուտացիաներ, որոնք նոր տեսակներ են առաջ բերում։ 1999 թ.–ին Միացյալ Նահանգների Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) հրատարակած գրքույկներից մեկում ասվում էր. «Տեսակառաջացման [նոր տեսակների էվոլյուցիայի] անզուգական օրինակը ներառում է սերինոսների 13 տեսակների ուսումնասիրությունը, որը կատարել է Դարվինը Գալապագոս կղզիներում, և որն այժմ հայտնի է Դարվինի սերինոսներ անվանումով»։

      1970–ական թվականներին մի խումբ հետազոտողներ Պիտեր և Ռոզեմարի Գրանտների գլխավորությամբ սկսեցին ուսումնասիրել այդ սերինոսներին և հայտնաբերեցին, որ մեկ տարվա երաշտից հետո այն սերինոսները, որոնք համեմատաբար ավելի մեծ կտուցներ ունեին, ավելի հեշտությամբ էին վերապրել, քան փոքր կտուց ունեցողները։ Քանի որ կտուցների չափն ու ձևը սերինոսների 13 տեսակները որոշելու հիմնական կերպերից են, համարվեց, որ այս գյուտը մեծ կարևորություն ունի։ Գրքույկում ասվում է. «Գրանտները եզրակացրեցին, որ եթե մոտավորապես 10 տարին մեկ այդ կղզիներում երաշտ տեղի ունենա, ապա սերինոսների նոր տեսակներ կարող են առաջանալ միայն 200 տարին մեկ»։

      Սակայն Գիտությունների ազգային ակադեմիայի գրքույկում չեն հիշատակվում որոշ կարևոր, բայց շփոթեցնող փաստեր։ Երաշտին հաջորդող տարիներին փոքր կտուց ունեցող սերինոսների թիվը կրկին գերակշռեց մեծ կտուց ունեցողների թվին։ Ուստի Պիտեր Գրանտը և ասպիրանտ Լիլ Գիբսը 1987 թ.–ին մի գիտական պարբերագրում գրեցին, որ նրանք «սելեկցիայի բնագավառում բոլորովին հակառակ[ն]» են տեսել։ 1991 թ.–ին Գրանտը գրեց, որ «բնական ընտրության ենթարկված պոպուլյացիան ետ ու առաջ է տատանվում» ամեն անգամ, երբ կլիման փոխվում է։ Հետազոտողները նաև նկատեցին, որ սերինոսների տարբեր «տեսակներ» զուգավորվում էին և առաջ բերում այնպիսի սերունդներ, որոնք ավելի լավ էին գոյատևում, քան նրանց ծնողները։ Պիտեր և Ռոզեմարի Գրանտները եզրակացրին, որ եթե այդ զուգավորումը շարունակվի, ապա արդյունքում սերինոսների երկու «տեսակները» 200 տարվա ընթացքում կվերածվեն մեկ տեսակի։

      1966 թ.–ին էվոլյուցիոնիստ–կենսաբան Ջորջ Քրիստոֆեր Վիլյամսը գրեց. «Ցավալի է, որ բնական ընտրության տեսությունը ծնվել է որպես էվոլյուցիայի փոփոխության պատճառի բացատրություն։ Այդ տեսությունը շատ ավելի կարևոր է, որպեսզի բացատրի օրգանիզմների հարմարվածությունը»։ Էվոլյուցիոնիստ Ջեֆրի Շվարցը 1999 թ.–ին գրեց, որ եթե Վիլյամսի եզրակացությունները ճիշտ են, բնական ընտրությունը կարող է օգնել տեսակներին հարմարվելու փոփոխվող պայմաններին, սակայն «այն չի ստեղծում որևէ նոր բան»։

      Իրականում Դարվինի սերինոսները «նոր բան» չեն դառնում։ Նրանք մնում են սերինոսներ։ Եվ այն փաստը, որ նրանց տարբեր տեսակները զուգավորվում են, կասկածի տակ է դնում այն մեթոդները, որոնք որոշ էվոլյուցիոնիստներ օգտագործում են տեսակները որոշելու համար։ Ավելին, նրանք բացահայտում են այն հանգամանքը, որ նույնիսկ հեղինակավոր գիտական ակադեմիաները փաստերը ներկայացնում են կանխակալ ձևով։

      Հնէաբանական տվյալները ապացուցո՞ւմ են մակրոէվոլյուցիոն փոփոխությունները

      Վերը նշված ԳԱԱ–ի գրքույկը ընթերցողի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծում, թե գիտնականների հայտնաբերած բրածոներն ավելի շատ են փաստում մակրոէվոլյուցիան։ Այնտեղ ասվում է. «Այնքան շատ բրածո անցողիկ ձևեր են հայտնաբերվել ձկների և երկկենցաղների, երկկենցաղների և սողունների, սողունների և կաթնասունների և պրիմատների սերունդների միջև, որ հաճախ դժվար է կոնկրետ որոշել, թե երբ է անցում տեղի ունեցել մի տեսակից մյուսը»։

      Այս ինքնավստահ հայտարարությունը բավականին զարմանալի է։ Ինչո՞ւ։ 2004 թ.–ին «Նեշնլ ջիոգրաֆիք» պարբերագրում հնէաբանական տվյալները նկարագրվում էին որպես էվոլյուցիան պատկերող ֆիլմ, որտեղ յուրաքանչյուր 1000 կադրից 999–ը կորել են մոնտաժի ժամանակ («National Geographic»)։ Արդյո՞ք այն մեկ «կադրը» իրականում փաստում է մակրոէվոլյուցիոն պրոցեսը։ Ի՞նչ են իրականում ցույց տալիս հնէաբանական տվյալները։ Էվոլյուցիայի ջատագով Նիլզ Էլդրիջը ընդունում է, որ հնէաբանական տվյալները ցույց են տալիս, որ երկար ժամանակահատվածում «տեսակների մեծ մասի մեջ քիչ կամ ընդհանրապես էվոլյուցիոն փոփոխություն տեղի չի ունեցել»։

      Մինչև այսօր աշխարհի գիտնականները հայտնաբերել և գրանցել են մոտ 200 միլիոն բրածոներ և միլիարդավոր միկրոբրածոներ։ Շատ հետազոտողներ համաձայն են, որ այս մեծ և մանրամասն տարեգրությունը ցույց է տալիս, որ կենդանիների բոլոր մեծ խմբերը հայտնվել են հանկարծակի և մնացել են անփոփոխ, իսկ շատ տեսակներ անհետացել են այնքան հանկարծակի, որքան որ հայտնվել են։ Հնէաբանական տվյալներից ստացված փաստերը քննելուց հետո կենսաբան Ջոնաթան Վելսը գրում է. «Ապացուցված չէ, որ թագավորությունների մակարդակում, տեսակների և դասերի մեջ կան մոդիֆիկացիոն փոփոխականության ենթարկված սերունդներ, որոնք ունեն ընդհանուր նախնիներ։ Եթե դատենք հնէաբանական տվյալներից և մոլեկուլային համակարգերից, ապա կարելի է ասել, որ դա նույնիսկ լավ հիմնավորված տեսություն չէ»։

      Էվոլյուցիա. փա՞ստ, թե՞ առասպել

      Ինչո՞ւ են շատ հայտնի էվոլյուցիոնիստներ պնդում, որ մակրոէվոլյուցիան փաստ է։ Քննադատելով Ռիչարդ Դոքինսի պատճառաբանությունները՝ ազդեցիկ էվոլյուցիոնիստ Ռիչարդ Լևոնթին գրել է, որ շատ գիտնականներ հակված են ընդունելու այնպիսի գիտական պնդումներ, որոնք հակառակ են բանականությանը, «քանի որ [մարդը] ունի առաջնային հակում՝ հակում դեպի մատերիալիզմը»։g Բազմաթիվ գիտնականներ նույնիսկ մերժում են ընդունել բանական Նախագծողի գոյությունը, քանի որ, ինչպես գրում է Լևոնթին, «մենք չենք կարող թույլ տալ այն միտքը, որ Աստծու Մատը խառն է ամեն ինչում»։

      Այս առումով սոցիոլոգ Ռոդնի Սթարկը, ինչպես գրված է «Սայենթիֆիք ամերիքըն»–ում, ասում է. «200 տարի շարունակ այն միտքն է իշխել, որ եթե ցանկանում ես լինել գիտնական, պետք է միտքդ ազատ պահես կրոնական կապանքներից»։ Այնուհետև նա նշում է, որ հետազոտական ինստիտուտներում «կրոնական անհատները փակ են պահում իրենց բերանները», իսկ «ոչ կրոնական անհատները խտրականություն են դրսևորում նրանց հանդեպ»։ Ըստ Սթարկի՝ «բարձրաստիճան մարդկանց [գիտնականների] շրջանում անհատը ընդունվում է ոչ կրոնական լինելու համար»։

      Եթե դու ցանկանում ես ընդունել մակրոէվոլյուցիոն ուսմունքը որպես ճշմարտություն, ապա պետք է հավաստիանաս, որ ագնոստիկ կամ աթեիստ գիտնականները թույլ չեն տալիս, որ իրենց անձնական համոզմունքները ազդեն գիտական հայտնագործությունների մեկնաբանության վրա։ Դու պետք է ընդունես, որ մուտացիաները և բնական ընտրությունն են առաջ բերել կյանքի բոլոր բարդ ձևերը, չնայած այն փաստին, որ մեկ դարի ընթացքում կատարված հետազոտությունները և միլիարդավոր մուտացիաների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մուտացիաները չեն փոխակերպել որևէ կոնկրետ տեսակ բոլորովին նոր տեսակի։ Դու պետք է հավատաս այն բանին, որ բոլոր արարածները աստիճանաբար առաջացել են մեկ նախնուց, չնայած այն փաստին, որ հնէաբանական տվյալները հստակ ցույց են տալիս, որ բույսերի և կենդանիների տեսակների մեծ մասը առաջացել է հանկարծակի և չի վերածվել այլ տեսակների, նույնիսկ անթիվ տարիների ընթացքում։ Արդյոք այս հավատալիքը փաստերի՞ վրա է հիմնված, թե՞ առասպելի. ո՞րն է համոզիչ։

      [Ծանոթագրություններ]

      a Օրինակ՝ շուն բազմացնողները կարող են ընտրողաբար այնպես զուգավորել այդ կենդանիներին, որ ի վերջո դրանց սերունդները ավելի կարճ ոտքեր և ավելի երկար մազեր ունենան, քան իրենց նախնիները։ Սակայն շուն բազմացնողների կողմից կատարված փոփոխությունները գենային ֆունկցիայում տեղի ունեցած կորուստների արդյունք են։ Օրինակ՝ տաքսայի փոքր չափը պայմանավորված է նրանով, որ կռճիկը նորմալ չի զարգանում, ինչը և առաջ է բերում գաճաճություն։

      b Ուշադրություն դարձրեք, որ «Ծննդոց» գրքի առաջին գլխում ասվում է, որ բույսերն ու կենդանիները բազմանալու էին «իրանց տեսակի պէս» (Ծննդոց 1։12, 21, 24, 25)։ Սակայն Աստվածաշնչում օգտագործված «տեսակ» բառը գիտական տերմին չէ, և այն չպետք է շփոթել «տեսակ» բառի գիտական նշանակության հետ։

      c Տե՛ս «Ինչպե՞ս են դասակարգվում օրգանիզմները» շրջանակը։

      d Հետազոտությունները ցույց են տալիս, որ բջջի ցիտոպլազման, նրա թաղանթը և այլ կառույցներ մեծ դեր են խաղում օրգանիզմի ձևավորման մեջ։

      e Լյոնիգի մեկնաբանությունները այս հոդվածում պատկանում են իրեն և չեն ներկայացնում բույսերի բուծման հետազոտության գծով Մաքս Փլանկ համալսարանի տեսակետը։

      f Մուտացիաներ կատարելու բազմաթիվ փորձերը ցույց տվեցին, որ նոր մուտացիաների թիվը հետևողականորեն նվազում է, մինչդեռ արդեն իսկ գոյություն ունեցող մուտացիաները կանոնավորաբար առաջացնում էին իրենց տեսակի մուտացիաներ։ Լյոնիգը այս երևույթից առաջ բերեց «պարբերաբար առաջացող տարատեսակությունների օրենքը»։ Բացի այդ, վերոհիշյալ բույսերի մուտացիաների ավելի քիչ, քան մեկ տոկոսը պետք է ենթարկվեր հետագա հետազոտությունների, և այս խմբի գրեթե մեկ տոկոսը հարմար էին գտնվել կոմերցիոն գործածության համար։ Իսկ կենդանիներից ստացված մուտացիաների արդյունքները շատ ավելի վատն էին, քան բույսերինը, և այդ մեթոդը այլևս չկիրառվեց։

      g Մատերիալիզմը այստեղ վերաբերում է այն տեսությանը, ըստ որի մատերիականը միակ հիմնական իրականությունն է, և որ տիեզերքում ամեն ինչ, ներառյալ կյանքի բոլոր տեսակները առաջացել են առանց որևէ գերբնական միջամտության։

      [Մեջբերում 15–րդ էջի վրա]

      «Մուտացիաները չեն կարող փոխակերպել [բույսի կամ կենդանու] որևէ կոնկրետ տեսակ բոլորովին նոր տեսակի»

      [Մեջբերում 16–րդ էջի վրա]

      Լավագույն դեպքում Դարվինի սերինոսները ցույց են տալիս, որ տեսակները կարող են հարմարվել փոփոխվող կլիմային

      [Մեջբերում 17–րդ էջի վրա]

      Ըստ հնէաբանական տվյալների՝ կենդանիների բոլոր մեծ խմբերն առաջացել են հանկարծակի և մնացել են գրեթե ամբողջովին անփոփոխ

      [Շրջանակ 14–րդ էջի վրա]

      ԻՆՉՊԵՍ ԵՆ ԴԱՍԱԿԱՐԳՎՈՒՄ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

      Օրգանիզմները դասակարգվում են ըստ խմբերի. կոնկրետ խմբերից մինչև թագավորություններ։h Օրինակ՝ համեմատիր մարդկանց և ճանճերի դասակարգումը, որ բերված է ներքևում.

      ՄԱՐԴԻԿ ՊՏՂԱՃԱՆՃԻԿՆԵՐ

      Տեսակներ sapiens melanogaster

      Դասակարգում Homo դրոզոֆիլա

      Ընտանիք հոմինիդներ պտղաճանճիկներ

      Կարգ պրիմատներ երկթևանիներ

      Դաս կաթնասուններ միջատներ

      Տիպ քորդավորներ հոդվածոտանիներ

      Թագավորություն կենդանական կենդանական

      [Ծանոթագրություն]

      h Ուշադրություն դարձրու. «Ծննդոց» գրքի առաջին գլուխը ցույց է տալիս, որ բույսերն ու կենդանիները «իրանց տեսակի պէս» սերունդ էին տալու (Ծննդոց 1։12, 21, 24, 25)։ Այնուամենայնիվ, Աստվածաշնչում օգտագործված «տեսակ» բառը գիտական եզր չէ, և այն չպետք է շփոթել «տեսակ» բառի գիտական նշանակության հետ։

      [Թյուլտվությամբ]

      Այս աղյուսակը հիմնված է Ջոնաթան Վելսի՝ «Էվոլյուցիայի կուռքերը. փա՞ստ, թե՞ առասպել։ Ինչո՞ւ շատ բաներ, որ մենք սովորեցնում ենք էվոլյուցիայի մասին, հորինվածք է» գրքի վրա («Icons of Evolution—Science or Myth? Why Much of What We Teach About Evolution Is Wrong»)

      [Նկար 15–րդ էջի վրա]

      Պտղաճանճիկի մուտացիան (վերևում), թեև թերզարգացած է, բայց այնուամենայնիվ պտղաճանճիկ է

      [Թույլտվությամբ]

      © Dr. Jeremy Burgess/Photo Researchers, Inc.

      [Շրջանակ 15–րդ էջի վրա]

      Բույսերի մուտացիաներ կատարելու փորձերը ցույց տվեցին, որ նոր մուտացիաների թիվը նվազում էր, մինչդեռ արդեն իսկ գոյություն ունեցող մուտացիաները առաջացնում էին իրենց տեսակի մուտացիաներ (պատկերված մուտացիան ավելի մեծ ծաղիկներ ունի)

      [Թույլտվությամբ 13–րդ էջի վրա]

      From a Photograph by Mrs. J. M. Cameron/ U.S. National Archives photo

      [Թույլտվությամբ 16–րդ էջի վրա]

      Finch heads։ © Dr. Jeremy Burgess/ Photo Researchers, Inc.

      [Թույլտվությամբ 17–րդ էջի վրա]

      Dinosaur։ © Pat Canova/Index Stock Imagery; fossils։ GOH CHAI HIN/AFP/Getty Images

  • Գիտությունը հակասո՞ւմ է «Ծննդոց» գրքի արձանագրությանը
    2006 Արթնացե՛ք | հոկտեմբեր
    • Աստվածաշնչի տեսակետը

      Գիտությունը հակասո՞ւմ է «Ծննդոց» գրքի արձանագրությանը

      ՇԱՏ մարդիկ պնդում են, որ գիտությունը հերքում է արարչագործության մասին «Ծննդոց» գրքի արձանագրությունը։ Սակայն հակասությունն իրականում ոչ թե գիտության և Աստվածաշնչի միջև է, այլ գիտության և այսպես կոչված քրիստոնեական ֆունդամենտալիզմի։ Ֆունդամենտալիստական խմբերից մի քանիսը սխալմամբ պնդում են, որ ըստ Աստվածաշնչի՝ բոլոր ֆիզիկական ստեղծագործություններն առաջ են եկել մոտավորապես 10 000 տարի առաջ վեց արարչագործական օրերում, որոնցից յուրաքանչյուրը բառացի 24 ժամ տևողություն ուներ։

      Սակայն Աստվածաշունչը թիկունք չի կանգնում այս տեսակետին։ Եթե այն ընդուներ այդպիսի տեսակետ, ապա անցած հարյուր տարիների շատ գիտական հայտնագործություններ կասկածի կենթարկեին Աստվածաշնչի ճշգրտությունը։ Աստվածաշնչյան տեքստի մանրազնին ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ոչ մի հակասություն չկա Սուրբ գրությունների և գիտական փաստերի միջև։ Այդ պատճառով Եհովայի վկաները համաձայն չեն «քրիստոնյա» ֆունդամենտալիստների և շատ կրեացիոնիստների հետ։ Այս հոդվածի ուսումնասիրությունը ցույց կտա, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում։

      Ե՞րբ էր սկիզբը

      «Ծննդոց» գրքի արձանագրությունը սկսվում է պարզ, սակայն զորավոր խոսքերով. «Սկզբումն Աստուած ստեղծեց երկինքը եւ երկիրը» (Ծննդոց 1։1)։ Աստվածաշնչագետները համաձայն են, որ սուրբգրային այս համարը նկարագրում է մի գործողություն, որը կապ չունի արարչագործական օրերի հետ և որոնց մասին խոսվում է երրորդ համարից սկսած։ Իմաստն ակնհայտ է։ Ըստ Աստվածաշնչի առաջին խոսքերի՝ տիեզերքը, այդ թվում Երկիր մոլորակը արարչագործական օրերը սկսվելուց առաջ անորոշ ժամանակ արդեն գոյություն են ունեցել։

      Երկրաբանները հաշվարկել են, որ երկիրը գոյություն ունի մոտավորապես 4 միլիարդ տարի, իսկ ըստ տիեզերագնացների՝ տիեզերքը գոյություն ունի 15 միլիարդ տարի։ Արդյոք այս հայտնագործությունները կամ նրանց մոտավոր հաշվարկները հակասո՞ւմ են Ծննդոց 1։1–ին։ Ո՛չ։ Աստվածաշունչը կոնկրետ չի նշում, թե որքան տարի գոյություն ունեն «երկինքը եւ երկիրը»։ Ուստի գիտությունը չի հերքում աստվածաշնչյան այս համարը։

      Որքա՞ն են տևել արարչագործական օրերը

      Ի՞նչ կարելի է ասել արարչագործական օրերի տևողության մասին։ Արդյո՞ք այդ օրերը բառացի 24 ժամ են տևել։ Ոմանք պնդում են, որ «Ծննդոց» գիրքն արձանագրող Մովսեսը, խոսելով շաբաթի մասին, որպես օրինակ բերեց վեց արարչագործական օրերին հաջորդող օրը, հետևաբար յուրաքանչյուր արարչագործական օր պետք է լինի բառացի 24 ժամ (Ելից 20։11)։ «Ծննդոց» գրքում գործածված բառերը թիկունք կանգնո՞ւմ են այս տեսակետին։

      Իհարկե ոչ։ Փաստն այն է, որ եբրայերեն «օր» բառը չի նշանակում միայն բառացի 24 ժամ։ Օրինակ՝ ամփոփելով Աստծու արարչագործությունը՝ Մովսեսը արարչագործական բոլոր վեց օրերի մասին խոսեց որպես մեկ օրվա (Ծննդոց 2։4)։ Ավելին, արարչագործական առաջին օրը «Աստուած լոյսը կոչեց Ցերեկ, եւ խաւարը կոչեց Գիշեր» (Ծննդոց 1։5)։ Այստեղ օր է կոչվում 24 ժամի միայն մի մասը։ Անկասկած, Գրությունները հիմք չեն տալիս որևէ մեկին ասելու, որ յուրաքանչյուր արարչագործական օր տևել է 24 ժամ։

      Այդ դեպքում որքա՞ն են տևել արարչագործական օրերը։ «Ծննդոց» գրքի առաջին և երկրորդ գլուխներում գործածված բառերը ցույց են տալիս, որ այստեղ խոսքը գնում է ավելի մեծ ժամանակահատվածի մասին։

      Ստեղծագործությունները աստիճանաբար են առաջ եկել

      Մովսեսը իր արձանագրությունը գրել է եբրայերեն լեզվով և երկրի վրա ապրող մարդու տեսանկյունից։ Հաշվի առնելով այս երկու փաստերը, ինչպես նաև այն, որ տիեզերքը գոյություն է ունեցել արարչագործական օրերից առաջ՝ մենք կկարողանանք լուծել շատ վիճելի հարցեր՝ կապված արարչագործության մասին արձանագրության հետ։ Ինչպե՞ս։

      «Ծննդոց» գրքի արձանագրության ուշադիր ուսումնասիրությունը բացահայտում է, որ մեկ օրվա ընթացքում սկսված գործողությունները շարունակվել են հաջորդ մեկ կամ մի քանի օրերի ընթացքում։ Օրինակ՝ նախքան արարչագործական առաջին օրվա սկսվելը, ամպերի հաստ շերտը խոչընդոտում էր, որ լույսը արդեն գոյություն ունեցող արևից հասներ երկրի մակերևույթ (Յոբ 38։9)։ Առաջին օրվա ընթացքում այդ շերտը սկսեց բարակել՝ թույլ տալով, որ լույսը ներթափանցի մթնոլորտ։a

      Երկրորդ օրը մթնոլորտը շարունակեց պարզանալ՝ հաստ շերտ ունեցող ամպերի և օվկիանոսի միջև ստեղծելով լայն տարածություն։ Չորրորդ օրը մթնոլորտն այնքան էր պարզվել, որ արևը և լուսինը տեսանելի էին դարձել «երկնքի հաստատութիւնումը» (Ծննդոց 1։14–16)։ Այլ խոսքերով՝ երկրի վրա ապրող մարդու տեսանկյունից արևը և լուսինը սկսեցին երևալ։ Այս ամենը տեղի ունեցավ աստիճանաբար։

      «Ծննդոց» գրքի արձանագրությունը նաև ցույց է տալիս, որ մինչ մթնոլորտը շարունակում էր պարզանալ, հինգերորդ օրը սկսեցին ստեղծվել «թռչունները» («թռչուններ» թարգմանված եբրայերեն բառը ներառում է նաև թռչող միջատներին և թաղանթաթևավորներին)։ Սակայն Աստվածաշունչը ցույց է տալիս, որ վեցերորդ օրվա ընթացքում Աստված դեռևս «շին[ում էր] հողիցը բոլոր դաշտի կենդանիները եւ երկնքի բոլոր թռչունները» (Ծննդոց 2։19)։

      Հստակ է, որ Աստվածաշնչի լեզուն թույլ է տալիս ենթադրել, որ յուրաքանչյուր արարչագործական օրվա ընթացքում ստեղծագործությունների մեծ մասը աստիճանաբար է առաջ եկել և ոչ թե անմիջապես։ Հավանաբար նրանցից մի քանիսը ստեղծվել են արարչագործական հաջորդ օրերի ընթացքում։

      Ըստ իրենց տեսակի

      Արդյոք բույսերի և կենդանիների աստիճանաբար ի հայտ գալը նշանակո՞ւմ է, որ Աստված օգտագործել է էվոլյուցիան՝ կենդանի արարածների մեծ բազմազանությունը ստեղծելու համար։ Ո՛չ։ Արձանագրությունը պարզ ցույց է տալիս, որ Աստված ստեղծեց բույսերի ու կենդանիների բոլոր հիմնական տեսակները (Ծննդոց 1։11, 12, 20–25)։ Արդյո՞ք այս սկզբնական «տեսակի» բույսերն ու կենդանիները ծրագրավորված էին հարմարվելու շրջապատող միջավայրի փոփոխվող պայմաններին։ Ի՞նչն է որոշում «տեսակի» սահմանը։ Աստվածաշունչը ոչինչ չի ասում։ Սակայն այն շեշտում է, որ կենդանի արարածները առաջ եկան «իրանց տեսակի պէս» (Ծննդոց 1։21)։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ «տեսակի» մեջ մտնող բազմազանությունը սահմանափակ է։ Թե՛ հնէաբանական տվյալները և թե՛ ժամանակակից հետազոտությունները թիկունք են կանգնում այն մտքին, որ բույսերի և կենդանիների հիմնական տեսակները անսահմանորեն մեծ ժամանակահատվածում չնչին փոփոխության են ենթարկվել։

      «Ծննդոց» գիրքը չի սովորեցնում, որ տիեզերքը, այդ թվում նաև երկրագունդը և նրա վրա ապրող կենդանի արարածները ստեղծվել են կարճ ժամանակում և համեմատաբար ոչ հեռու անցյալում, ինչպես որ պնդում են որոշ ֆունդամենտալիստներ։ Ավելին, «Ծննդոց» գրքի արձանագրությունն այն մասին, թե ինչպես է ստեղծվել տիեզերքը և թե ինչպես է կյանքը առաջ եկել երկրի վրա, ներդաշնակ է վերջին տարիների գիտական հայտնագործություններին։

      Շատ գիտնականներ իրենց փիլիսոփայական համոզմունքների պատճառով մերժում են Աստվածաշնչի այն պնդումը, որ Աստված է ստեղծել բոլոր բաները։ Սակայն հետաքրքիր է, որ դեռևս հին ժամանակներում Աստվածաշնչի «Ծննդոց» գրքում Մովսեսը գրել էր, որ տիեզերքը սկիզբ է ունեցել և որ կյանքը առաջ է եկել աստիճանաբար՝ ժամանակի ընթացքում։ Ինչպե՞ս կարող էր Մովսեսն իմանալ գիտականորեն ճշգրիտ այդ տեղեկությունը 3500 տարի առաջ։ Գոյություն ունի մեկ տրամաբանական բացատրություն։ Միայն այն անձնավորությունը, որը երկինքն ու երկիրը ստեղծելու զորություն և իմաստություն ունի, կարող էր Մովսեսին տալ այդպիսի ճշգրիտ գիտելիքներ։ Սա հիմնավորում է Աստվածաշնչի այն պնդումը, որ այդ գիրքը «Աստուծոյ շունչն է» (Բ Տիմոթէոս 3։16, ԱԱ)։

      [Ծանոթագրություն]

      a Նկարագրելու համար այն, թե ինչ տեղի ունեցավ արարչագործական առաջին օրը, եբրայերենում գործածվում է «օհր» բառը, որը մատնանշում է լույսն առհասարակ, իսկ չորրորդ օրվա համար օգտագործվում է եբրայերեն «մաօհր» բառը, որը նշանակում է լույսի աղբյուր։

      ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ

      ◼ Ե՞րբ Աստված ստեղծեց տիեզերքը (Ծննդոց 1։1)։

      ◼ Արդյո՞ք երկիրը ստեղծվել է 24 ժամ տևողություն ունեցող վեց օրում (Ծննդոց 2։4)։

      ◼ Ինչպե՞ս կարող էին Մովսեսի գրածները երկրագնդի ստեղծման մասին գիտականորեն ճշգրիտ լինել (Բ Տիմոթէոս 3։16)։

      [Մեջբերում 19–րդ էջի վրա]

      «Ծննդոց» գիրքը չի սովորեցնում, թե տիեզերքը ստեղծվել է կարճ ժամանակում և համեմատաբար ոչ հեռու անցյալում

      [Մեջբերում 20–րդ էջի վրա]

      «Սկզբումն Աստուած ստեղծեց երկինքը եւ երկիրը» (Ծննդոց 1։1)

      [Թույլտվությամբ 18–րդ էջի վրա]

      Universe։ IAC/RGO/David Malin Images

      [Թույլտվությամբ 20–րդ էջի վրա]

      NASA photo

  • Ինչու ենք հավատում Արարչի գոյությանը
    2006 Արթնացե՛ք | հոկտեմբեր
    • Ինչու ենք հավատում Արարչի գոյությանը

      Գիտական տարբեր բնագավառներում աշխատող մասնագետներ գտնում են, որ բնությունը բանական նախագծման արդյունք է։ Նրանք անտրամաբանական են համարում այն կարծիքը, թե կյանքն իր ամբողջ բարդությամբ պատահականորեն է հայտնվել երկրի վրա։ Ուստի մի շարք գիտնականներ և հետազոտողներ հավատում են Արարչի գոյությանը։

      Նրանցից ոմանք դարձել են Եհովայի վկաներ։ Նրանք համոզված են, որ Աստվածաշնչի Աստվածը նյութական Տիեզերքի Նախագծողն է և Կառուցողը։ Ինչո՞ւ են նրանք եկել այդ եզրակացության։ «Արթնացե՛ք»–ը հարցազրույց է անցկացրել մի քանիսի հետ։ Նրանց մեկնաբանությունները գուցե հետաքրքիր լինեն ձեզ համար։a

      «Կյանքի անսահման բարդությունները»

      ◼ ՎՈՒԼՖ–ԷԿԿԵՀԱՐԴ ԼՅՈՆԻԳ։

      ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Անցած 28 տարիներին կատարել եմ գիտական աշխատանքներ՝ կապված բույսերի գենետիկական մուտացիաների հետ։ Այդ տարիներից 21–ը աշխատել եմ բույսերի բուծման հետազոտությամբ զբաղվող Մաքս Փլանկ ինստիտուտում (Քյոլն, Գերմանիա)։ Նաև մոտ երեք տասնամյակ է, ինչ ծառայում եմ որպես երեց Եհովայի վկաների քրիստոնեական ժողովներից մեկում։

      Գենետիկայի բնագավառում կատարած իմ փորձերն ու հետազոտությունները, ինչպես նաև կենսաբանական գիտությունների, ինչպիսիք են ֆիզիոլոգիայի և մորֆոլոգիայի ուսումնասիրությունները, ինձ կանգնեցնում են կյանքի անսահման և հաճախ անբացատրելի բարդությունների առաջ։ Այս առարկաների ուսումնասիրությունը խորացրել է իմ համոզվածությունն այն բանում, որ կյանքը, նույնիսկ կյանքի պարզագույն ձևերը, պետք է որ բանական Նախագծող ունենան։

      Գիտական հասարակությունը լավատեղյակ է, որ կյանքը անսահման բարդ է։ Սակայն այս հետաքրքիր փաստերը սովորաբար ներկայացվում են էվոլյուցիայի քողի տակ։ Իմ կարծիքով արարչագործության վերաբերյալ Աստվածաշնչի արձանագրության դեմ ուղղված փաստարկներն ուղղակի փլուզվում են, երբ մանրակրկիտ քննության են ենթարկվում։ Տասնամյակներ շարունակ ես ուսումնասիրել եմ նման փաստարկները։ Երկար ժամանակ ուսումնասիրելով կենդանի օրգանիզմները և քննելով այն, թե ինչպես են Տիեզերքը կառավարող օրենքները հաստատված այնպես, որ երկրի վրա կարող է գոյություն ունենալ կյանք՝ ես պարտավորված եմ զգում հավատալ Արարչի գոյությանը։

      «Յուրաքանչյուր բան, որ ես տեսնում եմ, պատճառ ունի»

      ◼ ԲԱՅՐՈՆ ԼԵՈՆ ՄԵԴՈՈՒԶ։

      ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Ես ապրում եմ Միացյալ Նահանգներում և աշխատում եմ Աստղանավորդության և տիեզերական տարածության ուսումնասիրության ազգային վարչությունում, լազերային ֆիզիկայի բնագավառում։ Ներկայումս մասնակցում եմ մի տեխնոլոգիայի զարգացմանը, որի նպատակն է բարելավել համաշխարհային կլիմայի, եղանակի և մոլորակների հետ կապված այլ երևույթների վերահսկողությունը։ Ես ծառայում եմ որպես երեց Կիլմարնոք քաղաքի (Վիրջինիա նահանգ) Եհովայի վկաների ժողովներից մեկում։

      Իմ հետազոտություններում ես հաճախ պետք է կիրառեմ ֆիզիկայի սկզբունքները։ Ես փորձում եմ հասկանալ, թե ինչպես և ինչու են որոշ բաներ պատահել։ Իմ ուսումնասիրությունների բնագավառում տեսնում եմ այն բանի ապացույցը, որ ամեն բան պատճառ ունի։ Ես հավատում եմ, որ գիտության տեսակետից տրամաբանական է ընդունել, որ Աստված բնության մեջ գոյություն ունեցող բոլոր բաների սկզբնապատճառն է։ Բնության օրենքները այնքան կայուն են, որ ես չեմ կարող չհավատալ, որ նրանք չեն հաստատվել Արարչի կողմից։

      Եթե այս եզրակացությունը այդքան ակնհայտ է, ապա ինչո՞ւ են շատ գիտնականներ հավատում էվոլյուցիային։ Հնարավո՞ր է, որ էվոլյուցիոնիստները անհիմն ձևով են դիտում իրենց ապացույցները։ Բացառված չէ։ Սակայն դիտումները, որքան էլ որ համոզիչ լինեն, չեն երաշխավորում, որ եզրակացությունը ճիշտ կլինի։ Օրինակ՝ լազերային ֆիզիկայի հետազոտությամբ զբաղվող անհատը կարող է պնդել, որ լույսն ալիք է և նման է ձայնային ալիքներին, քանի որ հաճախ լույսը ալիքի ձևով է տարածվում։ Սակայն նրա եզրակացությունը վերջնական չի կարող լինել, քանի որ ապացույցները նաև ցույց են տալիս, որ լույսը տարածվում է բազմաթիվ մասնիկների միջոցով, որոնք հայտնի են ֆոտոններ անունով։ Նմանապես, նրանք, ովքեր պնդում են, թե էվոլյուցիան փաստ է, իրենց եզրակացությունները հիմնում են միայն ապացույցների մի մասի վրա և թույլ են տալիս, որ իրենց կայացրած եզրակացությունները ազդեն այն բանի վրա, թե ինչպես են նրանք վերաբերվում ամբողջական ապացույցին։

      Ես զարմանում եմ, որ մարդիկ էվոլյուցիոն տեսությունը փաստ են համարում, մինչդեռ էվոլյուցիայի «մասնագետները» վիճում են, թե ինչպես պետք է դա տեղի ունեցած լիներ։ Օրինակ՝ դուք կընդունեի՞ք, որ թվաբանությունը փաստ է, եթե որոշ մասնագետներ ասեին, թե 2–ին գումարած 2 հավասար է 4–ի, ուրիշներն էլ ասեին, որ դա հավասար է 3–ի կամ 6–ի։ Եթե գիտության դերը կայանում է նրանում, որ նա ընդունում է միայն այն բաները, ինչը կարելի է ապացուցել, փորձելով համոզվել և վերարտադրել, ուրեմն այն տեսությունը, ըստ որի՝ կյանքը առաջ է եկել համընդհանուր նախնուց, գիտական փաստ չէ։

      «Ինչ–որ բանը չի կարող առաջանալ ոչ մի բանից»

      ◼ ՔԵՆՆԵԹ ԼՈՅԴ ՏԱՆԱԿԱ։

      ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Ես երկրաբան եմ և ներկայումս աշխատում եմ Միացյալ Նահանգների Երկրաբանական ծառայությունում (Ֆլագստաֆ, Արիզոնա)։ Մոտ երեք տասնամյակ է, ինչ մասնակցում եմ երկրաբանության տարբեր բնագավառներում կատարվող հետազոտություններին, այդ թվում նաև մոլորակների երկրաբանական հետազոտություններին։ Իմ հետազոտությունների արդյունքում գրված բազմաթիվ հոդվածներ և Մարս մոլորակի երկրաբանական քարտեզները տպագրվել են հեղինակավոր գիտական պարբերագրերում։ Որպես Եհովայի վկա՝ ես ամեն ամիս մոտավորապես 70 ժամ անցկացնում եմ՝ քաջալերելով մարդկանց ընթերցել Աստվածաշունչը։

      Ինձ դասավանդել են էվոլյուցիոն տեսություն, սակայն ես չէի կարող ընդունել այն միտքը, որ տիեզերքը կառուցելու համար պահանջվող հսկայական էներգիան կարող էր առաջանալ առանց զորեղ Արարչի։ Ինչ–որ բանը չի կարող առաջանալ ոչ մի բանից։ Նաև հենց Աստվածաշնչում ես գտնում եմ Արարչի գոյությունը ապացուցող շատ զորեղ մի փաստ։ Այդ գրքում տրվում են գիտական փաստերի բազմաթիվ օրինակներ գիտության այն բնագավառի վերաբերյալ, որով ես եմ զբաղվում։ Դրանցից է, օրինակ, այն, որ երկիրը գնդաձև է և կախված է «ոչնչի վերայ» (Յոբ 26։7; Եսայիա 40։22)։ Նախքան մարդիկ կհայտնագործեին և կապացուցեին դա, այս փաստերը բազում տարիներ առաջ արդեն գրի էին առնվել Աստվածաշնչում։

      Մտածեք մարդու կառուցվածքի մասին։ Մենք ունենք զգայական ընկալում, ինքնագիտակցություն, խելք, մտածելու և հաղորդակցվելու ունակություններ ու զգացմունքներ։ Մենք կարող ենք սիրել, շնորհակալ լինել այն բանի համար որ մեզ սիրում են և արտահայտել մեր սերը։ Էվոլյուցիան չի կարող բացատրել, թե ինչպես են առաջացել մարդկանց այս հրաշալի հատկությունները։

      Հարցրեք ինքներդ ձեզ. «Որքանո՞վ են վստահելի և արժանահավատ ինֆորմացիայի այն աղբյուրները, որոնք թիկունք են կանգնում էվոլյուցիային»։ Երկրաբանական տվյալները ամբողջական չեն, բարդ են և շփոթեցնող։ Լաբորատորիաներում գիտական մեթոդներ օգտագործելով՝ էվոլյուցիոնիստները չեն կարողանում հիմնավոր կերպով ապացուցել էվոլյուցիոն տեսությունը։ Եվ թեպետ գիտնականները որևէ բրածոի տարեթիվը որոշելու համար սովորաբար հետազոտական լավ տեխնիկա են օգտագործում, սակայն հաճախ իրենց հայտնագործությունների մասին մեկնաբանություն տալիս նրանք առաջնորդվում են եսասիրական մղումներով։ Հայտնի է, որ երբ տարեթիվը համոզիչ չէ կամ հակասում է որևէ բանի, գիտնականները դա մեկնաբանում են իրենց ձևով։ Այստեղ մեծ դեր են խաղում նրանց կարիերան և արժանապատվության զգացումը։

      Որպես գիտնական և որպես Աստվածաշունչ ուսումնասիրող՝ ես փնտրում եմ ամբողջական ճշմարտությունը, որտեղ ճիշտ հասկացողություն ունենալու համար հաշվի են առնվում բոլոր փաստերն ու դիտումները։ Իմ կարծիքով Արարչի հանդեպ հավատը ամենատրամաբանականն է։

      «Հստակ նախագիծ, որն առկա է բջջի մեջ»

      ◼ ՊԱՈՒԼԱ ԿԻՆՉԵԼՈԵ։

      ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Որպես հետազոտող՝ մի քանի տարիների փորձ ունեմ բջջի, մոլեկուլային կենսաբանության և մանրէաբանության բնագավառում։ Ներկայումս աշխատում եմ Ատլանտայի Էմորիի համալսարանում (Ջորջիա, ԱՄՆ)։ Նաև կամավոր ծառայություն եմ կատարում որպես Աստվածաշնչի ուսուցիչ ռուսախոս համայնքում։

      Որպես իմ ուսման մի մաս՝ ես չորս տարի ուսումնասիրել եմ բջիջը և նրա բաղադրիչները։ Որքան շատ էի սովորում ԴՆԹ–ի, ՌՆԹ–ի, սպիտակուցների և նյութափոխանակության ճանապարհների մասին, այնքան զարմանում էի, թե որքան բարդ, կազմակերպված և ճշգրիտ են դրանք։ Ու թեև ես տպավորված էի այն բանով, թե որքան շատ բան մարդը գիտի բջջի մասին, սակայն ավելի շատ ինձ զարմացրեց այն, թե սովորելու դեռ որքան բան կա։ Պատճառներից մեկը, թե ինչու եմ ես հավատում Աստծու գոյությանը, այն հստակ նախագիծն է, որն առկա է բջջի մեջ։

      Աստվածաշնչի ուսումնասիրությունն ինձ ցույց է տվել, որ Արարիչը Եհովա Աստված է։ Ես համոզված եմ, որ նա ոչ միայն իմաստուն Նախագծող է, այլև բարի և սիրառատ Հայր, որը հոգ է տանում իմ մասին։ Աստվածաշունչը բացատրում է կյանքի նպատակը և երջանիկ ապագայի հույս է տալիս։

      Երբ դպրոցում երեխաներին դասավանդում են էվոլյուցիոն տեսություն, նրանք գուցե սկսեն կասկածել, թե ինչին կարելի է հավատալ։ Սա կարող է դժվար ժամանակ լինել նրանց համար։ Եթե նրանք հավատում են Աստծուն, ապա սա հավատի փորձություն կլինի։ Սակայն նրանք հաջողությամբ կարող են հաղթահարել այս փորձությունը՝ քննելով բնության մեջ գտնվող այն բազմաթիվ զարմանալի բաները, որոնք շրջապատում են մեզ, և շարունակելով ավելի շատ գիտելիքներ ձեռք բերել Արարչի և նրա հատկությունների մասին։ Անձամբ ես այդպես եմ վարվել և եկել եմ այն եզրակացության, որ արարչագործության վերաբերյալ Աստվածաշնչի արձանագրությունը ճշգրիտ է և չի հակասում իսկական գիտությանը։

      «Օրենքների զարմանալի պարզությունը»

      ◼ ԷՆՐԻԿԵ ՀԵՐՆԱՆԴԵՍ ԼԵՄՈՒՍ։

      ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Ես Եհովայի վկաների լիաժամ ծառայող եմ։ Աշխատում եմ Մեխիկոյի Ազգային համալսարանում՝ որպես տեսական ֆիզիկայի մասնագետ։ Ներկայումս իմ աշխատանքի մեջ է մտնում այն, որ ես թերմոդինամիկայի տեսանկյունից ճիշտ բացատրություն գտնեմ մի երևույթի համար, որը կոչվում է գրավոթերմային աղետ. այն աստղերի աճման մի մեխանիզմ է։ Նաև զբաղվում եմ ԴՆԹ–ի բարդ մոլեկուլային կառուցվածքի ուսումնասիրությամբ։

      Կյանքը չափազանց բարդ է, և այն չէր կարող առաջացած լինել պատահականորեն։ Օրինակ՝ մտածեք ինֆորմացիայի այն հսկայական քանակության մասին, որ պարունակվում է ԴՆԹ–ի մոլեկուլում։ Մաթեմատիկական հավանականությունը, որ քրոմոսոմը կարող է պատահականորեն առաջանալ, հավասար է 1/9 տրիլիոնի, իսկ դա այնքան անհավանական է, որ կարելի է համարել անհնարին։ Կարծում եմ՝ անմտություն է հավատալ, որ բանականություն չունեցող ուժերը կարող էին ստեղծել ոչ միայն մեկ քրոմոսոմ, այլև այն զարմանալի բարդ բաները, որ գոյություն ունեն կենդանի արարածներում։

      Բացի այդ, երբ ուսումնասիրում եմ նյութի բարդ կազմությունը՝ սկսած միկրոսկոպիկ մակարդակից մինչև հսկա միգամածությունների շարժումը տիեզերական տարածության միջով, տպավորվում եմ այդ շարժումը կառավարող օրենքների զարմանալի պարզությամբ։ Ինձ համար այդ օրենքները պարզապես Մեծագույն Մաթեմատիկոսի աշխատանք չեն, նրանք նման են Վարպետ Նկարչի ստորագրության։

      Մարդիկ հաճախ զարմանում են, երբ նրանց հայտնում եմ, որ ես Եհովայի վկա եմ։ Երբեմն նրանք հարց են տալիս, թե ինչպե՞ս կարող եմ հավատալ Աստծուն։ Նրանց արձագանքը հասկանալի է, քանի որ կրոնների մեծ մասը հավատացյալներին չի քաջալերում փնտրել իրենց ուսուցանված բաների ապացույցը կամ քննել իրենց համոզմունքները։ Սակայն Աստվածաշունչը քաջալերում է մեզ գործի դնել մեր «մտածելու ունակությունը» (Առակաց 3։21, ՆԱ)։ Բնության մեջ գոյություն ունեցող բանականությամբ կատարված նախագծերի ապացույցը, նաև աստվածաշնչյան փաստերն ինձ համոզում են, որ Աստված ոչ միայն գոյություն ունի, այլև հետաքրքրված է մեր աղոթքներով։

      [Ցանոթագրություններ]

      a Այս հոդվածում ներկայացված մասնագետների տեսակետներից բոլորը չէ, որ արտացոլում են նրանց գործատերերի տեսակետները։

      [Թույլտվությամբ 22–րդ էջի վրա]

      Mars in background։ Courtesy USGS Astrogeology Research Program, http։//astrogeology.usgs.gov

  • Բույսերի զարմանահրաշ համաչափությունը
    2006 Արթնացե՛ք | հոկտեմբեր
    • Բույսերի զարմանահրաշ համաչափությունը

      ԵՐԲԵՎԷ նկատե՞լ եք, որ շատ բույսեր աճում են պարուրաձև։ Օրինակ՝ արքայախնձորը կարող է ունենալ 8 պարույր, որոնք աճում են մեկ ուղղությամբ, և 5 կամ 13 պարույր, որոնք աճում են հակառակ ուղղությամբ (տե՛ս 1–ին նկարը)։ Եթե դիտեք արևածաղկի սերմերը, ապա կտեսնեք, որ 55 պարույր խաչաձևվում են հակառակ ուղղություն ունեցող 89 պարույրների հետ, և այդ պարույրների թիվը նույնիսկ ավելին կարող է լինել։ Պարույրներ կարելի է գտնել նույնիսկ ծաղկակաղամբում։ Երբ սկսեք նկատել պարույրները, մրգերի ու բանջարեղենի խանութ գնալը ավելի հետաքրքիր կդառնա։ Ինչո՞ւ են բույսերն աճում այս կերպ։ Արդյոք պարույրների թիվը որևէ նշանակություն ունի՞։

      Ինչպե՞ս են աճում բույսերը

      Բույսերից շատերը կազմում են նոր օրգաններ, ինչպես օրինակ՝ ցողուն, տերևներ և ծաղիկներ կենտրոնական փոքրիկ մի հյուսվածքից, որը կոչվում է մերիստեմ։ Յուրաքանչյուր նոր սաղմ, որը կոչվում է պրիմորդիում, զարգանում և աճում է կենտրոնից նոր ուղղությամբ՝ արդեն աճած պրիմորդիումի հետ կազմելով անկյուն (տե՛ս 2–րդ նկարը)։a Մեծ մասամբ բույսերի նոր սաղմերը աճում են միևնույն անկյունից, որտեղից առաջանում են պարույրները։ Ի՞նչ անկյուն է դա։

      Քննարկենք հետևյալ խնդիրը. պատկերացրեք, որ դուք փորձում եք ստեղծել մի բույս, որի նոր սաղմերը պետք է խիտ դասավորված լինեն աճման կոնի շուրջ, այնպես, որ ազատ տարածություն չմնա։ Ենթադրենք ցանկանում եք, որ յուրաքանչյուր նոր պրիմորդիում աճի նախորդի համեմատ ընդհանուր պտույտից երկու հինգերորդ անկյան տակ։ Այդ դեպքում ձեր ծաղկի յուրաքանչյուր հինգերորդ պրիմորդիումը կաճեր միևնույն կետից և միևնույն ուղղությամբ։ Նրանք կկազմեին շարքեր, որոնց միջև կլինեին ազատ տարածություններ (տե՛ս 3–րդ նկարը)։ Փաստն այն է, որ պտտման ինչ պարզ կոտորակ էլ, որ վերցնեք որպես հիմք, դա կհանգեցնի շարքերի ձևավորման, և տարածությունը երբեք ամբողջությամբ չի լցվի։ Միայն այսպես կոչված «ոսկե անկյունը», որը մոտավորապես հավասար է 137,5 աստիճանի, կարող է հանգեցնել շարքերի կատարյալ դասավորվածության (տե՛ս 5–րդ նկարը)։ Ինչո՞վ է այս անկյունը այդքան առանձնահատուկ։

      Ոսկե անկյունը իդեալական է, քանի որ այն հնարավոր չէ արտահայտել պտտման պարզ կոտորակով։ 5/8 կոտորակը մոտ է այդ անկյան մեծությանը, 8/13 ավելի մոտ է, ու թեև 13/21–ը շատ ավելի մոտ է, սակայն ոչ մի կոտորակ ճշգրտորեն չի արտահայտում ոսկե համաչափությունը։ Ուստի եթե մերիստեմից այդ հաստատուն անկյունով նոր գոյացություն զարգանա նախորդ գոյացության անկյան համեմատ, ապա այդ երկու գոյացությունները երբեք չեն զարգանա միևնույն ուղղությամբ (տե՛ս 4–րդ նկարը)։ Հետևաբար ճառագայթաձև աճելու փոխարեն՝ պրիմորդիումը պարույրներ կկազմի։

      Հետաքրքիր է, որ համակարգչով պրիմորդիում նախագծելիս կենտրոնից աճող պրիմորդիումը պարույրներ է առաջացնում միայն այն դեպքում, եթե նոր գոյացությունների միջև անկյունը շա՛տ ճշգրիտ է։ Եթե նոր գոյացությունը անկյունից շեղվի նույնիսկ մեկ տասներորդ աստիճանով, ապա արդյունքը իդեալական չի լինի (տե՛ս 5–րդ նկարը)։

      Որքա՞ն պսակաթերթիկ կա ծաղկի վրա

      Զարմանալի է, որ ոսկե անկյունից աճող պարույրների թիվը սովորաբար կոնկրետ թիվ է, որը կոչվում է Ֆիբոնաչչիի թվային հաջորդականություն։ Այս հաջորդականությունն առաջին անգամ նկարագրել է 13–րդ դարի իտալացի մի մաթեմատիկոս, որը հայտնի է Լեոնարդո Ֆիբոնաչչի անունով։ Այս թվային հաջորդականության մեջ 1–ից հետո յուրաքանչյուր թիվ հավասար է նախորդ երկու թվերի գումարին— 1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34, 55 և այլն։

      Շատ բույսերի ծաղիկներ, որոնք պարուրաձև են աճում, հաճախ ունեն Ֆիբոնաչչիի թվով պսակաթերթիկներ։ Ըստ որոշ դիտումների՝ գորտնուկազգիները սովորաբար ունեն 5 պսակաթերթիկ, կանադական գայլաթաթը՝ 8, իշախոտազգիները՝ 13, աստղածաղիկը՝ 21, սպիտակածաղիկը՝ 34, իսկ վայրի աստղածաղիկը՝ 55 կամ 89 (տե՛ս 6–րդ նկարը)։ Մրգերն ու բանջարեղենը ունեն այնպիսի կառուցվածք, որը հաճախ է համապատասխանում Ֆիբոնաչչիի թվային հաջորդականությանը։ Օրինակ՝ բանանը հնգանկյուն խաչաձև կառուցվածք ունի։

      «Նա ամեն բան արել է վայելուչ իր ժամանակին»

      Նկարիչները դեռ շատ վաղուց են հասկացել, որ ոսկե համաչափությունը շատ հաճելի է մեր աչքերին։ Ինչպե՞ս են բույսերը նոր գոյացություններ առաջ բերում հենց այս անկյունից։ Շատ մարդիկ գալիս են այն եզրակացության, որ սա կենդանի օրգանիզմների բանական նախագծման մեկ այլ ապացույց է։

      Խորհրդածելով կենդանի օրգանիզմների կառուցվածքի և դրանում հաճույք գտնելու մեր կարողության շուրջ՝ շատերը Ստեղծիչի ձեռքն են տեսնում, որը ցանկանում է, որ մենք վայելենք կյանքը։ Մեր Ստեղծիչի մասին Աստվածաշունչն ասում է. «Նա ամեն բան արել է վայելուչ իր ժամանակին» (Ժողովող 3։11)։

      [Ծանոթագրություն]

      a Արևածաղիկը նրանով է արտասովոր, որ նրա ծաղիկները, որոնք վերածվում են սերմերի, սկսում են պարույրներ կազմել ոչ թե կենտրոնից, այլ գլխիկի եզրերից։

      [Նկար 24–րդ էջի վրա]

      Մերիստեմի մեծացված պատկերը

      [Թույլտվությամբ]

      R. Rutishauser, University of Zurich, Switzerland

      [Թույլտվությամբ 25–րդ էջի վրա]

      White flower։ Thomas G. Barnes @ USDA-NRCS PLANTS Database

  • Ինչպե՞ս կարող եմ պաշտպանել իմ հավատը արարչագործության հանդեպ
    2006 Արթնացե՛ք | հոկտեմբեր
    • Երիտասարդները հարցնում են...

      Ինչպե՞ս կարող եմ պաշտպանել իմ հավատը արարչագործության հանդեպ

      «Երբ դասարանում քննարկվում էր էվոլյուցիոն տեսությունը, ես հասկացա, որ դա բոլորովին տարբերվում է այն ամենից, ինչ ես սովորել էի։ Այդ տեսությունը ներկայացվեց որպես փաստ, և դա ինձ վախեցրեց» (Ռայեն, 18 տարեկան)։

      «Ես մոտ 12 տարեկան էի։ Իմ ուսուցչուհին էվոլյուցիոն տեսության նախանձախնդիր կողմնակից էր։ Նա նույնիսկ իր մեքենայի վրա դարվինյան նշան էր փակցրել։ Այդ պատճառով ես կաշկանդվում էի խոսել արարչագործության հանդեպ իմ հավատի մասին» (Թայլեր, 19 տարեկան)։

      «Ես սարսափեցի, երբ հասարակագիտություն դասավանդող իմ ուսուցչուհին ասաց, որ մեր հաջորդ դասը լինելու է էվոլյուցիոն տեսության մասին։ Ես գիտակցում էի, որ այդ վիճաբանական թեմայի վերաբերյալ իմ տեսակետը պետք է արտահայտեմ դասարանի առջև» (Ռաքել, 14 տարեկան)։

      ՀԱՎԱՆԱԲԱՐ դու նույնպես Ռայենի, Թայլերի և Ռաքելի նման անհանգստանում ես, երբ դասարանում պետք է խոսվի էվոլյուցիոն տեսության մասին։ Իհարկե, դու հավատում ես, որ Աստված է ստեղծել ամեն բաները (Յայտնութիւն 4։11)։ Քո շուրջը տեսնում ես բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են, որ ամեն ինչ նախագծված է բանականություն ունեցող մեկի կողմից։ Բայց դասագրքերը, ինչպես նաև քո ուսուցիչը ասում են, որ մենք աստիճանաբար ենք զարգացել։ Ուստի միգուցե մտածես. «Ո՞վ եմ ես, որ այդ թեմայի շուրջ վիճեմ այդպիսի «մասնագետների» հետ»։ Նաև քեզ գուցե մտահոգի այն հարցը, թե ինչպես կարձագանքեն քո դասընկերները, երբ խոսես Աստծու մասին։

      Եթե քեզ անհանգստացնում են նմանատիպ հարցեր, մի՛ մտահոգվիր։ Դու միակը չես, որ հավատում ես արարչագործությանը։ Իրականում նույնիսկ մի շարք գիտնականներ էվոլյուցիոն տեսության կողմնակիցներ չեն։ Բազմաթիվ ուսուցիչներ նույնպես չեն ընդունում այս տեսությունը։ Իսկ Միացյալ Նահանգներում հինգ ուսանողներից չորսը հավատում են Արարչի գոյությանը, չնայած այն բանին, որ դասագրքերը այլ բան են սովորեցնում։

      Այնուհանդերձ, գուցե հարցնես. «Ի՞նչ ասեմ արարչագործության հանդեպ իմ հավատը պաշտպանելու համար»։ Համոզված եղիր, որ կարո՛ղ ես վստահությամբ խոսել, նույնիսկ եթե երկչոտ ես։ Սակայն անհրաժեշտ է նախապես պատրաստվել։

      Փորձիր հավատդ

      Եթե մեծացել ես քրիստոնեական ընտանիքում, հավանաբար հավատում ես արարչագործությանը, որովհետև քեզ դա են սովորեցրել։ Իսկ այժմ, երբ արդեն չափահաս ես դարձել, ուզում ես Աստծուն երկրպագել «բանականությամբ», քանի որ համոզմունքներիդ համար հիմքեր ունես (Հռովմայեցիս 12։1, ՆԱ)։ Պողոսը հորդորեց առաջին դարի քրիստոնյաներին. «Ամեն բան փորձեցէք» (Ա Թեսաղոնիկեցիս 5։21)։ Ինչպե՞ս կարող ես «փորձել» հավատդ արարչագործության հանդեպ։

      Ուշադրություն դարձրու, թե ինչ գրեց Պողոսը Աստծու մասին. «Նորա աներեւոյթ բաները աշխարհքի սկզբիցն ստեղծուածներովն իմացուելով տեսնվում են» (Հռովմայեցիս 1։20)։ Ի մտի ունենալով այս խոսքերը՝ խորհիր մարդու մարմնի, երկրագնդի, անսահման տիեզերքի, օվկիանոսների խորության, ինչպես նաև զարմանահրաշ միջատների, բույսերի, կենդանիների կամ ցանկացած այլ բանի մասին, որը հետաքրքրում է քեզ։ Այնուհետև օգտագործելով ‘բանականությունդ’՝ հարցրու ինքդ քեզ՝ «ի՞նչն է համոզում ինձ, որ գոյություն ունի Ստեղծիչ»։

      Այդ հարցին պատասխանելու համար 14–ամյա Սեմը ուշադրություն է դարձնում մարդու մարմնի վրա։ Նա ասում է. «Մարդու մարմինը չափազանց բարդ կառուցվածք ունի։ Այն չէր կարող աստիճանաբար զարգանալ»։ 16–ամյա Հոլին համաձայնվում է. «Քանի որ ես շաքարախտ ունեմ, շատ բան եմ սովորել այն մասին, թե ինչպես է գործում մարդու մարմինը։ Օրինակ՝ ինձ ապշեցնում է այն, թե ինչպես է ենթաստամոքսային գեղձը՝ մի փոքր օրգան, որը թաքնված է ստամոքսի ետևում, հսկայական գործ կատարում, որպեսզի նպաստի արյան և ուրիշ օրգանների աշխատանքին»։

      Այլ պատանիներ մեկ ուրիշ տեսանկյունից են նայում այս հարցին։ Ջարեդը, որը 19 տարեկան է, ասում է. «Ինձ համար ամենամեծ ապացույցն այն է, որ մենք հոգևոր կարիքներ ունենք, կարող ենք գնահատել գեղեցիկը, ինչպես նաև ունենք սովորելու ձգտում։ Իսկ այսպիսի բաները անհրաժեշտ չեն կյանքի պահպանման համար, ինչպես սովորեցնում է մեզ էվոլյուցիոն տեսությունը։ Միակ խելամիտ բացատրությունն այն է, որ մենք ստեղծվել ենք ինչ–որ մեկի կողմից, ով ցանկանում էր, որ վայելենք կյանքը»։ Թայլերը, որի մասին նշվեց հոդվածի սկզբում, նույն եզրակացությանն է հանգել. «Երբ մտածում եմ կյանքի պահպանման համար բույսերի ունեցած դերի և նրանց զարմանալիորեն ստեղծված բարդ կառուցվածքի մասին, համոզվում եմ, որ գոյություն ունի Ստեղծիչ»։

      Արարչագործության մասին ավելի հեշտ կկարողանաս արտահայտվել, եթե մանրամասնորեն ուսումնասիրել ես այդ հարցը և իրոք համոզվել դրանում։ Ուստի Սեմի, Հոլիի, Ջարեդի և Թայլերի նման՝ ժամանակ հատկացրու հետազոտելու Աստծու հրաշալի ստեղծագործությունները։ Ապա «լսիր», թե դրանք ինչ են «ասում» քեզ։ Անկասկած, դու կգաս այն նույն եզրակացությանը, որ արեց Պողոս առաքյալը. ոչ միայն Աստծու գոյությունը, այլև նրա հատկությունները կարող են «ստեղծուածներովն իմացուելով տեսնվ[ել]»։a

      Իմացիր, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում

      Բացի Աստծու ստեղծագործություններն ուսումնասիրելուց, արարչագործության հանդեպ քո հավատը պաշտպանելու համար դու պետք է նաև իմանաս, թե այդ մասին իրականում ինչ է սովորեցնում Աստվածաշունչը։ Կարիք չկա քննարկել այնպիսի բաներ, որոնց մասին Աստվածաշնչում կոնկրետ տեղեկություններ չկան։ Քննարկենք մի քանի օրինակներ։

      ◼ Իմ դասագրքում գրված է, որ երկրագունդը և արեգակնային համակարգը գոյություն ունեն միլիարդավոր տարիներ։ Աստվածաշնչում չի նշվում այդ մասին։ Իրականում այն չի բացառում, որ տիեզերքը, հնարավոր է, գոյություն է ունեցել միլիարդավոր տարիներ նախքան առաջին արարչագործական «օրը» (Ծննդոց 1։1, 2)։

      ◼ Իմ ուսուցիչն ասում է, որ երկրագունդը չէր կարող ստեղծված լինել ընդամենը վեց օրում։ Աստվածաշնչում չի նշվում, որ վեց արարչագործական «օրերից» յուրաքանչյուրը բառացի 24 ժամ տևողություն ուներ։ Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս այս պարբերագրի 18–20 էջերը։

      ◼ Մեր դասարանը քննարկեց մի քանի օրինակներ այն մասին, թե ինչպես են կենդանիները և մարդիկ ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվել։ Աստվածաշնչում գրված է, որ Աստված կենդանի արարածներին ստեղծեց «իրանց տեսակի պէս» (Ծննդոց 1։20, 21)։ Աստծու Խոսքը թիկունք չի կանգնում այն գաղափարին, թե կյանքը առաջացել է անկենդան մատերիայից, կամ որ Աստված մեկ բջջի միջոցով է սկիզբ տվել էվոլյուցիայի ընթացքին։ Սակայն յուրաքանչյուր «տեսակ» մեծ բազմազանության պոտենցիալ ունի։ Այսպիսով, Աստվածաշունչը ասում է, որ յուրաքանչյուր «տեսակի» մեջ փոփոխությունները հնարավոր են։

      Համոզվիր, թե ինչին ես հավատում

      Կարիք չկա, որ անհարմար զգաս կամ ամաչես այն բանի համար, որ հավատում ես արարչագործությանը։ Փաստերը ցույց են տալիս, որ խելամիտ է և գիտականորեն հիմնավորված հավատալ այն բանին, որ մենք ստեղծված ենք բանականություն ունեցող ինչ–որ մեկի կողմից։ Ի վերջո ոչ թե արարչագործությունը, այլ էվոլյուցիոն տեսությունն է պահանջում կույր հավատ և հրաշքներ՝ առանց հրաշագործի։ «Արթնացե՛ք»–ի այս համարում տեղ գտած մյուս հոդվածները քննելուց հետո դու անկասկած կհամոզվես, որ փաստերը թիկունք են կանգնում արարչագործությանը։ Երբ, գործի դնելով բանականությունդ, մանրամասնորեն ուսումնասիրես այս թեման, ավելի մեծ վստահությամբ կպաշտպանես քո հավատը դասարանի առջև։

      Ահա թե ինչ է ասում Ռաքելը, որի մասին խոսվեց հոդվածի սկզբում. «Ինձանից մի քանի օր պահանջվեց հասկանալու համար, որ չպետք է լռեմ։ Ես իմ ուսուցչուհուն տվեցի «Ինչպե՞ս է առաջացել կյանքը. էվոլյուցիայի՞, թե՞ արարչագործության միջոցով» գիրքը, որի մեջ ընդգծել էի մտքեր, որպեսզի նա ուշադրություն դարձնի դրանց։ Հետագայում նա ասաց ինձ, որ գիրքը իրեն լիովին նոր պատկերացում տվեց էվոլյուցիայի մասին, և որ ինքը ապագայում հաշվի կառնի տվյալ տեղեկությունը, երբ դասարանում խոսի այդ ուսմունքի մասին»։

      «Երիտասարդները հարցնում են...» համարից ավելի շատ հոդվածներ կարող ես գտնել հետևյալ Web–կայքում՝ www.watchtower.org/ype

      [Ծանոթագրություն]

      a Շատ պատանիներ օգուտներ են քաղել, երբ քննել են «Ինչպե՞ս է առաջացել կյանքը. էվոլյուցիայի՞, թե՞ արարչագործության միջոցով» և «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գրքերը՝ հրատարակված Եհովայի վկաների կողմից։

      ՄՏԱԾԻՐ

      ◼ Որո՞նք են այն մի քանի ձևերը, որոնց միջոցով դպրոցում կարող ես հեշտությամբ պաշտպանել քո հավատը արարչագործության հանդեպ։

      ◼ Ինչպե՞ս կարող ես ցույց տալ քո գնահատանքը Մեկի նկատմամբ, ով ստեղծել է բոլոր բաները (Գործք 17։26, 27)։

      [Շրջանակ 27–րդ էջի վրա]

      «ՓԱՍՏԵՐԸ ՇԱՏ ԵՆ»

      «Ի՞նչ կասեիր մի երիտասարդի, որը փոքրուց հավատում է Ստեղծիչին, սակայն դպրոցում նրան էվոլյուցիա են սովորեցնում»։ Այս հարցը տրվել էր մի Եհովայի վկայի, որը մանրէակենսաբան է։ Նա պատասխանեց. «Դու պետք է դիտես այդ իրավիճակը որպես հարմար առիթ՝ ապացուցելու ինքդ քեզ, որ Աստված գոյություն ունի ոչ թե զուտ այն պատճառով, որ ծնողներդ են քեզ այդպես սովորեցրել, այլ որ դու ես քննել փաստերը և եկել այդպիսի եզրահանգման։ Հաճախ երբ ուսուցիչներին խնդրում են «ապացուցել» էվոլյուցիոն տեսությունը, նրանք չեն կարողանում դա անել և գիտակցում են, որ ընդունում են այդ ուսմունքը պարզապես այն պատճառով, որ իրենց հենց դա են սովորեցրել։ Դու կարող ես նույն ծուղակն ընկնել Ստեղծիչին հավատալու հարցում։ Ահա թե ինչու արժե ապացուցել ինքդ քեզ, որ Աստված իրո՛ք գոյություն ունի։ Փաստերը շատ են։ Դրանք դժվար չէ գտնել»։

      [Շրջանակ 28–րդ էջի վրա]

      Ի՞ՆՉՆ Է ՀԱՄՈԶՈՒՄ ՔԵԶ

      Ներքևում նշիր երեք փաստ, որոնք համոզում են քեզ, որ գոյություն ունի Ստեղծիչ

      1. ․․․․․

      2. ․․․․․

      3. ․․․․․

  • Նշանակություն ունի՞, թե ինչի՛ն եք հավատում
    2006 Արթնացե՛ք | հոկտեմբեր
    • Նշանակություն ունի՞, թե ինչի՛ն եք հավատում

      ՁԵՐ կարծիքով կյանքն ունի՞ իմաստ։ Եթե էվոլյուցիոն տեսությունը ճիշտ լիներ, ապա «Սայենթիֆիք ամերիքըն» ամսագրում մեջբերված հետևյալ պնդումը հիմնավոր կլիներ. «Էվոլյուցիայի ժամանակակից մեր հասկացողությունը ենթադրում է.... որ կյանքը վերջնական իմաստ չունի»։

      Մտածեք այս բառերի նշանակության մասին։ Եթե կյանքը վերջնական իմաստ չունենար, ապա ձեր կյանքի իմաստը կլիներ միայն որոշ չափով բարի գործեր կատարելը ու, թերևս, ձեր գեները հաջորդ սերնդին փոխանցելը։ Մահանալով՝ դուք հավերժ կդադարեիք գոյություն ունենալուց։ Ձեր ուղեղը՝ մտածելու, տրամաբանելու և կյանքի իմաստի շուրջ խորհելու ունակություններով հանդերձ, պարզապես պատահականության արդյունք կլիներ։

      Բայց դա դեռ բոլորը չէ։ Շատերը, ովքեր հավատում են էվոլյուցիոն տեսությանը, պնդում են, որ Աստված կա՛մ գոյություն չունի, կա՛մ էլ նա չի միջամտում մարդկանց գործերին։ Երկու դեպքում էլ մեր ապագան կախված կլիներ քաղաքական գործիչներից, ակադեմիկոսներից և կրոնական առաջնորդներից։ Դատելով անցյալից՝ կարելի է եզրակացնել, որ քաոսային վիճակը, կոնֆլիկտները և կաշառակերությունը կշարունակեին գոյություն ունենալ մարդկային հասարակության մեջ։ Եթե էվոլյուցիոն տեսությունը իսկապես ճիշտ լիներ, ապա հիմնավոր պատճառ կունենայինք ապրելու հետևյալ փիլիսոփայական նշանաբանով. «Ուտենք եւ խմենք, որովհետեւ էգուց կ’մեռնինք» (Ա Կորնթացիս 15։32)։

      Եհովայի վկաները չեն ընդունում վերը նշված պնդումները։ Ո՛չ էլ նրանք ընդունում են այն գաղափարը, որի վրա հիմնված են այս պնդումները, այսինքն՝ էվոլյուցիոն տեսությունը։ Ընդհակառակը՝ Վկաները համոզված են Աստվածաշնչի ճշմարտացիության մեջ (Յովհաննէս 17։17)։ Ուստի նրանք հավատում են Աստվածաշնչի արձանագրությանն այն մասին, թե ինչպես ենք մենք հայտնվել այստեղ. «Որովհետեւ կեանքի աղբիւրը քեզ [Աստծու] մօտ է» (Սաղմոս 36։9)։ Այս խոսքերը խորը իմաստ ունեն։

      Կյանքն իրո՛ք իմաստ ունի։ Մեր Ստեղծիչը սիրառատ նպատակ ունի բոլոր նրանց համար, ովքեր ընտրում են ապրել իր կամքի համաձայն (Ժողովող 12։13)։ Այդ նպատակը ներառում է քաոսից, կոնֆլիկտներից, կաշառակերությունից և նույնիսկ մահից զերծ աշխարհում ապրելու խոստումը (Եսայիա 2։4; 25։6–8)։ Ամբողջ աշխարհում ապրող միլիոնավոր Եհովայի վկաներ կարող են հաստատել, որ Աստծու նպատակի մասին սովորելը և նրա կամքը կատարելը առավել քան որևէ բան կյանքին իմաստ է տալիս (Յովհաննէս 17։3)։

      Անշուշտ, նշանակություն ունի այն, թե ինչի՛ն եք հավատում, քանի որ դա կարող է ազդեցություն ունենալ ոչ միայն ձեր ներկա, այլև ապագա կյանքի վրա։ Ընտրությունը ձերն է։ Կհավատա՞ք մի տեսության, որը չի կարողանում բացատրել բնության մեջ գոյություն ունեցող բազմաթիվ ապացույցներն այն մասին, որ ամեն բան նախագծված է եղել։ Թե՞ կընդունեք այն, ինչ ասում է Աստվածաշունչը, այսինքն, որ երկիրն ու նրա վրա գոյություն ունեցող կյանքը հրաշալի Նախագծողի՝ Եհովա Աստծու գործն են, որը «ստեղծե[լ է] ամեն բաները» (Յայտնութիւն 4։11)։

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը