Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 5/15 էջ 21–25
  • Ինչու է տառապանքի վերջը մոտ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչու է տառապանքի վերջը մոտ
  • 2007 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Գտնենք հարցին պատասխանելու ճիշտ ձևը
  • Կենտրոնացիր Եհովայի հատկությունների վրա
  • Հասկանալ, թե ինչ դեր է խաղում Եհովայի գլխավոր հատկությունը
  • Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Ինչո՞ւ է աշխարհը լի չարությամբ ու տառապանքով
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Ինչո՞ւ աշխարհում այսքան շատ տառապանք կա
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը
    Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
Ավելին
2007 Դիտարան
w07 5/15 էջ 21–25

Ինչու է տառապանքի վերջը մոտ

«Աստուծոյ գործը կատարեալ է» (Բ ՕՐԻՆԱՑ 32։4)։

1, 2. ա) Ինչո՞ւ ես հավիտյան ապրելու հույսը փայփայում։ բ) Ի՞նչն է խանգարում շատերին՝ հավատալու Աստծուն, որն ապագայի հրաշալի խոստումներ է տալիս։

ՔԵԶ դո՞ւր է գալիս պատկերացնել, թե ինչպիսին կլինի կյանքը Դրախտում։ Թերևս ինքդ քեզ տեսնում ես մեր զարմանահրաշ մոլորակն ուսումնասիրելիս և այնտեղ ապրող կենդանի արարածների անվերջ բազմազանության մասին սովորելիս։ Կամ միգուցե մտածում ես, թե ինչ բավականություն կստանաս, երբ ուրիշների հետ հոգ տանես մեր մոլորակի մասին և օգնես, որ այն վերածվի համաշխարհային մի պարտեզի։ Կամ թերևս մտածում ես այն մասին, որ կզարգացնես քո ունակությունները արվեստի, ճարտարապետության, երաժշտության և այլ բնագավառներում, որոնց դու չես կարող ժամանակ տրամադրել այսօրվա բազմազբաղ կյանքում։ Ամեն դեպքում քեզ համար թանկ է այն կյանքի հույսը, որ Աստվածաշունչը կոչում է «իսկական կյանք»՝ կյանք, որը Եհովան նախատեսել է հավիտյան վայելելու համար (1 Տիմոթեոս 6։19)։

2 Մեզ համար հաճելի է և միևնույն ժամանակ մեծ առանձնաշնորհում է Աստվածաշնչի վրա հիմնված մեր հույսի մասին ուրիշներին պատմելը, այնպես չէ՞։ Շատերը, սակայն, մերժում են այդ հույսը։ Նրանց կարծիքով՝ դա պատրանք է, ֆանտազիա, որին հավատում են միայն դյուրահավատ մարդիկ։ Նրանք նույնիսկ դժվարանում են հավատալ Աստծուն, որը խոստանում է հավիտենական կյանք տալ Դրախտում։ Ինչո՞ւ։ Ոմանց համար խոչընդոտ է հանդիսանում այն, որ այսօր ամենուրեք այսքան չարություն կա։ Նրանք մտածում են, որ եթե Աստված կա, և եթե նա ամենազոր ու սիրող է, ապա անբացատրելի է չարության ու տառապանքի գոյությունը։ Այդպիսի մարդիկ տրամաբանում են, որ չի կարող գոյություն ունենալ մի Աստված, ով հանդուրժում է չարությունը, իսկ եթե նույնիսկ գոյություն ունի, ապա կա՛մ ամենազոր չէ, կա՛մ էլ հոգ չի տանում մեր մասին։ Որոշ մարդկանց համար նման տրամաբանությունը բավականին համոզիչ է հնչում։ Անկասկած, Սատանան ապացուցել է, որ ինքը վարպետորեն կուրացնում է մարդկանց մտքերը (2 Կորնթացիներ 4։4)։

3. Ո՞ր դժվար հարցի պատասխանը կարող ենք օգնել մարդկանց գտնելու և ի՞նչ եզակի հնարավորություն ունենք։

3 Որպես Եհովայի վկաներ՝ մենք եզակի հնարավորություն ունենք օգնելու մարդկանց, որոնք խաբված են Սատանայի և այս աշխարհի իմաստության կողմից (1 Կորնթացիներ 1։20; 3։19)։ Մենք հասկանում ենք, թե շատերն ինչո՛ւ չեն հավատում աստվածաշնչյան խոստումներին։ Նրանք պարզապես չեն ճանաչում Եհովային, չգիտեն նրա անունը կամ դրա նշանակությունը և հավանաբար քիչ բան գիտեն կամ ընդհանրապես ոչինչ չգիտեն նրա հատկությունների մասին և այն, թե ինչպես է նա կատարում իր խոստումները։ Մենք օրհնված ենք, քանի որ ունենք այսպիսի գիտելիքներ։ Լավ կլինի, որ ժամանակ առ ժամանակ մտածենք, թե ինչպես կարող ենք օգնել մարդկանց, ովքեր «խավարի մեջ են», գտնելու իրենց հուզող ամենադժվար հարցի պատասխանը՝ ինչո՞ւ է Աստված թույլատրում չարությունն ու տառապանքը (Եփեսացիներ 4։18)։ Նախ՝ մենք կքննարկենք, թե ինչպես կարող ենք հիմք նախապատրաստել գոհացուցիչ պատասխան տալու համար։ Ապա՝ կքննարկենք, թե ինչպես են Եհովայի հատկությունները ակնհայտ կերպով երևում այն բանում, թե ինչ ձևով է նա լուծել չարության հետ կապված խնդիրը։

Գտնենք հարցին պատասխանելու ճիշտ ձևը

4, 5. Ի՞նչ պետք է սկզբում անենք, երբ ինչ–որ մեկը հարցնում է, թե ինչու է Աստված թույլատրում տառապանքը։ Բացատրիր։

4 Ինչպե՞ս ենք մենք պատասխանում, երբ որևէ մեկը հարցնում է, թե ինչու է Աստված թույլատրում տառապանքը։ Թերևս մենք անմիջապես մանրամասնորեն բացատրություն ենք տալիս՝ սկսելով Եդեմի պարտեզում տեղի ունեցած իրադարձություններից։ Գուցե որոշ դեպքերում հարմար է այդպես վարվելը։ Սակայն պետք է շրջահայաց լինել։ Որոշակի հիմք է պետք դնել (Առակաց 25։11; Կողոսացիներ 4։6)։ Եկեք քննարկենք երեք կետեր, որոնց միջոցով կօգնենք այդ անհատին նախքան նրա հարցին պատասխանելը։

5 Առաջին՝ եթե անհատին իրոք անհանգստացնում է այն փաստը, որ աշխարհում ամենուրեք տարածված է չարությունը, հավանաբար ինքը կամ իր հարազատներից մեկը անձամբ կրել են չարության պատճառած հետևանքները։ Ուստի սկզբում իմաստուն կլինի անկեղծ կարեկցանք արտահայտել նրա հանդեպ։ Պողոս առաքյալը քրիստոնյաներին խորհուրդ տվեց. «Լաց լինողների հետ լա՛ց եղեք» (Հռոմեացիներ 12։15)։ Ցավակից և կարեկից լինելով՝ կարող ենք հասնել դիմացինի սրտին (1 Պետրոս 3։8)։ Եթե նա հասկանում է, որ մենք հոգատարություն ենք դրսևորում իր հանդեպ, ապա մեզ լսելու հավանականությունը ավելի է մեծանում։

6, 7. Ինչո՞ւ է ճիշտ գովել այն անկեղծ անհատին, որն իրեն անհանգստացնող՝ աստվածաշնչյան որևէ թեմայի շուրջ հարց է տալիս։

6 Երկրորդ՝ մենք կարող ենք գովել անկեղծ անհատին այդ հարցը տալու համար։ Որոշ մարդիկ կարծում են, որ եթե իրենք նման հարցեր են տալիս, ապա հավատ չունեն կամ չեն հարգում Աստծուն։ Նույնիսկ կարող է պատահել, որ որևէ քահանա նրանց նման բաներ ասի։ Սակայն պարտադիր չէ, որ դա այդպես լինի։ Աստվածաշնչյան ժամանակներում ապրող հավատարիմ մարդիկ էլ են նմանատիպ հարցեր տվել։ Օրինակ՝ սաղմոսերգու Դավիթը հարցրեց. «Ով Տէր, ինչո՞ւ ես հեռու կենում, եւ թագցնում քեզ նեղութեան ժամանակներումը» (Սաղմոս 10։1)։ Նմանապես, Ամբակում մարգարեն հարց տվեց. «Մինչեւ ե՞րբ, ով Տէր, աղաղակեմ ես, եւ դու չ’լսես, աղաղակեմ դէպի քեզ զրկա՜նք, եւ դու չ’ազատես։ Ի՞նչու ես ինձ անօրէնութիւն տեսնել տալիս, տառապանք ցոյց տալիս. եւ յափշտակութիւն եւ զրկանք կայ իմ առաջին, եւ կռիւ է լինում, եւ վէճ բարձրանում» (Ամբակում 1։2, 3)։

7 Այս հավատարիմ մարդիկ մեծապես հարգում էին Աստծուն։ Մի՞թե նրանք հանդիմանվեցին այն բանի համար, որ իրենց անհանգստացնող հարցեր էին տալիս։ Ընդհակառակը՝ Եհովան հարմար գտավ, որ նրանց անկեղծ հարցերը արձանագրվեն իր Խոսքում։ Այսօր այն անհատը, ով մտահոգված է չարության գոյությամբ, կարելի է ասել, որ իրականում հոգևորապես քաղցած է և փորձում է գտնել այն պատասխանները, որոնք կան միայն Աստվածաշնչում։ Հիշիր, որ Հիսուսը գովեց նրանց, ովքեր հոգևոր առումով քաղցած են, կամ «ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթեոս 5։3)։ Ի՜նչ մեծ պատիվ է օգնել այսպիսի մարդկանց գտնելու այն երջանկությունը, որը խոստացավ Հիսուսը։

8. Ո՞ր շփոթեցնող ուսմունքներն են դրդում մարդկանց հավատալու, որ Աստված է պատասխանատու տառապանքի համար, և ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց։

8 Երրորդ՝ մենք պետք է օգնենք անհատին հասկանալու, որ Աստված պատասխանատու չէ աշխարհում այսքան շատ տարածված չարության համար։ Շատ մարդկանց սովորեցրել են, որ Աստված է իշխում այս աշխարհի վրա, որ Աստված դեռևս շատ վաղուց արդեն նախասահմանել է, թե ինչ է մեզ պատահելու, և որ նա մարդկության վրա տառապանք բերելու համար խորհրդավոր ու անհասկանալի պատճառներ ունի։ Այս ուսմունքները սխալ են։ Դրանք անարգում են Աստծուն և նրան այնպես են ներկայացնում, որ ասես նա է պատասխանատու աշխարհում տիրող չարության ու տառապանքի համար։ Ուստի Աստվածաշնչի օգնությամբ մենք կարող ենք ուղղել նման սխալ տեսակետները (2 Տիմոթեոս 3։16)։ Այս ապականված համակարգի իշխանը ոչ թե Եհովան է, այլ Բանսարկու Սատանան (1 Հովհաննես 5։19)։ Եհովան չի նախասահմանում, թե ինչ է պատահելու իր ստեղծած բանական արարածների հետ. յուրաքանչյուրին նա ազատություն և հնարավորություն է տալիս ընտրություն կատարելու լավի ու վատի, ճշտի ու սխալի միջև (Բ Օրինաց 30։19)։ Եվ բացի այդ, Եհովան երբեք չի եղել չարության աղբյուրը, նա ատում է չարությունը և հոգ է տանում նրանց, ովքեր անարդարացիորեն տառապում են (Յոբ 34։10; Առակաց 6։16–19; 1 Պետրոս 5։7)։

9. Որո՞նք են այն գործիքներից մի քանիսը, որ նախատեսել է «հավատարիմ և իմաստուն ծառան», որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչու է Եհովա Աստված թույլատրում տառապանքը։

9 Երբ այսպիսի հիմք պատրաստես, կտեսնես, որ ունկնդիրդ արդեն պատրաստ է լսելու քեզ, թե ինչու է Աստված թույլատրում տառապանքի գոյությունը։ Քեզ օգնելու համար «հավատարիմ և իմաստուն ծառան» նախատեսել է մի շարք օգտակար գործիքներ (Մատթեոս 24։45–47)։ Օրինակ՝ 2005–2006 թթ. «Աստվածահաճո հնազանդություն» մարզային համաժողովին հայտարարվեց «Տառապանքի վերջը մո՛տ է» թերթիկի լույս ընծայման մասին։ Եթե այս թերթիկը կա քո լեզվով, ապա ինչո՞ւ չծանոթանալ դրա բովանդակությանը։ Իսկ «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքում, որը մատչելի է 157 լեզուներով, մի ամբողջ գլուխ նվիրված է այս կարևոր թեմային։ Լիարժեքորեն օգտվիր այս գործիքներից։ Դրանցում հստակորեն բացատրվում է, թե ինչ դեպքեր են տեղի ունեցել Եդեմի պարտեզում, որոնք ուղղակիորեն կապված են գերիշխանության հարցի հետ, և թե ինչու է Եհովան հարցերին այդպիսի լուծում տվել։ Մի մոռացիր նաև, որ այս թեման քննարկելիս դու ամենակարևոր գիտելիքներն ես բացատրում քո ունկնդրին։ Այդ գիտելիքները Եհովայի ու նրա հրաշալի հատկությունների մասին են։

Կենտրոնացիր Եհովայի հատկությունների վրա

10. Ինչո՞ւ են շատերը դժվարանում հասկանալ, թե ինչու է Աստված թույլատրում տառապանքը, և ինչի՞ մասին իմանալը կօգնի նրանց։

10 Երբ օգնում ես մարդկանց հասկանալու, թե ինչու է Եհովան թույլ տվել, որ Սատանայի ազդեցության ներքո մարդիկ իշխեն իրար վրա, փորձիր մարդկանց ուշադրությունը հրավիրել Եհովայի հրաշալի հատկությունների վրա։ Շատերը գիտեն, որ Աստված ամենազոր է, քանի որ հաճախ են լսում «Ամենակարող Աստված» արտահայտությունը։ Սակայն գուցե նրանց համար այնքան էլ հեշտ չլինի հասկանալ, թե ինչու նա չի գործադրում իր հզոր ուժը, որպեսզի վերջ դնի անարդարությանն ու տառապանքին հենց հիմա։ Հավանաբար նրանք չգիտեն, որ Եհովան ունի նաև այլ հատկություններ, ինչպես օրինակ՝ սրբություն, արդարություն, իմաստություն և սեր։ Նա դրսևորում է այս հատկությունները կատարելապես և հավասարակշռված կերպով։ Աստվածաշնչում գրված է. «Աստուծոյ գործը կատարեալ է» (Բ Օրինաց 32։4)։ Ինչպե՞ս կարող ես ընդգծել Եհովայի հատկությունները, երբ պատասխանում ես այս թեմայի շուրջ ծագած հարցերին։ Եկեք նկատի առնենք մի քանի օրինակներ։

11, 12. ա) Ինչո՞ւ ներելը հարցի լուծում չէր լինի, երբ Ադամն ու Եվան մեղանչեցին։ բ) Ինչո՞ւ Եհովան հավիտյան չի հանդուրժելու մեղքի գոյությունը։

11 Կարո՞ղ էր Եհովան պարզապես ներել Ադամին ու Եվային։ Տվյալ պարագայում ներելը հարցի լուծում չէր լինի։ Կատարյալ լինելով հանդերձ՝ Ադամն ու Եվան գիտակցաբար մերժեցին Եհովայի գերիշխանությունը և փոխարենը ընդունեցին Սատանայի առաջնորդությունը։ Ուստի զարմանալի չէ, որ ըմբոստները ոչ մի բանով ցույց չտվեցին, որ զղջում են։ Սակայն երբ մարդիկ տան վերը նշված հարցը, նրանք հավանաբար կզարմանան՝ իմանալով, թե ինչու Եհովան փոխզիջումների չգնաց և արդյունքում թույլատրեց մեղքի ու ըմբոստության գոյությունը։ Պատասխանը սերտորեն կապված է Եհովայի էությանը բնորոշ մի հատկության՝ սրբության հետ (Ելից 28։36; 39։30)։

12 Աստվածաշնչում բազմիցս նշվում է Եհովայի սրբության մասին։ Ցավոք, այս ապականված աշխարհում քչերն են հասկանում, թե ինչ հատկություն է դա։ Եհովան մաքուր է, անարատ և մեղքից զերծ (Եսայիա 6։3; 59։2)։ Ինչ վերաբերում է մեղքին, նա այն վերացնելու համար միջոց է նախատեսել և հավիտյան չի հանդուրժելու դրա գոյությունը։ Եթե Եհովան չցանկանար այդ առնչությամբ որևէ բան ձեռնարկել, մենք ապագայի համար հույս չէինք ունենա (Առակաց 14։12)։ Իր որոշած ժամանակին Եհովան հոգ կտանի, որ իր ողջ ստեղծագործությունը նորից սուրբ դառնա։ Այդ բանը կիրականանա, քանի որ դա Սուրբ Եհովայի կամքն է։

13, 14. Ինչո՞ւ Եհովան նախընտրեց չվերացնել ըմբոստներին։

13 Կարո՞ղ էր Եհովան պարզապես վերացնել ըմբոստներին և ամեն բան նորից սկսել։ Իհարկե, նա զորություն ունի այդպես վարվելու. շուտով նա գործի կդնի իր այդ զորությունը՝ ամբարիշտներին ոչնչացնելու համար։ Ոմանք կարող են առարկել. «Ինչո՞ւ նա այդպես չվարվեց այն դեպքում, երբ դեռ տիեզերքում միայն երեք մեղավորներ կային։ Մի՞թե աշխարհում տարածում գտած տառապանքը և մեղքը հնարավոր չէր կանխել»։ Ինչո՞ւ Եհովան այդպես չվարվեց։ Երկրորդ Օրինաց 32։4–ում ասվում է. «Նորա ամեն ճանապարհները իրաւունք են»։ Եհովան արդարության խիստ զգացում ունի։ «Որովհետեւ Տէրն իրաւունք է սիրում» (Սաղմոս 37։28)։ Հենց արդարության հանդեպ սերն էր պատճառը, որ նա Եդեմից դուրս վռնդեց ըմբոստներին։ Ինչո՞ւ։

14 Սատանայի ըմբոստությունը Աստծու գերիշխանության արդարացի լինելու հետ կապված հարց բարձրացրեց։ Եհովայի արդարությունը պահանջում էր, որ Սատանայի նետած մարտահրավերին ճիշտ պատասխան տրվեր։ Ըմբոստներին անմիջապես ոչնչացնելը, որին նրանք արժանի էին, պատասխան չէր տա այդ հարցին։ Այդպես վարվելը կփաստեր Եհովայի զորեղ լինելը, բայց նրա զորությունը չէր, որ հարցականի տակ էր դրված։ Եհովան իր նպատակի մասին հայտնել էր Ադամին ու Եվային։ Նրանք պետք է սերունդ ունենային, լցնեին երկիրը, տիրեին նրան և իշխեին ամբողջ ստեղծագործության վրա (Ծննդոց 1։28)։ Եթե Եհովան անմիջապես ոչնչացներ Ադամին ու Եվային, ապա մարդկության վերաբերյալ նրա նպատակը ընդամենը դատարկ տեղը ասված խոսքեր կլինեին։ Նրա արդարությունը երբեք թույլ չէր տա այդպես վարվել, քանի որ Աստծու նպատակը միշտ իրագործվում է (Եսայիա 55։10, 11)։

15, 16. Ինչպե՞ս կարող ենք օգնել մարդկանց, երբ նրանք Եդեմում բարձրացված հարցի վերաբերյալ իրենց «լուծումներն» առաջարկեն։

15 Կարո՞ղ էր արդյոք որևէ մեկը Եհովայից ավելի իմաստուն ձևով լուծել ըմբոստության հետ կապված այս հարցը։ Եդեմում տեղի ունեցածի առնչությամբ որոշ մարդիկ գուցե իրենց սեփական «լուծումներն» առաջարկեն։ Սակայն այդպիսով մի՞թե նրանք ասել չեն ուզենա, որ իրենք հարցերը լուծելու ավելի լավ տարբերակ են առաջարկում։ Հնարավոր է՝ դա վատ միտումով չանեն, սակայն դրանով նրանք ցույց կտան, որ հասկացողություն չունեն Եհովայի ու նրա՝ ակնածանք ներշնչող իմաստության վերաբերյալ։ Հռոմի քրիստոնյաներին գրած նամակից երևում է, որ Պողոս առաքյալը խորապես ուսումնասիրել էր, թե ինչ է Եհովայի իմաստությունը, այդ թվում նաև Եհովայի նպատակի հետ կապված «սրբազան գաղտնիքը»՝ այն, որ Մեսիական Թագավորությունը կազատագրի հավատարիմ մարդկանց և կսրբացնի նրա սուրբ անունը։ Ի՞նչ հասկացավ Պողոսը այդ նպատակն ունեցող Աստծու իմաստության մասին։ Առաքյալը եզրափակեց իր նամակը հետևյալ խոսքերով. «Այդ միակ իմաստուն Աստծուն հավիտյանս լինի փառք Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ամեն» (Հռոմեացիներ 11։25; 16։25–27)։

16 Պողոսը հասկացավ, որ Եհովան է «այդ միակ իմաստունը»՝ տիեզերքի ամենաիմաստուն անձնավորությունը։ Անկատար մարդկանցից ո՞ր մեկն է ի վիճակի ավելի լավ ձևով լուծելու ցանկացած խնդիր, ուր մնաց թե Աստծու գերիշխանության հետ կապված այդ ամենադժվար հարցը։ Ուստի մենք պետք է օգնենք մարդկանց ունենալու նույն ակնածանքը, որը մե՛նք ունենք այն Աստծու հանդեպ, որը «սրտով իմաստուն» է (Յոբ 9։4)։ Որքան ավելի լավ հասկանանք Եհովայի իմաստությունը, այնքան ավելի լիարժեքորեն կվստահենք այն բանին, որ հարցերին լուծում տալու նրա ձևը լավագույնն է (Առակաց 3։5, 6)։

Հասկանալ, թե ինչ դեր է խաղում Եհովայի գլխավոր հատկությունը

17. Ինչպե՞ս կարող է Եհովայի սիրո մասին ավելի խորը հասկացողությունը օգնել նրանց, ում անհանգստացնում է այն միտքը, որ Աստված թույլ է տալիս տառապանքի գոյությունը։

17 «Աստված սեր է» (1 Հովհաննես 4։8)։ Այս ազդեցիկ խոսքերով Աստվածաշունչը մատնանշում է Եհովայի գլխավոր հատկությունը, որը նրա հատկություններից ամենագրավիչն է. ամենից շատ սերն է մխիթարություն բերում նրանց, ում անհանգստացնում է տառապանքի գոյությունը։ Եհովան սեր է դրսևորել բոլոր առումներով՝ ազատելով իր ստեղծագործությանը մեղքի սարսափելի վնասներից։ Սերը մղեց Եհովային հույս տալու Ադամի ու Եվայի մեղավոր ժառանգներին՝ հնարավորություն տալով նրանց մոտենալու իրեն և մտերիմ հարաբերություններ հաստատելու իր հետ։ Սերը մղեց Աստծուն փրկանք հայթայթելու, որը մեղքերի ամբողջական թողության դուռ բաց կաներ և կատարյալ հավիտենական կյանքի կհասցներ նրանց (Հովհաննես 3։16)։ Ի վերջո, սերը մղեց նրան համբերատար լինելու մարդկության հանդեպ՝ հնարավորություն տալով, որ նրանք մերժեն Սատանային ու դիրք բռնեն Եհովայի կողմը՝ որպես իրենց Գերիշխանի (2 Պետրոս 3։9)։

18. Ինչո՞ւ ենք մենք երջանիկ, և ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։

18 Երբ մարդիկ հավաքվել էին՝ հիշելու ավերիչ ահաբեկչական հարձակման տարեդարձը, մի քահանա, դիմելով հավաքվածներին, ասաց. «Մենք չգիտենք, թե ինչ պատճառով է Աստված թույլ տալիս, որ չարությունն ու տառապանքը շարունակեն գոյություն ունենալ»։ Որքա՜ն ցավալի է։ Մի՞թե մենք երջանիկ չենք, որ գիտենք այս հարցի պատասխանը (Բ Օրինաց 29։29)։ Եվ քանի որ Եհովան իմաստուն է, արդար ու սիրող, մենք գիտենք, որ նա շուտով վերջ կդնի տառապանքին։ Իրականում նա հենց դա էլ խոստացել է (Հայտնություն 21։3, 4)։ Սակայն ի՞նչ կարելի է ասել բոլոր նրանց մասին, ովքեր մահացել են դարերի ընթացքում։ Արդյո՞ք այն, թե Եհովան ինչպես լուծեց Եդեմում ծագած հարցը, նրանց առանց հույսի է թողնում։ Ո՛չ։ Սերը մղեց Եհովային հարության հույսը տալու նրանց։ Այս մասին կքննարկենք հաջորդ հոդվածում։

Ինչպե՞ս կպատասխանեիր

• Ի՞նչ կարող ենք պատասխանել այն անհատին, որը հարցնում է, թե ինչու է Աստված թույլատրում տառապանքը։

• Ինչպե՞ս է Եհովան սրբություն և արդարություն դրսևորել Եդեմում բարձրացված ըմբոստության հետ կապված։

• Ինչո՞ւ մենք պետք է օգնենք մարդկանց խոր հասկացողություն ձեռք բերել Եհովայի սիրո մասին։

[նկար 21–րդ էջի վրա]

Օգնիր նրանց, ում անհանգստացնում է տառապանքի գոյությունը

[նկարներ 23–րդ էջի վրա]

Հավատարիմ Դավիթը և Ամբակումը անկեղծ հարցեր տվեցին Եհովային

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը